«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
20 մայիսի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 մայիսի 2002 թվականի N 590
քաղ. Երևան
ԴԻՎԱՆԱԳԵՏԻ ԷԹԻԿԱՅԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի «թ» կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել դիվանագետի էթիկայի կանոնները (կցվում է):
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
Հաստատված է |
Կ Ա Ն Ո Ն Ն Ե Ր
դիվանագետի էթիկայի
I. Ընդհանուր դրույթներ
1. Սույն կանոններով սահմանվում են դիվանագետի էթիկայի կանոնները (այսուհետև՝ կանոններ) ինչպես ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում, այնպես էլ՝ ծառայողական պարտականություններից դուրս:
2. Սույն կանոնները, «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին, այլ իրավական ակտերին, արարողակարգային նորմերին և սույն կանոններին համապատասխան, դիվանագետի վարքագծի կանոններն են:
3. Սույն կանոնների խախտումն առաջացնում է կարգապահական պատասխանատվություն:
II. Դիվանագետի պարտականությունները պետության նկատմամբ
4. Դիվանագետը պարտավոր է՝
ա) ցուցաբերել անմնացորդ հավատարմություն ու նվիրվածություն Հայաստանի Հանրապետությանը և Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, հարգել պետության խորհրդանիշները.
բ) կատարել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և այլ իրավական ակտերի պահանջները.
գ) հանրորեն (գրավոր կամ բանավոր) չքննադատել պետության և իշխանության ներկայացուցիչներին ու նրանց գործողությունները, զերծ մնալ այնպիսի գործողություններից կամ հրապարակային հայտարարություններից, որոնք կասկածի տակ են դնում Հայաստանի Հանրապետության իշխանությունների քաղաքականությունը, Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական կուրսը.
դ) ապահովել դիվանագիտական ծառայության քաղաքական անաչառությունը:
III. Դիվանագետի պարտականությունները դիվանագիտական ծառայության մարմինների նկատմամբ
5. Դիվանագետը պարտավոր է՝
ա) չդրսևորել այնպիսի վարքագիծ (գործողություն կամ անգործություն) կամ պահվածք, որը կարող է արատավորել Հայաստանի Հանրապետության, դիվանագիտական ծառայության հեղինակությունը և վարկանիշը կամ դիվանագետի կոչումն ու համբավը.
բ) չստանալ հոնորար իր ծառայողական պարտականությունների կատարումից բխող՝ իր նախապատրաստած հրապարակումների կամ ելույթների համար.
գ) այլ անձանցից չստանալ նվերներ, գումարներ կամ ծառայություններ՝ իր ծառայողական պարտականությունների համար:
Արարողակարգային կամ պաշտոնական միջոցառումների ժամանակ պաշտոնի բերումով դիվանագետի ստացած նվերները տնօրինվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
դ) ճշգրիտ, ժամանակին և պատշաճ կարգով կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված պարտականությունները.
ե) հաշվետու լինել դիվանագիտական ծառայության մարմնի ղեկավարին կամ համապատասխան ստորաբաժանման ղեկավարին:
IV. Դիվանագետի ծառայողական պարտականությունները եվ մասնավոր շահերը
6. Դիվանագետը պարտավոր է՝
ա) չստորադասել իր ծառայողական պարտականություններն անձնական կամ երրորդ անձանց (մասնավոր) շահերին, խուսափել այնպիսի վիճակից, որը կարող է առաջացնել ծառայողական պարտականությունների և մասնավոր շահերի բախում, մասնավորապես, պահպանել «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 44-րդ հոդվածի 1-ին կետի «ա», «բ», «գ» և «զ» ենթակետերով ու 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված սահմանափակումները.
բ) չօգտագործել կամ չչարաշահել պաշտոնական (ծառայողական) դիրքը և աշխատանքային միջոցները կամ ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում իրեն հայտնի դարձած կամ ձեռք բերված տեղեկությունները՝ ինչպես անձնական կամ երրորդ անձանց շահերին, այնպես էլ կուսակցությունների ու հասարակական կազմակերպությունների (այդ թվում՝ կրոնական միավորումների) շահերին ծառայեցնելու և այլ քաղաքական կամ կրոնական գործունեություն իրականացնելու նպատակով.
գ) խուսափել այնպիսի վարքագիծ դրսևորելուց, որը կարող է կասկածներ առաջացնել այլ անձանց կամ հասարակության շրջանում, որ պաշտոնական (ծառայողական) դիրքը, աշխատանքային միջոցները կամ ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում հայտնի դարձած կամ ձեռք բերված տեղեկությունները չարաշահվում կամ օգտագործվում են նշված նպատակներով.
դ) զերծ մնալ հիմնարկի գործունեությունը վնասող հրապարակային հայտարարություններից, դիվանագիտական ծառայության մարմնի ղեկավարին տեղեկացնել մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցների ներկայացուցիչների հետ իր շփումների մասին.
ե) խուսափել իր կամ դիվանագիտական ծառայության մարմնին վերապահված իրավասությունների սահմաններում այնպիսի պարտավորություններ վերցնելուց կամ խոստումներ տալուց, որոնք կարող են անվստահություն առաջացնել դիվանագիտական ծառայության մարմնի նկատմամբ կամ վնասել իր անկախությունը և անաչառությունը:
V. Դիվանագետի վարքագիծը քաղաքացիների հետ հարաբերություններում
7. Դիվանագետը պարտավոր է՝
ա) ապահովել մարդու և քաղաքացու իրավունքների ու օրինական շահերի պաշտպանությունը.
բ) իր լիազորությունների սահմաններում և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ժամանակին ու պատշաճ կարգով անկողմնակալորեն քննության առնել քաղաքացիների առաջարկությունները, դիմումները և բողոքները.
գ) քաղաքացիների նկատմամբ չցուցաբերել անհարգալից վերաբերմունք, չհրաժարվել քաղաքացիների հարցադրումներին պատասխանելուց.
դ) քննարկել դիմումներն ու առաջարկություններն ըստ դրանց ստացման հերթականության՝ խուսափելով անհիմն կերպով հին դիմումների նկատմամբ նորերին նախապատվություն տալուց.
ե) իր իրավասությունների սահմաններում կազմակերպել քաղաքացիների ընդունելություն և նրանց տրամադրել անհրաժեշտ տեղեկություններ:
VI. Դիվանագետի վարքագիծն օտարերկրյա պետությունում եվ օտարերկրյա քաղաքացիների հետ հարաբերություններում
8. Դիվանագետն օտարերկրյա պետությունում և օտարերկրյա քաղաքացիների հետ հարաբերությունների ընթացքում ղեկավարվում է սույն կանոններով:
9. Դիվանագետը պարտավոր է՝
ա) օտարերկրյա պետությունում կամ օտարերկրյա քաղաքացիների հետ ցանկացած բնույթի հանդիպումների ու քննարկումների ընթացքում դրսևորել զսպվածություն և ցուցաբերել պատշաճ վարվելակերպ.
բ) վերադասի հետ համաձայնեցնել օտարերկրյա պետությունում պետական իշխանության մարմինների և պաշտոնատար անձանց հետ իր պաշտոնական հանդիպումները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում՝ օտարերկրյա դիվանագետների և օտարերկրյա քաղաքացիների հետ իրենց պաշտոնական հանդիպումները.
գ) վերադասին տեղեկացնել օտարերկրյա պետությունում և Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա դիվանագետների ու օտարերկրյա պաշտոնատար անձանց հետ իր ոչ պաշտոնական հանդիպումների մասին՝ դրանց ընթացքում Հայաստանի Հանրապետության քաղաքականությանը կամ իշխանության մարմինների գործունեությանն առնչվող հարցերի քննարկումների դեպքում:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
16.06.2023, N 951-Ն | 17.06.2023, N 590 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|