Գլխավոր տեղեկություն
Համար
N 520
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.05.2002-28.09.2002)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.06.05/17(192) Հոդ.381
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
11.05.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.05.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
11.05.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.05.2002
Ուժը կորցնելու ամսաթիվ
28.07.2011

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
11 մայիսի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 մայիսի 2002 թվականի N 520
քաղ. Երևան

ՉԿԱՏԱՐՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԴԻՄԱՑ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ԳՈՒՅՔԻ ՎՐԱ ԱՐԳԵԼԱՆՔ ԴՆԵԼՈՒ ԵՎ ԴԱՏԱՐԱՆԻ ՎՃՌԻՑ ՀԵՏՈ ԲՌՆԱԳԱՆՁՎԱԾ ԳՈՒՅՔՆ ԻՐԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել չկատարված հարկային պարտավորության դիմաց հարկային մարմնի կողմից հարկ վճարողի գույքի վրա արգելանք դնելու և դատարանի վճռից հետո բռնագանձված գույքն իրացնելու կարգը (կցվում է):

2. Սահմանել, որ սույն որոշման կիրառման նպատակով գերատեսչական նորմատիվ ակտերն ընդունվում են Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարի հրամանով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի մայիսի 11-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2002 թվականի
մայիսի 11-ի N 520 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

չկատարված հարկային պարտավորության դիմաց հարկային մարմնի կողմից հարկ վճարողի գույքի վրա արգելանք դնելու եվ դատարանի վճռից հետո բռնագանձված գույքն իրացնելու

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում է «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածին համապատասխան չկատարված հարկային պարտավորության չափը մեկ միլիոն և ավելի դրամ կազմելու դեպքում հարկային մարմնի կողմից հարկ վճարողի հարկային պարտավորությանը համարժեք գույքի վրա արգելանք դնելու և դատարանի վճռից հետո բռնագանձված գույքն իրացնելու կարգը:

2. Սույն կարգի իմաստով արգելանքը հարկային մարմնի կողմից հարկ վճարողի չկատարած հարկային պարտավորության կատարմանն ուղղված հարկադրանքի միջոց է, որը ներառում է դրա գույքագրումը, գույքի տնօրինումն արգելելը, իսկ անհրաժեշտության դեպքում՝ օգտագործման իրավունքը սահմանափակելը, գույքն առգրավելը և ի պահ հանձնելը:

3. Սույն կարգի իմաստով հարկային մարմնի ղեկավար է համարվում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարը (փոխարինող պաշտոնատար անձը):

4. Արգելանք չի կարող դրվել այն գույքի վրա, որի վրա օրենքով սահմանված բռնագանձում չի կարող տարածվել կամ դրանց պահպանման ժամկետը չի գերազանցում 30 օրը:

5. Արգելանք դնելիս այն իրականացնող պաշտոնատար անձը յուրաքանչյուր դեպքի համար որոշում է սահմանափակման տեսակները, ծավալները՝ հաշվի առնելով գույքի հատկանիշները, սեփականատիրոջ կամ տիրապետողի համար դրա նշանակությունը և այլ հանգամանքներ:

6. Արգելանքը կիրառվում է հարկ վճարողի գույքի պահպանումն ապահովելու և այն հետագայում սահմանված կարգով իրացնելու նպատակով:

 

II. Հարկ վճարողի գույքի վրա արգելանք դնելը

 

7. Արգելանք դնելուց առաջ հարկային մարմնի ղեկավարը (փոխարինող պաշտոնատար անձը) արգելանք դնելու մասին հրապարակում է հանձնարարագիր, որտեղ նշվում են արգելանք դնող մարմնի անվանումը, արգելանք դնող պաշտոնատար անձի (անձանց) պաշտոնը, անունը, ազգանունը, հարկ վճարողի անվանումը, ՀՎՀՀ-ն, չկատարած հարկային պարտավորության չափը և արգելանք դնելու իրավական հիմքերը:

8. Արգելանք դնելիս հանձնարարագրի մեկ օրինակը ներկայացվում է հարկ վճարողին (փոխարինող պաշտոնատար անձին):

9. Հարկ վճարողի գույքի վրա արգելանքն առաջնահերթության կարգով կիրառվում է բանկային հաշիվների նկատմամբ, ապա՝ հարկ վճարողի անշարժ գույքի, այնուհետև՝ այլ ակտիվների նկատմամբ:

10. Հարկ վճարողի գույքի վրա արգելանք դնող և այն իրականացնող պաշտոնատար անձը հարկ վճարողի գույքի վրա արգելանք դնելու մասին ընդունում է որոշում, որտեղ պետք է նշվեն որոշումն ընդունելու ամիսը, ամսաթիվը, վայրը, որոշումն ընդունած անձի պաշտոնը, անունը, ազգանունը, քննվող հարցը, ընդունված որոշման հիմքերը՝ այն օրենքների և այլ իրավական ակտերի վկայակոչմամբ, որոնցով որոշում ընդունող անձը ղեկավարվել է այն ընդունելիս, քննվող հարցի վերաբերյալ եզրահանգումը: Միաժամանակ հարկ վճարողը զգուշացվում է արգելադրած գույքը կամ դրա առանձին բաղադրամասերն օտարելու, փչացնելու կամ ոչնչացնելու դեպքում քրեական պատասխանատվության ենթարկվելու մասին:

11. Որոշումը պարտադիր է բոլոր պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց, կազմակերպությունների ու քաղաքացիների համար և ենթակա է կատարման Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում: Որոշման պատճենը, ոչ ուշ, քան այն ընդունելու հաջորդ օրը, պատշաճ ձևով ուղարկվում է հարկ վճարողին, ինչպես նաև սույն կարգով սահմանված այլ անձանց ու մարմիններ:

12. Պետական կազմակերպությունների գույքի վրա արգելանք դնելու մասին որոշում ընդունող պաշտոնատար անձն արգելադրված գույքի կամ դրա առանձին բաղադրամասերի ցանկն ուղարկում է պետական կազմակերպության կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմին:

13. Հարկ վճարողի գույքի վրա արգելանք դնելու մասին որոշումը կարող է բողոքարկվել դատարան, ընդ որում, որոշման բողոքարկումը չի կասեցնում գույքի արգելադրման գործընթացը:

14. Հարկ վճարողի գույքի վրա արգելանք դնող պաշտոնատար անձի գործողություններին խոչընդոտելու դեպքում արգելանքն իրականացնող պաշտոնատար անձը խոչընդոտող հանգամանքները վերացնելու համար աջակցություն ստանալու նպատակով դիմում է իրավապահ մարմիններին և նրանց օժանդակությամբ շարունակում գույքի արգելադրման գործողությունները:

 

III. Այլ անձանց իրավունքների պաշտպանությունը հարկ վճարողի գույքի վրա արգելանք դնելիս

 

15. Արգելանքի տակ գտնվող գույքի պատկանելության վերաբերյալ վեճ ծագելու դեպքում շահագրգիռ անձն իրավունք ունի արգելանք դնելու մասին որոշումը բողոքարկելու դատարան:

16. Գույքն արգելանքից հանելու վերաբերյալ հայցը կարող է ներկայացնել այդ գույքի սեփականատերը կամ օրինական տիրապետողը:

 

IV. Արգելանքի տակ գտնվող գույքի գնահատումը

 

17. Արգելադրվող գույքի գնահատումը կատարում է արգելանքն իրականացնող պաշտոնատար անձը՝ արգելանք դնելու օրվա շուկայական գներով, իսկ արտարժույթով գնահատման դեպքում՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված հաշվարկային փոխարժեքով:

18. Արգելանք դնելու ընթացքում մասնագիտական գիտելիքներ պահանջող հարցերի պարզաբանման համար այն իրականացնող պաշտոնատար անձը հրավիրում է փորձագետ (փորձագետներ):

19. Գույքի արժեքը որոշելու համար արգելանք իրականացնող պաշտոնատար անձը հրավիրում է փորձագետ, եթե՝

ա) առանձին առարկաների գնահատումը դժվարություն է ներկայացնում.

բ) հարկ վճարողն առարկում է կատարված գնահատման դեմ:

20. Փորձագետը տալիս է գրավոր եզրակացություն:

21. Փորձագետի վարձատրությունը կատարում է գույքի գնահատումը վիճարկող կողմը:

 

V. Արգելանք դնելու ժամկետները

 

22. Արգելանքը դրվում է հարկային մարմնի ղեկավարի կողմից դրա մասին հանձնարարագիրը հրապարակվելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում:

23. Արգելանքը դրվում է աշխատանքային օրերին՝ ժամը 08.00-ից մինչև 18.00-ն: Ոչ աշխատանքային օրերին արգելանք դնելը թույլատրվում է, եթե՝

ա) անհրաժեշտ է դրա անհապաղ կատարումը.

բ) հարկ վճարողի մեղքով դրա կատարումը մնացած օրերին և սահմանված ժամերին անհնարին է:

24. Հարկային մարմնի կողմից հարկ վճարողի գույքի վրա արգելանք դրվելուց հետո 30-օրյա ժամկետում դատարանի վճիռը չապահովելու դեպքում հարկ վճարողի գույքը համարվում է արգելանքից հանված:

 

VI. Հարկային մարմնի ու հարկ վճարողի իրավունքներն ու պարտականությունները

 

25. Հարկ վճարողի գույքի վրա արգելանք դնելիս կողմերն իրավունք ունեն՝

ա) կնքելու հաշտության համաձայնագիր.

բ) ծանոթանալու նյութերին, դրանցից քաղվածքներ կազմելու և ստանալու պատճեններ.

գ) միջնորդություններ կատարելու.

դ) մասնակցելու արգելանքի գործողություններին, ունենալու ներկայացուցիչ.

ե) ծագած հարցերի վերաբերյալ տալու բանավոր և գրավոր բացատրություններ, ներկայացնելու փաստարկներ ու առաջարկություններ.

զ) առարկելու կատարված միջնորդությունները, փաստարկները և առաջարկությունները.

է) հայերենին չտիրապետելու դեպքում հրավիրելու թարգմանիչ.

ը) բողոքարկելու ընդունված որոշումների և արգելանք իրականացնող պաշտոնատար անձանց գործողությունների դեմ.

թ) օգտվելու սույն կարգով իրենց վերապահված իրավունքներից:

26. Կողմերը պարտավոր են կատարել սույն կարգի պահանջները:

 

VII. Արգելադրվող գույքի պահատվությունը

 

27. Արգելանքն իրականացնող պաշտոնատար անձն արգելանքի տակ դրված գույքն ի պահ է հանձնում հարկ վճարողին՝ ստացականով, իսկ եթե հարկ վճարողը փորձում է արգելադրած գույքը կամ դրա առանձին բաղադրամասերն օտարել, փչացնել կամ ոչնչացնել, ապա գույքի պահատվությունը հանձնվում է նման գործունեության համար թույլտվություն (լիցենզիա) ունեցող մասնագիտացված կազմակերպությանը՝ պահատվության պայմանագրի հիման վրա: Պահատվության հետ կապված ծախսերը կատարում է հարկ վճարողը:

 

VIII. Բռնագանձված գույքի իրացումը

 

28. Հարկային մարմնի հայցերով կայացված վճիռներով պարտապանի գույքի իրացումը կատարվում է բաց հրապարակային սակարկություններով այն վաճառելու միջոցով, որի կազմակերպումն ու անցկացումը կատարվում են հարկային մարմնի ներկայացուցչի մասնակցությամբ: Սակարկությունն անցկացվում է աճուրդի ձևով՝ աճուրդների անցկացման իրավունք ունեցող կազմակերպությունների միջոցով՝ համապատասխան պայմանագրի հիման վրա:

29. Դատարանի վճռից հետո հարկադիր կատարողը «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով, հարկային մարմնի ներկայացուցչի մասնակցությամբ, առգրավում է պարտապանի գույքը:

30. Հարկային մարմնի հայցերով բռնագանձված գույքի իրացման վերաբերյալ հաղորդագրությունը հրապարակվում է առանձին, իսկ սակարկություններն անցկացվում են առանձնացված ցուցակով՝ ըստ պարտապանների, հատուկ նշված ժամերին՝ հարկային մարմնի ներկայացուցչի մասնակցությամբ:

31. Սակարկությունների միջոցով իրացվող գույքի մեկնարկային գինը սահմանվում է հարկային մարմնի հետ համաձայնեցնելուց հետո:

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան