Գլխավոր տեղեկություն
Համար
N 3
Տիպ
Պաշտոնական պարզաբանում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.09.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2017.09.23/27(596) ՀՀԳՏ 2017.10.16/29(598)
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
08.09.2017
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
08.09.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

8 սեպտեմբերի 2017 թ.

N 3

 

Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն  Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ

 

«ԴԵՂԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 25-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

«Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանում է, որ դեղատնային գործունեության լիցենզիա ունեցող իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը կարող են իրականացնել դեղերի առաքում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեղերի առաքմանը ներկայացվող տեխնիկական և մասնագիտական պահանջներին համապատասխան: Դեղերի առաքմանը ներկայացվող տեխնիկական և մասնագիտական պահանջները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Անհրաժեշտություն է առաջացել պարզաբանելու «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դրույթը, մասնավորապես` դեղատնային գործունեության լիցենզիա ունեցող իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից այլ կազմակերպությանը կամ անհատ ձեռնարկատիրոջը դեղերի առաքում պատվիրելու հարցը:

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդվածի դրույթներով` պաշտոնապես պարզաբանում եմ.

«Դեղերի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 44-րդ կետի համաձայն` դեղատնային գործունեությունն իր մեջ ներառում է սույն օրենքի և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան՝ դեղերի և Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած այլ ապրանքատեսակների մեծածախ ձեռքբերում, պահպանում և մանրածախ իրացում կամ բաց թողնում, տեղեկատվություն և խորհրդատվություն, առողջ ապրելակերպի քարոզչություն, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պայմանների առկայության դեպքում դեղերի պատրաստում կամ առաքում:

Վերոգրյալից հետևում է, որ դեղերի առաքումն իրենից ներկայացնում է դեղատնային գործունեության բաղկացուցիչ մասը:

«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի «3. Առողջապահության բնագավառ» բաժնով սահմանված է «դեղատնային գործունեություն» լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը:

«Դեղերի մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` դեղատնային գործունեության լիցենզիա ունեցող իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը կարող են իրականացնել դեղերի առաքում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեղերի առաքմանը ներկայացվող տեխնիկական և մասնագիտական պահանջներին համապատասխան:

Վերոգրյալից հետևում է, որ իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը դեղերի առաքում կարող է իրականացնել միայն դեղատնային գործունեության լիցենզիայի առկայության դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով կամ դեղատնային գործունեության լիցենզիա ունեցող այլ իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ միջոցով:

 

Լ. Ալթունյան