Գլխավոր տեղեկություն
Համար
N 973-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.08.2002-04.09.2003)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1997.12.31/32 Հոդ.677
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
04.07.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.07.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
15.07.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.08.2002
Ուժը կորցնելու ամսաթիվ
04.09.2003

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

15 հուլիսի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 հուլիսի 2002 թվականի N 973-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ, ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՐԽԻՎԱՅԻՆ ԳՈՐԾԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին կետին և Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի ՆՀ-1064 հրամանագրով սահմանված կարգի 4-րդ կետին համապատասխան, ինչպես նաև ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 6-ի N 202 որոշման՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել՝

ա) Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության արխիվային գործի գործակալության կանոնադրությունը՝ համաձայն N 1 հավելվածի.

բ) Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության արխիվային գործի գործակալության կառուցվածքը՝ համաձայն N 2 հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. հուլիսի 11
Երևան

 

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2002 թվականի
հուլիսի 4-ի N 973-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ, ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՐԽԻՎԱՅԻՆ ԳՈՐԾԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության արխիվային գործի գործակալությունը (այսուհետ՝ գործակալություն) Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության (այսուհետ՝ նախարարություն) կազմում գործող Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որն օրենքով, իսկ առանձին դեպքերում՝ նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում, մատուցում է ծառայություններ արխիվային գործի և գործավարության բնագավառում՝ հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից։

2. Գործակալությունը ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ։ Գործակալությունը գործում է սույն կանոնադրության համաձայն, որը Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարի ներկայացմամբ հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։

3. Գործակալության լիազորությունները սահմանվում են օրենքով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով։

4. Գործակալությունն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան։

5. Գործակալությունն օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում իրավունք ունի Հայաստանի Հանրապետության անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող։

6. Գործակալությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և գործակալության հայերեն անվանմամբ կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ։

 

II. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

7. Գործակալության նպատակները և խնդիրներն են՝

ա) Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի (հավաքածուի) փաստաթղթերի պահպանվածությանը, պահպանությանը, օգտագործմանը, ուսումնասիրմանը, ներկայացմանը և հանրահռչակմանը նպաստելը.

բ) Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի (հավաքածուի) համալրումը, պահպանվածության ապահովումը և օգտագործումը.

գ) արխիվային գործի և գործավարության զարգացումն ու կատարելագործումը.

դ) Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան արխիվային գործի և գործավարության կազմակերպումը.

ե) Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի (հավաքածուի) փաստաթղթերի պետական հաշվառման վարումը և դրա կազմի ու բովանդակության մասին տեղեկատվության ապահովման կազմակերպումը.

զ) արխիվային գործի և գործավարության բնագավառում միջազգային համագործակցության զարգացումը։

 

III. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

8. Գործակալությունն իր նպատակների և խնդիրների իրականացման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները՝

ա) կազմակերպում է Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի (հավաքածուի) փաստաթղթերի համալրումը և պահպանումը պետական արխիվներում, ապահովում է նշված արխիվներին փաստաթղթերի հանձնման սահմանված կարգի պահպանումը.

բ) վարում է Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի (հավաքածուի) փաստաթղթերի կենտրոնացված պետական հաշվառումը, իրականացնում է այդ փաստաթղթերի պահպանվածության, պահպանության և օգտագործման նկատմամբ հսկողությունը.

գ) որոշում է ընդունում Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի (հավաքածուի) փաստաթղթերը հատկապես արժեքավոր և հազվագյուտ ճանաչելու մասին, կազմակերպում է դրանց ապահովագրական պատճենների ստեղծումը և պահպանումը.

դ) իրականացնում է պետական և գերատեսչական արխիվների պետական գրանցումը.

ե) իր իրավասության սահմաններում մասնակցում է Հայաստանի Հանրապետությունում արխիվային գործի և գործավարության բնագավառի օրենսդրական և այլ նորմատիվ իրավական ակտերի մշակմանը.

զ) իրականացնում է Հայաստանի Հանրապետությունում արխիվային գործի և գործավարության կազմակերպման աշխատանքների համակարգումը.

է) իր իրավասության սահմաններում կազմակերպում է արխիվային գործի և գործավարության բնագավառում պետական ծրագրերի իրականացման աշխատանքները.

ը) կազմակերպում է փաստաթղթերի պահպանության, կոնսերվացման, պատճենման, վերականգնման և օգտագործման առավել արդյունավետ համակարգերի ու մեթոդների ներդրումը պետական արխիվներում.

թ) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան համագործակցում է օտարերկրյա արխիվային կազմակերպությունների հետ, արխիվային գործի և գործավարության բնագավառում մասնակցում է միջազգային կազմակերպությունների աշխատանքին.

ժ) առաջարկություններ է ներկայացնում պետական արխիվների ցանցի և կառուցվածքի կատարելագործման վերաբերյալ, քննարկում և որոշում է արխիվային ֆոնդերը պետական արխիվների միջև բաշխելու խնդիրները.

ժա) իրականացնում է գործակալության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործունեության տեղաբաշխումը (կոորդինացումը), հաստատում տարեկան ծրագրերը և հաշվետվությունները.

ժբ) իրականացնում է գերատեսչական արխիվների աշխատանքների նկատմամբ միջգերատեսչական կազմակերպական-մեթոդական ղեկավարում և հսկողություն, մասնակցում գերատեսչական արխիվների զարգացման միջոցառումներին ու դրանց աշխատանքների կազմակերպմանը.

ժգ) նախարարության հաստատմանն է ներկայացնում պետական արխիվների համալրման աղբյուրների ցանկը և որոշում պետական արխիվներում պահպանության ենթակա փաստաթղթերի կազմը.

ժդ) նախարարություն է ներկայացնում առաջարկություններ Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի (հավաքածուի) ոչ պետական սեփականություն հանդիսացող փաստաթղթերն օտարելիս պետության անունից առաջնային գնման իրականացման վերաբերյալ.

ժե) մասնակցում է արխիվային գործի ավտոմատ տեղեկատվական համակարգերի մշակման, ներդրման և օգտագործման բնագավառում տեխնիկական քաղաքականության մշակմանը և կազմակերպում տեղեկատվական ցանցի ու էլեկտրոնային տվյալների միասնական կենտրոնական շտեմարանի ստեղծումը.

ժզ) ցուցաբերում է աջակցություն ոչ պետական արխիվների սեփականատերերին այդ արխիվների պահպանման, համալրման և օգտագործման բնագավառում.

ժէ) վարում է արխիվային գործի և գործավարության բնագավառում վարչական վիճակագրությունը.

ժը) պետական հիմնարկներից ու կազմակերպություններից ստանում է արխիվների աշխատանքի և գործավարության կազմակերպման մասին նյութեր ու վարչական վիճակագրական հաշվետվություններ.

ժթ) կազմակերպում է Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի (հավաքածուի) փաստաթղթերի, դրանց կազմի և բովանդակության վերաբերյալ գիտատեղեկատվական ու հանրամատչելի գրականության, տեղեկագրերի, ուսումնական և գործնական ձեռնարկների, «Բանբեր Հայաստանի արխիվների» հանդեսի հրատարակումը.

ի) համակարգում է հետադարձ տեղեկատվության հասարակական պահանջների և փաստաթղթերի նպատակային ու արդյունավետ օգտագործման աշխատանքների ուսումնասիրումը.

իա) քննարկում է քաղաքացիների նամակները (դիմումները և բողոքները), նպաստում դրանցում բարձրացված հարցերի լուծմանը:

 

IV. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

9. Գործակալությունը կառավարում է Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարը (այսուհետ՝ նախարար)։ Գործակալության անմիջական ղեկավարումն իրականացնում է գործակալության պետը, որին, մինչև քաղաքացիական պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթի անցկացման համապատասխան կարգը գործողության մեջ դնելը, պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է նախարարը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի համաձայնությամբ։

Իր գործունեության ընթացքում գործակալության պետն առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, նախարարության կանոնադրությամբ և սույն կանոնադրությամբ, ինչպես նաև այլ իրավական ակտերով ու Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով։

10. Գործակալության պետը պատասխանատու է արխիվային գործի և գործավարության բնագավառում մատուցվող ծառայությունների որակի, ինչպես նաև դրանց՝ օրենքների և այլ իրավական ակտերի համապատասխանության համար։

11. Գործակալության պետը հաշվետու է Հայաստանի Հանրապետության վարչապետին, նախարարին, գործակալության գործունեության համակարգման գծով նախարարի համապատասխան տեղակալին, իսկ քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում՝ նաև նախարարության աշխատակազմի ղեկավարին։

12. Գործակալության պետը՝

ա) ղեկավարում է գործակալության ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է գործակալության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.

բ) նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին ներկայացնում է առաջարկություններ օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառի, նպատակների և խնդիրների վերաբերյալ.

գ) իր իրավասության սահմաններում արձակում է կարգադրություններ ու տալիս ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության և գործակալության անունից, ինչպես նաև տալիս է գործակալության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում՝ նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

դ) իր իրավասության սահմաններում առաջարկություններ է ներկայացնում նախարարության աշխատակազմի ղեկավարին գործակալության աշխատողների նկատմամբ խրախուսանքի կամ կարգապահական տույժի միջոցների կիրառման վերաբերյալ.

ե) նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն գործակալության կողմից իրականացվող աշխատանքների ընթացքի մասին.

զ) ապահովում է նախարարի հրամանների և ցուցումների, ինչպես նաև նախարարի համապատասխան տեղակալի ցուցումների, հանձնարարականների ու առաջադրանքների կատարումը և արդյունքների մասին տեղեկացնում նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին.

է) նախարարության և սույն կանոնադրություններին համապատասխան՝ սահմանում է գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները.

ը) սահմանում է իր տեղակալի իրավասությունները.

թ) օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում գործակալության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրությունները և ցուցումները.

ժ) լսում է գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության մասին հաշվետվությունները, քննարկում դրանց գործունեության ստուգման արդյունքները.

ժա) վերահսկողություն է իրականացնում գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների օգտագործմանը հանձնված պետական սեփականության պահպանության նկատմամբ.

ժբ) առաջարկություններ է ներկայացնում նախարարին գործակալության կառուցվածքի և աշխատողների թվի, ինչպես նաև գործակալության խորհրդակցական մարմիններ ստեղծելու վերաբերյալ.

ժգ) իր լիազորության սահմաններում համագործակցում է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների հետ.

ժդ) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ։

13. Գործակալության պետի բացակայության դեպքում, գործակալության պետի ներկայացմամբ և նախարարի հանձնարարությամբ կամ, դրա անհնարինության դեպքում, նախարարի անմիջական հանձնարարությամբ, գործակալության պետի պարտականությունները կատարում է գործակալության պետի տեղակալը։

 

V. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

14. Օրենքով, այլ իրավական ակտերով, նախարարության և սույն կանոնադրություններով գործակալությանը վերապահված լիազորությունների լիարժեք ու արդյունավետ իրականացումը, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունն ապահովում է նախարարության աշխատակազմը։

15. Գործակալությունն ունի կառուցվածքային ստորաբաժանումներ։ Իր խնդիրների ու գործառույթների իրականացման ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գործակալության ենթակայությանը կարող են հանձնվել պետական ոչ առևտրային կազմակերպություններ։

16. Գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների աշխատողները քաղաքացիական ծառայողներ են։

17. Գործակալության վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով և այլ իրավական ակտերով։

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2002 թվականի
հուլիսի 4-ի N 973-Ն որոշման

 

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ, ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՐԽԻՎԱՅԻՆ ԳՈՐԾԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ

 

Արխիվային գործի կազմակերպման և զարգացման բաժին

Համալրման, պետական հաշվառման և գործավարության բաժին

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան