Գլխավոր տեղեկություն
Համար
N 1409-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.10.2002-27.06.2005)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.10.02/42(217) Հոդ.948
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
11.07.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
05.08.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
17.09.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.10.2002
Ուժը կորցնելու ամսաթիվ
23.09.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
17 սեպտեմբերի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 հուլիսի 2002 թվականի N 1409-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԶԵՐՎՆԵՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի առաջին մասի «ժգ» կետին համապատասխան` Հայստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության պետական ռեզերվների գործակալության կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի.

բ) Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության պետական ռեզերվների գործակալության կառուցվածքը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. օգոստոսի 5
Երևան

 

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2002 թվականի
հուլիսի 11-ի N 1409-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԶԵՐՎՆԵՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության պետական ռեզերվների գործակալությունը (այսուհետ`գործակալություն) Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության (այսուհետ` նախարարություն) կազմում գործող` Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որն օրենքով, իսկ առանձին դեպքերում, նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում, ծառայություններ է մատուցում համակարգի կառավարման բնագավառում՝ հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից:

2. Գործակալությունն ստեղծվում, վերակազմակերպվում և լուծարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Գործակալությունը գործում է իր կանոնադրության համաձայն, որը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի (այսուհետ` նախարար) ներկայացմամբ, հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Գործակալության լիազորությունները սահմանվում են օրենքով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

4. Գործակալությունն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:

5. Գործակալությունն օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում իրավունք ունի Հայաստանի Հանրապետության անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող:

6. Գործակալությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և գործակալության հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:

 

II. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

7. Գործակալության նպատակները և խնդիրներն են`

ա) պետական ռեզերվում նյութական արժեքների կուտակման պետական ծրագրերի և առաջադրանքների կատարման ապահովումը.

բ) պետական ռեզերվների համակարգի կազմակերպություններում, պատասխանատու պահպանման կետերում, ինչպես նաև տվյալ ռեզերվի ստեղծման նպատակներին համապատասխան նյութական արժեքների տեղաբաշխումը (տարաբաշխումը)՝ ըստ Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման` համաձայն Հայաստանի Հանրապետության ռազմաքաղաքական և ռազմավարական ասպեկտների նյութատեխնիկական ապահովման.

գ) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված անվանացանկի և ծավալների համաձայն պետական պահուստի 2-րդ խմբի նյութական արժեքների` կուտակման ծրագրերի ու զորահավաքային առաջադրանքների կատարման, դրանց պահպանման, թարմացման, փոխարինման, վերադարձման, ինչպես նաև գործող ստանդարտներին կամ տեխնիկական պայմաններին այդ արժեքների համապատասխանության նկատմամբ վերահսկողության իրականացումը.

դ) միասնական տեխնիկական քաղաքականության իրականացումը, գիտության ու տեխնիկայի նորագույն նվաճումների և առաջատար փորձի արմատավորումը, գործակալության համակարգի կազմակերպությունների ստեղծման ու շահագործման, աշխատատար գործընթացների մեքենայացման ու ավտոմատացման բնագավառներում կազմակերպությունների գործունեության բարձր տեխնիկատնտեսական ցուցանիշների ապահովումը:

 

III. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

8. Գործակալությունն իր նպատակների և խնդիրների իրականացման համար` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները`

ա) Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության ռազմատնտեսական ծրագրերի վարչության հետ համատեղ աշխատանքներ է իրականացնում` պետական ռեզերվում պահպանման ենթակա 1-ին և 2-րդ խմբերի նյութական արժեքների անվանացանկի, ինչպես նաև դրանց կուտակման գիտական հիմնավորված նորմաների բարելավման համար, ու նշված անվանացանկը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության միջոցով ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը.

բ) սահմանված կարգով մշակում ու նախարարության միջոցով Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում պետական ռեզերվի 1-ին և 2-րդ խմբերի նյութական արժեքների կուտակման, ապաամրագրման, թարմացման և փոխարինման հեռանկարային ու տարեկան ծրագրերի նախագծերը.

գ) իրականացնում է հսկողություն պատասխանատու պահպանման կետերում ու գործակալության համակարգի կազմակերպություններում պետական ռեզերվի նյութական արժեքների կուտակման, բացթողման, վերադարձման, թարմացման, փոխարինման, տարածքային տեղաբաշխման սահմանված ծրագրերի և առաջադրանքների կատարման նկատմամբ.

դ) նախարարություն է ներկայացնում եզրակացություններ ու առաջարկություններ պետական ռեզերվից նյութական արժեքների փոխառման մասին նախարարությունների միջնորդությունների, ինչպես նաև գործակալության իրավասությանը համապատասխանող այլ հարցերի վերաբերյալ.

ե) ապահովում է պետական ռեզերվում նյութական արժեքների կուտակման գծով ծախսերի` սահմանված կարգով ֆինանսավորումը և տվյալ տարում իրականացնում դրանց համար վճարումները` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված միջոցներին համապատասխան.

զ) ապահովում է պետական ռեզերվում ամբարվող և բաց թողնվող նյութական արժեքների համար ժամանակին վճարումները մատակարարներին և ստացողներին, ինչպես նաև նախարարությանը` Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման ենթակա գումարների մասով, իրականացնում է վերահսկողություն պատասխանատու պահողների ու գործակալության համակարգի կազմակերպությունների կողմից պետական ռեզերվի նյութական արժեքների գների ու սակագների ճիշտ կիրառման, վերագնահատման ճշտության ստուգման նպատակով.

է) գործակալության համակարգի կազմակերպություններում կազմակերպում է պետական ռեզերվի նյութական արժեքների ամենամսյա գույքագրում, իրականացնում պատասխանատու պահպանման կետերում պետական ռեզերվի նյութական արժեքների գույքագրման նկատմամբ վերահսկողություն, բացահայտված թերությունները վերացնելու համար ձեռնարկում միջոցներ.

ը) սահմանված կարգով ապահովում է պետական ռեզերվի 1-ին և 2-րդ խմբերի նյութական արժեքների միասնական հաշվառման կազմակերպումը, իրականացնում դրանց առկայության ու շարժի ամփոփ հաշվառում ու պետական ռեզերվի 1-ին և 2-րդ խմբերի նյութական արժեքների առկայության ու վիճակի մասին ամփոփ հաշվետվություն և տեղեկատվություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն.

թ) օրենքով սահմանված կարգով իրականացնում է վերահսկողություն գործակալության համակարգի կազմակերպությունների բյուջետային ֆինանսավորման նպատակային օգտագործման, ինչպես նաև այդ կազմակերպությունների կողմից` սահմանված կարգով վճարովի ծառայությունների մատուցման նկատմամբ.

ժ) ապահովում է պատասխանատու պահպանման կետերի ծախսումների փոխհատուցումը` կապված պետական ռեզերվի 1-ին և 2-րդ խմբերի նյութական արժեքների պահպանման հետ, նախարարության կողմից սահմանված ու Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված` նշված ծախսումների փոխհատուցման կարգին համապատասխան.

ժա) անցկացնում է պատասխանատու պահպանման կետերում պահպանվող պետական ռեզերվի 1-ին և 2-րդ խմբերի նյութական արժեքների առկայության, հաշվառման, շարժի ու որակական վիճակի ստուգում.

ժբ) նախարարի հաստատմանն է ներկայացնում պետական ռեզերվի նյութական արժեքների մատակարարման, ընդունման (ամբարման), պահպանման, լրամշակման, թարմացման, փոխարինման, բացթողման կարգի ու այդ նյութական արժեքներով այլ գործառնությունների կատարման մասին հրահանգները, որոնք պարտադիր են նշված նյութական արժեքների մատակարարների, պատասխանատու պահողների և ստացողների (սպառողների), ինչպես նաև նախարարությունների համար, որոնց համակարգի մեջ են մատակարարները, պատասխանատու պահողները և ստացողները (սպառողները).

ժգ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստանում է վիճակագրական տվյալներ, որոնք անհրաժեշտ են պետական ռեզերվում նյութական արժեքների անվանացանկի, գիտականորեն հիմնավորված օպտիմալ նորմաների (մակարդակների) ու կուտակման ծրագրի մշակման համար.

ժդ) պահանջում է պետական ռեզերվի 1-ին և 2-րդ խմբերի նյութական արժեքների պատասխանատու պահողների միջոցով, ինչպես նաև անմիջականորեն այդ պահողներից` ներկայացնել փաստաթղթային տվյալներ սահմանված կարգով իրենց կողմից անցկացվող պետական ռեզերվի նյութական արժեքների գույքագրումների, նյութական արժեքների առկայության, որակական վիճակի ու պահպանման պայմանների ստուգումների արդյունքների մասին.

ժե) իրականացնում է ոլորտի պետական ունեցվածքի տիրապետման և օգտագործման գործառույթները.

ժզ) իր իրավասության սահմաններում տալիս է ցուցումներ, որոնց կատարումը պարտադիր է գործակալության աշխատողների համար, և վերահսկում է դրանց կատարումը.

ժԷ) վերահսկում է գործակալության համակարգի կազմակերպությունների տնօրինությանը հանձնված պետական գույքի օգտագործումը.

ժը) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` գործակալությանը վերապահված այլ խնդիրներ և գործառույթներ:

Գործակալությունը նախարարության միջոցով Հայաստանի Հանրապետության կառավարության առջև սահմանված կարգով հարցեր է բարձրացնում պատասխանատու պահպանման կետերում, այդ թվում` մասնավորեցման ենթակա կամ սնանկացման գործընթացում գտնվող կազմակերպություններում պետական ռեզերվի պահպանման ու վերականգնման ապահովման վերաբերյալ:

 

IV. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

9. Գործակալությունը կառավարում է նախարարը: Գործակալության անմիջական ղեկավարումն իրականացնում է գործակալության պետը, որին մինչև քաղաքացիական պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթի անցկացման համապատասխան կարգը գործողության մեջ դնելը պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է նախարարը` Հայաստանի Հանրապետության վարչապետի համաձայնությամբ:

Իր գործունեության ընթացքում գործակալության պետն առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, նախարարության կանոնադրությամբ և սույն կանոնադրությամբ, ինչպես նաև այլ իրավական ակտերով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

10. Գործակալության պետը պատասխանատու է գործակալության առջև դրված խնդիրների և գործառույթների բնագավառում մատուցվող ծառայությունների որակի համար, ինչպես նաև դրանց` օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխանության համար:

11. Գործակալության պետը հաշվետու է Հայաստանի Հանրապետության վարչապետին ու նախարարին, իսկ քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում` նաև նախարարության աշխատակազմի ղեկավարին: Գործակալության գործունեությունը համակարգում է նախարարի համապատասխան տեղակալը:

12. Գործակալության պետը`

ա) ղեկավարում է գործակալության ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է գործակալության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.

բ) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառի, նպատակների ու խնդիրների վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում համապատասխան նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին.

գ) իր իրավասության սահմաններում արձակում է կարգադրություններ և տալիս ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության և գործակալության անունից, ինչպես նաև տալիս է գործակալության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

դ) իր իրավասության սահմաններում նախարարության աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ գործակալության աշխատողների նկատմամբ խրախուսանքի կամ կարգապահական տույժի միջոցների կիրառման վերաբերյալ.

ե) պարբերաբար նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին է ներկայացնում տեղեկատվություն գործակալության կողմից իրականացվող աշխատանքների ընթացքի մասին.

զ) ապահովում է նախարարի հրամանների և ցուցումների, ինչպես նաև նախարարի համապատասխան տեղակալների ցուցումների, հանձնարարականների ու առաջադրանքների կատարումը և արդյունքների մասին տեղեկացնում նախարարին կամ նրա տեղակալին.

է) նախարարության կանոնադրությանը և սույն կանոնադրությանը համապատասխան սահմանում է գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների ու տարածքային մարմինների իրավասությունները.

ը) սահմանում է աշխատանքի բաշխումն իր տեղակալների միջև.

թ) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում գործակալության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրությունները և ցուցումները.

ժ) լսում է գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների և տարածքային մարմինների գործունեության մասին հաշվետվությունները, քննարկում դրանց գործունեության ստուգման արդյունքները.

ժա) վերահսկողություն է իրականացնում գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների և տարածքային մարմինների օգտագործմանը հանձնված պետական սեփականության պահպանության նկատմամբ.

ժբ) նախարարին ներկայացնում է առաջարկություններ գործակալության կառուցվածքի և աշխատողների թվի, ինչպես նաև գործակալության խորհրդակցական մարմիններ ստեղծելու վերաբերյալ.

ժգ) իր լիազորության սահմաններում համագործակցում է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման այլ մարմինների հետ.

ժդ) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

13. Գործակալության պետի բացակայության դեպքում, գործակալության պետի ներկայացմամբ և նախարարի հանձնարարությամբ կամ, դրա անհնարինության դեպքում, նախարարի անմիջական հանձնարարությամբ, գործակալության պետի պարտականությունները կատարում է գործակալության պետի տեղակալներից մեկը:

 

V. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

14. Օրենքով, այլ իրավական ակտերով, նախարարության կանոնադրությամբ և սույն կանոնադրությամբ գործակալությանը վերապահված լիազորությունների լիարժեք ու արդյունավետ իրականացումը, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունն ապահովում է նախարարության աշխատակազմը:

15. Գործակալությունն ունի կառուցվածքային ստորաբաժանումներ և կարող է ունենալ տարածքային մարմիններ: Իր խնդիրների ու գործառույթների իրականացման ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գործակալության ենթակայությանը կարող են հանձնվել ստեղծված պետական ոչ առևտրային կազմակերպությունները:

16. Գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների և տարածքային մարմինների աշխատողները քաղաքացիական ծառայողներ են:

17. Գործակալության վերակազմակերպման և դրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով և այլ իրավական ակտերով:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2002 թվականի
հուլիսի 11-ի N 1409-Ն որոշման

 

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԶԵՐՎՆԵՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ

 

Պետական պահուստի ձևավորման բաժին

 

Պետական պահուստի վերահսկման բաժին

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
11.08.2005, N 1337-Ն 23.09.2005, N 1409-Ն
19.05.2005, N 633-Ն 27.06.2005, N 1409-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան