Գլխավոր տեղեկություն
Համար
N 4
Տիպ
Պաշտոնական պարզաբանում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.02.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2013.02.27/6(450)
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
27.02.2013
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
27.02.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

27 փետրվարի 2013 թ.

N 4

 

Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն  Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 29-ի N 1275-Ն որոշման կիրառման ընթացքում ծագած որոշ հարցերի վերաբերյալ

 

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի համաձայն` կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից բժշկական օգնության և սպասարկման իրականացումը լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ է: Բժշկական օգնության և սպասարկման տեսակ հանդիսացող ստոմատոլոգիական և ռենտգենաբանական ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջներն ու պայմանները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 29-ի N 1275-Ն որոշմամբ: Նշված որոշմամբ սահմանված ստոմատոլոգիական և ռենտգենաբանական ծառայությունների մատուցման ընթացքում հաճախ խնդիր է առաջանում դրանց տարանջատման հարցում, մասնավորապես` հարց է ծագում` արդյո՞ք ստոմատոլոգիական ծառայությունների իրականացման ընթացքում մատուցված ռենտգենաբանական ծառայությունները դիտարկվում են որպես առանձին մատուցվող ռենտգենաբանական ծառայություններ, և եթե ոչ` երբ են համարվում ռենտգենաբանական ծառայությունները մատուցված:

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի դրույթներով` պաշտոնապես պարզաբանում եմ.

Ստոմատոլոգիական ծառայությունների ընթացքում մատուցված ռենտգենաբանական ծառայությունները ներառվում են ստոմատոլոգիական ծառայությունների մեջ:

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից ռենտգենաբանական ծառայությունները համարվում են մատուցված այն դեպքում, եթե դրանք իրականացվում են նույն կազմակերպությունում` առանց ստոմատոլոգիական ծառայությունների մատուցման:

 

ՀՀ առողջապահության նախարար՝

Դ. Դումանյան