Գլխավոր տեղեկություն
Համար
N 489
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.06.2002-12.05.2018)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2000.12.29/32(130) Հոդ.359
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.04.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.04.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
30.04.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.06.2002
Ուժը կորցնելու ամսաթիվ
12.05.2018

040.0489.30.04.02

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
30 ապրիլի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 ապրիլի 2002 թվականի N 489
քաղ. Երևան

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՆՄԱՆ ՄԵՋ «ՀԱՅԱՍՏԱՆ» ԲԱՌԻ ՀՈԼՈՎԱՁԵՎԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԺԱՌԱՆԳ ՉՈՒՆԵՆԱԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՀԱՑԱԾ ՀԱՆՐԱՀԱՅՏ ԱՆՁԻ ԱՆՈՒՆՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել հասարակական կազմակերպության անվանման մեջ «Հայաստան» բառի հոլովաձևերը և դրանց թարգմանությունները, ինչպես նաև ժառանգ չունենալու դեպքում մահացած հանրահայտ անձի անունն օգտագործելու կարգը (կցվում է):

2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ իրենց անվանման մեջ «Հայաստան» բառն օգտագործելու թույլտվություն ստացած հասարակական կազմակերպությունները պահպանում են այդ իրավունքը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2002 թվականի
ապրիլի 30-ի N 489 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

հասարակական կազմակերպության անվանման մեջ «Հայաստան» բառի հոլովաձԵՎերը եվ դրանց թարգմանությունները, ինչպես նաեվ ժառանգ չունենալու դեպքում մահացած հանրահայտ անձի անունն օգտագործելու

 

1. Սույն կարգը կարգավորում է հասարակական կազմակերպության անվանման մեջ «Հայաստան» բառի հոլովաձևերը և դրանց թարգմանությունները, ինչպես նաև ժառանգ չունենալու դեպքում մահացած հանրահայտ անձի անունն օգտագործելու հետ կապված հարաբերությունները:

2. Հասարակական կազմակերպությունն իր անվանման մեջ «Հայաստան» բառի հոլովաձևերը և դրանց թարգմանությունները, ինչպես նաև ժառանգ չունենալու դեպքում մահացած հանրահայտ անձի անունը կարող է օգտագործել միայն պետական ռեգիստրի ղեկավարի թույլտվությամբ:

3. Հասարակական կազմակերպությունը «Հայաստան» բառի հոլովաձևերը և դրանց թարգմանությունները, ինչպես նաև ժառանգ չունենալու դեպքում մահացած հանրահայտ անձի անունն իր անվանման մեջ օգտագործելու թույլտվություն ստանալու համար պետական ռեգիստրի կենտրոնական մարմին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`

ա) դիմում.

բ) հասարակական կազմակերպության գործունեությունը բնութագրող նյութեր (բրոշյուրներ, մամուլում հրապարակումներ, լուսանկարներ, տեսահոլովակներ և այլն), եթե կան այդպիսիք.

գ) տեղեկություններ հասարակական կազմակերպության անդամների թվի, մասնաճյուղերի, ներկայացուցչությունների, հիմնարկների և տնտեսական ընկերությունների մասին.

դ) հասարակական կազմակերպության բարձրագույն մարմնի կողմից հաստատված` դիմելու օրվան նախորդող հաշվետու ժամանակաշրջանի գործունեության և գույքի օգտագործման մասին հաշվետվության պատճենը.

ե) հասարակական կազմակերպության հիմնադիրների և (կամ) բարձրագույն մարմնի կողմից ձևավորված մարմիններում ընդգրկված անձանց ցուցակը.

զ) տեղեկանքներ հարկային և սոցիալական ապահովության մարմիններից պարտավորություններ չունենալու մասին:

Նոր հիմնադրված և պետական գրանցում չունեցող հասարակական կազմակերպությունը ներկայացնում է միայն սույն կետի «ա» և «ե» ենթակետերով սահմանված փաստաթղթերը:

Հասարակական կազմակերպությունն իր ցանկությամբ կարող է ներկայացնել նաև այլ փաստաթղթեր:

4. «Հայաստան» բառի հոլովաձևերը և դրանց թարգմանությունները, ինչպես նաև ժառանգ չունենալու դեպքում մահացած հանրահայտ անձի անունն օգտագործելու թույլտվության դիմումները քննարկելու և համապատասխան եզրակացություն տալու նպատակով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից պետական ռեգիստրի կենտրոնական մարմնում ստեղծվում է համապատասխան հանձնաժողով:

5. Հանձնաժողովը սույն կարգով սահմանված փաստաթղթերն ստանալուց հետո 30 օրվա ընթացքում հրավիրում է նիստ և քննարկում ներկայացված հարցը: Նիստին հրավիրվում են նաև տվյալ հասարակական կազմակերպության և շահագրգիռ պետական մարմինների, կազմակերպությունների ներկայացուցիչները: Հանձնաժողովը քննարկումից հետո համապատասխան եզրակացությամբ առաջարկություն է ներկայացնում պետական ռեգիստրի ղեկավարին:

6. Հանձնաժողովը «Հայաստան» բառի հոլովաձևերը և դրանց թարգմանությունները հասարակական կազմակերպության անվանման մեջ օգտագործելու թույլտվություն տալու համար դրական եզրակացություն է տալիս՝ հաշվի առնելով հասարակական կազմակերպության կանոնադրական խնդիրներն ու նպատակները, ինչպես նաև հասարակական կազմակերպության գործունեության ընթացքում դրա (նոր հիմնադրված և պետական գրանցում չունեցող հասարակական կազմակերպության համար նրա հիմնադիրների) ձեռք բերած հեղինակությունն ու համբավը:

7. Հանձնաժողովը` ժառանգ չունենալու դեպքում մահացած հանրահայտ անձի անունը հասարակական կազմակերպության անվանման մեջ օգտագործելու թույլտվություն տալու համար դրական եզրակացություն է տալիս, եթե այդ անձը հանրահայտ է այն ոլորտում, որը համընկնում է տվյալ հասարակական կազմակերպության գործունեության առարկային և նպատակներին: Հանձնաժողովը մերժման եզրակացություն է տալիս բոլոր այն դեպքերում, երբ այդ անվան օգտագործումն անհարիր է տվյալ անձի համբավին ու կարող է ստվեր գցել նրա հեղինակության վրա:

8. Հանձնաժողովի հիմնավորված դրական եզրակացության դեպքում պետական ռեգիստրի ղեկավարը եզրակացությունն ստանալուց հետո ոչ ուշ, քան 5 օրվա ընթացքում որոշում է ընդունում «Հայաստան» բառի հոլովաձևերը և դրանց թարգմանությունները, ինչպես նաև ժառանգ չունենալու դեպքում մահացած հանրահայտ անձի անունը հասարակական կազմակերպության անվանման մեջ օգտագործելու թույլտվության մասին:

9. Հանձնաժողովի բացասական կամ չհիմնավորված դրական եզրակացության դեպքում պետական ռեգիստրի ղեկավարը, եզրակացությունն ստանալուց հետո ոչ ուշ, քան 5 օրվա ընթացքում, որոշում է ընդունում «Հայաստան» բառի հոլովաձևերը և դրանց թարգմանությունները, ինչպես նաև ժառանգ չունենալու դեպքում մահացած հանրահայտ անձի անունը հասարակական կազմակերպության անվանման մեջ օգտագործելու մերժման մասին կամ հանձնարարում է հանձնաժողովին կատարել լրացուցիչ ուսումնասիրություն: Այդ դեպքում հանձնաժողովը պարտավոր է 15 օրվա ընթացքում կատարել լրացուցիչ ուսումնասիրություն:

10. Մերժման դեպքում հասարակական կազմակերպությունը կարող է կրկին դիմել մերժման օրվանից վեց ամիս հետո՝ սույն կարգին համապատասխան:

11. Եթե հասարակական կազմակերպությունը «Հայաստան» բառի հոլովաձևերը և դրանց թարգմանությունները, ինչպես նաև ժառանգ չունենալու դեպքում մահացած հանրահայտ անձի անունն իր անվանման մեջ օգտագործելու թույլտվությունն ստանալուց հետո իր գործունեությամբ արատավորում է Հայաստանի Հանրապետության հեղինակությունը կամ հանրահայտ անձի պատիվը, արժանապատվությունը, բարի անունը կամ գործարար համբավը, ինչպես նաև թույլտվություն տալու հիմքերը վերանալու դեպքում հանձնաժողովը կարող է եզրակացություն ներկայացնել պետական ռեգիստրի ղեկավարին՝ «Հայաստան» բառի հոլովաձևերը և դրանց թարգմանությունները, ինչպես նաև ժառանգ չունենալու դեպքում մահացած հանրահայտ անձի անունը հասարակական կազմակերպության անվանման մեջ օգտագործելու իրավունքից տվյալ կազմակերպությանը զրկելու մասին:

12. Հանձնաժողովի հիմնավորված եզրակացության դեպքում պետական ռեգիստրի ղեկավարը որոշում է ընդունում «Հայաստան» բառի հոլովաձևերը և դրանց թարգմանությունները, ինչպես նաև ժառանգ չունենալու դեպքում մահացած հանրահայտ անձի անունը հասարակական կազմակերպության անվանման մեջ օգտագործելու իրավունքից զրկելու մասին:

13. Սույն կարգի 12-րդ կետին համապատասխան որոշում ընդունվելուց հետո եռօրյա ժամկետում հասարակական կազմակերպությանը ծանուցվում է դրա մասին:

14. Սույն կարգի 13-րդ կետով սահմանված ծանուցումն ստանալու օրվանից եռամսյա ժամկետում հասարակական կազմակերպությունը պարտավոր է իր կանոնադրության մեջ կատարել համապատասխան փոփոխություններ և օրենքով սահմանված կարգով այն ներկայացնել պետական գրանցման:

15. Եթե հասարակական կազմակերպությունը համապատասխան ծանուցումն ստանալուց հետո եռամսյա ժամկետում իր կանոնադրության մեջ չի կատարում համապատասխան փոփոխություններ, ապա Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը կարող է դիմել դատարան` հասարակական կազմակերպության լուծարման պահանջով:

16. Սույն կարգի կիրառման ընթացքում ծագած վեճերը լուծվում են դատական կարգով: