Գլխավոր տեղեկություն
Համար
N 266
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.03.2002-16.12.2004)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.09.12/46(570) Հոդ.249
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
19.03.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.03.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
19.03.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.03.2002
Ուժը կորցնելու ամսաթիվ
16.12.2004

040.0266.19.03.02

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
19 մարտի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 մարտի 2002 թվականի N 266
քաղ. Երևան

ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԴՐԵՐԻ ՌԵԶԵՐՎՈՒՄ ԳՐԱՆՑԵԼՈՒ ԵՎ ՌԵԶԵՐՎԻՑ ՀԱՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 4-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել դիվանագիտական ծառայության կադրերի ռեզերվում գրանցելու և ռեզերվից հանելու կարգը (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի մարտի 19-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2002 թվականի
մարտի 19-ի N 266 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

դիվանագիտական ծառայության կադրերի ռեզերվում գրանցելու եվ ռեզերվից հանելու

 

1. Սույն կարգով սահմանվում է դիվանագիտական ծառայության կադրերի ռեզերվում գրանցելու և ռեզերվից հանելու կարգը:

2. Դիվանագիտական ծառայության կադրերի ռեզերվում մինչև 4 տարի ժամկետով գրանցվում են այն դիվանագետները, որոնք՝

ա) միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետությանը հատկացված քվոտաների սահմաններում, որպես միջազգային ծառայողներ, աշխատանքի անցնելու հիմքով ազատվել են դիվանագիտական ծառայության պաշտոնից.

բ) գիտական գործունեությամբ զբաղվելու հիմքով ազատվել են դիվանագիտական ծառայության պաշտոնից.

գ) ազատվել են իրենց զբաղեցրած քաղաքական կամ հայեցողական պաշտոններից (բացառությամբ հեռացման, պաշտոնանկության դեպքերի), եթե նրանք այդ պաշտոններում ընտրվելու կամ նշանակվելու հիմքով են ազատվել դիվանագիտական ծառայության պաշտոնից:

Սույն կետում նշված դեպքերում դիվանագիտական ծառայության կադրերի ռեզերվում դիվանագետները գրանցվում են առանց վարձատրման իրավունքի:

3. Դիվանագիտական ծառայության կադրերի ռեզերվում մինչև 6 ամիս ժամկետով գրանցվում են այն դիվանագետները, որոնք ազատվել են դիվանագիտական ծառայության պաշտոնից՝ դիվանագիտական ծառայության մարմնի լուծարման կամ հաստիքների կրճատման հետևանքով:

4. Սույն կարգի 2-րդ կետում նշված դիվանագետները կադրերի ռեզերվում գրանցվելու հիմքերն առաջանալու օրվանից 15 օրվա ընթացքում կադրերի ռեզերվում գրանցվելու համար դիմում են ներկայացնում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն: Դիմումին կցվում են անհրաժեշտ փաստաթղթեր (միջազգային կազմակերպությունում միջազգային ծառայող լինելու փաստը հավաստող տեղեկանք, գիտական գործունեությամբ զբաղվելու փաստը հավաստող տեղեկանք, քաղաքական կամ հայեցողական պաշտոնում ընտրվելու կամ նշանակվելու փաստը հավաստող տեղեկանք):

5. Կադրերի ռեզերվում գտնվելն իրավունք է տալիս դիվանագետին թափուր պաշտոնի առկայության դեպքում վերականգնվել դիվանագիտական ծառայությունում՝ «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածով նախատեսված ներքին մրցույթով:

6. Կադրերի ռեզերվում գտնվելու ժամկետը հաշվարկվում է դիվանագիտական ծառայության ստաժում:

7. Կադրերի ռեզերվում գտնվելու ընթացքում որպես դիվանագիտական ծառայություն հաշվարկված ստաժը չի հաշվարկվում ռոտացիայի, ինչպես նաև հերթական դիվանագիտական աստիճան ստանալու համար անհրաժեշտ ժամկետում:

8. Կադրերի ռեզերվում գտնվելու ընթացքում դիվանագետը չի օգտվում իր դիվանագիտական անձնագրից:

9. Կադրերի ռեզերվում գրանցումը կատարվում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի հրամանով:

10. Կադրերի ռեզերվում գրանցումը մերժվում է, եթե՝

ա) չի պահպանվել սույն կարգի 4-րդ կետում նշված՝ կադրերի ռեզերվում գրանցվելու համար դիմում ներկայացնելու ժամկետը.

բ) կադրերի ռեզերվում գրանցվելու համար ներկայացված փաստաթղթերը թերի են և դրա մասին դիվանագետին տեղեկացնելուց հետո 5-օրյա ժամկետում այդ փաստաթղթերը չեն համալրվում.

գ) ներկայացվել են կեղծ փաստաթղթեր կամ տեղեկություններ:

11. Կադրերի ռեզերվում գրանցումը մերժելու մասին դիվանագետը տեղեկացվում է գրավոր:

12. Կադրերի ռեզերվում գրանցված անձի վերաբերյալ տվյալները ներառվում են համակարգված ցուցակում, նրա վերաբերյալ լրացվում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից սահմանված ձևի գրանցման թերթիկ:

13. Դիվանագիտական ծառայության կադրերի ռեզերվից դիվանագետներին հանելու հիմքերն են՝

ա) անձնական դիմումը.

բ) այլ աշխատանքի կամ ծառայության անցնելը.

գ) քաղաքական կամ հայեցողական պաշտոններում ընտրվելը կամ նշանակվելը.

դ) ռեզերվում սույն կարգի խախտմամբ գրանցվելը.

ե) Հայաստանի Հանրապետության քաղաքացիության դադարեցումը.

զ) ազատազրկման դատապարտվելը.

է) դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչվելը.

ը) դատական կարգով որոշակի պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկվելը.

թ) «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի «գ» կետին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած ցանկով նախատեսված հիվանդություններից որևէ մեկով տառապելը.

ժ) ռեզերվում գտնվելու համապատասխան ժամկետը լրանալը.

ժա) 65 տարին լրանալը.

ժբ) դիվանագիտական ծառայության համապատասխան պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի մասնակցության առաջարկի կրկնակի մերժումը.

ժգ) օրենքով սահմանված այլ հիմքեր:

14. Կադրերի ռեզերվից դիվանագետը հանվում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի հրամանով:

15. Կադրերի ռեզերվում գրանցելու և ռեզերվից հանելու հետ կապված վեճերը լուծվում են դատական կարգով:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
11.11.2004, N 1638-Ն 16.12.2004, N 266
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան