«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
14 օգոստոսի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 օգոստոսի 2002 թվականի N 1169-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 950 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ելնելով Հյուսիսային պողոտայի օտարման գոտում իրավաբանական և ֆիզիկական անձանց պատկանող անշարժ գույքի ու հողերի գնահատման և փոխհատուցման, ինչպես նաև օգտագործողների իրավունքների ճանաչման ու դադարեցման դրույթների ճշգրտման անհրաժեշտությունից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հոկտեմբերի 5-ի «Երևանի Հյուսիսային պողոտայի օտարման գոտում գտնվող հողամասերն ու անշարժ գույքը գնելու, վերցնելու գնային առաջարկի ձևավորման և իրացման կարգը հաստատելու մասին» N 950 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝
ա) որոշմամբ հաստատված կարգի 7-րդ, 8-րդ և 9-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7. Հյուսիսային պողոտայի իրացման գոտում գտնվող անշարժ գույքի և հողամասի հատուցման գինը ներառում է նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հարկերը: Հատուցման գինը որոշվելուց հետո, քաղաքացիների հետ կնքված պայմանագրերի համաձայն, տրվում են համապատասխան դրամական փոխհատուցումներ: Իրացվող բնակարանի նկատմամբ իրավունք ունեցող քաղաքացիների` այլ բնակտարածությամբ փոխհատուցում ստանալու ցանկությունը կիրականացվի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված չափով` բնակտարածության հատկացմամբ, սեփականատերերին` Երևանի Կենտրոն թաղային համայնքի վարչական սահմաններում, օգտագործողներին և վարձակալներին` Երևան քաղաքի վարչական տարածքում:
8. Հյուսիսային պողոտայի իրացման գոտում գտնվող անշարժ գույքի և հողամասի հատուցման գինը որոշելու համար հիմք է հանդիսանում անշարժ գույքի և հողամասի շուկայական արժեքը: Անշարժ գույքի և հողամասի իրացման աշխատանքները սեղմ ժամկետներում կատարելու նպատակով կիրառվում են ֆինանսական խրախուսումներ` պայմանով, որ սեփականատերերը (քաղաքացիները) կազատեն տարածքն օտարման պայմանագրի կնքումից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում: Անշարժ գույքի և հողամասի հատուցման գնի հաշվարկն իրականացվում է հետևյալ կարգով`
ա) եթե անշարժ գույքի և հողամասի շուկայական արժեքը կազմել է մինչև բազային 3500.0 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, ապա նրանց որպես հատուցում տրամադրվում է 7000.0 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ.
բ) եթե անշարժ գույքի և հողամասի շուկայական արժեքը կազմել է 3501.0 - 5000.0 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, ապա խրախուսման գումարը կազմում է շուկայական արժեքի 100 տոկոսը: Սեփականատերերին, որպես դրամական փոխհատուցում, տրվում է շուկայական արժեքի կրկնապատիկը.
գ) եթե անշարժ գույքի և հողամասի շուկայական արժեքը կազմել է 5001.0 - 40000.0 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, ապա խրախուսման գումարը կազմում է շուկայական արժեքից հանած 5000.0 ԱՄՆ-ի դոլար արժեքը գերազանցած գումարի և դրա մեջ ներառված յուրաքանչյուր (մինչև) 1000.0 ԱՄՆ-ի դոլարի համար՝ 2 տոկոս` 100 տոկոսից նվազեցված արտադրյալը: Սեփականատերերին, որպես դրամական փոխհատուցում, տրվում է շուկայական արժեքի և խրախուսման գումարի հանրագումարը.
դ) եթե անշարժ գույքի և հողամասի շուկայական արժեքը գերազանցել է 40000.0 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամը, ապա խրախուսման գումարը կազմում է շուկայական արժեքից 5000.0 ԱՄՆ-ի դոլար արժեքը գերազանցած գումարի 30 տոկոսը: Սեփականատերերին, որպես դրամական փոխհատուցում, տրվում է շուկայական արժեքի և խրախուսման գումարի հանրագումարը:
9. Եթե անշարժ գույքի և հողամասի սեփականատերը (քաղաքացիները) օտարման պայմանագիրը կնքելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում չի (չեն) ազատում տարածքը, ապա հատուցման գինը նվազեցվում է ժամկետանց յուրաքանչյուր աշխատանքային օրվա համար` 2 տոկոսի չափով, սակայն ոչ ավելի, քան խրախուսման գումարը».
բ) որոշմամբ հաստատված կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 12-րդ կետով.
«12. Հյուսիսային պողոտայի իրացման գոտում գտնվող հողամասի նկատմամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օգտագործման կամ վարձակալության իրավունք ձեռք բերած քաղաքացիներին, որպես դրամական փոխհատուցում, տրվում է տվյալ հողամասի օգտագործման կամ վարձակալության իրավունքի գնահատման արժեքը` հաշվարկված Հայաստանի Հանրապետության 2001 թվականի հուլիսի 16-ի «Երևանի Հյուսիսային պողոտայի կառուցապատման ծրագրի իրականացման միջոցառումների մասին» N 645 որոշման ընդունման ժամկետից մինչև վարձակալության ժամկետի ավարտն ընկած ժամանակամիջոցի համար:
Հողամասի օգտագործման կամ վարձակալության իրավունքի արժևորման և գնահատման համար տվյալ հողամասը դիտվում է որպես սեփականություն, և գնահատվում է նրա լավագույն և արդյունավետ օգտագործման արդյունքում շուկայական արժեքը` եկամտաբերության մեթոդում կիրառելով 15.0 տոկոս կապիտալիզացման գործակից:
Հողամասի օգտագործման կամ վարձակալության իրավունքի գնահատման արժեքի (հատուցման գնի) որոշման համար հողամասի շուկայական արժեքի նկատմամբ կիրառվում են տարաժամկետ մնացորդային վարձակալության (օգտագործման) հետևյալ գործակիցները`
Վարձակալության կամ օգտագործման մնացորդային ժամկետները |
1-2 տարի |
3-10 տարի |
11-25 տարի |
26 տարի և ավելի |
Գործակիցները |
0.1 |
0.12 |
0.14 |
0.16 |
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|