Գլխավոր տեղեկություն
Համար
N 138
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.03.2002-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.03.07/9(184) Հոդ.143
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.02.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.02.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
18.02.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.03.2002

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
18 փետրվարի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 փետրվարի 2002 թվականի N 138
քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼԵԶՎԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1993 թվականի մարտի 3-ի «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկման կարգի մասին» ՀՆ-0774-1 որոշման «գ» կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել Հայաստանի Հանրապետության լեզվական քաղաքականության պետական ծրագիրը (կցվում է):

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2002 թվականի
փետրվարի 18-ի N 138 որոշմամբ

 

Պ Ե Տ Ա Կ Ա Ն  Ծ Ր Ա Գ Ի Ր

 

Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ի  Հ Ա Ն Ր Ա Պ Ե Տ ՈՒ Թ Յ Ա Ն

Լ Ե Զ Վ Ա Կ Ա Ն  Ք Ա Ղ Ա Ք Ա Կ Ա Ն ՈՒ Թ Յ Ա Ն 

 

Բ Ո Վ Ա Ն Դ Ա Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

Բաժին 1. ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹՆԵՐԸ

Բաժին 2. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

Բաժին 3. ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Բաժին 4. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

ՑԱՆԿԸ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ

Բաժին 5. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

Բ Ա Ժ Ի Ն  1

 

ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹՆԵՐԸ

 

Սույն ծրագրի իրավական հիմքերն են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, Հայաստանի Հանրապետության այլ օրենքներ և իրավական ակտեր, միջազգային համաձայնագրերը:

Ծրագրի բնագավառներն են՝ գրական հայերենի կանոնարկումը, ազգային փոքրամասնությունների լեզվական խնդիրները, կրթության համակարգը, Հայաստան-սփյուռք հարաբերությունները, օտար լեզուների ուսուցման համակարգը, պաշտոնական խոսքը, զանգվածային լրատվության միջոցների լեզուն, հրապարակային գրվածքները, մշակույթի ոլորտը։

Պետականության հիմքերի ամրապնդման, հասարակական կյանքում լեզվական մշակույթի նշանակալի դերի վերապահման, հայկական քաղաքակրթական հարուստ ժառանգության ներկայացման գործում իր ուրույն դերն ունի պետական լեզվական քաղաքականության կանոնակարգված և արդյունավետ կիրառումը։

Լեզվական և մշակութային բազմազանության նկատմամբ հարգանքը, ազգային փոքրամասնությունների լեզվի ու մշակույթի զարգացման խրախուսումը միջազգային ասպարեզում Հայաստանի Հանրապետության վարկն ապահովող պայմաններից է։

Ներկայիս համընդգրկման գործընթացների պայմաններում ժամանակակից լեզուների ուսուցումը և դասավանդման նորարարական մոտեցումների ապահովումը ժողովուրդների համար մշակութային համագործակցության զարգացման էական գործոն է հանդիսանում։

Ծրագրի հիմնադրույթները հանգում են հետևյալին՝

1. Լեզուն հասարակական երևույթ է, ուստի պաշտոնական և հրապարակային լեզվագործածությունը հասարակության կողմից ենթակա է վերահսկողության։ Այն իրականացվում է պետության կարգավորիչ գործառույթներով։ Հետևաբար, լեզվական հարաբերությունների կարգավորումը պետության մենաշնորհն է և իրականացվում է օրենքի հիման վրա, պետական ծրագրով:

2. Հայերենի՝ Հայաստանի Հանրապետության պետական լեզու լինելու իրողությունն արտացոլում է՝

իր պատմական հայրենիքում պետություն կերտող հայ ազգի ժողովրդագրական գերակշռության իրողությունը.

հայոց ազգապահպան գործոնների շարքում մայրենի լեզվի վճռորոշ դերը.

արդի գրական հայերենի մշակվածության ու միջմշակութային մրցունակության բարձր աստիճանը.

հոգևոր ժառանգությունը պահպանելու և սերունդներին փոխանցելու, համայն հայության ազգային ինքնությունը և համազգային միասնականության գիտակցումը պահպանելու հայերենի պատմականորեն փաստված կարողությունը։

3. Հայաստանի Հանրապետության պետական լեզվի գերակայությունը ներդաշնակորեն զուգակցվում է ազգային փոքրամասնությունների լեզուների պահպանման, բոլոր մշակույթների նկատմամբ փոխադարձ հարգանքի սկզբունքներին՝ միջազգային իրավունքին և Եվրախորհրդի լեզվաքաղաքական նորմերին համապատասխան։

4. Օտար լեզուների իմացությունը միջմշակութային հաղորդակցման միջոց է, որը մեր երկրի հոգևոր-տնտեսական զարգացման գործում ստանձնում է երկակի դեր. նախ ապահովում է հաղորդակցումը համաշխարհային քաղաքակրթական արժեքներին և ապա՝ սեփական արժեքներն աշխարհին ներկայացնելու հնարավորություն է ընձեռում։

 

Բ Ա Ժ Ի Ն  2

 

ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

 

Ծրագրի նպատակներն են՝

1. Պետության ինքնիշխանության ամրապնդման համար պետական լեզվի՝ հայերենի փաստացի գերակայության ապահովումը հասարակական կյանքի բոլոր ոլորտներում՝ որպես մեր երկրի ազգային անվտանգության գործոն:

2. Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների՝ մայրենի լեզվով կրթություն և դաստիարակություն ստանալու իրավունքի ապահովումը:

3. Գրական հայերենի կանոնարկումը:

4. Պաշտոնական խոսքում գրական հայերենի անաղարտության ապահովումը:

5. Սփյուռքի հայապահպանմանն աջակցելը, հայկական ընդհանրական մշակույթին պատկանելու գիտակցության ամրապնդումը:

6. ՀՀ քաղաքացիների՝ օտար լեզուների իմացության բարելավումը:

7. Լեզվական հաղորդակցության միջոցով այլ քաղաքակրթությունների հետ մեր հասարակության երկխոսության և համագործակցության զարգացումը։

8. Աշխարհին հայ ժողովրդի՝ իբրև ուրույն լեզվամտածողությամբ և ինքնատիպ քաղաքակրթության կրող ներկայացնելը։

 

Բ Ա Ժ Ի Ն  3

 

ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

I. Գրական հայերենի կանոնարկումը

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

«Լեզվի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածը սահմանում է.

«Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է։ Հայաստանի Հանրապետության պաշտոնական լեզուն գրական հայերենն է»։

Նույն հոդվածը սահմանում է նաև.

«Հայաստանի Հանրապետությունը նպաստում է հայերենի ուղղագրության միասնականացմանը»։

Ներկայումս գրական հայերենի կանոնարկման աշխատանքներում շեշտը դրվում է հայերենի ինքնատիպության պահպանման, դրա պաշտպանական մեխանիզմներն ուժեղացնելու, արտաքին ազդեցությունները սահմանափակելու, կանոնարկման և լեզվաշինության սեփական ավանդույթները զարգացնելու վրա:

Գրական արևելահայերենը զարգանում է երկու ուղղությամբ: Մի կողմից այն ձգտում է յուրացնել լեզվագործածության նորանոր ոլորտներ՝ դուրս մղելով օտարալեզու և բարբառային դրսևորումները, մյուս կողմից ձգտում է հաղթահարել կանոնարկման ավանդական սահմանափակությունը՝ հարստանալով ժողովրդախոսակցական լեզվի կենդանի և կենսունակ տարրերով։

 

ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ

 

1. Գրական հայերենի համակարգը նկարագրական եղանակով ներկայացված է լեզվաբանական աշխատություններում և ակադեմիական ու մասնագիտական բառարաններում, կանոնիկ քերականությունը՝ դպրոցական դասագրքերում ու բառարաններում, ինչպես նաև նախկին տերմինաբանական կոմիտեի և ՀՀ կառավարությանն առընթեր լեզվի պետական տեսչության որոշումներում: Սակայն զգացվում է այդ կանոններն ամփոփող պետական չափորոշիչների կարիքը:

2. Գրական արևմտահայերենը, իր բնօրրանից օտարվելով և աշխարհասփյուռ դառնալով, միասնական կանոնարկման գրեթե չի ենթարկվում։

3. Ժամանակ առ ժամանակ բանավեճեր են մղվում գրական արևելահայերենի և արևմտահայերենի ուղղագրական համակարգերի վերաբերյալ։ Սփյուռքի և Հայաստանի որոշ մտավորականներ ուղղագրության միասնականացմանը պետականորեն նպաստելու վերաբերյալ ՀՀ «Լեզվի մասին» օրենքի 1-ին հոդվածի պահանջը մեկնաբանում են որպես Հայաստանի Հանրապետությունում հին ուղղագրությունը վարչական ճանապարհով անհապաղ վերականգնելու պարտավորություն։ Ոմանք էլ հիշյալ պահանջը մեկնաբանում են տրամագծորեն հակառակ ուղղությամբ. առաջարկում են 1922 թ. բարեփոխված և 1940 թ. լրամշակված ուղղագրությունը տարածել սփյուռքում՝ վկայակոչելով այդ ուղղագրության դյուրինությունն ու գրական հայերենը պետականորեն կանոնարկելու՝ Հայաստանի Հանրապետության անհամեմատ մեծ հնարավորությունները։ Երկու մոտեցումներն էլ անընդունելի են և ժամանակավրեպ, որովհետև դրանցում անտեսվում են խնդրի պատմաքաղաքական, գիտական, մանկավարժական և հոգեբանական հայեցակետերը։ Այս առումով պետության լեզվական քաղաքականությունը խարսխվում է հանրապետության լեզվաբանների և մանկավարժների ճնշող մեծամասնության, ինչպես նաև սփյուռքի շատ մտավորականների միասնական կարծիքի վրա, ըստ որի՝

ա) Հայաստանի Հանրապետությունում գործող ուղղագրությունը գիտականորեն հիմնավորված է և ներկայումս լիովին բավարարում է հանրապետության հասարակության գրավոր լեզվահաղորդակցման կրթական ու մանկավարժական պահանջները.

բ) ուղղագրության միասնականացման խնդրի վարչական լուծումը հնարավոր կարող է դառնալ բացառապես գիտամանկավարժական սպառիչ հիմնավորումների պարագայում.

գ) ուղղագրության միասնականացմանը նպաստելու պետության պարտավորությունը նշանակում է գրական հայերենի երկու ճյուղի տեղեկատվական անկաշկանդ փոխանակության համար կրթության համակարգում ծրագրամեթոդական հիմքերի ստեղծում և գրական հայերենի կանոնարկման միասնական սկզբունքների մշակում, որոնց հետևանքով բնականոն ճանապարհով երբևէ հնարավոր կարող է դառնալ ուղղագրության միասնականացումը։

4. Թեև հայերենում շարունակվում է ինքնամաքրման գործընթացը, սակայն դարձյալ մեծ թիվ են կազմում անհարկի փոխառությունները և օտարաբանությունները:

5. Հայերեն նորաբանությունների ստեղծումը համակարգված բնույթ չի կրում՝ հաճախ հանգեցնելով տերմինային զուգաձևերի առաջացմանը:

6. Միջոցների սղության պատճառով դժվարացել է լեզվական տեղեկատուների, բառարանների և ձեռնարկների հրատարակումը։

 

ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1. Արդի գրական արևելահայերենի ակադեմիական նորմատիվ քերականության ստեղծումը:

2. Կանոնարկող տեղեկատուների, բառարանների կազմումը:

3. Լեզվի անաղարտության չափորոշիչների մշակումը:

4. Գրական լեզվի գործառական տարբեր ոճերի կանոնարկումը:

5. Գրական արևմտահայերենի կանոնարկման և գրական հայերենի երկու ճյուղի միասնական տերմինակազմության սկզբունքների մշակումը:

6. Ուղղագրության հարցերի քննությանը նվիրված հայերենագիտական միջազգային գիտաժողովի կազմակերպումը։

 

II. Համակարգչային համացանցում հայերենի լիածավալ ներկայացման ապահովումը

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈԻՅԹՆԵՐ

 

ՀՀ Գերագույն խորհրդի 1993 թ. մարտի 30-ի «Լեզվի մասին» ՀՀ օրենքի կիրարկման կարգի մասին» ՀՆ-0774-1 որոշման «ե» կետով պահանջվում է. «Մինչև 1994 թ. հունվարի 1-ը ապահովել . . . . հայերեն ստեղնաշարով գրամեքենաների, հեռագրական սարքերի, հայերեն ստեղնաշարով համակարգիչների արտադրությունը կամ ներմուծումը..... համակարգիչների՝ հայերեն ծրագրային փաթեթներով հանդերձավորումը»։

Բարձր տեխնոլոգիաների զարգացումը Հայաստանի տնտեսական գերակայություններից դիտարկելու տեսակետից հատուկ նշանակություն է ձեռք բերում համակարգչային տեխնոլոգիաների ազգային համակարգի ձևավորումը՝ որպես աշխարհի տեղեկատվական համացանցում հայերենի գոյատևման պայման։

 

ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ

 

1. Հայալեզու համակարգչային ծրագրերի և տեղեկատվական տվյալների համընդհանուր շտեմարանի բացակայությունը հայերենը դուրս է մղում համակարգչային ներքին և արտաքին հաղորդակցման հարաճուն ընթացքից։

2. Համակարգչային գործող տառատեսակների ճնշող մեծամասնությունը չի համապատասխանում հայոց տառաստեղծման պատմամշակութային ավանդույթին և համակարգչային տեխնոլոգիական արդի հնարավորություններին։

3. Չկան հայերեն համակարգչային ուսումնական ծրագրեր։

 

ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1. Հայերեն տեղեկատվական համակարգչային շտեմարանների ստեղծման աշխատանքների համակարգում։

2. Համակարգչային միջազգային ծրագրերի հայերեն թարգմանություն ու ներդրում ներքին և արտաքին ցանցերում։

3. Համակարգչային ինքնաշխատ ուսումնական գործընթացի համար նախատեսված հայերեն ծրագրերի ստեղծում:

4. Օտար լեզուներից հայերեն և հակադարձ թարգմանիչ ծրագրերի ստեղծում:

5. Համակարգչային տառատեսակների չափորոշման սկզբունքների մշակում։

6. Այբբենարաններում միասնական ձեռագիր տառատեսակների չափորոշչի ստեղծում և ներդրում։

7. Հայերեն համակարգչային հանրագիտարանների, խաղերի ու մուլտիպլիկացիայի ստեղծում:

 

III. Պետական լեզվով կրթության և դաստիարակության իրավունքի ապահովումը

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

«Լեզվի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածը սահմանում է. «Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող կրթական և ուսումնական համակարգերում դասավանդման և դաստիարակության լեզուն գրական հայերենն է»։

Նույն հոդվածով սահմանվում է նաև. «Հայաստանի Հանրապետության բոլոր միջնակարգ-մասնագիտական, մասնագիտական-տեխնիկական և բարձրագույն ուսումնական հաստատություններում հայոց լեզվի ընդունելության քննությունը և հայոց լեզվի ուսուցումը պարտադիր են»։

 

ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ

 

1. Դպրոցական և բուհական նորաստեղծ հայալեզու դասագրքերի և ուսումնական ձեռնարկների լեզվական որակը տակավին հեռու է բավարար լինելուց։

2. Բուհական մի շարք մասնագիտությունների համար խիստ սակավ են կամ բացակայում են հիմնարար դասագրքերի և ձեռնարկների թարգմանված տարբերակները։

3. Որոշ միջին և բարձրագույն մասնագիտական հաստատություններում գրեթե բացակայում են տվյալ մասնագիտության յուրահատկություններին համապատասխանող հայոց լեզվի տարբերակված ծրագրերը։

4. Ներկա սերնդի դաստիարակության և հասարակական գիտակցության ձևավորմանն ուղղված ծրագրերում զգալի է արժեքների նոր համակարգի ամրապնդման անհրաժեշտությունը։

5. Դաստիարակության ծրագրերում մեր լեզվական հարստությունը և լեզվի միջոցով մշակութային ժառանգության փոխանցումը ներկայացնել իբրև ազգային արժանապատվության ապահովման կարևոր գործոն։

 

ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1. Բոլոր նոր հայալեզու դասագրքերի ձեռագրերի լեզվական փորձաքննության կարգի հաստատումը։

2. Բուհական հիմնարար դասագրքերի ու ձեռնարկների թարգմանության իրականացումը։

3. Միջին և բարձրագույն մասնագիտական կրթության համակարգերում հայոց լեզվի ծրագրերի հարմարեցումը տվյալ մասնագիտության խնդիրներին:

 

IV. Հայերենի հանրային ուսուցման ապահովումը ոչ հայախոսների համար

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1997 թվականից Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր լեզվի պետական տեսչությունը ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի շրջանակներում իրականացնում է «Հայերենը ոչ հայախոսների համար» ծրագիրը։

Ծրագրի նպատակն է արտերկրից վերադարձող քաղաքացիների, փախստականների, ազգային փոքրամասնությունների և առհասարակ հայերեն սովորել ցանկացող անձանց լեզվուսուցումը։

Այս աշխատանքներում գերակա տեղ է հատկացվում արտերկրից վերադարձած դպրոցահասակ երեխաների ուսուցմանը։

 

ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ

 

1. Ներկայումս հայերեն չիմացողների կամ բավարար չիմացողների համար կա արդի պահանջները բավարարող տարբերակված ծրագրերի և ինքնուսույցների կարիք։

2. Հայաստանի սոցիալ-տնտեսական կացության բարելավմանը համընթաց մոտ ապագայում օրախնդիր կարող է դառնալ հայրենիք վերադարձող քաղաքացիների և հատկապես նրանց դպրոցահասակ զավակների՝ հայալեզու կրթությանն անցնելու աշխատանքների լայնածավալ կազմակերպումը։

3. Հայերենի դասընթացների կարիք ունեն նաև Հայաստանում աշխատող արտասահմանցիները, սփյուռքահայերը։

 

ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1. Ոչ հայախոսների լեզվուսուցման համար անհրաժեշտ ծրագրամեթոդական հիմքերի ստեղծումը և համապատասխան ինքնուսույցների հրատարակումը։

2. Հանրապետության՝ ռուսերենով ուսուցմամբ դասարաններ ունեցող դպրոցներում սովորող հայոց լեզվից դժվարություններ ունեցող աշակերտների համար անվճար լրացուցիչ դասընթացների շարունակումը և ընդլայնումը։

 

V. Աջակցություն զանգվածային լրատվության միջոցների լեզվական անաղարտության ապահովմանը

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

«Մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածը սահմանում է. «Հայաստանի Հանրապետությունում մամուլի և զանգվածային լրատվության միջոցների լեզուն հայերենն է»։

Նույն հոդվածում նշված է. «Մամուլը և զանգվածային լրատվության մյուս միջոցները պարտավոր են հոգալ մայրենի լեզվի անաղարտության մասին»։

 

ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ

 

1. Ներկայումս շատ լրատվամիջոցներ, ձգտելով բազմազանության և ինքնատիպության, հաճախ ընտրում են ամենադյուրին ճանապարհը՝ նախընտրելով բացառապես խոսակցական ոճը։

2. Լրատվամիջոցների լեզվական մակարդակի անկման պատճառներից է նաև մասնագիտական կրթություն չունեցող անձանց լրագրության ասպարեզ մուտք գործելը, ինչպես նաև շատ մասնագետ լրագրողների լեզվական ցածր մակարդակը։

3. Հաճախադեպ են ոչ միայն լեզվական, այլև արտասանական սխալները։

Որոշ ռադիոհեռուստատեսային ընկերություններ նախապատվությունը տալիս են օտար առոգանությանն ու շեշտադրությանը՝ օտարերկրյա հաղորդավարներին և հանդիսավարներին նմանակելու անթաքույց միտումով։

4. Մտահոգիչ է մամուլում և եթերում թարգմանաբար ներկայացվող նյութերի լեզվի որակը։ Շատ դեպքերում որոշ թարգմանիչներ բնագրի լեզվին հարազատ մնալու համար բառացի պատճենումներ են կատարում՝ աղավաղելով տեքստը:

5. Հաճախ խախտվում է «Գովազդի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի պահանջը։ Որոշ պարբերականներ գրանցվում են որպես հայալեզու թերթեր, բայց ժամանակ առ ժամանակ տպագրում են բացառապես օտարալեզու նյութեր, գովազդներ, իսկ երբեմն էլ՝ գովազդի կեսը՝ հայերենով, մյուս կեսը՝ այլ լեզվով։

6. Եթերում ոչ միշտ է ապահովվում օտարախոս հռետորի խոսքի համաժամանակյա թարգմանությունը, որը հակասում է «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածին։

7. «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածի համաձայն մինչև 2005 թվականը նախատեսված է սահմանափակել օտարալեզու եթերի (հաղորդումներ, կինոնկարներ, մուլտֆիլմեր) ժամաքանակը։ Սակայն գոյություն ունեցող ֆինանսական և տեխնիկական բազմաթիվ խոչընդոտները մոտ ապագայում իրագործելի չեն դարձնում օրենքի այդ պահանջը։

 

ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1. Մասնագիտական աջակցություն լրատվամիջոցներին՝ դրանցում տեղ գտած լեզվական սխալներն արձանագրելու և ճիշտ ձևերը ներկայացնելու եղանակով։

2. Գրագետ խոսքի մշակույթ ունեցող լրագրողների և լեզվական բարձր մակարդակ ապահովող լրատվամիջոցների խրախուսումը։

3. Հրատարակչությունների համար նախատեսվող հատուկ լեզվական տեղեկատուների հրատարակումը։

4. Մասնագիտական աջակցությունն օտարալեզու ֆիլմեր և հաղորդումներ թարգմանող հեռուստաընկերություններին։

 

VI. Գործավարության և հրապարակային գրվածքների լեզվական ձևավորման օրենսդրական պահանջների կատարման ապահովումը

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

«Լեզվի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածը սահմանում է. «Հայաստանի Հանրապետության պետական մարմինները, ձեռնարկությունները, հիմնարկներն ու կազմակերպությունները պարտավոր են՝

ա) գործավարությունը կատարել հայերեն . . . .

բ) ցուցանակները, ձևաթղթերը, դրոշմանիշները, նամականիշները, կնիքները, միջազգային փոստային ծրարները ձևավորել հայերեն՝ անհրաժեշտության դեպքում զուգակցելով այլ լեզուներով»։

«Գովազդի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածը սահմանում է. «Հայաստանի Հանրապետությունում գովազդի լեզուն հայերենն է։

Անհրաժեշտության դեպքում, որպես լրացում, գովազդատուի հայեցողությամբ գովազդի շարադրանքը կարող է զուգորդվել նաև այլ լեզուներով՝ համեմատաբար փոքր տառերով»։

Գործավարության ու հրապարակային գրվածքների լեզվական կարգավորումն ուղղակիորեն նպաստում է տնտեսավարող սուբյեկտների գործունեության արդյունավետության բարձրացմանը։ Այն կարևոր է նաև սպառողների շահերի պաշտպանության տեսակետից։

Ուստի, այս խնդիրը մշակութայինից զատ ձեռք է բերում նաև առևտրատնտեսական գործնական նշանակություն՝ ձեռներեցության ազատ ծավալման և գովազդի հասարակական շուկայի ձևավորման համար։

 

ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ

 

1. Գործավարության հայերենացումն ընթանում է տարերայնորեն՝ միասնական չափորոշիչների բացակայությամբ։

2. Ցուցանակների մի ստվար մասը ձևավորված է միայն օտար լեզուներով, բացակայում են հայերեն տարբերակները։

3. Ցուցանակների համար սահմանված չէ պետական և օտար լեզուներով գրությունների տառաչափերի հարաբերակցությունը, որի հետևանքով իրենց ավելի մեծ չափերով հիմնականում աչքի են զարնում օտարալեզու գրվածքները։

 

ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1. Պաշտոնական-գրասենյակային գրությունների տիպային նմուշների դասակարգիչների ստեղծումը:

2. Ցուցանակների լեզվական ձևավորման կարգի հաստատումը։

3. Տնտեսավարող սուբյեկտներին լեզվին վերաբերող օրենսդրական պահանջների իրազեկումը։

 

VII. Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների իրավունքների ապահովումը լեզվի բնագավառում

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

«Լեզվի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածը սահմանում է. «Հայաստանի Հանրապետությունն իր տարածքում երաշխավորում է ազգային փոքրամասնությունների լեզուների ազատ գործածությունը»։

Օրենքի 2-րդ հոդվածը սահմանում է. «Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների համայնքներում հանրակրթական ուսուցումը և դաստիարակությունը կարող են կազմակերպվել իրենց մայրենի լեզվով՝ պետական ծրագրով և հովանավորությամբ. . . . .»։

 

ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ

 

1. Ազգային փոքրամասնությունների լեզուները Հայաստանի Հանրապետության լեզվամշակույթի անբաժան մասն են, նրա հարստությունը։ Այդ լեզուների նկատմամբ պետական հոգածությունը մեր երկրի ժողովրդավարացման հետագա ընթացքի և քաղաքացիական հասարակության զարգացման համար ունի հանգուցային նշանակություն։

2. ՀՀ քաղաքացիների իրավունքները լեզվի բնագավառում երկբնույթ են՝ ազգային և հասարակական։ Ազգային մակարդակում ապահովվում է մայրենի լեզվի իմացության, դրանով կրթվելու և այն գործածելու իրավունքը, հասարակականում՝ պետական լեզվի՝ հայերենի իմացության և գործածության՝ ՀՀ բոլոր քաղաքացիների իրավունքն ու պարտականությունը։

3. Որոշ ազգային փոքրամասնությունների ազգային ինքնության պահպանմանը պետականորեն սատարելը շահեկանորեն կարող է ավելի կամրջել մեր երկիրը այդ ժողովուրդների հայրենի պետությունների հետ։

 

ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1. Համակողմանի աջակցությունն ազգային փոքրամասնությունների լեզուների պահպանմանն ու զարգացմանը։

2. Աջակցությունն ազգային փոքրամասնությունների միջև արդյունավետ լեզվական հաղորդակցմանն ու փոխըմբռնմանը՝ Եվրախորհրդի լեզվաքաղաքական նորմերին համապատասխան։

3. Մայրենի լեզվով կրթություն և դաստիարակություն ստանալու՝ ազգային փոքրամասնությունների իրավունքի ապահովման նպատակով տվյալ ազգության մտավորականության գիտամանկավարժական ներուժի ներգրավումը։

4. Աջակցությունն ազգային փոքրամասնությունների լեզուների ուսուցիչների պատրաստման և վերապատրաստման աշխատանքներին։

5. Ազգային փոքրամասնությունների լեզուների դասագրքերի ստեղծման հնարավորությունների վերլուծությունը և հրատարակչական ծրագրի մշակումը։

 

VIII. Աջակցություն սփյուռքի հայապահպանմանը

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

«Լեզվի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածը սահմանում է. «Հայաստանի Հանրապետությունն աջակցում է իր սահմաններից դուրս բնակվող հայերի շրջանում հայոց լեզվի պահպանմանն ու տարածմանը»։

Գրական արևմտահայերենը 1915 թվականի հայոց ցեղասպանությունից հետո ստանձնել է հայ ժողովրդի ցրված բեկորների ազգապահպանման առաքելությունը։

Հայոց պետությունը, ելնելով համայն հայության ամբողջականության գիտակցումից, ազգային շահերը ներկայացնողի իր գործոնով պետք է վճռական դերակատարություն ունենա սփյուռքի հայապահպանման գործում։ Սա է սփյուռքում իրականացվելիք լեզվական քաղաքականության հիմնական նպատակը։

Հայաստանի և սփյուռքի միջև արդյունավետ լեզվահարաբերությունների կարևոր պայման է հայության ամբողջականության լեզվական խնդիրները համախորհուրդ քննարկելու և լուծելու գործելակերպը։

 

ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ

 

1. Վերջին տասնամյակի ժողովրդագրական տեղաշարժերի հետևանքով սփյուռքը խիստ բազմաբովանդակ ու բարդ խճանկար է ներկայացնում: Էապես մեծացել է գրական արևելահայերենի գործառության տիրույթը սփյուռքի հասարակական կյանքում։

2. Տեղական լեզուների ազդեցության հետևանքով ակնհայտ է դառնում հայկական գաղթօջախների լեզվական միասնականության խաթարումը, անընդհատ նվազում է հայախոսների թիվը նոր սերնդի շարքերում:

3. Գրեթե բացակայում են հայոց լեզվի դասավանդման միասնական ծրագրերը և մեթոդական մշակումները։

4. Անկատար են հայերենի ուսուցիչների վերապատրաստման համակարգերը։

5. Դպրոցական տարիքի հայ երեխաների միայն մի մասն է հաճախում սփյուռքի լիօրյա դպրոցներ։

6. Հարկ է նկատել, որ անգամ հայկական դպրոց հաճախող աշակերտության մի մասի համար հայերենը երկրորդ լեզու է։

 

ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1. Սփյուռքի լեզվավիճակի համալիր վերլուծությունը։

2. Սփյուռքում հայերենի ուսուցման մեթոդական հիմքերի կատարելագործումը։

3. Համակարգչային արդիական տեխնոլոգիաների լայն օգտագործումը՝ սփյուռքում գրական հայերենի տարածման նպատակով։

4. Գրական լեզվի երկու ճյուղերի տերմինաբանության և ուղղագրության հարցերի գիտական կանոնարկումը։

5. Սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման (Հայաստանում նախկինում գործող դասընթացների շարունակում), սփյուռքահայ ուսանողների ընդունելության ծավալների ընդլայնումը, գիտնականների ու մասնագետների երկուստեք փորձալրման ու համագործակցության խորացումը:

6. Հայաստանի դպրոցներում արևմտահայերենի և սփյուռքի կրթօջախներում արևմտահայերենի ու արևելահայերենի ուսուցման ծրագրերի և դասագրքերի մշակման ու հրատարակման աշխատանքների կազմակերպումը:

7. ԱՊՀ-ի ռուսախոս հայ գաղթավայրերում հայերենի ինքնուսույցների տարածումը։

8. Հայերենի իմացությունը խրախուսող համահայկական մրցույթների կազմակերպումը:

 

IX. Հայաստանի Հանրապետությունում օտար լեզուների ուսուցման բարելավումը

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈԻՅԹՆԵՐ

 

Համընդհանրացման արդի գործընթացների համատեքստում գործնական հատուկ նշանակություն է ձեռք բերում ՀՀ քաղաքացիների՝ օտար լեզուների իմացության խնդիրը։

Բայց կարևոր է, որ միասնականացման գործընթացները ծառայեն ոչ թե ժողովուրդների միաձուլման, այլ սեփական արժեքների անկողմնակալ և արժանապատիվ գնահատմամբ համաշխարհային հոգևոր մշակույթին հասու լինելու, ազգայինի և համամարդկայինի ներդաշն միահյուսման, այսինքն՝ ազգայինն ավելի լայն ընդգրկմամբ ընկալելու և գնահատելու նպատակին։

 

ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ

 

1. Պետական լեզվի հարաբերությամբ օտար լեզուներն առհասարակ համահավասար դեր ունեն, բայց նաև ակնհայտ է, որ հասարակության վերաբերմունքը դրանց նկատմամբ տարբեր է։ Հայաստանում արդեն վաղուց է, ինչ կարևորվում է ռուսերենի դերը։ Ավանդաբար լինելով մեր տարածքում ուսուցման և շփման երկրորդ լեզուն, նպաստելով համաշխարհային գիտության և մշակույթի նվաճումներին հաղորդակից դառնալուն՝ ռուսերենն ունի հատուկ դեր Հայաստանի հասարակական կյանքում։

Եվրախորհդի անդամ Հայաստանի Հանրապետության պետական լեզվական քաղաքականությունը ռուսաց լեզվի բնագավառում հիմնվում է Եվրախորհրդի լեզվաքաղաքական պահանջների վրա. «Ժամանակն է վերականգնել և կենդանացնել ռուսաց լեզվի ուսուցումը և ուսումնասիրությունը ոչ միայն Ռուսաստանում և հարևան երկրներում, այլև Եվրախորհրդի բոլոր անդամ երկրներում» («Շեմային մակարդակ», հատոր 1-ին, Եվրախորհուրդ, 1996 թ., էջ 3-րդ)։

1997 թվականի օգոստոսի 29-ին Մոսկվայում ստորագրվեց Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև բարեկամության, համագործակցության և փոխօգնության մասին պայմանագիր, որի 16-րդ հոդվածում նշվում է, որ հայկական կողմը Հայաստանի Հանրապետության կրթության համակարգում պայմաններ կստեղծի ռուսաց լեզվի խորացված ուսուցման համար։ Այս պարտավորությունը կյանքի կոչվեց «Ռուսաց լեզուն Հայաստանի Հանրապետության կրթության համակարգում և մշակութային-հասարակական կյանքում» հայեցակարգի մասին» 1999 թվականի սեպտեմբերի 16-ի ՀՀ կառավարության նիստի N 48 արձանագրային որոշմամբ, ըստ որի հանրապետության համապատասխան մասնագիտական կադրերով ապահովված դպրոցներին հնարավորություն տրվեց կազմակերպելու ռուսաց լեզվի խորացված ուսուցում։

2. Վերջին տարիներին Հայաստանի ազատականացման և միջազգային հարաճուն շփումների հետևանքով անգլերենը, ակնհայտորեն ընդլայնելով իր գործառության սահմանները, վայելում է հասարակական բարձր պահանջարկ։ Միևնույն ժամանակ անհրաժեշտ է ապահովել բոլոր օտար լեզուների հավասար բաշխվածությունը կրթության համակարգում:

 

ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1. «Ռուսաց լեզուն Հայաստանի Հանրապետության կրթության համակարգում և մշակութային-հասարակական կյանքում» հայեցակարգի մասին» 1999 թվականի սեպտեմբերի 16-ի ՀՀ կառավարության նիստի N 48 արձանագրային որոշման պահանջների կատարման ընթացքի վերլուծությունը՝ հայեցակարգով սահմանված սկզբունքների լիարժեք ներդրում։

2. Օտար լեզուների խորացված ուսուցման հայեցակարգի մշակումը։

3. Օտար լեզուների ծրագրերի հարմարեցումն արդի մեթոդիկայի պահանջներին։

 

Բ Ա Ժ Ի Ն  4

 

ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ

 

I. Գրական հայերենի կանոնարկումը

 

1. Հայերեն հատուկ անունների՝ օտար լեզուներով և օտար անունների՝ հայերեն տառադարձման և ուղղախոսության կանոնարկում, 2002 թ., 2-րդ եռամսյակ, ՀՀ կառավարությանն առընթեր լեզվի պետական տեսչություն (ԼՊՏ)։

2. Ուղղագրական զուգաձևությունների կանոնարկում, 2002 թ., 3-րդ եռամսյակ, ԼՊՏ։

3. Գրական լեզվում ժողովրդախոսակցական և բարբառային արտահայտչաձևերի հղկում և կանոնարկում, 2002-05 թթ., ԼՊՏ։

4. Կանոնարկող բառարանների, տեղեկատուների ու ձեռնարկների ստեղծում և հրատարակում 2002 թվականից սկսած, ԼՊՏ։

5. Լեզվական անաղարտության չափորոշիչների մշակում և հրատարակում, 2002-03 թթ., ԼՊՏ։

6. Մասնագիտական բազմալեզու տերմինարանների ստեղծում, 2004 թ., ԼՊՏ։

7. Հայերեն-ռուսերեն-անգլերեն-գերմաներեն թեմատիկ բառարանի հրատարակում, 2004 թ., ԼՊՏ։

8. Արևելահայերեն-արևմտահայերեն և հակադարձ բառարանների հրատարակում, 2004 թ., ԼՊՏ։

9. Արդի գրական հայերենի երկու ճյուղերի տարբերությունների տեղեկատուի հրատարակում, 2002 թվականի 4-րդ եռամսյակ, ԼՊՏ։

10. Աշխարհաբարի միասնական բառարանի և համակարգչային տեղեկատուի հրատարակում, 2005 թ., ԼՊՏ։

11. Դարձվածային միավորների համահայերենյան բառարանի հրատարակում, 2005 թ., ԼՊՏ։

12. Ուղղագրության հարցերին նվիրված միջազգային խորհրդաժողովի անցկացում, 2002 թվականի 3-րդ եռամսյակ, ԼՊՏ։

 

II. Համակարգչային համացանցում հայերենի լիածավալ ներկայացման ապահովումը

 

1. Ինֆորմատիկայի (ծրագրավորման) բնագավառի տերմինացանկի հայերենացում, 2002 թվականի 4-րդ եռամսյակ, ԼՊՏ։

2. Ինքնաշխատ ուսումնական գործընթացի համար նախատեսված հայերեն ծրագրերի մշակում, 2002 թվականի 4-րդ եռամսյակ, ԼՊՏ։

3. Անգլերենից, ֆրանսերենից, գերմաներենից ու ռուսերենից հայերեն կամ հակառակ թարգմանությունն իրականացնող թարգմանիչ ծրագրերի ստեղծման մրցույթի անցկացում, 2003 թվականի 2-րդ եռամսյակ, ԼՊՏ։

4. Հայերենով համակարգչային հանրագիտարանների, խաղերի և համակարգչային մուլտիպլիկացիայի ստեղծում, 2003-04 թթ., ԼՊՏ։

5. Հայերեն տեղեկատվական շտեմարանների, հայերենից օտար լեզուներ և հակադարձ ինքնաշխատ թարգմանական ծրագրերի ստեղծման կարգի հաստատում՝ ՀՀ կառավարության որոշմամբ, 2002 թվականի 4-րդ եռամսյակ, ԼՊՏ։

6. Համակարգչային միջազգային ծրագրերի հայերեն թարգմանության, համակարգչային ցանցերում դրանց ներդրման կարգի հաստատում՝ ՀՀ կառավարության որոշմամբ, 2003 թ., ԼՊՏ։

7. Համակարգչային տառատեսակների չափորոշման սկզբունքների սահմանման կարգի հաստատում՝ ՀՀ կառավարության որոշմամբ, 2002 թվականի 3-րդ եռամսյակ, ԼՊՏ։

8. Այբբենարանի միասնական ձեռագիր տառատեսակների չափորոշչի սահմանման կարգի հաստատում, 2002 թվականի 3-րդ եռամսյակ, ՀՀ կրթության և գիտության նախարարություն, ԼՊՏ:

 

III. Պետական լեզվով կրթության և դաստիարակության իրավունքի ապահովումը

 

1. Հայոց լեզվի նորաստեղծ հանրակրթական ծրագրերի նախագծերի և դասագրքերի ձեռագրերի համաձայնեցում ՀՀ կառավարությանն առընթեր լեզվի պետական տեսչության հետ, 2002 թվականից սկսած, ՀՀ կրթության և գիտության նախարարություն, ԼՊՏ:

2. Հանրակրթական դպրոցների դասարանների համալրման նոր կարգի հաստատում, 2002 թվականի 2-րդ եռամսյակ, ՀՀ կրթության և գիտության նախարարություն, ԼՊՏ:

3. Ըստ մասնագիտությունների՝ հայոց լեզվի տարբերակված ծրագրերի և ձեռնարկների ստեղծում բուհերի համապատասխան ամբիոնների կողմից, 2002 թ., ՀՀ կրթության և գիտության նախարարություն, ԼՊՏ:

 

IV. Հայերենի հանրային ուսուցման ապահովումը ոչ հայախոսների համար

 

1. Ոչ հայախոսների համար նախատեսված հայոց լեզվի ձեռնարկ-ինքնուսույցների հրատարակում, 2002 թվականի 3-րդ եռամսյակ, ԼՊՏ։

2. Բառարանների հրատարակում. «Հայոց լեզվի բառակազմական բառարան», «Հայոց շարժումների լեզուն», «Թուրքերեն-հայերեն բառարան», «Վրացերեն-հայերեն բառարան», «Ռուս-հայերեն ընդարձակ բառարան», «Ուղղագրական-բառակազմական-բացատրական ուսումնական բառարան», «Հետաքրքրաշարժ հայոց լեզու», «Հայոց լեզու» հանրագիտարան, «Հայոց լեզվի ուսումնական պատկերազարդ բառարան», 2003 թվականի 2-րդ եռամսյակ, ԼՊՏ։

3. Ռուսերենով ուսուցմամբ դասարաններ ունեցող դպրոցներում հայերենի անվճար դասընթացներ կազմակերպելու և անցկացնելու մասին կարգի հաստատում, 2002 թվականի 3-րդ եռամսյակ, ՀՀ կրթության և գիտության նախարարություն, ԼՊՏ:

 

V. Աջակցություն զանգվածային լրատվության միջոցների լեզվական անաղարտության ապահովմանը

 

1. ՀՀ կառավարությանն առընթեր լեզվի պետական տեսչության «Լեզվաշխարհ» պաշտոնական պարբերական տեղեկատուի հրատարակում, 2002 թվականից սկսած, ԼՊՏ։

2. Հրատարակչությունների համար նախատեսվող լեզվական տեղեկատուների հրատարակում, 2002 թվականի 3-րդ եռամսյակ, ԼՊՏ:

3. «Զանգվածային լրատվության միջոցների լեզվական խնդիրները» թեմայով գիտաժողովի անցկացում, 2002 թվականի 3-րդ եռամսյակ, ՀՀ տեղեկատվության և գրահրատարակչության վարչություն, ԼՊՏ:

4. Լրատվամիջոցներում տեղ գտած սխալների վերլուծության հիման վրա տեղեկանքների պատրաստում և հրապարակում, 2002-05 թթ., ԼՊՏ։

5. Ամենագրագետ լրագրողի և պարբերականի համար ամենամյա մրցույթի անցկացում, 2002 թվականի 2-րդ եռամսյակից սկսած, ՀՀ տեղեկատվության և գրահրատարակչության վարչություն, ԼՊՏ:

6. Հեռուստաընկերություններին մասնագիտական խորհրդատվության իրականացում օտարալեզու ֆիլմերի (հաղորդումների) թարգմանություններն ապահովելու նպատակով, 2002 թվականի 2-րդ եռամսյակից սկսած, ԼՊՏ։

 

VI. Գործավարության և հրապարակային գրվածքների լեզվական ձևավորման վերաբերյալ օրենսդրական պահանջների կատարման ապահովումը

 

1. Պաշտոնական-գրասենյակային գրությունների տիպային նմուշների դասակարգիչների ներդրման կարգի հաստատում, 2002 թվականի 3-րդ եռամսյակ, ԼՊՏ, ՀՀ կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչություն:

2. Ցուցանակների լեզվական ձևավորման կարգի հաստատում՝ ՀՀ կառավարության որոշմամբ, 2002 թվականի 1-ին եռամսյակ, ՀՀ առևտրի և արդյունաբերության նախարարություն, ԼՊՏ։

3. Տնտեսավարող սուբյեկտներին լեզվին վերաբերող օրենսդրական պահանջների իրազեկում, 2002 թվականից սկսած, ԼՊՏ։

 

VII. Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների իրավունքների ապահովումը լեզվի բնագավառում

 

1. Հայոց լեզվի դասընթացներում ազգային փոքրամասնությունների ներգրավում, 2002 թվականից սկսած, ԼՊՏ։

2. «Ազգային փոքրամասնությունների լեզուների պահպանման և զարգացման հիմնախնդիրները» թեմայով գիտաժողովի անցկացում, 2002 թվականի 2-րդ եռամսյակ, ԼՊՏ։

3. «Ազգային փոքրամասնությունների լեզուները ՀՀ կրթության համակարգում» թեմայով գիտամանկավարժական համաժողովի անցկացում, 2002 թվականի 3-րդ եռամսյակ, ՀՀ կրթության և գիտության նախարարություն, ԼՊՏ։

4. Ազգային փոքրամասնությունների լեզուներով դասավանդողների վերապատրաստումն իրականացնող մասնագետների հաշվառում, 2002 թվականի 2-րդ եռամսյակ, ՀՀ կրթության և գիտության նախարարություն, ԼՊՏ:

5. Ազգային փոքրամասնությունների լեզուների դասագրքերի գիտամեթոդական ուսումնասիրություն, 2002 թվականի 3-րդ եռամսյակ, ՀՀ կրթության և գիտության նախարարություն, ԼՊՏ:

 

VIII. Աջակցություն սփյուռքի հայապահպանմանը

 

1. Սփյուռքի լեզվական քարտեզի ստեղծում, 2002-03 թթ., ԼՊՏ, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա:

2. Երկլեզու և բազմալեզու բառարանների հրատարակում տարիքային բոլոր խմբերի համար, հատուկ ինքնուսույցների ստեղծում՝ հայերենը որպես երկրորդ լեզու գործածելու և ուսուցանելու համար, 2003 թ., ԼՊՏ։

3. ԱՊՀ-ի հայ գաղթավայրերում հայերենի ինքնուսույցների տարածում, 2003-04 թթ., ՀՀ կրթության և գիտության նախարարություն, ԼՊՏ:

4. Գրական լեզվի երկու ճյուղերով համակարգչային խաղերի ստեղծում և տարածում սփյուռքում, 2003-05 թթ., ԼՊՏ։

5. Հայերենի բարձրագույն խորհրդի աշխատանքներին սփյուռքի ականավոր մտավորականների գործուն մասնակցության ապահովում, 2002 թվականի 2-րդ եռամսյակ, ԼՊՏ։

6. «Գրական լեզվի երկու ճյուղերի տերմինաբանության և ուղղագրության հիմնահարցերը» թեմայով խորհրդաժողովի անցկացում, 2002 թվականի 4-րդ եռամսյակ, ԼՊՏ։

7. Հայերենի իմացությունը խրախուսող համահայկական մրցույթների կազմակերպում, ՀՀ կրթության և գիտության նախարարություն, ՀՀ արտաքին գործերի նախարարություն, ԼՊՏ:

 

IX. Հայաստանի Հանրապետությունում օտար լեզուների ուսուցման բարելավում

 

1. 1999 թվականի սեպտեմբերի 16-ի ՀՀ կառավարության նիստի «Ռուսաց լեզուն Հայաստանի Հանրապետության կրթության համակարգում և մշակութային-հասարակական կյանքում» հայեցակարգի մասին» N 48 արձանագրային որոշման պահանջների կատարման ընթացքի մասին հաշվետվությունների քննարկմանը նվիրված գիտագործնական հավաքի անցկացում, 2002 թվականի 4-րդ եռամսյակ, ՀՀ կրթության և գիտության նախարարություն, ԼՊՏ:

2. «Օտար լեզուները ՀՀ կրթության համակարգում» թեմայով գիտաժողովի անցկացում, 2002 թվականի 4-րդ եռամսյակ, ՀՀ կրթության և գիտության նախարարություն, ԼՊՏ։

3. Օտար լեզուների խորացված ուսուցման հայեցակարգի հաստատում՝ ՀՀ կառավարության որոշմամբ, 2003 թվականի 1-ին եռամսյակ, ՀՀ կրթության և գիտության նախարարություն, ԼՊՏ:

 

Բ Ա Ժ Ի Ն 5

 

ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

Ծրագրով նախատեսվող միջոցառումների ֆինանսական ապահովումն անհրաժեշտ է իրականացնել երկու ուղղությամբ՝

- բյուջետային ֆինանսավորման աճ՝ ՀՀ կառավարությանն առընթեր լեզվի պետական տեսչության կանոնադրական պարտականությունների կատարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով,

- արտաբյուջետային աղբյուրների (դրամաշնորհներ) ընդգրկում՝ լրացուցիչ միջոցառումների կատարումն ապահովելու նպատակով։

Ծրագրի իրականացման համար ծախսերի ծավալը կարող է յուրաքանչյուր տարի ճշտվել՝ ելնելով ՀՀ պետական բյուջեի և օրենքով չարգելված այլ աղբյուրների հնարավորությունից։

 

I. Բյուջետային ֆինանսավորման ենթակա միջոցառումները

 

ա) հրատարակչական աշխատանքներ՝

- ՀՀ կառավարությանն առընթեր լեզվի պետական տեսչության «Լեզվաշխարհ» ամենամսյա պաշտոնական պարբերական,

- ՀՀ կառավարությանն առընթեր լեզվի պետական տեսչության «Լեզվական տեղեկատու (տարեգիրք)»,

- «Լեզվաբանական հանդես» (եռամսյա),

- հայոց լեզվի ձեռնարկ-ինքնուսույց ոչ հայախոսների համար.

բ) ծրագրաստեղծ աշխատանքներ՝

- ուսումնական գործընթացի համար նախատեսված հայերեն ինքնաշխատ համակարգչային ծրագրերի ստեղծում,

- միջազգային համակարգչային ծրագրերի թարգմանություն.

գ) խորհրդաժողովներ՝

- «Ազգային փոքրամասնությունների լեզուների պահպանման և զարգացման հիմնախնդիրները» թեմայով,

- «Գրական լեզվի երկու ճյուղերի տերմինաբանության և ուղղագրության հիմնահարցերը» թեմայով գիտաժողովի անցկացում։

 

II. Արտաբյուջետային ֆինանսավորման ենթակա միջոցառումները

 

ա) հրատարակչական աշխատանքներ՝

- տեղեկատուներ, բառարաններ, ինքնուսույցներ.

բ) գիտական աշխատանքներ՝

- համակարգչային սրբագրիչ և թարգմանիչ ծրագրերի ստեղծում,

- հայերենով համակարգչային խաղերի և անիմացիայի, համակարգչային մուլտիպլիկացիայի ստեղծում,

- սփյուռքի լեզվական քարտեզի ստեղծում.

գ) խորհրդաժողովներ՝

- «Օտար լեզուները ՀՀ կրթության համակարգում» թեմայով,

- «Ազգային փոքրամասնությունների լեզուները ՀՀ կրթության համակարգում» թեմայով։