Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 4
Տիպ
Պաշտոնական պարզաբանում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.10.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2016.11.01/22(565)
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
14.10.2016
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
20.10.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

14 հոկտեմբերի 2016 թ.

թիվ 4

 

Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն  Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ

 

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ԳՐԱՎԻ ԻՐԱՑՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 251-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Սույն պարզաբանումն անդրադառնում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 251-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթների ոչ հստակ կամ տարաբնույթ ընկալման խնդրին:

Խնդիրը բարձրացվել է ֆինանսական կազմակերպությունների կողմից, և հանգում է հետևյալին`

 

Արդյո՞ք գրավառուն պետք է առաջնորդվի ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 251-րդ հոդվածի 3-րդ մասով, այն դեպքերում, երբ գրավի առարկան դարձել է գրավառուի սեփականությունը` հրապարակային սակարկություններից առուվաճառքի պայմանագրով ձեռք բերելու եղանակով.

 

ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐ.

 

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 251-րդ հոդվածի 3-րդ մասի կարգավորումը

 

-Օրենսգրքի 251-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, այն դեպքում, երբ քաղաքացուն պատկանող գրավ դրված գույքն ի սեփականություն անցել է գրավառու բանկին (վարկային կազմակերպությանը), գրավ դրված գույքը սույն հոդվածի իմաստով համարվում է իրացված`

1) բանկի (վարկային կազմակերպության) կողմից այդ գույքի հետագա օտարման օրը` օտարման գնով, եթե նման օտարումը տեղի է ունեցել գույքն ի սեփականություն վերցնելուց հետո` 6 ամսվա ընթացքում, ընդ որում, եթե գույքն օտարվել է օտարման օրվա դրությամբ այդ գույքի շուկայական գնից ողջամիտ չհամարվող ցածր գնով, ապա գույքը համարվում է իրացված օտարման օրվա դրությամբ այդ գույքի շուկայական գնով, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ գույքն ի սեփականություն վերցնելուց հետո` 6 ամսվա ընթացքում, օտարվել է այդ գույքի նախկին սեփականատիրոջը (որի գույքի վրա տարածվել է բռնագանձումը) կամ նրա իրավահաջորդին, կամ

2) գույքն ի սեփականություն վերցնելուն հաջորդող վեցամսյա ժամկետի վերջին օրը` այդ օրվա դրությամբ գույքի շուկայական գնով, եթե այդ վեցամսյա ժամկետում գույքը չի օտարվել, ընդ որում` բանկը (վարկային կազմակերպությունը) պարտավոր է իր հաշվին ապահովել գույքի շուկայական գնի որոշումն անկախ գնահատողի կողմից:

 

Հրապարակային սակարկությունների հիմնական սկզբունքները

 

Համաձայն «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի` հրապարակային սակարկությունների համար բնորոշ են հետևյալ հիմնական սկզբունքները.

 

Ա. Թափանցիկության սկզբունք

 

Հրապարակային սակարկությունները թափանցիկ են և հրապարակային: Սակարկություններին մասնակցությունը բաց է` բոլորը հնարավորություն ունեն մասնակցելու սակարկություններին և այլն:

 

Բ. Սակարկությունների բոլոր մասնակիցների հավասար կարգավիճակի սկզբունք.

 

Ֆինանսական կազմակերպությունները, մասնավորապես` բանկերը և վարկային կազմակերպությունները մասնակցելով սակարկություններին, հանդես են գալիս որպես գնորդներ և սակարկության մյուս մասնակիցների նկատմամբ որևէ առանձնահատուկ կարգավիճակ չունեն:

Նրանք մասնակցելով սակարկությանը, մյուս մասնակիցների նման, ունեն հնարավորություն որոշելու գնել գույքը սակարկությունում` օրենքով սահմանված կարգով թափանցիկ ու ազատ ձևավորված գնով կամ ոչ` գնահատելով իրենց ռիսկերը:

 

Գ. Սակարկությունների մասնակիցները վաճառվող գույքի գինը չեն որոշում.

 

«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի համաձայն` հարկադիր աճուրդում վաճառքի ենթակա լոտում ընդգրկվող գույքի կազմը և քանակը սահմանում է հարկադիր կատարողը` գնահատելով լոտի արժեքը:

Անշարժ գույքի, բաժնեմասերի (բաժնետոմսերի, փայի), մշակութային արժեքների և գնահատման առումով առավել բարդություն ներկայացնող գույքի գնահատումը կատարվում է հարկադիր կատարողի նշանակած գնահատողի միջոցով:

Անշարժ գույքի գնահատումն իրականացվում է համապատասխան լիցենզիա ունեցող անձանց միջոցով, որոնց ընտրության կարգն ու պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Լոտի գնի փոփոխման կարգը ևս հստակ սահմանված է օրենքով:

 

ՊԱՏՃԱՌԱԲԱՆԱԿԱՆ ՄԱՍ

 

Ինչպես վերը նշվեց, ֆինանսական կազմակերպությունները մասնակցելով հրապարակային սակարկությանը`

Հանդես չեն գալիս որպես գրավառու, գրավի կամ այլ պայմանագրի կողմ: Նրանք ունեն նույն իրավական կարգավիճակն ինչ սակարկության ցանկացած այլ մասնակից,

Ինքնուրույն են գնահատում իրենց ռիսկերը, ինչպես սակարկության այլ մասնակիցները,

Ունեն այլ մասնակիցների հետ հավասար հնարավորություն գնելու կամ չգնելու լոտը` ձևավորված գնով:

 

Այս իրավիճակի համար կիրառելի են ՀՀ իրավական համակարգում ամրագրված հետևյալ հիմնարար սկզբունքները`

 

Իրավահավասարության սկզբունքը.

 

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3-րդ հոդվածի համաձայն քաղաքացիական օրենսդրությունը հիմնվում է կարգավորվող հարաբերությունների մասնակիցների իրավահավասարության սկզբունքի վրա:

Այսինքն` հրապարակային սակարկությանը ֆինանսական կազմակերպությունը մասնակցում է ոչ թե որպես գրավառու, այլ որպես «Հրապարակային սակարկությունների մասին» և «Սնանկության մասին» ՀՀ օրենքների իմաստով սակարկության մասնակից:

Սա նշանակում է, որ սակարկությանը մասնակցող ֆինանսական կազմակերպությունն ունի նույնպիսի իրավունքներ ու պարտականություններ ինչպես և մյուս մասնակիցները:

Այսինքն, եթե ֆինանսական կազմակերպության նկատմամբ կիրառելի է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 251-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված կարգավորումը, ապա նույն կարգավորումը պետք է հավասարապես գործի սակարկության ցանկացած այլ մասնակցի համար:

 

Կամայականության արգելքի սկզբունքը.

 

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածը արգելում է վարչական մարմիններին անհավասար (կամայական) մոտեցում ցուցաբերել միատեսակ փաստական հանգամանքների նկատմամբ:

Այս հոդվածը, ողջամիտ կասկածից վեր, թույլ է տալիս պնդել, որ վարչական մարմինները չեն կարող տարբեր մոտեցում դրսևորել հրապարակային սակարկության մասնակիցների հանդեպ, քանի նրանք կարգավիճակի տարբերություններ չունեն և, հետևաբար փաստական հանգամանքները միատեսակ են:

Ելնելով վերոգրյալից, հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի «ա» և «զ» կետերը, 20-րդ հոդվածի «իէ» կետը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածը, հաշվի առնելով ֆինանսական շուկայի սպառողների, ինչպես նաև բանկերի և վարկային կազմակերպությունների գործունեության համար խնդրի պարզաբանման անհրաժեշտությունը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

 

Պ ա ր զ ա բ ա ն ու մ  է.

 

Բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից հրապարակային սակարկություններից` իրենց մոտ գրավ դրված գույքը առուվաճառքի պայմանագրով ձեռք բերելու դեպքում` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 251-րդ հոդվածի 3-րդ մասը կիրառելի չէ:

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական
բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

2016 թ. հոկտեմբերի 20

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան