Գլխավոր տեղեկություն
Համար
N 1
Տիպ
Պաշտոնական պարզաբանում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.03.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2015.04.01/8(520)
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
09.03.2015
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
09.03.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

9 մարտի 2015 թ.

N 1

Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն  Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ

«Երեխաներին կրծքով կերակրման խրախուսման և մանկական սննդի շրջանառության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետի դրույթի կիրառման վերաբերյալ

 

«Երեխաներին կրծքով կերակրման խրախուսման և մանկական սննդի շրջանառության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետի համաձայն` առողջապահական կազմակերպություն է առողջապահական բնագավառում գործունեություն իրականացնող կազմակերպությունը: Օրենքի 11-րդ հոդվածի առաջին մասի առաջին կետի համաձայն` առողջապահական կազմակերպությունների կողմից մանկական սննդի և հարակից ապրանքների վաճառքն արգելվում է:

Տվյալ իրավիճակում ոչ հստակ է ընկալվում «առողջապահական բնագավառում գործունեություն իրականացնող կազմակերպություն» հասկացությունը, մասնավորապես` արդյոք դեղատնային գործունեություն իրականացնող կազմակերպությունները դիտարկվում են որպես առողջապահական կազմակերպություն նշված օրենքի համատեքստում:

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդվածի դրույթներով` պաշտոնապես պարզաբանում եմ.

1. Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն` կրծքով կերակրման խրախուսման ազգային ծրագրով սահմանվում են` առողջապահական կազմակերպություններում նորածիններին բարյացակամ ծառայությունների տրամադրումը: Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի համաձայն` նորածիններին բարյացակամ ծառայությունների տրամադրում է համարվում` առողջապահական կազմակերպություններում հղի կանանց, մայրերի և մանուկների խնամքին, զարգացմանը և կրծքով կերակրմանը նպաստելուն ուղղված միջոցառումները:

2. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն սահմանվում են օրենքի խնդիրները, մասնավորապես` խրախուսել ու աջակցել մայրերի, մանուկների և վաղ տարիքի երեխաների համար բարյացակամ միջավայրի ապահովումն առողջապահական կազմակերպություններում, հասարակական վայրերում և աշխատավայրերում: Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` կրծքով կերակրող կինն իրավունք ունի` ունենալու համապատասխան պայմաններ աշխատավայրերում, քրեակատարողական հիմնարկներում, առողջապահական կազմակերպություններում և այլ հասարակական վայրերում կրծքով կերակրելու համար:

3. Օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն արտադրողի և (կամ) բաշխողի կողմից արգելվում են խրախուսման հետևյալ եղանակները` բուժաշխատողներին և առողջապահական կազմակերպություններին նվերներ,... տրամադրելը:

4. Օրենքի 18-րդ հոդվածով սահմանվում են առողջապահական կազմակերպության պարտականությունները, մասնավորապես` խրախուսել ու աջակցել կրծքով կերակրումը` որպես օպտիմալ և այլընտրանք չունեցող միջոց մանուկների և վաղ տարիքի երեխաների անվտանգ և համապատասխան (համարժեք) սնուցում ապահովելու համար, խրախուսել ժամանակին և համապատասխան հավելյալ սնուցման կազմակերպումը, պահպանել սույն օրենքով և նորմատիվ իրավական ակտերով սահմանված՝ կրծքով կերակրման կանոնները և նշված կանոնների վերաբերյալ պարբերաբար իրազեկել բժշկական անձնակազմին, իրականացնել կրծքով կերակրման համար անհրաժեշտ գործնական հմտությունների դասընթաց բուժանձնակազմի համար, իրազեկել հանրությանը, ներառյալ՝ հղիներին, նրանց ընտանիքներին և երեխաներին խնամողներին, կրծքով կերակրման առավելությունների և գործնական հմտությունների, կրծքի կաթի փոխարինիչների օգտագործման և ոչ ճիշտ օգտագործման հետ կապված՝ առողջությանը սպառնացող հնարավոր վտանգների և ռիսկերի վերաբերյալ` տրամադրելով համապատասխան, ճշգրիտ և հասանելի տեղեկատվություն, մանկական սնունդ արտադրողներին և բաշխողներին չտրամադրել հղիների և կերակրող մայրերի կոնտակտային տվյալներ:

5. Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն` բուժաշխատողները պարտավոր են մանկական սնունդ արտադրողների և (կամ) բաշխողների կողմից ցանկացած առաջարկի դեպքում (նմուշ, նվեր կամ այլ շնորհ) կամ սույն օրենքի նորմերի այլ խախտումների դեպքում տեղեկացնել առողջապահական կազմակերպության ղեկավարությանը:

6. «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն` բժշկական օգնություն և սպասարկում է բնակչությանը կանխարգելիչ բուժական, դեղորայքային օգնության ցուցաբերումը, ախտորոշիչ հետազոտությունների, վերականգնողական բուժման, բժշկական փորձաքննության անցկացումը, հարբժշկական և ոչ բուժական բնույթի այլ ծառայությունների մատուցումը:

7. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի համաձայն` բժշկական օգնությունը և սպասարկումը լիցենզավորման ենթակա գործունեություն է, որը իրականացվում է կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից:

8. «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի առաջին մասի ժզ) և ժէ) կետերի համաձայն`

դեղատուն` ձեռնարկություն կամ ձեռնարկության ստորաբաժանումը, որը պատրաստում է դեղեր, կատարում դեղերի որակի ներդեղատնային հսկողություն, մանրակշռում, փաթեթավորում, պահպանում, ինչպես նաև իրականացնում է դեղերի, բժշկական նշանակության և ուղեկցող այլ ապրանքների առևտուր, համապատասխան խորհրդատվություն և տեղեկատվություն.

դեղատնային կրպակ` ձեռնարկություն կամ ձեռնարկության ստորաբաժանում, որը կատարում է դեղերի որակի ներդեղատնային հսկողություն, մանրակշռում, փաթեթավորում, պահպանում, ինչպես նաև իրականացնում է դեղերի, բժշկական նշանակության և ուղեկցող այլ ապրանքների առևտուր, համապատասխան խորհրդատվություն և տեղեկատվություն:

Հիմք ընդունելով «Դեղերի մասին» ՀՀ օրենքի դրույթները` դեղատնային գործունեություն իրականացնող կազմակերպությունների գործառույթների մեջ չեն ընդգրկվում «Երեխաներին կրծքով կերակրման խրախուսման և մանկական սննդի շրջանառության մասին» ՀՀ օրենքի 3-րդ, 8-րդ, 10-րդ, 13-րդ, 18-րդ և 19-րդ հոդվածներով սահմանված ծառայությունների տրամադրումը, գործողությունների, միջոցառումների կատարումը և պարտավորությունները: Վերջիններս կարող են իրականացվել բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների կողմից` հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» և «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքներով սահմանված դրույթները:

Օրենքի 19-րդ, 18-րդ և 13-րդ հոդվածներում սահմանվում են «բուժանձնակազմ», «բուժաշխատող և առողջապահական կազմակերպություն» հասկացությունները, ինչպես նաև 13-րդ հոդվածում սահմանվում է, որ բուժաշխատողներին և առողջապահական կազմակերպություններին նվերներ տրամադրելը արգելվում է: «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 10-րդ մասի 2-րդ պարբերության համաձայն` եթե իրավական ակտում նշված նորմի կիրառումը պայմանավորված է «և» կամ «ու» շաղկապով բաժանված պայմաններով, ապա այդ նորմի կիրառման համար թվարկված բոլոր պայմանների առկայությունը պարտադիր է, իսկ դեղատնային գործունեություն իրականացնող կազմակերպություններում աշխատում են դեղագետները և դեղագործները` հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի թիվ 867 որոշմամբ հաստատված հավելված 3-ի 12-րդ կետը:

Ելնելով նշված ակտերի դրույթների վերլուծությունից` պարզ է դառնում, որ «Երեխաներին կրծքով կերակրման խրախուսման և մանկական սննդի շրջանառության մասին» ՀՀ օրենքի 19-րդ, 18-րդ և 13-րդ հոդվածների դրույթները վերաբերում են բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններին:

Վերլուծելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին», «Լիցենզավորման մասին», «Դեղերի մասին» ՀՀ օրենքների համապատասխան նորմերը և համադրելով «Երեխաներին կրծքով կերակրման խրախուսման և մանկական սննդի շրջանառության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետում սահմանված դրույթի հետ` սույն օրենքի շրջանակում «առողջապահական բնագավառում գործունեություն իրականացնող կազմակերպություն» հասկացությունը վերաբերում է բժշկական օգնություն և սպասարկում իրականացող կազմակերպություններին կամ անհատ ձեռնարկատերերին, իսկ դեղատնային գործունեություն իրականացնող կազմակերպությունը «Երեխաներին կրծքով կերակրման խրախուսման և մանկական սննդի շրջանառության մասին» ՀՀ օրենքի համատեքստում չի կարող դիտարկվել որպես առողջապահական բնագավառում գործունեություն իրականացնող կազմակերպություն:

 

 Ա. Մուրադյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան