ԱՌԱՋԻՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
ՍՄԲԱՏ ԱՅՎԱԶՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ
(գանգատ թիվ 49021/08)
Վ Ճ Ի Ռ
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
8 հոկտեմբերի 2020 թ.
Հոդված 11 • Խաղաղ հավաքների ազատությունը • Ընդդիմության աջակցի նկատմամբ կամայական հետապնդումը և դատապարտումը՝ կապված բողոքի շարժմանը նրա մասնակցության հետ • Ընդդիմության ակտիվիստների արհեստածին և քաղաքական շարժառիթներով պայմանավորված ձերբակալությունների և հետապնդումների կրկնվող օրինաչափությունը
Հոդված 5 § 1 • Օրինական ձերբակալումը կամ կալանավորումը • Դատարանի կողմից որոշում չընդունելը շարունակական կալանքի վերաբերյալ
Հոդված 5 § 3 • Նախնական կալանքի ողջամիտ բնույթը • Ներպետական դատարանների կողմից դիմումատուի շարունակական կալանքի համար վերաբերելի և բավարար պատճառներ չներկայացնելը
Հոդված 5 § 4 • Կալանքի օրինականության ստուգումը • Երկարացված ժամկետով կալանքի դեմ դիմումատուի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը քննելու անհիմն մերժումը միայն այն հիմքով, որ քրեական գործն այլևս չի գտնվում մինչդատական փուլում
Հոդված 6 § 1 (քրեական) • Արդար դատաքննությունը • Ոստիկանության ծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու համար քրեական գործով դատապարտումը՝ ակնհայտորեն հիմնված քննարկվող իրադարձություններում ակտիվորեն ներգրավված ոստիկանության ծառայողների ցուցմունքների վրա • Ներպետական դատարանի կողմից մեղադրական ցուցմունքները չստուգելը
Սույն վճիռը վերջնական է դառնում Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքերում։ Այն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների։
Սմբատ Այվազյանն ընդդեմ Հայաստանի գործով,
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Առաջին բաժանմունք), հանդես գալով Պալատի հետևյալ կազմով՝
Քրշիշթոֆ Վոյտիչեկ [Krzysztof Wojtyczek]` Նախագահ,
Լինոս-Ալեքսանդր Սիցիլիանոս [Linos-Alexandre Sicilianos],
Ալեշ Պեյխալ [Aleš Pejchal],
Պերե Պաստոր Վիլանովա [Pere Pastor Vilanova],
Պաուլին Կոսկելո [Pauliine Koskelo],
Յովան Իլևսկի [Jovan Ilievski]՝ դատավորներ,
Արմեն Մազմանյան [Armen Mazmanyan]՝ ad hoc (ժամանակավոր) դատավոր,
և Ռենատա Դեգեներ [Renata Degener]՝ Բաժանմունքի քարտուղարի տեղակալ,
հաշվի առնելով՝
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի պրն Սմբատ Այվազյանի (դիմումատու) կողմից ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ 2008 թվականի սեպտեմբերի 24-ին Դատարան ներկայացված գանգատը,
դիմումատուի կալանավորման, նրա արդար դատաքննության իրավունքի, ինչպես նաև նրա՝ խոսքի և խաղաղ հավաքների ազատության իրավունքի ենթադրյալ խախտման վերաբերյալ բողոքների մասին Հայաստանի Հանրապետության կառավարությանը (Կառավարություն) ծանուցելու և գանգատը մնացած մասով անընդունելի հայտարարելու մասին որոշումը,
կողմերի դիտարկումները,
Պալատի նախագահի՝ պրն Արմեն Մազմանյանին որպես ad hoc դատավոր նշանակելու մասին որոշումը (Դատարանի կանոնակարգի 29-րդ կանոն), քանի որ Հայաստանի կողմից ընտրված դատավոր պրն Արմեն Հարությունյանն ի վիճակի չի եղել մասնակցելու գործի քննությանը (28-րդ կանոն),
դիմումատուի այրու գրությունը, որով տեղեկացրել է Դատարանին դիմումատուի մահվան և վերջինիս կողմից ներկայացված գանգատով վարույթում հանդես գալու իր ցանկության մասին,
2020 թվականի սեպտեմբերի 15-ին անցկացնելով դռնփակ խորհրդակցություն,
կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց նույն օրը.
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
1. Գործը վերաբերում է դիմումատուի կարճաժամկետ կալանքի՝ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված օրինականության պահանջին ենթադրյալ անհամապատասխանությանը, Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջով ներպետական դատարանների կողմից դիմումատուի կալանավորման համար վերաբերելի և բավարար պատճառներ չներկայացնելուն, Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ կետի երաշխիքների խախտմամբ կալանքի դեմ դիմումատուի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի քննությունը մերժելուն, դիմումատուի դատավարության ենթադրյալ անարդարացիությանը և Կոնվենցիայի 1-ին կետով և 3-րդ կետի «դ» ենթակետով երաշխավորված՝ նրա՝ վկաներ կանչելու իրավունքի խախտմանը, ինչպես նաև այն փաստարկին, որ դիմումատուի նկատմամբ հետապնդումը և դատապարտումն իրականացվել են Կոնվենցիայի 10-րդ, 11-րդ և 14-րդ հոդվածներով սահմանված պահանջների խախտմամբ:
ՓԱՍՏԵՐԸ
2. Դիմումատուն ծնվել է 1959 թվականին, իսկ 2014 թվականին, երբ նա մահացավ, բնակվում էր Փարիզում: Դիմումատուին ներկայացրել է Երևանում գործող իրավաբան տկն Լ. Սահակյանը։
3. Կառավարությունը ներկայացրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցիչ պրն Գ. Կոստանյանը, իսկ այնուհետև՝ պրն Ե. Կիրակոսյանը։
4. Գործով փաստերը, ինչպես ներկայացրել են կողմերը, ամփոփ շարադրվում են ստորև:
I. 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 19-ԻՆ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
5. 2008 թվականի փետրվարի 19-ին Հայաստանում տեղի են ունեցել նախագահական ընտրություններ: Հիմնական թեկնածուներն էին իշխող կուսակցությունը ներկայացնող, գործող վարչապետ պրն Սարգսյանն ու հիմնական ընդդիմադիր թեկնածու պրն Տեր-Պետրոսյանը:
6. Ընտրությունների նախնական արդյունքները հայտարարելուց անմիջապես հետո Տեր-Պետրոսյանն իր կողմնակիցներին կոչ է արել հավաքվել Երևանի կենտրոնում գտնվող Ազատության հրապարակում՝ ընտրական գործընթացում ենթադրաբար տեղի ունեցած խախտումների դեմ իրենց բողոքն արտահայտելու նպատակով՝ հայտարարելով, որ ընտրությունները չեն եղել ազատ և արդար։ 2008 թվականի փետրվարի 20-ից սկսած՝ դիմումատուի կողմնակիցներն ամեն օր անցկացրել են համազգային բողոքի ցույցեր՝ իրենց հանդիպումների հիմնական վայրը դարձնելով Ազատության հրապարակը և շրջակա այգին: Ինչպես պարզ է դառնում, Ազատության հրապարակում անցկացվող ցույցերին երբեմն ներգրավվել են տասնյակ հազարավոր մարդիկ, իսկ մի քանի հարյուր ցուցարարներ, տեղադրելով վրաններ, քսանչորս ժամ շարունակ մնացել են այդ վայրում։
7. Դիմումատուն, որը Հայաստանի Հանրապետության խորհրդարանի նախկին անդամ էր, ինչպես նաև նախկինում Կառավարությունում զբաղեցրել էր տարբեր պաշտոններ, այդ թվում՝ նախարարի պաշտոն, ընդդիմադիր կուսակցության քաղխորհրդի անդամ էր և նախագահական ընտրություններում իր աջակցությունն էր հայտնել պրն Տեր-Պետրոսյանի թեկնածությանը: Նա ցույցերի ակտիվ մասնակից էր և պարբերաբար մասնակցում էր շարունակվող ցույցերին և նստացույցերին: Պարզ է դառնում, որ դիմումատուն 2008 թվականի փետրվարի 23-ի լույս 24-ի գիշերն անցկացրել է Ազատության հրապարակում:
II. ԴԻՄՈԻՄԱՏՈՒԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՐՈՒՑՎԱԾ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ ՎԱՐՈՒՅԹԸ
Ա. Դիմումատուի ձերբակալումը և քրեական գործի հարուցումը
8. Ըստ դիմումատուի, 2008 թվականի փետրվարի 24-ին՝ առավոտյան ժամը 10-ի սահմաններում, երբ ինքը և իր երկու ընկերներ Ա. Սիս.-ը և Վ.Կ.-ն Ազատության հրապարակում անցկացվող ցույցից տուն էին գնալիս, Տերյան փողոցում իրենց ավտոմեքենայի ճանապարհը փակել է մեկ այլ ավտոմեքենա, որի միջից դուրս են եկել դիմակավոր զինված անձինք և պահանջել, որ ինքն ու իր ընկերները դուրս գան ավտոմեքենայից: Իրեն գցել են գետնին և խուզարկել, սակայն ոչինչ չեն հայտնաբերել: Դրանից հետո իրեն և մյուսներին նստեցրել են ավտոմեքենան և տարել Հայաստանի Հանրապետության ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն (այսուհետ՝ ԿՀԴՊԳՎ):
9. 2008 թվականի փետրվարի 24-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, դիմումատուն, համաձայն «բերման ենթարկելու մասին արձանագրության», ԿՀԴՊԳՎ-ի ոստիկանության օպերատիվ աշխատակիցների կողմից «ապօրինի զենք և զինամթերք կրելու կասկածանքով» «բերման է ենթարկվել» ԿՀԴՊԳՎ:
10. Առավոտյան ժամը 11:45-ին ԿՀԴՊԳՎ-ում դիմումատուն երկու ընթերակաների ներկայությամբ ոստիկանության ծառայողների կողմից ենթարկվել է խուզարկության: Համապատասխան արձանագրության մեջ նշվել է, որ դիմումատուի վերարկուի գրպանում հայտնաբերվել է զսպանակավոր մահակ: Այնուհետև նշվել է, որ դիմումատուն հայտարարել է այն մասին, որ մահակն իրեն է պատկանել, և որ ինքն այն կրել է ինքնապաշտպանության համար:
11. Դիմումատուն Դատարան ներկայացրած իր գանգատում վիճարկել է իրեն խուզարկության ենթարկելու հանգամանքը և պնդել, որ չի հայտնաբերվել որևէ զենք կամ այլ արգելված իրեր դրա արդյունքում: Այնուհետև նրան տեղափոխել են մեկ այլ սենյակ, որտեղ ոստիկանության ծառայողը նրան ցույց է տվել մի մահակ՝ ասելով, որ այն հայտնաբերվել է նրա մեքենայում: Նա հերքել էր, որ մահակն իրեն է պատկանել, կամ որ այն երբևէ եղել է իր մեքենայում, սակայն ոստիկանության ծառայողներն սկսել էին նրան համոզել, որ խոստովանի, թե մահակը հայտնաբերվել է իր անձնական խուզարկության ընթացքում՝ ասելով, որ նրան՝ որպես Որսորդների միության անդամի, թույլատրվում է տիրապետել այն: Այնուհետև նրանք սպառնացել էին, որ եթե նա հրաժարվի խոստովանել դա, ապա իրենք կարձանագրեն, որ մահակը հայտնաբերվել է Ա.Սիս.-ի և Վ.Կ.-ի անձնական խուզարկության ժամանակ, ինչի համար նրանք, չլինելով Որսորդների միության անդամ, քրեական հետապնդման կենթարկվեին: Այդպիսի հանգամանքներում նա ստիպված է եղել խոստովանել, որ մահակը պատկանել է իրեն: Դրանից հետո միայն կանչել են երկու ընթերականերին և արձանագրություն կազմել նրա անձնական խուզարկության վերաբերյալ:
12. Չպարզված ժամի դիմումատուի ավտոմեքենան խուզարկվել է ԿՀԴՊԳՎ-ում, և հայտնաբերվել է «Մակարով» տեսակի ատրճանակ:
13. Նույն օրը ԿՀԴՊԳՎ-ի աշխատակիցներից մեկը զեկուցել է ԿՀԴՊԳՎ-ի պետին, որ 2008 թվականի փետրվարի 24-ին՝ ժամը 11-ին, անանուն զանգ է ստացվել ԿՀԴՊԳՎ, որով ասվում է, որ «Լեքսուս» մակնիշի սև ավտոմեքենա է կայանված Երևան քաղաքի Տերյան և Կորյուն փողոցների խաչմերուկում, և որ դրա ուղևորները զինված են: ԿՀԴՊԳՎ-ի ոստիկանության ծառայողների օպերատիվ խումբն անմիջապես մեկնել էր դեպքի վայր և կալանքի տակ վերցրել վերոնշյալ ավտոմեքենան և դրա ուղևորներին՝ դիմումատուին, Ա.Սիս.-ին և Վ.Կ.-ին: Մի զսպանակավոր մահակ էր հայտնաբերվել դիմումատուի խուզարկության ժամանակ, և «Մակարով» տեսակի ատրճանակ՝ նրա ավտոմեքենայի խուզարկության ժամանակ:
14. Դիմումատուն ցուցմունք է տվել, որով պնդել է, որ նախորդ գիշերն ինքն անցկացրել է Ազատության հրապարակում՝ մասնակցելով ի աջակցություն պրն Տեր-Պետրոսյանի անցկացվող ցույցին, և որ առավոտյան տուն վերադառնալիս իր ավտոմեքենան Տերյան փողոցում կանգնեցրել են ոստիկանության ծառայողները, որոնք իրեն և մյուս ուղևորներին տարել են ԿՀԴՊԳՎ: Դիմումատուն այնուհետև պնդել է, որ «Մակարով» ատրճանակն իրեն է պատկանում, այն գրանցված զենք է, որը 1994 թվականին իրեն է հատկացվել Պաշտպանության նախարարի կողմից, և որ ինքն ունի անհրաժեշտ փաստաթղթեր, որոնք ցույց են տալիս, որ ինքն այն օրինական է կրում: Ինչ վերաբերում է իրեն խուզարկելու ընթացքում հայտնաբերված մահակին, ապա այն նույնպես իրեն է պատկանում, և ինքն այն կրում է ինքնապաշտպանության համար:
15. Նույն օրը դիմումատուն և նրա գործին առնչվող նյութերը ԿՀԴՊԳՎ-ից փոխանցվել են Ոստիկանության Երևան քաղաքի Կենտրոնական բաժին՝ լրացուցիչ քննություն իրականացնելու համար, որտեղ էլ քննիչը որոշել է կարգադրություն անել թմրանյութերի օգտագործում հայտնաբերելու նպատակով դիմումատուի՝ դատաքիմիական-թունաբանական փորձաքննություն անցնելու վերաբերյալ՝ այդպիսի փորձաքննություն անցկացնելու անհրաժեշտությունը հիմնավորելով այն փաստով, որ դիմումատուի մոտ մահակ է հայտնաբերվել: Քննիչը կարգադրել է նաև իրականացնել «Մակարով» ատրճանակի դատական փորձաքննություն, ինչի արդյունքում փորձագետն այնուհետև հայտնաբերել է, որ այն չունի զարկան, ինչի պատճառով էլ անսարք է, ուստի հրազեն համարվել չի կարող:
16. Ժամը 23:00-ին Ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողներ Կ.Հ.-ն, Է.Պ.-ն և Ա.Ս.-ն դիմումատուին տարել են Փորձաքննությունների ազգային բյուրո, որտեղ նա անցել է նշանակված դատաքիմիական-թունաբանական փորձաքննությունը, ինչի արդյունքում էլ նրա մարմնում թմրանյութի հետքեր չեն հայտնաբերվել:
17. Վերադառնալուց հետո ոստիկանության երեք ծառայողները Ոստիկանության կենտրոնական բաժնի պետին զեկուցագիր են ներկայացրել այն մասին, որ Բյուրոյից վերադառնալու ճանապարհին դիմումատուն սկսել է բողոքել իր նկատմամբ ցուցաբերված անօրինական վերաբերմունքից և նրանց սպառնացել է բռնությամբ: Ըստ ոստիկանության ծառայողների՝ ոստիկանության բաժանմունք հասնելուն պես դիմումատուն չի ենթարկվել ավտոմեքենայից դուրս գալու իրենց հրամանին, ապա, դուրս գալով ավտոմեքենայից, հրել է ոստիկանության ծառայող Կ.Հ.-ին և քաշքշուկ սկսել վերջինիս հետ՝ հրաժարվելով ներս մտնել ոստիկանության շենք և բռունցքներով մի քանի անգամ հարվածներ հասցնելով Կ.Հ.-ի կրծքավանդակին: Այնուհետև ոստիկանության երեք ծառայողները դիմումատուին բռնի ուժով ներս են մտցրել ոստիկանության բաժանմունք, որտեղ էլ նա շարունակել է վերջիններիս սպառնալ բռնությամբ:
18. Դիմումատուն պնդել է, որ այդպիսի միջադեպ երբևէ տեղի չի ունեցել: Համաձայն նրա խոսքերի՝ երբ ավտոմեքենան կանգ էր առել Ոստիկանության կենտրոնական բաժնի մոտ, ինքը ոստիկանության ծառայողներից մեկի հրամանով դուրս էր եկել մեքենայից, և նրանք իրեն ուղեկցել էին դեպի շենք: Միակ բանը, որ ինքը ոստիկաններին ասել էր ավտոմեքենայից դուրս գալիս, այն էր, որ իր ձերբակալությունն անօրինական է: Դիմումատուն այնուհետև պնդել է, որ իր հարազատներից և ընկերներից շատերը, իր ապագա իրավապաշտպաններից մեկը և մի լրագրող այդ պահին կանգնած են եղել ոստիկանության բաժանմունքի մոտ, քանի որ նրանց տեղեկացրել էին իրեն Ոստիկանության կենտրոնական բաժին տեղափոխելու մասին, և նրանք հավաքվել էին այնտեղ՝ ակնկալելով, որ իրեն [դիմումատուին] ազատ կարձակեին:
19. 2008 թվականի փետրվարի 25-ին քննիչը ցուցմունք է վերցրել ոստիկանության երեք ծառայողներից, որոնք հաստատել են իրենց կողմից ավելի վաղ ներկայացված զեկուցագրերը:
20. Նույն օրը քննիչը որոշել է հարուցել քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի (ՔՕ) 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը): Համապատասխան որոշման մեջ նշված էր հետևյալը.
«2008 թվականի փետրվարի 24-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, [դիմումատուն], որը բերման էր ենթարկվել Երևան քաղաքի Կորյուն և Տերյան փողոցների խաչմերուկից՝ թմրանյութեր օգտագործելու և ապօրինի զենք կրելու կասկածանքով, տեղափոխվել է [Փորձաքննությունների ազգային բյուրո]՝ նմուշառման նպատակով: Վերադարձի ճանապարհին դիմումատուն, նախ մեքենայում, իսկ այնուհետև Ոստիկանության կենտրոնական բաժնի դիմացի բակում, չենթարկվելով ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, վիրավորել է նրանց և նրանց նկատմամբ կյանքի համար ոչ վտանգավոր բռնություն գործադրել՝ բռունցքներով հարվածներ հասցնելով ոստիկանության ծառայողներից [մեկին]:»
21. Նույն օրը՝ ժամը 1:35-ին, կազմվել է դիմումատուին ձերբակալելու մասին արձանագրություն, որում նշվում էր, որ դիմումատուն ձերբակալվել է ՔՕ-ի 316-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով:
22. Նույն օրը ոստիկանության ծառայողներ Կ.Հ.-ն, Է.Պ.-ն և Ա.Ս.-ն հարցաքննվել են որպես վկաներ և հաստատել իրենց կողմից նախկինում տրված ցուցմունքները:
23. Դիմումատուն հարցաքննվել է որպես կասկածյալ, սակայն հրաժարվել է ցուցմունք տալ կամ պատասխանել որևէ հարցի՝ հայտարարելով, որ ինքը քաղաքական հետապնդման զոհ է, և որ իրեն առաջադրված մեղադրանքը կեղծ է:
24. Նույն օրը ոստիկանության ծառայող Կ.Հ.-ն ենթարկվել է դատաբժշկական փորձաքննության, որի արդյունքում նրա մարմնի վրա որևէ վնասվածք չի հայտնաբերվել:
Բ. Դիմումատուին առաջադրված մեղադրանքը և նրան կալանքի տակ պահելը
25. 2008 թվականի փետրվարի 27-ին դիմումատուին պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել ՔՕ-ի 316-րդ հոդվածի 1-ին մասով: Որոշման մեջ նշված էր, որ 2008 թվականի փետրվարի 24-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, Ոստիկանության կենտրոնական բաժնի դիմաց դիմումատուն սպառնացել էր ոստիկանության ծառայողներին և, ի հեճուկս նրանց օրինական պահանջների, կյանքի համար ոչ վտանգավոր բռնություն էր գործադրել ոստիկանության ծառայող Կ.Հ-ի նկատմամբ՝ բռունցքներով հարվածներ հասցնելով վերջինիս կրծքավանդակին:
26. Նույն օրը դիմումատուն բերվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարան (այսուհետ՝ Վարչական շրջանի դատարան), որը քննության է առել քննիչի միջնորդությունը, որով պահանջվում էր դիմումատուին երկամսյա ժամկետով կալանքի տակ պահել այն հիմքով, որ եթե նա մնար ազատության մեջ, ապա կարող էր նոր հանցագործություն կատարել, թաքնվել կամ խոչընդոտել գործի քննությանը:
27. Դիմումատուն Վարչական շրջանի դատարանում պնդել է, որ միջնորդությունը եղել է չհիմնավորված: Ինքը չէր դիմադրել կամ բռունցքներով հարվածներ չէր հասցրել ոստիկանության ծառայողներին և չէր էլ կարողանա դա անել, քանի որ իրեն ձեռնաշղթաներ էին հագցրել: Ինքը պատերազմի վետերան է, ունի բազմաթիվ ռազմական պարգևներ, քրեական գործով երբևէ դատապարտված չի եղել և ունի մշտական բնակության վայր: Դիմումատուն հայտարարել է, որ իր դեմ հարուցված քրեական գործը պայմանավորված է քաղաքական շարժառիթներով:
28. Վարչական շրջանի դատարանը որոշել է բավարարել քննիչի միջնորդությունը՝ համարելով, որ դիմումատուն, մնալով ազատության մեջ, կարող է կատարել նոր հանցագործություն, թաքնվել կամ խոչընդոտել գործի քննությանը:
29. 2008 թվականի փետրվարի 29-ին քննիչը որոշում է կայացրել նշանակել զսպանակավոր մահակի դատական փորձաքննություն: Փորձագետը եկել է այն եզրակացության, որ, ելնելով մահակի ընդհանուր տեսքից, չափսերից և կառուցվածքից, ինչպես նաև համապատասխան գրականությունից, կարելի է եզրակացնել, որ մահակը գործարանային արտադրության մի մական է, որը կարելի է բնութագրել որպես հարվածող-փշրող սառը զենք:
30. Նույն օրն ստացվել են թունաբանական-քիմիական փորձաքննության արդյունքները, և դիմումատուի մարմնում թմրանյութերի որևէ հետք չի հայտնաբերվել:
Գ. 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունները, քրեական վարույթի հարուցումը և դիմումատուի գործի միացումն այդ վարույթին
31. 2008 թվականի մարտի 1-ի վաղ առավոտյան Ազատության հրապարակում, որտեղ վրաններ էին տեղադրել մի քանի հարյուր ցուցարարներ, իրականացվել են ոստիկանական գործողություններ, որոնց արդյունքում Ազատության հրապարակից հեռացվել են բոլոր ցուցարարները, ինչն էլ հանգեցրել է ցուցարարների և ոստիկանության միջև բախումների:
32. Նույն օրը քրեական վարույթ է հարուցվել Ազատության հրապարակում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ՝ ընդդիմության առաջնորդների և նրանց աջակիցների կողմից անօրինական ցույցեր կազմակերպելու, ոստիկանության նկատմամբ անհնազանդության հրահրելու և բռնություն գործադրելու հիմքերով (լրացուցիչ մանրամասների համար տե՛ս Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի [Mushegh Saghatelyan v. Armenia], թիվ 23086/08, § 15, 2018 թվականի սեպտեմբերի 20):
33. Պարզվում է, որ այդ օրն ավելի ուշ ժամի իրավիճակը Երևանում վատթարացել է, և ցույցերը շարունակվել են մի շարք փողոցներում մինչև մարտի 2-ի վաղ առավոտյան՝ առաջացնելով բախումներ ցուցարարների և իրավապահ մարմինների ծառայողների միջև, պատճառ դառնալով տասը անձի, այդ թվում՝ ութ քաղաքացիական անձանց մահվան, բազմաթիվ վիրավորների, ինչպես նաև հանգեցնելով Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից արտակարգ դրություն հայտարարելուն:
34. 2008 թվականի մարտի 2-ին քրեական այլ վարույթներ են հարուցվել Երևանի փողոցներում ընդդիմության առաջնորդների և նրանց աջակիցների կողմից զանգվածային անկարգություններ, ներառյալ՝ սպանություններ, բռնություններ և այլ դատապարտելի արարքներ կազմակերպելու հիմքերով (նույն տեղում, § 17):
35. Նույն օրը երկու վարույթները միացվել են և քննվել թիվ 62202608 գործի ներքո:
36. 2008 թվականի մարտի 11-ին քննիչը որոշել է դիմումատուի քրեական գործը միացնել թիվ 62202608 գործին՝ նշելով, որ դիմումատուն նույնպես մասնակցել է անօրինական ցույցերի կազմակերպմանը և անցկացմանը:
37. 2008 թվականի մարտի 12-ին քննիչը, հղում կատարելով թիվ 62202608 գործին, արգելել է դիմումատուի շփումն արտաքին աշխարհի, ներառյալ մոտ հարազատների, լրատվամիջոցների և ցանկացած այլ անձի հետ`հիմնավորելով, որ այդպիսի շփումը կարող է խոչընդոտել գործի քննությանը:
38. 2008 թվականի ապրիլի 2-ին դիմումատուն հացադուլ է հայտարարել`պահանջելով իշխանություններից դադարեցնել իր նկատմամբ քաղաքական հետապնդումը և ազատել իրեն կալանքից:
Դ. Դիմումատուի կալանքի ժամկետի երկարացումը և նրան նոր մեղադրանքի առաջադրումը
39. 2008 թվականի ապրիլի 15-ին քննիչը դիմել է դատարան`դիմումատուի կալանքի ժամկետը երկարացնելու պահանջով: Վկայակոչելով թիվ 62202608 քրեական գործի նյութերը և այդ գործի քննության ընթացքում գրանցված առաջընթացը՝ քննիչը նշել է, inter alia, որ բավարար տեղեկատվություն է ձեռք բերվել այն մասին, որ նախագահական ընտրություններում պարոն Տեր-Պետրոսյանի պարտությունից հետո դիմումատուն միացել է պարոն Տեր-Պետրոսյանի համախոհ հետևորդների խմբին և նրանց հետ դավադրություն կազմակերպել՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության խախտմամբ պետական իշխանությունը բռնազավթելու նպատակով, ինչպես նաև ակտիվորեն մասնակցել է նշված հանցավոր ծրագրի իրագործմանը: Անհրաժեշտ էր ձեռնարկել լրացուցիչ քննչական միջոցառումներ` տվյալ քրեական գործին նրա ներգրավվածության հանգամանքները պարզելու համար:
40. 2008 թվականի ապրիլի 21-ին Վարչական շրջանի դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը և երկու ամսով երկարացրել դիմումատուի կալանքի ժամկետը՝ հաշվի առնելով վերագրվող արարքի բնույթն ու վտանգավորության աստիճանը, ինչպես նաև այն փաստը, որ դիմումատուն, մնալով ազատության մեջ, կարող էր թաքնվել, խոչընդոտել գործի քննությանը կամ խուսափել քրեական պատասխանատվությունից և պատժից: Դրանով Վարչական շրջանի դատարանը նմանատիպ հղում է կատարել թիվ 62202608 քրեական գործով իրականացվող քննությանը:
41. 2008 թվականի ապրիլի 26-ին դիմումատուն վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ պնդելով, inter alia, որ Վարչական շրջանի դատարանի որոշումն անհիմն է, իսկ իր թաքնվելու կամ գործի քննությանը խոչընդոտելու ռիսկերը՝ չհիմնավորված:
42. 2008 թվականի մայիսի 8-ին Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է բողոքը՝ գտնելով, որ դիմումատուի կալանքի հիմքում ընկած հանգամանքներն առկա են, քանի որ դեռևս մեծ ռիսկ կա, որ դիմումատուն կարող է խոչընդոտել գործի քննությանը և թաքնվել:
43. 2008 թվականի մայիսի 23-ին և հունիսի 3-ին քննիչը հարցաքննել է ոստիկանության երկու այլ ծառայողների՝ Ս.Հ.-ին և Ա.Հ.-ին, որոնք, ըստ տեղեկությունների, 2008 թվականի փետրվարի 24-ի գիշերը հերթապահություն էին իրականացնում Ոստիկանության կենտրոնական բաժնում:
Ոստիկանության ծառայող Ս.Հ.-ն հայտնել է, որ ինքը գտնվել է ոստիկանության շենքում և բարձր ձայներ է լսել դրսից, այսպիսով դուրս է եկել և տեսել, թե ինչպես են ոստիկանության ծառայողներ Կ.Հ.-ն, Է.Պ.-ն և Ա.Ս.-ն, դիմումատուի ձեռքերից բռնած, փորձում նրան մտցնել ոստիկանության բաժին: Դիմումատուն չէր ենթարկվում, դիմադրություն էր ցույց տալիս ոստիկանության ծառայողներին և փորձում էր ազատվել՝ միաժամանակ գոռալով և սպառնալիքներ հնչեցնելով: Նրան վերջապես հրելով մտցրեցին բաժին, որտեղ նա դեռ շարունակում էր սպառնալիքներ հնչեցնել:
Ոստիկանության ծառայող Ա.Հ.-ն հայտնել է, որ ինքը եղել է բաժնում և տեսել, թե ինչպես են ոստիկանության երեք ծառայող, մի մարդու ձեռքերից բռնած, որին ինքը հետագայում ճանաչեց որպես նախկին նախարար, բերման ենթարկում բաժին, որտեղ վերջինս մի պահ սպառնացել է ծառայողներին, որ կջարդի նրանց գլուխները, իսկ հետո հանգստացել է ու տեղը նստել:
Ե՛վ Ս.Հ.-ն, և՛ Ա.Հ.-ն երկուսն էլ նշել են, որ ոստիկանության ծառայող Կ.Հ.-ն նստել էր բաժնում և ձեռքը պահած կրծքավանդակին՝ ասել, որ դիմումատուն բռունցքներով հարվածներ է հասցրել իրեն:
44 008 թվականի հունիսի 15-ին քննիչը դիմել է դատարան՝ դիմումատուի կալանքի ժամկետը ևս մեկ անգամ երկարաձգելու պահանջով: Նա մեկ անգամ ևս անդրադարձել է թիվ 62202608 քրեական գործի նյութերին՝ ավելացնելով, որ ձեռնարկված մի շարք քննչական միջոցառումներից հետո ձեռք չեն բերվել բավարար ապացույցներ այդ գործով քննվող քրեական արարքի կատարման մեջ դիմումատուի անմիջական ներգրավվածության վերաբերյալ:
45. 2008 թվականի հունիսի 18-ին դիմումատուի քրեական գործն առանձնացվել է թիվ 62202608 քրեական գործից՝ դատաքննության համար ակնհայտորեն պատրաստ լինելու հիմքով:
46. 2008 թվականի հունիսի 19-ին Գլխավոր դատախազությունը գրավոր դիմել է դիմումատուի գործով զբաղվող քննիչին՝ նրա ուշադրությունը հրավիրելով այն փաստի վրա, որ դիմումատուին մեղադրանք է առաջադրվել միայն ՔՕ-ի 316-րդ հոդվածի 1-ին մասով, մինչդեռ նրա գործողությունները պարունակում էին նաև ՔՕ-ի 235-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հանցագործության տարրեր (ապօրինի կերպով սառը զենք կրելը): Քննիչին հանձնարարվել է նոր մեղադրանքներ առաջադրել:
47. 2008 թվականի հունիսի 20-ին Վարչական շրջանի դատարանը 20 օրով երկարացրել է դիմումատուի կալանքի ժամկետը, մասնավորապես՝ մինչև 2008 թվականի հուլիսի 15-ը՝ նույն հիմքերով, ինչպես նախկինում:
48. 2008 թվականի հունիսի 24-ին դիմումատուն վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ բերելով նախկինում հնչեցրած փաստարկներին համանման փաստարկներ:
49. 2008 թվականի հունիսի 26-ին քննիչը որոշում է կայացրել նոր մեղադրանք առաջադրել դիմումատուին՝ ՔՕ-ի 235-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով: Որոշման մեջ նշված էր, որ 2008 թվականի փետրվարի 24-ին «դիմումատուին ոստիկանություն բաժին բերման ենթարկելիս» կատարված անձնական խուզարկությամբ դիմումատուի վերարկուի գրպանում հայտնաբերվել էր զսպանակավոր մահակ:
50. 2008 թվականի հուլիսի 7-ին դիմումատուի դեմ հարուցված քրեական գործի քննությունն ավարտվեց, և գործը դատական քննության համար ուղարկվեց Վարչական շրջանի դատարան։
51. 2008 թվականի հուլիսի 9-ին Վերաքննիչ քրեական դատարանը որոշել է դիմումատուի 2008 թվականի հունիսի 24-ի վերաքննիչ բողոքը թողնել առանց քննության այն հիմքով, որ գործի քննությունն ավարտվել է, և գործն ուղարկվել է դատական քննության:
Ե. Դատական քննությունը
52. 2008 թվականի հուլիսի 14-ին Վարչական շրջանի դատարանի դատավորը, որն իր վարույթ էր ընդունել դիմումատուի դեմ հարուցված քրեական գործը, դատական քննություն նշանակելու վերաբերյալ որոշում է կայացրել:
53. 2008 թվականի հուլիսի 22-ին՝ առաջին դատական նիստի ժամանակ, դիմումատուն պահանջել է, որ իրեն ազատեն կալանքից՝ պնդելով, inter alia, որ դատարանի կողմից նշանակված իր կալանքի ժամկետը լրացել է 2008 թվականի հուլիսի 15-ին, մինչդեռ դատավորը գործով դատական քննություն նշանակելու վերաբերյալ որոշում կայացնելիս չի անդրադարձել իր կալանքի հարցին՝ խախտելով Քրեական դատավարության օրենսգրքի (ՔԴՕ) 293-րդ և 300-րդ հոդվածները:
54. Նույն օրը դատավորը կայացրել է որոշում, որում նշված էր, որ գործով դատական քննություն նշանակելու վերաբերյալ որոշում կայացնելիս դիմումատուի շարունակական կալանքի հարցն արդեն քննության էր առնվել 2008 թվականի հուլիսի 14-ին, և որոշվել էր դիմումատուի կալանքը թողնել անփոփոխ: Այնուամենայնիվ, տպագրական սխալի պատճառով այդ կետը չէր ընդգրկվել որոշման գործառնական մասում, որը պետք է ընթերցվեր այնպես, որ պարունակեր «անփոփոխ թողնել դիմումատուի կալանքը» արտահայտությունը: 2008 թվականի հուլիսի 28-ին կայացած հաջորդ նիստին դատավորը կողմերին է ներկայացրել այդ որոշումը և մերժել դիմումատուի՝ կալանքից ազատ արձակվելու պահանջը:
55. 2008 թվականի սեպտեմբերի 17-ին Վարչական շրջանի դատարանի մեկ այլ դատավոր, որն իր վարույթ էր ընդունել դիմումատուի դեմ հարուցված գործը, գործով դատական քննություն նշանակելու վերաբերյալ որոշում է կայացրել և նույնպես որոշել անփոփոխ թողնել դիմումատուի կալանքը:
56. Դատական քննության ընթացքում Վարչական շրջանի դատարանը հարցաքննության է կանչել դիմումատուի դեմ ցուցմունք տված ոստիկանության ծառայողներ Կ.Հ.-ին, Է.Պ.-ին, Ա.Ս.-ին, Ս.Հ.-ին և Ա.Հ.-ին:
57. Այն բանից հետո, երբ ոստիկանության ծառայողներ Ս.Հ.-ն և Ա.Հ.-ն պնդել են իրենց ցուցմունքները, դիմումատուն լրացուցիչ ժամանակ է պահանջել նրանց հարցաքննությանը նախապատրաստվելու համար: Վարչական շրջանի դատարանը մերժել է այդ պահանջը՝ պատճառաբանելով, որ դիմումատուն և նրա իրավապաշտպանները բավական ժամանակ են ունեցել պատրաստվելու համար: Վարչական շրջանի դատարանը, սակայն, նշել է, որ պատրաստ է ապագայում բավարարել այդպիսի պահանջը, եթե այն հիմնավորված լինի: Հաջորդ դատական նիստին դիմումատուն նմանատիպ պահանջ է ներկայացրել՝ փորձելով դատարան կանչել և հարցաքննել վերոնշյալ երկու ոստիկաններին: Վարչական շրջանի դատարանը հայտարարել է, որ պահանջը կքննի դիմումատուի հարցաքննությունից հետո, սակայն պարզվում է, որ այն երբեք էլ չի վերադարձել այդ հարցին:
58. Դիմումատուն իրեն մեղավոր չի ճանաչել և վիճարկել է իր դեմ բերված փաստացի հայտարարությունները՝ ներկայացնելով դեպքերի իր նկարագրությունը (տե՛ս վերևում 11-րդ և 18-րդ պարբերությունները):
59. Դիմումատուն նաև մի քանի պահանջ է ներկայացրել Վարչական շրջանի դատարան՝ փորձելով իր անունից վկաներ կանչել:
Նախ՝ դիմումատուն պահանջել է կանչել մի շարք անձանց, այդ թվում` Ս.Ա.-ին, Վ.Ա.-ին, Լ.Ս.-ին, Պ.Կ-ին., Կ.Գ.-ին և Ա.Յ.-ին՝ իր հարազատներին, քաղաքական աջակիցներին և մի լրագրողի՝ պնդելով, որ վերջիններս, իմանալով իր ձերբակալման մասին, հավաքվել էին Ոստիկանության կենտրոնական բաժնում և կանգնել մուտքի մոտ, երբ իրեն ոստիկանության ծառայողները բերել են դատաբժշկական փորձաքննությունից, և որ նրանք կարող են հաստատել, որ որևէ միջադեպ տեղի չի ունեցել, երբ ինքը դուրս է եկել ավտոմեքենայից և մտել ոստիկանության շենք:
Երկրորդ՝ դիմումատուն պահանջել է դատարան կանչել 2008 թվականի փետրվարի 24-ի լույս 25-ի գիշերը Ոստիկանության կենտրոնական բաժնում գտնվող Ա.Սիս.-ին և Վ.Կ.-ին՝ պնդելով, որ նրանք իրենց խցի պատուհանից ականատես են եղել այն բանին, թե ինչպես են իրեն ուղեկցում ոստիկանության շենք, իսկ այնուհետև չեն լսել ոչ մի աղաղակ կամ բողոքի ձայն, երբ իրեն նախասրահով ուղեկցել են դեպի ներս:
Ի պաշտպանություն այդ պահանջների, դիմումատուի փաստաբանը ներկայացրել է իր կողմից այդ անձանցից վերցված ցուցմունքների արձանագրությունները, որոնք պարունակում էին նրանց համապատասխան պնդումները:
60. Վարչական շրջանի դատարանը մերժել է առաջին պահանջն այն հիմքով, որ գործի նյութերը չեն պարունակում որևէ տեղեկություն տվյալ անձանց վերաբերյալ, իսկ երկրորդ պահանջը մերժվել է այն հիմքով, որ անհրաժեշտություն չկա դատարան կանչելու այդ անձանց, քանի որ գործի նյութերը պարունակում են բավարար տեղեկություններ համապատասխան եզրահանգումներ կատարելու համար:
61. Դիմումատուի փաստաբանն այնուհետև Վարչական շրջանի դատարանից պահանջել է որպես ապացույց ընդունել այդ անձանցից վերցված ցուցմունքների արձանագրությունները: Վարչական շրջանի դատարանը բավարարել է այդ պահանջը և ցուցմունքներն ընդգրկել գործի նյութերում:
62. 2008 թվականի նոյեմբերի 19-ին Վարչական շրջանի դատարանը մեղավոր է ճանաչել դիմումատուին և ՔՕ-ի 316-րդ հոդվածի 1-ին մասով դատապարտել ազատազրկման՝ երկու տարի ժամկետով, իսկ ՔՕ-ի 235-րդ հոդվածի 4-րդ մասով նշանակել է տուգանք` 300 000 ՀՀ դրամի չափով: Վարչական շրջանի դատարանը դա սահմանել է հետևյալ կերպ.
«[Դիմումատուն] ապօրինի կերպով կրել է որպես հարվածող-փշրող սառը զենք բնութագրվող զսպանակավոր մահակ (մական), որը 2008 թվականի փետրվարի 24-ին դիմումատուի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է վերջինիս վերարկուի գրպանում և առգրավվել:
...
Տեղեկանալով իրենից նմուշներ վերցնելու անհրաժեշտության մասին՝ [դիմումատուն] կատաղել է, սկսել բողոքել և [ոստիկանության բաժին] վերադառնալու ճանապարհին պատժելու սպառնալիքներ հնչեցրել իրեն ուղեկցող ոստիկանության այն ծառայողների հասցեին, որոնք կատարում էին իրենց ծառայողական պարտականությունները:
[Դիմումատուից] մեզի և արյան նմուշառումից հետո [նրան ուղեկցող ոստիկանության ծառայողները, մասնավորապես՝ Կ.Հ.-ն, Է.Պ.-ն և Ա.Ս.-ն] պարտավոր էին սահմանված կարգով և իրենց ծառայողական պարտականությունների շրջանակներում [դիմումատուին] բերել այն մարմին, որը նշանակել էր դատաբժշկական փորձաքննություն: Ոստիկանության կենտրոնական բաժնի մուտքի մոտ ... տուժողը [Կ.Հ.-ն] և վկաները [Է.Պ.-ն և Ա.Ս.-ն] իրենց ծառայողական պարտականությունները կատարելու նպատակով [դիմումատուին] կարգադրել են դուրս գալ ավտոմեքենայից և մտնել ոստիկանության շենք: [Դիմումատուն] չի ենթարկվել նրանց օրինական պահանջին և հրաժարվել է դուրս գալ ավտոմեքենայից ու մտնել շենք: Այն բանից հետո, երբ տուժողը [Կ. Հ.-ն] կրկնել է պահանջը, [դիմումատուն] նախ հրել, իսկ այնուհետև, գործադրելով կյանքի և առողջության համար ոչ վտանգավոր բռնություն, քաշքշել և մի քանի անգամ բռունցքներով հարվածներ է հասցրել իր ծառայողական պարտականությունները կատարող տուժողի [Կ. Հ.-ի] կրծքավանդակին՝ վերջինիս պատճառելով ֆիզիկական ցավ: Դրանից հետո [դիմումատուին] բռնի ուժով տեղափոխել են Ոստիկանության կենտրոնական բաժնի նախասրահ, մինչ նա շարունակում էր իր սպառնալիքները հնչեցնել ոստիկանության ծառայողների հասցեին»:
63. Վերը նշված եզրահանգումներն անելիս Վարչական շրջանի դատարանը հիմնվել է ոստիկանության ծառայողների կողմից տրված ցուցմունքների, դիմումատուին «բերման ենթարկելու» մասին արձանագրության, դիմումատուի խուզարկության արձանագրության, մահակը որպես հարվածող-փշրող սառը զենք բնութագրող դատական փորձագետի եզրակացությունների և դիմումատուի 2008 թվականի փետրվարի 24-ի այն հայտարարության վրա, որում նա խոստովանել է, որ մահակն իրեն է պատկանում: Ինչ վերաբերում է դիմումատուի փաստարկներին և նրա կողմից ներկայացված նյութերին, ապա Վարչական շրջանի դատարանը գտել է, որ դրանք անհուսալի են, հակասելով գործի հանգամանքներին և տրամադրված լինելով դիմումատուի հետ սերտ կապեր ունեցող անձանց կողմից, և օբյեկտիվ չեն, ուստի նպատակ ունեն պաշտպանելու դիմումատուին:
64. 2008 թվականի դեկտեմբերի 9-ին դիմումատուն վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ պնդելով, որ Վարչական շրջանի դատարանը պատշաճ չի գնահատել ապացույցները, անտեսել է իր կողմից ի պաշտպանություն իր անմեղության ներկայացված պնդումները, որոշումներ կայացնելիս հիմնվել է միայն ոստիկանության ծառայողների ցուցմունքների վրա, հրաժարվել է լսել այն անձանց, որոնց ինքը պահանջել է իր անունից որպես վկա կանչել դատարան և իրեն զրկել է իր դեմ ցուցմունք տված վկաներին, այն է՝ ոստիկանության ծառայողներ Ս.Հ.-ին և Ա.Հ.-ին հարցաքննելու հնարավորությունից: Դիմումատուն նաև պնդել է, որ իր հետապնդման և դատապարտման իրական պատճառն իր՝ ընդդիմության ակտիվիստ լինելն է և ընդդիմության ցույցերին իր մասնակցությունը կանխելը՝ պնդելով, որ իր քաղաքական հայացքների պատճառով խտրական վերաբերմունք է դրսևորվել իր նկատմամբ:
65. 2009 թվականի հունվարի 27-ին Վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ է թողել Վարչական շրջանի դատարանի վճիռը և մերժել դիմումատուի վերաքննիչ բողոքը՝ գտնելով, որ դրանում ներկայացված հիմնավոր փաստարկները, ներառյալ՝ ոստիկանության ծառայողներ Ս.Հ.-ին և Ա.Հ.-ին դատարանում հարցաքննելու հնարավորության բացակայությունը, չեն կարող բավարար հիմք լինել վճիռը բեկանելու համար, քանի որ դրանք չեն վկայում քրեական գործընթացի էական խախտման մասին, և մեղադրական եզրակացությունն ու դատապարտումը հիմնված են դիմումատուի մեղավորությունն ապացուցող բավարար ապացույցների վրա: Բացի այդ, դիմումատուի պնդումներն առ այն, թե իբր իր քրեական հետապնդման իրական պատճառն իր քաղաքական ակտիվությունն է և մասնակցությունն ընդդիմության ցույցերին, անհիմն էին, քանի որ Վարչական շրջանի դատարանը ղեկավարվել էր օրենքով, իրավագիտակցությամբ, ներքին համոզմամբ, ինչպես նաև ձեռք բերված և դատարանում քննված ապացույցներով:
66. 2009 թվականի ապրիլի 27-ին դիմումատուն վճռաբեկ բողոք է ներկայացրել՝ բերելով իր 2008 թվականի դեկտեմբերի 9-ի վերաքննիչ բողոքում ներկայացված փաստարկներին համանման փաստարկներ:
67. 2009 թվականի հունիսի 15-ին Վճռաբեկ դատարանը դիմումատուի վճռաբեկ բողոքն անընդունելի է ճանաչել հիմքերի բացակայության պատճառով:
68. Պարզվում է, որ այդ ամիս՝ ավելի ուշ, դիմումատուին շնորհվել է համաներում, և նա իր պատժի կեսից ավելին կրելուց հետո ազատ է արձակվել քրեակատարողական հիմնարկից:
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՇՐՋԱՆԱԿԸ
69. Համապատասխան ներպետական իրավունքի, ինչպես նաև համապատասխան միջազգային նյութերի համառոտ նկարագրություններին ծանոթանալու համար տե՛ս Մուշեղ Սաղաթելյանի գործը (վերևում հիշատակված, §§ 91-134), Արա Հարությունյանն ընդդեմ Հայաստանի [Ara Harutyunyan v. Armenia] (թիվ 629/11, §§ 30-37, 2016 թվականի հոկտեմբերի 20) և Պողոսյանն ընդդեմ Հայաստանի [Poghosyan v. Armenia] (թիվ 44068/07, §§ 26-41, 2011 թվականի դեկտեմբերի 20): Մի շարք համապատասխան միջազգային նյութեր, որոնք մեջբերված չեն այդ վճիռներում, նախատեսում են հետևյալը:
I. ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎ (ԵԽԽՎ)
70. 2008 թվականի ապրիլի 15-ին Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների ստանձնած պարտավորությունների և հանձնառությունների կատարման հարցերով ԵԽԽՎ կոմիտեն պատրաստել է Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության մասին զեկույցը (Փաստաթուղթ 11579): Զեկույցի Բացատրական հուշագրից համապատասխան հատվածների համաձայն.
«10. Ընդդիմությունը մեծ աջակցություն ստացավ այն ժամանակ, երբ մի շարք բարձրաստիճան պետական պաշտոնատար անձինք հրապարակավ դատապարտեցին ընտրությունները՝ որպես կեղծիք, և իրենց աջակցությունը հայտնեցին պրն Լևոն Տեր-Պետրոսյանին: Հետագայում այդ պաշտոնատար անձինք հեռացվեցին իրենց պաշտոններից, և նրանցից շատերը, ինչպես նաև ընդդիմության մի քանի ակտիվիստներ ձերբակալվեցին թվացյալ արհեստածին մեղադրանքներով, ինչը տպավորություն էր թողնում, որ նրանց հետապնդումները պայմանավորված էին քաղաքական շարժառիթներով: Հայաստանի Հելսինկյան ասոցիացիայի տվյալների համաձայն՝ 2008 թվականի փետրվարի 20-ից մինչև 29-ն ընկած ժամանակահատվածում ընդհանուր առմամբ 14 անձ ձերբակալվել է, և նրանց մասով իրականացվել է քննություն»:
II. ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ/ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ)
71. 2008 թվականի ապրիլից մինչև 2009 թվականի հունիս ամիսն ընկած ժամանակահատվածում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ն իրականացրել է ընդդիմության առաջնորդների և նրանց աջակիցների՝ 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձություններին առնչվող շուրջ հարյուր դատավարությունների դիտանցման ծրագիր, որտեղ թիվ 88 համարի ներքո ընդգրկված էր դիմումատուի գործը:
ԻՐԱՎՈՒՆՔԸ
I. ՆԱԽՆԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ
72. Դատարանը սկզբից նշում է, որ դիմումատուն մահացել է 2014 թվականի հունիսի 8-ին, մինչդեռ գործը քննվում է դատարանում: Դիմումատուի այրին՝ տկն Ռուզաննա Սարգսյանը, որը նրա ժառանգն է, Դատարանին տեղեկացրել է, որ ինքը ցանկանում է նրա կողմից ներկայացված գանգատով հանդես գալ վարույթում: Դատարանը նշում է, որ բազմիցս ընդունել է այն փաստը, որ մահացած դիմումատուի մերձավոր ազգականներն իրավունք ունեն մասնակցել վարույթին նրա փոխարեն, եթե ունեն այդպիսի ցանկություն (տե՛ս, ի թիվս այլ վճիռների, Դալբանն ընդդեմ Ռումինիայի [ՄՊ] [Dalban v. Romania [GC]], թիվ 28114/95, §§ 38-39, ՄԻԵԴ, Աշոտ Հարությունյանն ընդդեմ Հայաստանի [Ashot Harutyunyan v. Armenia], թիվ 34334/04, §§ 86-87, 2010 թվականի հունիսի 15, Առասը և այլք ընդդեմ Իտալիայի [Arras and Others v. Italy], թիվ 17972/07, §§ 32-33, 2012 թվականի փետրվարի 14, և Էրգեզենն ընդդեմ Թուրքիայի [Ergezen v. Turkey], թիվ 73359/10, §§ 29-30, 2014 թվականի ապրիլի 8):
73. Սույն գործով Դատարանը չի տեսնում որևէ առանձնահատուկ հանգամանք՝ շեղվելու իր սահմանված նախադեպային իրավունքից, և պատրաստ է ընդունել, որ դիմումատուի ժառանգը կարող է սկզբնապես պրն Սմբատ Այվազյանի կողմից ներկայացված գանգատով հանդես գալ վարույթում:
II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 5-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
74. Դիմումատուն Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետով բողոք է ներկայացրել առ այն, որ 2008 թվականի հուլիսի 15-ից մինչև 22-ն ընկած ժամանակահատվածում իրեն կալանքի տակ պահելը եղել է անօրինական, քանի որ չի եղել դատարանի որևէ որոշում, որով նշանակվել էր կալանքի այդ ժամանակահատվածը, ինչպես պահանջվում էր ներպետական իրավունքով, Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետով՝ դատարանները չեն ներկայացրել վերաբերելի և բավարար հիմքեր իր շարունակական կալանքի համար, և Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ կետով՝ Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է քննել իր 2008 թվականի հունիսի 24-ի վերաքննիչ բողոքը: Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին, 3-րդ և 4-րդ կետերն այնքանով, որքանով վերաբերելի են, շարադրված են հետևյալ բովանդակությամբ.
«1. Յուրաքանչյուր ոք ունի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք: Ոչ ոքի չի կարելի ազատությունից զրկել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով.
...
գ) անձի օրինական կալանավորումը կամ ձերբակալումը՝ իրավախախտում կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայության դեպքում նրան իրավասու օրինական մարմնին ներկայացնելու նպատակով կամ այն դեպքում, երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է համարվում նրա կողմից հանցագործության կատարումը կամ այն կատարելուց հետո նրա թաքնվելը կանխելու համար,
...
3. Սույն հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի դրույթներին համապատասխան ձերբակալված կամ կալանավորված յուրաքանչյուր ոք անհապաղ տարվում է դատավորի կամ այլ պաշտոնատար անձի մոտ, որն օրենքով լիազորված է իրականացնելու դատական իշխանություն և ունի ողջամիտ ժամկետում դատաքննության իրավունք կամ մինչև դատաքննությունն ազատ արձակվելու իրավունք: Ազատ արձակումը կարող է պայմանավորվել դատաքննության ներկայանալու երաշխիքներով:
4. Յուրաքանչյուր ոք, ով ձերբակալման կամ կալանավորման պատճառով զրկված է ազատությունից, իրավունք ունի վիճարկելու իր կալանավորման օրինականությունը, որի կապակցությամբ դատարանն անհապաղ որոշում է կայացնում և կարգադրում է նրան ազատ արձակել, եթե կալանավորումն անօրինական է»:
Ա. Ընդունելիությունը
75. Կառավարությունը պնդել է, որ դիմումատուն չի սպառել իրավական պաշտպանության ներպետական միջոցները Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերով ներկայացված իր բողոքների առնչությամբ, ինչպես դա պահանջվում է Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին կետով: Նախ՝ դիմումատուն Վարչական շրջանի դատարանի 2008 թվականի փետրվարի 27-ի որոշումը չէր բողոքարկել Վերաքննիչ քրեական դատարան՝ չնայած այն փաստին, որ այդպիսի հնարավորություն հստակորեն նախատեսվում է ՔԴՕ-ով: Երկրորդ՝ Վերաքննիչ քրեական դատարանի 2008 թվականի մայիսի 8-ի և հուլիսի 9-ի որոշումները չէին բողոքարկվել Վճռաբեկ դատարան:
76. Դիմումատուն պնդել է, որ ինքն իր կալանքի վերաբերյալ Վարչական շրջանի դատարանի 2008 թվականի փետրվարի 27-ի նախնական որոշումը չի բողոքարկել Վերաքննիչ քրեական դատարան, քանի որ տվյալ հանգամանքներում այդ միջոցն անարդյունավետ կլիներ: Այս կապակցությամբ նա հղում է կատարել Հայաստանում դատավարությունների մոնիթորինգի ծրագրի վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի վերջնական զեկույցում տեղ գտած համապատասխան եզրակացություններին (տե՛ս վերևում 71-րդ պարբերությունը): Ինչ վերաբերում է Վճռաբեկ դատարան բողոքարկմանը, ապա, վկայակոչելով Մուրադխանյանն ընդդեմ Հայաստանի [Muradkhanyan v. Armenia] (թիվ 12895/06, § 92, 2012 թվականի հունիսի 5) և Գրիգորյանն ընդդեմ Հայաստանի [Grigoryan v. Armenia] (թիվ 3627/06, § 113, 2012 թվականի հուլիսի 10) գործերով դատարանի վճիռները, նա պնդել է, որ ինքն օրենքով չի օգտվել նախնական կալանքի մասին որոշումները Վճռաբեկ դատարան բողոքարկելու իրավունքից, ուստի այդ միջոցն անարդյունավետ էր:
77. Դատարանը կրկին նշում է, որ Կոնվենցիայի 35-րդ հոդվածով սահմանված` իրավական պաշտպանության ներպետական միջոցները սպառելու կանոնը պարտավորեցնում է այն անձանց, որոնք ցանկանում են պետության դեմ գործ հարուցել որևէ միջազգային դատական կամ արբիտրաժային մարմնում, առաջին հերթին օգտվել ներպետական իրավական համակարգով նախատեսված միջոցներից (տե՛ս Վուչկովիչը և այլք ընդդեմ Սերբիայի (նախնական առարկություն) [ՄՊ] [Vučković and Others v. Serbia (preliminary objection) [GC]], թիվ 17153/11 և 29 այլք, § 70, 2014 թվականի մարտի 25):
78. Ինչ վերաբերում է Կառավարության առաջին փաստարկին, ապա Դատարանը նշում է, որ այս հարցը սերտորեն կապված է դիմումատուի կողմից Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետով ներկայացված բողոքի բովանդակության հետ և պետք է միացվի գործի ըստ էության քննությանը։ Դիմումատուի կողմից Վճռաբեկ դատարան վճռաբեկ բողոք չներկայացնելու հետ կապված՝ Կառավարության երկրորդ փաստարկի առնչությամբ, որը վերաբերում է ինչպես Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետին, այնպես էլ 5-րդ հոդվածի 4-րդ կետին, Դատարանը նշում է, որ այն արդեն քննության է առել և մերժել իրավական պաշտպանության ներպետական միջոցները չսպառելու վերաբերյալ նմանատիպ առարկություն Հայաստանի դեմ հարուցված մեկ այլ գործով (տե՛ս Արզումանյանն ընդդեմ Հայաստանի [Arzumanyan v. Armenia], թիվ 25935/08, §§ 28-32, 2018 թվականի հունվարի 11): Հաշվի առնելով այն փաստը, որ Կառավարությունը չի ներկայացրել որևէ նոր փաստարկ, սույն գործով Դատարանը չի տեսնում իր նախկին եզրահանգումներից հրաժարվելու որևէ պատճառ: Հետևաբար այն մերժում է Կառավարության՝ միջոցները չսպառելու վերաբերյալ առարկության՝ այդ փաստարկի վրա հիմնված մասը:
79. Դատարանը նշում է, որ այդ բողոքները, Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետի իմաստով, ակնհայտ անհիմն չեն: Դատարանն այնուհետև նշում է, որ դրանք անընդունելի չեն որևէ այլ հիմքով։ Հետևաբար դրանք պետք է հայտարարվեն ընդունելի։
Բ. Ըստ էության քննությունը
1. Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետը
80. Դիմումատուն պնդել է, որ 2008 թվականի հուլիսի 15-ից մինչև 22-ն ընկած ժամանակահատվածում իր կալանքը թույլատրող որոշում դատարանի կողմից չի կայացվել՝ ի խախտումն ներպետական իրավունքի և Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված օրինականության սկզբունքի: 2008 թվականի հուլիսի 14-ի որոշման մեջ իր շարունակական կալանքի հարցին չանդրադառնալը չի կարող արդարացվել պարզապես տպագրական սխալով: Եթե դատավորն իսկապես մտադրություն ունենար որոշում կայացնել շարունակական կալանքի վերաբերյալ, բայց պարզապես մոռանար որոշման գործառնական մասում ավելացնել պատիժ, ինչպես պնդել է Կառավարությունը, ապա նա առնվազն որոշ դիտարկումներ կներառեր այդ որոշման պատճառաբանական մասում: Ինչ վերաբերում է 2008 թվականի հուլիսի 22-ի որոշմանը, ապա դա բխել է դիմումատուի՝ կալանքից ազատվելու սեփական պահանջից, և դրանով պարզապես փորձ է արվել ելք գտնել այն իրավիճակից, որում հայտնվել է դատավորը: Այն փաստը, որ դատավորի բացթողումն արդարացվել էր պարզապես տպագրական սխալով, ցույց տվեց, թե ինչ դատարկ ձևականություն էր խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու հարցը: Ամեն դեպքում, անկախ դատավորի կողմից դիմումատուի շարունակական կալանքի վերաբերյալ որոշում չկայացնելու պատճառներից, այն փաստը, որ այդ ժամանակահատվածում նրա կալանքը թույլատրող դատարանի որոշում չէր եղել, օրինականության սկզբունքի խախտում էր:
81. Կառավարությունը պնդել է, որ 2008 թվականի հուլիսի 14-ին գործը քննող դատավորն անդրադարձել է դիմումատուի շարունակական կալանքի հարցին և լուծել այն, սակայն տպագրական սխալի պատճառով այդ մասին չի նշել այդ օրը կայացված իր որոշման մեջ: Հետևաբար դա պարզապես տեխնիկական սխալ էր, որը շտկվել է 2008 թվականի հուլիսի 22-ի որոշմամբ: Ուստի Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի խախտում տեղի չի ունեցել, քանի որ 2008 թվականի հուլիսի 15-ից դիմումատուի կալանավորումը հիմնված է եղել գործը քննող դատավորի կողմից 2008 թվականի հուլիսի 14-ին կայացված որոշման վրա:
82. Դատարանը վերստին նշում է, որ Կոնվենցիայի 5-րդ հոդվածով ամրագրվում է հիմնարար իրավունքներից մեկը, մասնավորապես՝ անձի պաշտպանությունը պետության կողմից իր ազատության իրավունքի իրացումը խոչընդոտելուց։ 5-րդ հոդվածի 1-ին կետում նշված «օրենքով սահմանված կարգով» արտահայտությամբ հիմնականում հղում է կատարվում ազգային իրավունքին, և ամրագրվում է դրա հիմնական և ընթացակարգային կանոններին համապատասխանելու պարտավորությունը (տե՛ս Կրյանգան ընդդեմ Ռումինիայի [ՄՊ] [Creangă v. Romania [GC]], թիվ 29226/03, §§ 84 և 101, 2012 թվականի փետրվարի 23):
83. Դատարանը նշում է, որ, համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության, մասնավորապես՝ ՔԴՕ-ի 136-րդ հոդվածի 2-րդ մասի, անձը կարող է կալանավորվել միայն դատարանի որոշմամբ` դատարանում քրեական գործը քննելիս: Ավելին, ՔԴՕ-ի 293-րդ հոդվածի 2-րդ մասով պահանջվում է, որ գործով դատական քննություն նշանակելու մասին որոշման մեջ բովանդակվի, inter alia, որոշում` խափանման միջոցները վերացնելու, փոփոխելու կամ ընտրելու մասին, մինչդեռ ՔԴՕ-ի 300-րդ հոդվածի համաձայն՝ որոշումներ կայացնելու հետ միաժամանակ, բացի գործով դատական քննություն նշանակելու մասին որոշումից, ներպետական դատարանները պարտավոր են քննել ընտրված խափանման միջոցի հիմնավոր լինելու կամ չլինելու հարցը:
84. Սույն գործով 2008 թվականի հուլիսի 14-ին ներպետական դատարանը որոշում է կայացրել գործով դատական քննություն նշանակելու մասին, սակայն չի կայացրել որևէ որոշում դիմումատուի շարունակական կալանքի վերաբերյալ (տե՛ս վերևում 52-րդ պարբերությունը), որի ժամկետն այնուհետև ավարտվել է 2008 թվականի հուլիսի 15-ին: Այսպիսով, դատարանի կողմից չի եղել դիմումատուի կալանքը թույլատրող որևէ որոշում մինչև 2008 թվականի հուլիսի 22-ը, երբ ներպետական դատարանը վերջապես անդրադարձել է այդ հարցին: Թե՛ ներպետական դատարանը, և թե՛ Կառավարությունը դիմումատուի շարունակական կալանքի վերաբերյալ որոշում չկայացնելը հիմնավորել են տպագրական սխալով և պնդել, որ այդ հարցին, ըստ էության, անդրադարձ եղել է, և դրա վերաբերյալ որոշում կայացվել է 2008 թվականի հուլիսի 14-ին: Դատարանը, այնուամենայնիվ, նշում է, որ Կառավարությունը չի տրամադրել որևէ ապացույց՝ ի հիմնավորումն իրենց փաստարկի: Ոչ էլ գործի նյութերում առկա է եղել որևէ նյութ, որը ցույց կտար, որ դիմումատուի շարունակական կալանքի հարցին իրականում անդրադարձել էր գործը քննող դատավորը՝ 2008 թվականի հուլիսի 14-ի որոշումն ընդունելիս: Ամեն դեպքում, նույնիսկ եթե դա ենթադրաբար այդպես է եղել, ապա դա դեռ չի փոխում այն փաստը, որ համապատասխան որոշումը չի պարունակում որևէ որոշում դիմումատուի կալանքի վերաբերյալ: Դրանից հետևում է, որ 2008 թվականի հուլիսի 15-ից մինչև 22-ն ընկած ժամանակահատվածում դատարանի կողմից չի եղել դիմումատուի կալանքը թույլատրող որևէ որոշում՝ ի խախտումն ներպետական օրենսդրության: Այս կապակցությամբ Դատարանն ընդգծում է, որ տպագրական սխալին զուտ հետադարձ հղում կատարելը չի կարող համարվել որպես այդ իրավիճակը շտկող միջոց:
85. Հետևաբար տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի խախտում:
2. Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետը
86. Դիմումատուն պնդել է, որ ներպետական դատարաններն իր շարունակական կալանավորման համար չեն ներկայացրել վերաբերելի և բավարար պատճառներ:
87. Կառավարությունը պնդել է, որ դատարանները դիմումատուի կալանքի համար ներկայացրել են վերաբերելի և բավարար այնպիսի պատճառներ, ինչպիսիք են վերագրվող հանցագործության բնույթն ու վտանգավորության աստիճանը, ինչպես նաև թաքնվելու, գործի քննությանը խոչընդոտելու և նոր հանցագործություն կատարելու ռիսկը:
88. Դատարանն անդրադառնում է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն սահմանված՝ մինչև դատական քննության ավարտն ազատ արձակվելու իրավունքին առնչվող ընդհանուր սկզբունքներին (տե՛ս Բուզադջին ընդդեմ Մոլդովայի Հանրապետության [ՄՊ] [Buzadji v. the Republic of Moldova [GC]], թիվ 23755/07, §§ 92-102, ՄԻԵԴ 2016 (քաղվածքներ) և Արա Հարությունյանի գործը՝ վերևում հիշատակված, §§ 48-53) և նշում է, որ գտել է, որ կալանք նշանակելիս և դրա ժամկետը երկարաձգելիս կարծրատիպային ձևակերպումների օգտագործումը հաճախ հանդիպող խնդիր է Հայաստանում (տե՛ս, ի թիվս այլ վճիռների, Փիրուզյանն ընդդեմ Հայաստանի [Piruzyan v. Armenia], թիվ 33376/07, §§ 97-100, 2012 թվականի հունիսի 26, Մալխասյանն ընդդեմ Հայաստանի [Malkhasyan v. Armenia], թիվ 6729/07, §§ 74-77, 2012 թվականի հունիսի 26, Սեֆիլյանն ընդդեմ Հայաստանի [Sefilyan v. Armenia], թիվ 22491/08, §§ 88-93, 2012 թվականի հոկտեմբերի 2, և Արա Հարությունյանի գործով վճիռը՝ վերևում հիշատակված, §§54-59): Սույն գործով ներպետական դատարանները նույն ձևով են հիմնավորել դիմումատուի շարունակական կալանքը՝ միայն մեջբերելով ներպետական օրենսդրության դրույթները և անդրադառնալով վերագրվող հանցագործության ծանրությանը՝ առանց ներկայացնելու նրա գործի հատուկ փաստերը կամ մանրամասներ այն մասին, թե ինչպես է հիմնավորվում թաքնվելու, արդարադատության իրականացումը խոչընդոտելու կամ կրկին հանցագործություն կատարելու ռիսկը: Ուստի Դատարանը եզրակացնում է, որ ներպետական դատարանները չեն ներկայացրել վերաբերելի և բավարար պատճառներ դիմումատուին կալանավորելու համար:
89. Հանգելով այս եզրակացությանը՝ Դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ Կառավարության՝ ներպետական միջոցները չսպառելու վերաբերյալ առարկության մնացած մասին, այն է՝ Վարչական շրջանի դատարանի՝ դիմումատուին կալանավորելու մասին նախնական որոշման դեմ վերջինիս կողմից Վերաքննիչ քրեական դատարան վերաքննիչ բողոք չներկայացնելու վերաբերյալ փաստարկին (տե՛ս վերևում 28-րդ պարբերությունը):
90. Դատարանը նշում է, որ դիմումատուի բողոքը վերաբերում է այն բանին, որ ներպետական դատարանները չեն ներկայացրել վերաբերելի և բավարար պատճառներ նրա շարունակական կալանքի համար, որն սկսվել է Վարչական շրջանի դատարանի կողմից վերոնշյալ նախնական որոշումը կայացնելու օրը՝ 2008 թվականի փետրվարի 27-ին, և ավարտվել է այն օրը, երբ դիմումատուն մեղավոր է ճանաչվել, այն է՝ 2008 թվականի նոյեմբերի 19-ին: Ճիշտ է, դիմումատուն վերաքննիչ բողոք չի ներկայացրել հենց այդ նախնական որոշման դեմ: Այնուամենայնիվ, նա Վերաքննիչ քրեական դատարանում երկու իրար հաջորդող բողոքներում բարձրացրել է պատճառների բացակայության հարցը (տե՛ս վերևում 41-րդ և 48-րդ պարբերությունները): Ավելին, ինչպես արդեն նշվել է վերևում, Վարչական շրջանի դատարանի կողմից բերված պատճառաբանությունը նույնն է մնացել այդ ամբողջ ժամանակահատվածում և, դեռ ավելին, շարադրված է եղել վերացական և կարծրատիպային լեզվով: Այսպիսով, կարելի է ասել, որ դիմումատուն այս հարցը բարձրացրել է Վերաքննիչ քրեական դատարանում, և այս բողոքը չի կարող մերժվել իրավական պաշտպանության ներպետական միջոցները չսպառելու պատճառով: Հետևաբար Դատարանը որոշում է կայացնում Կառավարության՝ ներպետական միջոցները չսպառելու վերաբերյալ առարկությունը մնացած մասով մերժելու մասին:
91. Հետևաբար տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի խախտում:
3. Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ կետը
92. Դիմումատուն պնդել է, որ իր՝ 2008 թվականի հունիսի 24-ի վերաքննիչ բողոքը քննելու մերժմամբ տեղի է ունեցել 5-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանված երաշխիքների խախտում:
93. Կառավարությունը որևէ մեկնաբանություն չի ներկայացրել դիմումատուի բողոքի ըստ էության քննության վերաբերյալ:
94. Դատարանը կրկին նշում է, որ, համաձայն իր նախադեպային իրավունքի, ինչպես 6-րդ հոդվածի 1-ին կետում, այնպես էլ 5-րդ հոդվածի 4-րդ կետում ամրագրված է դատարանի մատչելիության իրավունքը, որը կարող է միայն ենթակա լինել ողջամիտ սահմանափակումների, որոնց պատճառով չի խաթարվի դրա բուն էությունը (տե՛ս Պողոսյանի գործը՝ վերևում հիշատակված, § 76, և Փիրուզյանի գործը՝ վերևում հիշատակված, § 125).
95. Դատարանը նշում է, որ այն արդեն քննել է Հայաստանի դեմ հարուցված մի շարք գործերով նմանատիպ բողոքներ, որոնցում գտել է, որ դիմումատուի կալանավորման դատական ստուգումը մերժելը միայն այն հիմքով, որ քրեական գործն այլևս չի գտնվում մինչդատական փուլում, եղել է 5-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն դիմումատուի՝ վիճարկելու իրավունքի անհիմն սահմանափակում, և Դատարանը եզրակացրել է, որ տեղի է ունեցել այդ դրույթի խախտում (տե՛ս Պողոսյանի գործը՝ վերևում հիշատակված, §§ 78-81, և Փիրուզյանի գործը՝ վերևում հիշատակված, §§ 126-127): Այդպիսին են նաև սույն գործի հանգամանքները (տե՛ս վերևում 51-րդ պարբերությունը): Հետևաբար Դատարանը պատճառ չի տեսնում գալու այլ եզրահանգման:
96. Հետևաբար տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ կետի խախտում։
III. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
97. Դիմումատուն բողոք է ներկայացրել առ այն, որ՝ ա) իր դատապարտումը հիմնված է եղել ոստիկանության ծառայողների ցուցմունքների վրա, մինչդեռ իրեն թույլ չեն տվել իր անունից որևէ վկա կանչել դատարան, և բ) ինքը հնարավորություն չի ունեցել հարցաքննելու երկու վկայի: Նա հիմնվել է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի և 3-րդ կետի «դ» ենթակետի վրա, որոնք այնքանով, որքանով վերաբերելի են, ունեն հետևյալ բովանդակությունը.
«1. Յուրաքանչյուր ոք … նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի … դատարանի կողմից… արդարացի … դատաքննության իրավունք…
...
3. Քրեական հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող յուրաքանչյուր ոք ունի հետևյալ նվազագույն իրավունքները.
...
դ) հարցաքննելու իր դեմ ցուցմունք տվող վկաներին կամ իրավունք ունենալու, որ այդ վկաները ենթարկվեն հարցաքննության, և իրավունք ունենալու` իր վկաներին կանչելու ու հարցաքննելու միևնույն պայմաններով, ինչ իր դեմ ցուցմունք տված վկաները, ... »:
Ա. Ընդունելիությունը
98. Դատարանը նշում է, որ այդ բողոքները, Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետի իմաստով, ակնհայտ անհիմն չեն: Այն այնուհետև նշում է, որ դրանք անընդունելի չեն որևէ այլ հիմքով։ Հետևաբար դրանք պետք է հայտարարվեն ընդունելի։
Բ. Ըստ էության քննությունը
1. Կողմերի փաստարկները
ա) Դիմումատուն
99. Դիմումատուն պնդել է, որ իր գործի դատաքննությունն իրականացվել է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով և 3-րդ կետի «դ» ենթակետով սահմանված երաշխիքների խախտմամբ:
100. Նախ՝ ինքը ողջամիտ հնարավորություն չէր ունեցել վիճարկելու իրեն առաջադրված մեղադրանքները: Մասնավորապես ՔՕ-ի 316-րդ հոդվածով առաջադրված մեղադրանքը հիմնված էր բացառապես ոստիկանության ծառայողների ցուցմունքների վրա, որոնք ինքը ցանկացել էր վիճարկել՝ դատարան կանչելով մի շարք անձանց, որոնք կարող էին հաստատել, որ իր և ոստիկանության ծառայողների միջև որևէ միջադեպ տեղի չէր ունեցել: Իր պահանջները մերժվել էին գործը քննող դատարանի չպատճառաբանված և չհիմնավորված որոշմամբ, որն անհասկանալի պատճառներով առաջնահերթությունը տվել էր ոստիկանության ծառայողների ցուցմունքներին, որոնք, ընդ որում, պարունակում էին բազմաթիվ հակասություններ: Դիմումատուն հավելել է, որ 2008 թվականի փետրվար-մարտ ամիսներին տեղի ունեցած իրադարձությունների հետ կապված գործերով դատապարտումները բացառապես ոստիկանության ցուցմունքներով հիմնավորելու պրակտիկան քննադատության է արժանացել ԵԽԽՎ-ի կողմից, համաձայն որի՝ այդպիսի վճիռները կարող են հիմնավոր կասկածներ հարուցել դրանց անաչառության վերաբերյալ, քանի որ ոստիկանությունը եղել է վեճի կողմերից մեկը: Դիմումատուն պնդել է, որ նույնիսկ եթե իր փաստաբանի կողմից այն անձանցից վերցված ցուցմունքների արձանագրությունները, որոնց ինքը ցանկացել էր դատարան կանչել որպես վկա, ներառվեին գործի նյութերում, այնուամենայնիվ, դրանք չէին ունենա այն նույն ապացուցողական նշանակությունը, ինչ դատարանում վկաներից վերցված ցուցմունքները և, ամեն դեպքում, այդ արձանագրությունները գործի նյութերում ներառելու մասին որոշումը զուտ ձևական բնույթ էր կրում, քանի որ Վարչական շրջանի դատարանը դրանց որևէ նշանակություն չէր տվել:
101. Երկրորդ՝ իրեն զրկել էին իր դեմ ցուցմունք տված երկու վկաներին, այն է՝ ոստիկանության ծառայողներ Ս.Հ.-ին և Ա.Հ.-ին, հարցաքննելու հնարավորությունից թե՛ գործի քննության և թե՛ դատական վարույթի ընթացքում: Առկա էին հակասություններ ոստիկանության այդ երկու ծառայողների և Փորձաքննությունների ազգային բյուրոյից իրեն ուղեկցած երեք ծառայողների տված ցուցմունքների միջև, և իր գործի դատաքննության արդարացի լինելու տեսանկյունից չափազանց կարևոր էր հարցաքննել այդ վկաներին՝ առկա անհամապատասխանությունները պարզաբանելու նպատակով: Հետևաբար գործը քննող դատարանն իրեն զրկել էր իր դեմ ներկայացված հիմնական փաստարկը վիճարկելու հնարավորությունից:
բ) Կառավարությունը
102. Կառավարությունը պնդել է, որ, համաձայն Դատարանի նախադեպային իրավունքի, ներպետական դատարանների համար սկզբունքներից մեկն է դիտարկել այն հարցը, թե արդյոք պետք է լսել որևէ կոնկրետ վկայի: Դիմումատուի՝ հավելյալ վկաներ դատարան կանչելու պահանջը մերժելու համար գործը քննող դատարանի կողմից ներկայացված պատճառները եղել են բավարար և արդարացված: Բացի այդ, դատավարության ընթացքում ընթերցվել են դիմումատուի փաստաբանի կողմից այդ անձանցից վերցված ցուցմունքների արձանագրությունները և որպես ապացույց են ընդունվել գործը քննող դատարանի կողմից, որն այնուհետև պատշաճ գնահատական է տվել այդ փաստաթղթերին և գտել, որ դրանք վստահելի չեն, քանի որ դրանցում ներառված ցուցմունքները տրամադրված են եղել դիմումատուի մտերիմ ընկերների կողմից:
103. Կառավարությունն այնուհետև դիմումատուի՝ ոստիկանության ծառայողներ Ա.Հ.-ին և Ս.Հ.-ին հարցաքննելու հնարավորության ենթադրյալ բացակայության առնչությամբ պնդել է, որ երկու ծառայողներն էլ կանչվել են դատարան և ցուցմունք տվել, սակայն դիմումատուի փաստաբանները չեն ցանկացել հարցաքննել նրանց այդ նիստի ընթացքում՝ պատճառաբանելով, որ իրենց ավելի շատ ժամանակ է անհրաժեշտ՝ նրանց հարցաքննելու պատրաստվելու համար, քանի որ անհամապատասխանություններ կային նրանց մինչդատական և դատաքննական ցուցմունքների միջև: Դատարանը մերժել է փաստաբանի՝ ոստիկանության ծառայողների հարցաքննությունը հետաձգելու մասով պահանջն այն հիմքով, որ փաստաբանները ծանոթ են եղել նրանց մինչդատական ցուցմունքների արձանագրություններին և բավարար ժամանակ են ունեցել պատրաստվելու դատաքննության ընթացքում նրանց հարցաքննությանը: Այսպիսով, մերժումը հիմնավորված է եղել, և դրանով չեն խախտվել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով և 3-րդ կետի «դ» ենթակետով երաշխավորված՝ դիմումատուի իրավունքները:
2. Դատարանի գնահատականը
104. Դատարանը կրկին նշում է, որ, որպես ընդհանուր կանոն, ազգային դատարանների պարտականությունն է գնահատել իրենց ներկայացված ապացույցները, ինչպես նաև այն ապացույցների վերաբերելիությունը, որոնք ամբաստանյալները ցանկանում են ներկայացնել: 6-րդ հոդվածի 3-րդ կետի «դ» ենթակետի իմաստով, կրկին որպես ընդհանուր կանոն, ներպետական դատարանների հայեցողությանն է թողնվում այն հարցի գնահատումը, թե արդյոք անհրաժեշտ է հրավիրել վկաներ՝ կոնվենցիոն համակարգում «վկա» եզրույթի ստացած «առանձին» [ավտոնոմ] իմաստով: Ապացույցներ ձեռք բերելու համատեքստում Դատարանը հատուկ ուշադրություն է դարձրել իրավահավասարության սկզբունքի պահպանմանը, որն արդար դատաքննության հիմնական տարրերից մեկն է և ենթադրում է, որ դիմումատուին պետք է «տրամադրվի ողջամիտ հնարավորություն՝ ներկայացնելու իր գործն այնպիսի պայմաններում, որոնք նրան չեն դնի իր հակառակորդի նկատմամբ նվազ բարենպաստ վիճակում»: Հետևաբար, չնայած սովորաբար ազգային դատարաններն են որոշում կայացնում վկային կանչելու անհրաժեշտության և նպատակահարմարության վերաբերյալ, Դատարանը բացառիկ հանգամանքներում կարող է հանգել այն եզրակացության, որ այդպես չվարվելը հակասում է 6-րդ հոդվածին: Եթե վկաներին հարցաքննելու մասին ամբաստանյալի պահանջն ավելորդ բարդություններ չի առաջացնում, բավարար չափով հիմնավորված է, առնչվում է մեղադրանքի էությանը և թերևս կարող է ամրապնդել պաշտպանությունը կամ նույնիսկ հանգեցնել արդարացման դատավճռի, ապա ներպետական իշխանություններն այդ պահանջը մերժելու համար պետք է համապատասխան պատճառաբանություններ ներկայացնեն: Եթե նրանք այդպես չվարվեն, ապա Դատարանը կարող է եզրակացնել, որ խափանվել է վարույթի ընդհանուր արդարությունը (տե՛ս, ի թիվս այլ վճիռների, Մուշեղ Սաղաթելյանի գործով վճիռը՝ վերևում հիշատակված, §§ 202-204, և Մուրթազալիևան ընդդեմ Ռուսաստանի [ՄՊ] [Murtazaliyeva v. Russia [GC]], թիվ 36658/05, §§ 139-159, 2018 թվականի դեկտեմբերի 18):
105. Մի շարք գործերով, որոնցում հանրային իրադարձության ընթացքում անձանց կողմից ցուցաբերված վարքագծի համար նրանց քրեական հետապնդման ենթարկելը և դատապարտելը հիմնվել է բացառապես ոստիկանության՝ քննարկվող դեպքերին ակտիվորեն ներգրավված ծառայողների պնդումների վրա, Դատարանը գտել է, որ այդ վարույթներով դատարանները պատրաստակամորեն և միանշանակ ընդունել են ոստիկանության [ծառայողների] պնդումները և հրաժարվել են դիմումատուներին տրամադրել հակառակն ապացուցող որևէ փաստ վկայակոչելու հնարավորություն: Այն վճռել է, որ մեղադրանքների հիմքում ընկած առանցքային փաստերի վերաբերյալ վեճի դեպքում, երբ մեղադրանքի կողմի միակ վկաները ոստիկանության՝ քննարկվող դեպքերին ակտիվորեն ներգրավված ծառայողներն են, միանշանակ անհրաժեշտ էր, որ դատարաններն օգտագործեին յուրաքանչյուր ողջամիտ հնարավորություն՝ ստուգելու նրանց մեղավորությունը հաստատող ցուցմունքները (տե՛ս Կասպարովի և այլոց գործը՝ վերևում հիշատակված, § 64, Նավալնին և Յաշինն ընդդեմ Ռուսաստանի [Navalnyy and Yashin v. Russia], թիվ 76204/11, § 83, 2014 թվականի դեկտեմբերի 4, և Ֆրումկինն ընդդեմ Ռուսաստանի [Frumkin v. Russia], թիվ 74568/12, § 165, ՄԻԵԴ 2016 (քաղվածքներ)). Դատարանը նմանատիպ իրավիճակ է քննել Հայաստանի դեմ մի գործով, որում հայտնաբերել է 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում, և որը, ավելին, վերաբերել է նույն իրադարձություններին, ինչ սույն գործը (տե՛ս Մուշեղ Սաղաթելյանի գործը՝ վերևում հիշատակված, §§ 200-211):
106. Ըստ երևույթին, դիմումատուի դեմ հարուցված քրեական գործով վարույթն իրականացվել է նույն կերպ։ ՔՕ-ի 316-րդ հոդվածի 1-ին մասով դիմումատուին առաջադրված մեղադրանքն ամբողջովին և բացառապես հիմնված է եղել քննարկվող իրադարձություններում ակտիվորեն ներգրավված ոստիկանության երեք ծառայողների, ինչպես նաև մյուս երկու ծառայողների ցուցմունքների վրա, որոնք նույնպես ցուցմունք էին տվել դիմումատուի դեմ՝ ականատես չլինելով ոստիկանության ծառայող Կ.Հ.-ի վրա ենթադրյալ հարձակմանը: Դիմումատուի՝ վկաներ կանչելու վերաբերյալ պահանջները, որոնք բավականաչափ հիմնավորված էին և ուղղակիորեն վերաբերում էին իրեն ներկայացված մեղադրանքին, գործը քննող դատարանի կողմից մերժվել էին շատ հակիրճ և ոչ համոզիչ պատճառաբանությամբ (տե՛ս վերևում 60-րդ պարբերությունը): Ճիշտ է, քննարկվող իրադարձությունները, խիստ ասած, չեն առնչվել հրապարակային միջոցառման ժամանակ դիմումատուի դրսևորած վարքագծին: Դրանք, այնուամենայնիվ, առնչվել են ենթադրյալ միջադեպի, որը վիճելի հիմքերով կապված է եղել դիմումատուի՝ ցույցերին ներգրավվածության հետ, և որին ակտիվ մասնակցություն են ունեցել ոստիկանության ծառայողները (տե՛ս ստորև 129-րդ պարբերությունը): Ավելին, այն փաստը, որ դիմումատուի փաստաբանի կողմից այն անձանցից վերցված գրավոր ցուցմունքները, որոնց նա ցանկացել է որպես վկա հրավիրել, ընդգրկված են եղել գործի նյութերում, դեռ չի փոխարինում այն փաստին, որ այդ անձինք չեն հրավիրվել և հարցաքննվել դատարանում բանավոր և մրցակցային դատաքննության ընթացքում: Պարզվում է, ոչ էլ գործը քննող դատարանի կողմից պատշաճ ուշադրություն է դարձվել այդ ապացույցներին (տե՛ս վերևում 63-րդ պարբերությունը): Հետևաբար Դատարանը համարում է, որ ներպետական դատարանները մեղադրանքների հիմքում ընկած հիմնական փաստերի վերաբերյալ վեճի դեպքում չեն օգտագործել յուրաքանչյուր ողջամիտ հնարավորություն՝ ստուգելու ոստիկանության այն ծառայողների մեղադրական ցուցմունքները, որոնք քրեական հետապնդման համար միակ վկաներն են եղել և ակտիվ դեր են ունեցել քննարկվող իրադարձություններում։ Կարելի է ասել, որ դեպքերի վերաբերյալ ոստիկանության [ծառայողների] կողմից ներկայացված տարբերակն անվերապահորեն հաստատելը, դիմումատուի փաստարկներին պատշաճ կերպով չանդրադառնալը և պաշտպանության կողմի վկաներին քննելը մերժելը՝ առանց պատշաճ կերպով ուսումնասիրելու նրանց ցուցմունքների վերաբերելիությունը, հանգեցրել են պաշտպանության կողմի իրավունքների սահմանափակման, ինչը հակասում է արդարացի լսումների երաշխիքներին (տե՛ս, mutatis mutandis (համապատասխան փոփոխություններով), Մուշեղ Սաղաթելյանի գործը՝ վերևում հիշատակված, § 210):
107. Հաշվի առնելով վերոնշյալը՝ Դատարանը եզրակացնում է, որ դիմումատուի դեմ հարուցված քրեական վարույթն ընդհանուր առմամբ իրականացվել է նրա՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված արդարացի լսումների իրավունքի խախտմամբ։
108. Հանգելով այս եզրակացությանը՝ Դատարանն անհրաժեշտ չի համարում առանձին ուսումնասիրել, թե արդյոք նույն փաստերի առնչությամբ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3-րդ կետի «դ» ենթակետի խախտում ևս տեղի է ունեցել, թե ոչ, կամ արդյոք Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի և 3-րդ կետի «դ» ենթակետի խախտում ևս տեղի է ունեցել դիմումատուի կողմից ոստիկանության ծառայողներ Ա.Հ.-ին և Ս.Հ.-ին չհարցաքննելու հետևանքով:
IV. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 10-ՐԴ ԵՎ 11-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
109. Դիմումատուն բողոք է ներկայացրել առ այն, որ իր նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելը և իրեն դատապարտելը եղել են իր՝ Կոնվենցիայի 10-րդ և 11-րդ հոդվածներով երաշխավորված իրավունքների խախտմամբ, որոնցով այնքանով, որքանով վերաբերելի է, սահմանվում է հետևյալը.
Հոդված 10
«1. Յուրաքանչյուր ոք ունի ազատորեն արտահայտվելու իրավունք։ Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, տեղեկություններ և գաղափարներ ստանալու և տարածելու ազատությունը՝ առանց պետական մարմինների միջամտության և անկախ սահմաններից...
2. Այս ազատությունների իրականացումը, քանի որ այն կապված է պարտավորությունների և պատասխանատվության հետ, կարող է պայմանավորվել այնպիսի ձևականություններով, պայմաններով, սահմանափակումներով կամ պատժամիջոցներով, որոնք նախատեսված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում` ի շահ պետական անվտանգության, տարածքային ամբողջականության կամ հասարակության անվտանգության, անկարգությունները կամ հանցագործությունները կանխելու, առողջությունը կամ բարոյականությունը, ինչպես և այլ անձանց հեղինակությունը կամ իրավունքները պաշտպանելու, խորհրդապահական պայմաններով ստացված տեղեկատվության բացահայտումը կանխելու կամ արդարադատության հեղինակությունն ու անաչառությունը պահպանելու նպատակով»։
Հոդված 11
«1. Յուրաքանչյուր ոք ունի խաղաղ հավաքների ազատության [և այլոց հետ միավորվելու ազատության] իրավունք...
2. Այս իրավունքների իրականացումը ենթակա չէ որևէ սահմանափակման, բացի նրանցից, որոնք նախատեսված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում՝ ի շահ պետական անվտանգության կամ հասարակության անվտանգության, անկարգությունները կամ հանցագործությունները կանխելու, առողջությունը կամ բարոյականությունը կամ այլ անձանց իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու նպատակով...»:
Ա. Ընդունելիությունը
110. Դատարանը նշում է, որ այս բողոքները Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետի իմաստով ակնհայտ անհիմն չեն: Դատարանն այնուհետև նշում է, որ դրանք անընդունելի չեն որևէ այլ հիմքով։ Հետևաբար դրանք պետք է հայտարարվեն ընդունելի։
Բ. Ըստ էության քննությունը
1. Կողմերի փաստարկները
ա) Դիմումատուն
111. Դիմումատուն պնդել է, որ իր նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելը և իրեն դատապարտելն իր՝ ազատ արտահայտվելու իրավունքին և իշխանությունների դեմ շարունակվող բողոքներին մասնակցելու իրավունքին միջամտելու քողարկված ձև են եղել: Այդ առնչությամբ վկալակոչելով ԵԽԽՎ-ի թիվ 1609 և 1620 բանաձևերը՝ նա պնդել է, որ իր նկատմամբ իրականացված քրեական հետապնդման նպատակն է եղել մեկուսացնել իրեն ընդդիմության մյուս աջակիցներից և ակտիվիստներից, որոնք շարունակական բողոքներ էին կազմակերպում ընդդեմ նախագահական ընտրություններում տեղ գտած անօրինականությունների, ինչպես նաև պատժել իրեն ընդդիմադիր ուժերին սատարելու և ցույցերին շարունակաբար մասնակցելու համար: Նույնիսկ եթե դա կեղծ մեղադրանքների վրա հիմնված քրեական հետապնդման քողարկված ձև է եղել, այնուամենայնիվ, գործի մի շարք տարրեր ցույց են տվել այն հստակ կապը, որ գոյություն ունի իր հետապնդման պաշտոնական հիմքերի և իրական շարժառիթների միջև: Մասնավորապես իր գործը միացվել էր թիվ 62202608 քրեական գործին, ինչը դասական քայլ էր ընդդեմ պրն Տեր-Պետրոսյանի աջակիցների՝ բողոքի ցույցեր կազմակերպելու համար, քննության ընթացքում իրեն շարունակ հարցաքննել էին բողոքներ կազմակերպելու գործում իր ունեցած դերի առնչությամբ, իր կալանքի ժամկետը երկարացվել էր, իսկ կապն արտաքին աշխարհի հետ սահմանափակվել՝ կապված այդ գործի հետ, իր գործի դատական քննությունն անցկացվել էր խիստ քաղաքականացված մթնոլորտում, երբ դատարանի դահլիճում գրեթե բոլոր տեղերը զբաղեցվել էին քաղաքացիական հագուստով ոստիկանության ծառայողների կողմից՝ որպես դատարանների վրա ճնշում գործադրելու միջոց: Թեև իր գործն ի վերջո անջատվել էր հիմնական քրեական գործից, սակայն դա միայն այն պատճառով, որ իշխանությունները ձախողել էին խաղաղ բողոքի ցույցերում ներգրավվածության համար իրեն մեղադրանքներ առաջադրելու իրենց փորձը: Դա էր պատճառը, որ միևնույն ժամանակ նրանք իրեն մեղադրանք էին առաջադրել ապօրինի կերպով մահակ կրելու համար: Ի հիմնավորումն իր այն պնդման, որ իր ձերբակալումը և հետագա քրեական հետապնդումը պայմանավորված են եղել քաղաքական շարժառիթներով, դիմումատուն նաև զուգահեռներ է անցկացրել իր և «Վիրաբյանն ընդդեմ Հայաստանի» գործի միջև (թիվ 40094/05, §§ 204-207 և 224, 2012 թվականի հոկտեմբերի 2):
112. Դիմումատուն այնուհետև պնդել է, որ միջամտությունը ներպետական իրավունքի տեսանկյունից ոչ միայն եղել է անօրինական, այլ նաև կամայական, քանի որ դրա նպատակն էր չեզոքացնել իրեն որպես քաղաքացիական շարժման դերակատարի, և պատժել ընտրությունների հետ կապված կեղծիքի և ընդհանրապես կառավարության նկատմամբ իր իրականացրած գործունեության և ունեցած քննադատական հայացքների համար: Այն փաստը, որ իշխանությունները չէին ստուգել, թե արդյոք հիմնավորված էին քաղաքական շարժառիթներով պայմանավորված քրեական հետապնդման վերաբերյալ իր պնդումները, նույնպես մի գործոն էր, որ պետք էր հաշվի առնել: Այսպիսով, միջամտությունը եղել է անօրինական, չի հետապնդել որևէ իրավաչափ նպատակ և անհրաժեշտ չի եղել ժողովրդավարական հասարակությունում:
113. Վերջում դիմումատուն վիճարկել է Կառավարության փաստարկն առ այն, որ իր ձերբակալումը կապված է եղել իր կողմից թմրանյութերի ենթադրյալ օգտագործման հետ, և պնդել է, որ իրեն «բերման ենթարկելու մասին» արձանագրության մեջ չկա ոչ մի նշում այն մասին, որ իրեն բերման են ենթարկել ոստիկանության բաժին այդ հիմքերով: Թունաբանական/քիմիական փորձաքննություն նշանակելու մասին որոշման մեջ նշված էր միայն մահակը տիրապետելու մասին:
բ) Կառավարությունը
114. Կառավարությունը պնդել է, որ դիմումատուին բերման են ենթարկել ոստիկանության բաժին՝ ապօրինի կերպով զենք կրելու և թմրանյութեր շրջանառելու կասկածանքով, ինչը տեղի է ունեցել, երբ նա վերադառնում էր ցույցից: Դիմումատուի պահվածքը և որոշ նշաններ կասկածներ են հարուցել այն մասին, որ նա կարող էր թմրանյութեր օգտագործած լինել: Բացի այդ, նրա խուզարկությունից հետո վերջինիս մոտ մահակ էր հայտնաբերվել: Այսպիսով, դիմումատուի նկատմամբ քրեական հետապնդումը և նրա հետագա դատապարտումը չեն միջամտել Կոնվենցիայի 10-րդ և 11-րդ հոդվածներով երաշխավորված նրա իրավունքներին: Այնուամենայնիվ, նույնիսկ ենթադրելով, որ տեղի է ունեցել այդպիսի միջամտություն, այդ միջամտությունը եղել է օրինական, քանի որ դիմումատուն զրկվել էր ազատությունից Քրեական օրենսգրքով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու համար, և այն հետապնդել է հանցագործությունը կանխարգելելու և հանրային անվտանգությունը պահպանելու իրավաչափ նպատակ, ինչպես նաև անհրաժեշտ է եղել ժողովրդավարական հասարակությունում, քանի որ ենթադրյալ հանցագործությունների քրեական հետապնդումը եղել է ցանկացած ժողովրդավարական հասարակության իսկական առանձնահատկություններից մեկը:
2. Դատարանի գնահատականը
ա) Դիմումատուի բողոքների շրջանակը
115. Դատարանը նշում է, որ դիմումատուի կողմից 10-րդ և 11-րդ հոդվածների համաձայն ներկայացված բողոքները հիմնականում հիմնված են այն փաստարկի վրա, որ նրա նկատմամբ քրեական հետապնդումը և նրա դատապարտումը միջոց էին՝ կանխելու նրա մասնակցությունը ցույցերին և պատժելու նրան դրանց մասնակցելու համար: Այսպիսի հանգամանքներում 10-րդ հոդվածը պետք է դիտվի որպես lex generalis (ընդհանուր օրենք)` 11-րդ հոդվածի նկատմամբ, որը lex speciallis (հատուկ օրենք) է: Հետևաբար Դատարանը գտնում է, որ դիմումատուի բողոքները պետք է ուսումնասիրվեին միայն 11-րդ հոդվածի համաձայն (տե՛ս Էզելինն ընդդեմ Ֆրանսիայի [Ezelin v. France], 1991 թվականի ապրիլի 26, § 35, շարք Ա, թիվ 202, և Կուդրևիչիուսը և այլք ընդդեմ Լիտվայի [ՄՊ] [Kudrevičius and Others v. Lithuania [GC]], թիվ 37553/05, § 85, ՄԻԵԴ 2015):
116. Մյուս կողմից, չնայած դրա առանձին դերին և կիրառության հատուկ ոլորտին, 11-րդ հոդվածը սույն գործով պետք է նաև դիտարկվի 10-րդ հոդվածի լույսի ներքո։ 10-րդ հոդվածով երաշխավորված՝ սեփական կարծիք ունենալու իրավունքի պաշտպանությունը 11-րդ հոդվածով ամրագրված՝ խաղաղ հավաքների ազատության նպատակներից մեկն է (տե՛ս Էզելինի գործը՝ վերևում հիշատակված, § 37, Կուդրևիչիուսի և այլոց գործը՝ վերևում հիշատակված, § 86, և Նավալնին ընդդեմ Ռուսաստանի [ՄՊ] [Navalnyy v. Russia [GC]], թիվ 29580/12 և 4 այլ վճիռներ, § 102, 2018 թվականի նոյեմբերի 15):
բ) Արդյո՞ք եղել է միջամտություն խաղաղ հավաքների ազատության իրավունքի իրականացմանը
117. Դատարանը վերահաստատում է, որ խաղաղ հավաքների ազատության իրավունքին միջամտությունը կարող է չհանգեցնել բացարձակ արգելքի՝ իրավական կամ փաստացի, սակայն կարող է ներառել իշխանությունների կողմից ձեռնարկվող այլ տարբեր միջոցառումներ։ 11-րդ հոդվածի 2-րդ կետում նշված «սահմանափակումներ» եզրույթը պետք է մեկնաբանվի և՛ հավաքից առաջ, և՛ դրա ընթացքում ձեռնարկվող միջոցառումների ներառմամբ, ինչպիսիք են նախնական արգելքը, հանրահավաքը ցրելը կամ մասնակիցներին ձերբակալելը, ինչպես նաև հետագայում կիրառվող պատժամիջոցները, այդ թվում՝ հանրահավաքին մասնակցելու համար կիրառված տույժերը (տե՛ս Մուշեղ Սաղաթելյանի գործը՝ վերևում հիշատակված, § 228):
118. Սույն գործով կողմերի միջև առաջացել է վեճ այն հարցի վերաբերյալ, թե արդյոք եղել է միջամտություն դիմումատուի՝ հավաքների ազատության իրավունքի իրականացմանը: Դիմումատուն պնդել է, որ իր քրեական հետապնդման և դատապարտման իրական պատճառը շարունակական ցույցերին իր մասնակցությունը կանխելն էր, ինչպես նաև ընդդիմադիր ակտիվության և ցույցերին իր ունեցած դերի ու ակտիվ մասնակցության համար իրեն պատժելը, մինչդեռ Կառավարությունը հերքել է դա և պնդել, որ նա քրեական հետապնդման էր ենթարկվել բացառապես քննարկվող հանցագործությունները կատարելու համար:
119. Դատարանը նշում է, որ կողմերը, ըստ էության, վիճարկում են դիմումատուի քրեական հետապնդման և դատապարտման փաստացի հիմքը: Դատարանը բազմաթիվ անգամներ շեշտել է, որ գիտակցում է իր դերի երկրորդական բնույթը և ընդունում, որ պետք է շրջահայաց գտնվի առաջին ատյանի տրիբունալի դեր ստանձնելու հարցում, եթե դա անխուսափելի չէ՝ որոշակի գործի հանգամանքներից ելնելով։ Որպես ընդհանուր կանոն, Դատարանի խնդիրը չէ ներպետական մակարդակով վարույթներ իրականացվելու դեպքում փաստերի վերաբերյալ իր գնահատականը փոխարինել ներպետական դատարանների գնահատականով, և վերջիններիս խնդիրն է իրենց տրամադրության տակ եղած ապացույցների հիման վրա այդ փաստերը հաստատելը։ Չնայած այն հանգամանքին, որ Դատարանի համար պարտադիր չեն ներպետական դատարանների եզրակացությունները, և այն ազատ է ներկայացված ամբողջ նյութի լույսի ներքո իր սեփական գնահատականը տալու հարցում, այնուամենայնիվ, բնականոն հանգամանքներում պահանջվում են համոզիչ փաստարկներ, որոնք թույլ կտան շեղվել ներպետական դատարանների կողմից արված՝ փաստերի վերաբերյալ եզրակացություններից (տե՛ս Ջուլիանին և Գաջոն ընդդեմ Իտալիայի [ՄՊ] [Giuliani and Gaggio v. Italy [GC]], թիվ 23458/02, § 180, ՄԻԵԴ 2011 (քաղվածքներ), Օստինը և այլք ընդդեմ Միացյալ Թագավորության [ՄՊ] [Austin and Others v. the United Kingdom [GC]], թիվ 39692/09 և 2 այլ վճիռներ, § 61, ՄԻԵԴ 2012):
120. Այնուհետև Դատարանը վերահաստատում է, որ ապացույցները գնահատելիս այն կիրառել է «ողջամիտ կասկածից վեր» ապացույցի չափանիշը: Այդուհանդերձ, նշված չափանիշը կիրառող ազգային իրավական համակարգերի մոտեցումը որդեգրելու նպատակ այն երբևէ չի ունեցել։ Դատարանի դերը կայանում է ոչ թե մեղավորության կամ քաղաքացիական պատասխանատվության կարգավորման, այլ Պայմանավորվող պետությունների՝ Կոնվենցիայի համաձայն ստանձնած պատասխանատվության մեջ։ Կոնվենցիայի 19-րդ հոդվածի համաձայն՝ Դատարանի խնդրի առանձնահատկությամբ (Կոնվենցիայով ամրագրված հիմնարար իրավունքների ապահովման հարցում ապահովել Պայմանավորվող պետությունների ներգրավվածությունը) է պայմանավորված վկայության և ապացույցի հարցերի վերաբերյալ դրա մոտեցումը։ Դատարանի վարույթներում վկայության ընդունելիության հարցում որևէ դատավարական խոչընդոտ կամ դրա գնահատման նախանշված բանաձև չկա։ Այն ընդունում է այնպիսի եզրակացություններ, որոնք, իր կարծիքով, հիմնավորվում են վկայությունների, այդ թվում՝ փաստերի կամ կողմերի կողմից ներկայացվող փաստարկների արդյունքում առաջ եկած եզրահանգումների անկախ գնահատմամբ։ Դատարանի նախադեպային իրավունքի համաձայն՝ ապացույցը կարող է բխել համատեղ գոյություն ունեցող՝ բավականաչափ հիմնավորված, պարզ և համահունչ եզրահանգումներից կամ նմանատիպ փաստերի անհերքելիության կանխավարկածից (տե՛ս Նաչովան և այլք ընդդեմ Բուլղարիայի [ՄՊ] [Nachova and Others v. Bulgaria [GC]], թիվ 43577/98 և 43579/98, § 147, ՄԻԵԴ 2005-VII):
121. Դատարանը սկզբում նշում է, որ այն արդեն քննել է Հայաստանի դեմ հարուցված մի շարք գործեր, որոնցում դիմումատուները 11-րդ հոդվածով իրավունքներին միջամտության վերաբերյալ նմանատիպ փաստարկներ են ներկայացրել քաղաքական նրբությունների առաջացման ժամանակահատվածներում, որոնք սովորաբար ներառել են զանգվածային բողոքի ցույցեր ընտրությունների ժամանակաշրջանում՝ հանգեցնելով տարբեր տեսակի պատժիչ միջոցների կիրառման ընդդիմության աջակիցների կամ ակտիվիստների նկատմամբ վարչական կամ քրեական վարույթների միջոցով, որոնց ընթացքում ոստիկանության [ծառայողների] ցուցմունքները միակ ապացույցն են եղել, որոնք ուղղակիորեն ներգրավել են դիմումատուներին և միակ հիմքը հանդիսացել նրանց վերջնական դատապարտումների համար, եթե այդպիսիք եղել են (տե՛ս, ի թիվս այլ վճիռների, Հակոբյանը և այլք ընդդեմ Հայաստանի [Hakobyan and Others v. Armenia], թիվ 34320/04, §§ 87-90, 2012 թվականի ապրիլի 10, Վիրաբյանն ընդդեմ Հայաստանի [Virabyan v. Armenia], թիվ 40094/05, §§ 203-210, 2012 թվականի հոկտեմբերի 2, որոնք վերաբերել են նմանատիպ փաստարկների, սակայն Կոնվենցիայի 14-րդ հոդվածի համատեքստում, և Մուշեղ Սաղաթելյանի գործը՝ վերևում հիշատակված, §§ 241-243, որը վերաբերել է միևնույն բողոքի շարժմանը, ինչ որ տվյալ գործով): Դատարանը մասնավորապես Հակոբյանի և այլոց գործով գտել է, որ 2003 թվականի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ ընդդիմության կողմից անցկացվող հանրահավաքների ժամանակ ընդդիմության ակտիվիստների՝ այդ հանրահավաքներին մասնակցությունը խոչընդոտելու և կանխելու կամ մասնակցության համար պատժելու վարչական գործելակերպ է եղել՝ կիրառելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով սահմանված կարճաժամկետ ազատազրկման ընթացակարգը, այդ թվում՝ այնպիսի հիմքերով, ինչպիսիք հայհոյախառն խոսքեր ասելն է կամ ոստիկանության կարգադրություններին չենթարկվելը հանրահավաքների հետ առնչություն չունեցող հանգամանքներում։ Գտնելով, որ դիմումատուները՝ ընդդիմության երեք կողմնակիցները, այդ գործելակերպի զոհ են դարձել, Դատարանը մերժել է նրանց՝ այդ հիմնավորմամբ դատապարտման փաստական հիմքերը և եզրակացրել է, որ նրանց ազատազրկման իրական պատճառն ընդդիմության կողմից շարունակաբար անցկացվող ցույցերին մասնակցությունը կանխելը կամ նրանց ետ պահելն է եղել (տե՛ս Հակոբյանի և այլոց գործը՝ վերևում հիշատակված, §§ 90-99): Նմանատիպ եզրակացության է հանգել Դատարանը Վիրաբյանի գործով`ապօրինի կերպով զենք տիրապետելու կասկածանքով դիմումատուին ձերբակալելու և ոստիկանության նկատմամբ ենթադրյալ անհնազանդություն ցուցաբերելու համար հետագա վարչական վարույթ հարուցելու մասով (վերևում հիշատակված, §§ 203‑210): Դատարանը 11-րդ հոդվածի համատեքստում նմանատիպ մոտեցում է ցուցաբերել նաև այլ երկրների դեմ հարուցված մի շարք գործերով (տե՛ս Նեմցովն ընդդեմ Ռուսաստանի [Nemtsov v. Russia], թիվ 1774/11, §§ 66-71, 2014 թվականի հուլիսի 31, Կարպյուկը և այլք ընդդեմ Ուկրաինայի [Karpyuk and Others v. Ukraine], թիվ 30582/04 և 32152/04, §§ 194-206, 2015 թվականի հոկտեմբերի 6, և Հուսեյնլին և այլք ընդդեմ Ադրբեջանի [Huseynli and Others v. Azerbaijan], թիվ 67360/11 և 2 այլ վճիռներ, §§ 87-97, 2016 թվականի փետրվարի 11):
122. Դատարանն այնուհետև ուշադրություն է հրավիրում սույն գործի հանգամանքների շուրջ առկա ընդհանուր համատեքստին: Ինչպես արդեն նշվել է Մուշեղ Սաղաթելյանի գործում, սա Հայաստանում ընդգծված քաղաքական նրբությունների ժամանակաշրջան էր, որը ներառում էր ընդդիմության հանրահավաքների կազմակերպում՝ ի նշան նախագահական ընտրությունների ենթադրյալ անարդար արդյունքներին ուղղված բողոքի: Դրանց հաջորդած իշխանությունների արձագանքը՝ ներառյալ ընդդիմության մի շարք աջակիցների ձերբակալությունները և կալանավորումները, դատապարտվել են ԵԽԽՎ-ի կողմից և որակվել որպես «փաստացի ճնշում ընդդիմության նկատմամբ»: Նրանցից շատերին առաջադրված մեղադրանքների, հատկապես այն մեղադրանքների վերաբերյալ, որոնք հիմնված էին բացառապես ոստիկանության [ծառայողների] կողմից ներկայացված ապացույցների վրա, կասկածներ կային, որ դրանք «արհեստածին են և պայմանավորված քաղաքական շարժառիթներով» (տե՛ս Մուշեղ Սաղաթելյանի գործը՝ վերևում հիշատակված, §§ 125-131 և 243): Ավելին, ապացույցներ կային, որ ընդդիմության որոշ ակտիվիստներ հնարավոր է, որ դարձել էին «թվացյալ արհեստածին մեղադրանքներով» ձերբակալությունների և քրեական հետապնդումների զոհ արդեն փետրվարի 20-ից մինչև 29-ն ընկած ժամանակահատվածում, այսինքն՝ 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններից, ինչպես նաև ընդդիմության առաջնորդների և աջակիցների դեմ թիվ 62202608 հիմնական քրեական գործի հարուցումից առաջ (տե՛ս վերևում 70-րդ պարբերությունը): Հաշվի առնելով Եվրոպայի խորհրդի տարբեր մարմինների կողմից վերոնշյալ զեկույցներում ներկայացված ընդհանուր համատեքստի նկարագրությունը, որոնք լուրջ մտահոգություն են արտահայտում և պահանջում Դատարանի կողմից հատուկ զգոնություն և վերահսկողություն դիմումատուի կոնկրետ գործի վարման հարցում՝ Դատարանն այս կապակցությամբ հղում կկատարի հետևյալ գործոններին:
123. Նախ՝ անվիճելի է, որ դիմումատուն քաղաքական ընդդիմության անդամ է եղել և հայտնի հասարակական գործիչ, որն ակտիվ մասնակցություն է ունեցել հետընտրական ցույցերին, և որի ձերբակալությունը տեղի էր ունեցել այն ժամանակ, երբ հանրահավաքների անցկացումը բուռն ընթացքի մեջ էր, և դա անուղղակիորեն կապված է եղել դիմումատուի՝ շարունակվող բողոքի ցույցերին մասնակցության հետ, քանի որ պնդում էին, որ դիմումատուն ապօրինի կերպով զենք է կրել, երբ վերադառնում էր ցույցից:
124. Երկրորդ՝ Դատարանը նշում է, որ վիճահարույց է, թե ինչպես է քրեական գործ հարուցվել դիմումատուի նկատմամբ: Մասնավորապես դիմումատուի ձերբակալման պատճառը ԿՀԴՊԳՎ-ում ստացված ենթադրյալ անանուն հեռախոսազանգն էր, որով ասվել էր, որ դիմումատուն և նրան ուղեկցող անձինք զինված են: Այնուամենայնիվ, չկա որևէ իրատեսական ապացույց, որը կհաստատի այն փաստը, որ այդպիսի հեռախոսազանգն իսկապես ստացվել է ԿՀԴՊԳՎ-ում, ինչպես օրինակ՝ այդ խոսակցության ձայնագրությունը կամ դրա մանրամասն սղագրությունը: Այդ անանուն հեռախոսազանգի ճշգրիտ բնույթը երբևէ չի բացահայտվել և չի ուսումնասիրվել վարույթի որևէ փուլում, ինչը կարող է կասկածի տակ դնել այս փաստի ճշմարտացիությունը: (համեմատի՛ր Վիրաբյանի գործի հետ՝ վերևում հիշատակված, § 205): Ոստիկանության ծառայողներն անմիջապես անցել են այդպիսի անորոշ հիմքերով դիմումատուին բերման ենթարկելու՝ առանց նախ փորձելու ճշտել տրամադրված տեղեկատվությունը կամ տեղում իրականացվող խուզարկություններ կամ ստուգումներ կատարելու (նույն տեղում, § 206): Դիմումատուի վերաբերյալ այս նախնական կասկածը գրեթե անմիջապես մոռացվել է այն բանից հետո, երբ նրա ձերբակալման հանգամանքներով պայմանավորված՝ նրան այլ մեղադրանք է առաջադրվել, այն է՝ ոստիկանության ծառայողի նկատմամբ հարձակման փաստի առիթով, որը, ավելին, հիմնված էր բացառապես տվյալ ոստիկանության ծառայողների ցուցմունքների վրա (նույն տեղում, § 207, Հակոբյանի և այլոց գործը՝ վերևում հիշատակված, § 94, և Մուշեղ Սաղաթելյանի գործը՝ վերևում հիշատակված, § 251): Վերոնշյալ բոլոր գործոնները, ինչպես նաև դիմումատուի ձերբակալման նախնական պատճառներին առնչվող բոլոր պաշտոնական փաստաթղթերի ցայտուն անորոշությունը (տե՛ս վերևում 9-րդ, 20-րդ և 21-րդ պարբերությունները) հուշում են Դատարանին, որ չկան դիմումատուին կալանքի տակ վերցնելու իրական պատճառներ, և այդքան անորոշ հիմքերով նրան ձերբակալելու փաստն իրականում տպավորություն է ստեղծում, որ այդ ամենի նպատակն է եղել դիմումատուին ամեն գնով զրկել ազատությունից, և հնարավոր է, որ նրա ձերբակալությունը կատարվել է անբարեխիղճ կերպով (համեմատի՛ր Վիրաբյանի գործի հետ՝ վերևում հիշատակված, §§ 205-207, և Մուշեղ Սաղաթելյանի գործի հետ՝ վերևում հիշատակված, § 249):
125. Երրորդ՝ անհասկանալի է, թե ինչու է դիմումատուն նախ և առաջ տարվել թմրանյութերի մասով փորձաքննության, ինչն էլ հետագայում հարուցել է վիճելի միջադեպը: Թե՛ դիմումատուին «բերման ենթարկելու մասին» արձանագրությունը, և թե՛ ոստիկանության նախնական զեկուցագիրը մատնանշում էին ենթադրյալ ապօրինի զենք տիրապետելը որպես դիմումատուի ձերբակալման միակ պատճառ, և դրանցում չէր նշվում թմրանյութերի հետ կապված կասկածների մասին (տե՛ս վերևում 9-րդ և 13-րդ պարբերությունները): Նույնիսկ քննիչի որոշման մեջ թմրանյութերի փորձաքննության անհրաժեշտությունը հիմնավորվել է ոչ այլ ինչով, քան այն փաստով, որ դիմումատուի մոտ մահակ է հայտնաբերվել՝ չնայած, որ Դատարանը դժվարանում է կապ տեսնել այդ երկուսի միջև (տե՛ս վերևում 15-րդ պարբերությունը): Ճիշտ է, քրեական գործ հարուցելու մասին որոշման մեջ նշվել է, որ դիմումատուն բերման է ենթարկվել, inter alia, թմրանյութեր օգտագործելու կասկածանքով (տե՛ս վերևում 20-րդ պարբերությունը), սակայն չկա որևէ ապացույց ի հիմնավորումն այդ հայտարարության: Այդ նույն պատճառներով Կառավարության փաստարկներն այդ կապակցությամբ համոզիչ և հավաստի չեն թվում:
126. Չորրորդ՝ Դատարանը նշում է, որ 2008 թվականի փետրվարի 19-ին տեղի ունեցած վիճարկվող նախագահական ընտրություններից հետո Հայաստանում ծավալված բողոքի շարժմանը չառնչվող հանգամանքներում 2008 թվականի փետրվարի 24-ին պաշտոնապես մեղադրվելով ոստիկանության ծառայողների հասցեին սպառնալիքներ հնչեցնելու և նրանց նկատմամբ բռնություն գործադրելու մեջ, դիմումատուի դեմ հարուցված քրեական գործը միացվել է թիվ 62202608 այն հիմնական քրեական գործին, որը հարուցվել էր ընդդիմության առաջնորդների և աջակիցների դեմ՝ այդ բողոքի շարժման փաստի առթիվ: Ավելին, դա արվել է՝ հաշվի առնելով դիմումատուի մասնակցությունը քննարկվող հանրահավաքների կազմակերպմանը և անցկացմանը (տե՛ս վերևում 32-րդ, 34-րդ և 36-րդ պարբերությունները): Այդ քրեական գործի նյութերը և դիմումատուի ենթադրյալ մասնակցությունը «պետական իշխանությունը բռնազավթելու» դավադրության կազմակերպման գործընթացին հիմք են հանդիսացել դիմումատուի կալանքի ժամկետը երկարացնելու համար (տե՛ս վերևում 39-րդ և 40-րդ պարբերությունները): Ավելին, խիստ սահմանափակումներ են կիրառվել դիմումատուի՝ արտաքին աշխարհի հետ ունեցած իր շփման նկատմամբ՝ կրկին այդ քրեական գործի առնչությամբ՝ չնայած, որ դիմումատուին առաջադրված միակ պաշտոնական մեղադրանքը եղել է ոչ մեծ ծանրության բռնություն գործադրելը (տե՛ս վերևում 37-րդ պարբերությունը):
127. Հինգերորդ՝ ինչ վերաբերում է կալանավորման ընթացքում ենթադրաբար ապօրինի կերպով զենք տիրապետելու և ոստիկանության ծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու համար դիմումատուի վերջնական դատապարտմանը, ապա Դատարանը նշում է, որ քննարկվող զենքը, այն է՝ զսպանակավոր մահակը, ենթադրաբար հայտնաբերվել է դիմումատուի մոտ նրա ձերբակալման հենց առաջին օրը: Այնուամենայնիվ, անհասկանալի պատճառներով հաջորդող չորս ամիսների ընթացքում դիմումատուին չի առաջադրվել որևէ մեղադրանք, ինչը կասկածի տակ է դնում այդ մեղադրանքի արժանահավատությունն ու իսկությունը: Հատկանշական է, որ այդ մեղադրանքի առաջադրումը տեղի է ունեցել այն նույն ժամանակահատվածում, երբ իշխանությունները հրաժարվել են դիմումատուին պետական իշխանությունը բռնազավթելու հանցագործության համար մեղադրանք առաջադրելու իրենց փորձերից, ինչը տպավորություն է ստեղծում, որ իշխանությունները ցանկացել են ամեն գնով ապահովել դիմումատուի դատապարտումը (տե՛ս վերևում 44-րդ, 46-րդ և 49-րդ պարբերությունները և համեմատի՛ր Մուշեղ Սաղաթելյանի գործի հետ՝ վերևում հիշատակված, § 251): Ավելին, ինչ վերաբերում է բռնություն գործադրելու համար դիմումատուին դատապարտելուն, ապա այդ դատապարտումը հիմնված է եղել բացառապես շահագրգիռ ոստիկանության ծառայողների ցուցմունքների վրա, և, ըստ այդմ, ներպետական դատարանների կողմից փաստերի վերաբերյալ կատարված եզրահանգումները պարզ և անվիճելիորեն ամփոփել են հանգամանքներն այնպես, ինչպես դրանք ներկայացված են եղել այդ ցուցմունքներում (համեմատի՛ր Հակոբյանի և այլոց գործի հետ՝ վերևում հիշատակված, § 98, և Մուշեղ Սաղաթելյանի գործի հետ՝ վերևում հիշատակված, § 243): Այսպիսով, այդ մեղադրանքին առնչվող վարույթի իրականացման ձևը զարմանալիորեն նման է մյուս գործերին, որոնցում ընդդիմության ակտիվիստները ենթարկվել են քրեական հետապնդման և դատապարտվել նմանատիպ արարքների համար, նմանատիպ հանգամանքներում և նմանատիպ ապացույցների հիման վրա, ինչը մատնանշում է կրկնվող օրինաչափության առկայությունը և կասկածի տակ դնում դիմումատուի նկատմամբ հարուցված քրեական գործով վարույթի արժանահավատությունը (տե՛ս Հակոբյանի և այլոց գործը՝ վերևում հիշատակված, §§ 97-98, Վիրաբյանի գործը՝ վերևում հիշատակված, §§ 204-209, և Մուշեղ Սաղաթելյանի գործը՝ վերևում հիշատակված, § 253):
128. Վերջապես՝ հատկանշական է, որ դիմումատուի դեմ հարուցված քրեական գործը թեև ընդհանուր առմամբ չի առնչվում բողոքի շարժմանը, այնուամենայնիվ, այն ընդգրկվել է որպես ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից դիտարկվող՝ 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների առնչությամբ ընդդիմության առաջնորդների և աջակիցների դեմ հարուցված ավելի քան հարյուր գործերով դատավարությունների դիտանցման ծրագրի մի մաս (տե՛ս վերևում 71-րդ պարբերությունը):
129. Հետևաբար Դատարանը մի շարք ցայտուն նմանություններ է գտնում դիմումատուի գործի և վերը նշված գործերի միջև (տե՛ս վերևում 121-րդ պարբերությունը): Հաշվի առնելով վերոնշյալ բոլոր գործոնները՝ Դատարանը գտնում է, որ սույն գործում առկա են համոզիչ տարրեր, որոնք կասկածներ են հարուցում առ այն, թե արդյոք դիմումատուի ձերբակալման և հետագա քրեական հետապնդման իրական պատճառներն այն նույն պատճառներն են, որոնք նշված են ոստիկանության համապատասխան նյութերում: Դատարանում ներկայացված նյութերի ամբողջությունը թույլ է տալիս Դատարանին բավականաչափ համոզիչ, հստակ և համահունչ եզրակացություններ անել առ այն, որ դիմումատուի նկատմամբ քրեական հետապնդումը և դրա արդյունքում նաև նրա դատապարտումը կապված են եղել ընդդիմության կողմից ղեկավարվող բողոքի շարժմանը դիմումատուի ներգրավվածության և ակտիվ մասնակցության հետ: Հետևաբար Դատարանը պատրաստ է ենթադրել, որ այն փաստերի ամբողջությունը, որոնց վրա հիմնված են եղել դիմումատուի նկատմամբ քրեական հետապնդումը և դատապարտումը, վիճելի հիմքերով կարող է համարվել որպես նրա՝ խաղաղ հավաքների ազատության իրավունքին «միջամտության» դեպք (տե՛ս, mutatis mutandis (համապատասխան փոփոխություններով), Հակոբյանի և այլոց գործը՝ վերևում հիշատակված, § 99, Վիրաբյանի գործը՝ վերևում հիշատակված, § 210, և Մուշեղ Սաղաթելյանի գործը՝ վերևում հիշատակված, § 234):
գ) Արդյո՞ք միջամտությունը նախատեսված է եղել օրենքով
130. Դատարանը կրկին նշում է, որ միջամտությունը կհամարվի 11-րդ հոդվածի խախտում, եթե այն չլինի «սահմանված օրենքով», չհետապնդի 2-րդ պարբերությամբ նախատեսված մեկ կամ մի քանի իրավաչափ նպատակ և չլինի «անհրաժեշտ ժողովրդավարական հասարակությունում»՝ այդ նպատակների իրականացման համար (տե՛ս Կուդրևիչիուսի և այլոց գործը՝ վերևում հիշատակված, § 102):
131. Դատարանի քննության առաջին քայլը պարզելն է, թե արդյոք դիմումատուի՝ խաղաղ հավաքների ազատության իրավունքին միջամտությունը «սահմանված է եղել օրենքով»: Դիմումատուն պնդել է, որ այդ միջամտությունն անօրինական և կամայական է եղել, քանի որ իր նկատմամբ քրեական հետապնդումը եղել է ցույցերին իր մասնակցությունը կանխելու և դրանց մասնակցելու համար իրեն պատժելու քողարկված միջոց: Դատարանը կրկին նշում է, որ 11-րդ հոդվածի առաջնային նպատակն է պաշտպանել անհատին պետական մարմինների կամայական միջամտությունից՝ պաշտպանված իրավունքների իրականացման հարցում (տե՛ս Էլեկտրաքարշերի ինժեներների և հրշեջների միավորված միությունը (ԷԻՀՄՄ) ընդդեմ Միացյալ Թագավորության [Associated Society of Locomotive Engineers and Firemen (ASLEF) v. the United Kingdom], թիվ 11002/05, § 37, 2007 թվականի փետրվարի 27): Այն նշում է, որ արդեն գտել է, որ նմանատիպ միջամտությունների դեպքերը եղել են անօրինական և կամայական, ուստի չեն համապատասխանել այն պահանջին, որ ցանկացած միջամտություն պետք է սահմանված լինի օրենքով (տե՛ս Հակոբյանի և այլոց գործը՝ վերևում հիշատակված, §§ 107-108, և Հուսեյնլին և այլք ընդդեմ Ադրբեջանի [Huseynli and Others v. Azerbaijan], թիվ 67360/11 և 2 այլ վճիռներ, §§ 98-100, 2016 թվականի փետրվարի 11):
132. Հաշվի առնելով միջամտության առկայության վերաբերյալ իր եզրակացությունները՝ Դատարանը գտնում է, որ սույն գործում նկարագրված իրավիճակը համադրելի է վերևում հիշատակված՝ Հակոբյանի և այլոց, ինչպես նաև Հուսեյնլիի և այլոց գործերում ուսումնասիրված իրավիճակի հետ: Իրականում դիմումատուն ենթարկվել է քրեական հետապնդման և դատապարտվել որոշ արարքների, մասնավորապես՝ ապօրինի կերպով սառը զենք կրելու և ոստիկանության ծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու համար՝ համաձայն ՔՕ-ի՝ այդ արարքները քրեականացնող 235-րդ հոդվածի 4-րդ մասի և 316-րդ հոդվածի 1-ին մասի, մինչդեռ նրա քրեական պատժի իրական պատճառը եղել է բողոքի շարժմանը նրա ակտիվ մասնակցությունը: Այս հանգամանքներում դիմումատուի՝ խաղաղ հավաքների ազատության իրավունքի իրականացմանը դիտարկվող միջամտությունը կարող է որակվել որպես ակնհայտ կամայական և համապատասխանաբար անօրինական՝ Կոնվենցիայի 11-րդ հոդվածի նպատակներով (տե՛ս, mutatis mutandis (համապատասխան փոփոխություններով), Հակոբյանի և այլոց գործը՝ վերևում հիշատակված, § 107, և Հուսեյնլիի և այլոց գործը՝ վերևում հիշատակված, § 98):
133. Հետևաբար Դատարանը եզրակացնում է, որ նշված միջամտությունը չի բավարարել Կոնվենցիայով սահմանված օրինականության պահանջը: Վերոնշյալից ելնելով՝ չի պահանջվում պարզել, թե արդյոք միջամտությունը հետապնդել է իրավաչափ նպատակ, և եթե այո, ապա արդյոք այն համաչափ է եղել հետապնդվող նպատակին:
134. Հետևաբար տեղի է ունեցել Կոնվենցիայի 11-րդ հոդվածի խախտում:
V. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 14-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
135. Դիմումատուն այնուհետև բողոքել է, որ իր նկատմամբ իրականացված քրեական հետապնդումը և դատապարտումը պայմանավորված են եղել իր քաղաքական տեսակետներով և հանգեցրել են խտրականության՝ Կոնվենցիայի 14-րդ հոդվածի խախտմամբ, որով սահմանվում է հետևյալը.
«Սույն Կոնվենցիայում շարադրված իրավունքներից և ազատություններից օգտվելն ապահովվում է առանց խտրականության, այն է՝ անկախ սեռից, ռասայից, մաշկի գույնից, լեզվից, կրոնից, քաղաքական կամ այլ համոզմունքից, ազգային կամ սոցիալական ծագումից, ազգային փոքրամասնությանը պատկանելուց, գույքային դրությունից, ծննդից կամ այլ դրությունից»:
136. Կառավարությունը վիճարկել է այդ փաստարկը։
137. Հաշվի առնելով Կոնվենցիայի 11-րդ հոդվածի առնչությամբ կատարված իր եզրահանգումները (տե՛ս վերևում 121-134-րդ պարբերությունները)՝ Դատարանը սույն բողոքը հայտարարում է ընդունելի, սակայն համարում է, որ այս դեպքում անհրաժեշտ չէ քննել այն հարցը, թե արդյոք տեղի է ունեցել Կոնվենցիայի 14-րդ հոդվածի խախտում՝ 11-րդ հոդվածի հետ համակցությամբ:
VI. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈԻՄԸ
138. Կոնվենցիայի 41-րդ հոդվածի համաձայն՝
«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է անհրաժեշտության դեպքում տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել»։
Ա. Վնասը
139. Դիմումատուն պահանջել է 19 200 եվրո՝ որպես նյութական վնասի հատուցում, մասնավորապես սննդամթերքի այն ծանրոցների համար, որոնք ենթադրաբար ստացել էր ընկերոջից քրեակատարողական հիմնարկում գտնվելու ընթացքում: Նա նաև պահանջել է 50 000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում:
140. Կառավարությունը պնդել է, որ դիմումատուի՝ նյութական և ոչ նյութական վնասների հատուցման մասով պահանջներն անհիմն են: Ավելին, պահանջված ոչ նյութական վնասի չափը չափազանց մեծ է:
141. Դատարանը նշում է, որ դիմումատուն չի ներկայացրել բավարար ապացույցներ՝ ենթադրյալ նյութական վնասի հետ կապված, ուստի այն մերժում է այս պահանջը: Մյուս կողմից, այն դիմումատուին շնորհում է 14 000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում:
Բ. Ծախսերը և ծախքերը
142. Դիմումատուն նաև պահանջել է 1 600 000 ՀՀ դրամ՝ որպես Դատարանում կրած դատական ծախսերի փոխհատուցում՝ ներկայացնելով փաստաբանական ծառայությունների պայմանագրի պատճենը:
143. Կառավարությունը պնդել է, որ պահանջը պատշաճ ձևով հիմնավորված չէ, և պահանջվող գումարը չափազանց մեծ է:
144. Դատարանի նախադեպային իրավունքի համաձայն՝ դիմումատուն ունի ծախսերի ու ծախքերի հատուցման իրավունք միայն այնքանով, որքանով ապացուցվել է, որ դրանք իրականում կատարվել են, անհրաժեշտ են եղել, և որ դրանց չափը եղել է ողջամիտ: Սույն գործի շրջանակներում, հաշվի առնելով իր տրամադրության տակ եղած փաստաթղթերը և իր նախադեպային իրավունքը, Դատարանը ողջամիտ է համարում [դիմումատուին] շնորհել 2 000 եվրո գումար՝ որպես Դատարանի վարույթում կրած ծախսերի հատուցում։
Գ. Չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը
145. Դատարանը գտնում է, որ չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը պետք է հիմնված լինի Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի վրա, որին պետք է գումարվի երեք տոկոսային կետ։
ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ՝
1. Վճռում է, որ դիմումատուի այրին և ժառանգը շարունակում է սույն վարույթում հանդես գալ դիմումատուի կողմից ներկայացված գանգատով.
2. Որոշում է Կառավարության՝ իրավական պաշտպանության ներպետական միջոցները չսպառելու մասին առարկությունը միացնել գործի ըստ էության քննությանը և մերժում է այն.
3. Հայտարարում է գանգատն ընդունելի.
4. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի խախտում այն մասով, որ 2008 թվականի հուլիսի 15-ից մինչև 22-ն ընկած ժամանակահատվածում դիմումատուի կալանքը եղել է անօրինական.
5. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի խախտում այն մասով, որ ներպետական դատարանները չեն ներկայացրել վերաբերելի և բավարար պատճառներ դիմումատուի կալանավորման համար.
6. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ կետի խախտում՝ կալանքի դեմ դիմումատուի կողմից ներկայացված 2008 թվականի հունիսի 24-ի վերաքննիչ բողոքի քննությունը մերժելու մասով.
7. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում՝ դիմումատուի գործի արդար դատաքննության մասով.
8. Վճռում է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3-րդ կետի «դ» ենթակետի համաձայն ներկայացված բողոքը քննելու անհրաժեշտություն չկա.
9. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 11-րդ հոդվածի խախտում՝ դիմումատուի նկատմամբ քրեական հետապնդման և դատապարտման իրականացման մասով.
10. Վճռում է, որ բողոքը Կոնվենցիայի 14-րդ հոդվածի համաձայն՝ Կոնվենցիայի 11-րդ հոդվածի հետ համադրությամբ քննելու անհրաժեշտություն չկա.
11. Վճռում է, որ
ա) պատասխանող Պետությունը Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան վճիռը վերջնական դառնալու օրվանից երեք ամսվա ընթացքում պետք է դիմումատուին վճարի հետևյալ գումարները, որոնք պետք է փոխարկվեն պատասխանող Պետության արժույթով՝ վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով.
i) ոչ նյութական վնասի դիմաց՝ 14 000 եվրո (տասնչորս հազար եվրո)՝ գումարած գանձման ենթակա ցանկացած հարկ.
ii) ծախսերի և ծախքերի դիմաց՝ 2 000 եվրո (երկու հազար եվրո)՝ գումարած դիմումատուից գանձման ենթակա ցանկացած հարկ.
բ) վերը նշված եռամսյա ժամկետի ավարտից հետո՝ մինչև վճարման օրը, պետք է հաշվարկվի վերոնշյալ գումարների նկատմամբ պարզ տոկոսադրույք՝ չկատարման ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի չափով՝ գումարած երեք տոկոսային կետ.
12. Մերժում է դիմումատուի՝ արդարացի փոխհատուցման պահանջի մնացած մասը։
Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2020 թվականի հոկտեմբերի 8-ին՝ համաձայն Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի։
Ռենատա Դեգեներ |
Քրշիշթոֆ Վոյտիչեկ |
Քարտուղարի տեղակալ |
Նախագահ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|