Գլխավոր տեղեկություն
Համար
N 1267
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.01.2002-05.12.2002)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.05.18/29(401) Հոդ.40
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.12.2001
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.12.2001
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
27.12.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.01.2002
Ուժը կորցնելու ամսաթիվ
30.08.2008

040.1267.27.12.01

 

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

27 դեկտեմբերի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 դեկտեմբերի 2001 թվականի N 1267

քաղ. Երևան

 

ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ, ԳՆՈՒՄՆԵՐԻ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ, ՆԱԽՆԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ԳՆՈՒՄՆԵՐԻ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏՈՒԳՄԱՆ ԿԱՐԳԸ, ՄԵԿ ԱՂԲՅՈՒՐԻՑ ԳՆՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՁԵՎՈՎ՝ ԳՆԱՆՇՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 572 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ, 17-րդ, 18-րդ 19-րդ, 23-րդ, 32-րդ ու 44-րդ հոդվածների և գնումների համակարգի ներդրման ու գնումների հետ կապված հարաբերությունները կարգավորող այլ իրավական ակտերի կիրառման նախորդ մեկ տարվա արդյունքների ուսումնասիրման և վերլուծության հիման վրա, ինչպես նաև գնումների գործընթացի կազմակերպման արդյունավետության բարձրացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել՝

ա) մրցույթի հանձնաժողովների կազմավորման և գործունեության կարգը (կցվում է).

բ) գնումների բնութագրերի հաստատման, նախնական հսկողության և ֆինանսավորման կարգը (կցվում է).

գ) գնումների ընթացակարգերի արձանագրությունների ստուգման կարգը (կցվում է).

դ) մեկ աղբյուրից գնումներ կատարելու ձևով՝ գնանշման միջոցով գնումների իրականացման կարգը (կցվում է).

ե) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գնումների գործակալության գործունեության կարգը (կցվում է):

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի սեպտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գնումների գործակալության կանոնադրությունը հաստատելու մասին» N 572 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը՝

որոշմամբ հաստատված կանոնադրության 12-րդ կետի «ե» ենթակետը «ընտրում և» բառերից հետո լրացնել «ժամկետային» բառով:

3. Ուժը կորցրած ճանաչել՝

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի օգոստոսի 31-ի «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող առաջնահերթ միջոցառումների մասին» N 531 որոշման 4-րդ կետը.

բ) Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի սեպտեմբերի 13-ի «Գնումների մասին տեղեկությունների հրապարակման և գնումների բնութագրերի հաստատման և նախնական հսկողության կարգերը հաստատելու մասին» N 556 որոշման 1-ին կետի «բ» ենթակետը:

4. Նախքան սույն որոշումն ուժի մեջ մտնելն սկսված և դեռևս չավարտված գնումների հետ կապված հարաբերությունները կարգավորվում են այդ գնումների գործընթացն սկսվելու պահին գործող գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և դրա հիման վրա ընդունված գերատեսչական նորմատիվ իրավական ակտերով:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2001 թվականի
դեկտեմբերի 27-ի N 1267 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

մրցույթի հանձնաժողովների կազմավորման ԵՎ գործունեության

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն կարգով սահմանվում է մրցույթի հանձնաժողովների (այսուհետև՝ հանձնաժողով) կազմավորման և գործունեության կարգը։

2. Գնման ընթացակարգի առանձնահատկություններով պայմանավորված՝ այլ իրավական ակտերով կարող են սահմանվել հանձնաժողովի կազմավորման և գործունեության հետ կապված՝ սույն կարգով չնախատեսված նորմեր:

 

II. Մրցույթի հանձնաժողովների կազմավորումը

 

3. Մրցույթով գնում կատարելու նպատակով գնման առարկայի տեխնիկական բնութագիրը, գնման և վճարման ժամանակացույցերը (այսուհետև՝ գնման հայտ) հաստատվելուց հետո պատվիրատուի ղեկավարի հրամանով կազմավորվում է առնվազն 5, բայց ոչ ավելի, քան 8 անդամից կազմված հանձնաժողով։

Կենտրոնացված գնումների՝ բաց մրցույթի դեպքում հանձնաժողովը կազմավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գնումների գործակալության (այսուհետև՝ գործակալություն) ղեկավարի հրամանով՝ հանձնաժողովում ընդգրկելու նպատակով թեկնածուներ ներկայացրած պետական մարմինների (այսուհետև՝ պետական մարմին) գրավոր առաջարկների հիման վրա։ Թեկնածուները գործակալություն են ներկայացվում պետական մարմնի կողմից ներկայացվող գնման հայտի հետ միասին: Պետական մարմինը յուրաքանչյուր գնման հայտի հետ միասին գործակալություն է ներկայացնում 3 թեկնածու և նշում հանձնաժողովում այդ անձանց ընդգրկման առաջնահերթությունը: Պետական մարմնի կողմից ներկայացված թեկնածուները պետք է ունենան մրցույթի մասնակիցների առաջարկները տեխնիկապես գնահատելու համար պահանջվող մասնագիտական կարողություն:

4. Բաց մրցույթի դեպքում հանձնաժողովի անդամներն են`

ա) 3 և պակաս պետական մարմնի կարիքների համար գնում կատարելու դեպքում գործակալության և այդ մրցույթն անցկացնելու նպատակով գնման հայտ ներկայացրած յուրաքանչյուր պետական մարմնի հավասար թվով ներկայացուցիչներ.

բ) 4 և ավելի պետական մարմնի կարիքների համար գնում կատարելու դեպքում՝

գործակալության ներկայացուցիչը,

այն պետական մարմինների մեկական ներկայացուցիչները, որոնց կարիքների համար գնվող ապրանքները, աշխատանքները կամ ծառայությունները տվյալ գնման մեջ ունեն մեծ տեսակարար կշիռ։

5. Փակ մրցույթի դեպքում հանձնաժողովի անդամներն են պատվիրատուի՝

ա) ղեկավարը կամ նրա տեղակալը (հանձնաժողովի նախագահ).

բ) իրավաբանական ծառայության ղեկավարը կամ ներկայացուցիչը.

գ) ֆինանսատնտեսական ծառայության ղեկավարը կամ ներկայացուցիչը.

դ) այլ անձինք՝ պատվիրատուի ղեկավարի հայեցողությամբ։

6. Հանձնաժողովի կազմավորման մասին հրամանով նշանակվում է հանձնաժողովի քարտուղար (այսուհետև՝ քարտուղար): Հանձնաժողովի աշխատանքներին խորհրդատվական ձայնի իրավունքով կարող են մասնակցել այլ անձինք (այսուհետև` խորհրդատու)՝ գործակալության և (կամ) պետական մարմնի (մարմինների) ներկայացմամբ։

 

III. Հանձնաժողովի գործունեությունը

 

7. Հանձնաժողովի գործունեությունն իրականացվում է նիստերի միջոցով, կոլեգիալության սկզբունքով։ Եթե սույն կարգով այլ բան նախատեսված չէ, հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա են հանձնաժողովի անդամների առնվազն երեք քառորդը, և հանձնաժողովի որոշումը համարվում է ընդունված, եթե դրա օգտին քվեարկել է հանձնաժողովի նիստին ներկա անդամների կեսից ավելին: Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք և քվեարկում է կողմ կամ դեմ: Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի, իսկ նրա բացակայության դեպքում նիստը նախագահողի (այսուհետև՝ նիստը վարող) ձայնը վճռորոշ է։

8. Հանձնաժողովի նիստերն արձանագրվում են, և յուրաքանչյուր նիստի արդյունքում հանձնաժողովը հաստատում է այդ նիստի արձանագրությունը: Արձանագրությունը գնման ընթացակարգի մասին արձանագրության անբաժանելի մասն է: Արձանագրությունը պետք է պարունակի նաև տեղեկություններ հանձնաժողովի հաջորդ նիստի անցկացման օրվա, ժամի և վայրի մասին: Հանձնաժողովի նիստին ներկա անդամները պարտադիր կարգով ստորագրում են հանձնաժողովի որոշումները և (կամ) հանձնաժողովի կողմից հաստատվող այլ փաստաթղթերը:

9. Բաց մրցույթի հանձնաժողովի նիստը, այդ թվում՝ հատուկ նիստն իրավազոր չլինելու դեպքում դրա մասին հայտնի դառնալու պահին քարտուղարը գրավոր զեկուցում է գործակալության ղեկավարին, որը հետևյալ հաջորդականությամբ՝

ա) ժամանակավորապես դադարեցնում է գնման գործընթացը ոչ ավելի, քան 5 աշխատանքային օրով.

բ) դիմում է հանձնաժողովի նիստին չներկայացած անդամին (անդամներին) առաջադրած պետական մարմնին (մարմիններին)՝ առաջարկելով ապահովել տվյալ անդամի ներկայանալը հանձնաժողովի նիստին կամ ներկայացնել հանձնաժողովի անդամի նոր թեկնածություն.

գ) սահմանում է նիստի անցկացման օրը, ժամը և վայրը, որոնք պետք է համընկնեն գնման ընթացակարգի ժամանակավորապես դադարեցման վերջին ժամկետին.

դ) գնման ընթացակարգի ժամանակավորապես դադարեցման ժամկետը լրանալու պահին նիստն իրավազոր չլինելու դեպքում հանձնաժողովի կազմից հետ է կանչում տվյալ նիստին չներկայացած հանձնաժողովի անդամին (անդամներին)՝ դրա մասին ծանուցելով հանձնաժողովի այդ անդամի թեկնածությունն առաջադրած պետական մարմնին.

ե) հանձնաժողովի հետագա գործունեությունն ապահովելու նպատակով գործակալության աշխատողներից նշանակում է հանձնաժողովի նոր անդամներ:

10. Հանձնաժողովի արտահերթ նիստը հրավիրում է քարտուղարը՝ հանձնաժողովի անդամների առնվազն մեկ երրորդի գրավոր պահանջով` նրանց նշած ժամկետում և օրակարգով։ Արտահերթ նիստ հրավիրելու, դրա օրակարգի, ժամկետի ու անցկացման վայրի մասին պատվիրատուն, քարտուղարի ներկայացմամբ, նիստից առնվազն 48 ժամ առաջ գրավոր տեղյակ է պահում հանձնաժողովի անդամներին։

11. Քարտուղարը՝

ա) պատասխանատու է հանձնաժողովի աշխատանքների կազմակերպման համար.

բ) մրցույթի հայտերի գրանցամատյանի վարման պատասխանատուն է.

գ) հանձնաժողովին է ներկայացնում նրա կողմից հաստատման ենթակա փաստաթղթերի նախագծերը.

դ) կազմում և պատվիրատուի ղեկավարի հաստատմանն է ներկայացնում տվյալ գնման ընթացակարգի մասին արձանագրությունը.

ե) հանձնաժողովի անդամներին և մրցույթի մասնակիցներին պատվիրատուի անունից՝ կից գրությամբ ուղարկում (տրամադրում) է հանձնաժողովի նիստի արձանագրության պատճենը՝ այդպիսի պահանջ ստանալու օրվանից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում.

զ) համապատասխան փաստաթղթեր կազմելով՝ գրառում է հանձնաժողովի գործունեությանը վերաբերող տեղեկությունները և ապահովում հանձնաժողովի գործունեության ընթացքում այդ փաստաթղթերի անվնաս պահպանումը.

է) հանձնաժողովի անդամ չէ.

ը) փակ մրցույթի դեպքում պատվիրատուի և համակարգի հիմնարկների գնումների գործի համակարգման պատասխանատուն է.

թ) բաց մրցույթի դեպքում գործակալության ներկայացուցիչն է.

ժ) իրականացնում է իրեն վերապահված այլ լիազորություններ:

12. Այն դեպքում, երբ հանձնաժողովը չի ապահովում գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների կատարումը, քարտուղարը դրա մասին հայտնի դառնալու օրը գրավոր զեկուցում է նախագահին և պատվիրատուի ղեկավարին: Զեկուցագիրն ստանալու նույն օրը պատվիրատուի ղեկավարը հրամանով՝

ա) մինչև 5 աշխատանքային օրով դադարեցնում է հանձնաժողովի գործունեությունը.

բ) հանձնարարում է պատվիրատուի իրավաբանական ծառայությանը մինչև ժամանակավորապես դադարեցման ժամկետի ավարտը տալ եզրակացություն ներկայացված զեկուցագրի մասին: Իրավաբանական ծառայությունը կարող է եզրակացություն տալու համար քարտուղարից գրավոր պահանջել լրացուցիչ նյութեր:

Զեկուցագրի մասին իրավաբանական ծառայության գրավոր եզրակացությունն ստանալուց հետո պատվիրատուի ղեկավարի հրամանով՝

հանձնաժողովի գործունեությունը վերականգնվում է, եթե ներկայացված եզրակացությամբ զեկուցագիրը համարվել է անհիմն, կամ՝

ըստ իրավաբանական ծառայության եզրակացության վերանայվում (փոփոխվում) են հանձնաժողովի որոշումները:

Զեկուցագիրը համարվում է հիմնավոր, եթե դրանում արձանագրվել է գնման ընթացակարգի խախտում:

Մինչև ժամանակավորապես դադարեցման ժամկետի ավարտը պատվիրատուի նոր հրաման չլինելու դեպքում հանձնաժողովի գործունեությունը համարվում է վերականգնված:

Հանձնաժողովի գործունեությունը վերականգնվելու օրվան հաջորդող աշխատանքային օրը զեկուցագրի, եզրակացության և դրա հիման վրա տրված հրամանի, իսկ հրաման չլինելու դեպքում զեկուցագրի և եզրակացության պատճենները պատվիրատուն ուղարկում է լիազոր մարմին։

13. Հանձնաժողովի անդամի, պատվիրատուի պաշտոնատար անձի կողմից իր պարտականությունների չկատարումը, ինչպես նաև հանձնաժողովի անդամ չհանդիսացող պաշտոնատար անձի՝ հանձնաժողովի գործունեությանը միջամտությունը հանգեցնում են այդ անդամին (պաշտոնատար անձին) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության ենթարկելու նպատակով միջոցների ձեռնարկմանը։

 

IV. Հանձնաժողովի առաջին նիստը ԵՎ բաց մրցույթի մասին հայտարարության հրապարակումը

 

14. Հանձնաժողովի առաջին նիստը գումարվում է հանձնաժողովի կազմավորման մասին հրամանով սահմանված օրը, վայրում և ժամին, որում՝

ա) հաստատվում է հանձնաժողովի առաջին նիստի օրակարգը.

բ) բաց մրցույթի դեպքում հանձնաժողովի կողմից ընտրվում է նախագահ.

գ) բաց մրցույթի դեպքում հաստատվում է մրցույթի մասին հայտարարության տեքստը.

դ) հաստատվում է մրցույթի հրավերի տեքստը.

ե) փակ մրցույթի դեպքում հաստատվում է այն անձանց ցանկը (այսուհետև՝ ցանկ), որոնց ուղարկվելու է մրցույթի հրավեր.

զ) հաստատվում են հանձնաժողովի հաջորդ նիստի անցկացման օրը, ժամը և վայրը:

15. Բաց մրցույթի դեպքում հանձնաժողովի առաջին նիստի օրը քարտուղարը հանձնաժողովի կողմից հաստատված մրցույթի մասին հայտարարության և հրավերի տեքստերը ներկայացնում է գործակալության ղեկավարին՝ այն լիազոր մարմին ուղարկելու նպատակով:

16. Բաց մրցույթի մասին հայտարարությունը գնումների պաշտոնական տեղեկագրում հրապարակվելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմինն ավելի քան 3 հազար օրինակ տպաքանակ ունեցող մամուլում և (կամ) զանգվածային լրատվության մյուս միջոցներով ապահովում է դրա մասին առնվազն մեկ անգամ տեղեկատվության հրապարակումը:

 

V. Մրցույթի հրավերի տրամադրումը

 

17. Փակ մրցույթի դեպքում քարտուղարը հանձնաժողովի առաջին նիստի օրը մրցույթի հրավերը ներկայացնում է պատվիրատուի ղեկավարին, որն ապահովում է 3 աշխատանքային օրվա ընթացքում հրավերի ուղարկումը (տրամադրումը) ցանկում ընդգրկված անձանց:

18. Բաց մրցույթի հրավեր ստանալու համար գործակալություն ներկայացվում են այդպիսի պահանջ և մրցույթի հրավեր տրամադրելու համար պահանջվող գումարի վճարված լինելը հավաստող` բանկի կողմից տրված փաստաթղթի պատճենը: Գործակալությունն ապահովում է մրցույթի հրավերի տրամադրումն այդպիսի պահանջ ստանալու օրվան հաջորդող 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Մինչև մրցույթի հայտերի բացման նիստը պատվիրատուին և (կամ) նրա պաշտոնատար անձանց արգելվում է մրցույթի հրավեր տրամադրելու պահանջ ներկայացրած և (կամ) մրցույթի հրավեր ստացած անձանց մասին տեղեկություններ հաղորդելն այլ անձանց:

Մրցույթի հրավեր չստանալը չի կարող հիմք հանդիսանալ մրցույթի մասնակցի մրցույթի հայտը չընդունելու համար:

 

VI. Մրցույթի հրավերի պարզաբանումը ԵՎ դրանում փոփոխության կատարումը

 

19. Պատվիրատուից կարող է պահանջվել մրցույթի հրավերի պարզաբանում: Հանձնաժողովի քարտուղարի ներկայացմամբ` պատվիրատուն նշված պարզաբանումը տրամադրում է հարցումն ստանալու մասին գրության մուտքագրման օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում:

20. Հանձնաժողովի որոշմամբ կարող են մրցույթի հրավերում կատարվել փոփոխություններ։ Հանձնաժողովի քարտուղարի ներկայացմամբ՝ պատվիրատուն այդ որոշումը հրապարակում է պաշտոնական տեղեկագրում, ինչպես նաև այն ուղարկում (տրամադրում) է մրցույթի հայտ ներկայացրած անձանց։

21. Պատվիրատուի պաշտոնատար անձանց և (կամ) հանձնաժողովի անդամների կողմից այլ անձանց սույն կարգով չնախատեսված ձևով պարզաբանումներ և (կամ) մրցույթին վերաբերող այլ տեղեկություններ տրամադրելը հանգեցնում է այդ անձին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության ենթարկելու նպատակով միջոցների ձեռնարկմանը:

 

VII. Մրցույթի հայտերի ստացումը ԵՎ դրանց բացումը

 

22. Մրցույթի հայտը ներկայացվում է պատվիրատուին և նրա կողմից ընդունվում մինչև դրա համար մրցույթի հրավերով սահմանված ժամկետի ավարտը: Մրցույթի հայտերն ստանում և մրցույթի հայտերի գրանցամատյանում գրանցում է հանձնաժողովի քարտուղարը` լիազոր մարմնի սահմանած կարգով: Մրցույթի մասնակիցը չի կարող նույն մրցույթին ներկայացնել մեկից ավելի հայտ:

23. Մրցույթի հայտերը բացվում են մրցույթի հրավերում նշված ժամկետը լրանալու օրը, հանձնաժողովի հատուկ նիստում, որն իրավազոր է, եթե դրան մասնակցում է հանձնաժողովի անդամներից առնվազն 3-ը:

24. Հատուկ նիստում`

ա) նախագահը, իսկ նրա բացակայության դեպքում հանձնաժողովի որևէ անդամ, որն ընտրվել է որպես նիստը նախագահող, նիստը հայտարարում է բացված։

Քարտուղարը՝

տեղեկատվություն է հաղորդում գրանցամատյանում կատարված գրառումների մասին.

նախագահին է փոխանցում մրցույթի հայտերի գրանցամատյանը, դրա անբաժանելի մասը հանդիսացող մյուս փաստաթղթերը և գրանցված հայտերը.

բ) սույն կետի «ա» ենթակետում նշված փաստաթղթերը նախագահին փոխանցվելուց հետո հանձնաժողովը գնահատում է՝

մրցույթի հայտեր պարունակող ծրարները կազմելու և ներկայացվելու համապատասխանությունը սահմանված կարգին և բացում համապատասխանող գնահատված հայտերը՝ առաջարկները պարունակող ծրարները, բացառությամբ գնային առաջարկներ պարունակող ծրարների.

բացված յուրաքանչյուր ծրարում մրցույթի հրավերով պահանջվող (նախատեսված) փաստաթղթերի, այդ թվում` գնային առաջարկ պարունակող ծրարների առկայությունը.

յուրաքանչյուր մասնակցի՝ գնումներին մասնակցելու իրավունքը և որակավորման տվյալները հավաստող փաստաթղթերի, գնային առաջարկ պարունակող ծրարների կազմման համապատասխանությունը մրցույթի հրավերով սահմանված պայմաններին.

գ) հանձնաժողովի որոշումներն ընդունվում են նիստին ներկա հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ.

դ) սույն կետի «բ» ենթակետով նախատեսված գնահատման արդյունքում անհամապատասխանություն հայտնաբերելու դեպքում հանձնաժողովը մերժում է այդ հայտերը: Պատվիրատուն մերժված հայտերի պատճենները վերադարձնում է դրանք ներկայացրած անձանց՝ հատուկ նիստին հաջորդող 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Սահմանված կարգով սույն կետի «բ» ենթակետի համաձայն չհամապատասխանող գնահատված հայտերը հանձնաժողովի կողմից մերժվում են և պատվիրատուի կողմից վերադարձվում մինչև հատուկ նիստին հաջորդող երկրորդ աշխատանքային օրը.

ե) սույն կետի «ա» և «բ» ենթակետերի համաձայն մրցույթի հայտերը հանձնաժողովի կողմից գնահատվելուց հետո քարտուղարը չմերժված մրցույթի հայտերի բնօրինակները, բացառությամբ գնային առաջարկ պարունակող ծրարների, նիստի մասնակիցների ներկայությամբ առանձնացնում և գույքագրում է, որից հետո՝ սահմանված կարգով ապահովում է այդ փաստաթղթերի հանձնումն արխիվ.

զ) չմերժված մրցույթի հայտերի գնային առաջարկ պարունակող ծրարները քարտուղարը նիստի մասնակիցների ներկայությամբ դնում է առանձին ծրարի մեջ: Ծրարը նույն պահին սոսնձվում և ներկայացվում է հանձնաժողովի անդամների ստորագրմանը, որոնք այդ պահին ստորագրում են այն:

Ծրարն ստորագրվելուց հետո հանձնվում է քարտուղարին՝ ի պահպանություն.

է) սույն կետի «զ» ենթակետով նախատեսված ծրարն ստորագրվելուց հետո քարտուղարը հանձնաժողովի անդամներին է տրամադրում՝

պատվիրատուի կողմից կնքված մրցույթի հայտերի գնահատման թերթիկների (այսուհետև՝ գնահատման թերթիկ) 2 օրինակ՝ հատուկ նիստի ավարտից հետո.

սահմանված կարգին համապատասխանող գնահատված հայտերի (այսուհետև՝ մրցութային առաջարկ), բացառությամբ գնային առաջարկ պարունակող ծրարի, պատճենների մեկական օրինակ՝ այդպիսի պահանջ ներկայացվելու օրվանից 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Հանձնաժողովի քարտուղարը գնահատման թերթիկների 2 օրինակը պատվիրատուի միջոցով կից գրությամբ ուղարկում (տրամադրում) է հատուկ նիստին չներկայացած հանձնաժողովի անդամներին՝ հատուկ նիստի օրվան հաջորդող աշխատանքային օրվա ընթացքում: Հանձնաժողովի կազմում միևնույն պետական մարմնից ավելի քան մեկ ներկայացուցիչ լինելու դեպքում հանձնաժողովի քարտուղարը նրանց տրամադրում է մրցութային առաջարկների, բացառությամբ գնային առաջարկ պարունակող ծրարի, պատճենների մեկական օրինակ.

ը) հանձնաժողովի նախագահը հրապարակում է օրենքով նախատեսված տեղեկությունները և մրցույթի հայտերի գնահատման արդյունքների հաստատման նպատակով հրավիրվող նիստի օրը, ժամը և վայրը:

 

VIII. Մրցույթի հայտերի գնահատումը ԵՎ համեմատումը

 

25. Հանձնաժողովի անդամը սույն կարգի 24-րդ կետի «է» ենթակետի համաձայն ստացված փաստաթղթերի հիման վրա գնահատում է մրցույթի յուրաքանչյուր մասնակցի՝

ա) գնումներին մասնակցության իրավունքի համապատասխանությունը մրցույթի հրավերի պահանջներին.

բ) մասնագիտական որակավորման տվյալները, ինչպես նաև մրցույթի մասնակցի ներկայացրած տեխնիկական առաջարկը և այն կատարելու ունակությունը (հիմնավորվածությունը):

Հանձնաժողովի անդամը գնահատման արդյունքներն արտացոլում է գնահատման թերթիկի 2 օրինակում, ստորագրում և մեկ օրինակն ուղարկում (տրամադրում) է քարտուղարին՝ հանձնաժողովի սահմանած ժամկետում: Հանձնաժողովի անդամը գնահատման թերթիկի մյուս օրինակը հանձնում է հանձնաժողովի կազմում ընդգրկվելու նպատակով իր թեկնածությունն առաջադրած պետական մարմնի համապատասխան ստորաբաժանմանը՝ արխիվացման համար:

26. Մրցույթի հայտերի գնահատման արդյունքների հաստատման նպատակով հրավիրվող նիստում՝

ա) քարտուղարն ստացած գնահատման թերթիկները փոխանցում է նախագահին.

բ) հանձնաժողովը գնահատման թերթիկների հիման վրա հաստատում է մրցույթի հայտերի գնահատման արդյունքները.

գ) հանձնաժողովը կարող է որոշում ընդունել մրցույթի մասնակիցներից բացատրություններ (պարզաբանումներ) պահանջելու, նրանց իրենց որակավորման տվյալները վերահաստատելու պահանջ ներկայացնելու մասին: Նման դեպքում հրավիրվում է նոր նիստ: Նիստը կարող է հրավիրվել սույն կարգի 25-րդ կետի համաձայն մրցույթի բոլոր հայտերը գնահատելուց հետո։

Մրցույթի մասնակցի որակավորման տվյալները համարվում են վերահաստատված, եթե նա հանձնաժողովին ներկայացնում է դրա մասին հայտարարություն: Բացատրություններ ստանալու և (կամ) վերահաստատման շրջանակներում չեն կարող փոխվել մրցույթի հայտով ներկայացված փաստաթղթերը և (կամ) պահանջվել և (կամ) ներկայացվել մրցույթի հրավերով չնախատեսված փաստաթղթեր: Եթե մրցույթի մասնակիցը չի վերահաստատում իր որակավորման տվյալները, ապա նրա մրցույթի հայտը մերժվում է։

Մրցույթի հայտերի գնահատման ժամանակ մրցույթի հրավերով նախատեսված չափանիշներից բացի այլ չափանիշների օգտագործումն անթույլատրելի է: Եթե մրցույթի մասնակցի ներկայացրած փաստաթղթերը չեն համապատասխանում մրցույթի հրավերով նախատեսված պայմաններին (կարգին), ապա մրցույթի այդ մասնակցի հայտը մերժվում է:

Սույն ենթակետի համաձայն պարզաբանումներ ստանալու կամ որակավորման տվյալները վերահաստատելու մասին որոշում ընդունելու դեպքում հանձնաժողովը ժամանակավորապես դադարեցնում է մրցույթի բոլոր հայտերի հետագա քննարկումը՝ մինչև սույն կետի համաձայն հրավիրված նիստը.

դ) սույն կետի «բ» ենթակետի համաձայն որոշում ընդունվելուց հետո քարտուղարը նախագահին է տրամադրում իրեն ի պահ հանձնված գնային առաջարկներ պարունակող ծրարը.

ե) նախագահը բացում է գնային առաջարկներ պարունակող ծրարը, առանձնացնում այն գնային առաջարկները, որոնք ներկայացրած մասնակիցների հայտերը մինչև այդ պահը գնահատվել են մրցույթի հրավերի պայմաններին չհամապատասխանող (չբավարարող): Առանձնացված գնային առաջարկ պարունակող ծրարները չեն բացվում և չեն քննարկվում հանձնաժողովի կողմից: Հանձնաժողովի նախագահը բացում է գնային առաջարկ պարունակող մյուս ծրարները և հայտարարում մրցույթի յուրաքանչյուր մասնակցի գնային առաջարկը՝ մեկ թվով արտահայտված՝ հիմք ընդունելով տառերով գրվածը.

զ) եթե մրցույթի հրավերով հանձնաժողովի կողմից գնային առաջարկների հիմնավորվածության գնահատումը՝

չի նախատեսված, ապա գնային առաջարկները հայտարարվելուց հետո՝ օրենքով սահմանված կարգով ընտրվում են մրցույթում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերն զբաղեցրած մասնակիցները.

նախատեսված է, ապա գնային առաջարկները հայտարարվելուց հետո մրցույթի հայտերի գնահատման արդյունքների հաստատման նպատակով հրավիրված նիստը համարվում է փակված:

Մրցույթի հրավերով նախատեսված դեպքերում՝ մինչև մրցույթի արդյունքների ամփոփման նիստի օրը կարող է հրավիրվել նիստ՝ մրցույթի մասնակիցներից ստացված գնային առաջարկների վերաբերյալ բացատրություններ և պարզաբանումներ ստանալու նպատակով: Հանձնաժողովի կողմից նիստը կարող է հրավիրվել բոլոր գնային առաջարկները քննարկվելուց հետո:

Բացատրություններ և պարզաբանումներ ստանալու ընթացքում չեն կարող փոխվել մրցույթի հայտով ներկայացված փաստաթղթերը և (կամ) պահանջվել և (կամ) ներկայացվել մրցույթի հրավերով չնախատեսված փաստաթղթեր:

Գնային առաջարկների հիմնավորվածությունը գնահատելուց հետո հանձնաժողովի կողմից՝ օրենքով սահմանված կարգով ընտրվում են մրցույթի 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերն զբաղեցրած մասնակիցները:

 

IX. Մրցույթի արդյունքների ամփոփման նիստը ԵՎ պայմանագրի կնքումը

 

27. Մրցույթի հայտերը ներկայացվելու վերջին օրվանից 30 աշխատանքային օրվա ընթացքում հրավիրվում է մրցույթի արդյունքների ամփոփման նիստ, որտեղ հանձնաժողովը որոշում է մրցույթի հաղթողին կամ, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին (այսուհետև՝ օրենք) համապատասխան, մրցույթը չկայացած հայտարարում։

28. Եթե մրցույթի հրավերով նախատեսված չէ, որ հանձնաժողովը գնահատելու է գնային առաջարկների հիմնավորվածությունը, ապա մրցույթի հայտերի գնահատման արդյունքների հաստատման նպատակով հրավիրվող նիստը միաժամանակ հանդիսանում է մրցույթի արդյունքների ամփոփման նիստ:

29. Հանձնաժողովը մրցույթի արդյունքների ամփոփման նիստում հրապարակում է հաղթող ճանաչված մրցույթի մասնակցի անվանումը (անունը) և հիմնավորում նրա ընտրությունը։

30. Քարտուղարը մրցույթի արդյունքների ամփոփման նիստից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում պատվիրատուի ղեկավարին է տրամադրում մրցույթի արդյունքների ամփոփման նիստի արձանագրության պատճենը, որն ապահովում է օրենքով սահմանված կարգով պայմանագրի կնքումը:

31. Այն դեպքում, երբ մրցույթի արդյունքում պայմանագիր չի կնքվում՝ պայմանավորված այնպիսի հանգամանքներով, որոնց համար կողմերը պատասխանատվություն չեն կրում, ապա նշված կողմերի միջև իրավահարաբերությունը դադարում է:

 

X. Երկու փուլով մրցույթի անցկացման առանձնահատկությունները

 

32. Երկու փուլով մրցույթի առաջին փուլի առաջին նիստում, որը տեղի է ունենում մրցույթի հայտերը ներկայացվելու վերջին օրվանից ոչ ուշ, քան 20 օր առաջ, պատվիրատուի անունից հանձնաժողովը՝

ա) գնահատում է մրցույթի մասնակիցների՝ գնումներին մասնակցելու իրավունքը հավաստող փաստաթղթերը.

բ) նիստին ներկա մրցույթի մասնակիցների հետ բանակցելու միջոցով միայն քննարկում և հստակեցնում է գնման ենթակա ապրանքների, աշխատանքների, ծառայությունների տեխնիկական և որակական բնութագրերը:

33. Բաց մրցույթի առաջին փուլին մասնակցելու նպատակով սկզբնական հայտ կարող է ներկայացնել ցանկացած անձ, իսկ փակ մրցույթի դեպքում՝ միայն մրցույթի հրավեր ստացած անձը:

Սկզբնական հայտը կազմվում և ներկայացվում է մեկ փուլով մրցույթի հայտը կազմելու և ներկայացնելու համար օրենքով նախատեսված պայմաններին համապատախան: Սկզբնական հայտը պարունակում է մասնակցի միայն՝

ա) գնումներին մասնակցելու իրավունքը հավաստող փաստաթղթերը.

բ) առաջարկները` կապված գնման ենթակա ապրանքների, աշխատանքների, ծառայությունների տեխնիկական և որակական բնութագրերի նկարագրման հետ:

Երկու փուլով մրցույթի առաջին փուլի ամփոփիչ նիստը հրավիրվում է առաջին նիստի բացման օրվանից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում: Մրցույթի մասնակցության իրավունքը հավաստող փաստաթղթերը գնահատվում են մեկ փուլով՝ մրցույթի դեպքում համանման փաստաթղթեր գնահատելու կարգին համապատասխան:

Երկու փուլով մրցույթի առաջին փուլի ամփոփիչ նիստին հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում առաջին փուլն անցած մրցույթի բոլոր մասնակիցներին հանձնաժողովը պատվիրատուի միջոցով տրամադրում է երկրորդ փուլին մասնակցելու վերջնական հրավեր: Վերջնական հրավերը կազմվում է մեկ փուլով մրցույթի հրավերի կազմման կարգին համապատասխան:

Բաց մրցույթի դեպքում մինչև վերջնական հրավերն առաջին փուլն անցած մրցույթի մասնակիցներին տրամադրելը գործակալությունը պետական մարմնի (մարմինների) հետ համաձայնեցնում է այդ հրավերում ներառվող գնման բնութագրերը:

Առաջին փուլն անցած են համարվում մրցույթի այն մասնակիցները, որոնց՝ գնումներին մասնակցելու իրավունքը հավաստող փաստաթղթերը հանձնաժողովի կողմից գնահատվել են մրցույթի հրավերի պայմաններին համապատասխանող: Վերջնական հայտ ներկայացնելու իրավունք ունեն միայն վերջնական հրավեր ստացած անձինք:

Երկու փուլով մրցույթի երկրորդ փուլի ընթացակարգի նկատմամբ կիրառվում են մեկ փուլով մրցույթի ընթացակարգի համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված պայմանները՝ հաշվի առնելով սույն կետով սահմանված առանձնահատկությունները:

 

XI. Հանձնաժողովի լուծարումը

 

34. Մրցույթի արդյունքներով պայմանագիր կնքելու, մրցույթը չկայացած հայտարարելու կամ սույն կարգի 31-րդ կետով նախատեսված հիմքերի ի հայտ գալու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում հանձնաժողովն իր որոշմամբ հաստատում և պատվիրատուի ղեկավարին է տրամադրում իր կողմից իրականացված աշխատանքների մասին հաշվետվություն։ Հաշվետվությանը կցվում են հանձնաժողովի տնօրինության տակ գտնվող՝ տվյալ մրցույթին վերաբերող բոլոր փաստա-թղթերը (նամակներ, որոշումներ, արձանագրություններ, խորհրդատուի եզրակացություններ ու այլ փաստաթղթեր)։ Հաշվետվությունն ստացվելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում պատվիրատուի ղեկավարի հրամանով հանձնաժողովը լուծարվում է։

 

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2001 թվականի
դեկտեմբերի 27-ի N 1267 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

գնումների բնութագրերի հաստատման, նախնական հսկողության ԵՎ ֆինանսավորման

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն կարգով սահմանվում է գնումների բնութագրերի հաստատման, նախնական հսկողության և ֆինանսավորման կարգը:

2. Գնման ընթացակարգի առանձնահատկություններով պայմանավորված՝ այլ իրավական ակտերով կարող են սահմանվել գնումների բնութագրերի հաստատման, նախնական հսկողության և ֆինանսավորման հետ կապված՝ սույն կարգով չնախատեսված նորմեր:

 

II. Գնման բնութագիրը

 

3. Գնման բնութագիրը ներառում է`

ա) ձեռք բերվող ապրանքի, աշխատանքի կամ ծառայության տեխնիկական բնութագրերի առանձնահատկությունների նկարագիրը (այսուհետև՝ տեխնիկական բնութագիր):

Տեխնիկական բնութագիրը կազմվում է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետև՝ օրենք) 14-րդ հոդվածի համաձայն՝ այնքանով, որքանով այդ հոդվածի պահանջները կիրառելի են ձեռքբերվող ապրանքը, աշխատանքը կամ ծառայությունը նկարագրելու համար: Ապրանք կամ ծառայություն ձեռք բերելու դեպքում տեխնիկական բնութագիրը ներառում է նաև դրա մատակարարման (կատարման) պայմանները.

բ) ձեռք բերվող ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման ժամանակացույցը (այսուհետև՝ գնման ժամանակացույց), որը կազմվում է գնման առարկայի օգտագործման՝ պահանջվող կամ նախընտրելի ժամկետների հիման վրա.

գ) ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման դիմաց վճարման ժամանակացույցը (այսուհետև՝ վճարման ժամանակացույց):

Վճարման ժամանակացույցը ներառում է նաև գնման առարկայի նախահաշվային գինը, որի հաշվարկման մեթոդը և վճարման ժամանակացույցի ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը:

4. Շինարարական աշխատանքների գնման բնութագիրը ներառում է՝

ա) սահմանված կարգով փորձաքննություն անցած շինարարական աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերը (նախագծային աշխատանքների տեխնիկական առաջադրանքը),

բ) վճարման ժամանակացույցը,

գ) գնման՝ աշխատանքների կատարման ժամանակացույցը,

դ) աշխատանքների հակիրճ տեխնիկական բնութագիրը,

ե) աշխատանքների կատարման համար պահանջվող սարքավորումների ցանկը,

զ) աշխատանքերի կատարման համար պահանջվող լիցենզիաների ցանկը:

5. Գնման բնութագիրը հաստատում է պատվիրատուի ղեկավարը՝ պատվիրատուի համապատասխան ստորաբաժանման (այսուհետև՝ պատասխանատու ստորաբաժանում) ներկայացմամբ:

Պատասխանատու ստորաբաժանման աշխատողները պետք է ունենան մասնակիցների առաջարկները տեխնիկապես գնահատելու համար պահանջվող մասնագիտական կարողություն:

6. Գնում կատարելու պահանջի ծագման օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում պատվիրատուի ղեկավարը գրավոր սահմանում է պատասխանատու ստորաբաժանում: Գնում կատարելու պահանջի ծագման օրն այն աշխատանքային օրն է, երբ այդ գնումը կատարելու համար սահմանված կարգով նախատեսվել են ֆինանսական միջոցներ:

Բաց մրցույթի դեպքում պատասխանատու ստորաբաժանում սահմանում և գնման բնութագիրը հաստատում է այն պետական մարմինը (այսուհետև՝ պետական մարմին), որի կարիքների համար կատարվելու է տվյալ գնումը:

7. Պատասխանատու ստորաբաժանումը գնման պահանջի ծագման օրվանից 15 աշխատանքային օրվա ընթացքում պատվիրատուի ղեկավարին է ներկայացնում՝

ա) տեխնիկական բնութագիրը,

բ) գնման և վճարման ժամանակացույցերը,

գ) գնումը կատարելու ձևի առաջարկը,

դ) գնանշումների հարցման ձևով գնում կատարելու դեպքում՝ այն անձանց ցուցակը, որոնց ուղարկվելու է գնանշման հարցման տեքստը,

ե) բաց մրցույթով գնում կատարելու դեպքում՝ այն անձանց (թեկնածուների) ցուցակը, որոնք առաջադրվում են մրցույթի հանձնաժողովի կազմում ընդգրկվելու նպատակով:

Թեկնածուները ներկայացվում են ըստ մրցույթի հանձնաժողովի կազմում նրանց ընդգրկման առաջնահերթության: Ներկայացված թեկնածուները պետք է ունենան մասնակիցների առաջարկները տեխնիկապես գնահատելու համար պահանջվող մասնագիտական կարողություն, որը որոշվում է գնման առարկային համապատասխան:

Սույն կետով նախատեսված փաստաթղթերը, մինչև ղեկավարի հաստատմանը ներկայացվելը, նախապես համաձայնեցվում են պետական մարմնի և վերջինիս համակարգի հիմնարկների գնումների գործի համակարգման պատասխանատուի հետ (այսուհետև՝ գնումների գործի համակարգման պատասխանատու):

8. Գնումների գործի համակարգման պատասխանատուն՝

ա) սահմանվում է պետական մարմնի ղեկավարի հրամանով.

բ) պատասխանատու է պետական մարմնում և ենթակա հիմնարկներում գնումների գործի կազմակերպման համար.

գ) եզրակացություն է տալիս գնումների կատարման շրջանակներում պետական մարմնի և ենթակա հիմնարկների կողմից հաստատվող փաստաթղթերի նախագծերի վերաբերյալ.

դ) իրականացնում է իրեն վերապահված այլ լիազորություններ:

9. Սույն կարգի 7-րդ կետի համաձայն ներկայացված փաստաթղթերը (այսուհետև՝ գնման հայտ) պատվիրատուի ղեկավարի կողմից հաստատվում են 3 աշխատանքային օրվա ընթացքում:

10. Վճարման ժամանակացույցը հաստատելիս հաշվի է առնվում, որ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից, համայնքների բյուջեներից և (կամ) պատվիրատուի տնօրինության տակ գտնվող ֆինանսական այլ միջոցներից գնումների ֆինանսավորումն իրականացվում է գնումներ կատարելու նպատակով սահմանված կարգով նախատեսված հատկացումների (այսուհետև՝ նախահաշիվ) շրջանակներում: Նախահաշվի (նախահաշիվների) ձևը, դրա հաստատման և ներկայացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը:

11. Մինչև վճարման ժամանակացույցի հաստատումը՝ դրա 3 օրինակը ներկայացվում է պետական մարմնին սպասարկող Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժանմունք (այսուհետև՝ ՏԳԲ):

Մեկ աշխատանքային օրվա ընթացքում ՏԳԲ-ի պաշտոնաատար անձի կողմից ստորագրվում և ՏԳԲ-ի դրոշմակնիքով հաստատվում են վճարման ժամանակացույցի ներկայացված օրինակները: Վճարման ժամանակացույցը հաստատվում է, եթե դրանով նախատեսված հատկացումները համապատասխանում են նախահաշվին, հակառակ դեպքում վճարման ժամանակացույցը վերադարձվում է: Հաստատված ժամանակացույցի մեկ օրինակը պահվում է ՏԳԲ-ում, մյուս օրինակները վերադարձվում են:

12. Փակ մրցույթով կամ մեկ աղբյուրից գնում կատարելու ձևով ապրանք, աշխատանք կամ ծառայություն ձեռք բերելու պատվիրատուի որոշումը ներկայացվում է լիազոր մարմնի համաձայնեցմանը՝ գնման հայտը հաստատվելու օրվան հաջորդող 2 աշխատանքային օրվա ընթացքում:

13. Եթե պատվիրատուն կարող է փակ մրցույթով կամ մեկ աղբյուրից գնման ձևով գնում կատարել առանց լիազոր մարմնի հետ լրացուցիչ համաձայնեցման, ապա պատվիրատուն չի դիմում լիազոր մարմնին:

14. Պատվիրատուի ղեկավարը կարող է՝

ա) պատասխանատու ստորաբաժանման՝ սույն կարգով սահմանված լիազորությունները վերապահել պատվիրատուի պաշտոնատար անձին կամ այդ նպատակով կազմավորված տեխնիկական հսկողության հանձնաժողովին (այսուհետև՝ հանձնաժողով).

բ) պատվիրատուի ղեկավարի՝ սույն կարգով սահմանված լիազորությունները վերապահել պատվիրատուի պաշտոնատար անձին:

 

III. Գնման պայմանագրի կնքումը

 

15. Գնման հայտը հաստատվելու, իսկ սույն կարգի 12-րդ կետում նշված դեպքերում լիազոր մարմնի համաձայնությունը պարունակող գրությունն ստանալու օրվան հաջորդող 2 աշխատանքային օրվա ընթացքում՝

ա) փակ մրցույթի դեպքում՝ կազմավորվում է մրցույթի հանձնաժողով.

բ) մեկ աղբյուրից կամ գնանշումների հարցման ձևով գնում կատարելու դեպքում՝ պատասխանատու ստորաբաժանումը գնման պայմանագիր կնքելու համար ձեռնարկում է միջոցներ.

գ) բաց մրցույթի դեպքում՝ պետական մարմնի կողմից գնման հայտը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գնումների գործակալություն (այսուհետև՝ գործակալություն): Գործակալությունը պայմանագիր է կնքում այդ գնման հայտի հիման վրա:

16. Մինչև պայմանագրում փոփոխություն կատարելը, փոփոխություն կատարելու մասին պատվիրատուի որոշումը համաձայնեցվում է լիազոր մարմնի հետ՝ վերջինիս սահմանած կարգով:

 

IV. Պայմանագրի կատարման նկատմամբ նախնական հսկողությունը

 

17. Պայմանագրի կատարման նկատմամբ նախնական հսկողությունն իրականացնում է պատասխանատու ստորաբաժանումը: Պայմանագրի կամ դրա մի մասի կատարման արդյունքներն ամփոփվում են պատվիրատուի ղեկավարի և պատվիրատուի հետ պայմանագիր կնքած անձի միջև հանձնման-ընդունման արձանագրության (այսուհետև՝ արձանագրություն) ստորագրմամբ: Արձանագրությունն ստորագրվում է պատասխանատու ստորաբաժանման եզրակացության (այսուհետև՝ եզրակացություն) հիման վրա:

18. Պատասխանատու ստորաբաժանումը դրական եզրակացություն է տալիս պայմանագրի կամ դրա մի մասի կատարման արդյունքների վերաբերյալ, եթե մատակարարված ապրանքը, կատարված աշխատանքը կամ մատուցված ծառայությունը համապատասխանում է գնման հայտով սահմանված բնութագրերին (պայմաններին): Հակառակ դեպքում տրվում է բացասական եզրակացություն:

Բաց մրցույթում հաղթող ճանաչված անձի հետ կնքված պայմանագրի շրջանակներում բացասական եզրակացություն տրվելու դեպքում պետական մարմինը մեկ աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին հայտնում է գործակալությանը: Նման դեպքում գործակալությունը ձեռնարկում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված միջոցներ՝ հարցի կարգավորման համար:

19. Դրական եզրակացության դեպքում պատասխանատու ստորաբաժանումը մեկ աշխատանքային օրվա ընթացքում այն ներկայացնում է պատվիրատուի ղեկավարին, որը 2 աշխատանքային օրվա ընթացքում ստորագրում է արձանագրությունը:

Եզրակացության և արձանագրության ձևերը սահմանում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը:

20. Պետական մարմինը պայմանագիր կնքելու կամ պայմանագրի պատճենը գործակալությունից ստանալու օրվանից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում իրեն սպասարկող ՏԳԲ է ներկայացնում պայմանագրից քաղվածք (այսուհետև՝ քաղվածք): Քաղվածքի ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը:

21. Գործակալությունը պայմանագրի կնքման օրվանից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում դրա պատճենը տրամադրում է պետական մարմնին:

 

V. Գնումների ֆինանսավորումը

 

22. Գնման դիմաց վճարելու նպատակով կազմված արձանագրությունն ստորագրվելու օրվանից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում արձանագրության պատճենն ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից սահմանված ձևով կազմված վճարման հանձնարարագիրը (այսուհետև՝ վճարման հանձնարարագիր) ներկայացվում է ՏԳԲ:

23. Գնանշումների հարցման ձևով գնումներ կատարվելու դեպքում ՏԳԲ կարող է ներկայացվել միայն վճարման հանձնարարագիրը:

24. Եթե մրցույթով կնքված պայմանագրի գինը գերազանցում է գնումների բազային միավորի տասնապատիկը և այդ պայմանագրով նախատեսված է կանխավճար, ապա կանխավճարը հատկացնելու համար ՏԳԲ են ներկայացվում վճարման հանձնարարագիրը և պայմանագրի կատարման ապահովման առկայությունը հավաստող փաստաթղթի պատճենը:

25. Սույն կարգի համաձայն ներկայացված փաստաթղթերի հիման վրա ՏԳԲ-ն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կատարում է վճարում:

26. Սույն կարգի 23-րդ կետով սահմանված հիմքով վճարումն իրականացվելու դեպքում՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման նույն հոդվածով նախատեսված հատկացումների սահմաններում, կարող է վճարում իրականացվել, եթե ՏԳԲ են ներկայացվում նախորդ վճարումը հիմնավորող՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերը (պատճենները): Նշված փաստաթղթերը ներկայացվում են վճարումը կատարվելու օրվան հաջորդող 7 աշխատանքային օրվա ընթացքում:

27. Սույն կարգի 24-րդ կետով սահմանված հիմքով վճարում կատարվելու դեպքում՝ նույն պայմանագրի շրջանակներում կարող է վճարում իրականացվել, եթե ՏԳԲ է ներկայացվում նախորդ վճարումը հիմնավորող փաստաթուղթը՝ արձանագրության պատճենը: Կանխավճարի մարման կարգը սահմանվում է պայմանագրով:

28. Հիմնավորող փաստաթղթերը սահմանված ժամկետում չներկայացվելու դեպքում ՏԳԲ-ն դադարեցնում է պետական մարմնի գանձապետական հաշիվներից վճարումների իրականացումը մինչև հիմնավորող փաստաթղթերը ներկայացվելը:

29. ՏԳԲ-ն սույն կարգի 26-րդ կետի համաձայն վճարումն իրականացնելուց հետո կատարված գործարքի մասին հաշվետիրոջը տալիս է քաղվածք դրա գանձապետական հաշվից: Գործակալության կնքած պայմանագրի շրջանակներում վճարում կատարվելու դեպքում պետական մարմինը քաղվածքն ստանալու օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում կատարված վճարման մասին ծանուցում է գործակալությանը:

 

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2001 թվականի
դեկտեմբերի 27-ի N 1267 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

գնումների ընթացակարգերի արձանագրությունների ստուգման

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն կարգով կարգավորվում են լիազոր մարմնի կողմից գնումների ընթացակարգերի արձանագրությունների ստուգման հետ կապված հիմնական հարաբերությունները:

 

II. Արձանագրությունները ներկայացնելը ԵՎ ստուգելը

 

2. Պատվիրատուն «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետև՝ օրենք) 10-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված ժամկետում լիազոր մարմին է ներկայացնում նույն հոդվածի 1-ին կետին համապատասխան կազմված արձանագրության և կնքված պայմանագրի պատճենները (այսուհետև՝ արձանագրություն): Պայմանագրով նախատեսված՝ պատվիրատուի պարտավորությունները կատարելու հիմքը լիազոր մարմին արձանագրությունը ներկայացվելն է:

3. Լիազոր մարմինը 5 աշխատանքային օրվա ընթացքում ստուգում է գնման ընթացակարգի արձանագրության համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը:

 

III. Անհամապատասխանությունների մասին պարզաբանումներ ստանալը ԵՎ քննարկելը

 

4. Ստուգման արդյունքում գնման ընթացակարգի արձանագրության՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին անհամապատասխանություն հայտնաբերելու դեպքում լիազոր մարմինը գրավոր դիմում է պատվիրատուին՝ անհամապատասխանության վերաբերյալ հիմնավորում ստանալու համար: Պատվիրատուն պահանջվող հիմնավորումն ուղարկում է լիազոր մարմին՝ վերջինիս գրությունն ստանալու օրվանից ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում, եթե նշված գրությամբ այլ ժամկետ նախատեսված չէ:

5. Լիազոր մարմինը 5 աշխատանքային օրվա ընթացքում քննարկում է պատվիրատուի ներկայացրած հիմնավորումը և ընդունում այն, եթե՝

ա) պատվիրատուն գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության հիման վրա հիմնավորում է անհամապատասխանության արձանագրման անճշտությունը.

բ) անհամապատասխանությունը վերաբերում է արձանագրության վարման կարգին, և պատվիրատուն լիազոր մարմին ներկայացվող պարզաբանմամբ շտկում է այն.

գ) պատվիրատուն համաձայնում է անհամապատասխանության հետ և հավաստում, որ անհամապատասխանությունը տեղ է գտել անկանխատեսելի և անհաղթահարելի հանգամանքի ծագմամբ և դա պատվիրատուի գործողության հետևանք չէ.

դ) պատվիրատուն համաձայնում է անհամապատասխանությանը և հավաստում, որ տեղ գտած անհամապատասխանությունը չի հանգեցրել գնման ընթացակարգի կամ դրա արդյունքների փոփոխմանը, ինչպես նաև գնման գործընթացի մասնակիցների շահերի ոտնահարմանը:

6. Ներկայացված հիմնավորումը չընդունելու դեպքում լիազոր մարմինը 5 աշխատանքային օրվա ընթացքում պատվիրատուին է ներկայացնում մեթոդական ցուցում՝ պատվիրատուի կողմից կատարման ենթակա գործողությունների մասին:

7. Պատվիրատուն լիազոր մարմնի գրությունն ստանալուց հետո ձեռնարկում է միջոցներ՝ դրանով ներկայացված ցուցումը կատարելու համար, և գրությունն ստանալու օրվանից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմնին է տրամադրում տեղեկատվություն ձեռնարկած (ձեռնարկվող) միջոցների վերաբերյալ։

8. Լիազոր մարմնի ներկայացրած ցուցումին չհամաձայնելու դեպքում պատվիրատուն իրավասու է անհամապատասխանության մասին հարցը ներկայացնելու Հայաստանի Հանրապետության կառավարություն, որի ընդունած որոշումը լիազոր մարմնի համար վերջնական է:

 

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2001 թվականի
դեկտեմբերի 27-ի N 1267 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

մեկ աղբյուրից գնումներ կատարելու ձԵՎով՝ գնանշման միջոցով գնումների իրականացման

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն կարգով սահմանվում է մեկ աղբյուրից գնումներ կատարելու ձևով՝ գնանշման միջոցով (այսուհետև՝ գնանշում) ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման կարգը:

2. Գնման ընթացակարգի առանձնահատկություններով պայմանավորված՝ այլ իրավական ակտերով կարող են սահմանվել գնանշման հետ կապված՝ սույն կարգով չնախատեսված նորմեր:

 

II. Գնանշման միջոցով պայմանագիր կնքելը

 

3. Գնանշման միջոցով կատարվող գնման պայմանագիրը կնքում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գնումների գործակալությունը (այսուհետև՝ գործակալություն), իսկ պետական գաղտնիք պարունակող՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության կարիքների համար գնում կատարելու դեպքում՝ նման գնում կատարելու լիազորությամբ օժտված պետական մարմինը (այսուհետև՝ պատվիրատու կամ գործակալություն)՝ սույն կարգի համաձայն։

4. Գնանշման միջոցով մեկ աղբյուրից գնում կատարելու մասին որոշման կապակցությամբ լիազոր մարմնի համաձայնությունն ստանալու օրվանից 2 աշխատանքային օրվա ընթացքում նման որոշում ընդունած պետական մարմինը (այսուհետև՝ պետական մարմին) գործակալություն է ներկայացնում գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմված գնման հայտ: Լիազոր մարմինը միաժամանակ գործակալություն է ուղարկում գնման ձևի ընտրությանը համաձայնություն տալու մասին գրության պատճենը։

5. Եթե պետական մարմինը գնման ձևի ընտրության մասին որոշումը լիազոր մարմնի համաձայնեցմանը սահմանված կարգով ներկայացվող գրությամբ չի հավաստում, որ, ելնելով գնման հրատապությունից, պայմանագիրը պետք է կնքվի ավելի կարճ ժամկետում, քան պահանջվում է գնանշման միջոցով այդ պայմանագիրը կնքելու համար, ապա լիազոր մարմինը համաձայնում է տվյալ գնումը մեկ աղբյուրից գնման ձևով իրականացնելու մասին պատվիրատուի որոշմանը՝ այդ գնումը սույն կարգի համաձայն իրականացնելու պայմանով:

6. Գնման հայտը ներկայացվելու, իսկ պետական գաղտնիք պարունակող գնում կատարելու դեպքում՝ լիազոր մարմնի համաձայնությունն ստանալու օրը պատվիրատուի ղեկավարի հրամանով կազմավորվում է հանձնաժողով: Հանձնաժողովի կազմավորման և գործունեության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված մրցույթի հանձնաժողովների կազմավորման և գործունեության կարգով՝ այնքանով, որքանով այդ կարգը կիրառելի է գնանշման միջոցով գնում կատարելու ընթացակարգի նկատմամբ:

7. Հանձնաժողովը կազմավորման օրվան հաջորդող աշխատանքային օրը գումարում է նիստ և հաստատում՝

ա) գնանշում կատարելու մասին հայտարարության (այսուհետև՝ հայտարարություն) տեքստը.

բ) գնանշման տեքստը:

8. Հայտարարությունը հաստատվելու օրվան հաջորդող 2 աշխատանքային օրվա ընթացքում գործակալությունն այն հրապարակում է ավելի քան 3 հազար օրինակ տպաքանակ ունեցող մամուլում՝ հայերենով:

9. Հայտարարությունը չի հաստատվում և հրապարակվում, եթե գնման առարկան հանդիսանում է պետական գաղտնիք: Նման դեպքում գնանշման տեքստն ուղարկվում է պատվիատուի կողմից որոշված առնվազն 2 անձի, և չեն գործում սույն կարգի 4-րդ, 10-րդ, 11-րդ և 16-րդ կետերը:

10. Տվյալ գնմանը մասնակցելու մտադրություն ունեցող անձինք հայտարարության հրապարակման օրվան հաջորդող 2 աշխատանքային օրվա ընթացքում գործակալություն են ներկայացնում գնանշման տեքստն ստանալու պահանջ: Այն ստանալու համար ներկայացվում է հայտարարությամբ պահանջված գումարի վճարված լինելը հավաստող՝ բանկի կողմից տրված փաստաթղթի պատճենը: Պահանջվող գումարի չափը չի կարող ավելի լինել գնանշման տեքստի պատճենահանման և առաքման համար պահանջվող ծախսերի չափից:

11. Գործակալությունը գնանշման տեքստը տրամադրում է նման պահանջ ստանալու օրվան հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում: Սույն կարգի համաձայն գնանշման տեքստը չստանալը չի կարող հիմք հանդիսանալ անձի ներկայացրած գնանշումը չընդունելու կամ մերժելու համար:

12. Մինչև գնանշման տեքստով նախատեսված օրը և ժամը, որոնք չեն կարող սահմանվել ոչ շուտ, քան հայտարարության հրապարակման, իսկ սույն կարգի 9-րդ կետով նախատեսված դեպքում՝ գնանշման տեքստն ուղարկվելու օրվանից հետո հինգերորդ աշխատանքային օրը գործակալություն են ներկայացվում գնանշումներ՝ սոսնձված, կնքված և ստորագրված փակ ծրարով: Գնանշումներն ընդունվում և գրանցվում են մրցույթի հայտերի ընդունման ու գրանցման համար՝ գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

13. Հանձնաժողովը գնանշումները ներկայացվելու համար սահմանված վերջին օրը և ժամին գումարում է նիստ և բացում սույն կարգի 12-րդ կետով նախատեսված ժամկետը լրանալու դրությամբ ներկայացված գնանշումների ծրարները: Գնանշումները գնահատվում են, ինչպես նաև հաղթողը որոշվում է մրցույթի հայտերի գնահատման և մրցույթի հաղթողին որոշելու համար՝ գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Եթե ներկայացվել է մեկ գնանշում, ապա հանձնաժողովը կարող է գնահատել այն:

14. Հանձնաժողովը կարող է գնանշումներ ներկայացրած անձանց հետ վարել բանակցություններ՝ դրա մասին կազմելով արձանագրություն: Արձանագրությունը կցվում է գնման ընթացակարգի արձանագրությանը:

15. Հանձնաժողովը մրցույթի հաղթողին որոշելու օրն այդ նիստի արձանա-գրության պատճենը տրամադրում է պատվիրատուի ղեկավարին: Արձանագրության հիման վրա մեկ աշխատանքային օրվա ընթացքում պատվիրատուի ղեկավարը ձեռնարկում է միջոցներ՝ մրցույթի հաղթող ճանաչված մասնակցի հետ պայմանագիր կնքելու համար:

16. Պայմանագիրը կնքելու օրը պատվիրատուն դրա պատճենը տրամադրում է պետական մարմնին:

17. Գնանշման միջոցով կատարվող գնումները ֆինանսավորվում են գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2001 թվականի
դեկտեմբերի 27-ի N 1267 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գնումների գործակալության գործունեության

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գնումների գործակալության (այսուհետև՝ գործակալություն) գործունեության կարգը։

2. Գնման ընթացակարգի առանձնահատկություններով պայմանավորված՝ այլ իրավական ակտերով կարող են սահմանվել գործակալության գործունեության հետ կապված՝ սույն կարգով չնախատեսված նորմեր:

 

II. Գործակալության կողմից կատարվող գնումները

 

3. Գործակալությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում և կարգով գնումներ կատարում է՝

ա) պետության կարիքների համար,

բ) համայնքների կարիքների համար,

գ) իրավաբանական անձանց կարիքների համար:

4. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում և կարգով պետության կարիքների համար ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերումն իրականացնում է գործակալությունը:

5. Գործակալությունը համայնքների կարիքների համար ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերումն իրականացնում է գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ տեղական ինքնակառավարման մարմնի հետ կնքած պայմանագրին համապատասխան:

6. Գործակալությունն իրավաբանական անձանց կարիքների համար ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերումն իրականացնում է իրավաբանական անձի հետ կնքած պայմանագրին համապատասխան:

7. Գործակալությունը գնումներն իրականացնում է բաց մրցույթներով՝ նպատակային և պարբերական, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում՝ նաև գնումների կատարման այլ ձևերով:

8. Բաց մրցույթը պարբերական է (այսուհետև՝ պարբերական մրցույթ), եթե գնման առարկան ներառված է սույն կարգի 10-րդ կետի համաձայն հաստատվող ցանկում:

9. Բաց մրցույթը նպատակային է (այսուհետև՝ նպատակային մրցույթ), եթե գնման առարկան ներառված չէ սույն կարգի 10-րդ կետի համաձայն հաստատվող ցանկում:

 

III. Պարբերական մրցույթներով գնումների իրականացումը

 

10. Պարբերական մրցույթներով ձեռք բերվող ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ցանկը (այսուհետև՝ ցանկ) սահմանում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը:

11. Ցանկը հաստատվելուց կամ դրանում փոփոխություն կատարվելուց հետո 10 օրվա ընթացքում գործակալության պետի հրամանով հաստատվում է ցանկում ներառված յուրաքանչյուր ապրանքի, աշխատանքի և (կամ) ծառայության տեխնիկական բնութագիրը և դրանք ձեռք բերելու համար հայտարարվելիք մրցույթների ժամանակացույցը:

12. Սույն կարգի 11-րդ կետում նշված հրամանի համաձայն յուրաքանչյուր մրցույթի համար կազմավորվում է առնվազն 5, բայց ոչ ավելի, քան 8 անդամից բաղկացած հանձնաժողով: Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են գործակալության աշխատողները և այն պետական մարմինների մեկական ներկայացուցիչները, որոնց կարիքների համար գործակալության կողմից կատարված համանման (նմանատիպ) գնումներն ունեն մեծ տեսակարար կշիռ: Պետական մարմինների և գործակալության ներկայացուցիչները հանձնաժողովի կազմում ընդգրկվում են հավասար թվով:

13. Մրցույթի հանձնաժողովի կազմավորումը և գործունեությունը, մրցույթի անցկացումը, մրցույթի հաղթողի ընտրությունը և պայմանագրի կնքումն ու դրա պահանջների կատարումն իրականացվում են գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

14. Մրցույթի հրավերի և մրցույթի հայտարարության տեքստերը հաստատելիս հանձնաժողովը հաշվի է առնում այն հանգամանքը, որ մրցույթում հաղթող ճանաչված անձի հետ կնքվող պայմանագրում պետք է նախատեսվեն նաև հետևյալ պայմանները՝

ա) պայմանագրի գործողության ժամկետը պետք է լինի առնվազն մինչև ընթացիկ տարվան հաջորդող տարվա հուլիսի 1-ը, բայց ոչ ավելի, քան 2 տարի.

բ) գնման առարկայի մեկ միավորի առավելագույն գինը և դրա փոփոխության հնարավորությունը՝ պայմանավորված տվյալ պայմանագրի շրջանակներում կատարվող գնումների ծավալի և ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման ու ծառայությունների մատուցման պայմանների փոփոխությամբ:

15. Գործակալությունը պարբերական մրցույթում հաղթող ճանաչված անձանց հետ պայմանագրեր կնքելուց հետո 5 օրվա ընթացքում այդ պայմանագրերը գրանցում է գործակալության կնքած պայմանագրերի ռեեստրում (այսուհետև՝ ռեեստր), որի ձևը և վարման կարգը սահմանում է լիազոր մարմինը:

Ռեեստրում ներառված տեղեկատվությունը և դրանում կատարվող փոփոխությունները հրապարակվում են ռեեստրում դրանց գրանցման օրվանից հետո հրատարակվող գնումների պաշտոնական տեղեկագրում:

16. Պետական մարմինը կամ գործակալության հետ պայմանագիր կնքած տեղական ինքնակառավարման մարմինը կամ իրավաբանական անձը ռեեստրում գրանցված պայմանագրի շրջանակներում գնում կատարելու նպատակով էլեկտրոնային կամ թղթային ձևով գրավոր դիմում է գործակալություն՝ վերջինիս ներկայացնելով տվյալ պայմանագրի շրջանակներում գնում կատարելու պահանջ:

17. Պետական մարմինը ռեեստրում գրանցված ապրանքի, աշխատանքի կամ ծառայության գնման պահանջի ծագման օրվանից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային կամ թղթային ձևով գրավոր դիմում է գործակալություն՝ ներկայացնելով գնման պահանջ:

18. Գործակալությունը գնման պահանջն ստանալու օրվանից 2 աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին էլեկտրոնային կամ թղթային ձևով գրավոր տեղեկացնում է պայմանագրի մյուս կողմին՝ հաստատելով կնքված պայմանագրի շրջանակներում ապրանք մատակարարելու, աշխատանք կատարելու կամ ծառայություն մատուցելու պատվեր:

Գործակալությունը պատվերը հաստատելու օրվան հաջորդող օրը դրա մասին ծանուցում է պահանջ ներկայացրած պետական մարմնին՝ տրամադրելով պայմանագրից քաղվածք՝ 3 օրինակից: Պետական մարմինը քաղվածքն ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում դրա մեկ օրինակը ներկայացնում է իրեն սպասարկող Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժանմունք:

Գնման ֆինանսավորումն իրականացվում է տվյալ պայմանագրի պայմաններին համապատասխան՝ գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Վճարողը պայմանագրի շրջանակներում վճարում կատարվելուց հետո 2 օրվա ընթացքում դրա մասին ծանուցում է գործակալությանը:

 

IV. Նպատակային մրցույթով գնումների իրականացումը

 

19. Նպատակային մրցույթով գնումներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պայմաններին համապատասխան, և դրանց նկատմամբ չեն կիրառվում սույն կարգի 11-18-րդ կետերի պահանջները:

 

V. Իրավաբանական անձանց կարիքների համար գնումների իրականացման առանձնահատկությունները

 

20. Իրավաբանական անձանց կարիքների համար գնում իրականացնելու նպատակով գործակալության հետ կնքված պայմանագրերով սահմանվում են նաև գնման ընթացակարգի կազմակերպման հետ կապված առանձնահատկությունները, այդ թվում՝ գնման առարկայի բնութագրերը հաստատելու և դրանք գործակալություն ներկայացնելու պայմանները:

21. Գործակալության՝ սույն կարգի 3-րդ կետի «գ» ենթակետով սահմանված դեպքում ծառայությունների մատուցումից ստացված դրամական միջոցները (մուտքերը) և այդ միջոցների հաշվին կատարվող ծախսերն արտացոլվում են գործակալության անվամբ բացված առանձին հաշվում:

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան