Գլխավոր տեղեկություն
Համար
N 02
Տիպ
Պաշտոնական պարզաբանում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.06.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2017.07.20/46(1321).1
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ընդունման ամսաթիվ
08.06.2017
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
08.06.2017

Համաձայնեցված է

Հայաստանի Հանրապետության

ֆինանսների նախարարության հետ

Հայաստանի Հանրապետության

կառավարությանն առընթեր պետական

եկամուտների կոմիտեի նախագահ

________________ Վ. Արամյան

________________ Վ. Հարությունյան

15 հունիսի 2017 թ.

8 հունիսի 2017 թ.

N 02

Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն  Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ (ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ԹՂԹԱԴՐԱՄՆԵՐԻ) ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՐԿՄԱՆ ՈՐՈՇ ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

«Ապրանքների արտահանման ու ներմուծման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման ժամանակ անուղղակի հարկերի գանձման և դրանց վճարման նկատմամբ վերահսկողության կարգի մասին» N 18 հավելվածով սահմանված արձանագրության (այսուհետ` «Անուղղակի հարկերի մասին» արձանագրություն) 13-րդ կետի համաձայն՝ որևէ անդամ պետության տարածքից մյուս անդամ պետության տարածք ներմուծվող ապրանքների առումով անուղղակի հարկերի գանձումն իրականացվում է այն անդամ պետության հարկ վճարողի կողմից, որի տարածք են ներմուծվել ապրանքները՝ ըստ ապրանքների սեփականատեր հանդիսացող հարկ վճարողի հաշվառման վայրի։ Նույն բաժնի նպատակներով՝ ապրանքների սեփականատեր է ճանաչվում այն անձը, որն օժտված է ապրանքների նկատմամբ իրավունքով, կամ որին ապրանքների նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումը նախատեսվում է պայմանագրով։

«Անուղղակի հարկերի մասին» արձանագրության մեջ օգտագործվող հասկացություններն ունեն հետևյալ իմաստը: Մասնավորապես, «ապրանք»՝ իրացվող կամ իրացման համար նախատեսված ցանկացած շարժական և անշարժ գույք, տրանսպորտային միջոցներ, էներգիայի բոլոր տեսակները:

«Հայաստանի Հանրապետության և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև անուղղակի հարկերի հաշվարկման և վճարման առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 8-րդ հոդվածի համաձայն` «Անուղղակի հարկերի մասին» արձանագրության 20-րդ կետի կիրառության իմաստով ապրանքների ներմուծման դեպքում հարկ վճարողը պարտավոր է Օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետներում իր հաշվառման վայրի հարկային մարմին ներկայացնել միայն հետևյալ փաստաթղթերը.

1) ներմուծողի լրացրած՝ ներմուծման հարկային հայտարարագիրը.

2) ապրանքների ներմուծման և անուղղակի հարկերի վճարման (կամ անուղղակի հարկերից ազատման, անուղղակի հարկերն այլ կարգով վճարելու) մասին ներմուծողի լրացրած հայտարարությունը՝ թղթային կրիչով (չորս օրինակից) և էլեկտրոնային տարբերակով կամ ապրանքների ներմուծման և անուղղակի հարկերի վճարման (կամ անուղղակի հարկերից ազատման, անուղղակի հարկերն այլ կարգով վճարելու) մասին ներմուծողի լրացրած հայտարարությունը՝ էլեկտրոնային տարբերակով՝ հարկ վճարողի էլեկտրոնային (թվային) ստորագրությամբ:

Մաքսային միության մաքսային օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին կետի 35-րդ ենթակետի համաձայն` նույն Օրենսգրքում գործածվում են հետևյալ հիմնական եզրույթները և դրանց սահմանումները.

Ապրանք՝ մաքսային սահմանով տեղափոխվող ցանկացած շարժական գույք, այդ թվում՝ տեղեկակիրներ, Մաքսային միության անդամ պետությունների արժույթ, արժեթղթեր և (կամ) արժութային արժեքներ, ճանապարհային չեկեր, էլեկտրական և այլ տեսակների էներգիա, ինչպես նաև անշարժ գույքին հավասարեցված այլ տեղափոխվող իրեր:

«Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` նույն օրենքի իմաստով և նույն օրենքի հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի իմաստով արժութային արժեքներ համարվող գույքի տեսակներն են`

ա) Հայաստանի Հանրապետության արժույթը` Հայաստանի Հանրապետության դրամը,

բ) Հայաստանի Հանրապետության արժույթով արտահայտված վճարային արժեթղթերը,

գ) օտարերկրյա արժույթը (արտարժույթը),

դ) արտարժույթով արտահայտված վճարային արժեթղթերը,

ե) բանկային ոսկին,

զ) նույն մասում նշված արժութային արժեքներից բխող իրավունքներն ու պարտավորությունները, որոնք ունեն փողային արտահայտություն:

Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` օտարերկրյա արժույթն (արտարժույթն) է`

ա) օտարերկրյա մեկ կամ մի քանի պետությունների տարածքում շրջանառության մեջ գտնվող, ինչպես նաև շրջանառությունից հանված կամ հանվող, բայց փոխանակման ենթակա օրինական վճարամիջոց հանդիսացող թղթադրամներն ու մետաղադրամները,

բ) բանկային հաշիվներում և ավանդներում գտնվող օտարերկրյա պետությունների դրամական միավորներով և (կամ) միջազգային դրամական միավորներով արտահայտված միջոցները:

ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք արժութային արժեքների (այդ թվում՝ թղթադրամների) ներմուծման հետ կապված հարցերի հստակեցման նպատակով, ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասով` պաշտոնապես պարզաբանում եմ.

1) ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված արժութային արժեքների (այդ թվում թղթադրամների) մասով Օրենքով սահմանված ժամկետում հարկային մարմին են ներկայացվում Օրենքով սահմանված փաստաթղթերը` ներմուծման հարկային հայտարարագիրը և ապրանքների ներմուծման և անուղղակի հարկերի վճարման (կամ անուղղակի հարկերից ազատման, անուղղակի հարկերն այլ կարգով վճարելու) մասին ներմուծողի լրացրած հայտարարությունը՝ թղթային կրիչով (չորս օրինակից) և էլեկտրոնային տարբերակով կամ ապրանքների ներմուծման և անուղղակի հարկերի վճարման (կամ անուղղակի հարկերից ազատման, անուղղակի հարկերն այլ կարգով վճարելու) մասին ներմուծողի լրացրած հայտարարությունը՝ էլեկտրոնային տարբերակով՝ հարկ վճարողի էլեկտրոնային (թվային) ստորագրությամբ.

2) ներմուծման հարկային հայտարարագրի մեջ, որպես հարկման բազա, արտացոլվում է ներմուծված արժութային արժեքների (այդ թվում՝ թղթադրամների) անվանական արժեքը, իսկ հարկի գումար դաշտում լրացվում է «0»:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան