ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
22 ապրիլի 2016 թ. |
N 01 |
Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի N 867 ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՀԱՎԵԼՎԱԾ 3-Ի 43.1-ՐԴ ԿԵՏԻ 3-ՐԴ ԵՆԹԱԿԵՏԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում դեղատնային գործունեության իրականացման լիցենզավորման կարգի» (Հավելված 3») 43.1-րդ կետի 3-րդ ենթակետը նախատեսում է, որ լիցենզավորված անձը լիցենզավորված գործունեությունն սկսելուց առնվազն հինգ աշխատանքային օր առաջ լիազոր մարմին է ներկայացնում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վտանգավոր թափոնների վնասազերծման ոլորտում համապատասխան լիցենզիա ունեցող որևէ կազմակերպության հետ կնքված պայմանագրի պատճենը:
Տվյալ իրավիճակում ոչ հստակ է ընկալվում դեղատնային գործունեության իրականացնող անձի կողմից այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու համար վտանգավոր թափոնների վնասազերծման ոլորտում լիցենզիա ունեցող կազմակերպության հետ համապատասխան պայմանագիրը յուրաքանչյուր դեղատան կամ դեղատնային կրպակի գործունեության վայրի հասցեով կնքելու հարցը:
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդվածի դրույթներով` պաշտոնապես պարզաբանում եմ.
«Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը սահմանելով վտանգավոր թափոններ հասկացությունը` նախատեսում է, որ վտանգավոր թափոնները դրանք թափոններ են, որոնք իրենց ֆիզիկական, քիմիական կամ կենսաբանական հատկություններով վտանգ են ստեղծում կամ կարող են ստեղծել մարդու առողջության և շրջակա միջավայրի համար, և պահանջվում է դրանց հետ վարվելու հատուկ մեթոդներ, եղանակներ, միջոցներ:
Ըստ վտանգավորության դասակարգված թափոնների ցանկը և Հայաստանի Հանրապետության տարածքում գոյացող արտադրության (այդ թվում` ընդերքօգտագործման) և սպառման թափոնների ցանկը հաստատվել է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի համապատասխանաբար 2006 թվականի դեկտեմբերի 25-ի N 430-Ն և 2006 թվականի հոկտեմբերի 26-ի N 342-Ն հրամաններով, որոնցում, որպես վտանգավոր թափոններ, ներառված են նաև սկզբնական սպառողական հատկությունները կորցրած դեղերը:
«Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը սահմանելով «թափոնների փոխադրում» հասկացությունը` նախատեսում է.
«թափոնների փոխադրում` թափոնների տեղափոխում դրանց գոյացման կամ պահման վայրերից դեպի մշակման, օգտահանման կամ հեռացման վայրեր կամ օբյեկտներ»:
Թափոնների ոլորտը կարգավորող ՀՀ օրենսդրության իմաստով թափոնների հեռացման վայր է հանդիսանում դրանց ոչնչացման, վնասազերծման, տեղադրման վայրը (օր.` «Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենք, ՀՀ կառավարության 2006 թվականի հուլիսի 13-ի թիվ 1180-Ն որոշում, ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 24-ի թիվ 387-Ն որոշում, ՀՀ կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 14-ի թիվ 1343-Ն որոշում և այլն):
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածը նախատեսելով լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների ցանկը` 14-րդ բաժնի 1-ին կետով որպես լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ է նախատեսել վտանգավոր թափոնների վերամշակումը, վնասազերծումը, պահպանումը, փոխադրումը և տեղադրումը: «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 10-րդ մասի 4-րդ, 5-րդ պարբերությունների իմաստով գործունեության այդ տեսակի իրականացումը ներառում է գործունեության բոլոր բաղկացուցիչները միաժամանակ (վերամշակումը, վնասազերծումը, պահպանումը, փոխադրումը և տեղադրումը):
Վերոգրյալից հետևում է, որ վտանգավոր թափոնները դեղատնային գործունեություն իրականացնող անձի դեղատնից կամ դեղատնային կրպակից հեռացման վայր (ոչնչացման, վնասազերծման) փոխադրելը կարող է իրականացվել բացառապես վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման պահպանման, փոխադրման և տեղադրման լիցենզիա ունեցող անձի կողմից:
«Հայաստանի Հանրապետությունում դեղերի արտադրության, դեղատնային գործունեության, կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից բժշկական օգնության և սպասարկման, իրականացման լիցենզավորման կարգերը և նշված գործունեությունների իրականացման լիցենզիայի ձևերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի N 867 որոշմամբ հաստատված հավելված 3-ի 43.1-րդ կետի 3-րդ ենթակետը պահանջ է նախատեսում, ի թիվս այլ փաստաթղթերի, լիազոր մարմին ներկայացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վտանգավոր թափոնների վնասազերծման ոլորտում համապատասխան լիցենզիա, այն է` վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման պահպանման, փոխադրման և տեղադրման լիցենզիա ունեցող որևէ կազմակերպության հետ կնքված պայմանագրի պատճենը:
Ելնելով նշված իրավական ակտի և «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 14-րդ բաժնի դրույթների, թափոնների ոլորտը կարգավորող օրենսդրության վերլուծությունից` պարզ է դառնում, որ վտանգավոր թափոնների վնասազերծման ոլորտում լիցենզիա ունեցող կազմակերպության հետ համապատասխան պայմանագիրը կնքվում է հենց այն դեղատան կամ դեղատնային կրպակի վտանգավոր թափոնները վնասազերծելու համար, որի համար հայտատուն ստացել է դեղատնային գործունեության լիցենզիա:
Հետևաբար այն դեպքում, երբ լիցենզավորված անձը այլ վայրում ևս իրականացնում է գործունեություն և այդ գործունեության վայրի դեղատնից կամ դեղատնային կրպակից պետք է կատարվի վտանգավոր թափոնների փոխադրում և վնասազերծում, ապա համապատասխան պայմանագրում կամ պետք է նշվեն լիցենզավորված անձի դեղատնային բոլոր գործունեության վայրերը (բոլոր դեղատների կամ դեղատնային կրպակների հասցեները) կամ յուրաքանչյուր գործունեության վայրի (յուրաքանչյուր դեղատան կամ դեղատնային կրպակի հասցե) համար պետք է կնքվի առանձին պայմանագիր:
Ա. Մուրադյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|