Գլխավոր տեղեկություն
Համար
N 58
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.03.2001-07.01.2002)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2001.02.23/5(137) Հոդ.105
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.01.2001
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.01.2001
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
29.01.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.03.2001
Ուժը կորցնելու ամսաթիվ
18.09.2004

040.0058.29.01.01

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

29 հունվարի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 հունվարի 2001 թվականի N 58

քաղ. Երևան

 

«ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԵՎ ԽԱՂԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով և հիմք ընդունելով «Շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ և 8-րդ հոդվածների 1-ին կետերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ`

ա) շահումով խաղերի և խաղատների գործունեության լիցենզավորման և վերահսկողության համար Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի իրավասությունը վերապահել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը.

բ) խաղային ավտոմատի շահագործումից ստացված հասույթի մեջ շահումների ծրագրավորված ընդհանուր մեծության նվազագույն չափը կազմում է 86 տոկոս:

2. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում շահումով խաղերի և խաղատների գործունեության լիցենզավորման կարգը (կցվում է):

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` 5-օրյա ժամկետում` շահումով խաղերի և խաղատների գործունեության կազմակերպման համար գործունեության լիցենզիա տալու մասին տեղեկացնել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությանը և Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին:

4. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությանը և Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին` շահումով խաղերի և խաղատների գործունեության լիցենզիա ունեցող անձանց կողմից հարկերի և օրենքով սահմանված այլ պարտադիր վճարների ժամկետանց պարտավորություններ (այդ թվում` տույժեր և տուգանքներ) ունենալու դեպքում դրա մասին փաստի արձանագրման պահից 5-օրյա ժամկետում տեղեկացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը:

5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հոկտեմբերի 28-ի «Շահումով խաղեր և խաղատներ կազմակերպելու մասին» N 657 որոշումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2001 թվականի
հունվարի 29-ի N 58 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

Հայաստանի Հանրապետությունում շահումով խաղերի ԵՎ խաղատների գործունեության լիցենզավորման

 

1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետությունում շահումով խաղերի և խաղատների գործունեության լիցենզավորման հետ կապված վարչական հարաբերությունները:

2. Լիցենզիա ստանալու համար դիմողը լիազոր մարմին է ներկայացնում դիմում, որում նշվում են`

ա) դիմողի անվանումը, գտնվելու վայրը և կազմակերպական-իրավական ձևը.

բ) խաղասրահի գտնվելու վայրը.

գ) իրականացվող խաղերի տեսակները (մեքենայացված և (կամ) կենդանի).

դ) հայցվող լիցենզիայի տեսակը (շահումով խաղի կամ խաղատան գործունեության կազմակերպման).

ե) դիմումին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը:

3. Դիմումին կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը`

ա) դիմողի կանոնադրության և պետական գրանցման վկայականի պատճենները.

բ) պահպանիչ և հակահրդեհային ազդարարման համակարգը տեղադրող պատասխանատու անձի կողմից տրված տեղեկանք խաղասրահի տարածքում համակարգը` դրա տեխնիկական պահանջներին համապատասխան տեղադրելու մասին.

գ) խաղասրահի տարածքի սեփականության, վարձակալության կամ օգտագործման իրավունքի վկայականի պատճենը.

դ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային մարմնի կողմից տրված տեղեկանք խաղասրահի` Երևան քաղաքի և մարզային կենտրոնների վարչական սահմաններից ուղիղ գծով հեռավորության մասին.

ե) խաղային սարքավորումների և խաղասեղանների ծագման սերտիֆիկատների պատճենները.

զ) համապատասխան տարածքային հարկային մարմնի կողմից տրված` դիմողի հարկային պարտավորությունների մասին տեղեկանք` վերջին հաշվետու ժամանակաշրջանի դրությամբ.

է) Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի համապատասխան տարածքային մարմնի կողմից տրված` պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով դիմողի պարտավորությունների մասին տեղեկանք` վերջին հաշվետու ժամանակաշրջանի դրությամբ.

ը) շահումով խաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգը` երկու օրինակից, հաստատված դիմողի կառավարման համապատասխան մարմնի կողմից, որտեղ պետք է արտացոլվեն`

դիմողի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու վայրը.

խաղասրահի գտնվելու վայրը.

իրականացվող խաղերի տեսակները (մեքենայացված և (կամ) կենդանի) և քանակը.

շահումով խաղի մեկ տոմսի և (կամ) խաղանիշի (ժետոն) գինը.

խաղի անցկացման կարգը.

շահումի տարբերակները.

շահումները վճարելու վայրը.

խաղացողների իրավունքներն ու պարտականությունները.

կազմակերպչի իրավունքներն ու պարտականությունները.

վեճերի լուծման կարգը:

4. Լիազոր մարմինը դիմումն ստանալուց հետո 21 օրվա ընթացքում նշանակում է քննարկում` դիմողին առնվազն 3 օր առաջ գրավոր կամ բանավոր տեղեկացնելով քննարկման վայրի (հասցեն), օրվա ու ժամի մասին: Լիազոր մարմինը քննարկումն իրականացնում է անկախ դիմողի ներկայացուցչի ներկայությունից:

5. Դիմումի մերժման կամ բավարարման դեպքում` լիազոր մարմին ներկայացված փաստաթղթերը չեն վերադարձվում:

6. Շահումով խաղի կամ խաղատան կազմակերպիչը շահումով խաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգում փոփոխություններ կատարելու դեպքում նախքան դրա կիրառումը դիմում է լիազոր մարմնին` դրանք համաձայնեցնելու համար` փոփոխությունները ներկայացնելով երկու օրինակից:

7. Լիազոր մարմինը 15-օրյա ժամկետում ընդունում է որոշում շահումով խաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգում առաջարկվող փոփոխություններին համաձայնություն տալու կամ մերժելու մասին: Որոշման պատճենը 3 օրվա ընթացքում տրամադրվում (փոստով առաքվում) է շահումով խաղի կամ խաղատան կազմակերպչին:

8. Եթե լիազոր մարմինն ընդունել է դիմումը վերապահումով բավարարելու որոշում, ապա դիմողը պարտավոր է այդ որոշման պատճենն ստանալուց հետո 30 օրվա ընթացքում լիազոր մարմին ներկայացնել ուղղված փաստաթղթերը, որից հետո լիազոր մարմինը 5-օրյա ժամկետում դիմողին տրամադրում է շահումով խաղի կամ խաղատան կազմակերպման և անցկացման կանոնակարգում կատարված փոփոխության մեկ օրինակը:

9. Լիազոր մարմինը կազմակերպչի կողմից շահումով խաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգում առաջարկվող փոփոխություններին չի տալիս իր համաձայնությունը, եթե`

ա) ներկայացված փոփոխությունները չեն բավարարում սույն կարգի ու «Շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջները.

բ) փոփոխությունների կատարումը կվտանգի խաղացողների շահերը:

10. Ներկայացված փոփոխությունները մերժելու մասին որոշման մեջ նշվում են մերժման պատճառներն ու իրավական հիմքերը:

11. Շահումով խաղի կամ խաղատան կազմակերպիչն իր հիմնադիր փաստաթղթում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու դեպքում մեկամսյա ժամկետում դրա մասին ծանուցում է լիազոր մարմնին` ներկայացնելով փոփոխությունները կամ լրացումները: