Գլխավոր տեղեկություն
Համար
N 136
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.03.2001-31.07.2001)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2001.03.05/7(139) Հոդ.193
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
24.02.2001
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.02.2001
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
24.02.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.03.2001

040.0136.24.02.01

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ 
24 փետրվարի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 փետրվարի 2001 թվականի N 136

քաղ. Երևան

 

«ԴՈՂԱԳՈՐԾ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

«Դողագործ» բաց բաժնետիրական ընկերության գործունեությունը կարգավորելու, աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը`

ա) ապահովել «Դողագործ» բաց բաժնետիրական ընկերության կողմից «Դողագործ-1» բաց բաժնետիրական ընկերության հիմնադրումը` օրենքով սահմանված կարգով.

բ) «Դողագործ-1» բաց բաժնետիրական ընկերությունը հիմնադրելիս առաջնորդվել հետևյալ սկզբունքներով`

«Դողագործ-1» բաց բաժնետիրական ընկերությունն ստեղծել «Դողագործ» բաց բաժնետիրական ընկերության մարդատար, փոքր բեռնատարության և գյուղատնտեսական մեքենաների դողերի արտադրությունների, դողերի վերանորոգման, օդախցիկների, ռետինային խառնուրդների պատրաստման ու կալանդման, ռետինակորդային թափոնների վերամշակման համալիրի աշխատանքն ապահովող սարքավորումների և կառույցների (ցանկը կցվում է), ինչպես նաև «Դողագործ-1» բաց բաժնետիրական ընկերության գործունեության համար անհրաժեշտ շրջանառու միջոցների ներդրմամբ` «Դողագործ» բաց բաժնետիրական ընկերության գույքի կազմում թողնելով նոր կառուցված համալիրները, բեռնատար մեքենաների դողերի ռետինացման հոսքային գծերը` իրենց զբաղեցրած շինություններով, հաղորդակցուղիներով և ոչ արտադրական շինություններով, և պահեստային տեղամասը (ցանկը կցվում է).

«Դողագործ-1» բաց բաժնետիրական ընկերությանը փոխանցել «Դողագործ» բաց բաժնետիրական ընկերության կողմից նախորդ տարիների աշխատավարձի գծով կուտակված պարտքերի վճարման պարտավորությունները.

պայմաններ ստեղծել «Դողագործ» բաց բաժնետիրական ընկերության և «Դողագործ-1» բաց բաժնետիրական ընկերության համագործակցության համար` ապահովելով կառավարման արդյունավետ համակարգերի ներդրումը:

2. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը, Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը` ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ` «Դողագործ-1» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի հավանական գնորդների ներգրավման համար:

3. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությանը և Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին` երկամսյա ժամկետում`

«Դողագործ» բաց բաժնետիրական ընկերության հետ համատեղ կազմել պարտավորությունների մարման համապատասխան ժամանակացույցեր: Դրանցում նախատեսված ժամանակաշրջանում ձեռնպահ մնալ «Դողագործ» բաց բաժնետիրական ընկերությունն անվճարունակ ճանաչելու և գույքի վրա բռնագանձում տարածելու վերաբերյալ դատարան հայց ներկայացնելուց.

ներկայացնել դիմում «Դողագործ» բաց բաժնետիրական ընկերությունից գույքային բռնագանձումների վերաբերյալ դատարանի վճռի հիման վրա կատարողական թերթը վերադարձնելու մասին:

4. «Դողագործ-1» բաց բաժնետիրական ընկերության կողմից արտադրանքի արտահանման արդյունքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից վերադարձման ենթակա ավելացված արժեքի հարկի գերավճարներն առաջնահերթ կարգով ուղղել «Դողագործ» բաց բաժնետիրական ընկերության` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նկատմամբ ունեցած պարտքերի մարմանը:

5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը` մեկամսյա ժամկետում սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն «Դողագործ» բաց բաժնետիրական ընկերության` Հայաստանի Հանրապետության էներգահամակարգի ընկերությունների նկատմամբ ունեցած պարտքերը Հայաստանի Հանրապետության օրենսդրության շրջանակներում վերաձևակերպելու վերաբերյալ:

6. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը`

ա) մինչև 2001 թվականի սեպտեմբերի 25-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել հաշվետվություն սույն որոշումից բխող գործընթացների մասին.

բ) սույն կետի «ա» ենթակետում նշված ժամկետում «Դողագործ-1» բաց բաժնետիրական ընկերության վերագործարկման ծրագրով նախատեսված աշխատանքները չկատարելու կամ ընթացիկ պարտքեր առաջանալու դեպքում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սկսել լուծարման գործընթացը:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ա. Մարգարյան

 

 

Ց Ա Ն Կ

 

«Դողագործ-1» բաց բաժնետիրական ընկերության գույքի կազմում ներդրվող շինությունների եվ տեխնիկական հանգույցների

 

1. Հումքի նախապատրաստման արտադրամաս (մասնաշենք` K-9)`

հումքի և նյութերի պահեստներ

սոսնձի պատրաստման տեղամաս

դիաֆրագմաների, օդախցիկների, օղակային ժապավենների

կիսաֆաբրիկատների բացթողման և եփման տեղամասեր

ներգործարանային երկաթգիծ և շղթայավոր հոսքագծեր` հումքի ստացման

և տեղափոխման համար

թափոնների վերամշակման տեղամաս (մասնաշենք` K-13)`

2. Նախապատրաստական արտադրամաս (մասնաշենքեր` K-2, K-2-7, K-7)`

քիմիկատների կշռման տեղամաս

տեխնիկական ածխածնի հավաքալցման տեղամաս

ռետինային խառնուրդների պատրաստման սարքավորումներ

3. Կալանդների արտադրամաս (մասնաշենքեր` K-1, K-7, K-1-2)`

կորդի տոգորման տեղամաս

կորդի ռետինապատման տեղամաս

պահպանաշերտերի (պրոտեկտորներ) պատրաստման տեղամաս

4. Բեռնատար մեքենաների դողերի հավաքման արտադրամաս (մասնաշենք` K-1-2)`

կիսաֆաբրիկատների նախապատրաստման տեղամաս

դողերի հավաքման տեղամաս

5. Բեռնատար մեքենաների դողերի եփման արտադրամաս (մասնաշենք` K-1-2)`

եփման ագրեգատ N 2

6. Մարդատար, գյուղատնտեսական մեքենաների և ավտոբեռնիչների դողերի

հավաքման արտադրամաս (մասնաշենք` K-50)`

կիսաֆաբրիկատների նախապատրաստման տեղամաս

դողերի հավաքման տեղամաս

7. Մարդատար, գյուղատնտեսական մեքենաների և ավտոբեռնիչների դողերի

եփման արտադրամաս (մասնաշենք` K-50)`

8. Օդախցիկների արտադրամաս (մասնաշենք` K-47)`

ռետինային խառնուրդի նախապատրաստման և մշակման տեղամաս

եփման տեղամաս

փականների տեղամաս

9. Ճնշակների (կոմպրեսորներ) և գերտաք ջրի արտադրամաս (մասնաշենքեր` K-34, K-33, K-33ա)`

ճնշակների արտադրամաս

գերտաք ջրի տեղամաս

ջրի քիմիական մաքրման տեղամաս

օդի, ջրի և գոլորշու ընդհանուր հաղորդակցուղիներ

10. Պատրաստի արտադրանքի պահեստ (մասնաշենք` K-31)

11. Էլեկտրաարտադրամաս (մասնաշենք` K-40)

12. Մեխանիկական արտադրամաս (մասնաշենք` K-40)

13. Շինարարական վերանորոգման տեղամաս (մասնաշենք` K-51)

14. Դողերի վերանորոգման արտադրամաս (մասնաշենք` K-14ա)

15. Էլեկտրաենթակայաններ N 2 (մասնաշենք` K-32) և N 7 (մասնաշենք` K-34)

16. Էլեկտրաամբարձիչների և սայլակների տեղամաս (մասնաշենք` K-32)

17. Ավտոտրանսպորտի տեղամաս

18. Կենտրոնական լաբորատորիա (մասնաշենք` K-29)

19. Դիաֆրագմայի եփման տեղամաս (մասնաշենք` K-57)

20. Վարչության շենք (մասնաշենք` K-54)

21. Բաղնիքներ, ճաշարան և այլ օժանդակ կառույցներ

 

Ց Ա Ն Կ

 

«Դողագործ» բաց բաժնետիրական ընկերության գույքի կազմում թողնվող շինությունների եվ տեխնիկական հանգույցների

 

1. Բեռնատար մեքենաների դողերի եփման ավտոմատ հոսքագծերի արտադրամաս (մասնաշենք` K-57)

NN 1, 2, 3, 4 եփման հոսքային գծեր (մասնաշենք` K-57)

գերտաք ջրի տեղամաս (մասնաշենք` K-57ա)

օդափոխիչների տեղամաս (մասնաշենք` K-57.1)

2. Բեռնատար մեքենաների դողերի հավաքման արտադրամասի միայն մասնաշենքը (մասնաշենք` K-57բ)

3. Բեռնատար մեքենաների դողերի եփման արտադրամաս (մասնաշենք` K-1-2)` եփման N 1 ագրեգատի 5 կաթսաները

4. Երկրորդ խմբի հումքի պահեստներ (ընդհանուր մակերեսը` 16000 քառ. մ)

5. Գազապաստարան

6. N 5 հանրակացարան

7. Օժանդակ մասնաշենքեր և տարածքներ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
31.07.2001, N 689 31.07.2001, N 136
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան