Գլխավոր տեղեկություն
Համար
N 317
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.05.2002-16.04.2018)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.04.26/13(188) Հոդ.285
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
01.04.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
01.04.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
01.04.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.05.2002

040.0317.01.04.02

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
1 ապրիլի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

1 ապրիլի 2002 թվականի N 317
քաղ. Երևան

ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՈՉ ՀԻՄՆԱԿԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՔ ՀԵՌԱՑՆԵԼՈՒ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Աղետի գոտու վերականգնման համալիր ծրագրի իրականացման շրջանակներում համայնքների վարչական սահմաններում ընդգրկված՝ վերականգնման ենթակա տարածքները ոչ հիմնական շինություններից ազատելու և դրանք հեռացնելու գործընթացն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել՝

ա) աղետի գոտու վերականգնման համալիր ծրագրի իրականացման շրջանակներում համայնքների վարչական սահմաններում ընդգրկված՝ վերականգնման ենթակա տարածքները ոչ հիմնական շինություններից ազատելու և դրանք հեռացնելու կարգը (կցվում է).

բ) աղետի գոտու վերականգնման համալիր ծրագրի իրականացման շրջանակներում վերականգնման ենթակա տարածքների ոչ հիմնական շինություններում բնակվող ոչ աղետի (երկրաշարժի) հետևանքով անօթևան մնացած, մշտական բնակության վայր չունեցող քաղաքացիներին բնակտարածությամբ ապահովելու և վերաբնակեցնելու կարգը (կցվում է):

2. Սահմանել, որ՝

ա) աղետի գոտու վերականգնման համալիր ծրագրի իրականացման շրջանակներում համայնքների վարչական սահմաններում ընդգրկված՝ վերականգնման ենթակա տարածքներից հեռացման են ենթակա պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերում երկրաշարժից հետո տեղադրված կամ կառուցված այն բոլոր ոչ հիմնական շինությունները, անկախ դրանց օգտագործման նշանակությունից (բնակության, առևտրի, կենցաղային և այլ նպատակներով) և պատկանելությունից, որոնք նախատեսված չեն այդ տարածքների կառուցապատման նպատակով հաստատված քաղաքաշինական փաստաթղթերով.

բ) քաղաքացիների կողմից զբաղեցված ոչ հիմնական շինությունները ենթակա են ազատման՝ աղետի գոտու վերականգնման համալիր ծրագրի իրականացման շրջանակներում կնքված քաղաքացիներին բնակտարածությամբ ապահովելու առաջարկվող տարբերակի մասին պայմանագրով սահմանված կամ տարածքը ոչ հիմնական շինություններից ազատելու մասին նախնական ծանուցման մեջ նշված ժամկետներում.

գ) ոչ հիմնական շինություններում բնակվող քաղաքացիները բնակտարածությամբ ապահովելու առաջարկվող տարբերակներից կամ շինությունը սահմանված ժամկետում ազատելուց հրաժարվելու դեպքում ծանուցվում են շինությունը տվյալ տարածքից տեղական ինքնակառավարման մարմինների կողմից դրա համար հատկացված տարածք տեղափոխելու մասին.

 դ) առևտրի, կենցաղային կամ այլ նպատակներով օգտագործվող ոչ հիմնական շինություններ զբաղեցրած անձանց վտարման հարցը, սահմանված ժամկետում կամավոր կերպով դրանք չազատելու դեպքում, ենթակա է լուծման՝ դատական կարգով.

ե) մինչև 2001 թվականի օգոստոսի 31-ը ոչ հիմնական շինություններում բնակվող ոչ աղետի (երկրաշարժի) հետևանքով մշտական բնակության վայր չունեցող անօթևան մնացած, ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված քաղաքացիներին վարձակալման միջոցով բնակմակերեսով ապահովելու դեպքում նրանց ընտանիքի բնակարանային պայմանների գործակիցն աջակցություն ստանալու պահին մնում է անփոփոխ՝ մինչև 2 տարի ժամկետով.

զ) 2001 թվականի օգոստոսի 31-ից հետո ոչ հիմնական շինություններ զբաղեցրած անձանց վտարման հարցը, անկախ դրանց օգտագործման նշանակությունից (բնակության, առևտրի, կենցաղային և այլ նպատակներով), ենթակա է լուծման՝ դատական կարգով.

է) աղետի գոտու վերականգնման համալիր ծրագրի իրականացման շրջանակներում համայնքների վարչական սահմաններում ընդգրկված՝ վերականգնման ենթակա տարածքները ոչ հիմնական շինություններից ազատելու և դրանք հեռացնելու աշխատանքներն իրականացվում են, ինչպես նաև քաղաքացիներին պետական ֆինանսական աջակցություն տրամադրվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների ու արտաբյուջետային աղբյուրների հաշվին իրականացվող ծրագրերով այդ նպատակների համար նախատեսված հատկացումների սահմաններում:

3. Հայաստանի Հանրապետության նախարարություններին և գերատեսչություններին` մեկամսյա ժամկետում իրենց հաշվեկշիռներում գտնվող ոչ հիմնական շինությունները սահմանված կարգով սեփականության իրավունքով անհատույց հանձնել տեղական ինքնակառավարման մարմիններին:

4. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը՝ աջակցել Հայաստանի Հանրապետության մարզպետներին և տեղական ինքնակառավարման մարմիններին աղետի գոտու վերականգնման համալիր ծրագրի իրականացման շրջանակներում վերականգնման ենթակա տարածքները սահմանված կարգով ոչ հիմնական շինություններից ազատելու և դրանք հեռացնելու գործընթացին:

5. Հայաստանի Հանրապետության մարզպետներին՝ մամուլով և զանգվածային լրատվության մյուս միջոցներով բնակչությանն իրազեկել աղետի գոտու վերականգնման համալիր ծրագրի իրականացման շրջանակներում համայնքների վարչական սահմաններում ընդգրկված՝ վերականգնման ենթակա տարածքները ոչ հիմնական շինություններից ազատելու և դրանք հեռացնելու գործընթացի մասին:

6. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը՝ համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հետ՝ մեկամսյա ժամկետում մշակել և հաստատել աղետի գոտու վերականգնման համալիր ծրագրի իրականացման շրջանակներում քաղաքացիներին բնակտարածությամբ ապահովելու մասին պայմանագրերի օրինակելի ձևերը:

7. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը՝ մեկամսյա ժամկետում մշակել և հաստատել ընտանեկան նպաստի կառույցի միջոցով՝ ոչ հիմնական շինություններում բնակվող ոչ աղետի (երկրաշարժի) հետևանքով մշտական բնակության վայր չունեցող անօթևան մնացած անձանց բնակմակերեսով ապահովելու համար պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու կարգը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2002 թվականի
ապրիլի 1-ի N 317 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

աղետի գոտու վերականգնման համալիր ծրագրի իրականացման շրջանակներում համայնքների վարչական սահմաններում ընդգրկված՝ վերականգնման ենթակա տարածքները ոչ հիմնական շինություններից ազատելու եվ հեռացնելու

 

1. Սույն կարգով սահմանվում է աղետի գոտու վերականգնման համալիր ծրագրի (այսուհետև՝ համալիր ծրագիր) իրականացման շրջանակներում համայնքների վարչական սահմաններում ընդգրկված՝ վերականգնման (կառուցապատման, վերակառուցման, բարեկարգման, կանաչապատման) ենթակա տարածքները (այսուհետև՝ տարածք) ոչ հիմնական շինություններից հաջորդաբար ազատելու և դրանք հեռացնելու կարգը:

2. Տարածքներից հեռացման են ենթակա պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերում երկրաշարժից հետո տեղադրված կամ կառուցված այն բոլոր ոչ հիմնական շինությունները, անկախ դրանց օգտագործման նշանակությունից (բնակության, առևտրի, կենցաղային կամ այլ նպատակներով) և պատկանելությունից, որոնք նախատեսված չեն այդ տարածքների կառուցապատման նպատակով հաստատված քաղաքաշինական փաստաթղթերով:

3. Տարածքները ոչ հիմնական շինություններից ազատելու և դրանք հեռացնելու աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների և այլ աղբյուրների հաշվին իրականացվող ծրագրերով այդ նպատակների համար նախատեսված հատկացումների սահմաններում:

4. Տարածքների վերականգնման առաջնահերթությունը որոշվում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության, մարզպետարանի և քաղաքապետարանի կողմից քաղաքաշինական նկատառումներով հիմնավորված և տարեկան կտրվածքով հաստատված ցանկի համաձայն:

5. Տարածքները ոչ հիմնական շինություններից ազատելու աշխատանքները կանոնակարգելու նպատակով մարզպետները՝ տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ յուրաքանչյուր տարածքի համար կազմում են սխեմաներ, որոնք բաղկացած են գրաֆիկական և աղյուսակային մասերից:

6. Գրաֆիկական մասի վրա նշվում են տարածքի սահմանները և տարածքում առկա շինությունների տեղաբաշխումն ըստ գործառնական նշանակության:

Գրաֆիկական մասի կազմման համար, որպես հանութային հիմք, կարող են օգտագործվել առկա հատակագծերը:

7. Աղյուսակային մասում նշվում են ոչ հիմնական շինությունների թվի, տվյալ շինություններում բնակվող ընտանիքների կարգավիճակի (աղետի և ոչ աղետի (երկրաշարժի) հետևանքով անօթևան մնացած, մշտական բնակության վայր ունեցող), ինչպես նաև, ելնելով շինությունների ֆիզիկական վիճակից, տարածքից դրանց հեռացման տարբերակի (ենթակա է ոչնչացման, տեղափոխման) մասին տվյալները:

 Ընդ որում, տեղական ինքնակառավարման մարմինները Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հետ ճշտում են այդ քաղաքացիների մշտական բնակության ու նրանց սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի առկայության փաստը:

8. Տարածքների համար կազմված սխեմայի նախագծի (գրաֆիկական և աղյուսակային նյութերի) կազմման աշխատանքների ավարտից հետո համայնքի ղեկավարը մամուլով և զանգվածային լրատվության մյուս միջոցներով համայնքի բնակչությանն իրազեկում է դրա բովանդակությանը ծանոթանալու հնարավորության օրվա և ժամի, ինչպես նաև համապատասխան հիմնավորումների առկայության դեպքում՝ առաջարկություններ ներկայացնելու ժամկետի մասին:

9. Հասարակությանը սխեմայի նախագծի քննարկման մասին իրազեկման օրվանից այն փակցվում է վերականգնման ենթակա տարածքի բնակիչների համար տեսանելի վայրում:

10. Հասարակությանն իրազեկման օրվանից ոչ ուշ, քան 15-օրյա ժամկետում սխեմայի նախագծի հասարակական քննարկումների արդյունքում արված առաջարկությունների և դիտողությունների հիման վրա, անհրաժեշտ հիմնավորումների առկայության դեպքում, 15-օրյա ժամկետում սխեմայի աղյուսակային մասում կատարվում են փոփոխություններ:

11. Քննարկման արդյունքներով լրամշակված սխեմայի տարբերակը, համայնքի ղեկավարի ներկայացմամբ, հաստատում է մարզպետը և ներկայացնում Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարություն:

12. Համայնքի ղեկավարը հաստատված սխեմայի աղյուսակային մասում ներառված տեղեկատվության հիման վրա կազմում է բնակության համար և այլ նշանակությամբ օգտագործվող՝ ազատման ենթակա շինությունների ցանկը՝ առանձնացնելով այն շինությունները, որոնք զբաղեցված են անօթևան մնացած ընտանիքների կողմից՝ «Աղետի գոտու վերականգնման համալիր ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթների համաձայն:

13. Բոլոր ոչ հիմնական շինություններն զբաղեցնող քաղաքացիները, կազմված ցանկի համաձայն, համայնքի ղեկավարի կողմից ծանուցվում են դրանք ազատելու պայմանների մասին, ընդ որում՝

ա) «Աղետի գոտու վերականգնման համալիր ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթների համաձայն՝ անօթևան մնացած ընտանիքների կողմից զբաղեցված ոչ հիմնական շինությունները ենթակա են ազատման՝ համայնքի ղեկավարի հետ կնքված բնակարանային պայմանների բարելավման համար առաջարկվող տարբերակի մասին պայմանագրով սահմանված ժամկետում.

բ) մշտական բնակության վայր ունեցող քաղաքացիների կողմից զբաղեցված ոչ հիմնական շինությունները, անկախ դրանց օգտագործման նշանակությունից, ենթակա են ազատման՝ դրա մասին նախնական ծանուցման մեջ նշված ժամկետում:

14. Բնակության համար օգտագործվող ոչ հիմնական շինությունները տարածքներից հեռացնելու (ապամոնտաժելու կամ տեղափոխելու) աշխատանքներն իրականացվում են դրանցում բնակվող անձանց կողմից ձեռք բերված բնակմակերեսի նկատմամբ իրավունքի գրանցումից և համապատասխան պայմանագրով սահմանված կամ ծանուցման մեջ նշված ժամկետում դրանց հանձնման մասին ակտը քաղաքապետարանում (գյուղապետարանում) ստորագրվելուց հետո 15-օրյա ժամկետում:

Ընդ որում, այդ ընտանիքների կողմից ձեռք բերված բնակմակերեսի նկատմամբ սեփականության, վարձակալության իրավունքների գրանցումից և ոչ հիմնական շինությունների ազատման մասին պայմանագրով սահմանված կամ ծանուցման մեջ նշված ժամկետը լրանալուց հետո նրանք կորցնում են իրենց կողմից զբաղեցված ոչ հիմնական շինության նկատմամբ ունեցած բոլոր գույքային իրավունքները:

15. Ոչ հիմնական շինություններում բնակվող քաղաքացիները բնակտարածությամբ ապահովելու առաջարկվող տարբերակներից կամ ծանուցման մեջ նշված ժամկետում շինությունն ազատելուց հրաժարվելու դեպքում տեղական ինքնակառավարման մարմինների կողմից 3 ամսվա ընթացքում ծանուցվում են շինությունը տարածքից դրա համար հատկացված տարածք տեղափոխելու մասին:

Նշված քաղաքացիները շինությունները տեղափոխելուց հետո պահպանում են շինությունների նկատմամբ ունեցած գույքային իրավունքները, և նրանց բնակարանային խնդիրների լուծման հարցը կդիտարկվի համալիր ծրագրի իրականացման ավարտից հետո:

16. Մշտական բնակության վայր ունեցող ընտանիքների կողմից զբաղեցված և առևտրի, կենցաղային կամ այլ նպատակներով օգտագործվող ոչ հիմնական շինությունները ենթակա են տարածքից հեռացման՝ շինության ազատման մասին նախնական ծանուցման մեջ նշված և դրանից բխող միջոցառումների իրականացման ժամկետից հետո 15-օրյա ժամկետում:

Ոչ հիմնական շինությունները ծանուցման մեջ նշված ժամկետներում չազատվելու դեպքում ենթակա են ազատման՝ դատական կարգով:

17. Համալիր ծրագրի իրականացման շրջանակներում ոչ հիմնական շինությունները հատկացված տարածք տեղափոխելու, ազատված ոչ հիմնական շինությունները տարածքներից հեռացնելու և այդ տարածքների բարեկարգման աշխատանքներն իրականացնում են տեղական ինքնակառավարման մարմինները՝ «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ընտրված կապալառու կազմակերպության միջոցով՝ համաձայն մարզպետի և համայնքի ղեկավարի կողմից հաստատված՝ վերականգնման ենթակա տարածքի ազատման ժամանակացույցի:

18. Այլ հատկացված տարածք չտեղափոխվող՝ ոչ հիմնական շինությունների օգտագործման համար պիտանի շինարարական նյութերը թողնվում են կապալառու կազմակերպության տնօրինմանը:

Ընդ որում, քաղաքացիների կողմից ոչ հիմնական շինությունների բարելավման աշխատանքների կատարման ժամանակ օգտագործված շինարարական նյութերը կարող են ապամոնտաժվել և օգտագործվել քաղաքացիների կողմից:

19. Ոչ հիմնական շինությունների ապամոնտաժման արդյունքում առաջացած աղբը ենթակա է տարածքից հեռացման դրա համար սահմանված կարգով հատկացված տարածք:

 

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2002 թվականի
ապրիլի 1-ի N 317 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

 աղետի գոտու վերականգնման համալիր ծրագրի իրականացման շրջանակներում վերականգնման ենթակա տարածքների ոչ հիմնական շինություններում բնակվող ոչ աղետի (երկրաշարժի) հետեվանքով անօթեվան մնացած, մշտական բնակության վայր չունեցող քաղաքացիներին բնակտարածությամբ ապահովելու եվ վերաբնակեցնելու

 

1. Սույն կարգով սահմանվում է աղետի գոտու վերականգնման համալիր ծրագրի իրականացման շրջանակներում վերականգնման ենթակա տարածքների համայնքների վարչական սահմաններում վերականգնման ենթակա տարածքները ոչ հիմնական շինություններից ազատելու և վերջիններս հեռացնելու աշխատանքներն իրականացնելու ժամանակ ոչ աղետի (երկրաշարժի) հետևանքով անօթևան մնացած, մշտական բնակության վայր չունեցող, մինչև 2001 թվականի օգոստոսի 31-ը այդ շինություններում բնակվող քաղաքացիներին բնակտարածությամբ ապահովելու և վերաբնակեցնելու կարգը:

2. Սույն կարգի 1-ին կետում նշված քաղաքացիների վերաբնակեցումն իրականացվում է 2 տարի ժամկետով բնակտարածությամբ ապահովման միջոցով, նրանց զբաղեցրած ոչ հիմնական շինությունները պարտադիր ազատելու պայմանով:

3. Քաղաքացիները, իրենց գրավոր համաձայնությամբ, բնակտարածությամբ ապահովվում են հետևյալ տարբերակներով`

ա) համայնքի ղեկավարի կողմից բնակտարածության վարձակալում և այն քաղաքացիներին ժամանակավորապես անհատույց օգտագործման տրամադրում.

բ) բնակարան (բնակելի տուն) վարձակալելու համար քաղաքացիներին պետական ֆինանսական աջակցության (այսուհետև` աջակցություն) տրամադրում:

4. Համայնքի ղեկավարը կամ քաղաքացիները կարող են բնակտարածությունը վարձակալել Հայաստանի Հանրապետության տարածքում բնակվող ցանկացած ֆիզիկական և իրավաբանական անձանցից, ընդ որում`

ա) համայնքի ղեկավարի կողմից բնակտարածության վարձակալման դեպքում վարձավճարը չպետք է գերազանցի ամսական 10000 դրամը.

բ) քաղաքացիների կողմից բնակտարածության վարձակալման դեպքում նրանց այդ նպատակով տրամադրվող աջակցության չափը սահմանվում է ամսական 10000 դրամ:

 5. Ոչ հիմնական շինություններ զբաղեցնող քաղաքացիները, համաձայն մարզպետի կողմից հաստատված ցուցակի, համայնքի ղեկավարի կողմից ծանուցվում են շինության ազատման, բնակտարածությամբ ապահովման տարբերակների և համապատասխան պայմանագիր կնքելու ժամկետի մասին:

6. Քաղաքացիները ծանուցագիր ստանալուց հետո 15-օրյա ժամկետում համայնքի ղեկավարին ներկայացնում են դիմում բնակտարածությամբ ապահովման նպատակով իրենց առաջարկվող տարբերակի ընտրության մասին:

7. Համայնքի ղեկավարը ներկայացված դիմումներն ստանալուց հետո դրանք քննարկում է 15-օրյա ժամկետում և քաղաքացիների հետ կնքում պայմանագիր նրանց կողմից բնակտարածությամբ ապահովման ընտրված տարբերակի մասին՝ իրենց կողմից զբաղեցված ոչ հիմնական շինությունը 3 ամսվա ընթացքում ազատելու և նոր ժամանակավոր կացարան տեղափոխվելու պայմանով:

Կնքված պայմանագրերի պատճենները ներկայացվում են մարզպետին:

8. Կնքված պայմանագրով սահմանված ժամկետում քաղաքացիների կողմից վարձակալվող բնակարանի (բնակելի տան) տարբերակը չընդունվելու դեպքում՝ պայմանագրով սահմանված ժամկետը համայնքի ղեկավարի կողմից կարող է երկարաձգվել ևս 3 ամսով:

9. Քաղաքացիների կողմից սույն կարգի 3-րդ կետի «ա» ենթակետում նշված տարբերակն ընտրվելու դեպքում վերաբնակեցումն իրականացվում է համայնքի ղեկավարի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բնակտարածության (բնակարան, հյուրանոց, հանրակացարան և այլն) վարձակալման և այն ժամանակավորապես անհատույց օգտագործման տրամադրելու պայմանով:

10. Քաղաքացիների կողմից սույն կարգի 3-րդ կետի «բ» ենթակետում նշված տարբերակն ընտրվելու դեպքում աջակցությունը տրամադրվում է մարզպետի գրության համաձայն՝ Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության համակարգում գործող ընտանեկան նպաստի կառույցի միջոցով:

 Աջակցություն ստացող ընտանիքի բնակարանային պայմանների գործակիցն աջակցություն ստանալու պահին մնում է անփոփոխ՝ մինչև 2 տարի:

11. Ոչ հիմնական շինություններում բնակվող քաղաքացիների վերաբնակեցման աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների և արտաբյուջետային աղբյուրների հաշվին իրականացվող ծրագրերով այդ նպատակների համար նախատեսված հատկացումների սահմաններում:

 

II. Քաղաքացիների կողմից բնակարանի (բնակելի տան) վարձակալման դեպքում նրանց տրամադրվող աջակցության գումարների վճարման պայմանները

 

12. Բնակարան (բնակելի տուն) վարձակալելու համար աջակցության տրամադրման մասին համայնքի ղեկավարի հետ կնքված պայմանագրի համաձայն քաղաքացիները վարձակալվող բնակարանի տարբերակն ընտրելուց հետո վարձատուի հետ կնքում են վարձակալության պայմանագիր, որը պետք է գրանցվի Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համապատասխան տարածքային ստորաբաժանումում:

13. Աջակցություն ստացող քաղաքացու կողմից վարձակալված բնակարանի (բնակելի տան) նկատմամբ վարձակալման իրավունքի գրանցումից հետո համայնքի ղեկավարը բնակարանի (բնակելի տան) վարձակալության պայմանագրի պատճենը ներկայացնում է մարզպետին, որն այն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում դիմում է Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը՝ վարձակալման պայմանագրի համաձայն քաղաքացիներին համապատասխան միջոցների վճարման համար՝ նշելով վարձատուին և վարձակալին վճարման ենթակա գումարների չափը:

14. Տրամադրվող աջակցության չափին համապատասխան բնակարանի (բնակելի տան) վարձակալման դեպքում բնակարանի (բնակելի տան) վարձակալության պայմանագրով սահմանված վարձավճարի գումարը յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ վճարվում է վարձատուին:

Ընդ որում, տրամադրվող աջակցության գումարի չափից ցածր արժողությամբ բնակարանի (բնակելի տան) վարձակալման դեպքում վարձակալության պայմանագրով սահմանված վարձավճարի և աջակցության գումարի չափի տարբերությունը վճարվում է վարձակալին, իսկ բարձր լինելու դեպքում տարբերությունը վարձատուին վճարում է վարձակալը՝ իր սեփական միջոցների հաշվին, վարձակալության պայմանագրի պայմանների համաձայն:

15. Աջակցության գումարը վճարվում է մարզպետի կողմից Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարություն ներկայացված գրության ամսվան հաջորդող ամսվա 1-ից և վճարվում է նշանակման օրվանից հետո մինչև 2 օրացուցային տարվա վերջը:

16. Աջակցություն ստացող քաղաքացիների կողմից բնակության վայրի փոփոխման դեպքում, իրենց դիմումի համաձայն, աջակցության գումարը սահմանված կարգով վճարվում է նոր ընտրված բնակարանի (բնակելի տան) բնակավայրի սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի կողմից:

17. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությունը յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը տեղեկացնում է կատարված վճարումների մասին՝ նշելով գործարքների կատարման ժամկետները, վճարված գումարները և աջակցություն ստացող քաղաքացիների փաստացի բնակության վայրը:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
29.03.2018, N 361-Ն 16.04.2018, N 317
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան