Գլխավոր տեղեկություն
Համար
N 92
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.02.2002-08.06.2009)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.02.14/7(182) Հոդ.111
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
02.02.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.02.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
02.02.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.02.2002
Ուժը կորցնելու ամսաթիվ
06.05.2010

040.0092.02.02.02

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 2 փետրվարի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 փետրվարի 2002 թվականի N 92

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԲԱԶՄԱԿԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԿԱՏԱԼՈԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՈՒ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի «գ» կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հուլիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը գումար հատկացնելու մասին» N 683 որոշման 2-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության գյուղական բնակավայրերում բնակելի կառուցապատման օբյեկտների բազմակի օգտագործման օրինակելի նախագծերի և դրանց կատալոգի ներդրման ու կիրառման կարգը (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի փետրվարի 2-ից:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ա. Մարգարյան

 

 

Հաստատված է

ՀՀ կառավարության 2002 թ.

փետրվարի 2-ի N 92 որոշմամբ


 Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԲԱԶՄԱԿԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԿԱՏԱԼՈԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՈՒ ԿԻՐԱՌՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում է գյուղական բնակավայրերում բնակելի կառուցապատման օբյեկտների բազմակի օգտագործման օրինակելի նախագծերի (այսուհետև` բազմակի օգտագործման նախագծեր) մշակման, փորձաքննության, հաստատման, ներդրման ու կիրառման կարգը:

2. Բազմակի օգտագործման օրինակելի նախագծերի ներդրումը նպատակաուղղված է անհատական տնաշինության խթանմանը, կառուցապատման գործընթացի փուլերի պարզեցմանը, ծախսերի կրճատմանը և կառուցապատողների համար նշված նախագծերի առավել հասանելիության ապահովմանը, ինչպես նաև գյուղական բնակավայրերի բնակելի կառուցապատման ճարտարապետական միջավայրի արդիականացմանը:

3. Գյուղական բնակավայրերի բնակելի կառուցապատման օբյեկտներ են անհատական բնակելի տներն ու հողամասում նախատեսվող տնտեսական ու կենցաղային օժանդակ շինությունները:

4. Բազմակի օգտագործման նախագծերը մշակվում են Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության պատվերով` նրա կողմից տրված նախագծային առաջադրանքի հիման վրա:

5. Բազմակի օգտագործման նախագծերը մշակվում են մեկ` «Աշխատանքային նախագիծ» փուլով:

6. Բազմակի օգտագործման նախագծերի հետ միասին միայն մշակվում և կազմվում է գործող նախագծերի գովազդային տեղեկագրերից (այսուհետև` տեղեկագիր) կազմված հավաք կատալոգ` սխեմատիկ հատակագծերով, ճակատային լուծումներով, հիմնական տեխնիկատնտեսական ցուցանիշներով և այլ անհրաժեշտ տեղեկատվությամբ, որը ծառայում է առաջարկվող նախագծերի գովազդման և կառուցապատողի կողմից ճիշտ ընտրության կատարման նպատակին:

7. Բազմակի օգտագործման կատալոգին կից կազմվում է նաև ձեռնարկ` շինարարական գործունեության իրականացման ընթացքի վերաբերյալ գործնական խորհրդատվությունների տեքստային և պատկերային նկարագրությամբ:

8. Բազմակի օգտագործման նախագծերը ենթակա են համալիր փորձաքննության` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

9. Փորձաքննության դրական եզրակացություն ստացած բազմակի օգտագործման նախագծերը Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի հրամանով հաստատվում և ընդունվում են կիրառման:

10. Հաստատված նախագծերի բնագրերը պահվում են Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունում:

11. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը նախնական ծանոթացման ու հետագա տարածման համար բազմակի օգտագործման նախագծերն ու դրանց կատալոգը բազմացնում ու տրամադրում է Հայաստանի Հանրապետության մարզպետներին (բացի Երևան քաղաքից)` հետագա բազմացման համար` բնօրինակի իրավունքով:

Մարզպետի և համայնքների ղեկավարների փոխադարձ համաձայնությամբ կատալոգի ու նախագծերի բազմացման և քաղաքացիներին տրամադրման գործառույթները կարող են իրականացնել համայնքների ղեկավարները` պարբերաբար դրանց ընթացքի մասին տեղյակ պահելով մարզպետարանի համապատասխան ստորաբաժանմանը:

12. Մարզպետարանների համապատասխան ստորաբաժանումները գյուղական համայնքների ղեկավարներին ու անհատ կառուցապատողներին ծանոթացնում են բազմակի օգտագործման նախագծերին, դրանց կիրառման և ընտրության հնարավորություններին, տալիս են մեթոդական այլ պարզաբանումներ, ինչպես նաև սահմանված կարգով կազմակերպում նախագծերի ու տեղեկագրերի բազմացման գործընթացը:

13. Կառուցապատողն իրավունք ունի դիմելու մարզպետարանի կամ համայնքի (սույն կարգի 11-րդ կետով նախատեսված դեպքերում) համապատասխան ծառայությանը, ծանոթանալու բազմակի օգտագործման նախագծերի կատալոգին, ընտրելու և պատվիրելու իրեն անհրաժեշտ նախագծի տեղեկագրի պատճենը` վճարելով պատճենահանման ծախսերի գումարը, որը մուտքագրվում է պատճենահանման ծառայություն մատուցած անձի հաշվին:

14. Կառուցապատողը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դիմում է համապատասխան համայնքի ղեկավարին` ներկայացնելով կառուցապատման համար նախատեսված հողամասի նկատմամբ սեփականության կամ օգտագործման իրավունքը հաստատող փաստաթուղթը, սույն կարգի 13-րդ կետով ընտրված նախագծի տեղեկագրի պատճենն ու 15-օրյա ժամկետում ստանում է հողամասի կառուցապատման բազմակի օգտագործման նախագծի տեղակապման առաջադրանքը` հողամասի վրա ընտրված բնակելի տան և (կամ) տնտեսական ու կենցաղային օժանդակ շինությունների տեղադրմամբ:

15. Կառուցապատողը սույն կարգի 13-րդ կետով սահմանված կարգով իրավունք ունի ձեռք բերելու ընտրված նախագծային փաստաթղթերի փաթեթն ու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պատվիրելու օբյեկտի տեղակապումը` սույն կարգի 14-րդ կետի պահանջների համաձայն ստացված առաջադրանքի հիման վրա:

16. Բազմակի օգտագործման նախագծերով կառուցվող օբյեկտի շինարարության թույլտվությունը տրվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մշակված, համաձայնեցված և պատվիրատուի կողմից հաստատված տեղակապման նախագծի հիման վրա:

17. Կառուցապատողը պարտավոր է շինարարությունն իրականացնել հաստատված նախագծին և Հայաստանի Հանրապետության օրենսդրությանն ու նորմատիվ-տեխնիկական պահանջներին համապատասխան:

18. Կատալոգում ներառված բազմակի օգտագործման նախագծերը կարող են կիրառվել նաև մինչև 25 հազար բնակիչ ունեցող քաղաքների անհատական կառուցապատման համար նախատեսված համապատասխան տարածքներում: