ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
31 հունվարի 2018 թ. |
N 01-Ն |
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-Ի N 276-Ն ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՀԱՎԵԼՎԱԾԻ 3-ՐԴ ԿԵՏԻ 19-ՐԴ ԵՆԹԱԿԵՏՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ «ԱԿՆԱԲԱՆԱԿԱՆ» ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մարտի 27-ի թիվ 276-Ն որոշման հավելվածով հաստատված բժշկական օգնության և սպասարկման տեսակների ցանկի 3-րդ կետի 19-րդ ենթակետով որպես նեղ մասնագիտացված բժշկական օգնության տեսակ նախատեսվում է «ակնաբանական» գործունեությունը:
Անհրաժեշտություն է առաջացել պարզաբանելու բժշկական օգնության և սպասարկման «Ակնաբանական» ծառայության արտահիվանդանոցային կազմակերպման ձևի գործունեության բովանդակությունը` ժամանակակից սարքավորումներով և գործիքներով հագեցված բժշկական կազմակերպության կողմից բժշկական օգնություն և սպասարկում ցուցաբերելու պարագայում:
Մասնավորապես, նման իրավիճակում ոչ հստակ է ընկալվում, թե արդյո՞ք «արտահիվանդանոցային ակնաբանական» բժշկական օգնության և սպասարկման տեսակի լիցենզիայի շրջանակներում թույլատրելի է իրականացնել կատարակտի, գլաուկոմայի լազերային և այլ վիրահատական միջամտություններ:
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդվածի դրույթներով` պաշտոնապես պարզաբանում եմ.
«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողներն իրավունք ունեն ցուցաբերել համապատասխան բժշկական օգնություն և սպասարկում ընտրված տեսակների շրջանակներում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզիա ստանալու դեպքում:
Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մարտի 27-ի թիվ 276-Ն որոշմամբ սահմանվել են Հայաստանի Հանրապետությունում իրականացվող բժշկական օգնության և սպասարկման տեսակները, որի Հավելվածով հաստատված ցանկի 3-րդ կետի 19-րդ ենթակետով որպես նեղ մասնագիտացված բժշկական օգնություն նախատեսվում է «ակնաբանական» տեսակը:
Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ 1936-Ն որոշման N 1 հավելվածով հաստատվել են պոլիկլինիկաների (խառը, մեծահասակների և մանկական), առանձին մասնագիտացված կաբինետների, ընտանեկան բժշկի գրասենյակների, գյուղական բժշկական ամբուլատորիաների, գյուղական առողջության կենտրոնների, բուժակ-մանկաբարձական կետերի, կանանց կոնսուլտացիաների (արտահիվանդանոցային) գործունեության համար անհրաժեշտ տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջներն ու պայմանները:
«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի համաձայն` բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպվում են հիվանդանոցային ձևով, երբ անհրաժեշտ է բժշկական միջոցառումների համալիր կիրառում` ախտորոշում, բուժում, տևական հսկողություն և հատուկ խնամք, և արտահիվանդանոցային ձևով, երբ դրա իրականացման համար չեն պահանջվում հիվանդանոցային պայմաններ:
Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ 1936-Ն որոշման N 2 հավելվածի 13-րդ կետի համաձայն` հիվանդանոցային (մասնագիտացված) օղակում ակնաբուժական բաժանմունքը պետք է բավարարի անհրաժեշտ տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջներին ու պայմաններին, և հագեցված լինի մահճակալներով (ֆունկցիոնալ և հասարակ), որպեսզի ապահովվի պացիենտի շուրջօրյա հսկողությունն ու խնամքը հիվանդանոցային պայմաններում:
Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ 1936-Ն որոշման N 1 հավելվածի 1.5-րդ, 1.24-րդ, 8.2-րդ և 9-րդ կետերի համաձայն` արտահիվանդանոցային օղակում ակնաբուժական կաբինետը իր գործառնական ստորաբաժանումներով պետք է հագեցած լինի հետևյալ սարքավորումներով և բժշկական գործիքներով. ակնաբուժական կաբինետը` օֆտալմոսկոպ, օֆտալմոմետր, Օրլովայի աղյուսակ, սկիասկոպ, սկիասկոպիկ քանոններ (2 հատ), Սիվցևի և Գոլովինի տեսողության սրություն որոշելու աղյուսակ, ակնոցի փորձնական ոսպնյակների և պրիզմաների հավաքածու, Ֆրոստի պերիմետր, դիոպտրիմետր, բինօկուլյար խոշորացույց, գունային թեստ, գոնիսկոպ, օտար մարմին հեռացնելու հավաքածու, Ռուտի ապարատ, տեսողության աստիճանը որոշելու համար նախատեսված աղյուսակի լուսավորիչ, ներակնային ճնշման չափման սարք, ներարկիչներ, կանյուլաներ, կոպաբացիչ, փորձնական ակնոցային լինզաների հավաքածու, բժշկի աշխատանքային սեղան, բուժքրոջ աշխատանքային սեղան, աթոռներ` բժշկի, բուժքրոջ և հիվանդների համար, բժշկական քննության կոշտ բազմոց, անհետաձգելի բուժօգնության պահարան, ախտահանման կաբինետը` ջրի թորման սարք, տաք օդով չորացնող ապարատ` համապատասխան մակնիշի, ավտոկլավ (Բ դասի ավտոկլավի առկայության դեպքում պարտադիր չէ տաք օդով չորացնող ապարատի պահանջները), բակտերիոցիդ լամպ, վիճակագրական և մատենավարման ծառայությունը` պահարաններ, գրադարակներ, աշխատանքային սեղան, աթոռներ, բժիշկ կամ միջին բուժաշխատող, առաջին բժշկական օգնության պահարան` անհետաձգելի բժշկական օգնության հավաքածուով` բժշկական լարան, ասեղնաբռնիչ, ասեղներ, վիրակապական թելեր, սկալպելի բռնակ, մկրատներ` վիրաբուժական, ունելիներ, մկրատ, սկալպել, ստերիլ բինտ, հիգրոսկոպիկ բամբակ, հակաշոկային պրեպարատներ: Նման հագեցվածության պայմաններում։
Ելնելով ոլորտը կարգավորող օրենսդրության վերլուծությունից` «Արտահիվանդանոցային ակնաբանական» լիցենզիայի առկայության դեպքում, եթե բժշկական կազմակերպությունը բավարարում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ 1936-Ն որոշման N 1 հավելվածի 1.5 կետով, 1.24-րդ կետով, 8.2-րդ կետով, 9-րդ կետով և որոշման N 2 հավելվածի 13-րդ կետի 8-10-րդ, 12-19-րդ ենթակետերով նախատեսված` սարքավորումներով և բժշկական գործիքներով հագեցվածության պահանջներին և պայմաններին, ինչպես նաև ունի հագեցված վիրահատարան, հետվիրահատական սենյակ, ապա ցերեկային ստացիոնարի ձևով կարող է իրականացնել վիրահատական այն միջամտությունները, որոնք չեն ենթադրում շուրջօրյա, տևական հսկողություն, հատուկ խնամք, հիվանդանոցային պայմանների առկայություն, և իրականացվում են տեղային անզգայացմամբ` համաձայն սույն պարզաբանման հավելվածով սահմանված վիրահատական միջամտությունների ցանկի: Միևնույն ժամանակ, տեղային անզգայացմամբ վիրահատական միջամտություններ իրականացնելիս պարտադիր պետք է ապահովվի բժիշկ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգի առկայությունը:
Լ. Ալթունյան |
Հավելված ՀՀ առողջապահության նախարարի2018 թվականի հունվարի 31-ի թիվ 01-Ն պաշտոնական պարզաբանման |
ՑԱՆԿ
ՏԵՂԱՅԻՆ ԱՆԶԳԱՅԱՑՄԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՎԻՐԱՀԱՏԱԿԱՆ ՄԻՋԱՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
Ծառայության անվանումը |
Աչքի էքսիմերային-լազերային վիրահատություն |
Լազերային ինտերստիցիալ թերմոթերապիա |
Ակնաբուժական փոքր վիր. |
Կատարակտի վիրահատություն (էկստրակցիա) |
Խալազիոն, քսանտելազմայի հեռացում |
Պտկիկային գերաճի հեռացում |
Արհեստական ոսպնյակի էքսպլանտացիա |
Սիլիկոնի յուղի հեռացում ամբուլատոր պայմաններում |
Հերպետիկ կերատիտի բուժում ստացիոնար պայմաններում |
Շունտավորում (ներառյալ շունտը) |
Կատարակտի էկստրակցիա ֆակոէմուլսիֆիկացիայի մեթոդով՝ առանց ոսպնյակի արժեքի |
Ակնագնդի բարդ և բարդացած (կոմբինացված, համակցված) վերքերի վիրաբուժական մշակում |
Ցանցաթաղանթի պանռետինալ ֆոտոլազերկոագուլյացիա |
Պտոզի ուղղում՝ առանց սիլիկոնային լարի արժեքի |
Սինուստրաբեկուլէկտոմիա՝ կատարակտի ֆակոէմուլսիֆիկացիայով (առանց ոսպնայակի արժեքի) |
Կրոսսլինկինգ |
Փոքր վիրահատություններ |
Խալազիոնի, քսանտելազմայի հեռացում ստացիոնար պայմաններում |
Պտկիկային գերաճի հեռացում |
Սիլիկոնային յուղի հեռացում |
Ամնեոտիկ մեմբրանի տրանսպլանտացիայով 1-ին էտապ |
Ամնեոտիկ մեմբրանի տրանսպլանտացիայով 2-րդ էտապ |
Առաջնային կամերայի լվացում, բբի ռեկոնստրուկցիա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|