Գլխավոր տեղեկություն
Համար
N 715
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.09.2001-21.02.2002)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2001.09.01/29(161) Հոդ.646
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
07.08.2001
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.08.2001
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
07.08.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.09.2001

040.0715.07.08.01

 

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
7 օգոստոսի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 օգոստոսի 2001 թվականի N 715
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋԵՎ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 30-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ» ՓՈԽԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջև 2001 թվականի ապրիլի 30-ին ստորագրված ու 2001 թվականի հունիսի 30-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից վավերացված «Գյուղատնտեսական ծառայությունների ծրագիր» փոխառության համաձայնագիրը գործողության մեջ դնելու նպատակով և նշված համաձայնագրի 7.01-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ընդունել ի գիտություն, որ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը նշանակվել է որպես Գյուղատնտեսական ծառայությունների ծրագրի գլխավոր գործակալություն և պատասխանատու է նշված ծրագրի իրականացման համար:

2. Ստեղծել Գյուղատնտեսական ծառայությունների ծրագրի կառավարման խորհուրդ:

3. Հաստատել Գյուղատնտեսական ծառայությունների ծրագրի կառավարման խորհրդի կանոնադրությունը և կազմը (կցվում են):

4. Գյուղատնտեսական ծառայությունների ծրագրի վարչական, ֆինանսական և գործառնական աշխատանքներն իրականացնելու նպատակով ստեղծել «Գյուղատնտեսական ծառայությունների ծրագրի կոորդինացման գրասենյակ» պետական հիմնարկ:

5. Հաստատել «Գյուղատնտեսական ծառայությունների ծրագրի կոորդինացման գրասենյակ» պետական հիմնարկի կանոնադրությունը (կցվում է):

6. Գյուղատնտեսական ծառայությունների ծրագրի «Ոռոգման զարգացում» բաղադրիչի «Ջրօգտագործողների սպառողական կոոպերատիվների (ՋՍԿ) և ՋՍԿ-ների ֆեդերացիաների (ՋՍԿՖ) ձևավորում և զարգացում» ենթաբաղադրիչի աշխատանքները կազմակերպելու նպատակով ստեղծել «Ջրօգտագործողների միավորումներին աջակցության կենտրոն» պետական հիմնարկ:

7. Հաստատել «Ջրօգտագործողների միավորումներին աջակցության կենտրոն» պետական հիմնարկի կանոնադրությունը (կցվում է):

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2001 թվականի
օգոստոսի 7-ի N 715 որոշմամբ


Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Գյուղատնտեսական ծառայությունների ծրագրի (այսուհետև` ծրագիր) կառավարման խորհուրդը (այսուհետև` խորհուրդ) հասարակական հիմունքներով աշխատող մարմին է: Խորհուրդն ստեղծվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 7-ի «Հայաստանի Հանրապետության և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջև 2001 թվականի ապրիլի 30-ին ստորագրված «Գյուղատնտեսական ծառայությունների ծրագիր» փոխառության համաձայնագիրն ուժի մեջ մտնելու միջոցառումների մասին» N 715 որոշման համաձայն:

2. Խորհուրդն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության ու Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (այսուհետև` ԳԶՄՀ) միջև ստորագրված փոխառության համաձայնագրով, Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով և սույն կանոնադրությամբ:

3. Խորհրդի և ծրագրի բաղադրիչներն իրականացնող բոլոր մասնակիցների միջև հարաբերությունները կարգավորվում են ծրագրի փոխառության համաձայնագրով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ:

4. Խորհրդի լրիվ անվանումն է` Գյուղատնտեսական ծառայությունների ծրագրի կառավարման խորհուրդ:

 

II. ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ, ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

5. Խորհրդի գործունեության հիմնական նպատակը ԳԶՄՀ-ի կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրված վարկային ծրագրի իրականացման ապահովումն է:

6. Խորհուրդը հանդես չի գալիս որպես ծրագրի իրականացնող կազմակերպության կառավարման մարմին:

7. Խորհրդի խնդիրներն են`

ա) ծրագրի իրականացման ընթացքում վարկային համաձայնագրում փոփոխություններ կատարելու անհրաժեշտության դեպքում` առաջարկվող 100.0 հազ. ԱՄՆ-ի դոլար գումարից ավելի փոփոխությունները` համապատասխան հիմնավորումներով, հաստատելը, որոնք պետք է ներկայացվեն Հայաստանի Հանրապետության կառավարություն` նախապես համաձայնեցնելով վարկատուի հետ.

բ) «Գյուղատնտեսական ծառայությունների ծրագրի կոորդինացման գրասենյակ» պետական հիմնարկի (այսուհետև` ԾԿԳ) կողմից ծրագրի իրականացման քաղաքականության ապահովումը.

գ) փոխառության համաձայնագիրն ստորագրվելուց և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից վավերացվելուց հետո ԾԿԳ-ի մշակած ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների տարեկան ժամանակացույցի և ծրագրի բյուջեի քննարկումն ու հաստատումը.

դ) ծրագրով նախատեսված և խորհրդի կողմից հաստատված ծրագրի շրջանակներում աշխատանքների իրականացման ժամանակացույցին ու ծրագրի բյուջեին համապատասխան` խորհրդի կողմից սահմանված կարգով և ձևով հաշվետվությունների հաստատումը.

ե) ծրագրի շրջանակներում տնտեսված միջոցների օգտագործման, ինչպես նաև միջոցների վերաբաշխման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարություն առաջարկություններ ներկայացնելը` համաձայնեցնելով ԳԶՄՀ-ի հետ.

զ) ծրագրի ավարտից հետո ծրագրի արդյունքների ամփոփումը և ծրագրի արդյունքների մասին Հայաստանի Հանրապետության կառավարություն զեկուցագիր ներկայացնելը:

 

III. ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

8. Խորհուրդն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են առնվազն տարեկան 2 անգամ` ծրագրի իրականացման ընթացքի և հաստատված աշխատանքային ժամանակացույցի կատարման մասին ԾԿԳ-ի տնօրենի զեկույցը լսելու և քննարկելու նպատակով, ինչպես նաև արտահերթ նիստերի միջոցով` սույն կանոնադրությամբ սահմանված կարգով: Խորհրդի նիստերն արձանագրվում են:

9. Խորհուրդն իր արտահերթ նիստերը գումարում է ծրագրի իրականացման ընթացքում առաջացած հարցերի և խնդիրների լուծման համար` խորհրդի նախագահի նախաձեռնությամբ, խորհրդի անդամների առնվազն 1/3-ի կամ ԾԿԳ-ի տնօրենի առաջարկությամբ:

10. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է խորհրդի անդամների կեսից ավելին:

11. Խորհրդի նիստը վարում է խորհրդի նախագահը, իսկ նախագահի բացակայության դեպքում` նրա հանձնարարությամբ` խորհրդի անդամներից մեկը: Խորհրդի որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում խորհրդի նախագահի ձայնը վճռորոշ է:

12. Խորհրդի նիստի օրակարգը կազմվում և համապատասխան փաստաթղթերի հետ միասին տրամադրվում է խորհրդի անդամներին` ԾԿԳ-ի կողմից գումարվող նիստից 5 օր առաջ:

13. Հարցի քննարկման ընթացքում լրացուցիչ նյութեր կամ տեղեկատվություն պահանջվելու դեպքում հարցի քննարկումը տեղափոխվում է խորհրդի հաջորդ նիստ: ԾԿԳ-ի տնօրենը պարտավոր է ապահովել պահանջվող նյութերի տրամադրումը:

14. Խորհրդի նիստը տեղի է ունենում խորհրդի նախագահի մոտ, եթե խորհրդի նախագահը նիստի կայացման տեղի վերաբերյալ այլ որոշում չի ընդունում:

15. Յուրաքանչյուր նիստ սկսվում է նիստի օրակարգի հաստատմամբ և նախորդ նիստում ընդունված որոշումների կատարման ընթացքի մասին զեկուցմամբ:

16. Խորհրդի որոշումներն ստորագրում են խորհրդի նախագահը և քարտուղարը:

17. Խորհրդի նիստերին խորհրդակցական ձայնի իրավունքով կարող են մասնակցել հրավիրված պետական պաշտոնյաներ, ինչպես նաև ծրագրի բաղադրիչներն իրականացնող կազմակերպությունների ղեկավարներ:

18. Խորհրդի նիստերին մասնակցելու համար անհրաժեշտության դեպքում կարող են հրավիրվել օրակարգի հարցերին առնչվող համապատասխան կազմակերպությունների ներկայացուցիչներ:

 

IV. ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԸ

 

19. Խորհրդի նախագահը Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարն է:

20. Խորհրդի նախագահը`

ա) պատասխանատու է խորհրդի աշխատանքների արդյունավետ իրականացումը կազմակերպելու համար.

բ) ներկայացնում է խորհուրդը Հայաստանի Հանրապետության կառավարությունում և միջազգային կազմակերպություններում:

 

V. ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ

 

21. Խորհրդի անդամները հաստատվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Խորհրդի անդամներ կարող են լինել ծրագրի իրականացման տարածքի մարզերի մարզպետներ, Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչներ: ԾԿԳ-ի տնօրենը հանդես է գալիս որպես խորհրդի քարտուղար: Խորհրդի կազմում կարող են ընդգրկվել նաև Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ (համաձայնությամբ):

22. Խորհրդի անդամների թեկնածություններն առաջարկում է համապատասխան նախարարը:

23. Խորհրդի անդամը հիմնական աշխատանքից ազատվելու պահից դադարում է հանդիսանալ խորհրդի անդամ:

24. Խորհրդի անդամի պարտականությունները կարող են դադարեցվել համապատասխան նախարարի առաջարկությամբ` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

25. Խորհրդի այն անդամը, որը համաձայն չէ խորհրդի ընդունած որոշմանը, ներկայացնում է իր գրավոր հատուկ կարծիքը, որը կցվում է որոշմանը և գրառվում խորհրդի նիստի արձանագրության մեջ:

26. Խորհրդի անդամը, եթե համաձայն չէ խորհրդի որոշմանը, խորհրդի նիստի արդյունքների մասին զեկուցագիր է ներկայացնում իր վերադասին:

 

VI. ԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ

 

27. Խորհրդի քարտուղարը ԾԿԳ-ի տնօրենն է:

28. ԾԿԳ-ի տնօրենը ծրագրի իրականացման ընթացքում առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, վարկային պայմանագրի դրույթներով, ԳԶՄՀ-ի հանձնարարականներով և խորհրդի որոշումներով:

29. Ծրագրի շրջանակներում առաջացող հարցերը, ԾԿԳ-ի տնօրենի ներկայացմամբ, մեկշաբաթյա ժամկետում քննարկվում են խորհրդի նիստերում:

30. Խորհրդի քարտուղարը`

ա) արձանագրում է խորհրդի նիստի քննարկումները և դրանց հիման վրա կազմում որոշման նախագծեր.

բ) նախապատրաստում է նիստի օրակարգին վերաբերող համապատասխան նյութերը և կազմակերպում դրանց տրամադրումը խորհրդի անդամներին.

գ) հետևում է խորհրդի որոշումների կատարմանը և խորհրդի նիստում զեկուցում դրանց կատարման ընթացքի մասին.

դ) վարում է խորհրդի աշխատանքների հետ կապված գործավարությունը.

ե) գրանցում է խորհրդի անդամների ներկայացրած կարծիքները.

զ) կազմակերպում է խորհրդի որոշումների համարակալումը և որոշումների պատճենները տրամադրում խորհրդի անդամներին.

է) խորհրդի որոշումները և նիստի արձանագրություններն ուղարկում է համապատասխան նախարարություններ և գերատեսչություններ:

 

VII. ԽՈՐՀՐԴԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

31. Խորհրդի կանոնադրության մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու վերաբերյալ առաջարկությունները` համապատասխան հիմնավորումներով, խորհրդի որոշմամբ ներկայացվում են Հայաստանի Հանրապետության կառավարություն:

 

VIII. ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

32. Խորհրդի գործունեությունը դադարում է ծրագրի ավարտից հետո և (կամ) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, ԳԶՄՀ-ի համաձայնությամբ:

 

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2001 թվականի
օգոստոսի 7-ի N 715 որոշմամբ


Կ Ա Զ Մ

 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ

 

Զ. Գևորգյան - ՀՀ գյուղատնտեսության նախարար (խորհրդի նախագահ)
 
Ս. Ավետիսյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)
 
Գ. Ոսկանյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)
 
Է. Բարսեղյան - ՀՀ Սյունիքի մարզպետ
 
Հ. Կարապետյան - ՀՀ Արագածոտնի մարզպետ
 
Ա. Ղուլարյան - ՀՀ Տավուշի մարզպետ
 
Ֆ. Փիրումյան - ՀՀ Շիրակի մարզպետ
 
Հ. Քոչինյան - ՀՀ Լոռու մարզպետ
 
Ե. Ավետիսյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ
 
Վ. Տերտերյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ
 
Հ. Քլոյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ
 
Կ. Քոչարյան - ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ
 
Ռ. Դավթյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության միկրոտնտեսական ծրագրերի գլխավոր վարչության պետ
Գ. Մաթևոսյան - «Գյուղատնտեսական ծառայությունների ծրագրի կոորդինացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն (խորհրդի քարտուղար)

 

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2001 թվականի
օգոստոսի 7-ի N 715 որոշմամբ

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

«ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԿՈՈՐԴԻՆԱՑՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. «Գյուղատնտեսական ծառայությունների ծրագրի կոորդինացման գրասենյակ» պետական հիմնարկը (այսուհետև` ԾԿԳ) իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող կազմակերպություն է: ԾԿԳ-ն ստեղծվել է Հայաստանի Հանրապետության կառավարության (այսուհետև` հիմնադիր) 2001 թվականի օգոստոսի 7-ի «Հայաստանի Հանրապետության և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջև 2001 թվականի ապրիլի 30-ին ստորագրված «Գյուղատնտեսական ծառայությունների ծրագիր» փոխառության համաձայնագիրն ուժի մեջ մտնելու միջոցառումների մասին» N 715 որոշման և Հայաստանի Հանրապետության ու Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջև ստորագրված «Գյուղատնտեսական ծառայությունների ծրագիր» փոխառության համաձայնագրի համաձայն:

2. ԾԿԳ-ն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (այսուհետև` ԳԶՄՀ) միջև ստորագրված փոխառության համաձայնագրով, Հայաստանի Հանրապետության օրենքներով, սույն կանոնադրությամբ և այլ իրավական ակտերով:

3. Հիմնադրի և ԾԿԳ-ի միջև հարաբերությունները կարգավորվում են փոխառության համաձայնագրով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ:

4. ԾԿԳ-ն և դրա ամբողջ գույքը սեփականության իրավունքով պատկանում են հիմնադրին:

5. ԾԿԳ-ի անվանումն է`

հայերեն լրիվ` «Գյուղատնտեսական ծառայությունների ծրագրի կոորդինացման գրասենյակ» պետական հիմնարկ

ռուսերեն լրիվ` "Бюро по координации программы сельскоxозяйственныx услуг" государственное учреждение

անգլերեն լրիվ` Agricultural Services Project Coordination Unit Government Organization

հայերեն կրճատ` ԳԾ ԾԿԳ ՊՀ

ռուսերեն կրճատ` БКП СУ ГУ

անգլերեն կրճատ` AS PCU GO

6. ԾԿԳ-ի գտնվելու վայրն է` քաղ. Երևան, Վաղարշյան 12, 601

 

II. ԾԿԳ-Ի ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐՆ ՈՒ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

 

7. ԾԿԳ-ի գործունեության հիմնական նպատակը Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի կողմից Հայաստանի Հանրապետությանը փոխառության համաձայնագրով նախատեսված Գյուղատնտեսական ծառայությունների ծրագրի (այսուհետև` ծրագիր) իրականացման աշխատանքների կատարումը, դրանց կոորդինացումը, ֆինանսական կառավարումը, մոնիտորինգը և գնահատումն են:

8. ԾԿԳ-ի խնդիրներն են`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության անունից Գյուղատնտեսական ծառայությունների ծրագրով նախատեսված աշխատանքների պատվիրատուի գործառնությունների իրականացումը.

բ) ծրագրում ընդգրկված գործունեության շրջանակներում աշխատանքների կատարման տարեկան աշխատանքային պլանի և ծրագրի բյուջեի կազմումը.

գ) անհրաժեշտության դեպքում մրցույթների անցկացումը, առաջարկների գնահատումն ու վերլուծումը, եթե դրանք Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության բացառիկ իրավասությունը չեն.

դ) ծրագրի իրականացման հետ կապված բոլոր տեսակի պայմանագրերի նախապատրաստումն ու ստորագրումը` համաձայն փոխառության համաձայնագրով սահմանված կանոնակարգի.

ե) ծրագրի իրականացման մոնիտորինգը, հաշվետվությունները, միջանկյալ ուսումնասիրությունները, ավարտական զեկույցը, գնահատումները` ներառյալ ԳԶՄՀ-ի համար ընդունելի ձևով հաշվետվություններ պատրաստելն ու ներկայացնելը.

զ) ծրագրով նախատեսված աշխատանքների կատարման նկատմամբ վերահսկողությունը.

է) ծրագրով նախատեսված ապրանքների, աշխատանքների, ծառայությունների (այդ թվում` խորհրդատվական) ձեռքբերումը.

ը) ծրագրով նախատեսված մասհանումների համար անհրաժեշտ դիմումները նախապատրաստելն ու ներկայացնելը.

թ) ԾԿԳ-ի գործունեության համար անհրաժեշտ նախագծային աշխատանքների, փորձագիտական գնահատումների պատվիրումն ու իրականացումը.

ժ) ծրագրի իրականացման հետ կապված վճարումները:

 

III. ԾԿԳ-Ի ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ

 

9. ԾԿԳ-ն օգտվում է միջազգային համաձայնագրերով սահմանված արտոնություններից:

10. ԾԿԳ-ի իրավունակությունը ծագում է փոխառության համաձայնագիրն ուժի մեջ մտնելու և սույն կանոնադրությունը հաստատվելու պահից:

11. ԾԿԳ-ի իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են փոխառության համաձայնագրով, սույն կանոնադրությամբ, պայմանագրերով և այլ համաձայնագրերով:

12. ԾԿԳ-ն իր հիմնադրի անունից, սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության նպատակներին համապատասխան, կարող է ունենալ քաղաքացիական իրավունքներ և կրել այդ գործունեության հետ կապված քաղաքացիական պարտականություններ: ԾԿԳ-ին պատկանող քաղաքացիական իրավունքները, ներառյալ դրա պաշտպանության իրավունքը, ԾԿԳ-ն իրականացնում է հիմնադրի հայեցողությամբ` նրա անունից:

13. ԾԿԳ-ն ունի անվանում, օգտագործում է հիմնադրի անունից իրեն ամրագրված գույքը, Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով կլոր կնիք, դրոշմակնիք, հաշիվներ բանկերում` Հայաստանի Հանրապետության արժույթով և արտարժույթով:

14. ԾԿԳ-ն հիմնադրի անունից իրավունք ունի`

ա) ձեռք բերելու և իրականացնելու գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ.

բ) դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող.

գ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքելու պայմանագրեր և կրելու պարտավորություններ:

15. ԾԿԳ-ի իրավունքները կարող են սահմանափակվել օրենքով նախատեսված դեպքերում և սահմանված կարգով, ինչպես նաև հիմնադրի որոշմամբ, եթե դրանք չեն հակասում փոխառության համաձայնագրին:

16. ԾԿԳ-ի պարտավորությունների համար պատասխանատվություն է կրում հիմնադիրը` օրենքով սահմանված կարգով:

17. ԾԿԳ-ն պարտավոր է`

ա) փոխառության համաձայնագրի պահանջներին համապատասխան, օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով վարել հաշվապահական հաշվառում և ներկայացնել հաշվետվություններ.

բ) ապահովել ԾԿԳ-ի փաստաթղթերի (ԾԿԳ-ի կանոնադրություն, գույքի նկատմամբ գույքային իրավունքները հաստատող փաստաթղթեր, ԾԿԳ-ի ներքին փաստաթղթեր, տարեկան հաշվետվություններ, հաշվապահական հաշվառման փաստաթղթեր, կառավարման մարմինների նիստերի արձանագրություններ, օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված այլ փաստաթղթեր) պահպանումը.

գ) պայմանագրեր կնքել ծրագրի բաղադրիչներն իրականացնող կազմակերպությունների հետ.

դ) իր իրավասությունների սահմաններում վերահսկել ծրագրի իրականացման ընթացքը և անհրաժեշտության դեպքում առաջարկել փոփոխություններ:

 

IV. ԾԿԳ-Ի ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

18. ԾԿԳ-ի հիմնադրին է պատկանում ԾԿԳ-ի կառավարման և գործունեության վերաբերյալ ցանկացած հարցի վերջնական լուծման իրավունքը, որը պետք է համաձայնեցված լինի ԳԶՄՀ-ի հետ:

19. ԾԿԳ-ի հիմնադրի իրավասության հարցերն են`

ա) ԾԿԳ-ի կանոնադրության հաստատումը, դրանում փոփոխությունների ու լրացումների կատարումը.

բ) ԾԿԳ-ի գործունեության դադարումը` ԳԶՄՀ-ի համաձայնությամբ:

20. Ծրագրի գլխավոր գործակալության իրավասության հարցերն են`

ա) ԾԿԳ-ի տնօրենին պաշտոնի նշանակելը և պաշտոնից ազատելը` ԳԶՄՀ-ի համաձայնությամբ.

բ) ԾԿԳ-ի կառուցվածքը որոշելը և աշխատանքների վարձատրության ֆոնդը սահմանելը:

21. ԾԿԳ-ի ղեկավար պաշտոնատար անձը տնօրենն է, որին պաշտոնի է նշանակում գլխավոր գործակալը` ԳԶՄՀ-ի համաձայնությամբ:

22. ԾԿԳ-ի տնօրենը գործում է սույն կանոնադրության, գլխավոր գործակալի և ԳԶՄՀ-ի հանձնարարականների համաձայն: Հանձնարարականներով կարող են սահմանվել տնօրենի այլ իրավունքներ, պարտականություններ, պատասխանատվություն և փոխհարաբերություններ գլխավոր գործակալության ու կոլեկտիվի հետ և այլ դրույթներ, որոնք անհրաժեշտ կհամարեն գլխավոր գործակալությունը և ԳԶՄՀ-ն:

23. ԾԿԳ-ի տնօրենը`

ա) տնօրինում է ԾԿԳ-ի գույքը (այդ թվում` ֆինանսական միջոցները), գործարքներ կնքում հիմնադրի անունից.

բ) պատասխանատու է վարկային ծրագրի իրականացման աշխատանքների կոորդինացման համար.

գ) ներկայացնում է ԾԿԳ-ն Հայաստանի Հանրապետությունում և արտասահմանում.

դ) փոխառության համաձայնագրով սահմանված կարգով ծրագրի համապատասխան բաղադրիչներն իրականացնող գործակալությունների հետ կնքում է համաձայնագրեր, որոնցում նախանշվում են ծրագրի բաղադրիչի իրականացման նպատակներն ու գործունեության ոլորտը` ներառյալ աշխատակարգի մշակումը և ֆինանսական փոխհարաբերությունները.

ե) գործում է առանց լիազորագրի.

զ) տալիս է լիազորագրեր.

է) սահմանված կարգով կնքում է պայմանագրեր (այդ թվում` աշխատանքային).

ը) բանկերում բացում է ԾԿԳ-ի հաշվարկային (այդ թվում` տարադրամային) և այլ հաշիվներ.

թ) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս է կատարման համար պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը.

ժ) մրցութային կարգով (բացառությամբ սպասարկող աշխատակազմի) աշխատանքի ընդունում և աշխատանքից ազատում է ԾԿԳ-ի աշխատողներին.

ժա) ԾԿԳ-ի աշխատողների նկատմամբ կիրառում է խրախուսման և կարգապահական պատասխանատվության միջոցներ.

ժբ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, փոխառության համաձայնագրով, սույն կանոնադրությամբ, գլխավոր գործակալության և ԳԶՄՀ-ի հանձնարարականներով նախատեսված այլ լիազորություններ:

24. ԾԿԳ-ի գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է հիմնադրի և ԳԶՄՀ-ի կողմից սահմանված կարգով:

 

V. ԾԿԳ-Ի ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ

 

25. ԾԿԳ-ի աշխատակազմի աշխատողներն աշխատանքի են նշանակվում տնօրենի կողմից` պայմանագրային հիմունքներով:

26. ԾԿԳ-ի աշխատակազմի աշխատողների ընտրությունը կատարվում է տնօրենի կողմից` ազատ հաստիքների համար հրապարակային հայտարարությունից հետո:

27. ԾԿԳ-ի աշխատակազմը (բացառությամբ սպասարկող աշխատակազմի) նշանակումից առաջ պետք է հաստատվի ԳԶՄՀ-ի և գլխավոր գործակալության կողմից:

 

VI. ԾԿԳ-Ի ՄԻՋՈՑՆԵՐԸ

 

28. ԾԿԳ-ն իր հիմնադրից առանձնացված գույք չունի: ԾԿԳ-ի գույքը սեփականության իրավունքով պատկանում է հիմնադրին:

29. ԾԿԳ-ի գույքային իրավունքների օբյեկտներն են`

ա) գույքը` ներառյալ դրամական միջոցները, արժեթղթերը և գույքային իրավունքները,

բ) աշխատանքները և ծառայությունները,

գ) տեղեկատվությունը,

դ) ոչ նյութական արժեքները:

30. ԾԿԳ-ի տնօրինությանը կարող է պատկանել ցանկացած գույք` բացառությամբ գույքի առանձին տեսակների, որոնք օրենքին համապատասխան չեն կարող պատկանել ԾԿԳ-ին: ԾԿԳ-ի տնօրինությանը պատկանող գույքի թիվն ու արժեքը չեն սահմանափակվում` բացառությամբ օրենքով և փոխառության համաձայնագրով նախատեսված դեպքերի:

31. ԾԿԳ-ի գույքը գտնվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության ներքո:

 

VII. ԾԿԳ-Ի ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

32. ԾԿԳ-ի գործունեությունը կարող է դադարել ծրագրի ավարտից հետո կամ հիմնադրի որոշմամբ` ԳԶՄՀ-ի համաձայնությամբ:

33. ԾԿԳ-ի հիմնադիրը կազմակերպության գործունեության դադարման մասին որոշման ընդունումից հետո ստեղծում է լուծարման հանձնաժողով, սահմանում լուծարման կարգն ու ժամկետները: ԾԿԳ-ի լուծարման ժամկետը չի կարող 2 ամսվանից պակաս լինել:

34. ԾԿԳ-ի գործունեությունը համարվում է դադարած` հիմնադրի սահմանած օրվանից:

 

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2001 թվականի
օգոստոսի 7-ի N 715 որոշմամբ

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

«ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄՆԵՐԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. «Ջրօգտագործողների միավորումներին աջակցության կենտրոն» պետական հիմնարկը (այսուհետև` ՋՄԱԿ) իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող կազմակերպություն է: ՋՄԱԿ-ն ստեղծվել է Հայաստանի Հանրապետության ու Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջև ստորագրված «Գյուղատնտեսության զարգացման ծրագիր» փոխառության համաձայնագրի և Հայաստանի Հանրապետության կառավարության (այսուհետև` հիմնադիր) 2001 թվականի օգոստոսի 7-ի «Հայաստանի Հանրապետության և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջև 2001 թվականի ապրիլի 30-ին ստորագրված «Գյուղատնտեսական ծառայությունների ծրագիր» փոխառության համաձայնագիրն ուժի մեջ մտնելու միջոցառումների մասին» N 715 որոշման համաձայն:

2. ՋՄԱԿ-ն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջև ստորագրված փոխառության համաձայնագրով, Հայաստանի Հանրապետության օրենքներով, սույն կանոնադրությամբ և այլ իրավական ակտերով:

3. Հիմնադրի և ՋՄԱԿ-ի միջև հարաբերությունները կարգավորվում են փոխառության համաձայնագրով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ:

4. ՋՄԱԿ-ը և դրա ամբողջ գույքը սեփականության իրավունքով պատկանում են հիմնադրին:

5. ՋՄԱԿ-ի անվանումն է`

հայերեն լրիվ` «Ջրօգտագործողների միավորումներին աջակցության կենտրոն» պետական հիմնարկ

ռուսերեն լրիվ` "Центр содействия организациям водопользователей" государственное учреждение

անգլերեն լրիվ` «Center for Assistance to the Water Users' Organizations» State Agency

հայերեն կրճատ` ՋՄԱԿ ՊՀ

ռուսերեն կրճատ` ЦСОВ ГУ

անգլերեն կրճատ` CAWUO SA

6. ՋՄԱԿ-ի գտնվելու վայրն է`

 

II. ՋՄԱԿ-Ի ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐՆ ՈՒ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

 

7. ՋՄԱԿ-ի գործունեության հիմնական նպատակը Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (ԳԶՄՀ) և Հայաստանի Հանրապետության կողմից իրականացվող Գյուղատնտեսական ծառայությունների ծրագրի (այսուհետև` ծրագիր) «Ոռոգման զարգացում» բաղադրիչի ջրի կառավարման ենթաբաղադրիչով նախատեսվող ՋՍԿ-ների, դրանց տարբեր միավորումների և ֆեդերացիաների ստեղծումը, զարգացումը և կայունացումն է` տեխնիկական աջակցություն և ուսուցում տրամադրելու միջոցով:

8. ՋՄԱԿ-ի խնդիրներն են`

ա) ԳԶՄՀ-ի կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում և տարածքում ջուր սպառողների կազմավորումների` ջուր սպառողների կոոպերատիվների (ՋՍԿ), դրանց միությունների (ՋՍԿՄ) և ֆեդերացիաների (ՋՍԿՖ) կազմակերպմանն աջակցումը.

բ) ՋՍԿ-ների կազմակերպման նպատակով տարածքներ ընտրելը` համաձայնեցնելով տեղական ինքնակառավարման մարմինների հետ, և ՋՄԱԿ-ի տնօրենի հաստատմանը ներկայացնելը.

գ) ՋՍԿ-ների, ՋՍԿՄ-ների, ՋՍԿՖ-ների կազմակերպման նպատակով քարոզչություն վարելը, դրանց կազմավորման ժամանակ կազմակերպչական և իրավական աջակցություն տրամադրելը.

դ) ջրօգտագործման, ջրաչափության, ոռոգման ցանցերի շահագործման կանոնների, աշխատանքների պլանավորման և կազմակերպման, ֆինանսական կառավարման, հաշվապահության, իրավական, կառավարման ու այլ բնագավառներում շարունակական և նպատակային ուսուցում կազմակերպելը.

ե) ՋՍԿ-ների, ՋՍԿՄ-ների և ՋՍԿՖ-ների շարունակական համագործակցությունը, մոնիտորինգն ու մեթոդական աջակցությունը.

զ) ոռոգման ցանցերի վերականգնման նախագծեր պատրաստելը, այդ թվում` ՋՍԿ-ների հետ համատեղ` պահանջվող աշխատանքների կազմը որոշելը, նախագծային առաջադրանքներ կազմելը, նախագծային կազմակերպություններ ընտրելը, պայմանագրեր կնքելը, նախագծային աշխատանքների մոնիտորինգը, նախագծերի փորձաքննություն և ՋՍԿ-ների հետ քննարկում կազմակերպելը:

Նշված խնդիրների լուծման նպատակով ՋՄԱԿ-ը կազմում և տնօրենի հաստատմանն է ներկայացնում իր տարեկան աշխատանքային պլանները` ներառյալ մանրամասն ժամանակացույցերը:

Ծրագրի շարունակական առաջընթացն ապահովելու նպատակով ՋՄԱԿ-ն իրականացնում է`

ա) ծրագրի «Ոռոգման զարգացում» բաղադրիչի ջրի կառավարման ենթաբաղադրիչի մոնիտորինգը, ԳԶՄՀ-ին ընդունելի ձևերով պարբերաբար կազմում է հաշվետվություններ, կազմակերպում և կատարում է միջանկյալ ուսումնասիրություններ ու գնահատումներ.

բ) իր իրավասության սահմաններում կազմում և կնքում է պայմանագրեր` ներգրավված իրավաբանական և ֆիզիկական անձանց հետ:

 

III. ՋՄԱԿ-Ի ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ

 

9. ՋՄԱԿ-ը համարվում է ծրագրի «Ոռոգման զարգացում» բաղադրիչի ջրի կառավարման ենթաբաղադրիչի իրականացնողը և, որպես այդպիսին, օգտվում է միջազգային համաձայնագրերով սահմանված արտոնություններից:

10. ՋՄԱԿ-ի իրավունակությունը ծագում է վարկային համաձայնագիրն ուժի մեջ մտնելու և սույն կանոնադրությունը հաստատելու պահից:

11. ՋՄԱԿ-ի իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են փոխառության համաձայնագրով, պայմանագրով, այլ համաձայնագրերով և սույն կանոնադրությամբ:

12. ՋՄԱԿ-ն իր հիմնադրի անունից, սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության նպատակներին համապատասխան, կարող է ունենալ քաղաքացիական իրավունքներ և կրել այդ գործունեության հետ կապված քաղաքացիական պարտականություններ: ՋՄԱԿ-ին պատկանող քաղաքացիական իրավունքները, ներառյալ դրա պաշտպանության իրավունքը, ՋՄԱԿ-ն իրականացնում է հիմնադրի հայեցողությամբ` նրա անունից:

13. ՋՄԱԿ-ն ունի անվանում, վարկային ծրագրով իրեն ամրագրված գույք Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով կլոր կնիք, դրոշմակնիք, հաշիվներ բանկերում` Հայաստանի Հանրապետության արժույթով և արտարժույթով:

14. ՋՄԱԿ-ն օրենքի սահմաններում, իր կանոնադրությամբ նախատեսված ոլորտների և խնդիրների լուծման համար իրավունք ունի`

ա) ձեռք բերելու և իրականացնելու գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ.

բ) դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող.

գ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքելու պայմանագրեր և կրելու պարտավորություններ:

15. ՋՄԱԿ-ի իրավունքները կարող են սահմանափակվել օրենքով նախատեսված դեպքերում և սահմանված կարգով, ինչպես նաև հիմնադրի որոշմամբ, եթե դրանք չեն հակասում փոխառության համաձայնագրին:

16. ՋՄԱԿ-ի պարտավորությունների համար պատասխանատվություն է կրում հիմնադիրը` օրենքով սահմանված կարգով:

17. ՋՄԱԿ-ը պարտավոր է`

ա) փոխառության համաձայնագրի պահանջներին համապատասխան, օրենքով ու այլ իրավական ակտերով սահմանված կարգով վարել հաշվապահական հաշվառում և ներկայացնել հաշվետվություններ.

բ) ապահովել ՋՄԱԿ-ի փաստաթղթերի (ՋՄԱԿ-ի կանոնադրություն, գույքի նկատմամբ գույքային իրավունքները հաստատող փաստաթղթեր, ՋՄԱԿ-ի ներքին փաստաթղթեր, տարեկան հաշվետվություններ, հաշվապահական հաշվառման փաստաթղթեր, օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված այլ փաստաթղթեր) պահպանումը:

 

IV. ՋՄԱԿ-Ի ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

18. ՋՄԱԿ-ի հիմնադրի իրավասության հարցերն են`

ա) ՋՄԱԿ-ի կանոնադրության հաստատումը, դրանում փոփոխությունների ու լրացումների կատարումը.

բ) ՋՄԱԿ-ի գործունեության դադարումը` ԳԶՄՀ-ի համաձայնությամբ:

19. Ծրագրի գլխավոր գործակալության իրավասության հարցերն են`

ա) ՋՄԱԿ-ի տնօրենին պաշտոնի նշանակելը և պաշտոնից ազատելը` ԳԶՄՀ-ի համաձայնությամբ.

բ) ՋՄԱԿ-ի կառուցվածքը որոշելը և աշխատանքների վարձատրության ֆոնդը սահմանելը` հիմնվելով փոխառության համաձայնագրի վրա:

20. ՋՄԱԿ-ի ղեկավար պաշտոնատար անձը տնօրենն է:

21. ՋՄԱԿ-ի տնօրենը գործում է սույն կանոնադրության, գլխավոր գործակալության կողմից տրված հանձնարարականների և փոխառության համաձայնագրով նախատեսված այլ իրավական ակտերի համաձայն: Հանձնարարականներով կարող են սահմանվել տնօրենի այլ իրավունքներ, պարտականություններ, պատասխանատվություն, փոխհարաբերություններ և այլ դրույթներ, որոնք անհրաժեշտ կհամարեն հիմնադիրը և ԳԶՄՀ-ն:

22. ՋՄԱԿ-ի տնօրենը`

ա) տնօրինում է ՋՄԱԿ-ի գույքը (այդ թվում` ֆինանսական միջոցները), կնքում գործարքներ.

բ) ներկայացնում է ՋՄԱԿ-ը Հայաստանի Հանրապետությունում և արտասահմանում.

գ) գործում է առանց լիազորագրի.

դ) տալիս է լիազորագրեր.

ե) սահմանված կարգով կնքում է պայմանագրեր (այդ թվում` աշխատանքային).

զ) բանկերում բացում է ՋՄԱԿ-ի հաշվարկային (այդ թվում` տարադրամային) և այլ հաշիվներ.

է) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս է կատարման համար պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը.

ը) մրցութային կարգով աշխատանքի ընդունում և աշխատանքից ազատում է ՋՄԱԿ-ի աշխատողներին (բացառությամբ սպասարկող աշխատակազմի).

թ) ՋՄԱԿ-ի աշխատողների նկատմամբ կիրառում է խրախուսման և կարգապահական պատասխանատվության միջոցներ.

ժ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ, հիմնադրի և փոխառության համաձայնագրով նախատեսված այլ լիազորություններ:

23. ՋՄԱԿ-ի գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է գլխավոր գործակալության և փոխառության համաձայնագրով սահմանված կարգով:

 

V. ՋՄԱԿ-Ի ՄԻՋՈՑՆԵՐԸ

 

24. ՋՄԱԿ-ն իր հիմնադրից առանձնացված գույք չունի: ՋՄԱԿ-ի գույքը սեփականության իրավունքով պատկանում է գլխավոր գործակալությանը:

25. ՋՄԱԿ-ի գույքային իրավունքների օբյեկտներն են`

ա) գույքը` ներառյալ դրամական միջոցները, արժեթղթերը և գույքային իրավունքները.

բ) աշխատանքները և ծառայությունները.

գ) տեղեկատվությունը.

դ) ոչ նյութական արժեքները:

26. ՋՄԱԿ-ի տնօրինությանը կարող է պատկանել ցանկացած գույք` բացառությամբ գույքի առանձին տեսակների, որոնք օրենքին համապատասխան չեն կարող պատկանել ՋՄԱԿ-ին: ՋՄԱԿ-ի տնօրինությանը պատկանող գույքի թիվն ու արժեքը չեն սահմանափակվում` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

27. ՋՄԱԿ-ի գույքը գտնվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության ներքո:

 

VI. ՋՄԱԿ-Ի ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

28. ՋՄԱԿ-ի գործունեությունը կարող է դադարել հիմնադրի որոշմամբ` ծրագրի ավարտից հետո կամ այլ պատճառով` ԳԶՄՀ-ի համաձայնությամբ:

29. ՋՄԱԿ-ի գործունեությունը համարվում է դադարած` հիմնադրի սահմանած օրվանից:

30. ՋՄԱԿ-ի հիմնադրի գործունեության դադարման մասին որոշման ընդունումից հետո ստեղծվում է լուծարման հանձնաժողով, որը սահմանում է լուծարման կարգն ու ժամկետները: ՋՄԱԿ-ի լուծարման ժամկետը չի կարող 2 ամսվանից պակաս լինել: