Գլխավոր տեղեկություն
Համար
N 1232-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.09.2002-09.09.2004)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.09.11/39(214) Հոդ.891
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
11.07.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.08.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
26.08.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.09.2002
Ուժը կորցնելու ամսաթիվ
25.02.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 26 օգոստոսի 2002 թ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 հուլիսի 2002 թվականի N 1232-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳ ԿԱՏԱՐՄԱՆ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ (ՀԱՅԼԵՌՏԵԽՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ) ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին կետին և Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի ՆՀ-1064 հրամանագրով սահմանված կարգի 4-րդ կետին համապատասխան, ինչպես նաև ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 6-ի N 197 որոշման՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել՝

ա) Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության Հայաստանի Հանրապետության արդյունաբերության մեջ աշխատանքների անվտանգ կատարման և լեռնային հսկողության տեսչության (Հայլեռտեխհսկողություն) կանոնադրությունը՝ համաձայն N 1 հավելվածի.

բ) Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության Հայաստանի Հանրապետության արդյունաբերության մեջ աշխատանքների անվտանգ կատարման և լեռնային հսկողության տեսչության (Հայլեռտեխհսկողություն) կառուցվածքը՝ համաձայն N 2 հավելվածի։


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. օգոստոսի 15
Երևան

 


             

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2002 թվականի
հուլիսի 11-ի N 1232-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳ ԿԱՏԱՐՄԱՆ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ (ՀԱՅԼԵՌՏԵԽՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ)

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության մեջ աշխատանքների անվտանգ կատարման և լեռնային հսկողության տեսչությունը (այսուհետ` տեսչություն) Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության կազմում գործող Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որն օրենքով, իսկ առանձին դեպքերում` նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում, իրականացնում է վերահսկողական գործառույթներ ու կիրառում պատասխանատվության միջոցներ տնտեսության մեջ աշխատանքների անվտանգ կատարման, իր լիազորությունների սահմաններում ընդերքի պահպանման, արդյունավետ և անվտանգ օգտագործման բնագավառում՝ հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից:

2. Տեսչությունն ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Տեսչությունը գործում է սույն կանոնադրության համաձայն, որը, Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարի ներկայացմամբ, հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Տեսչության լիազորությունները սահմանվում են օրենքով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

4. Տեսչությունն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:

5. Տեսչությունն օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում իրավունք ունի Հայաստանի Հանրապետության անունից ձեռք բերելու ու իրականացնելու գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտավորություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող:

6. Տեսչությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ ու այլ անհատականացման միջոցներ:

 

II. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

7.  Տեսչության նպատակներն ու խնդիրներն են՝

ա) հանրապետության տնտեսության մեջ (անկախ սեփականության ձևից, կազմակերպական-իրավական ձևից) արդյունաբերական անվտանգության ապահովմանն ուղղված վերահսկողական և կանխարգելիչ աշխատանքների կազմակերպումը.

բ) արդյունաբերական անվտանգության մակարդակի գնահատումը, արդյունաբերական անվտանգության նպատակով տեխնիկական փորձաքննության կազմակերպումը,  հսկողության տակ գտնվող կազմակերպությունների մեքենասարքավորումների և փորձագիտական լաբորատորիաների հավաստագրումը, դրանց շահագործման համար եզրակացության տրամադրումը.

գ) արտադրական օբյեկտների անվտանգ շահագործման գծով Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական կառավարման այլ մարմինների կողմից իրականացվող աշխատանքների կատարման նկատմամբ հսկողության իրականացումը.

դ) սահմանված կարգով արդյունաբերական վտանգավոր օբյեկտի անվտանգության վկայագրի փորձաքննության կազմակերպումը.

ե) «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով համապատասխան  գործունեության առանձին տեսակների լիցենզիաներ տալու վերաբերյալ եզրակացություններ ներկայացնելը.

զ) կազմակերպություններում տեխնիկայի անվտանգության ուսուցման կազմակերպման և աշխատողների գիտելիքների ստուգման նկատմամբ հսկողության իրականացումը, արտադրությունն սպասարկող ինժեներատեխնիկական անձնակազմի՝ անվտանգության տեխնիկայի կանոնների պահպանման գծով  վերաորակավորումը.

է) աշխատողների աշխատանքի անվտանգ կազմակերպման, բնական և տեխնոլոգիական աղետների կանխման, օգտակար հանածոների հանքավայրերի անվտանգ ու արդյունավետ շահագործման գծով հանրապետական և տարածքային ծրագրերի մշակմանն ու ներդրմանը մասնակցությունը.

ը) արդյունաբերության մեջ աշխատանքների անվտանգ կատարման նորմերի, նորմատիվների, կանոնների մշակմանը մասնակցությունը:

 

III. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

8. Տեսչությունն իր նպատակների և խնդիրների իրականացման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական տեխնիկական վերահսկողություն է իրականացնում՝

ա) երկրաբանահետախուզական ուսումնասիրություններ իրականացնող, օգտակար հանածոներ արդյունահանող, հանքային հումք վերամշակող, ինչպես նաև օգտակար հանածոների արդյունահանման հետ չկապված ստորերկրյա կառույցների շինարարության և շահագործման օբյեկտներում աշխատանքների անվտանգ կատարման ու նախագծերին համապատասխան աշխատանքների կատարման նկատմամբ.

բ) քիմիական, նավթաքիմիական, մետաղագործական արդյունաբերության կազմակերպությունների, ամոնիակային սառցարանային տնտեսությունների, կաթսայատեղակայանքների, ամբարձիչ սարքավորումների, ճնշման տակ աշխատող անոթների, վառելիքի (կոշտ, հեղուկ, գազային), հացամթերումների պահպանման և վերամշակման օբյեկտների անվտանգ շահագործման, տրանսպորտով վտանգավոր բեռների փոխադրման նկատմամբ։

Նշված օբյեկտներում պետական տեխնիկական հսկողությունն իրականացվում է դրանց տեղի ընտրության, շահագործման, տեղափոխման ու գործունեության դադարեցման բոլոր փուլերում կատարվող աշխատանքների նկատմամբ:

9. Լեռնահանքային, ոչ հանքային արդյունաբերության մեջ, երկրաբանահետախուզական աշխատանքներում, ոչ լեռնային բնույթի շինությունների թունելաշինական օբյեկտներում, ինչպես նաև ընդերքի պահպանման և անվտանգ օգտագործման բնագավառներում տեսչության գործառույթներն են՝

ա) երկրաբանահետախուզական ուսումնասիրություններ իրականացնող, օգտակար հանածոներ արդյունահանող, հանքային հումք վերամշակող, ինչպես նաև օգտակար հանածոների արդյունահանման հետ չկապված ստորերկրյա կառույցների շինարարության և շահագործման օբյեկտներում տեխնոլոգիական սարքավորումների ու էլեկտրահամակարգերի անվտանգ շահագործման, բոլոր տեսակի հորատապայթեցման աշխատանքների կատարման, տրանսպորտային, հիդրոտեխնիկական և հատուկ կառույցների թունելաշինական օբյեկտների շինարարության, փոշեգազային, հակահրդեհային, օդափոխիչ համակարգերի ռեժիմների պահպանման, ոչ արդյունահանման նպատակներով լեռնային փորվածքների ու ստորերկրյա դատարկությունների օգտագործման, լեռնային աշխատանքների  անվտանգ կատարման սահմանների ճշտության, մարդկանց առողջության, շենքերի ու կառուցվածքների վրա այդ աշխատանքների վնասակար ազդեցության, հանքահորերում և ստորերկրյա դատարկություններում ջրի պոռթկումների կանխման ուղղությամբ միջոցառումների ճշգրիտ և ժամանակին կատարման, հանքային հումքի հարստացման ու վերամշակման տեխնոլոգիական գործընթացների, ինչպես նաև հարստացուցիչ ֆաբրիկաների տեխնոլոգիական սարքավորումների, պոչամբարային տնտեսությունների անվտանգ շահագործման պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության իրականացումը.

բ) երկրաբանահետախուզական ուսումնասիրություններ իրականացնող, օգտակար հանածոներ արդյունահանող, հանքային հումք վերամշակող, ինչպես նաև օգտակար հանածոների արդյունահանման հետ չկապված ստորերկրյա կառույցների շահագործման օբյեկտներում լեռնային փորվածքների, նավթի ու գազի հորատանցքերի լուծարման և կոնսերվացման ճշտության նկատմամբ վերահսկողության իրականացումը.

գ) ռազմականացված լեռնափրկարար ստորաբաժանումների գործունեության նկատմամբ վերահսկողության իրականացումը.

դ) լեռնային և շինարարական աշխատանքների կատարման ժամանակ պայթեցման աշխատանքների կատարման համար թույլտվություն տալը.

ե) լեռնային փորվածքներում և ստորերկրյա դատարկություններում օբյեկտների շինարարության, օգտակար հանածոների տեղադրման մակերեսների կառուցապատման, գազի և փոշու խտության գծով հանքերի համապատասխան կատեգորիաների սահմանման, գազի հանկարծակի արտանետումների ու լեռնահարվածների գծով վտանգավորների շարքը դրանց դասման համար եզրակացության տրամադրումը.

զ) ղեկավար ինժեներատեխնիկական աշխատողներին պայթեցման աշխատանքների կատարման համար իրավունք տալը.

է) լեռնահատկացման ակտի տրամադրումը.

ը) իր իրավասության սահմաններում լեռնային աշխատանքների զարգացման և հանքային հումքի վերամշակման ամենամյա պլանների, օգտակար հանածոների կորուստների ու աղքատացման նորմատիվների համաձայնեցումը շահագրգիռ պետական կառավարման մարմինների հետ:

10. Քիմիական, նավթաքիմիական, մետաղագործական արդյունաբերության, հացամթերքի պահպանման և վերամշակման կազմակերպություններում ամոնիակային սառցարանային տնտեսության ոլորտում տեսչության գործառույթներն են՝

ա) տեխնոլոգիական սարքավորումների անվտանգ շահագործման, տեխնոլոգիական գործընթացների կանոնակարգերով և տեխնիկական հրահանգներով սահմանված պարամետրերի պահպանման ու կիրառման, արտադրություններն ըստ պայթունավտանգության մակարդակի դասակարգման և այդ արտադրությունները մեկ կատեգորիայից մյուսը տեղափոխելու ճշտության նկատմամբ վերահսկողության իրականացումը.

բ) հրդեհապայթունավտանգ արտադրությունների, էներգետիկ (բացառությամբ «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված էներգետիկայի բնագավառի ընկերությունների տեխնոլոգիական պրոցեսների) և օդափոխման համակարգերի, պոմպային, կոմպրեսորային ու ամոնիակային սառցարանային կայանքների անվտանգ շահագործման ու նորոգման, նշված արտադրությունները հակավթարային ավտոմատ պաշտպանիչ համակարգերով և չափիչ, ստուգող, կարգավորող սարքերով համալրման ու դրանց անխափան շահագործման նկատմամբ վերահսկողության իրականացումը.

գ) գործարանային մաքրման շինությունների և սարքավորումների, արդյունաբերական կոյուղիների, տեխնոլոգիական հետադարձ ջրամատակարարման, գազի արտանետումների այրման և օգտաբերման (ուտիլիզացիա) կայանքների, հեղուկ քլորի, ամիակի, քիմիական այլ վտանգավոր նյութերի ու գազերի տեղափոխման, պահպանման ու օգտագործման նկատմամբ վերահսկողության իրականացումը.

դ) գազափրկարար ջոկատների աշխատանքների նկատմամբ վերահսկողության իրականացումը.

ե) քիմիական, նավթաքիմիական, մետաղագործական, հացամթերքի պահպանման և մշակման  կազմակերպությունների ու ամոնիակային սառցարանային և այլ կայանքների ճնշման տակ աշխատող անոթների, խողովակաշարերի գրանցումը, դրանց անվտանգ շահագործման ու նորոգման համար թույլտվություն տալը:

11. Կաթսայատեղակայանքների և ամբարձիչ կառուցվածքների անվտանգ շահագործման ոլորտում տեսչության գործառույթներն են՝

ա) շոգու, ջրատաքացուցիչ, էլեկտրական և էլեկտրոդային կաթսայակայանքների (բացառությամբ բնակարաններում տեղադրված փոքր հզորությամբ աշխատող անհատական կաթսաների), 0,7-ից բարձր մթնոլորտային ավելցուկային ճնշման տակ աշխատող անոթների, գոլորշու և տաք ջրի խողովակաշարերի (բացառությամբ ներտնային), վերամբարձ կռունկների, ամբարձիչների, վերելակների, շարժասանդուղքների, ֆունիկլյորների և կախովի ճոպանուղիների պատրաստման, հավաքակցման, նորոգման ու անվտանգ շահագործման նկատմամբ վերահսկողության իրականացումը (բացառությամբ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության  ազգային անվտանգության նախարարության օբյեկտների).

բ) կաթսայատեղակայանքների, ամբարձիչ կառուցվածքների, ճնշման տակ աշխատող անոթների գրանցումը, դրանց շահագործման համար թույլտվություն տալը:

12. Տրանսպորտով վտանգավոր բեռների փոխադրման ոլորտում տեսչության գործառույթներն են՝

ա) տրանսպորտով (ավտոմոբիլային, երկաթուղային, հիդրո- և պնևմոխողովակաշարային) վտանգավոր բեռների փոխադրման ժամանակ Հայաստանի Հանրապետության օրենսդրության, անվտանգության կանոնների, իրավական և նորմատիվ-տեխնիկական ակտերի պահանջների ճիշտ կիրառման, վթարների և միջադեպերի կանխարգելման գործընթացների նկատմամբ վերահսկողության իրականացումը.

բ) կազմակերպությունների (անկախ սեփականության ձևից) վտանգավոր բեռների փոխադրման ժամանակ աշխատանքների անվտանգ կատարման նկատմամբ վերահսկողության իրականացումը.

գ) վտանգավոր բեռների փոխադրումների անվտանգ իրականացման պահանջներին փոխադրման ներկայացվող տրանսպորտային միջոցների կառուցվածքի ու տեխնիկական վիճակի համապատասխանության նկատմամբ վերահսկողության իրականացումը.

դ) իր իրավասության սահմաններում վտանգավոր բեռների անվտանգ փոխադրմանը վերաբերող տնտեսական և գիտատեխնիկական ծրագրերի մշակմանն ու ներդրմանը մասնակցությունը.

ե) տրանսպորտով բեռների անվտանգ փոխադրման հարցերով շահագրգիռ պետական կառավարման մարմինների հետ համագործակցությունը։

13. Վառելիքի (գազ, նավթամթերք, կոշտ վառելիք) արտադրության, փոխադրման, պահպանության և օգտագործման ոլորտում տեսչության գործառույթներն են՝

ա) մայրուղային գազամուղների, քաղաքային, գյուղական և այլ բնակավայրերի գազամատակարարման ու գազաբաշխման համակարգերի (բացառությամբ ներտնային), կազմակերպությունների (անկախ սեփականության ձևից) գազային տնտեսությունների նախագծման,  շինարարության, հավաքակցման, կարգաբերման, շահագործման ու վերանորոգման նկատմամբ վերահսկողության իրականացումը.

բ) ստորերկրյա գազապահեստարանների, հեղուկ գազի (պրոպան-բութան), բնական (սեղմված) գազի հաստատուն ու շարժական լցավորման կայանների և կետերի նկատմամբ վերահսկողության իրականացումը.

գ) գազասարքերի և դրանց պահեստամասերի արտադրությամբ, ինչպես նաև գազով աշխատող տրանսպորտի միջոցների գազագլանաանոթային սարքավորումների վերակահավորմամբ զբաղվող կազմակերպությունների նկատմամբ վերահսկողության իրականացումը.

դ) իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից շահագործվող նավթաբազաների, ավտոլցավորման հաստատուն և շարժական կայանների, նավթամթերքի ու կոշտ վառելիքի մյուս օբյեկտների սարքավորումների տեխնիկական վիճակի և անվտանգ շահագործման նկատմամբ վերահսկողության իրականացումը.

ե) կառուցվող և վերակառուցվող օբյեկտների տեղակայանքների նախագծերն անվտանգության տեխնիկայի կանոնների ու նորմերի պահանջներին համապատասխանության նկատմամբ վերահսկողության իրականացումը.

զ) գործող վառելիքի օբյեկտների (անկախ սեփականության ձևից) գրանցումը և դրանց նախագծման, շինարարության, հավաքակցման, նորոգման, կարգաբերման ու շահագործման համար  թույլտվություն տալը:

14. Տեսչությունն ապահովում է Հայաստանի Հանրապետության լճերում և մյուս ջրավազաններում օգտագործվող շարժիչային ու առագաստային լողամիջոցների նկատմամբ տեխնիկական վերահսկողություն, գրանցում լողամիջոցները և թույլատրում դրանց շահագործումը, կազմակերպում է շահագործող անձնակազմի տեխնիկական ուսուցումը, սահմանված կարգով տալիս նավավարի վկայական:

15. Տեսչությունն աշխատանքների անվտանգ կազմակերպման և լեռնային հսկողության  գործառույթներն  իրականացնելիս՝

ա) իր իրավասության սահմաններում, համաձայն «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, կատարում է ստուգումներ հսկողության ենթակա կազմակերպություններում.

բ) մասնակցում է հսկողության տակ գտնվող օբյեկտների շահագործումն ընդունող հանձնաժողովների աշխատանքներին.

գ) Հայաստանի Հանրապետության նախարարություններից, գերատեսչություններից, գիտական և գիտահետազոտական հիմնարկներից ներգրավում է մասնագետ-փորձագետների՝ հսկողության տակ գտնվող օբյեկտների անվտանգությանն ու ընդերքի օգտագործմանը վերաբերող նյութերի փորձաքննությանը մասնակցելու համար.

դ) կազմակերպությունների ղեկավարներին տալիս է կարգադրագրեր ու առաջարկություններ անվտանգության տեխնիկայի, ինչպես նաև ընդերքի անվտանգ օգտագործման կանոնների խախտումների վերացման վերաբերյալ, վթարային իրավիճակների դեպքում դադարեցնում է աշխատանքները տվյալ տեղամասում և պահանջում մարդկանց դուրսբերումը.

ե) Հայաստանի Հանրապետության նախարարություններ, պետական կառավարման այլ մարմիններ, տեղական ինքնակառավարման մարմիններ, կազմակերպություններ ներկայացնում է տեղեկատվություն հսկողության ենթակա օբյեկտների աշխատանքների անվտանգության և ընդերքի անվտանգ օգտագործման մասին՝ այդ նպատակով օգտագործելով նաև զանգվածային լրատվության միջոցները.

զ) հսկողության տակ գտնվող կազմակերպությունների ղեկավարներին ներկայացնում է առաջարկություններ անվտանգության տեխնիկայի, ընդերքի անվտանգ օգտագործման կանոններն ու նորմերը պարբերաբար խախտող անձանց՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ.

է) հսկողության տակ գտնվող օբյեկտներում անցկացնում է արտադրական վնասվածության և վթարների, ինչպես նաև արդյունաբերական պայթուցիկ նյութերի հափշտակման ու կորուստների դեպքերի տեխնիկական քննություններ, դրանց արդյունքների հիման վրա կազմում համապատասխան ակտեր, եզրակացություններ, մեղավոր անձանց վերաբերյալ նյութերը ներկայացնում իրավապահ մարմիններ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նրանց պատասխանատվության ենթարկելու համար.

ը) անվտանգության տեխնիկայի, ընդերքի անվտանգ օգտագործման կանոնների խախտման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարչական տուգանքներ է կիրառում հսկողության տակ գտնվող օբյեկտների պաշտոնատար անձանց, ինչպես նաև քաղաքացիների նկատմամբ:

16. Տեսչության հսկողության ենթակա կազմակերպությունները, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններն արտադրական վնասվածության և վթարների քննության ու օբյեկտների տեխնիկական զննումների ժամանակ տեսչության աշխատողներին տրամադրում են տրանսպորտային, տեխնիկական, կապի և անհատական պաշտպանության այլ միջոցներ:

 

IV. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

17. Տեսչությունը կառավարում է Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարը (այսուհետ՝ նախարար): Տեսչության անմիջական ղեկավարումն իրականացնում է տեսչության պետը, որին, մինչև  քաղաքացիական պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթի անցկացման համապատասխան կարգը գործողության մեջ դնելը, պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է նախարարը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի համաձայնությամբ:

Տեսչության պետն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, նախարարության և սույն կանոնադրություններով, ինչպես նաև այլ իրավական ակտերով ու Հայաստանի Հանրապետության  միջազգային պայմանագրերով:

18. Տեսչության պետը պատասխանատու է տեխնիկական  անվտանգության և լեռնային հսկողության բնագավառում վերահսկողական գործառույթների իրականացման ու պատասխանատվության միջոցների կիրառման, ինչպես նաև դրանց՝ օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխանության համար:

19. Տեսչության պետը հաշվետու է Հայաստանի Հանրապետության վարչապետին և նախարարին, իսկ քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում` նաև նախարարության աշխատակազմի ղեկավարին:

20. Տեսչության պետը՝

ա) ղեկավարում է տեսչության ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է տեսչության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.

բ) նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին ներկայացնում է առաջարկություններ օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառի, նպատակների ու խնդիրների վերաբերյալ.

գ) իր իրավասության սահմաններում արձակում է կարգադրություններ և տալիս ցուցումներ ու հանձնարարագրեր, առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության և տեսչության անունից, ինչպես նաև տալիս է տեսչության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում՝ նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

դ) իր իրավասության սահմաններում առաջարկություններ է ներկայացնում նախարարության աշխատակազմի ղեկավարին տեսչության աշխատողների նկատմամբ խրախուսանքի կամ տույժի միջոցների կիրառման վերաբերյալ.

ե) պարբերաբար նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին է ներկայացնում տեղեկատվություն տեսչության կողմից իրականացվող աշխատանքների ընթացքի վերաբերյալ.

զ) ապահովում է նախարարի հրամանների ու ցուցումների, ինչպես նաև նախարարի համապատասխան տեղակալների ցուցումների, հանձնարարականների և առաջադրանքների կատարումն ու արդյունքների մասին տեղեկացնում նախարարին կամ նրա՝ համապատասխան տեղակալին.

է) նախարարության և սույն կանոնադրություններին համապատասխան սահմանում է տեսչության կառուցվածքային ստորաբաժանումների ու տարածքային մարմինների իրավասությունը.

ը) սահմանում է աշխատանքի բաշխումն իր տեղակալների միջև.

թ) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում տեսչության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրությունները և ցուցումները.

ժ) լսում է տեսչության կառուցվածքային ստորաբաժանումների և տարածքային մարմինների գործունեության մասին հաշվետվությունները, քննարկում դրանց գործունեության ստուգման արդյունքները.

ժա) վերահսկողություն է իրականացնում տեսչության կառուցվածքային ստորաբաժանումների և տարածքային մարմինների օգտագործմանը հանձնված պետական սեփականության պահպանության նկատմամբ.

ժբ) նախարարին ներկայացնում է առաջարկություններ տեսչության կառուցվածքի, աշխատողների թվի, ինչպես նաև տեսչության խորհրդակցական մարմին ստեղծելու վերաբերյալ.

ժգ) իր լիազորության սահմաններում համագործակցում է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների հետ.

ժդ) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

21. Տեսչության պետի բացակայության դեպքում տեսչության պետի ներկայացմամբ և նախարարի հանձնարարությամբ կամ դրա անհնարինության դեպքում նախարարի անմիջական հանձնարարությամբ տեսչության պետի պարտականությունները կատարում է տեսչության պետի տեղակալը:

 

V. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

22. Օրենքով, այլ իրավական ակտերով, նախարարության և սույն կանոնադրություններով տեսչությանը վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացումը, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունն ապահովում է նախարարության աշխատակազմը:

23. Տեսչությունն ունի կառուցվածքային ստորաբաժանումներ և տարածքային մարմիններ: Իր խնդիրների ու գործառույթների իրականացման ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տեսչության ենթակայությանը կարող են հանձնվել պետական ոչ առևտրային կազմակերպություններ:

24. Տեսչության կառուցվածքային ստորաբաժանումների և տարածքային մարմինների աշխատողները քաղաքացիական  ծառայողներ են:

25. Տեսչության վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով և այլ իրավական ակտերով:


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան
 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2002 թվականի
հուլիսի 11-ի N 1232-Ն որոշման

 

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳ ԿԱՏԱՐՄԱՆ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ (ՀԱՅԼԵՌՏԵԽՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ)

 

I. Կառուցվածքային ստորաբաժանումներ

1.

Լեռնատեխնիկական հսկողության բաժին

2.

Էլեկտրամեխանիկական և գազասարքավորումների հսկողության բաժին

3.

Քիմիական հսկողության բաժին

4.

Կաթսայատեղակայանքների և ամբարձիչ սարքավորումների հսկողության բաժին

5.

Վառելիքի օբյեկտների և տրանսպորտով վտանգավոր բեռների փոխադրման հսկողության բաժին

6.

Տեղեկատվական-տեխնոլոգիական ապահովման բաժին
II. Տարածքային մարմիններ

1.

Շիրակի մարզային տեխնիկական հսկողության  բաժին

2.

Սյունիքի մարզային տեխնիկական հսկողության բաժին

3.

Լոռու և Տավուշի միջմարզային տեխնիկական հսկողության բաժին

4.

Գեղարքունիքի մարզային տեխնիկական հսկողության բաժին

 


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
29.12.2005, N 2336-Ն 25.02.2006, N 1232-Ն
11.11.2004, N 1609-Ն 16.12.2004, N 1232-Ն
12.08.2004, N 1168-Ն 09.09.2004, N 1232-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան