Գլխավոր տեղեկություն
Համար
N 136
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.03.2002-14.02.2003)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.03.07/9(184) Հոդ.142
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.02.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.02.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
13.02.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.03.2002
Ուժը կորցնելու ամսաթիվ
14.02.2003

040.0136.13.02.02

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
13 փետրվարի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 փետրվարի 2002 թվականի N 136
քաղ. Երևան

ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Մարդասիրական օգնության և բարեգործական ծրագրերի արդյունավետությունն ապահովելու և դրանք, որպես այդպիսիք, որակելու գործընթացը կատարելագործելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ՝

ա) այլ պետությունների, միջազգային միջկառավարական (միջպետական) կազմակերպությունների, միջազգային, օտարերկրյա և Հայաստանի Հանրապետության ոչ առևտրային կազմակերպությունների, ինչպես նաև ֆիզիկական անձանց կողմից ապրանքների, ծառայությունների և աշխատանքների անհատույց տրամադրումը կարող է որակվել որպես՝

մարդասիրական օգնություն, եթե անմիջականորեն ուղղված է մարդկանց ֆիզիկական և հոգևոր պահանջմունքների բավարարմանը, մասնավորապես, նրանց սննդի, առողջության, կրթության, բնակարանային կամ կենցաղային պայմանների բարելավմանը, աշխատանքային հմտությունների և ունակությունների զարգացմանը.

բարեգործություն (նույնն է՝ տեխնիկական օգնություն), եթե ուղղված է առողջապահական, սոցիալական, գիտական, ուսումնական, դաստիարակչական, մշակութային, մարզական, բնապահպանական և համանման բնույթի այլ կազմակերպություններին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությանն ու Հայաստանի Հանրապետության համայնքներին.

բ) մարդասիրական օգնության կամ բարեգործական որակման են ենթակա ինչպես մեկ առանձին գործարքը, այնպես էլ որոշակիորեն առանձնացված և միմյանց համանման շահառուների որոշակի շրջանակին ուղղված գործարքների համախումբը (այսուհետև՝ ծրագիր).

գ) մարդասիրական օգնության կամ բարեգործական կոնկրետ ծրագրի կամ գործարքի (այսուհետև՝ ծրագրեր կամ ծրագիր) համար հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով արտոնությունները Հայաստանի Հանրապետության օրենքներով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով անմիջականորեն սահմանված չլինելու կամ ծրագիրն անմիջականորեն մարդասիրական օգնության կամ բարեգործական որակված չլինելու դեպքերում, երբ օրենքով սահմանված է այդպիսի արտոնությունների տրամադրումը՝ դրանք մարդասիրական օգնության և բարեգործական ծրագրեր որակելու հիման վրա, ապա դրանք նման որակման են ենթակա սույն որոշմամբ սահմանված կարգով.

դ) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատանքային ծրագրերին համահունչ և կարևոր հասարակական նշանակություն ունեցող մարդասիրական օգնության կամ բարեգործական ծրագրերում Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին օրենքին համապատասխան կարող է հանդես գալ որպես համաֆինանսավորող՝ այն իրականացնելով սույն որոշմամբ սահմանված կարգով և ժամկետներում.

ե) մարդասիրական օգնության կամ բարեգործական ծրագրերի համաֆինանսավորման վերաբերյալ առաջարկությունները սահմանված կարգով ներկայացվում են Հայաստանի Հանրապետության կառավարություն.

զ) մինչև 2002 թվականի հունվարի 1-ը որպես մարդասիրական օգնություն կամ բարեգործություն որակված և դեռևս չավարտված ծրագրերի շրջանակներում ավելացված արժեքի հարկի գումարների փոխհատուցումներ կատարելու վերաբերյալ առաջարկությունները ներկայացվում և քննարկվում են սույն որոշմամբ սահմանված կարգով.

է) այն դեպքում, երբ սույն որոշմամբ սահմանված կարգով ծրագրի մարդասիրական օգնության կամ բարեգործական որակումը դադարեցվում է, ապա տվյալ ծրագրի՝ Հայաստանի Հանրապետության կառավարության համաֆինանսավորած գումարների այն մասը, որը սահմանված է նշված որակումը դադարեցնելու մասին որոշմամբ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է գանձման Հայաստանի Հանրապետության պետական բյուջե՝ ծրագիրն իրականացնող անձից:

2. Մարդասիրական օգնության համակարգման գծով Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի «ժե» ենթակետով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովին:

3. Հաստատել՝

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի կանոնադրությունը (կցվում է).

բ) մարդասիրական օգնության և բարեգործական ծրագրերի՝ որպես այդպիսիք որակելու կարգը (կցվում է).

գ) մարդասիրական օգնության և բարեգործական ծրագրերի շրջանակներում վճարման ենթակա ավելացված արժեքի հարկի գումարների փոխհատուցումն իրականացնելու կարգը (կցվում է):

4. Հայաստանի Հանրապետության նախարարություններին և գերատեսչություններին, Հայաստանի Հանրապետության մարզպետներին ու Երևանի քաղաքապետին՝ Հայաստանի Հանրապետության օրենքներին, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին, Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի որոշումներին համապատասխան իրականացվող մարդասիրական օգնության կամ բարեգործական ծրագրերի, դրանց կատարման ընթացքի ու դրանց շրջանակներում իրականացված գործարքների մասին ստացված տեղեկատվությունը, եթե այն չի տրված Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի կողմից, այն ստացվելուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, ուղարկել Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողով:

5. Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովին՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա վերջին աշխատանքային օրը Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել մարդասիրական օգնության և բարեգործական ծրագրերի կատարման ընթացքի մասին եռամսյակային ամփոփ տեղեկատվություն:

6. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունիսի 28-ի «Մարդասիրական օգնության և բարեգործական ծրագրերի և դրանք որպես այդպիսիք որակելու կարգը հաստատելու մասին» N 573 որոշման 1-ին կետից մինչև 5-րդ կետը ներառյալ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2002 թվականի
փետրվարի 13-ի N 136 որոշմամբ

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն կանոնադրությունը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի (այսուհետև՝ հանձնաժողով) կազմակերպման և գործունեության կարգը:

2. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ:

3. Հանձնաժողովը կազմված է նախագահից, նախագահի տեղակալից, քարտուղարից և անդամներից:

Հանձնաժողովի կազմում կարող են ընդգրկվել Հայաստանի Հանրապետության պետական մարմինների, այլ կազմակերպությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում մարդասիրական օգնության ու բարեգործական գործունեություն իրականացնող օտարերկրյա կազմակերպությունների ներկայացուցիչներ, առանձին բարեգործներ:

Հանձնաժողովի անհատական կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:

4. Հանձնաժողովի գործունեության հետ կապված ծախսերը ֆինանսավորվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի միջոցով:

5. Հանձնաժողովի անդամներն իրենց պարտականությունները կատարում են հասարակական հիմունքներով:

6. Հանձնաժողովն ունի իր անվամբ կլոր կնիք և ձևաթուղթ:

7. Հանձնաժողովի աշխատակազմի գործառույթներն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի վարկային, դրամաշնորհային և մարդասիրական օգնության ծրագրերի վարչությունը, որի պետը, ի պաշտոնե, հանդիսանում է հանձնաժողովի նախագահի տեղակալը:

8. Հանձնաժողովն իր գործունեության համար հաշվետու է Հայաստանի Հանրապետության կառավարությանը:

 

II. Հանձնաժողովի նպատակն ու գործառույթները

 

9. Հանձնաժողովի նպատակը Հայաստանի Հանրապետությունում մարդասիրական օգնության և բարեգործական գործունեության համակարգումն է:

10. Հանձնաժողովի գործառույթներն են՝

ա) ծրագրերը մարդասիրական օգնության կամ բարեգործական որակելը.

բ) ծրագրի՝ մարդասիրական օգնության կամ բարեգործական որակումը դադարեցնելը, իսկ եթե նման որակումը բխում է այլ իրավական ակտից, քան հանձնաժողովի որոշումն է, ապա այդ որակումը դադարեցնելու մասին միջնորդություն ներկայացնելը տվյալ իրավական ակտն ընդունած մարմին.

գ) մարդասիրական օգնության կամ բարեգործական ծրագրերի իրականացման նկատմամբ վերահսկողության իրականացումը, դրանց ընթացքի վերաբերյալ եռամսյակային և ավարտի վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն ստանալը.

դ) մարդասիրական օգնության կամ բարեգործական ծրագրերի մասին տեղեկատվությունների հիման վրա վարչական ռեգիստրի վարումը.

ե) մարդասիրական օգնության և բարեգործական ծրագրերի շրջանակներում «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի «ժե» ենթակետին համապատասխան փոխհատուցման ենթակա ավելացված արժեքի հարկի գումարների փոխհատուցման վերաբերյալ դիմումների քննարկումն ու լուծում տալը.

զ) մարդասիրական օգնության կամ բարեգործական ծրագրերի կատարման պրակտիկայի ուսումնասիրությունը, դրանց արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցների ձեռնարկումը, այդ թվում՝ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու համար համապատասխան պետական մարմիններ միջնորդություններ ներկայացնելը.

է) մարդասիրական օգնության կամ բարեգործական ծրագրի կատարման վերաբերյալ ամփոփ տեղեկատվությունների քննարկումը և ծրագրի իրականացման հավաստումը.

ը) մարդասիրական օգնության կամ բարեգործության կարգով Հայաստանի Հանրապետության անունով ստացված ապրանքների հաշվառման ու բաշխման աշխատանքների կազմակերպումը և (կամ) իրականացումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության՝ տվյալ ապրանքների տնօրինման վերաբերյալ որոշմամբ սահմանված լիազորություններին համապատասխան.

թ) մարդասիրական օգնության և բարեգործության բնագավառում հրապարակայնության ապահովումը.

ժ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ գործառույթների իրականացումը:

11. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում համագործակցում է Հայաստանի Հանրապետության պետական մարմինների, ինչպես նաև մարդասիրական օգնության և բարեգործության ծրագրեր իրականացնող կազմակերպությունների հետ:

Իր գործառույթների իրականացման նպատակով հանձնաժողովն իրավասու է օրենքով սահմանված կարգով պահանջելու և Հայաստանի Հանրապետության պետական մարմիններից, տեղական ինքնակառավարման մարմիններից, կազմակերպություններից ստանալու իր գործունեության համար անհրաժեշտ տեղեկատվություն, վերլուծական նյութեր և այլ փաստաթղթեր:

12. Հանձնաժողովը կարող է հրավիրել համաժողովներ՝ հանձնաժողովի կատարած աշխատանքների և Հայաստանի Հանրապետությունում իրագործվող մարդասիրական օգնությանն ու բարեգործությանն առնչվող հարցերի քննարկման նպատակով:

 

III. Հանձնաժողովի գործունեության կազմակերպումը

 

13. Հանձնաժողովն իր գործունեությունը կազմակերպում և իրականացնում է իր իրավասությունների սահմաններում, նիստերի, հարցման կարգով որոշումների ընդունման, հանձնաժողովի նախագահի, նախագահի տեղակալի, հանձնաժողովի քարտուղարի, հանձնաժողովի աշխատակազմի, ինչպես նաև որոշակի խնդիրների լուծման նպատակով իր լիազորություններին համապատասխան և իր կողմից ստեղծված աշխատանքային խմբերի միջոցով:

Հանձնաժողովի աշխատանքային խումբն իր գործունեությունն իրականացնում է հանձնաժողովի հաստատած աշխատակարգին և աշխատանքների կատարման ժամանակացույցին համապատասխան:

Հանձնաժողովն իր աշխատանքներում կարող է ներգրավել Հայաստանի Հանրապետության պետական մարմինների աշխատողների և մասնագետների:

14. Հանձնաժողովի նիստերը հրավիրվում են ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ:

Հանձնաժողովի նախագահի հրավերով կամ հանձնաժողովի որոշմամբ խորհրդակցական ձայնի իրավունքով հանձնաժողովի նիստին կարող են մասնակցել հանձնաժողովի անդամ չհանդիսացող անձինք:

15. Հանձնաժողովի նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդը: Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են նիստին ներկա անդամների, իսկ հարցման կարգով քննարկում կազմակերպելու դեպքում՝ հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:

Հանձնաժողովի նախագահի, հանձնաժողովի նախագահի տեղակալի, հանձնաժողովի քարտուղարի կամ հանձնաժողովի անդամի պահանջի դեպքում ընդունված որոշման վերաբերյալ նրա առարկությունը կամ վերապահումը պետք է արտացոլվի հանձնաժողովի նիստի արձանագրության մեջ:

16. Հանձնաժողովի որոշումներն ստորագրում են հանձնաժողովի նախագահը և հանձնաժողովի քարտուղարը:

17. Ծրագրերը մարդասիրական օգնության կամ բարեգործական որակելու, այդպիսի որակումը դադարեցնելու մասին հարցերը քննարկվում, դրանց վերաբերյալ որոշումներն ընդունվում և իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

18. Հանձնաժողովի նախագահը՝

ա) կազմակերպում և ղեկավարում է հանձնաժողովի գործունեությունը, ապահովում նրա բնականոն աշխատանքը.

բ) նշանակում է հանձնաժողովի նիստի անցկացման օրը, ժամը և վայրը.

գ) հանձնաժողովի հաստատմանն է ներկայացնում նիստի օրակարգի նախագիծը, իսկ անհրաժեշտության դեպքում առանձին հարցերի քննարկումը կազմակերպում է հարցման միջոցով.

դ) վարում է հանձնաժողովի նիստերը.

ե) ստորագրում է հանձնաժողովի որոշումները.

զ) հանձնաժողովի նախագահի տեղակալի ներկայացմամբ՝ մակագրությամբ հավաստում կամ անհրաժեշտության դեպքում ծրագրի ավարտի հավաստման հարցը ներկայացնում է հանձնաժողովի քննարկմանը.

է) հանձնաժողովի նախագահի տեղակալի ներկայացմամբ քննարկում և սահմանված կարգով ընթացք է տալիս մարդասիրական օգնության ու բարեգործական ծրագրերի շրջանակներում «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի «ժե» ենթակետին համապատասխան փոխհատուցման ենթակա ավելացված արժեքի հարկի գումարների փոխհատուցման վերաբերյալ դիմումներին.

ը) մարդասիրական օգնության կամ բարեգործական ծրագրերի իրականացման փորձի ուսումնասիրության հիման վրա միջոցներ է ձեռնարկում այդ փորձը կատարելագործելու, ծրագրերի արդյունավետությունը բարձրացնելու համար, ինչպես նաև հայտնաբերված խախտումների կապակցությամբ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ միջնորդություններ և առաջարկություններ ներկայացնում համապատասխան պետական մարմիններ.

թ) անհրաժեշտության դեպքում միջնորդություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտե՝ մարդասիրական օգնության կամ բարեգործական ծրագրերի իրականացման համար ներմուծվող ապրանքների՝ «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով ներմուծումը թույլատրելու վերաբերյալ.

ժ) կազմակերպում է մարդասիրական օգնության կամ բարեգործության կարգով Հայաստանի Հանրապետության անունով ստացված ապրանքների հաշվառման ու բաշխման աշխատանքները.

ժա) ապահովում է հանձնաժողովի աշխատանքի լուսաբանումն ու հրապարակայնությունը.

ժբ) ներկայացնում է հանձնաժողովը Հայաստանի Հանրապետությունում, այլ պետություններում և միջազգային կազմակերպություններում.

ժգ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:

19. Հանձնաժողովի նախագահի տեղակալը՝

ա) կատարում է հանձնաժողովի նախագահի՝ հանձնաժողովի աշխատանքի կազմակերպմանը վերաբերող հանձնարարականները.

բ) հանձնաժողովի նախագահի բացակայության դեպքում փոխարինում է նրան.

գ) կազմակերպում և ղեկավարում է հանձնաժողովի աշխատակազմի գործունեությունը.

դ) համակարգում է հանձնաժողովի ստեղծած աշխատանքային խմբերի աշխատանքը.

ե) ստանում և ուսումնասիրում է՝

ծրագրերն իրականացնող կազմակերպություններից մարդասիրական օգնության կամ բարեգործական ծրագրերի իրականացման ընթացքի վերաբերյալ եռամսյակային և ավարտի վերաբերյալ ամփոփ տեղեկությունները.

ծրագրի կատարման արդյունքների հանձնման-ընդունման վերաբերյալ փաստաթղթերը, եթե հանձնման-ընդունման կարգ է սահմանված ծրագրով կամ ծրագիրը մարդասիրական օգնության կամ բարեգործական որակելու մասին որոշմամբ, կամ այլ իրավական ակտով.

ծրագրի կատարման արդյունքների նկատմամբ հսկողություն իրականացնող անձի հաշվետվությունը, եթե ծրագիրը մարդասիրական օգնության կամ բարեգործական որակելու մասին որոշմամբ նշանակված է այդպիսի անձ.

բարեգործի, ծրագիրն իրականացնող անձի, այլ շահագրգիռ կողմերի՝ սեփական նախաձեռնությամբ ներկայացրած փաստաթղթերը.

իր կամ այլոց նախաձեռնությամբ կազմակերպված շահառուների հարցման արդյունքում ձեռք բերված տվյալները.

«Հայաստանի Հանրապետության տարածքում գործող կազմակերպություններում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան կատարված ստուգումների արդյունքները.

մարդասիրական օգնության կամ բարեգործական ծրագրերի, դրանց ընթացքի և արդյունքների մասին ձեռք բերված և ստացված այլ տեղեկություններ.

ստացված տեղեկությունների հիման վրա վարում է մարդասիրական օգնության և բարեգործական ծրագրերի վարչական ռեգիստրը.

մարդասիրական օգնության և բարեգործական ծրագրերի ընթացքի ու ավարտի մասին տեղեկությունների ուսումնասիրության արդյունքում՝

աշխատակազմի պատասխանատու աշխատողի հետ քննարկում է մարդասիրական օգնության կամ բարեգործական ծրագրի իրականացման ամփոփ տեղեկությունները և հանձնաժողովի նախագահին առաջարկություն է ներկայացնում տվյալ ծրագրի ավարտը հավաստելու վերաբերյալ,

սահմանված տեղեկությունները ծրագիր իրականացնող կազմակերպության կողմից լիազորված մարմնին չտրամադրվելու կամ ներկայացված փաստաթղթերում իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ հայտնաբերվելու, ծրագիրն իրականացնող կազմակերպության գործունեության մեջ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների էական խախտումների առկայության, ինչպես նաև ծրագրի նպատակները չիրականացվելու դեպքում հանձնաժողովի նախագահին առաջարկություն է ներկայացնում տվյալ ծրագրի մարդասիրական օգնության կամ բարեգործական որակումը դադարեցնելու վերաբերյալ.

ամփոփում է մարդասիրական օգնության կամ բարեգործական ծրագրերի իրականացման պրակտիկան, ստացված արդյունքները և այդ պրակտիկան կատարելագործելու, ծրագրերի արդյունավետությունը բարձրացնելու, ինչպես նաև հայտնաբերված խախտումների կապակցությամբ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ առաջարկությունները ներկայացնում է հանձնաժողովի նախագահին.

զ) քննարկում է մարդասիրական օգնության և բարեգործական ծրագրերի շրջանակներում «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի «ժե» ենթակետին համապատասխան փոխհատուցման ենթակա ավելացված արժեքի հարկի գումարների փոխհատուցման վերաբերյալ դիմումները և առաջարկություն ներկայացնում հանձնաժողովի նախագահին.

է) կազմակերպում և իրականացնում է մարդասիրական օգնության կամ բարեգործության կարգով Հայաստանի Հանրապետության անվամբ ստացված ապրանքների հաշվառման ու բաշխման աշխատանքները.

ը) մարդասիրական օգնության և բարեգործության բնագավառում հրապարակայնության ապահովման նպատակով զանգվածային լրատվության միջոցներին տրամադրելու համար անհրաժեշտ տեղեկատվություն է ներկայացնում հանձնաժողովի նախագահին.

թ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:

20. Հանձնաժողովի քարտուղարը՝

ա) նախապատրաստում է հանձնաժողովի նիստի օրակարգի նախագիծը, անհրաժեշտ նյութերն ու որոշումների նախագծերը և դրանք ներկայացնում հանձնաժողովի նախագահին.

բ) ոչ ուշ, քան հանձնաժողովի նիստից երկու օր առաջ հանձնաժողովի անդամներին է ուղարկում նիստի օրակարգի նախագիծն ու նախատեսված հարցերին առնչվող նյութերը.

գ) կազմակերպում է հանձնաժողովի նիստի նախապատրաստումը.

դ) ստորագրում է հանձնաժողովի ընդունած որոշումները և հանձնաժողովի նիստերի արձանագրությունները.

ե) սահմանված ժամկետում համապատասխան կազմակերպություններ է ուղարկում հանձնաժողովի որոշումները.

զ) կազմակերպում է հանձնաժողովի գործավարությունը.

է) հանձնաժողովի նախագահի և հանձնաժողովի նախագահի տեղակալի բացակայության դեպքում վարում է հանձնաժողովի նիստերը.

ը) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:

21. Հանձնաժողովի անդամները՝

ա) պարտավոր են սահմանված կարգով մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին.

բ) պատասխանատու են հանձնաժողովի որոշմամբ իրենց տրված հանձնարարականների կատարման համար.

գ) իրավունք ունեն ծանոթանալու ցանկացած ծրագրի ընթացքի և արդյունքների վերաբերյալ հանձնաժողովի աշխատակազմում առկա նյութերին և հանձնաժողովի նիստերի արձանագրություններին.

դ) հանձնաժողովի նիստից առաջ կարող են առաջադրել հարցեր հանձնաժողովի նիստի օրակարգում ընդգրկելու նպատակով, ինչպես նաև հայտնել իրենց կարծիքն օրակարգի մասին.

ե) հանձնաժողովի ընդունած որոշումը չեղյալ համարելու կամ փոփոխելու, կամ լրացնելու վերաբերյալ հարցը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն:

Հանձնաժողովի անդամներն իրականացնում են նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ իրենց վերապահված այլ լիազորություններ:

 

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2002 թվականի
փետրվարի 13-ի N 136 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

մարդասիրական օգնության եվ բարեգործական ծրագրերը որպես այդպիսիք որակելու

 

1. Սույն կարգով սահմանվում են ծրագիրը կամ գործարքը (այսուհետև՝ ծրագիր) մարդասիրական օգնության կամ բարեգործական որակելու մասին հայտը ներկայացնելու, քննարկելու և որոշում ընդունելու, այդպիսի որակում ունեցող ծրագրերի կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու, այդ որակումը դադարեցնելու ընթացակարգերը:

Ծրագիրը սույն կարգով սահմանված ընթացակարգով մարդասիրական օգնության կամ բարեգործական որակելու խնդիրը կարող է դրվել այն դեպքերում, երբ ծրագրի նախաձեռնողները նախատեսում են ծրագրի շրջանակներում՝ օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության կառավարության համաֆինանսավորումից կամ հարկերի, տուրքերի ու պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից (այսուհետև՝ հարկային արտոնություններ), և եթե նշված համաֆինանսավորման կատարումը կամ հարկային արտոնությունները կամ հիշյալ որակումն անմիջականորեն չեն բխում Հայաստանի Հանրապետության օրենքներից և (կամ) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերից:

2. Ծրագրերը մարդասիրական օգնության կամ բարեգործական որակելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կարգով:

3. Ծրագիրը կարող է բովանդակել՝

ա) ծրագրի անվանումը և նպատակները,

բ) ծրագրի իրականացման վայրը և բնագավառը (մարզը, համայնքը, բնակավայրը, կազմակերպությունը, նախարարությունը, գերատեսչությունը),

գ) ծրագրի իրականացման համար ֆինանսական և այլ միջոցների աղբյուրների (պետությունը, իրավաբանական կամ ֆիզիկական անձինք) ու չափերի մասին տվյալներ,

դ) ծրագրի շահառուները (ֆիզիկական և իրավաբանական անձինք, համայնքները, պետությունը), նրանց ընտրության սկզբունքները և հիմնավորումը,

ե) ծրագիրն անմիջականորեն իրականացնող անձանց անունները (կազմակերպության դեպքում՝ լրիվ անվանումը՝ ներառյալ կազմակերպական-իրավական ձևը, ինչպես նաև հարկ վճարողի հաշվառման համարը),

զ) ծրագրի և դրա առանձին փուլերի, եթե այդպիսիք հնարավոր է առանձնացնել, կատարման ժամկետները՝ ժամանակամիջոցը կամ սկիզբը և ավարտը,

է) ծրագրի իրականացման կարգը,

ը) ծրագրի շրջանակներում նախատեսվող գործարքները, դրանցից յուրաքանչյուրի նշանակությունը ծրագրի իրականացման համար և դրանցից յուրաքանչյուրի առարկա հանդիսացող ապրանքների, ծառայությունների ու աշխատանքների համառոտ նկարագիրը, ծավալները և արժեքը,

թ) ծրագրի շրջանակներում նախատեսվող այն գործարքները, որոնցով ծրագիրը նախաձեռնողները նախատեսում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից համաֆինանսավորման իրականացում՝ նշելով նախատեսվող համաֆինանսավորման չափը, ժամկետը, ինչպես նաև այն գործարքները, որոնցով նախատեսվում է հարկային արտոնությունների տրամադրում,

ժ) մարդասիրական օգնության կամ բարեգործության իրականացման ընթացքում համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների կամ այլ կազմակերպությունների հետ, եթե այդպիսի համագործակցություն նախատեսվում է,

ժա) ծրագրի վերջնական արդյունքի արդյունավետության նկատմամբ իրականացվող վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը, եթե այն նախատեսվում է,

ժբ) այլ հանգամանքների, փաստերի, տվյալների նկարագրություն, այլ հիմնավորումներ, որպիսիք կարևոր կհամարվեն ծրագիրը նախաձեռնողների կողմից:

4. Մարդասիրական օգնության կամ բարեգործական կարող են որակվել միայն այն ծրագրերը, որոնք իրականացվում են այլ պետությունների, միջազգային միջկառավարական (միջպետական) կազմակերպությունների, միջազգային, օտարերկրյա և Հայաստանի Հանրապետության ոչ առևտրային կազմակերպությունների, ինչպես նաև ֆիզիկական անձանց (այսուհետև՝ բարեգործ) կողմից և նրանց ֆինանսական կամ այլ միջոցների հաշվին:

Մարդասիրական օգնության կամ բարեգործական որակման ենթակա չէ կազմակերպության՝ իր առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի կամ դրանց աշխատողների սպառմանն ուղղված ծրագիրը:

Այն ծրագրերը, որոնցով նախատեսվում է ներմուծված ապրանքների առուվաճառքի գործարք (դրամայնացում), ենթակա են բարեգործական որակման, եթե դրամայնացումից եկամուտներն ամբողջությամբ պետք է հաշվեգրվեն Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

5. Մարդասիրական օգնության կամ բարեգործական որակման ենթակա ծրագրում կարող են ընդգրկվել այն գործարքները, որոնք անմիջականորեն նպատակաուղղված են ծրագրի շահառուների սպառմանը, ինչպես նաև հարակից գործարքները, որոնք նպատակաուղղված են ծրագրի արդյունավետ կատարումը, մասնավորապես, ապրանքների ներմուծումը, ձեռքբերումը, ստացումը, մաքսային ձևակերպումը, փոխադրումը, բեռնաթափումը, սերտիֆիկացումը, պահպանումը, պահեստավորումը և (կամ) բաշխումը, ինչպես նաև ծառայությունների մատուցումն ու աշխատանքների կատարումն ապահովելուն և (կամ) կազմակերպելուն:

6. Ծրագիրը կարող է մարդասիրական օգնության կամ բարեգործական որակվել Հայաստանի Հանրապետության կառավարության կամ Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի (այսուհետև՝ լիազորված մարմին) որոշմամբ՝ սույն կարգին համապատասխան ներկայացված հայտի հիման վրա:

Ներմուծված ապրանքների առուվաճառքի գործարք (դրամայնացում) ներառող ծրագիրը, ինչպես նաև այն ծրագիրը, որտեղ շահառու է հանդիսանում շահույթ ստանալու նպատակ հետապնդող (առևտրային) անգամ մեկ կազմակերպություն (բացառությամբ առողջապահության բնագավառի կազմակերպությունների), կարող է մարդասիրական օգնության կամ բարեգործական որակվել միայն Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

7. Ծրագրի նախաձեռնողները ծրագիրը մարդասիրական օգնության կամ բարեգործական որակելու մասին հայտը (այսուհետև՝ հայտ) ներկայացնում են լիազորված մարմին:

Ծրագրի նախաձեռնողները հայտը կարող են ներկայացնել պետական կառավարման այն մարմին, որի գործունեության ոլորտին է առնչվում ծրագիրը: Վերջինս 10 օրացուցային օրվա ընթացքում, ծրագրի մասին իր կարծիքը կցելով հայտին, ներկայացնում է լիազորված մարմին: Պետական կառավարման մարմինը կարող է նաև հայտի մասին հարցը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն:

Լիազորված մարմինը սույն կարգի 6-րդ կետի երկրորդ պարբերությունում նշված ծրագրերի մասին հայտի քննարկման հարցը սահմանված կարգով ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարություն:

Լիազորված մարմինը կարող է սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել նաև սույն կարգի 6-րդ կետի երկրորդ պարբերությունում չնշված ծրագրի մասին հայտի քննարկման հարցը՝ ելնելով ծրագրի մասշտաբայնությունից և (կամ) այլ առանձնահատկություններից:

8. Յուրաքանչյուր ծրագրի մասին հայտը պետք է ներկայացվի առանձին: Հայտին պետք է կցվեն ծրագրի նկարագրությունը և այլ փաստաթղթեր, նյութեր, այդ թվում՝ ծրագրի մասին համապատասխան պետական մարմինների կարծիքները, եթե այդպիսիք ստացվել են ծրագրի նախաձեռնողների նախաձեռնությամբ:

Հայտը պետք է ներկայացվի վաղօրոք՝ մինչև ծրագրի իրականացումը նախաձեռնելը, այն հաշվով, որպեսզի ծրագրի իրականացումն սկսելու պահին որոշակի լինեն այն մարդասիրական օգնության կամ բարեգործական որակելու և դրա շրջանակներում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից համաֆինանսավորման հետ կապված հարցերը: Այս կանոնից շեղում կարող է լինել, եթե ծրագրի նախաձեռնողները կհիմնավորեն հայտն ավելի վաղ ներկայացնելու անհնարինությունը:

Հայտը և կից փաստաթղթերը պետք է պարունակեն սույն կարգի 3-րդ կետում նշված այն տեղեկությունները, որոնք բնորոշ են տվյալ ծրագրին: Ընդ որում, գործարքների կողմ պետք է հանդիսանա ծրագիրն անմիջականորեն իրականացնող անձը, իսկ ընկերությունը, որի հիմնադիրն է կամ որին մասնակից է ծրագիրն անմիջականորեն իրականացնող անձը, չի կարող հանդիսանալ այդ գործարքների կողմ:

9. Հայտում և դրան կից ներկայացված փաստաթղթերում տեղ գտած սխալների և իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների համար պատասխանատվությունը կրում է հայտատուն:

Եթե հայտը և դրան կից ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն կարգի պահանջներին կամ չեն բավարարում դրանք, կամ դրանց պարունակած տեղեկությունները կարիք ունեն լրացուցիչ հիմնավորումների, ապա հայտատուն 10 օրացուցային օրվա ընթացքում տեղեկացվում է դրա մասին, և հայտի քննարկման ժամկետը կասեցվում է մինչև հայտատուի պատասխանի ստացումը:

10. Հայտը և կից ներկայացված փաստաթղթերը ենթակա չեն վերադարձման:

11. Հայտն ստացվելուց հետո, մինչև դրա մասին որոշում ընդունելը, պետք է ստացվեն հայտի մասին շահագրգիռ նախարարությունների և պետական կառավարման հանրապետական ու տարածքային մարմինների կարծիքները, ընդ որում, պարտադիր է՝

ա) Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կարծիքը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից համաֆինանսավորման իրականացում, այդ թվում՝ ավելացված արժեքի հարկի գումարների՝ ծրագիր իրականացնող կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից կատարվող փոխհատուցում նախատեսված լինելու դեպքում.

բ) Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության կարծիքը՝ Հայաստանի Հանրապետության տարածքում ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման գործարքներով մատակարարների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների՝ ծրագիր իրականացնող կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից կատարվող փոխհատուցում նախատեսված լինելու դեպքում.

գ) Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության կարծիքը՝ Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի հիսունհազարապատիկը գերազանցող ծավալով ապրանքների ներմուծման գործարք նախատեսված լինելու դեպքում՝ բացառությամբ առողջապահական բնույթի ծրագրերի.

դ) Հայաստանի Հանրապետության մաքսային պետական կոմիտեի կարծիքը՝ ապրանքների ներմուծման գործարք նախատեսված լինելու դեպքում:

Շահագրգիռ նախարարությունները և պետական կառավարման հանրապետական ու տարածքային մարմինները ծրագրի մասին իրենց կարծիքները պետք է ներկայացնեն համապատասխան նյութերն ստացվելուց հետո ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում:

12. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հայտի մասին հարցի քննարկումն ու դրա մասին որոշման ընդունումն իրականացվում են սահմանված կարգով:

13. Լիազորված մարմնում հայտի քննարկման առավելագույն ժամկետը 30 օրացուցային օր է:

Լիազորված մարմնում հայտը քննարկվում է հայտատուի մասնակցությամբ: Քննարկման օրվա, ժամի և վայրի (հասցե, սենյակ) մասին հայտատուն պետք է տեղեկացվի առնվազն 2 օր առաջ: Պատշաճ տեղեկացված հայտատուի բացակայությունը խոչընդոտ չէ քննարկման համար, սակայն կարող է հայտի քննարկումը հետաձգվելու մասին որոշում ընդունելու հիմք հանդիսանալ:

Հայտի քննարկման արդյունքում ծրագիրը մարդասիրական օգնության կամ բարեգործական որակելու դեպքում լիազորված մարմինն ընդունում է համապատասխան որոշում և 5 աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում հայտատուին:

Հայտի մերժումը կամ հայտի քննարկման հետաձգումը (եթե քննարկման համար անհրաժեշտ են լրացուցիչ ուսումնասիրություններ) արձանագրվում է՝ մատնանշվելով համապատասխան հիմնավորումը: Արձանագրությունից համապատասխան քաղվածքը 5 աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում է հայտատուին:

14. Ծրագիրը մարդասիրական օգնության կամ բարեգործական որակելու մասին որոշմամբ, բարեգործի կամ ծրագիրն իրականացնող անձի համաձայնությամբ, կարող են փոփոխվել ծրագրի իրականացման կարգն ու պայմանները, ինչպես նաև՝ սահմանվել ծրագրի արդյունքների հանձնման-ընդունման կարգը և այդ արդյունքների նկատմամբ վերահսկողություն իրականացնող անձը:

15. Ծրագիրը մարդասիրական օգնության կամ բարեգործական որակելու մասին լիազորված մարմնի որոշումը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները՝

ա) որոշման անվանումը (մարմնի անվանումը, որոշման վերնագիրը, ընդունման ամսաթիվը և հերթական համարը),

բ) հայտատուն,

գ) ծրագրի մասին կարծիքներ տված մարմինները,

դ) ծրագրի իրականացման կարգի ու պայմանների փոփոխությունները (եթե սույն կարգի 14-րդ կետին համապատասխան այդպիսի փոփոխություններ է սահմանել լիազորված մարմինը),

ե) ծրագրի արդյունքների հանձնման-ընդունման կարգը, այդ արդյունքների նկատմամբ վերահսկողություն իրականացնող անձը (եթե այդպիսիք սահմանվել են),

զ) ծրագիրն իրականացնող անձի կողմից լիազորված մարմին ներկայացվող տեղեկությունների ծավալն ու պարբերականությունը,

է) այն պետական մարմինները, ինչպես նաև իրավաբանական և ֆիզիկական անձինք (բացի հայտատուից), որոնց պետք է ուղարկվի որոշման օրինակը:

Որոշմանը պետք է կցվի ծրագիրը, կամ էլ որոշումը պետք է բովանդակի սույն կարգի 3-րդ կետով նախատեսված տեղեկությունների համառոտ շարադրանքը:

Որոշմանը կցված ծրագրի բոլոր էջերին պետք է լինի լիազորված մարմնի պաշտոնատար անձի ստորագրությունը՝ վավերացված լիազորված մարմնի կնիքով:

Յուրաքանչյուր ծրագրի՝ մարդասիրական օգնության կամ բարեգործական որակման մասին ընդունվում է առանձին որոշում:

16. Ծրագիրը մարդասիրական օգնության կամ բարեգործական որակելու մասին հայտը կարող է մերժվել, եթե՝

ա) հայտում և դրան կից փաստաթղթերում ներկայացված տվյալներն ու տեղեկությունները չեն բավարարում սույն կարգի պահանջները կամ հիմնավորված չեն կամ հավաստի չեն,

բ) քննարկման արդյունքում աննպատակահարմար է դիտվում տվյալ ծրագրին հարկային արտոնությունների տրամադրումը կամ տվյալ ծրագրում Հայաստանի Հանրապետության կառավարության՝ որպես համաֆինանսավորող հանդես գալը, այդ թվում՝ ավելացված արժեքի հարկի փոխհատուցում իրականացնելը:

17. Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրավասու է չեղյալ համարելու կամ փոփոխելու կամ լրացնելու լիազորված մարմնի ընդունած որոշումը:

18. Մարդասիրական օգնություն կամ բարեգործական ծրագիր իրականացնող կազմակերպությունը ծրագրի իրականացման ընթացքում և դրա արդյունքում, սահմանված ձևերին համապատասխան, լիազորված մարմին է ներկայացնում`

ա) մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը՝ այդ եռամսյակի ընթացքում ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների, մատուցված ծառայությունների և կատարված աշխատանքների ու իրականացված միջոցառումների մասին տեղեկությունները.

բ) ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում՝ ծրագրի կատարման մասին ամփոփ տեղեկությունները:

Սույն կետի պահանջը տարածվում է մարդասիրական օգնության կամ բարեգործական ծրագիր իրականացնող բոլոր կազմակերպությունների վրա, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության օրենքներով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով մարդասիրական օգնության կամ բարեգործական որակում ստացած կամ անմիջականորեն հարկային արտոնություններից օգտվող ծրագրեր իրականացնող կազմակերպությունների վրա:

19. Լիազորված մարմինը մարդասիրական օգնության կամ բարեգործական ծրագրի իրականացման ընթացքի և կատարման նկատմամբ իրականացնում է վերահսկողություն՝

ա) ծրագրի կատարման արդյունքների հանձնման-ընդունման միջոցով, եթե նման կարգ է սահմանված ծրագրով կամ ծրագիրը մարդասիրական օգնության կամ բարեգործական որակելու մասին որոշմամբ կամ այլ իրավական ակտով.

բ) ծրագրի կատարման արդյունքների նկատմամբ վերահսկողություն իրականացնող անձի միջոցով, եթե ծրագիրը մարդասիրական օգնության կամ բարեգործական որակելու մասին որոշմամբ նշանակված է այդպիսի անձ.

գ) բարեգործի, ծրագիրն իրականացնող անձի, այլ շահագրգիռ կողմերի՝ սեփական նախաձեռնությամբ կամ սույն կարգին համապատասխան լիազորված մարմին ներկայացված փաստաթղթերի, ինչպես նաև շահառուների հարցման արդյունքում ձեռք բերված տվյալների ու «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող կազմակերպություններում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան կատարված ստուգումների արդյունքների ուսումնասիրության միջոցով:

20. Սույն կարգի 18-րդ կետում նշված տեղեկությունները ծրագիր իրականացնող կազմակերպության կողմից լիազորված մարմնին չտրամադրվելու կամ ներկայացված փաստաթղթերում իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ հայտնաբերվելու, ծրագիրն իրականացնող կազմակերպության գործունեության մեջ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների էական խախտումների առկայության, ինչպես նաև ծրագրի նպատակները չիրականացվելու դեպքերում լիազորված մարմինն իրավասու է դադարեցնելու ծրագիրը մարդասիրական օգնության կամ բարեգործական որակելու մասին իր որոշումը, իսկ եթե նման որակում տրված է այլ իրավական ակտով, քան լիազորված մարմնի որոշումն է, ապա վերջինս իրավասու է այդ որակումը դադարեցնելու վերաբերյալ միջնորդությունը սահմանված կարգով ներկայացնել տվյալ իրավական ակտն ընդունած մարմին:

21. Ծրագրի՝ մարդասիրական օգնության կամ բարեգործական որակումը դադարեցնելու, իսկ եթե նման որակումը տրված է այլ իրավական ակտով, քան լիազորված մարմնի որոշումն է, ապա այդ որակումը դադարեցնելու վերաբերյալ միջնորդություն հարուցելու մասին լիազորված մարմինն ընդունում է որոշում, որը պետք է պարունակի համապատասխան հիմնավորումներ: Այդ որոշումը 5 աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում է ծրագիրն իրականացնող կազմակերպություն:

22. Ծրագիրը մարդասիրական օգնության կամ բարեգործական որակելու, ինչպես նաև նման որակումը դադարեցնելու մասին որոշումների մեկական օրինակները 5 աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն, ինչպես նաև այն պետական մարմիններ, իրավաբանական և ֆիզիկական անձանց, որոնց, ըստ տվյալ որոշման, պետք է ուղարկվի որոշման օրինակը:

Որոշմամբ Հայաստանի Հանրապետության տարածքում ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման գործարքներով մատակարարների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների՝ ծրագիր իրականացնող կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից կատարվող փոխհատուցում սահմանված լինելու դեպքում, այդ որոշման օրինակը Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությունում ստացվելուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում է համապատասխան տարածքային հարկային տեսչություն:

Որոշմամբ ազատ շրջանառության մաքսային ռեժիմով ներմուծվող ապրանքների դիմաց մաքսային մարմինների կողմից գանձման ենթակա ավելացված արժեքի հարկի գումարների՝ ծրագիր իրականացնող կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից կատարվող փոխհատուցում սահմանված լինելու, ինչպես նաև օրենքով սահմանված հարկային արտոնությունների տրամադրման ենթակա գործարք նախատեսված լինելու դեպքում, այդ որոշման օրինակը Հայաստանի Հանրապետության մաքսային պետական կոմիտեում ստացվելուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում է համապատասխան մաքսատուն:

 

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2002 թվականի
փետրվարի 13-ի N 136 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

մարդասիրական օգնության եվ բարեգործական ծրագրերի շրջանակներում վճարման ենթակա ավելացված արժեքի հարկի գումարների փոխհատուցումն իրականացնելու

 

1. Սույն կարգով սահմանվում է մարդասիրական օգնության կամ բարեգործական ծրագրերի շրջանակներում ավելացված արժեքի հարկի փոխհատուցման իրականացման կարգը:

2. Մարդասիրական օգնության կամ բարեգործական ծրագրերի շրջանակներում ավելացված արժեքի հարկի փոխհատուցման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կարգով:

3. «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի «ժե» ենթակետով սահմանված կարգով կարող են փոխհատուցվել մարդասիրական օգնության կամ բարեգործական ծրագրերի շրջանակներում ազատ շրջանառության մաքսային ռեժիմով ներմուծվող ապրանքների դիմաց մաքսային մարմինների կողմից գանձման ենթակա ավելացված արժեքի հարկի գումարները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքում ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման գործարքներով մատակարարների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարները (այսուհետև՝ ավելացված արժեքի հարկի գումարներ):

4. Ավելացված արժեքի հարկի գումարները փոխհատուցվում են մարդասիրական օգնության կամ բարեգործական տվյալ ծրագրի մասին Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ընդունված որոշման հիման վրա, երբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին օրենքին համապատասխան հանդես է գալիս որպես այդ ծրագրերի համաֆինանսավորող՝ ավելացված արժեքի հարկի գումարները չգերազանցող չափով:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը, սույն կետի առաջին պարբերությունում նշված որոշումն ընդունելու հետ միասին, տվյալ ծրագիրը սահմանված կարգով որակում է մարդասիրական օգնության կամ բարեգործական, եթե այն նման որակում չունի Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի (այսուհետև՝ հանձնաժողով) որոշմամբ:

5. Մարդասիրական օգնության կամ բարեգործական տվյալ ծրագրի շրջանակներում ավելացված արժեքի հարկի գումարները Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից փոխհատուցվելու մասին հարցը Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացվում Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը հարցեր ներկայացվելու մասին սահմանված կարգին համապատասխան:

6. Մարդասիրական օգնության և բարեգործական ծրագրերի շրջանակներում ավելացված արժեքի հարկի գումարները փոխհատուցվում են ծրագիրն իրականացնող կազմակերպությանը կամ բարեգործին (այսուհետև՝ փոխհատուցում ստացողներ)՝ սույն կարգով սահմանված կարգով և ժամկետներում:

7. Ավելացված արժեքի հարկի գումարների փոխհատուցման գործընթացն իրականացվում է հետևյալ կարգով և ժամկետներում՝

ա) մարդասիրական օգնության կամ բարեգործական ծրագրի շրջանակներում ավելացված արժեքի հարկի գումարները փոխհատուցելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից որոշում ընդունվելուց և այդ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո փոխհատուցում ստացողը հանձնաժողով է ներկայացնում ավելացված արժեքի հարկի գումարները փոխհատուցելու մասին դիմում (այսուհետև՝ դիմում):

Դիմումը պետք է պարունակի հղում Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշմանը: Դիմումում պետք է նշվեն այն գործարքը կամ գործարքները, որոնց կապակցությամբ անհրաժեշտ է կատարել ավելացված արժեքի հարկի գումարների փոխհատուցում, ինչպես նաև տվյալ պահին փոխհատուցման ենթակա ավելացված արժեքի հարկի գումարների չափը կամ չափերը: Եթե անհրաժեշտ է հիմնավորել ավելացված արժեքի հարկի գումարների փոխհատուցում պահանջող գործարքի նշանակությունը տվյալ ծրագրի համար, ապա դիմումին պետք է կցվեն համապատասխան փաստաթղթեր: Դիմումին պետք է կցվեն նաև՝

մաքսային հայտարարագիրը, եթե պահանջվում է ազատ շրջանառության մաքսային ռեժիմով ներմուծվող ապրանքների դիմաց մաքսային մարմինների կողմից գանձման ենթակա ավելացված արժեքի հարկի գումարների փոխհատուցում,

մատակարարի կողմից դուրս գրված հարկային հաշվի պատճենը, եթե պահանջվում է ավելացված արժեքի հարկի գումարների փոխհատուցում Հայաստանի Հանրապետության տարածքում ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման գործարքի կապակցությամբ.

բ) հանձնաժողովի նախագահի տեղակալը դիմումն ստանալուց հետո ճշտում է դիմումի համապատասխանությունը մարդասիրական օգնության և բարեգործական ծրագրերի վարչական ռեգիստրի տվյալներին, ինչպես նաև ավելացված արժեքի հարկի գումարների փոխհատուցման (այսուհետև՝ փոխհատուցում) պահանջի հիմնավորվածությունը և հանձնաժողովի նախագահին ներկայացնում է համապատասխան առաջարկություն դիմումին ընթացք տալու վերաբերյալ:

Եթե դիմումը չի համապատասխանում մարդասիրական օգնության և բարեգործական ծրագրերի վարչական ռեգիստրի տվյալներին, կամ հիմնավորված չէ փոխհատուցման պահանջը, ապա հանձնաժողովի նախագահը, դիմումն ստացվելու օրվանից 2 աշխատանքային օրվա ընթացքում դիմողին գրավոր հայտնում է դրա մասին: Դրանից հետո դիմողն իրավունք ունի սահմանված կարգով ներկայացնելու նոր դիմում:

Եթե դիմումը համապատասխանում է մարդասիրական օգնության և բարեգործական ծրագրերի վարչական ռեգիստրի տվյալներին, և հիմնավորված է փոխհատուցման պահանջը, ապա հանձնաժողովի նախագահը դիմումն ստացվելու օրվանից 2 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված չափը չգերազանցող գումարները Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորելու մասին հայտ: Յուրաքանչյուր գործարքին առնչվող հայտը ներկայացվում է առանձին: Հայտին կցվում է մաքսային հայտարարագիրը կամ տվյալ գործարքով մատակարարի կողմից դուրս գրված հարկային հաշվի պատճենը: Հայտն ստորագրում են հանձնաժողովի նախագահը և հանձնաժողովի նախագահի տեղակալը: Հայտի վրա դրվում է հանձնաժողովի կնիքի դրոշմը.

գ) նախորդ ենթակետում նշված փաստաթղթերի հիման վրա Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը դրանք ստացվելու օրվանից 2 աշխատանքային օրվա ընթացքում փոխհատուցման ենթակա գումարի չափով ձևակերպում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ծախս՝ որպես փոխհատուցում ստացողին փոխհատուցվող գումար և, միաժամանակ, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտ՝ կամ որպես փոխհատուցում ստացողի կողմից ապրանքների ներմուծման համար վճարված ավելացված արժեքի հարկ, կամ որպես ապրանքների, ծառայությունների կամ աշխատանքների ձեռքբերման գործարքով հաշվարկված ավելացված արժեքի հարկի կապակցությամբ մատակարարի կողմից կատարված վճարում, ընդ որում, վերջիններս տվյալ գործարքին ուղղակիորեն առնչվող ձեռքբերումների գծով իրենց մատակարարների հարկային հաշիվներում առանձնացված, իսկ ապրանքների ներմուծման դեպքում՝ մաքսային մարմինների կողմից գանձված ավելացված արժեքի հարկի գումարների հաշվանցումներ չեն կատարում, և այդ գումարները միացվում են արտադրության ու շրջանառության ծախսերին.

դ) նախորդ ենթակետում նշված ձևակերպումները կատարելուց հետո Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը դուրս է գրում վճարումը հաստատող փաստաթուղթ՝

4 օրինակից, եթե փոխհատուցումն առնչվում է ազատ շրջանառության մաքսային ռեժիմով ներմուծվող ապրանքներին,

5 օրինակից, եթե փոխհատուցումն առնչվում է Հայաստանի Հանրապետության տարածքում ապրանքների, ծառայությունների և աշխատանքների ձեռքբերմանը.

ե) նախորդ ենթակետին համապատասխան ձևակերպված փաստաթղթի մեկ օրինակը պահվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունում:

Եթե փոխհատուցումն առնչվում է ազատ շրջանառության մաքսային ռեժիմով ներմուծվող ապրանքներին, ապա Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը նախորդ ենթակետին համապատասխան ձևակերպված փաստաթղթի մեկ օրինակն ուղարկում է Հայաստանի Հանրապետության մաքսային պետական կոմիտե, իսկ 2 օրինակը՝ հանձնաժողով:

Եթե փոխհատուցումն առնչվում է Հայաստանի Հանրապետության տարածքում ապրանքների, ծառայությունների և աշխատանքների ձեռքբերմանը, ապա Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը նախորդ ենթակետին համապատասխան ձևակերպված փաստաթղթի մեկ օրինակն ուղարկում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարություն, իսկ 3 օրինակը՝ հանձնաժողով.

զ) նախորդ ենթակետին համապատասխան Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությունում կամ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեում ստացված փաստաթուղթը 2 աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում է համապատասխան տարածքային հարկային տեսչություն կամ մաքսատուն.

է) սույն կարգի 7-րդ կետի «ե» ենթակետին համապատասխան հանձնաժողովում ստացված փաստաթղթի օրինակներից մեկը պահվում է հանձնաժողովի աշխատակազմում, իսկ մյուսները՝ դրանք ստացվելու օրվանից 2 աշխատանքային օրվա ընթացքում հանձնաժողովի նախագահն ուղարկում է փոխհատուցում ստացողին.

ը) եթե փոխհատուցումն առնչվում է ազատ շրջանառության մաքսային ռեժիմով ներմուծվող ապրանքներին, ապա փոխհատուցում ստացողը նախորդ ենթակետին համապատասխան ստացված փաստաթղթի օրինակը պահում է իր մոտ:

Եթե փոխհատուցումն առնչվում է Հայաստանի Հանրապետության տարածքում ապրանքների, ծառայությունների և աշխատանքների ձեռքբերմանը, ապա փոխհատուցում ստացողը նախորդ ենթակետին համապատասխան ստացված փաստաթղթի օրինակներից մեկը պահում է իր մոտ, իսկ մյուսը ներկայացնում տվյալ գործարքով մատակարարին:

8. Սույն կարգի կիրարկման վերաբերյալ գերատեսչական նորմատիվ ակտերն ընդունում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը՝ համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի հետ:

9. Սույն կարգում նշված փաստաթղթերը ենթակա են պահպանման՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետներում:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
16.01.2003, N 66-Ն 14.02.2003, N 136
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան