Գլխավոր տեղեկություն
Համար
N 1222
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.12.2001-21.07.2005)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2001.12.25/41(173) Հոդ.1016
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.12.2001
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.12.2001
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
15.12.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.12.2001

040.1222.15.12.01

 

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
15 դեկտեմբերի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 դեկտեմբերի 2001 թվականի N 1222
քաղ. Երևան

 

ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Երևանի պետական համալսարան» պետական ձեռնարկությունը վերակազմավորել Երևանի պետական համալսարան պետական ոչ առևտրային կազմակերպության:

2. Հաստատել Երևանի պետական համալսարան պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը (կցվում է):

3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը` մեկամսյա ժամկետում հաստատել Երևանի պետական համալսարան պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվող գույքի ցանկը:

4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի հունվարի 25-ի «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության Երևանի պետական համալսարանի օրինադրությունը հաստատելու մասին» N 26 որոշումը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի դեկտեմբերի 15-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2001 թվականի
դեկտեմբերի 15-ի N 1222 որոշմամբ

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Երևանի պետական համալսարանը (այսուհետև` ԵՊՀ) կրթական և գիտամշակութային ինքնավար հաստատություն է, որի կարգավիճակի առանձնահատկությունները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

ԵՊՀ-ի` որպես պետական ինքնավար բարձրագույն ուսումնական հաստատության, գործունեությունը նպատակաուղղված է բնագիտական, հասարակագիտական, հումանիտար գիտության և տեխնիկայի, մշակույթի տարբեր ուղղություններով կրթության, հիմնարար գիտական հետազոտությունների և ուսումնառության կազմակերպմանը` հանրակրթական, միջին մասնագիտական, բարձրագույն մասնագիտական, հետբուհական մասնագիտական մակարդակներում` օրենքով նախատեսված կարգով և կրթական ծրագրերի ձևերով (առկա, հեռակա, դրսեկություն):

2. ԵՊՀ-ի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության:

ԵՊՀ-ի հիմնադիր փաստաթուղթը նրա կանոնադրությունն է, որը համալսարանի Մեծ խորհրդի հավանությանն արժանանալուց հետո ներկայացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը:

3. ԵՊՀ-ն շահույթ ստանալու նպատակով չհետապնդող պետական ոչ առևտրային` իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կրթական և գիտամշակութային կազմակերպություն է, որը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, այլ օրենքների ու նորմատիվ իրավական ակտերի հիման վրա և դրանցում նախատեսված կարգով ու սահմանված հիմքով ձեռք է բերում և իրականացնում սույն կանոնադրությամբ ամրագրված` իր խնդիրների իրականացման համար անհրաժեշտ իրավունքներ ու պարտականություններ:

ԵՊՀ-ն իր գործունեության նպատակներին համապատասխան` կարող է իրականացնել ուսումնական, հետազոտական, խորհրդատվական, փորձագիտական, գիտաարտադրական վճարովի ծառայություններ և ուսուցում` օրենքով ու Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանված կարգով:

ԵՊՀ-ն ունի հաշվեկշիռ, եկամուտների և ծախսերի նախահաշիվ, բանկային հաշիվ:

ԵՊՀ-ն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր անվամբ կնիք, դրոշմակնիք և մեդալ, ինչպես նաև իր դրոշը, խորհրդանշանը և օրհներգը:

4. Համալսարանի անվանում է`

հայերեն լրիվ` Երևանի պետական համալսարան

հայերեն կրճատ` ԵՊՀ

ռուսերեն լրիվ` Ереванский государственный университет

ռուսերեն կրճատ` ЕГУ

անգլերեն լրիվ` Yerevan State University

անգլերեն կրճատ` YSU:

5. Համալսարանի գտնվելու վայրն է` Երևան, 375049, Ալեք Մանուկյան 1:

 

II. ԵՊՀ-Ի ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ

 

6. ԵՊՀ-ի հիմնական խնդիրներն են`

ա) բարձր որակավորում ունեցող մասնագետների, գիտամանկավարժական կադրերի պատրաստումը, բարձրագույն կրթություն ունեցող մասնագետների վերապատրաստումը, որակավորման բարձրացումը.

բ) բնական, հասարակագիտական և հումանիտար գիտությունների բնագավառներում գիտական, ուսումնամեթոդական ու գիտամանկավարժական հետազոտությունների իրականացումը, հայագիտության բազմակողմանի զարգացումը.

գ) կրթության և գիտության ինտեգրացման հիման վրա ուսուցման բովանդակության կատարելագործումը, մասնագիտությունների ու մասնագիտացումների համակարգերի մշակումը և արմատավորումը.

դ) գիտական մշակումների տարածումն ու լուսավորչական աշխատանքի իրականացումը:

7. Առաջադրված խնդիրներին համապատասխան ԵՊՀ-ն իրավասու է`

ա) որոշելու իր կառուցվածքը, կառավարման սկզբունքները, կազմելու ուսումնական պլաններ և ծրագրեր.

բ) իր կազմում սահմանված կարգով ստեղծելու մասնաճյուղեր, գիտահետազոտական ինստիտուտներ, կենտրոններ, քոլեջներ, մասնագիտական թեքում ունեցող ավագ դպրոցներ, ֆակուլտետներ.

գ) շնորհելու համալսարանի պատվավոր կոչումները, սահմանելու մրցանակներ, անվանական կրթաթոշակներ, պարգևատրելու համալսարանի մեդալով.

դ) իր կողմից կնքված պայմանագրերի ու համաձայնագրերի հիման վրա իրականացնելու երկկողմանի ու բազմակողմանի ուղղակի կապեր հանրապետության և օտարերկրյա համալսարանների, գիտական հիմնարկների, գերատեսչությունների, այլ կազմակերպությունների, իրավաբանական և ֆիզիկական անձանց հետ, կատարելու տարատեսակ աշխատանքներ (կադրերի պատրաստում, ուսանողների և ասպիրանտների ուսուցում, մասնագետների փոխանակում, մշակութային-լուսավորչական և այլ գործունեություն, գիտական խորհրդակցությունների ու արշավախմբերի կազմակերպում և այլն).

ե) իրականացնելու հրատարակչական գործունեություն.

զ) կազմակերպելու մագիստրանտների, ասպիրանտների, դոկտորանտների, հայցորդների ընդունելությունը համալսարան.

է) վարձակալության տալու իր գույքը.

ը) տնօրինելու իր ֆինանսական միջոցները:

Համալսարանում չեն թույլատրվում հասարակական-քաղաքական և կրոնական կազմակերպությունների, դրանց կազմակերպական կառույցների ստեղծումը և գործունեությունը:

 

III. ԵՊՀ-Ի ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

8. Համալսարանի կառավարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանն ու սույն կանոնադրությանը համապատասխան:

9. ԵՊՀ-ի կառավարումը հիմնված է իր ինքնավարության, միանձնյա և կոլեկտիվ կառավարման զուգակցման, ինչպես նաև նրա գործունեության կարևորագույն հարցերի լուծմանը համալսարանի կոլեկտիվի մասնակցության սկզբունքների վրա:

10. ԵՊՀ-ի կառավարման բարձրագույն մարմինը Մեծ խորհուրդն է: Մեծ խորհրդի լիազորությունների ժամկետը 5 տարի է:

11. ԵՊՀ-ի Մեծ խորհուրդը`

ա) հաստատում է իր կանոնակարգը.

բ) քննարկում և սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում ԵՊՀ-ի կանոնադրության կամ դրա մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին առաջարկությունները.

գ) ռեկտորի ներկայացմամբ հաստատում է համալսարանի զարգացման, ինչպես նաև միջազգային համագործակցության գլխավոր ուղղությունները.

դ) քննարկում ու սահմանված կարգով կրթական պետական կառավարման լիազորված մարմին է ներկայացնում համալսարանի պետական պատվերի տարեկան ծախսերի նախահաշիվը, հաստատում արտաբյուջետային միջոցների եկամուտների և ծախսերի նախահաշիվը.

ե) քննարկում է ռեկտորի հաշվետվությունը համալսարանի տարեկան գործունեության վերաբերյալ.

զ) սահմանում է ռեկտորի ընտրությունների ընթացակարգը և ընտրում համալսարանի ռեկտորին.

է) քննարկում է հանրապետության հասարակական, քաղաքական, կրթական, գիտական ու մշակութային կյանքին և կարևորագույն իրադարձություններին վերաբերող խնդիրներ.

ը) լուծում է սույն կանոնադրությունից բխող` համալսարանի ուսումնամեթոդական և գիտահետազոտական գործունեության հետ կապված այլ հարցեր.

թ) ընդունում է որոշում նոր մասնագիտություններով կրթական ծրագրեր իրականացնելու մասին և այն ներկայացնում կրթության պետական կառավարման լիազորված մարմնի հաստատմանը:

ԵՊՀ-ի Մեծ խորհրդի անդամների ընդհանուր թիվը չի կարող գերազանցել 250-ը: Մեծ խորհրդի կազմի մեջ մտնում են ռեկտորը, պրոռեկտորները, ռեկտորատի խորհրդականը, գիտական քարտուղարը, ուսումնական վարչության պետը, գլխավոր հաշվապահը, ենթակա մասնաճյուղերի, գիտահետազոտական ինստիտուտների, կենտրոնների, քոլեջների, ավագ դպրոցների տնօրենները, ֆակուլտետների դեկանները, համալսարանական ամբիոնների վարիչները, գրադարանի տնօրենը, արհմիութենական կազմակերպության նախագահը, ուսանողական խորհրդի և ԵՊՀ-ի շրջանավարտների միության նախագահը, ԵՊՀ-ի գիտական խորհրդի մյուս անդամները, ինչպես նաև ռեկտորի առաջարկությամբ` համալսարանի կառուցվածքային այլ ստորաբաժանումների ղեկավարները` ի պաշտոնե:

ԵՊՀ-ի Մեծ խորհրդի մյուս անդամներն ընտրվում են ռեկտորի հաստատած կանոնակարգով: Ընտրվող աշխատողների թվի առնվազն 65 տոկոսը պետք է կազմեն դասախոսները և գիտաշխատողները, 25 տոկոսը` վարչատնտեսական, իսկ 10 տոկոսը` ուսումնաօժանդակ կազմի աշխատողները:

ԵՊՀ-ի Մեծ խորհրդի թվի առնվազն 25 տոկոսը պետք է լինեն ուսանողներ, որոնք ընտրվում են ֆակուլտետների ինքնակառավարման մարմինների ընդհանուր ժողովներում:

Մեծ խորհրդի նախագահը համալսարանի ռեկտորն է, քարտուղարը` համալսարանի գիտական քարտուղարը: Համալսարանի Մեծ խորհուրդը բաց քվեարկությամբ, ձայների պարզ մեծամասնությամբ հաստատում է Մեծ խորհրդի նախագահի առաջադրած իր տեղակալներին:

Մեծ խորհրդի նիստերը համարվում են իրավազոր, եթե դրանց մասնակցում է խորհրդի անդամների 2/3-ը:

ԵՊՀ-ի Մեծ խորհրդի որոշումներն ընդունվում են նիստին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ, եթե Մեծ խորհուրդն այդ մասին այլ որոշում չի կայացնում: Մեծ խորհրդի որոշումները կենսագործվում են համալսարանի ռեկտորի հրամաններով: Որոշման հետ անհամաձայնության դեպքում ռեկտորը մեկ շաբաթվա ընթացքում Մեծ խորհրդին է ներկայացնում քննարկված հարցի վերաբերյալ իր առաջարկությունը: Ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում որոշումը դրվում է կրկնակի քվեարկության: Մեծ խորհրդի նիստին մասնակցած անդամների 2/3-ի կողմից ընդունվելու դեպքում ռեկտորը հրամանով ձևակերպում է այդ որոշումը` ոչ ուշ, քան երեք օրվա ընթացքում:

ԵՊՀ-ի Մեծ խորհրդի նիստերը գումարվում են առնվազն տարին մեկ անգամ: Արտահերթ նիստերը հրավիրվում են ռեկտորի կամ խորհրդի անդամների առնվազն 1/3-ի առաջարկությամբ:

12. ԵՊՀ-ի գիտական խորհուրդը ռեկտորի նախագահությամբ գործող կառավարման մարմին է: Գիտական խորհրդի լիազորությունների ժամկետը 5 տարի է: Գիտական խորհրդի նիստերը գումարվում են ամիսը առնվազն մեկ անգամ:

13. ԵՊՀ-ի գիտական խորհուրդը`

ա) հաստատում է իր կանոնակարգը.

բ) առաջարկություն է ներկայացնում կրթական պետական կառավարման լիազորված մարմին դիմորդների ընդունելության կանոնների վերաբերյալ.

գ) մշակում է ԵՊՀ-ի ուսանողների ավարտական որակավորման պայմանները, մագիստրատուրայի, ասպիրանտուրայի, դոկտորանտուրայի, հայցորդության կանոնները.

դ) համալսարանին վերապահված ընդունելության անվճար ուսուցման տեղերից դուրս, սահմանված կարգին համապատասխան, ռեկտորի ներկայացմամբ հաստատում է վճարովի հիմունքներով ըստ մասնագիտությունների ընդունելության տեղերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգին համապատասխան.

ե) ռեկտորի ներկայացմամբ որոշում է ստեղծել, վերակազմակերպել, լուծարել մասնաճյուղեր, գիտահետազոտական ինստիտուտներ, կենտրոններ, քոլեջներ, ավագ դպրոցներ, ինչպես նաև ֆակուլտետներ, ամբիոններ, կառուցվածքային այլ ստորաբաժանումներ.

զ) մշակում է համալսարանի ֆակուլտետների օրինակելի կանոնադրությունը.

է) ռեկտորի ներկայացմամբ հաստատում է համալսարանի կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները, կանոնակարգերը, ներհամալսարանական կարգապահական կանոնները, գիտական աշխատողների պաշտոնների զբաղեցման մրցութային կարգը, ներհամալսարանական նորմատիվ այլ ակտեր.

ը) քննարկում է համալսարանի մասնագիտությունների ու մասնագիտացումների անվանացանկերը.

թ) հաստատում է ուսումնական պլանները` ըստ մասնագիտությունների.

ժ) քննարկում է գիտական գործունեության գլխավոր և հեռանկարային ուղղությունները, լսում գիտական հաղորդումներ համալսարանում կատարվող կարևորագույն գիտահետազոտական և գիտամեթոդական աշխատանքների արդյունքների մասին.

ժա) ընդունում է «Երևանի պետական համալսարանի պատվավոր դոկտոր», «Երևանի պետական համալսարանի ամբիոնի պատվավոր վարիչ», «Երևանի պետական համալսարանի վաստակավոր պրոֆեսոր», «Երևանի պետական համալսարանի վաստակավոր դասախոս», «Երևանի պետական համալսարանի վաստակավոր գիտաշխատող», «Երևանի պետական համալսարանի վաստակավոր աշխատող» կոչումները շնորհելու, համալսարանի մրցանակներ, անվանական կրթաթոշակներ տալու, համալսարանի մեդալով պարգևատրելու, հանրապետական ու միջազգային պարգևների և կոչումների համար թեկնածուներ ներկայացնելու վերաբերյալ որոշումներ.

ժբ) որոշում է ֆակուլտետների դեկանների ընտրության ընթացակարգը և ժամկետները.

ժգ) իրականացնում է սույն կանոնադրությունից բխող` համալսարանի ուսումնամեթոդական և գիտահետազոտական գործունեության հետ կապված այլ լիազորություններ:

ԵՊՀ-ի գիտական խորհրդի անդամների ընդհանուր թիվը չի կարող գերազանցել 80-ը:

ԵՊՀ-ի գիտական խորհրդի կազմի մեջ մտնում են ռեկտորը (նախագահ), պրոռեկտորները, ռեկտորատի խորհրդականը, գիտական քարտուղարը, ուսումնական վարչության պետը, գլխավոր հաշվապահը, մասնաճյուղերի, գիտահետազոտական ինստիտուտների, կենտրոնների տնօրենները, ֆակուլտետների դեկանները, համահամալսարանական ամբիոնների վարիչները, գրադարանի տնօրենը, արհմիութենական կազմակերպության նախագահը, ուսանողական խորհրդի և ուսանողական գիտական ընկերության նախագահները` ի պաշտոնե, ինչպես նաև, ռեկտորի նշանակմամբ, կառուցվածքային այլ ստորաբաժանումների ղեկավարներ, համալսարանի առանձին դասախոսներ և գիտաշխատողներ, հանրապետության գիտության ու կրթության առաջատար մասնագետներ (ընդհանուր թվի մինչև 15 տոկոսի չափով): Ի պաշտոնե և ռեկտորի կողմից ընտրվող անդամների թիվը չի կարող գերազանցել գիտական խորհրդի թվակազմի 50 տոկոսը: Գիտական խորհրդի մյուս անդամներն ընտրվում են համալսարանի կառուցվածքային համապատասխան ստորաբաժանումների կողմից` համաձայն գիտական խորհրդի կանոնակարգի:

ԵՊՀ-ի գիտական խորհրդի նիստը համարվում է իրավազոր, եթե դրան մասնակցում է խորհրդի անդամների 2/3-ը: Որոշումներն ընդունվում են խորհրդի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ և կենսագործվում ռեկտորի հրամաններով:

ԵՊՀ-ի գիտական խորհրդի որոշմամբ, շրջափոխման սկզբունքով, 3-5 տարի ժամկետով ստեղծվում են համալսարանական հանձնաժողովներ, որոնց կազմերը հաստատում է ռեկտորը: Հանձնաժողովների կառուցվածքը և աշխատակարգը սահմանվում են համալսարանի գիտական խորհրդի կանոնակարգով:

14. ԵՊՀ-ի ռեկտորատը ռեկտորին կից խորհրդակցական մարմին է: Համալսարանի խորհրդի և գիտական խորհրդի նիստերի միջև ընկած ժամանակահատվածում ռեկտորատն իր կանոնակարգով իրեն ընձեռված լիազորությունների սահմաններում քննարկում է համալսարանի գործունեության բոլոր ոլորտներին վերաբերող հարցերը, համալսարանի խորհրդի և գիտական խորհրդի որոշումների կատարման ընթացքը: Համալսարանի ռեկտորատի կազմի մեջ մտնում են ռեկտորը, պրոռեկտորը, ռեկտորատի խորհրդականը, համալսարանի գիտական քարտուղարը, ուսումնական վարչության պետը, գլխավոր հաշվապահը, արհմիութենական կազմակերպության նախագահը, մասնաճյուղերի, գիտահետազոտական ինստիտուտների, կենտրոնների տնօրենները, ֆակուլտետների դեկանները: Ռեկտորատի որոշումները կենսագործվում են ռեկտորի հրամաններով:

15. ԵՊՀ-ի գործունեությունը ղեկավարում է ռեկտորը` իր իրավասության սահմաններում և համալսարանի կանոնադրությանը համապատասխան, որը գործում է միանձնյա և լրիվ պատասխանատվություն է կրում համալսարանի աշխատանքի արդյունքների համար:

ԵՊՀ-ի ռեկտորն առանց լիազորագրի գործում է ԵՊՀ-ի անունից, ներկայացնում է նրա շահերը պետության, պետական մարմինների, այլ կազմակերպությունների և քաղաքացիների հետ հարաբերություններում, այլ պետություններում և միջազգային կազմակերպություններում, տնօրինում է համալսարանի գույքը և ֆինանսական միջոցները, կնքում է պայմանագրեր, այդ թվում` նաև աշխատանքային, սահմանված կարգով խրախուսում կամ կարգապահական պատասխանատվության է ենթարկում համալսարանի աշխատողներին, արձակում է հրամաններ և կարգադրություններ, որոնք պարտադիր են համալսարանի կոլեկտիվի անդամների համար:

ԵՊՀ-ի ռեկտորն ընտրվում է համալսարանի Մեծ խորհրդում` հինգ տարի ժամկետով: Ընտրությունների ընթացակարգը հաստատում է Մեծ խորհուրդը:

ԵՊՀ-ի ռեկտոր կարող է ընտրվել այն պրոֆեսորը, որի հիմնական աշխատանքի վայրը վերջին հինգ տարում եղել է ԵՊՀ-ն:

Ռեկտորի ընտրությունները կատարվում են համալսարանի Մեծ խորհրդի հատուկ նիստում` փակ, գաղտնի քվեարկությամբ: Ընտրված է համարվում այն թեկնածուն, ով հավաքել է Մեծ խորհրդի ցուցակային կազմի 50 տոկոսից ավելի ձայներ:

16. Հայաստանի Հանրապետության օրենսդրության և սույն կանոնադրության համաձայն ԵՊՀ-ի ռեկտորն իր իրավասության սահմաններում`

ա) ղեկավարում է համալսարանի կրթական, գիտական, արտադրական, տնտեսական, ֆինանսական, միջազգային և այլ գործունեությունը.

բ) կազմակերպում է համալսարանի կառավարման մարմինների, կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքը` ապահովելով դրանց ներդաշնակ գործունեությունը.

գ) հրավիրում է համալսարանի Մեծ խորհրդի, գիտական խորհրդի, ռեկտորատի նիստեր.

դ) տարեկան հաշվետվություն է ներկայացնում համալսարանի Մեծ խորհրդին.

ե) ապահովում է համալսարանի Մեծ խորհրդի և գիտական խորհրդի որոշումների կատարումը.

զ) գիտական խորհրդի հաստատմանն է ներկայացնում ԵՊՀ-ի կառուցվածքը, ինչպես նաև ներկայացնում է կառուցվածքային ստորաբաժանումներ ստեղծելու, վերակազմավորելու կամ լուծարելու վերաբերյալ առաջարկություններ.

է) ԵՊՀ-ի գիտական խորհրդի հաստատմանն է ներկայացնում համալսարանի կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները, դրանց կանոնակարգերը, ներհամալսարանական կանոնները, ներհամալսարանական նորմատիվ այլ ակտեր.

ը) սույն կանոնադրությանը համապատասխան կազմավորում է ԵՊՀ-ի կառավարման մարմինները, սահմանում է ԵՊՀ-ի ղեկավար կազմի հաստիքացուցակը, լիազորությունները, պաշտոնեական պարտականությունները, կնքում է աշխատանքային պայմանագրեր` ընդունված կարգով ընտրված դեկանների, ամբիոնների վարիչների և դասախոսների հետ.

թ) արձակում է հրամաններ ուսանողների ընդունելության, նրանց նույն կուրսում թողնելու, հեռացնելու, վերականգնելու, համապատասխան արձակուրդ ձևակերպելու և որակավորման աստիճան շնորհելու մասին.

ժ) աշխատանքի նշանակում և աշխատանքից ազատում է համալսարանի պրոռեկտորներին, համալսարանի կենտրոնական ապարատի ստորաբաժանումների ղեկավարներին, որոշում նրանց գործունեության ոլորտները և իրավասությունը.

ժա) կասեցնում է համալսարանի գիտական խորհրդի, ինչպես նաև կառուցվածքային ստորաբաժանումների կառավարման մարմինների և առանձին պաշտոնատար անձանց այն որոշումները, որոնք չեն բխում նրանց իրավասությունից, հակասում են Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությանն ու սույն կանոնադրությանը` նշանակելով դրանց վերաքննարկում.

ժբ) իր բացակայության ժամանակ ռեկտորի պարտականությունների կատարումը դնում է պրոռեկտորներից մեկի վրա.

ժգ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ:

17. Պրոռեկտորներն իրականացնում են համալսարանի գործունեության որոշակի ոլորտի անմիջական ղեկավարությունը` ռեկտորի հանձնարարություններին, հրամաններին և կարգադրություններին համապատասխան:

 

IV. ԵՊՀ-Ի ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

18. ԵՊՀ-ի կառուցվածքային ստորաբաժանումներ են համարվում գիտական կենտրոնները, ֆակուլտետները, ամբիոնները, բաժինները, լաբորատորիաները, գիտական գրադարանը, հրատարակչությունն ու այլ ստորաբաժանումներ:

ԵՊՀ-ի կառուցվածքը սահմանվում է գիտական խորհրդի կողմից և հաստատվում է ռեկտորի հրամանով:

ԵՊՀ-ի կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները սահմանվում են սույն կանոնադրությամբ և իրենց կանոնադրություններով` հաստատված ԵՊՀ-ի գիտական խորհրդի կողմից:

19. ԵՊՀ-ն իր կազմի մեջ մտնող բոլոր ստորաբաժանումների հետ միասին ուսումնական, գիտական և արտադրական ամբողջություն է, որի միասնությունն ապահովվում է`

ա) ուսումնական, կրթական կամ գիտահետազոտական գործընթացների կազմակերպմանը նրա բոլոր ստորաբաժանումների պարտադիր մասնակցությամբ.

բ) բոլոր կառուցվածքային ստորաբաժանումների կողմից ԵՊՀ-ի գիտական խորհրդի որոշումների, ռեկտորի հրամանների և կարգադրությունների կատարմամբ:

20. ԵՊՀ-ի ֆակուլտետները (համահամալսարանական կառուցվածքային ստորաբաժանումները)1 գործում են ֆակուլտետի կանոնադրության համաձայն:

Ֆակուլտետն իր իրավասության սահմաններում իրավունք ունի ընդունելու ինքնուրույն որոշումներ, եթե դրանք չեն հակասում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, սույն և ֆակուլտետի կանոնադրություններին:

Ֆակուլտետը, ելնելով իր կողմից իրականացվող մանկավարժական, գիտական, ուսումնաօժանդակ և ինժեներատեխնիկական աշխատանքներից, մշակում է իր հաստիքացուցակը` ըստ սահմանված չափանիշների, որը հաստատվում է ռեկտորի կողմից:

Ֆակուլտետը կազմված է ամբիոններից, լաբորատորիաներից և ուսումնական, գիտական ու օժանդակ այլ օղակներից:

Ֆակուլտետի կառավարման մարմիններն են ֆակուլտետի մեծ խորհուրդը, խորհուրդն ու դեկանը:

21. Ֆակուլտետի մեծ խորհուրդն ընդունում է ֆակուլտետի կանոնադրությունը և այն ներկայացնում համալսարանի գիտական խորհրդի հաստատմանը, ընտրում է ֆակուլտետի դեկանին, լսում նրա ամենամյա հաշվետվությունները և գնահատում գործունեությունը:

22. Ֆակուլտետի խորհրդի, որպես կառավարման մարմնի կազմ, ձևավորման ու գործունեության կարգը սահմանվում է ֆակուլտետի կանոնադրությամբ: Խորհրդի նախագահը ֆակուլտետի դեկանն է:

Ֆակուլտետի խորհուրդը`

ա) ֆակուլտետի կառուցվածքում ամբիոններ (լաբորատորիաներ, բաժիններ) և այլ կառուցվածքային ստորաբաժանումներ ստեղծելու և վերացնելու, վերակազմավորելու վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում համալսարանի ռեկտորին.

բ) լուծում է ֆակուլտետի ուսումնական, գիտական աշխատանքի, միջազգային կապերի և այլ գործունեության հարցերը.

գ) համալսարանի ռեկտորին է ներկայացնում ֆակուլտետի ուսումնական պլանները` համալսարանի գիտական խորհրդում հաստատելու համար.

դ) ԵՊՀ-ի գիտական խորհրդին առաջարկություն է ներկայացնում ֆակուլտետի աշխատողին «ԵՊՀ-ի ամբիոնի պատվավոր վարիչ», «ԵՊՀ-ի վաստակավոր պրոֆեսոր», «ԵՊՀ-ի վաստակավոր դասախոս», «ԵՊՀ-ի վաստակավոր գիտական աշխատող», «ԵՊՀ-ի վաստակավոր աշխատող» պատվավոր կոչումներ շնորհելու վերաբերյալ.

ե) ընտրում է ԵՊՀ-ի գիտական խորհրդում ֆակուլտետի ներկայացուցիչներին.

զ) լուծում է սույն կանոնադրությունից բխող` ֆակուլտետի ուսումնամեթոդական և գիտահետազոտական գործունեության հետ կապված այլ հարցեր:

Ֆակուլտետի խորհրդում որոշումներն ընդունվում են դրա նիստին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Ֆակուլտետի խորհրդի որոշումները պարտադիր են ֆակուլտետի ղեկավարության, աշխատողների, ուսանողների, ասպիրանտների, դոկտորանտների և հայցորդների համար:

23. Ֆակուլտետի գործունեությունը կազմակերպում և ղեկավարում է ֆակուլտետի դեկանը` իր իրավասությունների սահմաններում և սույն կանոնադրության համաձայն:

Դեկանն ընտրվում է ֆակուլտետի մեծ խորհրդում` փակ, գաղտնի քվեարկությամբ, հինգ տարի ժամկետով: Դեկանի պաշտոնում ընտրված է համարվում ֆակուլտետի մեծ խորհրդում ամենաշատ ձայներ, բայց ոչ պակաս, քան մասնակիցների ձայների կեսից ավելին, հավաքած թեկնածուն: Ֆակուլտետի մեծ խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցել է խորհրդի անդամների 2/3-ը: Ռեկտորը դեկանին պաշտոնի է նշանակում իր հրամանով` քվեարկության արդյունքների և դեկանի ընտրությունների հիման վրա:

24. Ֆակուլտետի դեկանը`

ա) ղեկավարում է ֆակուլտետի կրթական, գիտական, արտադրական, միջազգային և այլ գործունեությունը.

բ) ապահովում է ֆակուլտետի խորհրդի որոշումների կատարումը.

գ) ռեկտորի հաստատմանն է ներկայացնում դեկանի տեղակալների, ֆակուլտետի խորհրդի քարտուղարի թեկնածուներին.

դ) սահմանված կարգով համալսարանի ռեկտորին առաջարկություններ է ներկայացնում ուսանողներին կուրսից փոխադրելու, կուրսում թողնելու, հեռացնելու, վերականգնելու, համապատասխան արձակուրդ ձևակերպելու վերաբերյալ:

25. Ամբիոնները (բաժինները, լաբորատորիաները) համալսարանի ֆակուլտետի ուսումնագիտական գործընթացի կազմակերպման կառուցվածքային հիմնական ստորաբաժանումներն են, որոնք գործում են սույն կանոնադրության և ֆակուլտետների ամբիոնների ու լաբորատորիաների` ԵՊՀ-ի գիտական խորհրդի կողմից հաստատված օրինակելի կանոնադրության համաձայն:

ԵՊՀ-ի ամբիոնները կարող են լինել նաև համահամալսարանական և անմիջականորեն ենթարկվել համապատասխան պրոռեկտորին:

Ամբիոնի գիտամանկավարժական կազմում ընդգրկվում են պրոֆեսորները, դոցենտները, ասպիրանտները, դասախոսները:

Բաժնի (լաբորատորիայի) գիտական և ինժեներատեխնիկական կազմում ընդգրկվում են գիտական և ինժեներատեխնիկական աշխատողները:

26. Ամբիոնը (բաժինը, լաբորատորիան) մշակում է ամբիոնի (բաժնի, լաբորատորիայի) աշխատողների հաստիքացուցակը ֆակուլտետի հաստիքացուցակի շրջանակներում` ելնելով կատարվող մանկավարժական, գիտական, ուսումնաօժանդակ և ինժեներատեխնիկական աշխատանքների ծավալից ու ձևերից` ըստ սահմանված չափանիշների:

ԵՊՀ-ի ամբիոնների (բաժինների, լաբորատորիաների) պրոֆեսորադասախոսական կազմի աշխատանքի ընդունումը, կազմի և ԵՊՀ-ի միջև աշխատանքային հարաբերություններն իրականացվում են պայմանագրային հիմունքներով, որոնց նախորդում է պաշտոնի հավակնորդի ընտրման մրցութային կարգը:

27. Ամբիոնը (բաժինը, լաբորատորիան) ղեկավարում է վարիչը, որն ընտրվում է մրցութային հիմունքներով, մինչև 5 տարի ժամկետով, ֆակուլտետի խորհրդի կողմից` ամբիոնի (բաժնի, լաբորատորիայի) կոլեկտիվի երաշխավորումն ստանալուց հետո: Ֆակուլտետի խորհրդի որոշումը հաստատվում է համալսարանի գիտական խորհրդում` փակ գաղտնի քվեարկությամբ, որից հետո ռեկտորի հրամանով նշանակվում է ամբիոնի վարիչ և նրա հետ կնքվում է աշխատանքային պայմանագիր:

Ամբիոնի (բաժնի, լաբորատորիայի) վարիչը կազմակերպում և ղեկավարում է ամբիոնի ուսումնագիտական և այլ աշխատանքներ, ներկայացնում է նրա կոլեկտիվը համալսարանի, ֆակուլտետի, համալսարանական ստորաբաժանումների, ինչպես նաև ոչ համալսարանական կազմակերպությունների հետ հարաբերություններում:

Ամբիոնի (բաժնի, լաբորատորիայի) գիտաուսումնական հիմնական հարցերը քննարկվում են ամբիոնի (բաժնի, լաբորատորիայի) գիտամանկավարժական կազմի նիստերում: Ամբիոնի (բաժնի, լաբորատորիայի) այլ աշխատողներն այդ նիստերին մասնակցում են խորհրդակցական ձայնի իրավունքով:

 

V. ԵՊՀ-Ի ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

28. Ուսանողների ընդունելությունը համալսարան կատարվում է Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությանը համապատասխան:

29. ԵՊՀ-ում ուսուցումն իրականացվում է առկա, հեռակա և դրսեկության ձևերով:

30. ԵՊՀ-ում ուսումնական գործընթացը կազմակերպվում է երկու կիսամյակից բաղկացած ուսումնական տարով, յուրաքանչյուր կիսամյակ ավարտվում է քննաշրջանով:

31. ԵՊՀ-ում սահմանվում են ուսուցման հետևյալ հիմնական տեսակները` դասախոսություն, գործնական (սեմինար) ու լաբորատոր պարապմունքներ, խորհրդատվություն, ուսումնական և արտադրական պրակտիկա:

32. ԵՊՀ-ում հիմնականում կիրառվում է բարձրագույն կրթության եռաստիճան համակարգ: Ուսուցման յուրաքանչյուր աստիճանի շրջանավարտին տրվում է համապատասխան որակավորում և ավարտական վկայական (դիպլոմ):

Ուսուցման մեկ աստիճանից մյուսին անցումը կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

33. Համալսարանի գիտական գործունեությունը ֆինանսավորվում է հետևյալ աղբյուրներից`

ա) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից.

բ) հանրապետության ու օտարերկրյա հիմնարկների, կազմակերպությունների և ֆիզիկական անձանց նվիրատվություններից.

գ) բարեգործական նպատակով տրամադրվող միջոցներից.

դ) նախաձեռնողական հետազոտությունների համար նախատեսված համալսարանի միջոցներից:

34. Գիտահետազոտական աշխատանքներին կարող են մասնակցել համալսարանի դասախոսները, գիտաշխատողները, ասպիրանտները, հետազոտողները, հայցողները և ուսանողները, ինչպես նաև պայմանագրային կարգով հրավիրված այլ մասնագետներ:

35. ԵՊՀ-ն կազմակերպում է գիտական համաժողովներ, խորհրդակցություններ, սեմինարներ:

36. Գիտական աստիճաններ շնորհում են համալսարանում գործող մասնագիտական խորհուրդները` հիմք ընդունելով ատենախոսության պաշտպանությունը: Մասնագիտական խորհուրդներն ստեղծվում և գործում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

VI. ԵՊՀ-Ի ԿՈԼԵԿՏԻՎԸ

 

37. ԵՊՀ-ի կոլեկտիվը կազմում են պրոֆեսորները, դոցենտները, ասիստենտները, դասախոսները, դոկտորանտները, ասպիրանտները, գիտական, վարչական և այլ աշխատողներ, ուսանողները (բակալավր, մագիստրոս):

ԵՊՀ-ի բոլոր աշխատողները բաժանվում են գիտամանկավարժական (պրոֆեսորադասախոսական կազմը, գիտական աշխատողները), ինժեներատեխնիկական, վարչատնտեսական, արտադրական, ուսումնաօժանդակ և այլ տարակարգերի:

ԵՊՀ-ի աշխատողների և սովորողների իրավունքները և պարտականությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ, ներքին կանոններով, կոլեկտիվ պայմանագրով և ԵՊՀ-ի այլ ակտերով:

38. ԵՊՀ-ի կոլեկտիվի անդամներն իրավունք ունեն`

ա) ընտրելու և ընտրվելու ԵՊՀ-ի Մեծ խորհրդում, գիտական խորհրդում, ֆակուլտետների խորհուրդներում.

բ) մասնակցելու ԵՊՀ-ի գործունեությանն առնչվող բոլոր խնդիրների քննարկմանն ու ընտրովի մարմինների աշխատանքներին.

գ) միավորվելու արհմիությունների և հասարակական այլ կազմակերպությունների մեջ.

դ) օգտվելու համալսարանի ուսումնական, գիտական, սոցիալ-կենցաղային ստորաբաժանումների, ինչպես նաև գիտական գրադարանի ծառայություններից.

ե) համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը, գիտաշխատողները և ուսանողներն օժտված են ակադեմիական ազատություններով:

39. Գիտամանկավարժական աշխատողների, ուսանողների, ասպիրանտների, դոկտորանտների և հայցորդների համար ստեղծվում են գիտական ճշմարտության ազատ որոնումների, շարադրման ու տարածման նպաստավոր պայմաններ` այդ նպատակներին հատկացված միջոցների շրջանակներում:

ԵՊՀ-ի կոլեկտիվի անդամները պարտավոր են`

ա) պահպանել և կատարել սույն կանոնադրության, ԵՊՀ-ի այլ ակտերի դրույթները.

բ) կատարել ԵՊՀ-ի ղեկավար մարմինների որոշումները.

գ) ապահովել ուսումնական գործընթացի, անցկացվող գիտական հետազոտությունների արդյունավետությունը.

դ) մշտապես բարձրացնել իրենց որակավորումը.

ե) պահպանել և արդյունավետ ու խնայողաբար օգտագործել ԵՊՀ-ի գույքը.

զ) հոգ տանել ԵՊՀ-ի հեղինակության բարձրացման մասին:

40. ԵՊՀ-ի գիտամանկավարժական կազմը ձևավորվում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով:

ԵՊՀ-ի գիտամանկավարժական աշխատողներն ունեն`

ա) իրենց մասնագիտական գործունեության կազմակերպման և նյութատեխնիկական ապահովման իրավունք.

բ) գիտական հետազոտության ակադեմիական ազատության իրավունք.

գ) սեփական նախաձեռնությամբ հետազոտական թեմաներ ընտրելու և մշակելու ազատության իրավունք.

դ) պետական կրթական չափորոշիչներին համապատասխան ուսումնական դասընթացների բովանդակության, ծրագրերի ազատ որոշման իրավունք.

ե) իրենց անհատական առանձնահատկություններին համապատասխանող և ուսումնական գործընթացի բարձր որակն ապահովող նյութի շարադրման, դասավանդման մեթոդների ու միջոցների ազատ ընտրության իրավունք.

զ) համատեղությամբ գիտական, մանկավարժական և այլ բնույթի աշխատանքներ կատարելու իրավունք:

ԵՊՀ-ի աշխատողներին գիտության և մանկավարժության բնագավառներում ակնառու նվաճումների համար ԵՊՀ-ի գիտական խորհրդի սահմանած կարգով շնորհվում են համալսարանի մրցանակներ: Երիտասարդ գիտնականների համար սահմանվում է առանձին մրցանակ:

41. ԵՊՀ-ի ուսանողներ են համարվում բակալավրիատի և մագիստրատուրայի, ինչպես նաև հնգամյա ուսուցման ծրագրերով բարձրագույն մասնագիտական կրթություն ստանալու համար ռեկտորի կողմից հրամանագրված անձինք: Ուսանողների ընդունելությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հանրակրթական ուսումնառություն ստացած յուրաքանչյուր ոք կարող է դառնալ ԵՊՀ-ի ուսանող` վճարովի կամ անվճար հիմունքներով, մրցույթով` ընդունելության քննությունները հաջող հանձնելու, իսկ առանձին մասնագիտությունների գծով` հարցազրույց անցնելու դեպքերում:

Օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց վճարովի հիմունքներով ուսուցումը իրականացվում է համաձայն կնքված պայմանագրի:

42. ԵՊՀ-ի ուսանողն իրավունք ունի`

ա) ստանալու գիտության, տեխնիկայի և մշակույթի զարգացման ժամանակակից մակարդակին համապատասխանող գիտելիքներ.

բ) հաճախելու համալսարանում կարդացվող դասախոսություններին.

գ) ըստ նախասիրությունների` մասնակցելու համալսարանում անցկացվող ուսանողական գիտահետազոտական աշխատանքներին.

դ) մասնակցելու ուսուցման որակն ապահովող գործառույթներին և գնահատելու պրոֆեսորադասախոսական կազմի գործունեության արդյունավետությունը.

ե) օգտվելու ԵՊՀ-ի գրադարանից, մարզական և առողջարանային հենակետերից, մշակութային-լուսավորչական օղակներից.

զ) հիմնական մասնագիտական ուսուցումը համատեղելու երկրորդ մասնագիտական ուսուցման հետ և ստանալու երկու որակավորման աստիճան.

է) ստեղծելու ուսանողական հասարակական կազմակերպություններ` ուսանողական կյանքի հարցերի լուծման համար.

ը) ԵՊՀ-ի ակտերով սահմանված կարգով ընդգրկվելու համալսարանի և նրա ստորաբաժանումների ղեկավար մարմինների կազմում.

թ) մեկ ուսումնական տարվա ընթացքում ստանալու երկուսից ոչ պակաս արձակուրդ` առնվազն 7 շաբաթ տևողությամբ:

Պետական պատվերով ընդունված և առկա ձևով կրթություն ստացող ուսանողները Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին ապահովվում են ուսանողական կրթաթոշակներով: ԵՊՀ-ն իրավունք ունի սահմանելու անվանական կրթաթոշակներ և պետական կրթաթոշակների հավելավճարներ, ինչպես նաև ուսումը խրախուսող բարոյական ու նյութական խթանման այլ ձևեր:

ԵՊՀ-ն նպաստում է սովորողների կենցաղի, սննդի, առողջության պահպանման, հանգստի, ֆիզիկական և հոգևոր զարգացման անհրաժեշտ պայմանների ստեղծմանը:

Առկա ձևով կրթություն ստացող ոչ երևանաբնակ ուսանողներին կարող է հատկացվել հանրակացարան` պայմանագրային հիմունքներով:

Արգելվում է ուսանողներին ներգրավել արտաուսումնական աշխատանքներում` առանց վերջիններիս և (կամ) նրանց ծնողների (որդեգրողների և հոգաբարձուների) համաձայնությամբ: Սովորողների նկատմամբ ֆիզիկական կամ հոգեբանական ճնշման միջոցների կիրառումն արգելվում է:

43. ԵՊՀ-ի ուսանողները պարտավոր են`

ա) սահմանված ժամկետներում կատարել ուսումնական բոլոր առաջադրանքները.

բ) տիրապետել բարձր որակավորման ապագա մասնագետի համար անհրաժեշտ գիտելիքներին և հմտություններին.

գ) պահպանել ԵՊՀ-ի կանոնադրությունը և ներքին կանոնները.

դ) հաճախել ԵՊՀ-ում կարդացվող դասախոսություններին, սեմինար (գործնական) պարապմունքներին.

ե) բարձր պահել ԵՊՀ-ի պատիվը և հեղինակությունը.

զ) պահպանել հասարակության բարոյական նորմերը:

Վճարովի հիմունքներով կրթություն ստացող ուսանողները պարտավոր են ժամանակին վճարել ուսման վարձը, որի չափը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով որոշում է համալսարանը: Ուսման վարձը ժամանակին չվճարելու դեպքում այս խմբի ուսանողները կարող են ազատվել համալսարանից:

Ուսանողները, որոնք չեն կատարում ուսումնական պլանները ու ուսումնական գործընթացի ժամանակացույցը, ցուցաբերում են ակադեմիական անբավարար առաջադիմություն, խախտում են համալսարանի ներքին կարգապահական կանոնները ռեկտորի կամ նրա կողմից լիազորված անձի հրամանով կարող են ենթարկվել կարգապահական տույժերի, ընդհուպ մինչև համալսարանից հեռացվելը:

44. ԵՊՀ-ի ուսումնական պլանները կատարած ուսանողներին շնորհվում է համապատասխան որակավորում և տրվում է պետական նմուշի ավարտական փաստաթուղթ` դիպլոմ:

Ավարտական վկայականում նշվում են ուսումնասիրված դասընթացները, մասնագիտությունը (մասնագիտացումները): Ուսման մեջ հատուկ հաջողություններ ունեցող ուսանողներին տրվում է գերազանցության դիպլոմ:

Պետական նմուշի ավարտական փաստաթղթի առկայությունը պարտադիր է ԵՊՀ-ում հաջորդ աստիճանի կրթություն ստանալու համար:

Տվյալ աստիճանի կրթությունը չավարտած ուսանողին տրվում է համապատասխան տեղեկանք:

45. ԵՊՀ-ի ուսանողության ինքնակառավարման և նրա շահերը պաշտպանող մարմինն ուսանողական խորհուրդն է, որն ապահովում է ուսանողների մասնակցությունը համալսարանի կառավարմանը և համալսարանի կառավարման համապատասխան մարմինների քննարկմանն է ներկայացնում ուսանողությանն առնչվող հարցերը:

46. ԵՊՀ-ի ասպիրանտ է համարվում բարձրագույն մասնագիտական կրթություն ունեցող և մրցույթով անցած անձը, ով ուսանում է ասպիրանտուրայում և նախապատրաստում է գիտությունների թեկնածուի գիտական աստիճան հայցելու ատենախոսություն:

ԵՊՀ-ի դոկտորանտ է համարվում գիտությունների թեկնածուի աստիճան ունեցող և դոկտորանտուրա հրամանագրված անձը, ով նախապատրաստում է գիտությունների դոկտորի գիտական աստիճան հայցող ատենախոսություն:

ԵՊՀ-ի հայցորդ է համարվում բարձրագույն մասնագիտական կրթություն ունեցող անձը, ով կցված է ասպիրանտուրային` թեկնածուական մինիմումի քննությունները հանձնելու և գիտությունների թեկնածուի գիտական աստիճան հայցելու ատենախոսություն նախապատրաստելու համար, առանց ասպիրանտուրայում ուսանելու, կամ այն անձը, ով ունի գիտությունների թեկնածուի գիտական աստիճան և նախապատրաստում է գիտությունների դոկտորի գիտական աստիճան հայցելու ատենախոսություն: Հայցորդի կարգավիճակը չի կարող պահպանվել 5 տարվանից ավելի ժամկետով:

ԵՊՀ-ի ունկնդիրներ են համարվում այն անձինք, ովքեր սովորում են դրսեկությամբ, նախապատրաստական բաժիններում, ինչպես նաև այն դասախոսները և գիտական աշխատողները, ովքեր մասնակցում են վերապատրաստման ու որակավորման բարձրացման դասընթացներին:

ԵՊՀ-ում գիտամանկավարժական կադրերի պատրաստումն ասպիրանտուրայի, դոկտորանտուրայի և հայցորդության ձևերով իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգին համապատասխան` համաձայն ԵՊՀ-ի գիտական խորհրդի հաստատած կանոնակարգի:

 

VII. ԵՊՀ-Ի ԳՈՒՅՔԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

 

47. ԵՊՀ-ի կրթական, գիտական և այլ գործունեությունն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը սեփականության իրավունքով ԵՊՀ-ին հատկացնում է նրան անհրաժեշտ գույք (շինություններ, կառույցներ, հողամասեր և անշարժ գույքի այլ տեսակներ, ինչպես նաև սարքավորումներ ու սպառողական, սոցիալական և մշակութային նշանակության շարժական այլ միջոցներ): ԵՊՀ-ն իրավունք ունի իր հայեցողությամբ տիրապետելու, տնօրինելու և օգտագործելու սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը` օրենքին, հիմնադրի որոշումներին և (կամ) սույն կանոնադրությանը համապատասխան:

48. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ԵՊՀ-ի անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով կարող է ամրացվել ցանկացած գույք:

49. ԵՊՀ-ի գույքի ստեղծման աղբյուրներն են`

ա) համալսարանին սեփականության իրավունքով հանձնված գույքը.

բ) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից պետական պատվերի համար, ինչպես նաև այլ ձևերով հատկացված միջոցները.

գ) միջոցներ, որոնք գոյանում են վճարովի ուսումնական, հետազոտական, գիտաարտադրական, խորհրդատվական, հրատարակչական և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից.

դ) Հայաստանի Հանրապետության ու օտարերկրյա պետությունների իրավաբանական և ֆիզիկական անձանց կատարած ներդրումները, այդ թվում` բարեգործական, հովանավորչական, նպատակային մուծումները, կտակած գույքը.

ե) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող այլ աղբյուրներ:

Ֆինանսավորման լրացուցիչ աղբյուրների ներգրավումը չի կարող հանգեցնել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորման չափերի նվազեցմանը:

50. ԵՊՀ-ն օրենքով սահմանված կարգով ինքնուրույն է որոշում իրեն ամրացված գույքի, այդ թվում և բյուջետային միջոցների, ինչպես նաև սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքի օգտագործման, տիրապետման, տնօրինման կարգը:

51. ԵՊՀ-ի և նրա կառուցվածքային ստորաբաժանումների գույքը վարձակալության հանձնելու դեպքում, ստացված գումարներն օգտագործվում են նրանց կանոնադրական խնդիրների իրականացման համար: Նման գործունեության հետևանքով ստացված եկամուտները չեն ազդում ԵՊՀ-ի պետբյուջետային ֆինանսավորման նորմատիվների և չափերի վրա:

52. ԵՊՀ-ն իրավունք ունի սահմանված լիցենզիաների շրջանակներում, պետական պատվերի սահմաններից դուրս, իրականացնելու ուսանողների ընդունելություն, մասնագետների պատրաստում` վճարովի-պայմանագրային հիմունքներով:

Վճարովի պայմանագրային հիմունքներով սովորողների ընդունելությունը կարող է իրականացվել ԵՊՀ-ում գործող բոլոր կրթական ձևերով: Այդպիսի գործունեության հետևանքով ստացված եկամուտներն ու դրա հաշվին ձեռք բերված գույքը համալսարանն օգտագործում է ինքնուրույն` իր կանոնադրական խնդիրներն իրականացնելու նպատակով:

53. ԵՊՀ-ի գործունեության ընթացքում առաջացած շահույթն օգտագործվում է միայն նրա կանոնադրությամբ նախատեսված նպատակների իրականացման համար:

54. ԵՊՀ-ի բոլոր եկամուտները և ծախսերը նախատեսվում և օգտագործվում են սահմանված կարգով հաստատված տարեկան նախահաշվին համապատասխան:

 

VIII. ԵՊՀ-Ի ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

 

55. ԵՊՀ-ի վերակազմակերպումը (միաձուլում, միացում, բաժանում, առանձնացում, վերակազմավորում) և լուծարումը կատարվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: ԵՊՀ-ի լուծարման դեպքում պարտատերերի պահանջները բավարարելուց հետո մնացած գույքն ուղղվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

 

_______________

1 ֆակուլտետի կարգավիճակի հիմունքները տարածվում են գիտահետազոտական ինստիտուտի վրա, այն տարբերությամբ, որ գիտահետազոտական ինստիտուտը կազմված է բաժիններից, ինստիտուտային ենթակայության լաբորատորիաներից ու այլ օղակներից, իսկ ԳՀԻ-ի կառավարման մարմիններն են նրա գիտական խորհուրդը և տնօրենը:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
04.08.2011, N 1117-Ն 25.08.2011, N 1222
13.10.2005, N 1894-Ն 01.12.2005, N 1222
09.06.2005, N 888-Ն 21.07.2005, N 1222
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան