Գլխավոր տեղեկություն
Համար
N 1
Տիպ
Պաշտոնական պարզաբանում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.07.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2013.07.25/23(467)
Ընդունող մարմին
Բնապահպանության նախարար
Ընդունման ամսաթիվ
22.07.2013
Ստորագրող մարմին
Բնապահպանության նախարար
Ստորագրման ամսաթիվ
22.07.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

22 հուլիսի 2013 թ.

N 1 

 

Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն  Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ

 

«ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 20-Ի ՀՕ-21 ՕՐԵՆՔԻ 15-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ԿԻՐԱՌՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է, որ փորձաքննության ենթակա են հայեցակարգերը, որոնք վերաբերում են սոցիալ-տնտեսական, էներգետիկայի, քաղաքաշինության, տրանսպորտի, կապի, գյուղատնտեսության, ձկնային տնտեսության, լեռնահանքային արդյունահանության, արդյունաբերական ճյուղերի, առողջապահության, սոցիալական, բնապահպանության, հանգստավայրերի, զբոսաշրջության և սպասարկման ոլորտի զարգացման բնագավառներին:

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Օրենք) 15-րդ հոդվածի 1-ին մասի շարադրանքը տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տվել:

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն իրավական ակտը մեկնաբանվում է դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությամբ՝ հաշվի առնելով օրենքի պահանջները:

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասով «հայեցակարգը» պարզաբանվում է որպես հայեցակարգեր, ծրագրեր, համալիր սխեմաներ և գլխավոր հատակագծեր, իսկ 15-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված են այն ոլորտները, որոնց բնագավառների զարգացմանն ուղղված հայեցակարգերը ենթակա են փորձաքննության:

Բացի այդ Օրենքի 1-ին հոդվածի 4-րդ մասը «ներկայացնող» հասկացությունը սահմանում է որպես հայեցակարգ մշակող և ներկայացնող, իսկ «ձեռնարկողը», համաձայն նույն հոդվածի 6-րդ մասի, իրավաբանական կամ ֆիզիկական անձ է, ինչպես նաև իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկություն, որոնք մտադիր են իրականացնել որևէ նախատեսվող գործունեություն:

Այսինքն, օրենսդիրը հատուկ տարբերակել է «ներկայացնողին» «ձեռնարկողից» և յուրաքանչյուրին, որպես Օրենքով կարգավորվող հարաբերության ինքնուրույն մասնակցի, վերապահել համապատասխան իրավունքներ ու պարտականություններ:

Հարցի հստակեցման նպատակով, ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասով պաշտոնապես պարզաբանում եմ.

1. «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասը վերաբերում է սոցիալտնտեսական, էներգետիկայի, քաղաքաշինության, տրանսպորտի, կապի, գյուղատնտեսության, ձկնային տնտեսության, լեռնահանքային արդյունահանության, արդյունաբերական ճյուղերի, առողջապահության, սոցիալական, բնապահպանության, հանգստավայրերի, զբոսաշրջության և սպասարկման ոլորտի զարգացման բնագավառներին և չի կարող վերաբերել ձեռնարկողի կողմից իրականացվելիք որևէ նախատեսվող գործունեությանը:

 2. «Ներկայացնողին» է վերապահված, այլ ոչ թե «ձեռնարկողին կամ էլ նրա նախատեսվող գործունեության իրականացման նպատակով ձեռնարկողի կողմից պատվիրված ծրագիր, հայեցակարգ, համալիր սխեմա և գլխավոր հատակագիծ մշակող և ներկայացնող ֆիզիկական և իրավաբանական անձանց», Օրենքի 15-րդ հոդվածով նախատեսված գործընթացների իրականացումը:

 

Ա. Հարությունյան