Գլխավոր տեղեկություն
Համար
N 1
Տիպ
Պաշտոնական պարզաբանում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.01.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2015.02.02/4(516)
Ընդունող մարմին
Ֆինանսների նախարար
Ընդունման ամսաթիվ
23.01.2015
Ստորագրող մարմին
Ֆինանսների նախարարի ժամանակավոր պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
23.01.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

23 հունվարի 2015 թ.

N 1

 

Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն  Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ

 

ԸՆՏԱՆԵԿԱՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՅԵԿՏԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

«Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13.8-րդ հոդվածի համաձայն` անձինք համարվում են ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ, եթե բավարարելով օրենքի 13.7-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված պայմանը, օրենքով սահմանված ժամկետներում իրենց հաշվառման վայրի հարկային մարմին են ներկայացրել ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ վերադաս հարկային մարմնի ղեկավարի հաստատած ձևով հայտարարություն և ընտանեկան ձեռնարկատիրությունում ներգրավված անձանց` ընտանիքի անդամ լինելը հիմնավորող համապատասխան փաստաթղթեր:

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի դրույթներով և նպատակ ունենալով պարզաբանելու, թե որ փաստաթղթերն են համարվում ընտանիքի անդամ լինելը հիմնավորող փաստաթղթեր, պաշտոնապես պարզաբանում եմ.

1. Անհատ ձեռնարկատերը ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու համար հարկային մարմին է ներկայացնում ընտանեկան ձեռնարկատիրության մեջ ներգրավված անձանց ընտանիքի անդամ լինելը հիմնավորող հետևյալ փաստաթղթերը`

1) ծնող(ներ)ի դեպքում` ծնող(ներ)ի անձնագրերի (նույնականացման քարտերի) և անհատ ձեռնարկատիրոջ ծննդյան վկայականների, անձնագրերի (նույնականացման քարտերի) պատճենները: Եթե ծնող(ներ)ի անունը և/կամ ազգանունը չեն համապատասխանում անհատ ձեռնարկատիրոջ ծննդյան վկայականում ծնող(ներ)ի անվան և/կամ ազգանվան հետ, ապա ներկայացվում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի կողմից ծնող(ներ)ի հավաստիացման վերաբերյալ տեղեկանք,

2) ամուսնու դեպքում` ամուսնության վկայականի և ամուսինների անձնագրերի (նույնականացման քարտերի) պատճենները,

3) զավակ(ներ)ի դեպքում` զավակ(ներ)ի ծննդյան վկայականների, անձնագրերի (նույնականացման քարտերի) և անհատ ձեռնարկատիրոջ անձնագրերի (նույնականացման քարտերի) պատճենները: Եթե ծննդյան վկայականում զավակ(ներ)ի ծնող(ներ)ի անունը և/կամ ազգանունը չեն համապատասխանում անհատ ձեռնարկատիրոջ անվան և/կամ ազգանվան հետ, ապա ներկայացվում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի կողմից ծնող(ներ)ի հավաստիացման վերաբերյալ տեղեկանք,

4) եղբոր (եղբայրների) դեպքում` եղբոր (եղբայրների) և անհատ ձեռնարկատիրոջ ծննդյան վկայականների և անձնագրերի (նույնականացման քարտերի) պատճենները: Ծննդյան վկայականներում ծնող(ներ)ի անունը և/կամ ազգանունը չհամընկնելու դեպքում ներկայացվում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի կողմից եղբոր (եղբայրների) հավաստիացման վերաբերյալ տեղեկանք,

5) քրոջ (քույրերի) դեպքում` քրոջ (քույրերի) և անհատ ձեռնարկատիրոջ ծննդյան վկայականների և անձնագրերի (նույնականացման քարտերի) պատճենները: Ծննդյան վկայականներում ծնող(ներ)ի անունը և/կամ ազգանունը չհամընկնելու դեպքում ներկայացվում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի կողմից քրոջ հավաստիացման վերաբերյալ տեղեկանք:

2. Առևտրային կազմակերպությունները ներկայացնում են ընտանեկան ձեռնարկատիրության մեջ ներգրավված անձանց ընտանիքի անդամ լինելը հիմնավորող սույն պարզաբանման 1-ին կետում նշված համապատասխան փաստաթղթերի պատճենները և լիազոր մարմնի կողմից տրված առևտրային կազմակերպության հիմնադիրների (մասնակիցների) և նրանց բաժնեմասերի վերաբերյալ տեղեկանքը:

3. Այլ պետություններում ստացված ռուսերենից և անգլերենից տարբերվող լեզուներով անձնագրի, ծննդյան և ամուսնության վկայականների դեպքում ներկայացվում է տվյալ փաստաթղթի պատճենը և դրա նոտարական վավերացմամբ թարգմանությունը:

 

Նախարարի ժամանակավոր 

 պաշտոնակատար`

Ա. Աֆրիկյան