Գլխավոր տեղեկություն
Համար
N 93
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.02.2002-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.03.07/9(184) Հոդ.125
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
02.02.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.02.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
02.02.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.02.2002

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
2 փետրվարի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2 փետրվարի 2002 թվականի N 93
քաղ. Երևան

ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԵՐԸ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 56-րդ և 57-րդ հոդվածների պահանջների կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել համայնքների վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողերը համայնքներին սեփականության իրավունքով անհատույց փոխանցելու կարգը (կցվում է):

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին՝ երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության մարզպետների հետ համատեղ կազմել համապատասխան համայնքներին սեփականության իրավունքով անհատույց փոխանցվող հողերն առանձնացնելու և դրանց հատակագծման (քարտեզագրման) աշխատանքներն իրականացնելու, նախապատրաստված փաստաթղթերը համաձայնեցնելու և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելու ժամանակացույցը։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի փետրվարի 2-ից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2002 թվականի
փետրվարի 2 -ի N 93 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

համայնքների վարչական սահմաններում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող հողերը համայնքներին սեփականության իրավունքով անհատույց փոխանցելու

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն կարգով սահմանվում է համայնքների վարչական սահմաններում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող հողերն առանձնացնելու, դրանց հատակագծերը կազմելու (քարտեզագրելու), պետական մարմինների հետ համաձայնեցնելու և համայնքներին սեփականության իրավունքով անհատույց փոխանցելու կարգը:

2. Սույն կարգով նախատեսված աշխատանքների իրականացման համար որպես քարտեզագրական հիմք են ծառայում 1:1000, 1:2000, 1:5000 մասշտաբների կադաստրային քարտեզները, իսկ դրանց բացակայության դեպքում՝ համայնքների հողաշինարարական հատակագծերը կամ տեղագրական հանույթները:

3. Սույն կարգով նախատեսված աշխատանքները Հայաստանի Հանրապետության մարզպետների հետ համատեղ կազմած ժամանակացույցին համապատասխան իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

 

II. Հողամասերի առանձնացման, դրանց հատակագծերի նախապատրաստման եվ համայնքներին փոխանցման կարգը

 

4. Մինչև համայնքներին սեփականության իրավունքով անհատույց փոխանցվող հողերի առանձնացումը համայնքների կադաստրային քարտեզների (հողաշինարարական հատակագծերի, տեղագրական հանույթների) վրա առանձնացվում են պետական պահուստային հողերի, ինչպես նաև քաղաքացիներին և իրավաբանական անձանց, միջազգային կազմակերպություններին սեփականության իրավունքով պատկանող հողամասերի ընդհանրացված սահմանները։

5. Սույն կարգի 4-րդ կետում նշված աշխատանքներն իրականացնելուց հետո Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն նախապատրաստված քարտեզագրական նյութերը ներկայացնում է հողային պաշարների կառավարման լիազորված պետական մարմիններ:

6. Հողային պաշարների կառավարման լիազորված պետական մարմինները քարտեզագրական նյութերն ստանալուց հետո 30-օրյա ժամկետում դրանց վրա առանձնացնում են այն հողամասերը, որոնք մնալու են որպես պետական սեփականություն՝ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի 2-րդ, 4-րդ, 8-րդ, 9-րդ, 11-րդ, 12-րդ կետերով սահմանված, 13-րդ կետով սահմանված հատուկ նշանակության հողերը, ինչպես նաև նույն հոդվածի 1-ին, 3-րդ, 5-րդ, 7րդ, 13-րդ կետերով սահմանված և պետական պահուստային այն հողերը, որոնք անհրաժեշտ են համապետական ու տարածքային նպատակային ծրագրերի իրականացման համար՝ կազմելով համապատասխան հողամասերի անվանացանկերն ըստ նպատակային նշանակության և հողատեսքերի:

7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն՝ հողային պաշարների կառավարման լիազորված պետական մարմիններից քարտեզագրական նյութերն ստանալուց հետո դրանց վրա առանձնացնում է համայնքներին սեփականության իրավունքով անհատույց փոխանցվող՝

ա) պետական պահուստային հողերը.

բ) Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին, 3-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 13-րդ կետերով սահմանված հողերը.

գ) «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածով սահմանված՝ համայնքային սեփականություն հանդիսացող շենքերի ու շինությունների պահպանման ու սպասարկման համար անհրաժեշտ հողատարածքները:

Նշված աշխատանքների կատարումից հետո կազմվում է նաև համայնքին սեփականության իրավունքով անհատույց փոխանցվող հողերի անվանացանկը:

8. Համայնքներին սեփականության իրավունքով անհատույց փոխանցվող հողերի համար կազմված քարտեզագրական նյութերը և հողամասերի անվանացանկերը մինչև Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելը համաձայնեցվում են իրավասու պետական կառավարման մարմինների և համապատասխան մարզպետի հետ:

Իրավասու պետական կառավարման մարմինների կամ մարզպետների հատուկ կարծիքի դեպքում դրանք ներկայացվում են լրացուցիչ։

9. Սույն կարգի 6-րդ և 7-րդ կետերում նշված անվանացանկերի ձևանմուշներին, ինչպես նաև քարտեզագրական նյութերին ներկայացվող պահանջները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն:

 

III. Եզրափակիչ դրույթներ

 

10. Համայնքներին սեփականության իրավունքով անհատույց փոխանցվող հողերը կարող են քաղաքացիներին և իրավաբանական անձանց օտարվել կամ օգտագործման տրամադրվել բացառապես Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի «Պետական սեփականություն հանդիսացող հողամասերն օտարելու և օգտագործման տրամադրելու կարգը հաստատելու մասին» N 286 որոշմամբ սահմանված կարգով:

11. Սույն կարգի դրույթները չեն տարածվում Երևանի թաղային համայնքների վրա:

12. Սույն կարգին համապատասխան կազմված քարտեզագրական նյութերը հանդիսանում են ելակետային փաստաթղթեր հողաշինարարական և քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման համար։

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան