Գլխավոր տեղեկություն
Համար
N 1121
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.11.2001-24.05.2021)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2001.12.12/39(171) Հոդ.936
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
17.11.2001
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.11.2001
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
17.11.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.11.2001

040.1121.17.11.01

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
17 նոյեմբերի 2001 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 նոյեմբերի 2001 թվականի N 1121
քաղ. Երևան

 

ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԲԱԶԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ կետի «ա» ենթակետի կիրարկումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման կարգը (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի նոյեմբերի 17-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2001 թվականի
նոյեմբերի 17-ի N 1121 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԲԱԶԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորվող գիտական կազմակերպություններում հիմնարար և կարևորագույն նշանակություն ունեցող կիրառական հետազոտությունների իրականացման, գիտական և գիտատեխնիկական գործունեության ենթակառուցվածքի պահպանման ու զարգացման, ազգային արժեք ներկայացնող գիտական օբյեկտների պահպանման, գիտական կադրերի պատրաստման գծով պետական ծրագրերի (այսուհետև` ծրագրեր) հաստատման ու ֆինանսավորման (այսուհետև` բազային ֆինանսավորում) կարգը:

2. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծում բազային ֆինանսավորման համար հատկացումներ նախատեսվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված ծրագրերի հիման վրա: Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը (այսուհետև` նախարարություն) նշված ծրագրերի նախագծերի ֆինանսական նախահաշիվները (առանձնացված ըստ համապատասխան պետական կառավարման մարմինների և Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի, այսուհետև` պատասխանատու մարմիններ), որպես բյուջետային ֆինանսավորման հայտի հիմնավորում և դրա անբաժանելի մաս, սահմանված կարգով ներկայացնում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն` հաջորդ տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծում ընդգրկելու համար:

 

II. ԾՐԱԳՐԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ ԵՎ ԴՐԱՆՔ ՀԱՍՏԱՏԵԼԸ

 

3. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինները և Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիան մշակում և նախարարության կողմից սահմանված կարգով վերջինիս են ներկայացնում իրենց կողմից կարգավորվող ոլորտներում հիմնարար և կարևորագույն նշանակություն ունեցող կիրառական հետազոտությունների իրականացման, գիտական և գիտատեխնիկական գործունեության ենթակառուցվածքի պահպանման ու զարգացման, ազգային արժեք ներկայացնող գիտական օբյեկտների պահպանման, գիտական կադրերի պատրաստման ծրագրերի նախագծեր:

Հիմնարար հետազոտությունների ծրագրերի նախագծերն ընդունվում են Հայաստանի Հանրապետության ազգային ակադեմիայի կարծիքի հետ միասին, որը տրվում է նախարարության և Հայաստանի Հանրապետության ազգային ակադեմիայի կողմից սահմանված կարգով:

4. Նշված ծրագրերի նախագծերը պետք է պարունակեն տեղեկություններ առաջարկվող ծրագրերի արդիականության, նպատակների և խնդիրների, կատարման ժամկետների ու ծավալների, ակնկալվող արդյունքների, ավարտական ձևերի (հաշվետվություն, արտոնագրեր, ներդրման հաշվետվություն) և ֆինանսավորման ծավալների վերաբերյալ:

5. Նախարարությունն իր սահմանած կարգով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորվող գիտական թեմաների փորձաքննությունն իրականացնող մասնագիտական փորձագիտական խորհուրդների ձևավորման կարգին համապատասխան ստեղծված փորձագիտական խորհուրդների միջոցով (այսուհետև` խորհուրդ) փորձաքննության է ենթարկում հիմնարար և կարևորագույն նշանակություն ունեցող կիրառական հետազոտությունների իրականացման ծրագրերի նախագծերը: Դրական եզրակացություն ստացած նախագծերը նախարարության կողմից սահմանված կարգով ամփոփվում և ներկայացվում են պատասխանատու մարմիններին:

6. Նախարարությունը, իր սահմանած կարգով, պատասխանատու մարմիններից ստանում և ամփոփում է գիտական ու գիտատեխնիկական գործունեության ենթակառուցվածքի պահպանման ու զարգացման ծրագրերի նախագծերը:

7. Գիտական կադրերի պատրաստման ծրագրերը մշակվում և իրականացվում են համաձայն Հայաստանի Հանրապետությունում ասպիրանտուրայում և դոկտորանտուրայում ուսուցման կարգի:

8. Ազգային արժեք ներկայացնող գիտական օբյեկտների և դրանց պատասխանատու պետական մարմինների ցանկը կազմվում է նախարարության կողմից Հայաստանի Հանրապետության ազգային ակադեմիայի հետ համատեղ ու ներկայացվում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը:

9. Ամփոփված ծրագրերի նախագծերն ու դրանց ֆինանսական նախահաշիվները նախարարության կողմից բյուջետային գործընթացով սահմանված ժամկետներում համաձայնեցվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ` հաջորդ տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծում ընդգրկելու նպատակով և ներկայացվում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը:

 

III. ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ ԿՆՔԵԼՆ ՈՒ ԴՐԱՆՔ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼԸ, ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԳՆԱՀԱՏԵԼԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ

 

10. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումից հետո, օրենքում ընդգրկված ծրագրերի իրականացման համար պատասխանատու մարմիններն իրենց համակարգի համապատասխան գիտական կազմակերպությունների հետ կնքում են պայմանագրեր:

11. Պայմանագրերում նշվում են համապատասխան ծրագրերի անվանումները, դրանց իրականացման ժամկետները, ֆինանսավորման չափը, պայմանները և ժամկետները, ինչպես նաև հաշվետվության ձևերը, ծրագրի վերջնական կատարողական ակտերի ներկայացման ժամկետները և արդյունքների գնահատման կարգը:

12. Պայմանագրերով նախատեսված հիմնարար և կարևորագույն նշանակություն ունեցող կիրառական հետազոտություններն իրականացվում են գիտական կազմակերպությունների ստորաբաժանումների միջոցով (բաժին, լաբորատորիա, կայան և այլն), որոնցում աշխատանքի ընդունումն ու աշխատանքից ազատումը կատարվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրության համաձայն:

13. Կնքված պայմանագրերի ֆինանսավորումն ըստ ամիսների իրականացվում է հետևյալ կարգով` գիտական կազմակերպությունը պայմանագրի կողմ հանդիսացող պատասխանատու մարմին է ներկայացնում հաշվետու ժամանակաշրջանում պայմանագրի շրջանակներում վճարման գումարի չափի վերաբերյալ հայտ` մինչև հաշվետու ամսվան հաջորդող ամսի 10-ը: Հայտում նշվում է պայմանագրի շրջանակներում գիտական կազմակերպության կողմից ծրագրի իրականացման ենթակա գործառույթների գծով ձեռք բերված քանակական ու որակական ցուցանիշների վերաբերյալ տեղեկություններ և դրանց հիման վրա հաշվարկված գումարի չափի մասին մանրամասն հաշվարկներ: Պայմանագրի կողմ հանդիսացող պատասխանատու մարմինն ստուգում ու ամփոփում է նշված հաշվարկները և իր եզրակացության հետ միասին դրանք ներկայացնում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն` վերջինիս կողմից սահմանված կարգով և ժամկետներում:

14. Ազգային արժեք ներկայացնող գիտական օբյեկտների պահպանման համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորում հատկացվում է պայմանագրային հիմունքներով` որպես օգտագործման հանձնված գույքի պահպանման ծախս:

15. Պատասխանատու մարմինները տարեկան հաշվետվությունները ներկայացնում են նախարարություն` ծրագրի կատարումն ամփոփելու և հաջորդ տարվա առաջարկությունները մշակելու համար: Նախարարությունը հիմնարար հետազոտությունների հաշվետվությունները ներկայացնում է Հայաստանի Հանրապետության ազգային ակադեմիա` գիտական արդյունքների համակարգման համար:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
13.05.2021, N 747-Լ 24.05.2021, N 1121-Լ
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան