Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 5
Տիպ
Պաշտոնական պարզաբանում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.11.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2016.11.15/23(566)
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
08.11.2016
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
09.11.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

08 նոյեմբերի 2016 թ.

թիվ 5

 

Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն  Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ

 

«Բանկերի ԵՎ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 212-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերության կիրառման մասին

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին պարբերաբար հարցադրումներ են ուղղվում բանկի ընդհանուր ժողովին մասնակցելու իրավունք ունեցող մասնակիցների ցուցակը կազմելու ժամկետների վերաբերյալ:

 

Խնդրի նկարագրությունը

«Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 212  հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերությունը սահմանում է, որ ընդհանուր ժողովին մասնակցելու իրավունք ունեցող բանկի մասնակիցների ցուցակը կազմելու տարին, ամիսը, ամսաթիվը չի կարող սահմանվել ավելի վաղ, քան ընդհանուր ժողով գումարելու մասին որոշման ընդունումը, և ավելի ուշ, քան ընդհանուր ժողովի գումարումից 45 օր առաջ:

Վերոնշյալ դրույթը տարաբնույթ ընկալումների տեղիք է տալիս այն պատճառով, որ շուկայի մասնակիցների համար հասկանալի չէ, թե ինչ իմաստով է կիրառվել «ավելի ուշ, քան ընդհանուր ժողովի գումարումից 45 օր առաջ» արտահայտությունը: Մասնավորապես, հարց է առաջանում, թե ցուցակը կազմելու ամսաթվի` «ավելի ուշ» չլինելը նշանակում է, որ այդ ամսաթիվը.

 

1. չի կարող նախորդել «ժողովի գումարումից 45 օր առաջ»-ի ամսաթվին և հետևաբար կարող է օրինակ սահմանվել ժողովի գումարումից 43, 20 կամ 10 օր առաջ, բայց ոչ երբեք` 47, 50 կամ 60 օր առաջ, թե՞

2. չի կարող հաջորդել «ժողովի գումարումից 45 օր առաջ»-ի ամսաթվին և հետևաբար կարող է օրինակ սահմանվել ժողովի գումարումից 47, 50 կամ 60 օր առաջ, բայց ոչ երբեք` 43, 20 կամ 10 օր առաջ:

 

Վերլուծություն

Վերը նկարագրված խնդրին պատասխան տալու համար նշված դրույթը անհրաժեշտ է դիտարկել «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության ամբողջ օրենքի և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի տրամաբանության ներքո:

 

1. «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 76-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է հետևյալը. «Եթե Ընկերության բաժնետոմսերը փոխանցվել են ժողովում մասնակցելու իրավունք ունեցող բաժնետերերի ցուցակը կազմելու տարվանից, ամսից, ամսաթվից հետո, բայց մինչև ժողովի գումարման տարին, ամիսը, ամսաթիվը, ապա նշված ցուցակում ընդգրկված բաժնետերը պարտավոր է իրենից բաժնետոմսեր ձեռք բերած անձանց տրամադրել քվեարկելու լիազորագիր կամ ժողովում քվեարկել բաժնետոմսերի նոր սեփականատիրոջ ցուցումներին համաձայն: Նշված կարգը կիրառվում է նաև բաժնետոմսի յուրաքանչյուր հաջորդ փոխանցումների ժամանակ»:

Ստացվում է, որ բաժնետերերի ընդհանուր ժողովին մասնակցելու իրավունք փաստացի ստանում են ոչ թե ընդհանուր ժողովին մասնակցելու իրավունք ունեցող բանկի մասնակիցների ցուցակում (այսուհետ` Ցուցակ) ընդգրկված անձինք, այլ ժողովի գումարման նախորդ օրվա դրությամբ բանկի մասնակից հանդիսացող անձինք: Օրենքի տրամաբանությունից բխում է, որ Ցուցակի տվյալների և ժողովի գումարման օրվան նախորդող օրվա դրությամբ բանկի մասնակիցների ցանկի միջև պետք է որքան հնարավոր է քիչ տարբերություններ լինեն, և իրենց մասնակցությունն արդեն իսկ օտարած բանկի նախկին մասնակիցները և բանկի նոր մասնակիցները պետք է հնարավորինս քիչ դեպքերում ստիպված լինեն լիազորագիր տրամադրել և ձեռք բերել: Իսկ, քանի որ այդ տարբերությունները հնարավոր չէ ամբողջությամբ բացառել, որպես լուծում կիրառվում է 76-րդ հոդվածի 2-րդ մասը: Այս ամենից հետևում է, որ բաժնետերերի ընդհանուր ժողովի գումարման օրվա և Ցուցակը կազմելու օրվա միջև ընկած ժամանակահատվածը պետք է հնարավորինս կարճ լինի: Հետևաբար, Ցուցակը կազմելու օրը պետք է լինի ընդհանուր ժողով գումարելու մասին որոշման ընդունումից հետո, բայց չի կարող նախորդել «ժողովի գումարումից 45 օր առաջվա» ամսաթվին:

2. «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 212 հոդվածի 3-րդ մասի 3-րդ պարբերությունը սահմանում է. «եթե ընդհանուր ժողովը գումարվում է հեռակա քվեարկությամբ, ապա դրան մասնակցելու իրավունք ունեցող բանկի մասնակիցների ցուցակը կազմելու տարին, ամիսը, ամսաթիվը սահմանվում են ընդհանուր ժողովի գումարման ամսաթվից առնվազն 35 օր շուտ»: Ի տարբերություն նույն հոդվածի նույն մասի 2-րդ պարբերության, այստեղ ի նկատի է առնվում, որ Ցուցակը կազմելու օրը չի կարող հաջորդել «ժողովի գումարումից 35 օր առաջվա» ամսաթվին: Նման ժամկետ սահմանելու պատճառը հանդիսանում է հեռակա քվեարկության անցկացման նկատմամբ սահմանված պահանջը: Մասնավորապես, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 69-րդ հոդվածի 4-րդ մասը սահմանում է, որ հեռակա կարգով քվեարկության ժամանակ քվեաթերթիկները պետք է տրամադրվեն բաժնետերերին` լրացրած քվեաթերթիկները Ընկերության կողմից ընդունումն ավարտելու պահից առնվազն 30 օր առաջ»:

Նշված պարբերությունների միջև հակադրությունը ընդգծելու համար օրենսդիրը օգտագործել է հականիշ բառեր` «ավելի ուշ» և «շուտ»:

3. Ցուցակի ժամկետի հետ կապված համանման դրույթ է պարունակում նաև «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը: Մասնավորապես, նշված օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ պարբերությունները սահմանում են հետևյալը. «Ժողովին մասնակցելու իրավունք ունեցող բաժնետերերի ցուցակը կազմելու տարին, ամիսը, ամսաթիվը չի կարող սահմանվել ավելի վաղ, քան ժողով գումարելու մասին որոշման ընդունումը և ավելի ուշ, քան ժողովի գումարումից 60 օրից ավելի:

Եթե ժողովը գումարվում է հեռակա քվեարկությամբ, ապա դրան մասնակցելու իրավունք ունեցող բաժնետերերի ցուցակը կազմելու տարին, ամիսը, ամսաթիվը սահմանվում է ժողովի գումարման ամսաթվից առնվազն 35 օր շուտ»:

Այսինքն, բաժնետերերի ցուցակը կազմելու օրվա և ժողովի գումարման օրվա միջև ընկած ժամանակահատվածը չի կարող 60 օրվանից ավելի լինել: «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության մասին օրենքը պարզապես նպատակ է ունեցել կրճատելու այդ ժամկետը` սահմանելով 45 օր:

 

Հաշվի առնելով վերոգրյալ վերլուծությունը և «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 212-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերության տարբեր ընկալումների վերացման անհրաժեշտությունը, ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը պաշտոնապես պարզաբանում է.

 

1. Ընդհանուր ժողովին մասնակցելու իրավունք ունեցող բանկի մասնակիցների ցուցակը կազմելու տարին, ամիսը, ամսաթիվը պետք է միաժամանակ բավարարի հետևյալ երկու պահանջները.

 

ա) այն չպետք է նախորդի ընդհանուր ժողով գումարելու մասին որոշումը ընդունելու օրվան,

 

բ) ցուցակը կազմելու օրվա և ընդհանուր ժողովի անցկացման օրվա միջև ընկած ժամանակահատվածը չի կարող 45 օրվանից ավելի լինել:

 

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

2016 թ. նոյեմբերի 9

Երևան