Գլխավոր տեղեկություն
Համար
N 66
Տիպ
Պաշտոնական պարզաբանում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.02.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2017.03.09/9(578)
Ընդունող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
28.02.2017
Ստորագրող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
28.02.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

28 փետրվարի 2017 թ.
ք. Երևան

N 66

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 31-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 5-ՐԴ ԵՎ 8-ՐԴ ՄԱՍԵՐԻ, 32-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 5-ՐԴ ՄԱՍԻ, 34-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ ԵՎ 65-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 7-ՐԴ ՄԱՍԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՏԱՐԱԲՆՈՒՅԹ ԸՆԿԱԼՈՒՄԸ ԲԱՑԱՌԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ուսումնասիրելով «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպության 21.02.2017թ. թիվ Ը-1032 դիմումը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը

 

ՊԱՐԶԵՑ.

 

1. Դիմումատուի իրավական դիրքորոշումը և ներկայացված պահանջը

«Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպության կողմից Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացված 21.02.2017թ. թիվ Ը-1032 դիմումում նշված է.

«ՀՀ ընտրական օրենսգրքի 32-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` «Դիտորդի, զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչի, այցելուի` սույն օրենսգրքով սահմանված իրավունքների որևէ սահմանափակում չի թույլատրվում: Ոչ ոք (այդ թվում` ընտրական հանձնաժողովները) իրավունք չունի (իրավունք չունեն) դիտորդին, զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչին, այցելուին դուրս հանելու տեղամասային կենտրոնից կամ որևէ այլ կերպ նրանց մեկուսացնելու հանձնաժողովի աշխատանքներին ներկա գտնվելուց, բացառությամբ սույն օրենսգրքի 31-րդ հոդվածի 5-րդ մասով, 8-րդ մասով և 65-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված դեպքերի:

Դիտորդին, զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչին, այցելուին տեղամասային կենտրոնից կամ ընտրական հանձնաժողովի նիստերից դուրս հրավիրելու դեպքում ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում կատարվում է համապատասխան գրառում` նշելով պատճառները»:

1. Չնայած այն հանգամանքին, որ սույն հոդվածով հանձնաժողովի համար նախատեսված է դիտորդին, ԶԼՄ ներկայացուցչին և այցելուին հանձնաժողովի նիստից կամ տեղամասային կենտրոնից դուրս հրավիրելու հնարավորություն, այնուամենայնիվ, դրանում մատնանշված 31-րդ հոդվածի 5-րդ մասը վերաբերվում է բացառապես դիտորդներին, իսկ 8-րդ մասը` բացառապես ԶԼՄ ներկայացուցիչներին:

Մասնավորապես, ՀՀ Ընտրական օրենսգրքի 31-րդ հոդվածի համաձայն` «5. Դիտորդի կողմից որևէ թեկնածուի, ընտրություններին մասնակցող որևէ կուսակցության աջակցելու, ինչպես նաև սույն օրենսգրքի պահանջներն այն եղանակով խախտելու դեպքում, որն էապես խաթարում է ընտրական հանձնաժողովի բնականոն աշխատանքը կամ քվեարկության բնականոն ընթացքը, ընտրական հանձնաժողովի նախագահը կարող է դիտորդին հեռացնել հանձնաժողովի նիստից, իսկ քվեարկության օրը՝ տեղամասային կենտրոնից՝ ընտրական հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն 2/3-ով ընդունված որոշմամբ: (…)

8. (…) Զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչի կողմից սույն օրենսգրքի պահանջներն այն եղանակով խախտելու դեպքում, որն էապես խաթարում է ընտրական հանձնաժողովի բնականոն աշխատանքը կամ քվեարկության բնականոն ընթացքը, ընտրական հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն 2/3-ով ընդունված որոշմամբ տվյալ ներկայացուցիչը կարող է հեռացվել հանձնաժողովի նիստից, իսկ քվեարկության օրը՝ տեղամասային կենտրոնից»:

Ընտրական օրենսգրքի 31-րդ հոդվածով սահմանված են միայն այն դեպքերը, երբ հանձնաժողովը ընդհանուր թվի ձայների առնվազն 2/3-ով ընդունված որոշմամբ կարող է հեռացնել դիտորդին և ԶԼՄ ներկայացուցչին, իսկ 34-րդ հոդվածի 4-րդ մասով նմանատիպ որոշմամբ կարող է հեռացվել նաև վստահված անձը, սակայն այցելուի հեռացման վերաբերյալ դրույթ ՀՀ ընտրական օրենսգրքում նախատեսված չէ (բացառությամբ 65-րդ հոդվածի 7-րդ մասի, որտեղ այլ իրավիճակ է նկարագրվում):

2. Կարծում ենք, որ 31-րդ հոդվածում առկա է անհստակություն հանձնաժողովի կողմից ընդունվող որոշման ձևի մասով: Թեև 32-րդ հոդվածի 5-րդ մասը ամրագրում է, որ «դուրս հրավիրելու դեպքում ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում կատարվում է համապատասխան գրառում», սակայն հստակ չէ այդ գրառումը վերաբերում է որոշմանը, թե՞ դուրս հանելու փաստին: Այլ կերպ ասած, հստակ չէ, թե արդյո՞ք այդ գրառումը բավարարում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 55-րդ հոդվածով գրավոր վարչական ակտին ներկայացվող պահանջներին, թե՞ այն ընդամենը տեղամասից հեռացնելու մասին փաստի արձանագրում է:

Ավելին, քանի դեռ Ընտրական օրենսգիրքը սահմանում է, որ գրանցամատյանում կատարվող գրառման մեջ պետք է նշվեն հեռացվելու պահանջները, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքը մի շարք այլ պահանջներ է դնում վարչական ակտի համար: Մասնավորապես, դրա հիմնավորումը, որոշակիությունը, իսկ գրավոր վարչական ակտի դեպքում նաև դրանում նշվող տեղեկությունների մի ամբողջ ցանկ:

Նշենք նաև, որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է, որ վարչական ակտը որպես կանոն ընդունվում է գրավոր որոշման, հրամանի, կարգադրության կամ օրենքով նախատեսված այլ ձևով, իսկ նույն հոդվածի 2-րդ մասով նախատեսվում է նաև, որ այն կարող է ընդունվել բանավոր (ընդ որում, բանավոր որոշման դեպքում դրա հասցեատիրոջ, գրավոր կամ բանավոր պահանջով, բանավոր վարչական ակտը ձևակերպվում է գրավոր): Սակայն, համաձայն նշված օրենքի 54-րդ հոդվածի 2-րդ մասի վարչական ակտը կարող է լինել բանավոր միմիայն օրենքում նշված դեպքերում:

ՀՀ Ընտրական օրենսգրքի կամ որևէ այլ օրենքի որևէ դրույթ չի սահմանում, որ տեղամասային կենտրոնից կամ հանձնաժողովի նիստից անձին հեռացնելու մասին որոշումը կարող է լինել բանավոր: Հետևապես, այն պետք է լինի գրավոր:

Կարծում ենք, որ ՀՀ Ընտրական օրենսգրքի 32-րդ հոդվածի 5-րդ մասը, 31-րդ հոդվածի 5-րդ և 8-րդ մասերը տարաբնույթ ընկալումների և մեկնաբանությունների տեղիք են տալիս, մասնավորապես`

1. ՀՀ Ընտրական օրենսգրքի 32-րդ հոդվածը որպես ընդհանուր կանոն հնարավորություն է տալիս հանձնաժողովի նիստից կամ տեղամասային կենտրոնից հեռացնել դիտորդին, ԶԼՄ ներկայացուցչին և այցելուին` օրենսգրքի 31-րդ հոդվածի 5-րդ մասով, 8-րդ մասով և 65-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված դեպքերում: Սակայն 31-րդ հոդվածը չի սահմանում այցելուին դուրս հրավիրելու կարգը: Այսպիսով, հարց է առաջանում, թե արդյո՞ք թույլատրելի է հանձնաժողովի նիստից կամ տեղամասից հեռացնել այցելուին, եթե առկա են 31-րդ հոդվածով սահմանված հիմքերը:

2. ՀՀ Ընտրական օրենսգրքի 31-րդ հոդվածի 5-րդ և 8-րդ մասերով, ինչպես նաև 34-րդ հոդվածի 4-րդ մասով չի հստակեցվում, թե դիտորդին, ԶԼՄ ներկայացուցչին և վստահված անձին հանձնաժողովի նիստից կամ տեղամասային կենտրոնից հեռացնելու մասին գրանցամատյանում կատարվող գրառումը գրավոր վարչական ակտ է թե՞ կատարված գործողության փաստի արձանագրում:

Ելնելով վերոգրյալից, հիմք ընդունելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 2-րդ մասը և նկատի ունենալով այն հանգամանքը, որ ՀՀ Ընտրական օրենսգրքով նախատեսված չէ հստակ կարգավորում վերը շարադրված իրավական հարցերի շուրջ, ուստի այդ կապակցությամբ հանձնաժողովի նիստից կամ տեղամասային կենտրոնից դիտորդին, ԶԼՄ ներկայացուցչին, վստահված անձին հեռացնելու վերաբերյալ հանձնաժողովի կայացրած որոշման ձևի, ինչպես նաև այցելուին հանձնաժողովի նիստից կամ տեղամասային կենտրոնից հեռացնելու հետ կապված տարաբնույթ ընկալումները և մեկնաբանությունները բացառելու համար (…) խնդրում եմ տալ պաշտոնական պարզաբանում:»:

Դիմումատուն, մասնավորապես, խնդրում է պարզաբանել, որ`

«1. Այցելուին տեղամասային կենտրոնից կամ հանձնաժողովի նիստից կարելի է հեռացնել միմիայն ՀՀ Ընտրական օրենսգրքի 65-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված դեպքում, իսկ 31-րդ հոդվածի 5-րդ մասը կիրառելի չէ այցելուի նկատմամբ:

2. ՀՀ Ընտրական օրենսգրքի 32-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ պարբերության «համապատասխան գրառում» եզրույթը ընդունել որպես «գրավոր վարչական ակտի կազմում»:»:

Դիմումը ստորագրված է ներկայացուցչի կողմից: Դիմումով որպես ներկայացուցիչ հանդես է գալիս դիմումատու հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը (լիազորագիրը կցված է):

2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի հիմնավորումները (պատճառաբանությունները) և եզրահանգումը

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 1-ին մասի առաջին պարբերության համաձայն.

«Իրավական ակտի դրույթների ոչ հստակ կամ տարաբնույթ ընկալման, իրավական ակտն ավելի բարձր կամ նույն իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտին կամ նույն իրավական ակտի տարբեր դրույթների հակասության կամ օրենքով նախատեսված այլ դեպքերում, իրավական ակտի ուժի մեջ մտնելու ժամկետի որոշման, իրավաբանական ուժ ունենալու հարցերի պարզաբանման, ինչպես նաև իրավական ակտի կիրառման բնագավառում ծագած այլ հարցերի ճշտման նպատակով տրվում է իրավական ակտի պարզաբանում»։

Նույն հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերության համաձայն. «Իրավական ակտի պաշտոնական պարզաբանումը տրվում է իրավական ակտի պաշտոնական մեկնաբանման համար նախատեսված կանոններով»։

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն.

«Իրավական ակտը մեկնաբանվում է դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությամբ` հաշվի առնելով օրենքի պահանջները։

Իրավական ակտի մեկնաբանությամբ չպետք է փոփոխվի դրա իմաստը»։

Դիմումատուն դիմումով բարձրաձայնում է, ըստ էության, երկու հարց.

1. արդյո՞ք տեղամասային կենտրոնից կամ հանձնաժողովի նիստից կարելի է հեռացնել այցելուին,

2. արդյո՞ք Ընտրական օրենսգրքի 32-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ պարբերությամբ նախատեսված պահանջն առ այն, որ «դիտորդին, զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչին, այցելուին տեղամասային կենտրոնից կամ ընտրական հանձնաժողովի նիստերից դուրս հրավիրելու դեպքում ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում կատարվում է համապատասխան գրառում` նշելով պատճառները», ենթադրում է իրենից գրավոր վարչական ակտի ընդունում:

Անդրադառնալով այցելուի ինստիտուտին, հարկ ենք համարում նշել, որ Ընտրական օրենսգրքի 30-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն. «Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների ներկայացուցիչները հրավերի առկայության դեպքում կարող են ընտրությունների ժամանակ այցելուի կարգավիճակով իրականացնել ընտրական գործընթացի դիտարկում: Հրավերն ուղարկում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը:»: Այցելուի կարգավիճակի վերաբերյալ Ընտրական օրենսգրքի իրավակարգավորումների ուսումնասիրությունը վկայում է, որ այցելուներն իրենց կարգավիճակով հիմնականում հավասարեցված են դիտորդներին, իսկ ավելի հստակ` միջազգային դիտորդներին: Վերոգրյալի մասին են վկայում Ընտրական օրենսգրքի 32-րդ և մի շարք այլ հոդվածների իրավակարգավորումները (օրինակ, Ընտրական օրենսգրքի 65-րդ հոդվածի 7-րդ մասը):

Դիտորդների իրավունքներին, պարտականություններին և գործունեության երաշխիքներին նվիրված է Ընտրական օրենսգրքի 32-րդ հոդվածը, որի 5-րդ մասը նվիրված է դիտորդների և այցելուների իրավունքների սահմանափակման իրավական հնարավորություններին: Այսպես, ըստ Ընտրական օրենսգրքի 32-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին պարբերության.

«Դիտորդի, զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչի, այցելուի` սույն օրենսգրքով սահմանված իրավունքների որևէ սահմանափակում չի թույլատրվում: Ոչ ոք (այդ թվում` ընտրական հանձնաժողովները) իրավունք չունի (իրավունք չունեն) դիտորդին, զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչին, այցելուին դուրս հանելու տեղամասային կենտրոնից կամ որևէ այլ կերպ նրանց մեկուսացնելու հանձնաժողովի աշխատանքներին ներկա գտնվելուց, բացառությամբ սույն օրենսգրքի 31-րդ հոդվածի 5-րդ մասով, 8-րդ մասով և 65-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված դեպքերի:»:

Վերը նշված նորմերում վկայակոչված դրույթները` դիտորդների, այցելուների մասով, վերաբերում են վերջիններիս իրավունքների սահմանափակման երկու դրսևորումներին.

- դիտորդի կողմից որևէ թեկնածուի, ընտրություններին մասնակցող որևէ կուսակցության աջակցելու, ինչպես նաև Ընտրական օրենսգրքի պահանջներն այն եղանակով խախտելու դեպքում, որն էապես խաթարում է ընտրական հանձնաժողովի բնականոն աշխատանքը կամ քվեարկության բնականոն ընթացքը, ընտրական հանձնաժողովի նախագահը կարող է դիտորդին հեռացնել հանձնաժողովի նիստից, իսկ քվեարկության օրը՝ տեղամասային կենտրոնից՝ ընտրական հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն 2/3-ով ընդունված որոշմամբ (31-րդ հոդվածի 5-րդ մաս),

- եթե քվեարկության սենյակում գտնվող դիտորդների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների թիվն այնքան է, որ ակնհայտորեն խաթարում է քվեարկության բնականոն ընթացքը, ապա տեղամասային ընտրական հանձնաժողովն իրավասու է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն 2/3-ով ընդունված որոշմամբ սահմանելու քվեարկության սենյակում միաժամանակյա գտնվելու իրավունք ունեցող դիտորդների և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների առավելագույն թիվը: Որոշումը պետք է համապատասխանի համաչափության սկզբունքին, և ամեն դեպքում այդ որոշմամբ սահմանված թիվը չի կարող նվազ լինել 15-ից: Այդ սահմանափակումը չի տարածվում այցելուների, միջազգային դիտորդների և վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող հեռուստառադիոընկերությունների ներկայացուցիչների վրա: (…) (65-րդ հոդվածի 7-րդ մաս):

Վերոգրյալից ելնելով, Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արձանագրում է, որ, ըստ էության, վերը նշված երկու սահմանափակումներն էլ կիրառելի չեն այցելուների նկատմամբ, քանի որ Ընտրական օրենսգրքի 31-րդ հոդվածի 5-րդ մասը հստակ մատնանշում է այն սուբյեկտին, որի վերաբերյալ որոշման ընդունման կարգ է սահմանում, այն է` դիտորդը, իսկ 65-րդ հոդվածի 7-րդ մասը, որը վերաբերում է դիտորդների և զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների առավելագույն թիվ սահմանելուն, ուղղակիորեն ամրագրել է, որ այդ սահմանափակումը չի տարածվում այցելուների վրա:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արձանագրում է, որ ընտրական հանձնաժողովի նիստերից, իսկ քվեարկության օրը` քվեարկության սենյակից և տեղամասային կենտրոնից այցելուների հեռացման իրավական հնարավորություն Ընտրական օրենսգրքով ուղղակիորեն նախատեսված չէ:

Դիմումում արծարծվող երկրորդ հարցադրմանն անդրադառնալիս, նախ, անհրաժեշտ է քննարկել ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում կատարվող համապատասխան գրառման իրավական բնույթին:

Ընտրական օրենսգրքի 31-րդ հոդվածի 5-րդ մասով, 8-րդ մասի 5-րդ պարբերությամբ, 34-րդ հոդվածի 4-րդ մասով պահանջվում է համապատասխանաբար դիտորդներին, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիներին, վստահված անձանց հեռացնելու վերաբերյալ ընդունել որոշում` հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների 2/3-ով: Միաժամանակ, Ընտրական օրենսգրքի 32-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ պարբերությամբ պահանջվում է ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում համապատասխան գրառում կատարել` նշելով պատճառները, ինչը, ըստ էության, 31-րդ հոդվածի 5-րդ և 8-րդ մասերով և 34-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված որոշման ձևին ներկայացվող պահանջ է, այսինքն` վերը նշված որոշումները պետք է ընդունվեն գրավոր:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. «Վարչական ակտն արտաքին ներգործություն ունեցող այն որոշումը, կարգադրությունը, հրամանը կամ այլ անհատական իրավական ակտն է, որը վարչական մարմինն ընդունել է հանրային իրավունքի բնագավառում կոնկրետ գործի կարգավորման նպատակով, և ուղղված է անձանց համար իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն, վերացնելուն կամ ճանաչելուն:

Վարչական ակտը կարող է ուղղված լինել նաև որոշակի անհատական չափանիշներով առանձնացված անձանց որևէ խմբի:»:

Նույն հոդվածի 2-րդ մասի բ) ենթակետով սահմանված է.

«միջամտող վարչական ակտն այն վարչական ակտն է, որի միջոցով վարչական մարմինները մերժում, միջամտում, ընդհուպ սահմանափակում են անձանց իրավունքների իրականացումը, որևէ պարտականություն են դնում նրանց վրա կամ ցանկացած այլ եղանակով վատթարացնում են նրանց իրավական կամ փաստացի դրությունը.»:

Վերոգրյալից ակնհայտ է, որ դիտորդին, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցչին, վստահված անձին հանձնաժողովի նիստից, իսկ քվեարկության օրը՝ տեղամասային կենտրոնից հեռացնելու մասին որոշումը վարչական ակտ է, քանի որ.

1. ունի արտաքին ներգործություն, որովհետև տվյալ պարագայում ակտը ներգործություն է ունենում ոչ թե հանձնաժողովի ներսում, ընտրական հանձնաժողովների համակարգում, այլ վերաբերում է այլ սուբյեկտի,

2. ընդունվում է վարչական մարմնի` ընտրական հանձնաժողովի կողմից,

3. ընդունվում է հանրային իրավունքի բնագավառում կոնկրետ գործի կարգավորման նպատակով, տվյալ դեպքում` ընտրական գործընթացներում դիտորդների, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների, վստահված անձանց կողմից ընտրական հանձնաժողովի նիստին կամ քվեարկության օրը քվեարկության սենյակում (տեղամասային կենտրոնում) ներկա գտնվելու, գործընթացը դիտարկելու և այլ իրավունքների սահմանափակման նպատակով,

4. ուղղված է անձանց համար իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն, վերացնելուն կամ ճանաչելուն, մասնավորապես, տվյալ պարագայում` դիտորդների, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների, վստահված անձանց որոշ իրավունքների փոփոխելուն կամ վերացնելուն:

Ըստ բնույթի նշված վարչական ակտը միջամտող է, իսկ ըստ ձևի` գրավոր, քանի որ նման պահանջ է նախատեսված Ընտրական օրենսգրքի 31-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ պարբերությամբ: Հետևաբար, սույն վարչական ակտի համար կիրառելի են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 55-րդ հոդվածով գրավոր վարչական ակտին ներկայացվող պահանջները:

Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը`

 

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Է.

 

1. Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 31-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված իրավակարգավորումները այցելուների նկատմամբ կիրառելի չեն։

2. Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 32-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ պարբերությամբ սահմանված` գրանցամատյանում կատարվող գրառումը վարչական ակտ է և պետք է համապատասխանի «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 55-րդ հոդվածով գրավոր վարչական ակտին ներկայացվող պահանջներին:

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական ընտրական

հանձնաժողովի նախագահ

Տ. Մուկուչյան