Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 5
Տիպ
Պաշտոնական պարզաբանում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.12.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2014.01.08/1(480)
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
10.12.2013
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
18.12.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

10 դեկտեմբերի 2013 թ.

թիվ 5

 

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

 

ՆՈՏԱՐՆԵՐԻՆ ԵՎ ԺԱՌԱՆԳՆԵՐԻՆ ԲԱՆԿԱՅԻՆ ԳԱՂՏՆԻՔ ԿԱԶՄՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը ստանում է բազմաթիվ հարցումներ, որոնցով խնդրվում է պարզաբանել, թե բանկի հաճախորդի մահվան դեպքում նրա վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկություններն ինչպես կարող են տրամադրվել հաճախորդի ժառանգներին կամ արդյո՞ք ՀՀ օրենսդրությամբ նոտարը կարող է բանկերից ստանալ բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ ժառանգական զանգվածը պարզելու, համապատասխան գույքը ժառանգական զանգվածի մեջ ներառելու և այն պահպանելու նպատակներով:

Հաշվի առնելով նշված հարցադրումները, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախաձեռնությամբ կազմավորվեցին աշխատանքային խմբեր Հայաստանի Հանրապետության տարածքում գործող որոշ առևտրային բանկերի ներկայացուցիցների մասնակցությամբ: Այդ խմբերում ներառվեցին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի, «Զարգացման Հայկական բանկ» ԲԲԸ, «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ, «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ, «Պրոմեթեյ Բանկ» ՍՊԸ, «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ, «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ի ներկայացուցիչները (այսուհետ` Խումբ):

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը սույն պարզաբանումը քննարկում է հաշվի առնելով Խմբի կողմից ներկայացված կարծիքները քննարկվող հարցադրումների վերաբերյալ: Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը լսել է նաև Խմբում ընդգրկված «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ ներկայացուցչի արտահայտած մեկնաբանությունն առ այն, որ ժառանգության բացման վայրի նոտարը օրենքի ուժով լիազորված է հանդես գալու որպես ժառանգների ներկայացուցիչ և ժառանգների անունից ու ի շահ նրանց իրականացնելու ժառանգությունը պահպանելու և կառավարելու միջոցներ` ներառյալ ժառանգության զանգվածը պարզելու և այն պահպանելու նպատակներով ստանալու բանկերից բանկային գաղտնիք հանդիսացող տեղեկություններ:

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը սույն պարզաբանման համար հիմք է ընդունում ներքոհիշյալը.

ելնելով այն փաստից, որ բանկի հաճախորդների ժառանգներին ժառանգատուի բանկային հաշիվների և բանկի նկատմամբ այլ իրավունքների, ինչպես նաև բանկի մոտ առկա նրա գույքի վերաբերյալ տեղեկությունների տրամադրումը միայն ժառանգության իրավունքի վկայագիր ներկայացնելու դեպքում ստիպում է առաջիններին կատարել լրացուցիչ գործողություններ, այդ թվում` ծախսեր, ժառանգության իրավունքի լրացուցիչ վկայագիր ստանալու համար, որում կնշվեն նոր ի հայտ եկած գույքի մասին տեղեկությունները,

արձանագրելով այն փաստը, որ ժառանգության ընդունման գործընթացի կազմակերպման համար պետության կողմից ստեղծվել է հատուկ ինստիտուտ` ի դեմս նոտարների, ուստի բանկերը պետք է հնարավորինս զերծ մնան անձին` իբրև ժառանգ ճանաչելու և ժառանգության իրավունքը հիմնավորող փաստաթղթերի բավարարությունը գնահատելու գործընթացից, ինչը կարող է զուգորդվել հետագայում ժառանգությունից այս կամ այն հիմքով մեկուսացված անձին բանկային գաղտնիք հանդիսացող տեղեկությունների տրամադրման համար պատասխանատվության կանչվելու ռիսկով,

անվիճելի համարելով այն, որ բանկային գաղտնիք համարվող տեղեկությունների ապօրինի հրապարակման ռիսկը մեծանում է այն անձանց շրջանակի ընդլայնմանը զուգահեռ, ում հասանելի են դարձվում այդ տեղեկությունները,

նպատակ ունենալով վերոհիշյալ խնդիրների լուծման համար առաջարկել այնպիսի լուծումներ, որոնք կապահովեն և՛ բանկի, և՛ դրա հաճախորդների ու վերջիններիս ժառանգների իրավունքների ու օրինական շահերի պաշտպանությունը` միաժամանակ երաշխավորելով բանկային գաղտնիքի հետ կապված իրավահարաբերությունների անխաթարությունը`

անհրաժեշտություն է առաջանում պարզաբանել վերը նշված հարցերը հետևյալի լույսի ներքո`

Ø «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի համաձայն բանկերը հաճախորդների վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները, սույն օրենքին համապատասխան տրամադրում են տվյալ հաճախորդի ժառանգներին /իրավահաջորդներին/, եթե վերջիններիս կամ նրանց ներկայացուցիչները տվյալ անձանց ժառանգության /իրավահաջորդության/ իրավունքները հիմնավորող բավարար փաստաթղթեր են ներկայացրել:

Նշված իրավական նորմը հստակ չի բացահայտում, թե որ փաստաթուղթն է համարվում ժառանգության իրավունքը հիմնավորող բավարար փաստաթուղթ:

Ø Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի /այսուհետ` Օրենսգիրք/ 1239-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` Ժառանգության զանգվածը պարզելու և այն պահպանելու նպատակներով նոտարն իրավունք ունի հարցում անել բանկերին և այլ վարկային կազմակերպություններին նրանց ավանդներում, հաշիվներում գտնվող կամ նրանց ի պահ հանձնված` ժառանգատուին պատկանող դրամի (արժույթի), արժութային ու այլ արժեքների վերաբերյալ:

Այդ իրավական նորմի առկայությամբ հստակ չի պարզաբանվում բանկերի համար բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները տրամադրելու պարտականությունը և ինչով էլ գործնականում բանկերի մոտ առաջանում են հարցեր, թե նոտարը իրավասու՞ է արդյոք բանկից ստանալ մահացած հաճախորդի բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները, թե ոչ և ո՞րն է ժառանգի դեպքում համարվում ժառանգության իրավունքը հիմնավորող բավարար փաստաթուղթ:

Նշված անհստակությունների պարզաբանման համար անհրաժեշտ է հետևյալ իրավանորմերի վերլուծությունը.

Ø Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ժառանգությունն ընդունվում է ժառանգությունն ընդունելու կամ ժառանգության իրավունքի վկայագիր ստանալու մասին ժառանգի դիմումը ժառանգության բացման վայրի նոտարին հանձնելով: Միաժամանակ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1228-րդ հոդվածը սահմանում է, որ ժառանգները կարող են առանց դատարան դիմելու ժառանգություն ընդունել սահմանված ժամկետի ավարտից հետո, երբ առկա է ժառանգությունն ընդունած մնացած բոլոր ժառանգների համաձայնությունը: Հետևաբար բանկի հաճախորդի մահվան դեպքում նրա վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները հաճախորդի ժառանգներին տրամադրելու հետ կապված անհրաժեշտ է դիտարկել երկու հնարավոր իրավիճակ.

1) երբ ժառանգությունն ընդունվում է ժառանգության իրավունքի վկայագիր ստանալու մասին ժառանգի դիմումը ժառանգության բացման վայրի նոտարին հանձնելով,

2) երբ ժառանգությունն ընդունվում է ժառանգված գույքը փաստացի տիրապետելու կամ կառավարելու միջոցով:

Ø Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1239-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ժառանգների, շահառուների և այլ շահագրգիռ անձանց իրավունքների պաշտպանության համար ժառանգության բացման վայրի նոտարը ձեռնարկում է սույն օրենսգրքի 1240 և 1241 հոդվածներում սահմանված և ժառանգությունը պահպանելու ու կառավարելու համար անհրաժեշտ այլ միջոցներ: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն, ժառանգության զանգվածը պարզելու և այն պահպանելու նպատակներով նոտարն իրավունք ունի հարցում անել բանկերին և այլ վարկային կազմակերպություններին նրանց ավանդներում, հաշիվներում գտնվող կամ նրանց ի պահ հանձնված` ժառանգատուին պատկանող դրամի (արժույթի), արժութային ու այլ արժեքների վերաբերյալ:

Ø Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1189-րդ հոդվածի համաձայն` ժառանգության բացման վայրը ժառանգատուի բնակության վերջին վայրն է, իսկ եթե ժառանգատուի բնակության վերջին վայրն արտասահմանում է կամ անհայտ է, ապա ժառանգության բացման վայր է համարվում ժառանգության զանգվածի մեջ մտնող անշարժ գույքի կամ դրա առավել արժեքավոր մասի, իսկ անշարժ գույքի բացակայության դեպքում` շարժական գույքի կամ դրա առավել արժեքավոր մասի գտնվելու վայրը:

Ø «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` բանկերը պարտավոր են տեխնիկական այնպիսի միջոցներ ձեռնարկել և կազմակերպական այնպիսի կանոններ սահմանել, որոնք անհրաժեշտ են բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները պատշաճ պահպանելու համար:

Ø «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների հրապարակումը այն անձի, կազմակերպության, պետական մարմնի կամ պաշտոնատար անձի կողմից, որին այդ տեղեկությունները վստահված են եղել, հայտնի են դարձել նրա ծառայության կամ աշխատանքի կապակցությամբ կամ տրամադրվել են սույն օրենքով սահմանված կարգով` արգելվում է:

Այսպիսով, հաշվի առնելով վերոնշյալ նորմերը, կարելի է եզրահանգել, որ

1. Օրենսգրքի 1245-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. օրենսդիրը որպես ժառանգության իրավունքը հաստատող փաստաթուղթ է համարում համապատասխան նոտարի կողմից տրվող ժառանգության իրավունքի վկայագիրը, հետևաբար` որպես բավարար փաստաթուղթ օրենսդիրը նկատի է ունեցել հենց ժառանգության իրավունքի վկայագիրը: Իսկ այն դեպքում, երբ ժառանգությունն ընդունվում է ժառանգված գույքը փաստացի տիրապետելու կամ կառավարելու միջոցով, ժառանգության իրավունքը հաստատող փաստաթուղթ է համարում ինչպես համապատասխան նոտարի կողմից տրվող ժառանգության իրավունքի վկայագիրը, այնպես էլ դատարանի կողմից համապատասխան ժառանգի ժառանգման փաստի վերաբերյալ դատարանի վճիռը (որոշումը):

2. Եթե ժառանգը բանկային գաղտնիք ստանալու համար պետք է բանկ ներկայացնի ժառանգության իրավունքի վկայագիր, ապա ստացվում է, որ օրենքի տրամաբանությամբ նոտարը Օրենսգրքի 1239-րդ հոդվածի համաձայն իրավասու էր կատարել համապատասխան հարցումներ` ժառանգական գույքը պարզելու նպատակով և ժառանգական գույքի առկայությունը պարզելու հիմքով էլ տրամադրել է բանկի մահացած հաճախորդի գույքի ժառանգության իրավունքի վկայագիր:

Այլապես, եթե օրենքի տրամաբանությամբ, նոտարը իրավասու չէ նման տեղեկություն ստանալ բանկերից, ապա ժառանգական այլ գույքի բացակայության պայմաններում անհնարին է դառնում բանկային գաղտնիք կազմող տեղեկության ստացումը ժառանգի կողմից, այսինքն խոչընդոտվում է նրա իրավունքը և Օրենսգրքի 1239-րդ հոդվածի առկայությունը իմաստազրկվում է: Հետևաբար, այդ մեկնաբանությունը սխալ է և ճիշտ է այն, որ Օրենսգրքի 1239-րդ հոդվածով սահմանված կարգով նոտարը իրավասու է կատարել բանկերից հարցում և ստանալ բանկի մահացած հաճախորդի վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները, որոնց հիման վրա էլ նոտարից տրված ժառանգության իրավունքի վկայագրով ժառանգը հնարավորություն է ունենում Օրենքի 12-րդ հոդվածի համաձայն ներկայացնել այդ վկայագիրը բանկ` վերջինիս կողմից ժառանգին որպես մահացած հաճախորդի իրավահաջորդ ընդունելու և ճանաչելու համար:

Հաշվի առնելով վերոգրյալը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը պաշտոնապես պարզաբանում է.

1. Օրենքի 12-րդ հոդվածի իմաստով ժառանգությունը հիմնավորող բավարար փաստաթուղթ է համարվում ժառանգության իրավունքի վկայագիրը, իսկ այն դեպքում, երբ ժառանգությունն ընդունվում է ժառանգված գույքը փաստացի տիրապետելու կամ կառավարելու միջոցով, ապա ժառանգությունը հիմնավորող բավարար փաստաթուղթ է համարվում ինչպես ժառանգության իրավունքի վկայագիրը, այնպես էլ դատարանի կողմից համապատասխան ժառանգի ժառանգման փաստի վերաբերյալ դատարանի վճիռը (որոշումը): Ընդ որում, ժառանգության իրավունքի վկայագիրը կամ դատարանի վճիռը (որոշումը) բանկի համար հիմք է ժառանգատուի վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների տրամադրման համար` անկախ այն հանգամանքից, թե տվյալ վկայագրում կամ վճռում (որոշման մեջ) նշված է ժառանգատուի ամբողջ կամ մի մասի գույքի կամ գույքային իրավունքների ժառանգման վերաբերյալ: Օրինակ` եթե անձը ժառանգել է ժառանգատուի միայն բնակարանը, որի վերաբերյալ անձը բանկին ներկայացնում է դրա վերաբերյալ ժառանգության իրավունքի վկայագիր կամ դատարանի վճիռ (որոշում), ապա դա հիմք է, որպեսզի բանկը տվյալ անձին տրամադրի ժառանգատուի բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները:

2. Ժառանգության բացման վայրի նոտարին բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների տրամադրումը չի համարվում բանկերի կողմից բանկային գաղտնիքի ապօրինի հրապարակում, եթե պահպանվել են հետևյալ բոլոր պայմանները միաժամանակ.

Ø բանկին դիմել է ժառանգության բացման վայրի նոտարը` ներկայացնելով գրություն` համաձայն սույն պարզաբանման Հավելված 1-ի,

Ø բանկը այդ գրությանը պատասխանել է` համաձայն սույն պարզաբանման Հավելված 2-ի,

Ø բանկը նոտարի պատասխանը տրամադրել է կամ ուղարկել է փակ ծրարով անմիջապես նոտարին, այլ ոչ նրա կողմից նշանակված այլ անձին (ներկայացուցչին):

 

ՀՀ կենտրոնական բանկի 
 նախագահ 

Ա. Ջավադյան


 2013 թ. դեկտեմբերի 18

Երևան

 

Ժառանգական գործին ընթացք տալու նպատակով

 

Նոտարի կողմից հնարավոր հարցման և հարցման պատասխանի ձևանմուշներ

 

 

Հավելված 1

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2013 թվականի դեկտեմբերի 10-ի

թիվ 5 պաշտոնական պարզաբանման

 

 

ամսաթիվ. ամիս. տարեթիվ

«Բանկի անվանումը»
-ին    

 

Ժառանգական գործին ընթացք տալու, ինչպես նաև ժառանգության զանգվածը պարզելու, համապատասխան գույքը ժառանգական զանգվածի մեջ ներառելու և այն պահպանելու նպատակներով խնդրում եմ ______ նոտարական տարածքի նոտար Պետրոս Պետրոսյանիս տրամադրել Պողոս Պողոսի Պողոսյանի (ծնված` 01.01.1950 թ., մահացած` 01.01.2000 թ., մահվան վկայական` 01010201, առկայության դեպքում լրացնել անձնագրի տվյալները և հասցեն) անվամբ «Բանկի անվանումը»-ում (այսուհետ` Բանկ) ունեցած ավանդներում, հաշիվներում գտնվող կամ ի պահ հանձնված` Պողոս Պողոսի Պողոսյանին պատկանող դրամի (արժույթի), արժութային ու այլ արժեքների վերաբերյալ տեղեկատվություն:

Սույնով հաստատում եմ, որ «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածով` ես կրում եմ բանկային գաղտնիք կազմող տեղեկատվությունը չհրապարակելու և այն բացառապես ժառանգներին տրամադրելու պարտականություններ, որոնց չպահպանման դեպքում վրա է հասնում օրենքով սահմանված պատասխանատվություն:

Հաստատում եմ նաև, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1189-րդ հոդվածի համաձայն` հանդիսանում եմ ժառանգության բացման վայրի նոտար:

Կից ներկայացնում եմ`

1. Պողոս Պողոսի Պողոսյանի մահվան վկայականի /կամ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի/ պատճենը,

 

Հարգանքով,

Նոտար`

 ___________

 ____________

 

ամսաթիվ. ամիս. տարեթիվ

   

 

 

Հավելված 2

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2013 թվականի դեկտեմբերի 10-ի

թիվ 5 պաշտոնական պարզաբանման

 

 

______ նոտարական տարածքի

 
  Նոտար` ______-ին

Ի պատասխան ______թ-ի թիվ ___ գրության

 

 

 

Հարգելի տիկին/պարոն _____

Դուք խնդրել եք Ձեզ տրամադրել Պողոս Պողոսի Պողոսյանի (ծնված` 01.01.1950 թ., մահացած` 01.01.2000 թ., մահվան վկայական` 01010201, առկայության դեպքում լրացնել անձնագրի տվյալները և հասցեն) անվամբ «Բանկի անվանումը»-ում (այսուհետ` Բանկ) ունեցած ավանդներում, հաշիվներում գտնվող կամ ի պահ հանձնված` Պողոս Պողոսի Պողոսյանին պատկանող դրամի (արժույթի), արժութային ու այլ արժեքների վերաբերյալ տեղեկատվություն:

Այդ կապակցությամբ հայտնում ենք Ձեզ, որ Պողոս Պողոսի Պողոսյանը Բանկում ունի _____:

 

Զգուշացնում ենք Ձեզ, որ «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների հրապարակումը այն անձի, կազմակերպության, պետական մարմնի կամ պաշտոնատար անձի կողմից, որին այդ տեղեկությունները վստահված են եղել, հայտնի են դարձել նրա ծառայության կամ աշխատանքի կապակցությամբ կամ տրամադրվել են սույն օրենքով սահմանված կարգով` արգելվում է:

 

Հարգանքով,

 

լրացնել պաշտոնը

Պետրոս Պետրոսյան
   

Կատարող` Անուն, Ազգանուն

(010) 00-00-00 (0000)