Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 2
Տիպ
Պաշտոնական պարզաբանում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.09.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2014.10.02/25(504)
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
23.09.2014
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
25.09.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

23 սեպտեմբերի 2014 թ.

թիվ 2

 

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

 

«ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԵՎ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 17-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ «Գ» ԿԵՏԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հիմք ընդունելով վերջին շրջանում հաճախակի դարձած` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ հասցեագրված գրությունները` կապված «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 17-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով սահմանված վճարահաշվարկային ծառայության հետ,

ելնելով այն հանգամանքից, որ Օրենքով սահմանված վճարահաշվարկային ծառայությունների սահմանումները տարընկալում են առաջացնում անձանց բավական լայն շրջանակում,

նպատակ ունենալով հստակեցնել Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով վճարահաշվարկային ծառայությունների մատուցման շրջանակը, ինչպես նաև կանխարգելել վճարահաշվարկային ծառայությունների մատուցման լիցենզիա չունեցող անձանց կողմից այդ ծառայությունների մատուցումը,

հաշվի առնելով Օրենքով սահմանված համապատասխան լիցենզավորված անձանց կողմից վճարահաշվարկային ծառայությունների մատուցման կարգավորման նպատակը, այն է` այդպիսի ծառայություններից օգտվող անձանց իրավունքների պաշտպանությունը և շահառուին վճարումների կատարման երաշխիքների ստեղծումը,

հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը

 

Պաշտոնապես պարզաբանում է.

 

1. Սույն պաշտոնական պարզաբանման իմաստով վճարողից շահառուին ուղղված վճարումները, անկախ տվյալ վճարման գործընթացում ընդգրկված միջնորդների քանակից, վճարման գործընթացում ընդգրկված յուրաքանչյուր մասնակցից մյուսին կատարվում են արժույթով՝ կանխիկ կամ անկանխիկ եղանակով, այդ թվում՝ էլեկտրոնային փողերի միջոցով (այսուհետ՝ վճարում):

2. Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի իմաստով վճարահաշվարկային ծառայություն մատուցող է հանդիսանում այն անձը (այսուհետ՝ վճարային գործակալը), որը.

1) որպես իր կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեություն վճարողից ընդունում է շահառուին ուղղված վճարումներ, որոնց (այդ վճարումների) միակ նպատակն է դրամական միջոցների փոխանցման իրականացումը և այդ վճարումների կատարման դիմաց վճարային գործակալի կողմից վճարողին չի տրամադրվում որևէ տեսակի գույք (այսուհետ` ապրանք), գույքային իրավունք, չի մատուցվում որևէ տեսակի ծառայություն (բացառությամբ զուտ դրամական միջոցների փոխանցման վճարահաշվարկային ծառայության) կամ չի տրամադրվում որոշակի ապրանք, գույքային իրավունք կամ ծառայություն ստանալու իրավունքը (թղթային կամ էլեկտրոնային ձևով) հաստատող որևէ փաստաթուղթ (այսուհետ՝ Փաստաթուղթ):

 

Օրինակ՝ արտերկրում կամ ՀՀ տարածքում գտնվող ֆիզիկական կամ իրավաբանական անձի (վճարողի) կողմից (օրինակ՝ նվիրատվության կամ նմանատիպ այլ նպատակներով) դրամական միջոցների փոխանցումը մեկ այլ ֆիզիկական կամ իրավաբանական անձի (շահառուին), որը կատարվում է վճարային գործակալի միջոցով՝ որպես ձեռնարկատիրական գործունեություն:

 

2) իրականացնում է սույն պարզաբանման 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված գործունեությունը՝ ցանկացած քանակի վճարային գործակալների կամ այլ միջնորդների (ցանկացած իրավաբանական կամ ֆիզիկական անձինք, կամ անհատ ձեռնարկատերեր) միջոցով (տարատեսակ շղթայական սխեմաներով), որոնք, թեև տարանջատում են դրամական միջոցների փոխանցումը մի քանի փուլերի, սակայն այդ շղթայի գործունեության վերջնական նպատակ (էություն) է հանդիսանում դրամական միջոցների փոխանցումը մեկ անձից (վճարողից) մեկ այլ անձի (շահառուին): Այս պարագայում վճարային գործակալ կհամարվեն շղթայում ընդգրկված և ՀՀ տարածքում գործունեություն իրականացնող բոլոր միջնորդները (ցանկացած իրավաբանական կամ ֆիզիկական անձինք, կամ անհատ ձեռնարկատերեր), որոնք ընդունում են վճարումը և փոխանցում անմիջականորեն մյուս միջնորդին կամ շահառուին (շղթայի հաջորդ օղակին):

 

Օրինակ՝ արտերկրում գրանցված որևէ կազմակերպություն (կամ ֆիզիկական անձ), որն իր ազգային օրենսդրության համաձայն իրավունք ունի իրականացնել դրամական միջոցների փոխանցում, վճարումներ է ընդունում տարբեր անձանցից (վճարողներից) և Հայաստանում գրանցված կամ բնակվող անհատ ձեռնարկատիրոջ, իրավաբանական կամ ֆիզիկական անձի միջոցով կատարում է դրամական միջոցների վճարումներ շահառուին: Այսպիսով, տվյալ դեպքում ծառայությունը տարանջատվում է երկու մասի՝ վճարումների ընդունում արտերկրում գտնվող անձի կողմից և վճարումների կատարում Հայաստանում մեկ այլ անձի միջոցով: Այս դեպքում, ՀՀ տարածքում մատուցված յուրաքանչյուր ծառայություն՝ առանձին-առանձին, կհամարվի Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի իմաստով վճարահաշվարկային ծառայության մատուցում.

 

3) շահառուներին ուղղված վճարումներ է ընդունում վճարողներից, որոնք թեև ուղղված են որևէ տեսակ ապրանքի կամ ծառայության դիմաց վճարմանը, այդ թվում՝ էլեկտրական էներգիայի, բնական գազի, խմելու ջրի, բջջային շարժական կամ ֆիքսված կապի ծառայությունների սպառման դիմաց վճարմանը (անկախ այն հանգամանքից թե տվյալ ծառայությունը, ապրանքը, գույքային իրավունքը կամ Փաստաթուղթն արդեն իսկ տրամադրվել է, թե պետք է տրամադրվի ապագայում), սակայն շահառուներին ուղղված դրամական փոխանցումներ իրականացնողը (վճարային գործակալը) որևէ ձևով ներգրավված չէ այդ ծառայության մատուցման, ապրանքի, գույքային իրավունքի կամ Փաստաթղթի տրամադրման գործընթացում (վճարային գործակալը բացառապես իրականացնում է դրամական միջոցների փոխանցում՝ վճարողից շահառուին): Այլ կերպ ասած, վճարային գործակալը իրականացնում է սույն պաշտոնական պարզաբանման 2-րդ կետի 1-ին կամ 2-րդ ենթակետերում նշված գործունեությունը և վճարողի նկատմամբ, բացի դրամական փոխանցման իրականացումից (վճարման ընդունում վճարողից և վճարման փոխանցում շահառուին) այլ ծառայություն չի մատուցում.

 

Օրինակ 1՝ դրամական փոխանցման միջոցով իրականացվում է վճարողի և շահառուի միջև կնքված ցանկացած երկկողմանի գործարքի դիմաց վճարում (օրինակ՝ առուվաճառքի պայմանագրի հիման վրա), սակայն դրամական փոխանցում իրականացնողը (վճարային գործակալը) չի հանդիսանում այդ գործարքի կողմ (ապրանք վաճառող) և հետևաբար, վճարում ստանալու դիմաց չի կատարում այդ պայմանագրով սահմանված ոչ մի պարտավորություն, այսինքն՝ հանդես չի գալիս որպես ապրանք վաճառող կամ Փաստաթուղթ տրամադրող:

 

Օրինակ 2՝ վճարողից ընդունում է վճարումներ, որոնք ուղղված են հանրային ծառայությունների կարգավորման ոլորտում գործող անձանց կողմից մատուցվող ծառայությունների ձեռքբերմանը կամ արդեն իսկ մատուցված ծառայությունների դիմաց վճարմանը: Այստեղ վճարային գործակալի կողմից մատուցվող ծառայությունը հանդիսանում է բացառապես վճարման ընդունում և կատարում, քանի որ վերջինս որևէ կերպ չի առնչվում մատուցվող/մատուցված ծառայության հետ:

 

3. Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի իմաստով վճարահաշվարկային ծառայություն մատուցող չեն հանդիսանում այն անձինք (առևտրային միջնորդները), որոնք ծառայություն, ապրանք կամ գույքային իրավունք տրամադրողի (մատուցողի) (այսուհետ՝ պրինցիպալ) հետ կնքված համապատասխան քաղաքացիաիրավական պայմանագրի, լիազորագրի հիման վրա գործում են պրինցիպալի անունից, համաձայն որի երրորդ անձանցից վճարումներ ընդունելու հետ միաժամանակ մատուցում են (տրամադրում են) կամ պարտավորվում են մատուցել (տրամադրել), կամ նախքան վճարում ստանալը համապատասխան ծառայությունը, ապրանքը, գույքային իրավունքը կամ Փաստաթուղթը արդեն իսկ մատուցվել կամ տրամադրվել է առևտրային միջնորդի կողմից:

 

Օրինակ 1՝ առաքման ծառայություն իրականացնող առևտրային միջնորդը, որը համապատասխան քաղաքացիաիրավական պայմանագրի կամ լիազորագրի հիման վրա գործում է պրինցիպալի անունից, առաքում է պրինցիպալի ապրանքները տարբեր պատվիրատուների և պատվիրատուից ընդունում է պրինցիպալին ուղղված վճարումները: Տվյալ դեպքում, առաքման ծառայություն մատուցող անձի կողմից վճարման ընդունման պահին տրամադրվում է ապրանք, և առաքման ծառայություն մատուցողի և պրինցիպալի միջև կնքված պայմանագրի համաձայն պատվիրատուի պարտավորությունը պրինցիպալի առջև համարվում է կատարված: Այս օրինակում առաքման ծառայություն մատուցող առևտրային միջնորդի կողմից իրականացվող գործունեությունը չի հանդիսանում շահույթ ստանալու նպատակով վճարումների ընդունում և կատարում, քանի որ միաժամանակ ուղեկցվում է այդ միջնորդի կողմից ապրանքի մատակարարմամբ:

 

Օրինակ 2՝ բջջային հեռախոսային հաշվի լիցքավորում իրականացնող անձինք, որոնք, որպես բջջային հեռահաղորդակցման կապի օպերատորի գործակալ կանխավճարներ են ընդունում վճարողներից և միաժամանակ լիցքավորում համապատասխան անձանց հեռախոսային հաշիվները՝ իրենց հեռախոսային հաշիվներից: Տվյալ դեպքում լիցքավորում իրականացնող անձը վճարման դիմաց միաժամանակ տրամադրում է լիցքավորված գումարին համարժեք խոսելաժամանակ:

 

Օրինակ 3՝ կատալոգներով կամ տարատեսակ աճուրդների կազմակերպիչների միջոցով ապրանք ձեռք բերելու համար առևտրային միջնորդները, որոնք պատվերներ և պատվերների դիմաց կանխավճարներ են ընդունում գնորդից, իսկ ապրանքը գնորդին տրամադրվում է առևտրային միջնորդի կողմից տվյալ պահին կամ ապագայում, կամ ապրանք ձեռք բերելու համար առևտրային միջնորդը գնորդին է տրամադրում Փաստաթուղթ, որը իրավունք է տալիս գնորդին վաճառողից համապատասխան ապրանքը ստանալ ապագայում:

 

Օրինակ 4` անձը, գործելով կազմակերպության (պրինցիպալի) անունից՝ վճարման դիմաց գնորդին տրամադրում է Փաստաթուղթ (օրինակ՝ ավիատոմսեր, լոտոյի կամ այլ տոմսեր), որն իրավունք է տալիս գնորդին համապատասխան օրը պրինցիպալից ստանալ սահմանված ծառայությունը: Այս դեպքում, օրինակ, ավիատոմսեր վաճառող ընկերությունը, վճարման դիմաց միաժամանակ գնորդին տրամադրում է ծառայություն ստանալու իրավունքը հավաստող փաստաթուղթ՝ ավիատոմս, որն իրավունք է տալիս դրանում նշված անձին համապատասխան օրն օգտվել ավիափոխադրողի ծառայությունից:

 

ՀՀ կենտրոնական

բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

2014 թ. սեպտեմբերի 25

 Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան