Գլխավոր տեղեկություն
Համար
N 10
Տիպ
Պաշտոնական պարզաբանում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.06.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2015.06.22/17(529)
Ընդունող մարմին
Ֆինանսների նախարար
Ընդունման ամսաթիվ
15.06.2015
Ստորագրող մարմին
Ֆինանսների նախարար
Ստորագրման ամսաթիվ
15.06.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

15 հունիսի 2015 թ.

N 10

 

Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն  Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ՝ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻՆ ՎՆԱՍ ՊԱՏՃԱՌՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՈՐՈՇ ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

«Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետություն ներմուծվող` շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար վճարը հաշվարկվում է այդ ապրանքների մաքսային արժեքի հիման վրա և պետական բյուջե է վճարվում ներմուծելիս` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, իսկ 11-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ շրջակա միջավայրին վնաս պատճառող ներմուծվող ապրանքների համար վճարը վճարվում է մինչև դրանց մաքսային ձևակերպումը կամ մաքսային ձևակերպման ժամանակ` վճարումը հաստատող փաստաթուղթը ներկայացնելով համապատասխան մաքսային մարմին:

«Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով սահմանված են Հայաստանի Հանրապետություն ներմուծվող՝ շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների դիմաց վճարի դրույքաչափերը (ապրանքների մաքսային արժեքների նկատմամբ):

«Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետություն ներմուծված և իրացվող` շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների (բացառությամբ ըստ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի 8702, 8703, 8704 և 8705 ծածկագրերին դասվող ավտոմեքենաների) համար վճարը հաշվարկում է ներմուծողը` ելնելով հաշվետու ժամանակաշրջանում իրացված ապրանքների իրացման շրջանառությունից և Հայաստանի Հանրապետությունում արտադրվող և իրացվող ապրանքների համար օրենքով սահմանված համապատասխան դրույքաչափից: Հաշվետու ժամանակաշրջանի համար հաշվարկված վճարը պակասեցվում է իրացված ապրանքների ներմուծման համար մաքսային հայտարարագրերում առանձնացված և պետական բյուջե վճարված բնապահպանական վճարների չափով` հաշվետու ժամանակաշրջանում իրացված ապրանքին համամասնորեն, բայց ոչ ավելի, քան հաշվետու ժամանակաշրջանի համար հաշվարկված վճարի գումարից: Այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետությունում արտադրվող և իրացվող` շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների արտադրությունում անմիջականորեն օգտագործվել են Հայաստանի Հանրապետություն ներմուծված` շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքներ, ապա նույն հոդվածին համապատասխան հաշվարկված բնապահպանական վճարի գումարը պակասեցվում է իրացված ապրանքի արտադրությունում օգտագործված` Հայաստանի Հանրապետություն ներմուծված` շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար մաքսային հայտարարագրերում առանձնացված և պետական բյուջե վճարված բնապահպանական վճարների չափով, բայց ոչ ավելի, քան իրացված ապրանքի համար նույն հոդվածին համապատասխան հաշվարկված բնապահպանական վճարի գումարից:

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 25-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ ենթակետի համաձայն՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների Մաքսային միության շրջանակներում իրականացվում է ապրանքների ազատ տեղափոխում անդամ պետությունների տարածքներով՝ առանց մաքսային հայտարարագրման ու պետական հսկողության (տրանսպորտային, սանիտարական, անասնաբուժասանիտարական, կարանտինային բուսասանիտարական) կիրառման՝ բացառությամբ նույն պայմանագրով նախատեսված դեպքերի: «Մաքսային միության մաքսային օրենսգրքի մասին» 2009 թվականի նոյեմբերի 27-ի պայմանագրի 65-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ ապրանքների մաքսային արժեքի հայտարարագրումն իրականացվում է հայտարարատուի կողմից ապրանքների մաքսային հայտարարագրման շրջանակներում, իսկ 3-րդ կետի համաձայն՝ մաքսային արժեքի հայտարարագիրը ապրանքների հայտարարագրի անբաժանելի մասն է: «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Միության ապրանքները Հայաստանի Հանրապետության սահմանով տեղափոխվում են (ներմուծվում կամ արտահանվում են) «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով: «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի շրջանակներում մաքսային արժեքի հայտարարագրում չի իրականացվում:

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի դրույթներով, նպատակ ունենալով պարզաբանելու Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներից ներմուծվող՝ շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար բնապահպանական վճարի հաշվարկման հարցերը` պաշտոնապես պարզաբանում եմ.

1. Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ ԵՏՄ) անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող` շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված բնապահպանական վճարը հաշվարկվում է այդ ապրանքների համար «Հայաստանի Հանրապետության և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև անուղղակի հարկերի հաշվարկման և վճարման առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով որոշվող ավելացված արժեքի հարկով հարկման բազայի (առանց այդ ապրանքների համար օրենքով սահմանված կարգով հաշվարկված ակցիզային հարկի գումարի) հիման վրա (այսուհետ՝ վճարի հաշվարկման բազա), Հայաստանի Հանրապետություն ներմուծվող՝ շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով սահմանված բնապահպանական վճարների համապատասխան դրույքաչափերով:

2. Շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքներ ներմուծող իրացնողների կողմից ԵՏՄ անդամ պետություններից ներմուծված և հաշվետու ժամանակաշրջանում իրացվող ապրանքների իրացման շրջանառության հիման վրա հաշվարկված բնապահպանական վճարը «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով պակասեցվում է այդ ապրանքների համար վճարի հաշվարկման բազայի հիման վրա հաշվարկված և պետական բյուջե վճարված բնապահպանական վճարի չափով՝ հաշվետու ժամանակաշրջանում իրացված ապրանքներին համամասնորեն, բայց ոչ ավելի, քան հաշվետու ժամանակաշրջանի համար հաշվարկված վճարի գումարից:

3. Այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետությունում արտադրվող և իրացվող` շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների արտադրությունում անմիջականորեն օգտագործվել են ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ներմուծված` շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքներ, ապա արտադրող իրացնողի կողմից հաշվետու ժամանակաշրջանում ապրանքների իրացման շրջանառության հիման վրա հաշվարկված բնապահպանական վճարը «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով պակասեցվում է իրացված ապրանքների արտադրությունում օգտագործված` ԵՏՄ անդամ պետություններից ներմուծված ապրանքների համար վճարի հաշվարկման բազայի հիման վրա հաշվարկված և պետական բյուջե վճարված բնապահպանական վճարի չափով, բայց ոչ ավելի, քան իրացված ապրանքների համար հաշվարկված բնապահպանական վճարի գումարից:

Նախարար`

Գ. Խաչատրյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան