«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
14 հոկտեմբերի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 սեպտեմբերի 2002 թվականի N 1581-Ն
ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔ ԲՈՎԱՆԴԱԿՈՂ ՏԵՂԱԳՐԱԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻՑ ՈՒ ՏՎՅԱԼՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Գեոդեզիայի և քարտեզագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ ու «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել պետական և ծառայողական գաղտնիք բովանդակող տեղագրագեոդեզիական նյութերից ու տվյալներից օգտվելու համար թույլտվություն ստանալու կարգը՝ համաձայն՝ հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Կ Ա Ր Գ
ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔ ԲՈՎԱՆԴԱԿՈՂ ՏԵՂԱԳՐԱԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻՑ ՈՒ ՏՎՅԱԼՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում է պետական գեոդեզիական ցանցի կետերից, պետական մասշտաբային շարքի տեղագրական քարտեզներից ու հատակագծերից, օդատիեզերալուսահանութագրական և պետական ու ծառայողական գաղտնիք բովանդակող այլ տեղագրագեոդեզիական նյութերից ու տվյալներից օգտվելու և թույլտվություն ստանալու գործընթացը:
Պետական և ծառայողական գաղտնիք բովանդակող տեղագրագեոդեզիական նյութերն ու տեղեկությունները համարվում են Հայաստանի Հանրապետության սեփականությունը և պահպանվում ու պաշտպանվում են պետության կողմից:
Պետական և ծառայողական գաղտնիք բովանդակող տեղագրագեոդեզիական նյութերից ու տվյալներից օգտվելու համար թույլտվությունը տրամադրում է լիազոր մարմինը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն (այսուհետ՝ կոմիտե):
Թույլտվությունը տրամադրվում է տեղագրագեոդեզիական և քարտեզագրական գործունեություն իրականացնող պետական մարմիններին, կազմակերպություններին, համապատասխան լիցենզավորված իրավաբանական և ֆիզիկական անձանց, որոնք ունեն գաղտնի տեղեկություններին առնչվելու համապատասխան թույլտվություն:
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարության և Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կողմից տեղագրագեոդեզիական, քարտեզագրական, աերոֆոտոհանութագրական աշխատանքների իրականացման թույլտվությունը, նյութերը տրամադրվում, դրանց հաշվառման ու պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից՝ կոմիտեի հետ համատեղ:
II. ՏԵՂԱԳՐԱԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ, ՔԱՐՏԵԶԱԳՐԱԿԱՆ, ԱԵՐՈՖՈՏՈՀԱՆՈՒԹԱԳՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ
2. Պետական ու ծառայողական գաղտնիք բովանդակող տեղագրագեոդեզիական նյութերից ու տվյալներից օգտվելու իրավունք ունեցող կազմակերպություններին տեղագրագեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների իրականացման թույլտվությունը տրվում է կոմիտեի կողմից:
Տեղագրագեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների իրականացման թույլտվությունը տրվում է աշխատանքների ամբողջ ծավալի համար՝ անկախ դրանց ավարտման ժամկետից:
3. Տեղագրագեոդեզիական դաշտային աշխատանքներ իրականացնող կազմակերպություններն աշխատանքներն սկսելու համար ներկայանում են տեղական ինքնակառավարման, տարածքային կառավարման մարմիններ՝ ներկայացնելով աշխատանքների իրականացման թույլտվությունը, որով տեղյակ են պահում տվյալ տարածաշրջանում աշխատանքներ իրականացնելու մասին:
4. Հայաստանի Հանրապետության սահմանային գոտիներում (սահմանային գետեր, ջրամբարներ) գեոդեզիական, տեղագրական, օդալուսահանութային ու ծանրաչափական աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարության թույլտվությամբ:
5. Օդալուսահանութագրման հատուկ տեսակների (հեռուստատեսային, ինֆրակարմիր, միկրոալիքային, ռադիոլոկացիոն և այլ սարքավորումների միջոցով) իրականացման թույլտվությունները տրվում են կոմիտեի կողմից՝ համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարության հետ:
6. Օդալուսահանութագրման և հատուկ տեսակի օդահանութագրման աշխատանքներ իրականացնելու թույլտվություն ստանալու համար համապատասխան իրավասու կազմակերպությունները կոմիտե են ներկայացնում հայտեր և պետական կոորդինատային համակարգում՝ օդահանութագրական աշխատանքների իրականացման տարածքների սխեմաներից մեկական օրինակ։
Հայտերը ներկայացվում են ոչ գաղտնի ձևով, բացառությամբ այն դեպքերի, երբ հայտի մեջ նշված են օդահանութագրման իրականացման նպատակները, որոնք համապատասխան կազմակերպությունների կողմից հրապարակման ենթակա չեն:
Կոմիտեն ուսումնասիրում է ստացված հայտերը և 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ու Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարության համաձայնեցմանն է ներկայացնում օդահանութագրական աշխատանքների նախագիծը և տեխնիկական առաջադրանքը:
7. Օդալուսահանութագրական աշխատանքների իրականացման թույլտվությունը տրվում է հայտում նշված ժամկետի համաձայն:
8. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարության հետ համաձայնեցված տարածքներում օդալուսահանութագրական աշխատանքներն սկսելուց առաջ աշխատանքներն իրականացնող լիազորված մարմինը կամ վարձակալված օդալուսահանութագրական աշխատանքներն իրականացնող կազմակերպությունը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և կոմիտեի հետ համաձայնեցնում է աշխատանքների իրականացման հետ կապված հարցերը՝ տեղագրական քարտեզի վրա հստակեցնելով այն տարածքի սահմանները, որտեղ իրականացվում են օդալուսահանութագրական աշխատանքներ, նշելով օդալուսահանութագրման կոնկրետ տեղամասերը (օբյեկտները), աշխատանքների սկսման և ավարտման ժամկետները, թռիչքների ժամանակը, ռեժիմը և օդալուսահանութագրման ենթակա այն տեղամասերը (օբյեկտները), որոնց վերաբերող նյութերը պետք է ուղարկվեն Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն՝ հսկողության համար: Նշված հարցերի համաձայնեցման համար 4 օրինակով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն են ներկայացվում այն տարածքի սխեմաները, որտեղ իրականացվում են օդալուսահանութագրական աշխատանքներ։
Աշխատանքների ավարտից հետո Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից ուսումնասիրման և ստուգման են ներկայացվում օդալուսահանութագրման տեղամասերի բոլոր նեգատիվները, աերոֆոտոհանույթները, վերադիր մոնտաժի վերարտադրությունները և հատուկ ֆոտոհանույթների տեսանելի արտապատկերումները՝ կապակցման սխեմաներով:
Այդ տեղամասերի օդալուսահանույթների և հատուկ տեսակների օդալուսահանույթների օգտագործումը կազմակերպությունների կողմից թույլատրվում է միայն Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից սահմանված ստուգողական միջոցառումների անցկացումից հետո:
9. Օդահանութագրող կազմակերպությունները սույն կարգի 8-րդ կետում նշված օդալուսահանութագրական և օդահանութային հատուկ տեսակի նյութերը ներկայացնում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն՝ հսկողության համար, որից հետո փոխանցում են կոմիտե՝ ուսումնասիրման և մշակման համար:
10. Պետական կոորդինատային համակարգում գաղտնի տեղագրական հիմքերի, թեմատիկ հատուկ քարտեզների և հատակագծերի, ինչպես նաև դրանց պատճենների պատրաստման ու բազմացման թույլտվությունը տրվում է կոմիտեի կողմից՝ այդ կազմակերպությունների կողմից ներկայացված հայտերի հիման վրա:
«Գաղտնի» դրոշմագրով տեղագրական (աշխարհագրական) հիմքերի, թեմատիկ հատուկ քարտեզների և հատակագծերի, ինչպես նաև դրանց պատճենների պայմանական ու տեղական կոորդինատային համակարգերում պատրաստման և բազմացման, ինչպես նաև դրանց պատրաստման համար գաղտնի տեղագրական քարտեզների, հատակագծերի, ֆոտոքարտեզների, ֆոտոհատակագծերի, ֆոտոսխեմաների և այլ քարտեզագրական նյութերի օգտագործման թույլտվությունը սահմանված կարգով տալիս են համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները՝ համաձայնեցնելով կոմիտեի հետ:
11. Իրականացված օդալուսահանութագրական, տեղագրագեոդեզիական, քարտեզագրական աշխատանքների մասին տեղեկությունները ներկայացվում են կոմիտե, որը կատարված օդալուսահանութագրական աշխատանքների մասին ստացված ու քարտադարանում ամփոփված տեղեկություններն ընդհանրացնում և ուղարկում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն՝ մինչև հաշվետու տարվան հաջորդող փետրվարի երկրորդ տասնօրյակը:
12. Բաց օգտագործման տեղագրագեոդեզիական, քարտեզագրական նյութերը տրամադրվում են սահմանված կարգով:
III. ՏԵՂԱԳՐԱԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ, ՔԱՐՏԵԶԱԳՐԱԿԱՆ, ԾԱՆՐԱՉԱՓԱԿԱՆ, ԱԵՐՈՀԱՆՈՒԹԱԳՐԱԿԱՆ ՈՒ ԱՐԲԱՆՅԱԿԱՅԻՆ ՆԿԱՐԱՀԱՆՄԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ, ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ
13. Կոմիտեն գեոդեզիական, քարտեզագրական աշխատանքների իրականացման համար կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության տարածքի գաղտնի և ոչ գաղտնի տեղագրական քարտեզներ ու հատակագծեր տրամադրում է ներկայացված հիմնավորման և հայտի հիման վրա:
14. Կազմակերպություններին տեղագրական և թվային քարտեզներ, հատակագծեր, ֆոտոքարտեզներ ու ֆոտոհատակագծեր, քաղաքների և այլ բնակավայրերի տեղագրագեոդեզիական հատակագծերը տրամադրվում են կոմիտեի թույլտվությամբ՝ համապատասխան ստորաբաժանումների («Գեոդեզիայի և քարտեզագրման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն, «Հողշիննախագիծ» փակ բաժնետիրական ընկերություն, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տեղեկատվական կենտրոն) կողմից:
15. Գաղտնի և ոչ գաղտնի գեոդեզիական քարտեզները մոբիլիզացիոն հատակագծերի ու քաղաքացիական պաշտպանության գերատեսչական փաստաթղթերի մշակման համար կոմիտեի նշված ստորաբաժանումների կողմից տրվում են աշխատանքներն իրականացնող իրավասու կազմակերպություններին՝ սույն կարգի 14-րդ և 16-րդ կետերին համապատասխան սահմանված կարգով:
16. Գաղտնի տեղագրական քարտեզներն ու հատակագծերը (թվային), ֆոտոքարտեզները, ֆոտոհատակագծերը, ֆոտոսխեմաները, քաղաքների և այլ բնակավայրերի տեղագրաքարտեզագրական հատակագծերն ու գեոդեզիական նյութերը տրվում են կազմակերպություններին՝ ներկայացված հայտերի հիման վրա՝ ստորագրված կազմակերպության և դրա համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի կողմից:
Հայտերը ներկայացվում են՝ նշելով անհրաժեշտ տեղագրական քարտեզների, հատակագծերի, ֆոտոքարտեզների, ֆոտոհատակագծերի և ֆոտոսխեմաների պահանջվող թիվը, որոնք խիստ անհրաժեշտ են տվյալ օբյեկտների վրա աշխատանքներ իրականացնելու համար: Հայտում նշվում են աշխատանքի նպատակը, անհրաժեշտ նյութերը՝ հիմնավորելով դրանց օրինակների պահանջվող թիվը:
Հայտերը ներկայացվում են կոմիտե՝ սույն կարգի 14-րդ կետի համաձայն:
Տեղագրական քարտեզների և հատակագծերի, ֆոտոքարտեզների հայտերին կցվում են ցուցակ-կարգագրեր՝ 2 օրինակից։
17. Տեղագրական քարտեզներն ու հատակագծերը, ֆոտոքարտեզները, ֆոտոհատակագծերը, քաղաքների և այլ բնակավայրերի հատակագծերը տրամադրվում են ցուցակ-կարգագրերով՝ համապատասխան վճարման դեպքում: Նշված ցուցակ-կարգագրի մեկ օրինակը ներկայացվում է քարտեզի և հատակագծի հետ միաժամանակ:
18. Արբանյակային ֆոտոնկարահանումների նյութերը, որոնք տրամադրվում են պետական կառավարման մարմիններին և կազմակերպություններին, տրվում են կոմիտեի կամ նրա համապատասխան ստորաբաժանումների կողմից սահմանված կարգով՝ կազմակերպությունների ղեկավարների կողմից հաստատված հայտերի հիման վրա։
Արբանյակային լուսանկարահանման առաջնային նյութերն անհրաժեշտության դեպքում կարող են սահմանված կարգով տրամադրվել շահագրգիռ կազմակերպություններին՝ միայն ժամանակավոր օգտագործման համար:
Արբանյակային լուսանկարահանման առաջնային և ածանցյալ նյութերից բացի, կազմակերպություններին կարող են տրամադրվել նաև այլ անհրաժեշտ տեղեկատվական տվյալներ՝ արբանյակային նկարահանման պարամետրերի մասին (թռիչքի բարձրություն, ամսաթիվ, լուսանկարահանման տեղական ժամանակը և այլն) ու լուսանկարահանման սարքավորման տեխնիկական բնութագիրը:
19. Պետական կոորդինատային համակարգում գեոդեզիական կետերի կոորդինատները կազմակերպություններին տրվում են կոմիտեի կողմից՝ համապատասխան տեղագրագեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների իրականացման թույլտվության դեպքում:
20. Կազմակերպություններին տրամադրվող ծանրաչափական կետերի կոորդինատները, ինչպես նաև ծանրության ուժի արագացման մեծության չափման արդյունքները տրամադրում է կոմիտեն:
21. Տեղագրական քարտեզների, ֆոտոհատակագծերի, ֆոտոքարտեզների և ֆոտոսխեմաների տրամադրման հայտերում գեոդեզիական կետերի կոորդինատները և քարտեզների անվանահամարները (նոմենկլատուրաներ) նշվում են պետական կոորդինատային համակարգի սյունակավորմամբ կամ պայմանական կոորդինատային համակարգի սյունակավորմամբ:
Տեղագրագեոդեզիական, քարտեզագրական և ֆոտոհանութագրման ուսումնասիրության, ինչպես նաև արբանյակային լուսանկարահանման նյութերի առկայության մասին տեղեկատվական հայտերում քարտեզների անվանահամարները նշվում են պետական կոորդինատային համակարգում:
22. Տեղագրագեոդեզիական, քարտեզագրական, օդալուսահանութագրական և արբանյակային լուսանկարահանման նյութերը Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնված միջազգային պարտավորություններով օտարերկրյա կազմակերպություններին և ընկերություններին տրամադրվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:
IV. ՏԵՂԱԳՐԱԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ, ՔԱՐՏԵԶԱԳՐԱԿԱՆ, ԾԱՆՐԱՉԱՓԱԿԱՆ, ՕԴԱԼՈՒՍԱՀԱՆՈՒԹԱԳՐԱԿԱՆ ԵՎ ԱՐԲԱՆՅԱԿԱՅԻՆ ՀԱՆՈՒԹԱԳՐԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ
23. Պետական կոորդինատային համակարգում գաղտնի տեղագրական քարտեզներն ու հատակագծերը, դրանց կրկնօրինակները և դրանցից պատճենահանումները, ֆոտոքարտեզները, աերոֆոտոհատակագծերն ու ֆոտոսխեմաները պետական կառավարման մարմիններից և կազմակերպություններից այլ կազմակերպությունների փոխանցվում են կոմիտեի թույլտվությամբ:
Պետական կառավարման մարմինների ու կազմակերպությունների քարտեզագրական նյութերը միմյանց փոխանցվում են այդ նյութերն ունեցող կազմակերպության ղեկավարի գրավոր թույլտվությամբ:
24. Տեղական կոորդինատային համակարգում գաղտնի տեղագրական քարտեզներն ու հատակագծերի կրկնօրինակները և դրանցից պատճենահանումները, ֆոտոքարտեզները, ֆոտոհատակագծերն ու ֆոտոսխեմաները պետական կառավարման մարմիններին փոխանցվում են տվյալ պետական կառավարման մարմնի ղեկավարի գրավոր թույլտվությամբ, իսկ պետական կառավարման մարմիններում՝ այդ նյութերին տիրապետող կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի գրավոր թույլտվությամբ:
25. Սույն կարգի 23-րդ և 24-րդ կետերում նշված տեղագրական, թեմատիկ և հատուկ քարտեզների ու հատակագծերի կրկնօրինակները և դրանցից պատճենահանումները, ֆոտոքարտեզները, ֆոտոհատակագծերն ու ֆոտոսխեմաները փոխանցվում են կազմակերպության ղեկավարի և համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի ստորագրությամբ՝ հայտի հիման վրա: Հայտում նշվում է նպատակը, որի համար պահանջվում են նյութերը: Հայտին մեկական օրինակով կցվում են պահանջվող նյութերի ցանկը՝ յուրաքանչյուր մասշտաբի համար, ինչպես նաև այդ նյութերի հերթականության սխեման: Այն դեպքում, երբ նյութերի փոխանցման համար պահանջվում է կոմիտեի թույլտվությունը, ապա ցուցակները և սխեմաներն ուղարկվում են 2 օրինակից:
26. Պետական կառավարման մարմինները ցանկացած կոորդինատային համակարգում գեոդեզիական կետերի և աշխարհագրական օբյեկտների կոորդինատները միմյանց փոխանցում են կոմիտեի թույլտվությամբ, իսկ միևնույն պետական կառավարման մարմնում՝ տվյալ նյութերին տիրապետող կազմակերպության ղեկավարի գրավոր թույլտվությամբ:
27. Տեղագրական հանույթների բնօրինակները, գեոդեզիական կետերի կոորդինատները և բարձրությունների կատալոգներն ու ցուցակները, տեխնիկական հաշվետվությունները և մյուս տեխնիկական փաստաթղթերը, որոնք վերաբերում են քաղաքների, գյուղերի գլխավոր հատակագծերի տեղագրագեոդեզիական աշխատանքներին, անկախ կոորդինատային համակարգից, հանձնվում են կոմիտե:
28. Աերոֆոտոնեգատիվների, աերոլուսանկարների, այդ թվում՝ մագնիսական և այլ կրիչների վրա, վերադիր մոնտաժների, նեգատիվների, ֆոտոթեոդոլիտային նկարահանումների տրամադրումը մի կազմակերպությունից մյուսին՝ անկախ նրանց գերատեսչական պատկանելությունից, իրականացվում է այդ նյութերին տիրապետող կազմակերպության ղեկավարի թույլտվությամբ՝ այն համաձայնեցնելով կոմիտեի հետ՝ միայն՝ վերջինիս մոտ այդ նյութերի պահպանման համար անհրաժեշտ պայմանների առկայության դեպքում:
29. Նյութերը տրամադրող կազմակերպությունը մշտական պահպանության համար մի կազմակերպությունից մյուսին (անկախ դրանց գերատեսչական պատկանելությունից) աերոֆոտոնեգատիվների տրամադրման մասին պարտավոր է տեղեկացնել կոմիտեին՝ հավելվածում նշելով տրամադրված աերոֆոտոնեգատիվների տեղաբաշխումը քարտագրամայում և դրանց տեխնիկական պարամետրերը:
30. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և կոմիտեի կողմից թռիչքների իրականացման միջոցով տեղագրական հանույթներ կատարելու նպատակով արդյունքում ստացված օդալուսահանութային նյութերը սահմանված կարգով տրամադրվում են կազմակերպություններին՝ պայմանագրային հիմունքներով:
Նշված օդալուսանկարահանման հանութային նյութերի ստացման մասին հայտերը կազմակերպությունների կողմից կոմիտե են ներկայացվում նախօրոք:
Հայաստանի Հանրապետության կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունից և կոմիտեից ստացված աերոֆոտոնեգատիվների փոխանցումը, աերոֆոտոֆիլմերի բաժանումը կադրերի և նմանատիպ այլ աշխատանքների իրականացումն արգելվում են:
31. Արբանյակային լուսանկարահանման նյութերը բազմացվում և փոխանցվում են մի կազմակերպությունից մյուսին՝ անկախ դրանց գերատեսչական պատկանելությունից, կոմիտեի հետ համաձայնեցումից հետո:
32. Կազմակերպությունների լուծարման դեպքում օգտագործված և մաշված տեղագրական քարտեզներն ու հատակագծերը, աերոֆոտոքարտեզները և աերոֆոտոհատակագծերը, մյուս տեղագրագեոդեզիական նյութերը, ինչպես նաև դրանց պատճենները ոչնչացվում են սահմանված կարգով, իսկ քարտեզների և հատակագծերի, գեոդեզիական կետերի ու աշխարհագրական օբյեկտների կոորդինատները և աերոֆոտոնեգատիվները վերադարձվում են այն կազմակերպություններին, որտեղից դրանք ստացվել են, կամ փոխանցվում են կոմիտե:
Այն դեպքում, երբ լուծարված կազմակերպությունների գործառույթները, որոնք կապված են գաղտնի քարտեզագրական նյութերի և կոորդինատների օգտագործման հետ, փոխանցվում են այլ կազմակերպության, թույլատրվում է այդ նյութերի փոխանցումը վերջինիս, եթե այդ կազմակերպությունները ենթակա են միևնույն պետական կառավարման մարմնին, իսկ եթե դրանք ենթակա են տարբեր պետական կառավարման մարմինների, ապա՝ միայն կոմիտեի թույլտվությամբ:
V. ՍՈՒՅՆ ԿԱՐԳԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
33. Պետական և ծառայողական գաղտնիք բովանդակող տեղագրագեոդեզիական նյութերից ու տվյալներից օգտվելու իրավունք ունեցող կազմակերպությունների ղեկավարներն անձնական պատասխանատվություն են կրում սույն կարգով սահմանված պահանջների խախտման, տեղագրական (թվային) քարտեզների ու հատակագծերի, աերոֆոտոքարտեզների, աերոֆոտոհատակագծերի, գեոդեզիական կետերի և աշխարհագրական օբյեկտների կոորդինատների, այլ տեղագրագեոդեզիական, քարտեզագրական, ծանրաչափական, օդալուսահանութագրական, արբանյակային լուսանկարահանման նյութերի պահպանման, հաշվառման ու օգտագործման համար:
34. Նախարարությունները պարտավոր են վերահսկողություն իրականացնել կազմակերպություններում պահվող գաղտնի տեղագրագեոդեզիական, քարտեզագրական, ծանրաչափական, օդալուսահանութագրական և արբանյակային լուսանկարահանման նյութերի պահպանման ու գաղտնազերծման նկատմամբ:
Կազմակերպությունները պետք է պատշաճ հսկողություն իրականացնեն իրենց մոտ գտնվող գաղտնի, տեղագրական, քարտեզագրական, ծանրաչափական, օդալուսահանութագրական և արբանյակային հանութագրման նյութերի ճիշտ հաշվառման, պահպանման, պատրաստման ու օգտագործման նկատմամբ, պետք է ուսումնասիրեն, ստուգումներ կատարեն՝ նյութերի պահպանման վիճակի համար՝ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի դեկտեմբերի 30-ի N 626-կգ որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության գաղտնիության ռեժիմի ապահովման հրահանգի և սույն կարգի պահանջներին համապատասխան:
35. Կազմակերպությունների կողմից տեղագրագեոդեզիական, քարտեզագրական, ծանրաչափական, օդալուսահանութային և արբանյակային հանութագրման նյութերի գաղտնիության ապահովման նպատակով՝ սույն կարգի պահանջների պարբերաբար և այլ կոպիտ խախտումների հայտնաբերման դեպքում կոմիտեն սահմանում է ժամկետ՝ խախտումների ամբողջական վերացման համար, և դրա մասին հայտնում համապատասխան պետական կառավարման մարմիններին՝ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու համար: Եթե կազմակերպությունը չի կատարում գաղտնիության ռեժիմի խախտումների վերացման միջոցառումները, ապա կոմիտեն իրավունք ունի դադարեցնելու գաղտնի տեղագրագեոդեզիական նյութերի օգտագործման նրանց իրավունքը:
36. Տեղագրագեոդեզիական, քարտեզագրական, ծանրաչափական, օդալուսահանութագրական և արբանյակային լուսանկարահանման գաղտնի նյութերի կորստի դեպքում կազմակերպությունները ղեկավարվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի դեկտեմբերի 30-ի N 626-կգ որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության գաղտնիության ռեժիմի ապահովման հրահանգի պահանջներով և դրա մասին տեղեկացնում են կոմիտեին:
Հայտարարության մեջ նշվում են կորած նյութերի անվանումները, քանակը, քարտեզի անվանահամարը (նոմենկլատուրան), կոորդինատային համակարգը, մասշտաբը, կորելու հանգամանքների համառոտ նկարագրությունը և այդ նյութերի կորստի պատճառների վերացման միջոցառումները:
37. Հայաստանի Հանրապետության կազմակերպություններում սույն կարգի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է կոմիտեի և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարության կողմից:
38. Նավիգացիոն ուղեցույցների, ձեռնարկների և հրահանգների պահանջների իրականացման նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |