Համաձայնեցված է ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ նախարար
_________________ Վ. Գաբրիելյան
2 մարտի 2012 թ. |
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ
_________________ Գ. Խաչատրյան
1 մարտի 2012 թ. |
Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ
«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 8-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 5-ՐԴ ԿԵՏԻ ԿԻՐԱՌՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 8-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն, կոմիսիոների կամ գործակալի անունից հանդես գալու պայման նախատեսող գործակալության պայմանագրերի դեպքերում (բացառությամբ նույն կետով նախատեսված դեպքի) կոմիսիոների կամ գործակալի մոտ ավելացված արժեքի հարկով հարկվող շրջանառություն է համարվում կոմիսիայի կամ գործակալության պայմանագրի հիման վրա մատակարարված ապրանքի կամ մատուցված ծառայության ընդհանուր արժեքը (առանց ավելացված արժեքի հարկի), իսկ կոմիտենտի կամ պրինցիպալի համար ավելացված արժեքի հարկով հարկվող շրջանառություն է համարվում հանձնարարության կամ գործակալության պայմանագրի հիման վրա մատակարարված ապրանքի կամ մատուցված ծառայության արժեքի (առանց ավելացված արժեքի հարկի) և համապատասխանաբար` կոմիսիոների կամ գործակալի հասանելիք գումարի (առանց ավելացված արժեքի հարկի) տարբերությունը:
Օրենքի 15-րդ հոդվածի համաձայն, ավելացված արժեքի հարկից ազատելը հարկվող շրջանառության նկատմամբ այն չհաշվարկելն է:
Օրենքի 31-րդ հոդվածի ընդհանուր կանոնի համաձայն, ավելացված արժեքի հարկ վճարողների կողմից հարկվող գործարքների (գործառնությունների) իրականացման դեպքում ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման գործարքների հետ կապված հարկային պարտավորության (ավելացված արժեքի հարկի հաշվարկման) ծագման պահ է համարվում այն պահը, երբ ապրանքները առաքվել կամ հանձնվել են գնորդներին կամ ծառայությունները մատուցվել են պատվիրատուներին:
Օրենքի վերոնշյալ դրույթների կիրառության հստակեցման նպատակով, ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասով` պաշտոնապես պարզաբանում եմ.
1) կոմիսիայի կամ գործակալի անունից հանդես գալու պայման նախատեսող գործակալության պայմանագրերի դեպքերում ինչպես կոմիսիոների կամ գործակալի, այնպես էլ կոմիտենտի կամ պրինցիպալի համար ավելացված արժեքի հարկի գծով հարկային պարտավորության ծագման պահը որոշվում է վաճառքի համար նախատեսված ապրանքները կոմիսիոների կամ գործակալի կողմից գնորդներին առաքվելու կամ հանձնվելու կամ ծառայությունները պատվիրատուներին մատուցվելու պահով.
2) որպես կանոն` կոմիտենտը, հանձնարարողը կամ պրինցիպալը համապատասխանաբար կոմիսիոների, հանձնակատարի կամ գործակալի կողմից իրականացված գործարքի վերաբերյալ տեղեկացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 785-րդ, 800-րդ կամ 809-րդ հոդվածների համաձայն կոմիսիոների, հանձնակատարի կամ գործակալի կողմից ներկայացվող հաշվետվության միջոցով: Հաշվետու ժամանակաշրջանում կոմիտենտի, հանձնարարողի կամ պրինցիպալի հարկվող շրջանառությունների և ավելացված արժեքի հարկի գծով պարտավորությունների` օրենքով սահմանված ժամկետում արձանագրումն ապահովելու նկատառումով կոմիսիոների, հանձնակատարի կամ գործակալի կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով նախատեսված հաշվետվությունները պետք է ներկայացվեն` հաշվի առնելով այն հանգամանքը, որ դրանց չներկայացումը հիմք չի կարող հանդիսանալ կոմիտենտի, հանձնարարողի կամ պրինցիպալի` ավելացված արժեքի հարկի գծով հարկային պարտավորությունները օրենքով սահմանված ժամկետում չարձանագրվելու (պարտավորության առաջացման պահը տարաժամկետելու) համար.
3) հաշվի առնելով այն հանգամանքը, որ կապի կամ հեռահաղորդակցության ոլորտի օպերատոր համարվող հանձնարարողի կամ պրինցիպալի կողմից թողարկված լիցքավորման քարտերը համարվում են ոչ թե ապրանքներ, այլ կապի կամ հեռահաղորդակցության որոշակի տեսակից օգտվելու իրավունքի համար կանխավճար պարունակող կրիչներ, իսկ այդ քարտերն իրացնող հանձնակատարները կամ պրինցիպալի անունից հանդես եկող գործակալները այդ քարտերի իրացմամբ գնորդներին կապի կամ հեռահաղորդակցության ծառայություններ չեն մատուցում` հանձնակատարի կամ գործակալի համար ավելացված արժեքի հարկով հարկվող շրջանառություն է համարվում հանձնակատարին կամ գործակալին հասանելիք գումարը (առանց ավելացված արժեքի հարկի).
4) եթե կոմիսիայի կամ գործակալի անունից հանդես գալու պայման նախատեսող գործակալության պայմանագրերի շրջանակներում կոմիտենտը կամ պրինցիպալը համարվում են ավելացված արժեքի հարկ վճարողներ, իսկ կոմիսիոները կամ գործակալը չեն համարվում ավելացված արժեքի հարկ վճարողներ, կամ նրանց կողմից իրականացվող` ապրանքների մատակարարման և (կամ) ծառայությունների մատուցման գործարքները ենթակա չեն ավելացված արժեքի հարկով հարկման (ավելացված արժեքի հարկով հարկման օբյեկտ չեն համարվում կամ ազատված են ավելացված արժեքի հարկից), ապա`
ա. կոմիսիոների կամ գործակալի կողմից դուրս են գրվում հարկային հաշիվ չհամարվող այլ հաշվարկային փաստաթղթեր, որտեղ որպես գործարքի գին` նշվում է կոմիտենտի կամ պրինցիպալի հարկվող շրջանառության, դրա նկատմամբ հաշվարկվող ավելացված արժեքի հարկի և կոմիսիոներին կամ գործակալին հասանելիք գումարի հանրագումարը,
բ. կոմիտենտի կամ պրինցիպալի համար ավելացված արժեքի հարկի գծով հարկային պարտավորությունը որոշվում է կոմիսիայի կամ գործակալության պայմանագրի հիման վրա մատակարարված ապրանքի կամ մատուցված ծառայության արժեքի և համապատասխանաբար` կոմիսիոներին կամ գործակալին հասանելիք գումարի տարբերության նկատմամբ 16.67 տոկոս հաշվարկային դրույքաչափով հաշվարկված գումարի չափով.
5) եթե կոմիսիայի կամ գործակալի անունից հանդես գալու պայման նախատեսող գործակալության պայմանագրերի շրջանակներում ինչպես կոմիտենտը կամ պրինցիպալը, այնպես էլ կոմիսիոները կամ գործակալը չեն համարվում ավելացված արժեքի հարկ վճարողներ կամ համարվում են ավելացված արժեքի հարկ վճարողներ, սակայն նրանց կողմից իրականացվող` ապրանքների մատակարարման և (կամ) ծառայությունների մատուցման գործարքները ենթակա չեն ավելացված արժեքի հարկով հարկման (ավելացված արժեքի հարկով հարկման օբյեկտ չեն համարվում կամ ազատված են ավելացված արժեքի հարկից), ապա ավելացված արժեքի հարկով չհարկվող գործարքների համար (այդ թվում` կոմիսիոներին կամ գործակալին հասանելիք գումարի մասով) ինչպես կոմիտենտի կամ պրինցիպալի, այնպես էլ կոմիսիոների կամ գործակալի կողմից դուրս են գրվում օրենքով սահմանված կարգով հարկային հաշիվ չհամարվող այլ հաշվարկային փաստաթղթեր.
6) հանձնարարության կամ պրինցիպալի անունից հանդես գալու պայման նախատեսող գործակալության պայմանագրերի շրջանակներում ապրանքների (այդ թվում` հրատարակությունների) մատակարարման ու ծառայությունների մատուցման գործարքների դեպքում Օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն, հանձնակատարի կամ գործակալի համար ավելացված արժեքի հարկով հարկվող շրջանառություն է համարվում հանձնակատարին կամ գործակալին հասանելիք գումարը (վարձատրության և հանձնակատարի կամ գործակալի կողմից իր անունով կատարած ծախսերի դիմաց որպես փոխհատուցում վճարվող գումարը` առանց ԱԱՀ-ի).
«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (06.12.2011թ., ՀՕ-334-Ն) ընդունմամբ հանձնարարության կամ պրինցիպալի անունից հանդես գալու պայման նախատեսող գործակալության պայմանագրերի հիման վրա կնքվող գործարքների մասով գործակալի կամ հանձնակատարի վարձատրությունը որպես հարկվող շրջանառություն դիտարկելու առումով 2003 թվականի հունվարի 1-ից, ըստ էության, փոփոխություն չի կատարվել.
(6-րդ կետը խմբ. 30.06.14 N 1)
7) կոմիսիայի կամ գործակալի անունից հանդես գալու պայման նախատեսող գործակալության պայմանագրերի շրջանակներում ապրանքների մատակարարման ու ծառայությունների մատուցման գործարքների` ավելացված արժեքի հարկով հարկվող շրջանառությունների որոշման` Օրենքով սահմանված կանոնները կիրառվում են 2012 թվականի հունվարի 1-ից հետո կոմիսիայի կամ գործակալի անունից հանդես գալու պայման նախատեսող գործակալության հիմունքներով կոմիսիոների կամ գործակալի կողմից ապրանքների մատակարարման կամ ծառայությունների մատուցման գործարքների նկատմամբ:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
30.06.2014, N 1 | 30.06.2014, N 12 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|