«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
«20» մարտի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 մարտի 2002 թվականի N 272
«ԳԱՖԷՍՃԵԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՍՏԵՂԾՄԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Լիազորել Երևանի քաղաքապետին Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալ որպես Գաֆէսճեան ընտանիքի հիմնադրամի լիազորված անձի կողմից հիմնադրվող «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամի համահիմնադիր` նրան վերապահելով Հայաստանի Հանրապետության անունից նշված հիմնադրամի հիմնադրման մասին պայմանագիրն ստորագրելու և հիմնադրամի կանոնադրությունը հաստատելու լիազորությունները:
2. Երևանի քաղաքապետին`
ա) «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամում Հայաստանի Հանրապետության անունից, որպես հիմնադրամի սեփականություն, ներդնել «Կասկադ» համալիրին հարող աջակողմյան 8,0 հեկտար հողամասը, ինչպես նաև համալիրի ձախակողմյան 50 մետր լայնությամբ պետական սեփականություն հանդիսացող չծանրաբեռնված տարածքը.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել «Կասկադ» փակ բաժնետիրական ընկերությունն ու դրա լուծարումից հետո մնացած անշարժ գույքը սեփականության իրավունքով ներդնել «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամում.
գ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Շինարարություն և բարեկարգում» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացնել և, որպես պետական սեփականություն, «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամում ներդնել 56132842 դրամ արժողությամբ «Կասկադ» համալիրի անավարտ շինարարության օբյեկտները.
դ) «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամի հիմնադրման մասին պայմանագրի և հիմնադրամի կանոնադրության նախագծերը նախօրոք համաձայնեցնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հետ.
ե) «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամի հիմնադրման մասին պայմանագրով և հիմնադրամի կանոնադրությամբ սահմանել «Կասկադ» համալիրի շահագործման պայմանները, մասնավորապես, նախատեսելով, որ`
համալիրի առկա շարժասանդուղքները պետք է շահագործվեն ազատ` ոչ ուշ, քան հիմնադրամի հիմնադրման մասին պայմանագրի կնքումից հետո 1 տարվա ընթացքում,
համալիրի առկա շարժասանդուղքների աշխատանքային ռեժիմը և դրանցից օգտվելու կարգը համաձայնեցվում են Երևանի քաղաքապետի հետ,
համալիրի աստիճաններով հետիոտների անցուդարձի ժամանակային կամ այլ սահմանափակումներ չեն կարող սահմանվել,
հիմնադրամին հանձնվող հողամասերը պետք է օգտագործվեն հասարակական կառուցապատման նպատակով.
զ) մեկամսյա ժամկետում սահմանել հիմնադրամին հատկացվող հողամասերին հարակից տարածքների գործառնական նշանակությունը` համաձայն գոտևորման սխեմաների.
է) բանակցություններ վարել`
«Կասկադ» համալիրի առանձին տարածքների, ինչպես նաև Ա. Թամանյանի հուշարձանից մինչև «Կասկադ» համալիրին ընկած պուրակի առանձին տարածքների նկատմամբ օգտագործման իրավունքներ ունեցողների հետ` համարժեք փոխհատուցմամբ, սահմանված կարգով օգտագործման իրավունքները դադարեցնելու կամ այդ իրավունքները հիմնադրամի հետ համաձայնեցված տարբերակով հստակեցնելու շուրջ.
«Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամին հանձնվող հողամասերի միջև ընկած անշարժ գույքի սեփականատերերի հետ` նշված անշարժ գույքը հիմնադրամին օտարելու հարցերի շուրջ:
3. Ընդունել ի գիտություն, որ Սովետական Հայաստանի 50-ամյակին նվիրված հուշակոթողը համարվում է պետական սեփականություն:
4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 18-ի «Երևանի «Կասկադ» համալիրին հարող աջակողմյան հատվածի պետական սեփականության հողերն առանց մրցույթի վարձակալության տրամադրելու մասին» N 142 որոշման 1-ին և 2-րդ կետերը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի մարտի 20-ից:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|