Գլխավոր տեղեկություն
Համար
N 555
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.05.2002-09.04.2022)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.06.05/17(192) Հոդ.397
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.05.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.05.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
15.05.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.05.2002
Ուժը կորցնելու ամսաթիվ
09.04.2022

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
15 մայիսի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 մայիսի 2002 թվականի N 555
քաղ. Երևան

ԶՈՐԱՀԱՎԱՔԱՅԻՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐԻ (ՊԱՏՎԵՐՆԵՐԻ) ԿԱՏԱՐՄԱՆ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՈՒ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել զորահավաքային առաջադրանքների (պատվերների) կատարման և խնդիրների իրականացման հետ կապված կազմակերպություններին ու քաղաքացիներին պատճառված վնասների փոխհատուցման կարգը (կցվում է):

2. Սահմանել, որ զորահավաքային առաջադրանքների (պատվերների) կատարման և խնդիրների իրականացման հետ կապված կազմակերպություններին ու քաղաքացիներին պատճառված վնասների չափը որոշող (գնահատող) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմին է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի մայիսի 15-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2002 թվականի
մայիսի 15-ի N 555 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

զորահավաքային առաջադրանքների (պատվերների) կատարման եվ խնդիրների իրականացման հետ կապված կազմակերպություններին ու քաղաքացիներին պատճառված վնասների փոխհատուցման

 

1. Սույն կարգը կարգավորում է զորահավաքային առաջադրանքների (պատվերների) կատարման և խնդիրների իրականացման հետ կապված կազմակերպություններին, քաղաքացիներին և անհատ ձեռնարկատերերին (այսուհետև՝ կազմակերպություններ և քաղաքացիներ) պատճառված վնասների (այսուհետև՝ վնասներ) փոխհատուցման հետ կապված հարաբերությունները:

2. Վնասների փոխհատուցման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, «Զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, սույն կարգով և այլ իրավական ակտերով:

3. Սույն կարգում վնասներն են՝

ա) զորահավաքային առաջադրանքների (պատվերների) կատարման և խնդիրների իրականացման ժամանակ զորահավաքային պլանների համաձայն և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպությունների կամ քաղաքացիների կողմից տրամադրված շենքերին, շինություններին, հողամասերին, հեռահաղորդակցության, տրանսպորտային և այլ նյութական միջոցներին պատճառված վնասները.

բ) զորահավաքային առաջադրանքների (պատվերների) կատարման և խնդիրների իրականացան ժամանակ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի կողմից բնակչության ու տնտեսության անհետաձգելի պահանջները բավարարելու նպատակով կազմակերպություններին կամ քաղաքացիներին պատկանող՝ նշված գործում ներգրավված (վերցված) գույքին և այլ հիմնական ու շրջանառու միջոցներին պատճառված վնասները.

գ) զորահավաքային առաջադրանքների (պատվերների) կատարման և խնդիրների իրականացման ժամանակ կազմակերպությունների կամ քաղաքացիների կողմից զորահավաքային առաջադրանքների (պատվերների) կատարման նպատակով կնքված պայմանագրերի հետևանքով նրանց ձեռնարկատիրական գործունեության մեջ առաջացող լրացուցիչ ծախսերը, ինչպես նաև բաց թողնված օգուտները.

դ) զորահավաքային առաջադրանքների (պատվերների) կատարման և խնդիրների իրականացման ժամանակ քաղաքացու առողջությանը պատճառված վնասի վերականգնման (ռեաբիլիտացիա) հետ կապված ծախսերը.

ե) զորահավաքային առաջադրանքների (պատվերների) կատարման և խնդիրների իրականացման ժամանակ բնակչությանը ժամանակավոր կացարաններով ապահովման և կենսաապահովման հետ կապված ծախսերը (սննդամթերք, հանդերձանք, դեղորայք, առաջին անհրաժեշտության ապրանքներ).

զ) զորահավաքային առաջադրանքների (պատվերների) կատարման և խնդիրների իրականացման պատճառով զոհված քաղաքացիների հուղարկավորության հետ կապված ծախսերը:

4. Վնասների չափը որոշում (գնահատում) է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմինը (այսուհետև՝ լիազոր մարմին)՝ վնասներ կրած կազմակերպությունների և քաղաքացիների դիմումների հիման վրա:

Դիմումին կից ներկայացվում են սույն կարգի 11-րդ կետում նշված վնասները հիմնավորող փաստաթղթերը:

5. Լիազոր մարմինը վարում է հատուկ հաշվառման մատյան, որտեղ գրանցվում են դիմումների ստացման, դրանց քննարկման արդյունքների հիման վրա լիազոր մարմնի ընդունած որոշումների, ուղարկված ծանուցումների մասին բոլոր տվյալները:

Հատուկ հաշվառման մատյանը պետք է համարակալված և ստորագրված լինի լիազոր մարմնի ղեկավարի կողմից: Նշված մատյանը՝ կնքված լիազոր մարմնի կնիքով, պահվում է որպես խիստ հաշվառման փաստաթուղթ, և չի թույլատրվում դրա մեջ ուղղումներ կատարել:

Հաշվառման վերցված յուրաքանչյուր դիմողի համար կազմվում է հաշվառման գործ, որի մեջ պահվում են անհրաժեշտ փաստաթղթերը: Դիմողի հաշվառման գործի համարը պետք է համընկնի հաշվառման մատյանում նրա ազգանվան դիմաց նշված համարին:

6. Լիազոր մարմինը դիմումները քննարկում է դրանք ստանալու օրվանից 10-օրյա ժամկետում՝ ըստ փաստաթղթերի ստացման հաջորդականության:

7. Լիազոր մարմինն իրավասու է մերժելու դիմումը, եթե՝

ա) դիմումին կից չեն ներկայացվել սույն կարգի 11-րդ կետում նշված վնասները հիմնավորող փաստաթղթերը,

բ) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն կարգի պահանջներին (այդ թվում՝ չեն վկայում վնասները հիմնավոր լինելու մասին),

գ) ներկայացված փաստաթղթերը տրված (կազմված) են Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների խախտմամբ:

8. Լիազոր մարմինը դիմումի մերժման վերաբերյալ որոշումն ընդունելու մասին ծանուցում է դիմողին՝ ոչ ուշ, քան դիմումն ստանալու օրվանից 15-օրյա ժամկետում՝ նշելով դիմումի մերժման պատճառները:

9. Լիազոր մարմինը վնասի հատուցման մասին դիմումը հիմնավոր ճանաչելու դեպքում 10-օրյա ժամկետում դրա մասին ծանուցում է դիմողին՝ նշելով, որ առաջիկա տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումից հետո՝ նշված օրենքով վնասների փոխհատուցման գծով նախատեսվելիք հատկացումների շրջանակներում նրան կվճարվեն փոխհատուցման գումարները:

10. Լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմված բյուջետային ֆինանսավորման հայտի հիման վրա յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսում է միջոցներ՝ վնասների փոխհատուցման համար:

11. Վնասների չափը լիազոր մարմնի կողմից որոշվում է հետևյալ կերպ՝

ա) զորահավաքային առաջադրանքների (պատվերների) կատարման և խնդիրների իրականացման ժամանակ զորահավաքային պլանների համաձայն Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի կողմից բնակչության ու տնտեսության անհետաձգելի պահանջները բավարարելու նպատակով կազմակերպություններին, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպությունների կամ քաղաքացիների կողմից հիմնական ու շրջանառու նյութական միջոցները տրամադրելիս (ներգրավելիս, վերցնելիս) և վերադարձնելիս, դրանք վերցնող պատասխանատու անձի և նշված միջոցների սեփականատերերի կամ դրանք տնօրինողների և օգտագործողների միջև կազմվում է ակտ, որտեղ նշվում են այդ միջոցների տեխնիկական վիճակը բնութագրող տեղեկություններ: Լիազոր մարմինը քննարկում է նշված ակտերում ներկայացված տեղեկությունները և դրանց միջև առկա տարբերության հիման վրա որոշում է սեփականատերերին կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան դրանք տիրապետողներին, տնօրինողներին, օգտագործողներին պատճառված իրական վնասների չափը.

բ) զորահավաքային առաջադրանքների (պատվերների) կատարման և խնդիրների իրականացման ժամանակ կազմակերպությունների կամ քաղաքացիների կողմից զորահավաքային առաջադրանքների (պատվերների) կատարման նպատակով կնքված պայմանագրերում նրանց տնտեսական գործունեության ուղղվածությունը փոփոխելիս համապատասխան պայմանագիրն ստորագրող պատասխանատու անձի և կազմակերպությունների կամ քաղաքացիների կամ նրանց անունից հանդես եկող անձանց միջև կազմվում է ակտ, որտեղ նշվում է կազմակերպության կամ քաղաքացու՝ վերջին հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացված հաշվապահական հաշվառման փաստաթղթերում արտացոլված զուտ շահույթը (եկամուտը): Փոխադարձ ակտ է կազմվում նաև սույն ենթակետում նշված պայմանագրի կնքումից հետո յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար, որտեղ նշվում է կազմակերպության կամ քաղաքացու՝ տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացված հաշվապահական հաշվառման փաստաթղթերում արտացոլված զուտ շահույթը (եկամուտը): Լիազոր մարմինը քննարկում է պայմանագրի կնքման պահին կազմվող ակտում և դրանից հետո յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի արդյունքների հիման վրա կազմվող ակտերում նշված տեղեկությունները և, հիմք ընդունելով դրանց միջև առկա տարբերությունը, որոշում (գնահատում) է կազմակերպություններին կամ քաղաքացիներին պատճառված իրական վնասների չափը (կազմակերպության կամ քաղաքացու լրացուցիչ ծախսերը կամ բաց թողնված օգուտները).

գ) զորահավաքային առաջադրանքների (պատվերների) կատարման և խնդիրների իրականացման ժամանակ քաղաքացու առողջությանը վնաս պատճառվելու դեպքում հատուցման են ենթակա տուժողի կորցրած աշխատավարձը (եկամուտը), որը նա ստանում էր կամ կարող էր ստանալ, ինչպես նաև առողջության քայքայման հետևանքով առաջացած լրացուցիչ ծախսերը՝ ներառյալ բուժման, լրացուցիչ սննդի, դեղամիջոցների ձեռքբերման, պրոթեզավորման, կողմնակի խնամքի, հատուկ տրանսպորտային միջոցների ձեռքբերման, այլ մասնագիտության ձեռքբերման ծախսերը, եթե պարզվել է, որ տուժողն ունի նման տեսակների օգնության ու խնամքի կարիք և չունի դրանք անվճար ստանալու իրավունք: Լիազոր մարմինը սույն ենթակետում նշված վնասները փոխհատուցում է՝ ելնելով նշված ծախսերը հիմնավորող փաստաթղթերից (տեղեկանք աշխատանքի վայրից, տեղեկանք` տրված համապատասխան բժշկական ծառայություն մատուցող (մատուցած) կազմակերպության կողմից, վճարման անդորրագրեր և այլն).

դ) լիազոր մարմինը զորահավաքային առաջադրանքների (պատվերների) կատարման և խնդիրների իրականացման ժամանակ բնակչությանը ժամանակավոր կացարաններով ապահովելու և կենսաապահովման հետ կապված ծախսերը փոխհատուցում է՝ ելնելով բնակչությանը ժամանակավոր կացարաններով ապահոված կազմակերպության կողմից ներկայացված՝ նշված ծախսերը հիմնավորող փաստաթղթերից.

ե) զորահավաքային առաջադրանքների (պատվերների) կատարման և խնդիրների իրականացման ժամանակ զոհված (մահացած) քաղաքացու հուղարկավորության հետ կապված ծախսերը զոհված (մահացած) քաղաքացու ժառանգներին փոխհատուցվում են ծախսերը հիմնավորող համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում:

12. Վնասների փոխհատուցման հետ կապված վեճերը կարող են լուծվել դատական կարգով: