Գլխավոր տեղեկություն
Համար
N 55
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.01.2002-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.02.14/7(182) Հոդ.101
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
24.01.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.01.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
24.01.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.01.2002

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 24 հունվարի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 24 հունվարի 2002 թվականի N 55

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 13-Ի N 149 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի մարտի 13-ի «Հայաստանի Հանրապետության բնակավայրերի ջրամատակարարման և ջրահեռացման բնագավառի գործունեության բարելավման միջոցառումների մասին» N 149 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`

ա) որոշման 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Սահմանել, որ`

ա) Հայաստանի Հանրապետությունում ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունները, սույն որոշմամբ սահմանված ջրաչափերի տեղադրման ժամկետները լրանալուց հետո, բոլոր բաժանորդներին մատուցվում են միայն ջրաչափերի առկայության դեպքում.

բ) ջրաչափերը ձեռք են բերվում և սահմանված կարգով տեղադրվում են բաժանորդների միջոցների հաշվին:

Բյուջետային հիմնարկները նշված աշխատանքներն իրականացնում են այդ հիմնարկների պահպանման ծախսերի նախահաշիվներով սահմանված միջոցների հաշվին.

գ) ջրաչափերի տեղադրման աշխատանքները կարող են նաև իրականացվել ջրմուղ-կոյուղու ընկերությունների կողմից` իրենց միջոցների հաշվին, պայմանագրային հիմունքներով, ծախսերը փոխհատուցելու պայմանով:

Ջրաչափի տեղադրումն իր ներքին ցանցերին կարող է իրականացնել նաև բաժանորդը (բազմաբնակարան շենքի կառավարման մարմինը)` պահպանելով ջրմուղ-կոյուղու ընկերությունների կողմից տրված տեխնիկական պայմանների բոլոր պահանջները.

դ) ջրաչափերի տեղադրման ժամկետների ավարտը սահմանվում է`

բյուջետային հիմնարկների համար` մինչև 2002 թվականի դեկտեմբերի 31-ը,

իրավաբանական անձանց և այլ կազմակերպությունների համար` մինչև 2002 թվականի հունիսի 30-ը,

անհատական բնակելի տների բնակիչների համար` մինչև 2002 թվականի դեկտեմբերի 31-ը (Երևան քաղաքում` հունիսի 30-ը),

բազմաբնակարան շենքերի մուտքագծերում` մինչև 2003 թվականի դեկտեմբերի 31-ը, իսկ բազմաբնակարան շենքերի բնակիչների համար` մինչև 2005 թվականի դեկտեմբերի 31-ը,

ե) ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների դիմաց վարձավճարների հաշվարկները, սույն որոշման 4-րդ կետի «դ» ենթակետում սահմանված ժամկետները լրանալուց հետո, կատարվում են ջրաչափի ցուցմունքի և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված սակագների հիման վրա` Հայաստանի Հանրապետության ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերից օգտվելու կանոններով սահմանված կարգով: Մինչև ջրաչափերի տեղադրման ժամկետները լրանալը ջրաչափերը չտեղադրած իրավաբանական անձանց, այլ կազմակերպությունների և բյուջետային հիմնարկների համար ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների դիմաց վարձավճարները հաշվարկվում են ներանցման խողովակի թողունակության ջրաքանակով (ջրի շարժման 1,5 մ/վրկ արագությամբ և ջրամատակարարման փաստացի տևողությամբ), իսկ բնակիչների համար` կենտրոնացված ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերից օգտվելու դեպքում` մեկ անձին օրական 200 լ (Երևան քաղաքում` 250 լ), ընդհանուր օգտագործման ծորակներից օգտվելու դեպքում` 50 լ ջրաքանակով.

զ) մինչև ջրաչափերի տեղադրումը բնակիչ-բաժանորդներին մատուցված ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների դիմաց հասույթի հաշվարկման համար հիմք են հանդիսանում համապատասխան համայնքների, թաղապետարանների կամ այլ իրավասու մարմինների կողմից տրված տեղեկանքները` բնակարաններում բնակվող անձանց թվի մասին:

Բազմաբնակարան շենքերի ջրաչափեր չունեցող բնակարանների բնակիչներից յուրաքանչյուրի համար օգտագործված ջրաքանակը հաշվարկվում է շենքի մուտքագծի վրա տեղադրված ջրաչափի ցուցմունքից հանելով ջրաչափերով սարքավորված բնակարանների ջրաչափերի գումարային ցուցմունքը և տարբերությունը բաժանելով մյուս բնակարանների բնակիչների ընդհանուր թվի վրա:

Ընդհանուր օգտագործման ծորակներով ջրամատակարարվող բնակիչներից յուրաքանչյուրի համար օգտագործված ջրաքանակը հաշվարկվում է ծորակի վրա տեղադրված ջրաչափի ցուցմունքը բաժանելով ջրից օգտվող բնակիչների թվի վրա:

Այն բնակավայրերում (բացի Երևան քաղաքից), որտեղ չկան մակերևութային անհրաժեշտ ջրային աղբյուրներ, բայց կան խմելու որակի ջրերի բավարար պաշարներ, տեխնիկական հնարավորությունների առկայության դեպքում մինչև ջրաչափերի տեղադրումը պայմանագրային հիմունքներով խմելու ջուրը ոռոգման նպատակով կարող է օգտագործվել հետևյալ պայմաններով`

ա) ոռոգման համակարգի բացակայության պարագայում տնամերձ հողամասերը (այգիները), այլ հողատարածքները խմելու ջրով ոռոգելու դեպքում լրացուցիչ հաշվարկվում է հողամասի (այգու) ոռոգման վարձ, տվյալ տարածքում գործող ոռոգման ջրի սակագնով (հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետությունում գործող ոռոգման ժամանակավոր նորմաները` 1 հա տարածքը ջրելու համար սեզոնում միջին հաշվով 7000 խոր. մետր ջրաքանակ).

բ) ոռոգման համակարգի առկայության դեպքում վարձավճարները հաշվարկվում են ոռոգման ժամանակավոր նորմաներով սահմանված միջին ջրաքանակի և տվյալ բնակավայրի համար հաստատված խմելու ջրի մանրածախ սակագնի կիրառումով: Տնամերձ հողամասերի տարածքի վերաբերյալ հիմք է ընդունվում հողի սեփականության կամ ժամանակավոր օգտագործման վկայականը, իսկ դրա բացակայության դեպքում` համայնքի (թաղապետարանի) իրավասու մարմինների կողմից տրված տեղեկանքը: Ջրովի տարածքը հաշվարկելիս ընդհանուր հողատարածքից հանվում է շենքերի (կառույցների) զբաղեցրած տարածքը (միջին հաշվով 200 քառ. մետր):

Սահմանել, որ տեխնիկական հնարավորությունների բացակայության դեպքում նոր բաժանորդներին ցանցին միացնելու կամ տրվող ջրաքանակն ավելացնելու համար գործող ջրատարների վերակառուցումը և հզորությունների ավելացումն իրականացվում է բաժանորդների միջոցների հաշվին` ջրամատակարարման ու ջրահեռացման շահագործման կազմակերպություների կողմից տրված տեխնիկական պայմաններին համապատասխան, և իրենց համաձայնությամբ կարող են հանձնվել շահագործման այդ կազմակերպություններին, եթե կառուցված գծերն սպասարկում են նաև այլ բաժանորդների.

գ) ջրմուղ-կոյուղու ընկերությունների հետ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված պայմանագրերի հիման վրա ջրամատակարարման և ջրահեռացման ծառայություններ կարող են մատուցվել նաև հավատարմագրային կառավարիչները:

Բազմաբնակարան շենքերում ջրմուղ-կոյուղու ընկերությունները ջրամատակարարման և ջրահեռացման ծառայություններ օրենքով սահմանված կարգով կարող են մատուցել համատիրությունների, բազմաբնակարան շենքի կառավարման և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ մարմինների միջոցով».

բ) որոշման 8-րդ կետում «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը` մինչև 1999 թվականի ապրիլի 1-ը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և օպերատիվ հարցերի նախարարի հետ համատեղ» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեին` մինչև 2002 թվականի ապրիլի 1-ը» բառերով.

գ) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 14.1 -րդ կետով.

«14.1 . Հայաստանի Հանրապետության մարզպետներին, Երևանի քաղաքապետին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեին`

ա) կազմակերպել և մինչև 2003 թվականի դեկտեմբերի 31-ը ավարտել բազմաբնակարան շենքերի մուտքագծերում ջրաչափերի տեղադրման աշխատանքները.

բ) կազմակերպել և մինչև 2002 թվականի դեկտեմբերի 31-ը ավարտել ընդհանուր օգտագործման ջրածորակների ջրաչափերի տեղադրման աշխատանքները».

դ) որոշման և որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերից օգտվելու կանոնների տեքստերում «աբոնենտ» բառն ըստ հոլովառության համապատասխանաբար փոխարինել «բաժանորդ» բառով.

ե) որոշմամբ հաստատված` ջրամատակարարման և ջրահեռացման օրինակելի պայմանագրի (քաղաքացիների համար)`

3.2-րդ կետում «ընկերության հայտնաբերած անսարքության կամ կապարակնիքների խախտման դեպքում» բառերը փոխարինել «բաժանորդի միջամտությամբ ջրաչափական հանգույցների և ջրաչափերի անսարքության կամ կապարակնիքների խախտման դեպքում» բառերով և կետը լրացնել «իսկ բաժանորդի միջամտության բացակայության դեպքում` նախորդ 3 հաշվարկային ամսվա ընթացքում ծախսված ջրի միջին քանակով» բառերով,

5-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5.1-ին կետով.

«5.1. Բաժանորդը (բացի Երևան քաղաքից) խմելու ջուրն օգտագործում է նաև իր առանձնատան, հողամասի ____ քառ. մետր ընդհանուր տարածքը ոռոգելու համար, որի դիմաց 1 քառ. մետրի համար ոռոգման սեզոնում գանձվում է _____ դրամ, ընդամենը` _____ դրամ, յուրաքանչյուր ամիս հավասարաչափ` ______ դրամ»:

(Ենթակետը լրացվում է անհրաժեշտության դեպքում).

զ) որոշմամբ հաստատված` ջրամատակարարման և ջրահեռացման օրինակելի պայմանագրում (իրավաբանական անձանց համար)` «իրավաբանական անձանց» բառերը փոխարինել «կազմակերպությունների» բառով.

3.2-րդ կետում «ընկերության հայտնաբերած անսարքության կամ կապարակնիքների խախտման դեպքում» բառերը փոխարինել «բաժանորդի միջամտությամբ ջրաչափական հանգույցների և ջրաչափերի անսարքության կամ կապարակնիքների խախտման դեպքում» բառերով և կետը լրացնել «իսկ բաժանորդի միջամտության բացակայության դեպքում` նախորդ 3 հաշվարկային ամսվա ընթացքում ծախսված ջրի միջին քանակով» բառերով,

6.3-րդ կետում «տասնապատիկի» բառը փոխարինել «կրկնապատիկի» բառով.

է) որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերից օգտվելու կանոններում`

6-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Առանձին համակարգերում (բացի Երևան քաղաքից), տեխնիկական հնարավորությունների առկայության դեպքում, պայմանագրային հիմունքներով խմելու ջուրը կարող է օգտագործվել ոռոգման նպատակներով` սույն կետի առաջին պարբերությունում նշված կարիքները բավարարելուց հետո»,

12-րդ կետում «այլ աբոնենտի» բառերը փոխարինել «իրավաբանական կամ ֆիզիկական այլ անձի» բառերով և կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Բաժանորդի պահանջով նրա և ենթաբաժանորդի միջև կնքվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված պայմանագիր»,

15-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` երկրորդ և երրորդ պարբերություններով.

«Ջրաչափերի բացակայության պայմաններում`

ա) տվյալ բնակավայրում (բացի Երևան քաղաքից) ոռոգման համակարգի բացակայության դեպքում` ոռոգման նպատակով սահմանված կարգով տրամադրված խմելու ջրի վարձավճարները հաշվարկվում են տվյալ տարածքում գործող ոռոգման ջրի սակագնով (հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետությունում գործող ոռոգման նորմաները` մեկ հեկտար տարածքը ջրելու համար` սեզոնում միջին հաշվով 7000 խոր. մետր ջրաքանակ).

բ) տվյալ բնակավայրում (բացի Երևան քաղաքից) ոռոգման համակարգի առկայության դեպքում` ոռոգման նպատակով սահմանված կարգով տրամադրված խմելու ջրի վարձավճարները հաշվարկվում են ոռոգման նորմաներով սահմանված միջին ջրաքանակի և տվյալ բնակավայրի համար հաստատված խմելու ջրի մանրածախ սակագնի կիրառմամբ: Տնամերձ հողամասերի տարածքի վերաբերյալ տվյալների համար հիմք է ընդունվում հողի սեփականության կամ ժամանակավոր օգտագործման վկայականը, իսկ դրա բացակայության դեպքում` համայնքի (թաղապետարանի) իրավասու մարմինների կողմից տրված տեղեկանքը: Ջրովի տարածքը հաշվարկելիս ընդհանուր հողատարածքից հանվում է շենքերի (կառույցների) զբաղեցրած տարածքը (միջին հաշվով 200 քառ. մետր):

Տեխնիկական հնարավորությունների բացակայության դեպքում նոր բաժանորդներին ցանցին միացնելու կամ տրվող ջրաքանակն ավելացնելու համար գործող ջրատարների վերակառուցումը և հզորությունների ավելացումն իրականացվում է բաժանորդների միջոցների հաշվին` ջրամատակարարման և ջրահեռացման շահագործման կազմակերպությունների կողմից տրված տեխնիկական պայմաններին համապատասխան, և իրենց համաձայնությամբ կարող են հանձնվել շահագործման այդ կազմակերպություններին, եթե կառուցված գծերը սպասարկում են նաև այլ բաժանորդների»,

48-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«48. Բաժանորդի ներքին ցանցերին միացած ենթաբաժանորդների, ժամանակավոր բաժանորդների ջրացանցերի ջրաչափերը (ենթաջրաչափ) տեղադրվում և շահագործվում են բաժանորդների հետ կնքված պայմանագրով նախատեսված կարգով»,

58-րդ կետի 2-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Բաժանորդի միջամտությամբ ջրաչափական հանգույցների կամ ջրաչափերի անսարքության կամ կապարակնիքների խախտման դեպքում մատակարարված ջրի քանակը բոլոր բաժանորդների համար հաշվարկվում է ներանցման խողովակի թողունակությամբ` ջրի շարժման 1,5 մ/վրկ արագության և ջրամատակարարման փաստացի տևողության հաշվառմամբ, հաշված վերջին փոխադարձ հաշվարկների օրվանից մինչև խախտման վերացումը, իսկ դրանց միջամտության բացակայության դեպքում` նախորդ 3 հաշվարկային ամսվա ընթացքում ծախսված ջրի միջին քանակով»,

65-րդ կետում «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի» բառերով.

72-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«72. Բաժանորդը ջրօգտագործման և ջրահեռացման վարձը վճարում է բանկային համակարգի կամ փոստի միջոցով` պայմանագրով սահմանված կարգով»,

84-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա) բնակավայրերի ջրամատակարարման ժամանակացույցերը համաձայնեցնել համայնքների ղեկավարների և պետական հիգիենիկ ու հակահամաճարակային ծառայությունների հետ և ապահովել բաժանորդներին պայմանագրերում նշված քանակի և որակի խմելու ջրով: Յուրաքանչյուր ամսվա վերջում համայնքների ղեկավարների կամ նրանց կողմից լիազորված անձանց հետ կազմել տեղեկանք ջրամատակարարման ժամանակացույցերի ապահովման փաստացի տևողության վերաբերյալ»,

84-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ժ» ենթակետով.

«ժ) սույն կանոններով սահմանված կարգով (պայմաններով) ջրամատակարարման և ջրահեռացման պայմանագիր կնքելուց հրաժարվելու կամ վարձավճարները երկու ամսից ավելի չվճարելու դեպքում դադարեցնել այդ բաժանորդների ջրամատակարարումը և ջրահեռացումը, եթե տեխնիկապես հնարավոր է կատարել անհատական անջատումներ»,

94-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«94. Ջրամատակարարման և ջրահեռացման ցանցերը, կառուցվածքներն ու սարքերը վնասելու, ջրաչափի և շրջանցող գծի փականի վրա դրված կապարակնիքները խախտելու համար, ինչպես նաև ՋՋՇ կազմակերպության Ջ և Ջ համակարգերին ինքնակամ միացումներ կատարած անձինք պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով»,

կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 96-րդ կետով.

«96. Կանոնների 84-րդ կետի «ժ» ենթակետի համաձայն ջրամատակարարման դադարեցման դեպքում բաժանորդի ջրամատակարարումը վերականգնվում է պարտքը, հաշվարկված տույժը և ջրամատակարարման դադարեցման ու վերականգնման համար ջրամատակարարի կատարած ծախսերը փոխհատուցելուց հետո 1 օրվա ընթացքում»:

2. Ուժը կորցրած ճանաչել որոշման 5-րդ և 6-րդ կետերը:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեին` երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն ընտանեկան նպաստների համակարգում ընդգրկված ընտանիքներին ջրաչափերով ապահովելու վերաբերյալ:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի հունվարի 24-ից:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ա. Մարգարյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան