Գլխավոր տեղեկություն
Համար
N 70
Տիպ
Պաշտոնական պարզաբանում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.03.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2017.03.15/10(579)
Ընդունող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
04.03.2017
Ստորագրող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
04.03.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

4 մարտի 2017 թ.
ք. Երևան

N 70

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 69-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՏԱՐԱԲՆՈՒՅԹ ԸՆԿԱԼՈՒՄԸ ԲԱՑԱՌԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ուսումնասիրելով «Թրանսփարենսի Ինթերնեշնլ Հակակոռուպցիոն Կենտրոն» հասարակական կազմակերպության 28.02.2017թ. թիվ ԹԻ-17/47 դիմումը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը

 

ՊԱՐԶԵՑ.

 

1. Դիմումատուի իրավական դիրքորոշումը և ներկայացված պահանջը

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ Հակակոռուպցիոն Կենտրոն» հասարակական կազմակերպության Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացված սույն թվականի փետրվարի 28-ի դիմումում նշված է.

«Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Ազգային ժողովի ընտրությունների դեպքում սահմանված նմուշի քվեաթերթիկն անվավեր է, եթե ներառում է ավելորդ գրառում:»

Տեղամասի քվեարկության արդյունքների ամփոփման նիստում «գրառում» եզրույթը տարընկալումների տեղիք կարող է տալ, քանի որ Օրենսգրքի կարգավորումներով առկա չէ գրառման հստակ սահմանումը: Բացի այդ, գործածվում է նաև «նշում» եզրույթը, և Կենտրոնական ընտրական հանձնաժողովը 17.06.2016թ. N 20-Ն որոշմամբ, որպես ընտրողի կողմից կատարվող նշումի միատեսակ ձև, սահմանել է «V» նշանը:

Օրենսգրքի 67-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ ընտրողն ընտրություններին մասնակցող կուսակցություններից որևէ մեկին ընտրում է այդ կուսակցության քվեաթերթիկը քվեարկության ծրարի մեջ դնելու միջոցով: Տարածքային ընտրական ցուցակի թեկնածուներից որևէ մեկին ընտրելու դեպքում ընտրողն իր ընտրած կուսակցության քվեաթերթիկի երկրորդ էջում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած ձևով միատեսակ նշում է կատարում այն թեկնածուի անվան դիմացի քառանկյունում, որին կողմ է քվեարկում:

Նույն օրենսգրքի 68-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` եթե քվեաթերթիկը երկրորդ էջում ներառում է մեկից ավելի թեկնածուների օգտին նշումներ կամ որևէ նշում չի ներառում, կամ ակնհայտ խախտված է քվեաթերթիկում նշում կատարելու սահմանված ձևը, ապա թվեաթերթիկը մնում է միայն ընտրություններին մասնակցող կուսակցության օգտին քվեարկած քվեաթերթիկների փաթեթում:

Գործնականում հնարավոր է իրավիճակ, որ ընտրողը վերցնելով իր նախընտրած կուսակցության քվեաթերթիկը և առաջին էջում տեսնելով համապետական ընտրական ցուցակի առաջին երեք թեկնածուների ազգանունները, անունները և հայրանունները` միատեսակ նշում (V) դուրս ցանկացած այլ նշան` նիշ, գիր կամ սիմվոլ և այլն, պետք է որակվի որպես գրառում` դրանից բխող իրավական հետևանքով (քվեաթերթիկի անվավերություն):

Համադրելով վերոնշյալ իրավական նորմերի կարգավորումները և հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները՝ ներկայացնում ենք Ընտրական օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի վերաբերյալ մեր ընկալումը, այն է՝ գտնում ենք, որ եթե ընտրողը քվեաթերթիկի առաջին էջում կատարել է ԿԸՀ-ի սահմանած միասնական նշումը՝ V-ն, ապա այն չի կարող ճանաչվել գրառում: Օրենսգրքի կարգավորումների համաձայն «նշում»-ը այն սահմանված միասնական նշանն է, որն արտացոլում է ընտրողի կամքը և նրա նախընտրությունը: Սահմանված միասնական նշումից (V) դուրս ցանկացած այլ նշան՝ նիշ, գիր կամ սիմվոլ և այլն, պետք է որակվի որպես գրառում դրանից բխող իրավական հետևանքով (քվեաթերթիկի անվավերություն):

Դիմելով ձեզ որպես բնագավառի լիազորված պետական մարմին` խնդրում ենք տալ պարզաբանում այս հարցի վերաբերյալ, ինչը մեծապես նպաստելու է միասնական պրակտիկայի ձևավորմանը տեղամասին հանձնաժողովների կողմից` բացառելով օրենքի կամայական, հաճախ` իմաստը խեղաթյուրող մեկնաբանությունները:»:

Դիմումատուն խնդրում է տալ պարզաբանում ՀՀ ընտրական օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի վերաբերյալ` իրավական ակտի տարընթերցումից խուսափելու նպատակով:

2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի հիմնավորումները (պատճառաբանությունները) և եզրահանգումը

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 1-ին մասի առաջին պարբերության համաձայն.

«Իրավական ակտի դրույթների ոչ հստակ կամ տարաբնույթ ընկալման, իրավական ակտն ավելի բարձր կամ նույն իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտին կամ նույն իրավական ակտի տարբեր դրույթների հակասության կամ օրենքով նախատեսված այլ դեպքերում, իրավական ակտի ուժի մեջ մտնելու ժամկետի որոշման, իրավաբանական ուժ ունենալու հարցերի պարզաբանման, ինչպես նաև իրավական ակտի կիրառման բնագավառում ծագած այլ հարցերի ճշտման նպատակով տրվում է իրավական ակտի պարզաբանում»։

Նույն հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերության համաձայն. «Իրավական ակտի պաշտոնական պարզաբանումը տրվում է իրավական ակտի պաշտոնական մեկնաբանման համար նախատեսված կանոններով»։

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն.

«Իրավական ակտը մեկնաբանվում է դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությամբ` հաշվի առնելով օրենքի պահանջները։

Իրավական ակտի մեկնաբանությամբ չպետք է փոփոխվի դրա իմաստը»։

Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է.

«Ազգային ժողովի ընտրությունների դեպքում սահմանված նմուշի քվեաթերթիկն անվավեր է, եթե ներառում է ավելորդ գրառում:»:

Միաժամանակ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 67-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է.

«Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ ընտրողն ընտրություններին մասնակցող կուսակցություններից որևէ մեկին ընտրում է այդ կուսակցության քվեաթերթիկը քվեարկության ծրարի մեջ դնելու միջոցով: Տարածքային ընտրական ցուցակի թեկնածուներից որևէ մեկին ընտրելու դեպքում ընտրողն իր ընտրած կուսակցության քվեաթերթիկի երկրորդ էջում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած ձևով միատեսակ նշում է կատարում այն թեկնածուի անվան դիմացի քառանկյունում, որին կողմ է քվեարկում: Քվեաթերթիկը քվեարկության ծրարի մեջ դրվում է առանց ծալելու: Չօգտագործված քվեաթերթիկները գցվում են քվեարկության խցիկում տեղադրված առանձին տուփի մեջ:»:

Վերը նշված իրավանորմերի վերլուծությունից ակնհայտ է, որ քվեաթերթիկի առաջին էջում, որտեղ նշվում են ընտրություններին մասնակցող կուսակցության, կուսակցությունների դաշինքի անվանումը, կուսակցությանը տրված համարը, ինչպես նաև համապետական ընտրական ցուցակի առաջին երեք թեկնածուների ազգանունները, անունները և հայրանունները, որևէ նշում չի կատարվում, ինչն էլ հիմք է տալիս պնդելու, որ որպես նշում կարող է որակվել կամ չորակվել միայն երկրորդ էջում նշվածը, և Օրենսգրքի իմաստով «նշում» եզրույթը որևէ ձևաչափով կիրառելի չէ քվեաթերթիկի առաջին էջի նկատմամբ:

Միաժամանակ ընտրական օրենսգրքի 68-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն. «…Եթե քվեաթերթիկը երկրորդ էջում ներառում է մեկից ավելի թեկնածուների օգտին նշումներ կամ որևէ նշում չի ներառում, կամ ակնհայտ խախտված է քվեաթերթիկում նշում կատարելու սահմանված ձևը, ապա քվեաթերթիկը մնում է միայն ընտրություններին մասնակցող կուսակցության օգտին քվեարկած քվեաթերթիկների փաթեթում»:

Քվեաթերթիկում նշում կատարելու միատեսակ ձև սահմանված է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2016 թվականի հունիսի 17-ի թիվ 20-Ն որոշմամբ, որտեղ որպես քվեաթերթիկում ընտրողի կողմից կատարվող նշումի միատեսակ ձև, սահմանվել է «V» նշանը:

Վերոհիշյալ իրավանորմով հստակ սահմանված է երեք դեպք, երբ վավեր ճանաչված քվեաթերթիկը մնում է միայն ընտրություններին մասնակցող կուսակցության, կուսակցությունների դաշինքի օգտին քվեարկած քվեաթերթիկների փաթեթում.

1. քվեաթերթիկը երկրորդ էջում ներառում է մեկից ավելի թեկնածուների օգտին նշումներ,

2. քվեաթերթիկը երկրորդ էջում որևէ նշում չի ներառում,

3. ակնհայտ խախտված է քվեաթերթիկում նշում կատարելու սահմանված ձևը:

Նշվածից ակնհայտ է, որ քվեաթերթիկում նշում կատարելու սահմանված ձևի խախտումը չի հանգեցնում քվեաթերթիկի անվավերության և չի կարող մեկնաբանվել որպես քվեաթերթիկի անվավերության հիմք, քանզի դա ուղղակի կհակասի Ընտրական օրենսգրքի 68-րդ հոդվածի 3-րդ մասի վկայակոչված իրավակարգավորմանը:

Միաժամանակ ՀՀ ընտրական օրենսգրքի 68-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն.

«…Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ հանձնաժողովի նախագահը հայտարարում է քվեաթերթիկի սահմանված կամ չսահմանված նմուշի լինելու մասին, վավեր կամ անվավեր լինելու մասին (այս փուլում տարածքային ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի մասով քվեաթերթիկի վավերականության գնահատում չի իրականացվում), վավեր քվեաթերթիկի դեպքում հայտարարում է ընտրություններին մասնակցող կուսակցության անվանումը, որի օգտին է քվեաթերթիկը: Այն ցուցադրվում է այնպես, որ տեսանելի լինի ներկաների համար: Պահանջի դեպքում քվեաթերթիկը փոխանցվում է հանձնաժողովի մյուս անդամներին: Հանձնաժողովի նախագահի հայտարարությանը համաձայն չլինելու դեպքում հանձնաժողովի անդամը ներկայացնում է առարկություն: Առարկության դեպքում քվեարկության է դրվում հանձնաժողովի անդամի առաջարկությունը, և առարկության ընդունման մասին որոշմանը համապատասխան, իսկ առարկությունը չընդունվելու կամ առարկություն չլինելու դեպքում՝ հանձնաժողովի նախագահի հայտարարության համաձայն, քվեաթերթիկը դրվում է համապատասխան կուսակցության օգտին քվեարկած քվեաթերթիկների փաթեթի մեջ: Այս գործողությունը կրկնվում է քվեատուփում առկա բոլոր ծրարների համար:…

Ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր կուսակցության վավեր քվեաթերթիկները տեսակավորելուց հետո տեղամասային ընտրական հանձնաժողովը (ըստ առավել թվով կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացած կուսակցությունների) հաշվարկում է ընտրություններին մասնակցող կուսակցության տարածքային ընտրական ցուցակում ընդգրկված յուրաքանչյուր թեկնածուին կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը: Այդ նպատակով տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը, քվեաթերթիկի երկրորդ էջում կատարված նշումի համաձայն, հայտարարում է, թե ընտրություններին մասնակցող կուսակցության տարածքային ընտրական ցուցակի որ թեկնածուի օգտին է քվեարկված: Եթե քվեաթերթիկը երկրորդ էջում ներառում է մեկից ավելի թեկնածուների օգտին նշումներ կամ որևէ նշում չի ներառում, կամ ակնհայտ խախտված է քվեաթերթիկում նշում կատարելու սահմանված ձևը, ապա քվեաթերթիկը մնում է միայն ընտրություններին մասնակցող կուսակցության օգտին քվեարկած քվեաթերթիկների փաթեթում: Այն ցուցադրվում է այնպես, որ տեսանելի լինի ներկաների համար: Պահանջի դեպքում քվեաթերթիկը փոխանցվում է հանձնաժողովի մյուս անդամներին: Հանձնաժողովի նախագահի հայտարարությանը համաձայն չլինելու դեպքում հանձնաժողովի անդամը ներկայացնում է առարկություն: Առարկության դեպքում քվեարկության է դրվում հանձնաժողովի անդամի առաջարկությունը, և առարկության ընդունման մասին որոշմանը համապատասխան, իսկ առարկությունը չընդունվելու կամ առարկություն չլինելու դեպքում՝ հանձնաժողովի նախագահի հայտարարության համաձայն, քվեաթերթիկը դրվում է համապատասխան պատգամավորի թեկնածուի օգտին քվեարկած քվեաթերթիկների փաթեթի մեջ»:

Նշված իրավանորմերից ակնհայտ է, որ քվեաթերթիկի վավերականության հետ կապված առարկությունների դեպքում հարցի վերաբերյալ որոշում կայացնելու իրավասությունը պատկանում է տեղամասային ընտրական հանձնաժողովին:

Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը

 

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ է.

 

Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կանոնակարգման կիրառումը պետք է իրականացվի դրանց տառացի նշանակությանը համապատասխան՝ սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների ներքո և չեն հանգեցնում որևէ տարաբնույթ ընկալման:

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական ընտրական

հանձնաժողովի նախագահ

Տ. Մուկուչյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան