Գլխավոր տեղեկություն
Համար
N 1091-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.08.2002-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.02.22/12(602) Հոդ.792
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
11.07.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
31.07.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
01.08.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.08.2002

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

1 օգոստոսի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 հուլիսի 2002 թվականի N 1091-Ն

 

«ՁԻԱՀ-Ի ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 20-Ի N 1136 ՈՐՈՇՈՒՄԸ ՄԱՍՆԱԿԻՈՐԵՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» պետական հիմնարկը վերակազմավորման ձևով վերակազմակերպել «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության:

2. «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը:

3. Մինչև վերակազմակերպումը՝ «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» պետական հիմնարկին «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հատկացումները տրամադրել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժանմունք ներկայացված բյուջետային ծախսերի նախահաշիվների հիման վրա, ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների՝ դրանց տնտեսագիտական բովանդակությանը համապատասխան:

Նշված հատկացումները վերակազմակերպումից հետո ներառել իրավաբանական անձի հետ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված պայմանագրերում:

4. «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» պետական հիմնարկի վերակազմակերպման պահին դրա տնօրինության պետական սեփականություն հանդիսացող գույքը՝ բացառությամբ շենքերի, շինությունների, պատմամշակութային նշանակության, ինչպես նաև նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքի, սեփականության իրավունքով հանձնել «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը, իսկ «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» պետական հիմնարկի տնօրինության շենքերը, շինությունները, պատմամշակութային նշանակության, ինչպես նաև նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքը «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացնել անհատույց օգտագործման իրավունքով՝ դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործման պայմանով, Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության հետ կնքված պայմանագրի հիման վրա:

5. Սահմանել, որ՝

ա) «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության նպատակն ու առարկան են Հայաստանի Հանրապետության տարածքում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման աշխատանքների իրականացումն ու համակարգումը.

բ) «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունն իրականացնում է ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները՝

տեղեկատվական նյութերի ձեռքբերում, մշակում և հրատարակում,

բնակչության տարբեր խմբերի սեռական դաստիարակություն, անվտանգ սեռական վարքագծի ձևավորում և իրազեկության բարձրացում,

ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի համաճարակաբանական հետազոտությունների կազմակերպում և իրականացում,

Հայաստանի Հանրապետության տարածքում ՄԻԱՎ-ի վարակի վերջնական լաբորատոր, ՁԻԱՀ-ի կլինիկական և լաբորատոր ախտորոշում,

ՄԻԱՎ-ի վարակակիրների և ՁԻԱՀ-ով հիվանդների դիսպանսերացման և ամբուլատոր բուժման կազմակերպում,

բնակչության բժշկական օգնության և սպասարկման կազմակերպում,

գրանտային և արտաքին ֆինանսավորմամբ այլ ծրագրերի իրականացում:

6. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին՝ մեկամսյա ժամկետում հաստատել՝

ա) «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվող և ամրացվող գույքի կազմը.

բ) «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը:

7. «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության պետական ռեգիստրում գրանցման, կնիքի ձեռքբերման, ինչպես նաև դրան սույն կարգի համաձայն հանձնվող գույքի գրանցման ու հաշվապահների վերապատրաստման հետ կապված ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» պետական հիմնարկի պահպանման համար նախատեսված միջոցների հաշվին:

8. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի նոյեմբերի 20-ի «Մանկապատանեկան և սպորտային բժշկության պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունը վերակազմակերպելու և «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» պետական հիմնարկը լուծարելու մասին» N 1136 որոշման 3-րդ կետի «ա», «գ» և «դ» ենթակետերը:

9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ա. Մարգարյան

 

2002թ. հուլիսի 31

Երևան