Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 4
Տիպ
Պաշտոնական պարզաբանում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.12.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2014.01.08/1(480)
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
10.12.2013
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
18.12.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

10 դեկտեմբերի 2013 թ.

թիվ 4

 

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

 

«ԲԱՆԿԱՅԻՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՈՐՈՇ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ (այսուհետ` Կենտրոնական բանկ) հասցեագրված «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) կիրառման բնագավառում ծագող մի շարք հարցերի պարզաբանման վերաբերյալ հարցումները,

նպատակ ունենալով ներքոնշյալ խնդիրների լուծման համար առաջարկել այնպիսի լուծումներ, որոնք կապահովեն և բանկի, և վերջինիս հաճախորդների, և դատարանների ու քրեական հետապնդում իրականացնող մարմինների օրինական շահերի պաշտպանությունը` միաժամանակ երաշխավորելով բանկային գաղտնիքի հետ կապված հարաբերությունների անխաթարությունը,

լսելով ներքոնշյալ խնդիրների և դրանցից բխող հարցադրումների վերաբերյալ Կենտրոնական բանկի նախաձեռնությամբ ձևավորված աշխատանքային խմբի (կազմված «Մելլաթ բանկ» ՓԲԸ-ի, «Պրոկրեդիտ բանկ» ՓԲԸ-ի, «Արարատբանկ» ՓԲԸ-ի, «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի, «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի, «Արմսվիսբանկ» ՓԲԸ-ի և Կենտրոնական բանկի իրավաբանական վարչության ներկայացուցիչներ) դիրքորոշումը,

կարևորելով Օրենքի կարգավորման շրջանակում ընդգրկվող սուբյեկտների կողմից բարձրացված հարցերի և դրանցում առկա խնդիրների պարզաբանման անհրաժեշտությունը` Կենտրոնական բանկը սույն պաշտոնական պարզաբանման շրջանակներում անդրադառնում է ստորև ներկայացված խնդիրներին և դրանց հետևանքով առաջացող հարցադրումներին: Մասնավորապես`

Խնդիր 1. Առկա են դեպքեր, երբ քրեական հետապնդում իրականացնող մարմնին կամ դատարանին բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ տրամադրելու մասին դատարանի որոշումներում անձի կարգավիճակի (մեղադրյալ կամ կասկածյալ, քրեական կամ քաղաքացիական գործի կողմ) վերաբերյալ տեղեկությունները չեն համապատասխանում օրենքով սահմանված պահանջներին կամ ընդհանրապես բացակայում են անձի կարգավիճակի (մեղադրյալ կամ կասկածյալ, քրեական կամ քաղաքացիական գործի կողմ) վերաբերյալ տեղեկությունները: Օրինակ` բանկը ստանում է դատարանի` բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների առգրավման թույլտվության մասին որոշում, որով պահանջվում է տրամադրել Պողոս Պողոսյանի վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկատվություններ, սակայն Պողոս Պողոսյանը տվյալ քրեական գործով հանդես է գալիս որպես վկա.

Խնդիր 1-ից բխող հարցադրում` ինչպե՞ս պետք է վարվի բանկը այն դեպքում, երբ քրեական հետապնդում իրականացնող մարմինը կատարման է ներկայացնում բանկային գաղտնիք կազմող տեղեկատվության առգրավման կամ խուզարկության մասին դատարանի որոշում, որի բովանդակությունից հնարավոր չէ պարզել այն փաստը, թե արդյո՞ք որոշմամբ պահանջվող տեղեկատվությունը վերաբերում է քրեական գործով որպես մեղադրյալ կամ կասկածյալ ներգրավված անձանց, կամ երբ դատարանը կատարման է ներկայացնում դատարանի որոշում, որի բովանդակությունից հնարավոր չէ պարզել, թե որոշմամբ պահանջվող տեղեկատվությունը արդյո՞ք քրեական կամ քաղաքացիական գործի կողմ հանդիսացող անձանց վերաբերյալ է:

Խնդիր 2. Առկա են դեպքեր, երբ քրեական հետապնդում իրականացնող մարմինները բանկից պահանջում են իրավաբանական անձ հաճախորդի կամ մահացած ֆիզիկական անձի վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ, մինչդեռ «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված չէ նշված անձանց վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների տրամադրման կարգ.

Խնդիր 2-ից բխող հարցադրում` Կարող են արդյո՞ք բանկերը դատարանի որոշման հիման վրա քրեական հետապնդում իրականացնող մարմիններին տրամադրել իրավաբանական անձանց կամ մահացած ֆիզիկական անձանց վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ:

Խնդիր 3. Հաճախ քրեական հետապնդում իրականացնող մարմինները, չանդրադառնալով Օրենքի 10-րդ հոդվածով նախատեսված կարգավորմանը, բանկից պահանջում են տրամադրել բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ` ներկայացնելով Օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն հաճախորդի կողմից տրված գրավոր թույլտվությունը.

Խնդիր 3-ից բխող հարցադրում` ինչպե՞ս պետք է վարվի բանկն այն դեպքում, երբ քրեական հետապնդում իրականացնող մարմինները պահանջում են տրամադրել անձի վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկատվություն` ներկայացնելով Օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված իր վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները հրապարակելու մասին տվյալ անձի գրավոր թույլտվությունը:

Խնդիր 4. Առկա են դեպքեր, երբ քրեական հետապնդում իրականացնող մարմինը կամ դատարանը առանց դատարանի համապատասխան որոշման հարցում է ուղարկում բանկին` պահանջելով ներկայացնել կոնկրետ հարցմամբ պահանջվող ընդհանրական տեղեկատվություն: Մասնավորապես, լինում են դեպքեր, երբ կոնկրետ հարցման մասով բանկում տեղեկատվությունը բացակայում է, սակայն տվյալ անձը հանդիսանում է բանկի հաճախորդ: Օրինակ` հարցմամբ պահանջվում է ներկայացնել տեղեկատվություն, թե արդյոք Պողոս Պողոսյանը բանկում ունի ներդրված ավանդ, թե` ոչ: Պողոս Պողոսյանը բանկում ներդրված ավանդ չունի, սակայն հանդիսանում է բանկի հաճախորդ, քանի որ նա ունի բանկից վերցված վարկ: Լինում են նաև դեպքեր, երբ անձը ընդհանրապես չի հանդիսանում բանկի հաճախորդ.

Խնդիր 4-ից բխող հարցադրում` ինչպե՞ս պետք է վարվի բանկն այն դեպքում, երբ քրեական հետապնդում իրականացնող մարմինների կամ դատարանների կողմից ստանում է նմանատիպ հարցումներ:

Վերը նշված խնդիրների լուծման և այդ խնդիրներից բխող հարցադրումների պարզաբանման համար ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ օրենսդրական կարգավորումներին.

üՕրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների տրամադրումը` միայն սույն օրենքով նախատեսված դեպքերում, հիմքերով և պետական մարմիններին, պաշտոնատար անձանց ու քաղաքացիներին այդ տեղեկությունները բանավոր կամ գրավոր ձևով հաղորդելն է»,

üՕրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Բանկերը քրեական գործով կասկածյալ կամ մեղադրյալ ներգրավված անձանց վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները քրեական հետապնդում իրականացնող մարմիններին տրամադրում են միայն դատարանի որոշման հիման վրա` սույն օրենքին և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան»,

üՕրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Բանկերը քաղաքացիական կամ քրեական գործերի կողմ հանդիսացող իր հաճախորդների վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները սույն օրենքին համապատասխան տրամադրում են միայն դատարանի` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության կամ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով ընդունված որոշման հիման վրա»,

üՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 172-րդ հոդվածի 3.2-րդ կետի համաձայն` «Քրեական հետապնդում իրականացնող մարմինները քրեական գործով կասկածյալ կամ մեղադրյալ ներգրավված անձանց վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող… տեղեկությունները կարող են ստանալ խուզարկության կամ առգրավման որոշման հիման վրա»,

üՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 16-րդ մասի համաձայն` «կողմ` մարմիններ և անձինք, որոնք քրեական դատավարությունում մրցակցային հիմունքներով իրականացնում են քրեական հետապնդում կամ պաշտպանություն»,

üՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Քաղաքացիական դատավարության կողմերն են հայցվորը և պատասխանողը»,

üՕրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` «Որոշակի հաճախորդի վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները կարող են հրապարակվել տվյալ հաճախորդի գրավոր կամ դատարանում տրված բանավոր թույլտվությամբ: Հաճախորդի թույլտվությամբ կարող են հրապարակվել միայն տվյալ հաճախորդին վերաբերող տեղեկությունները»:

üՕրենքի 15-րդ հոդվածի համաձայն` «1. Բանկը բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները սույն օրենքի 10, 11, 12 և 13 հոդվածներին համապատասխան տրամադրում է միայն իր հաճախորդի վերաբերյալ, ընդ որում, եթե հաճախորդների` բանկում պահվող փաստաթղթերում նշված են այլ անձանց կամ կազմակերպությունների անուններ կամ անվանումներ, գործարքի (գործառնության) պայմաններ և նման այլ տեղեկություններ, վերջիններս սույն հոդվածի իմաստով համարվում են հաճախորդի վերաբերյալ տեղեկություններ: 2. Բանկը իրավունք չունի տվյալ հաճախորդի վերաբերյալ սույն օրենքում սահմանված կարգով տեղեկություններ տրամադրելիս, վերջինիս կողմից կնքված պայմանագրի կամ այլ գործարքների (գործառնությունների) կողմ հանդիսացող անձանց և կազմակերպությունների վերաբերյալ տեղեկություններ տրամադրել, եթե դրանք չեն պահանջվել սույն օրենքով սահմանված կարգով»:

üՕրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Բանկային գաղտնիք են համարվում հաճախորդին սպասարկելու կապակցությամբ տվյալ բանկին հայտնի դարձած հաճախորդի հաշիվների վերաբերյալ տեղեկությունները, հաճախորդի հանձնարարությամբ կամ հօգուտ հաճախորդի կատարված գործառնությունների վերաբերյալ տեղեկությունները, ինչպես նաև նրա առևտրային գաղտնիքը, գործունեության ցանկացած ծրագրի կամ մշակման, գյուտի, արդյունաբերական նմուշի մասին տեղեկությունները և նրա վերաբերյալ ցանկացած այլ տեղեկություն, որը հաճախորդը մտադիր է եղել գաղտնի պահել, և բանկը տեղյակ է կամ կարող էր տեղյակ լինել այդ մտադրության վերաբերյալ»:

Վերը նշված իրավանորմերի վերլուծության արդյունքում Կենտրոնական բանկի խորհուրդը հանգում է հետևյալին.

Օրենքի համաձայն բանկային գաղտնիքի տրամադրումը օրինաչափ գործողություն է, եթե այն իրականացվել է բացառապես օրենքով նախատեսված դեպքերում և հիմքերով: Հաշվի առնելով քրեական հետապնդում իրականացնող մարմիններին կամ դատարաններին բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների տրամադրման վերաբերյալ առկա օրենսդրական կարգավորումը (Օրենքի 10-րդ և 11-րդ հոդվածները)` Կենտրոնական բանկը փաստում է, որ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները քրեական հետապնդում իրականացնող մարմնին գրավոր կամ բանավոր ձևով հաղորդելը կարող է համարվել բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների օրինաչափ տրամադրում միայն այն պարագայում, երբ համապատասխան հիմքի (տվյալ դեպքում` դատարանի որոշման) առկայության դեպքում բանկի կողմից հաղորդվում են քրեական գործով որպես կասկածյալ կամ մեղադրյալ ներգրավված իր հաճախորդի վերաբերյալ տեղեկությունները, իսկ դատարաններին` միայն քրեական կամ քաղաքացիական գործի կողմ հանդիսացող իր հաճախորդի վերաբերյալ տեղեկությունները: Ընդ որում` քաղաքացիական գործով կողմ են հանդիսանում` հայցվորը և պատասխանողը, իսկ քրեական գործով` մեղադրանքի կողմը (դատախազ, քննիչ, հետաքննության մարմիններ, տուժող, քաղաքացական հայցվոր) կամ պաշտպանության կողմը (կասկածյալ, մեղադրյալ, արդարացված, պաշտպան, քաղաքացիական պատասխանող): Ուստիև, հաճախորդի վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկատվության ապօրինի հրապարակման և վերջիններիս իրավունքների ոտնահարման հնարավոր ռիսկը զսպելու, Օրենքի 10-րդ և 11-րդ հոդվածների համաձայն տրամադրում իրականացնելու նպատակով բոլոր այն դեպքերում, երբ դատարանի համապատասխան որոշմամբ պահանջվում է տրամադրել բանկային գաղտնիք կազմող տեղեկատվություն անձի վերաբերյալ, ում կարգավիճակը որոշման բովանդակությունից անհայտ է, ապա բանկը պետք է ձեռնարկի միջոցառումներ անձանց կարգավիճակը պարզելու համար:

Կենտրոնական բանկը անվիճելի է համարում այն հանգամանքը, որ Օրենքի 10-րդ հոդվածը և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 172-րդ հոդվածի 3.2-րդ մասը սահմանում են երկու միաժամանակ պարտադիր և կումուլատիվ պայմանների առկայություն` քրեական հետապնդում իրականացնող մարմիններին բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ տրամադրելու համար` առանց տարանջատելու` պահանջվող տեղեկատվությունը վերաբերում է ֆիզիկական, թե իրավաբանական անձին, և միաժամանակ առանց տարանջատելու` պահանջվող տեղեկատվությունը վերաբերում է կենդանի, թե մահացած անձին: Այդ պայմաններն են`

1) Քրեական գործով կասկածյալ կամ մեղադրյալ ներգրավված անձի առկայությունը (Օրենքի 10-րդ հոդված, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 172-րդ հոդված),

2) Խուզարկության կամ առգրավման վերաբերյալ դատարանի որոշումը (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 172-րդ հոդված):

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ օրենսդրությունը չի թույլատրում որպես մեղադրյալ կամ կասկածյալ ներգրավել ո՛չ իրավաբանական անձին, ո՛չ էլ ֆիզիկական անձին մահվանից հետո, ինչպես նաև այն, որ Օրենքը չի սահմանում այդ անձանց բանկային գաղտնիքի տրամադրման կարգը, ուստի բանկերի կողմից Իրավաբանական անձանց և մահացած ֆիզիկական անձանց վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները քրեական հետապնդում իրականացնող մարմիններին որևէ հիմքով տրամադրելը կդիտվի որպես բանկային գաղտնիքի ապօրինի հրապարակում:

Կենտրոնական բանկի խորհուրդը փաստում է, որ քրեական հետապնդում իրականացնող մարմինների համար Օրենքի 10-րդ հոդվածով սահմանվել է հատուկ կարգավորում, որի առկայության պարագայում Օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասը կիրառելի չէ:

Կենտրոնական բանկի խորհուրդը փաստում է նաև, որ Օրենքի կարգավորումից դուրս են այն դեպքերը, երբ հարցմամբ պահանջվում է ներկայացնել տեղեկատվություն բանկի հաճախորդ չհանդիսացող անձի վերաբերյալ: Միևնույն ժամանակ, Կենտրոնական բանկի խորհուրդը գտնում է, որ բանկի հաճախորդի վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների առկայության մասին ընդհանրական հարցումների պատասխանները (այդ թվում` բացասական) նույնպես հանդիսանում են բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ, որոնք քրեական հետապնդում իրականացնող մարմնին կամ դատարանին կարող են տրամադրվել Օրենքի 10-րդ և 11-րդ հոդվածների համաձայն:

Ելնելով վերոգրյալից, հաշվի առնելով Օրենքի 7-րդ հոդվածի և 8-րդ հոդվածի 1-ին մասերը, հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը պաշտոնապես պարզաբանում է.

1. Բանկը քրեական հետապնդում իրականացնող մարմնին Օրենքի 10-րդ հոդվածին համապատասխան բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ կարող է տրամադրել բացառապես տվյալ քրեական գործով որպես մեղադրյալ կամ կասկածյալ ներգրավված անձանց վերաբերյալ: Բոլոր այն դեպքերում, երբ դատարանի որոշման բովանդակությունից հնարավոր չէ պարզել, թե արդյոք անձը, որի վերաբերյալ պահանջվում է տրամադրել տեղեկատվություն, հանդիսանում է տվյալ քրեական գործով որպես մեղադրյալ կամ կասկածյալ, ապա բանկը նշված փաստը պարզելու նպատակով գրություն է ուղարկում համապատասխան քրեական հետապնդում իրականացնող մարմնի ղեկավարին (գրության օրինակելի ձևը համաձայն սույն պարզաբանման Հավելված 1-ի): Քրեական հետապնդում իրականացնող մարմնի կողմից նշված փաստի առկայության վերաբերյալ բավարար հիմնավորումներ (դատարանի որոշման պարզաբանում, անձին որպես մեղադրյալ կամ կասկածյալ ներգրավելու մասին քրեական հետապնդում իրականացնող մարմնի որոշում կամ քրեական հետապնդում իրականացնող մարմնի ղեկավարի կողմից բանկին ուղղված գրությամբ տրված հավաստում) ներկայացվելու դեպքում բանկը Օրենքի 10-րդ հոդվածով սահմանված ժամկետներում և կարգով տրամադրում է հայցվող տեղեկատվությունը:

2. Բանկը դատարանին Օրենքի 11-րդ հոդվածի համաձայն բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ կարող է տրամադրել բացառապես քրեական կամ քաղաքացիական գործով կողմ հանդիսացող իր հաճախորդի վերաբերյալ: Ընդ որում, քաղաքացիական գործով կողմեր են` հայցվորը և պատասխանողը, իսկ քրեական գործով` մեղադրանքի կողմը (դատախազ, քննիչ, հետաքննության մարմիններ, տուժող, քաղաքացիական հայցվոր) և պաշտպանության կողմը (կասկածյալ, մեղադրյալ, արդարացված, պաշտպան, քաղաքացիական պատասխանող): Բոլոր այն դեպքերում, երբ դատարանի որոշման բովանդակությունից հնարավոր չէ պարզել, թե արդյոք անձը, որի վերաբերյալ պահանջվում է տրամադրել տեղեկատվություն, հանդիսանում է տվյալ քրեական կամ քաղաքացիական գործի կողմ, ապա բանկը նշված փաստը պարզելու նպատակով գրություն է ուղարկում դատարանին (գրության օրինակելի ձևը` համաձայն սույն պարզաբանման Հավելված 2-ի): Դատարանի կողմից նշված փաստի առկայության վերաբերյալ բավարար հիմնավորումներ (դատարանի որոշման պարզաբանում կամ դատարանի կողմից բանկին ուղղված գրությամբ տրված հավաստում) ներկայացվելու դեպքում բանկը Օրենքի 11-րդ հոդվածով սահմանված ժամկետներում և կարգով տրամադրում է հայցվող տեղեկատվությունը:

3. Բանկերի կողմից քրեական հետապնդում իրականացնող մարմիններին Իրավաբանական անձանց և մահացած ֆիզիկական անձանց վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները որևէ հիմքով տրամադրելը կդիտվի որպես բանկային գաղտնիքի ապօրինի հրապարակում:

4. Առևտրային բանկերը քրեական հետապնդում իրականացնող մարմիններին բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները տրամադրում են միայն Օրենքի 10-րդ հոդվածով սահմանված կարգով, հետևաբար Օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն հաճախորդի կողմից տրամադրված թույլտվությունը հիմք չէ նրա վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները քրեական հետապնդում իրականացնող մարմիններին տրամադրելու համար:

5. Քրեական հետապնդում իրականացնող մարմինների կամ դատարանի կողմից առանց դատարանի որոշման բանկի հաճախորդի վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների առկայության մասին հարցումները բանկի կողմից ենթակա են մերժման` անկախ հարցման բովանդակությունից: Բանկի հաճախորդ չհանդիսանալու վերաբերյալ տեղեկատվությունը Օրենքի 4-րդ հոդվածի համաձայն չի հանդիսանում բանկային գաղտնիք կազմող տեղեկատվություն, ուստի վերջինիս տրամադրման հետ կապված հարաբերությունները դուրս են Օրենքի կարգավորման շրջանակից:

6. Սույն պարզաբանումը չի շոշափում «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 13.1 հոդվածով կարգավորվող հարաբերությունները:

 

ՀՀ կենտրոնական բանկի 
 նախագահ 

Ա. Ջավադյան


 2013 թ. դեկտեմբերի 18

Երևան

 

 

Հավելված 1

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2013 թվականի դեկտեմբերի 10-ի

թիվ 4 պաշտոնական պարզաբանման

 

 

___________ քրեական հետապնդում իրականացնող մարմնի

ղեկավար պարոն/տիկին ___________________________ -ին

 

Հարգելի պարոն/տիկին ____________________________

 

Դատարանի _____.______._____ թ. որոշմամբ պահանջվել են _________________________

_____________-ի վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները:

Վերոհիշյալ որոշումից հստակ չի երևում, թե _____________________________ թիվ ________ քրեական գործով ներգրավված է որպես մեղադրյալ կամ կասկածյալ, թե ոչ:

Հաշվի առնելով, որ «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածը սահմանում է, որ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները քրեական հետապնդում իրականացնող մարմիններին տրամադրվում են միայն քրեական գործերով որպես մեղադրյալ կամ կասկածյալ ներգրավված անձանց վերաբերյալ, ուստի խնդրում եմ պարզաբանել, թե _________________________________ թիվ ______ քրեական գործով ներգրավված է որպես մեղադրյալ կամ կասկածյալ, թե ոչ:

 

Կանխավ շնորհակալ եմ:

 
 

Տնօրեն/վարչության նախագահ

 

 

Հավելված 2

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2013 թվականի դեկտեմբերի 10-ի

թիվ 4 պաշտոնական պարզաբանման

 

 

____________________________________ դատարանի

դատավոր պարոն/տիկին ______________________ -ին

 

Հարգելի պարոն/տիկին ________________________

 

Ձեր կողմից _____.______._____ թ. կայացված որոշմամբ/վճռով/դատավճռով պահանջվել են ________________________ -ի վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները:

Վերոհիշյալ որոշումից/վճռից/դատավճռից հստակ չի երևում, թե ________________________ հանդիսանում է թիվ __________ քաղաքացիական/քրեական գործով կողմ, թե ոչ:

Հաշվի առնելով, որ «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածը սահմանում է, որ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները դատարանին տրամադրվում են, եթե բանկի հաճախորդը հանդիսանում է քաղաքացիական/քրեական գործերով կողմ, ուստի խնդրում եմ պարզաբանել, թե ____________________________ թիվ __________ քաղաքացիական/քրեական գործով կողմ հանդիսանում է, թե ոչ:

 

Կանխավ շնորհակալ եմ:

 
 

Տնօրեն/վարչության նախագահ