Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 10
Տիպ
Պաշտոնական պարզաբանում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.12.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2013.02.01/3(447)
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
25.12.2012
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
28.12.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

25 դեկտեմբերի 2012 թ.

թիվ 10 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն  Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12-Ի ԹԻՎ 534-Ն ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ «ԳՐԱՎԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՁԵՎԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԻ» 4-ՐԴ ԿԵՏԻ ՄԱՍԻՆ

 

Վերջին ժամանակաշրջանում գրավատները պարզաբանման ակնկալիքով Կենտրոնական բանկին ուղղել են հետևյալ հարցադրումը.

Կարող են արդյո՞ք գրավատների կողմից օրենքով սահմանված ժամկետներից հետո ներկայացված ճշգրտված հաշվետվությունները համարվել «Գրավատների և գրավատնային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի ա) և բ) կետերին համապատասխան ներկայացված՝ այդպիսով բացառելով օրենքով սահմանված ժամկետներում ներկայացված հաշվետվություններում առկա ոչ էական թերությունների (վրիպակների, ոչ իրավաբանական անճշտությունների, թվաբանական սխալների և նման այլ բացթողումների) համար պատասխանատվությունը:

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը հարկ է համարում անդրադառնալ վերը նշված իրավահարաբերությունները կարգավորող իրավական ակտերի հետևյալ դրույթներին.

1. «Գրավատների և գրավատնային գործունեության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 1-ին կետի ա) և բ) ենթակետեր, որոնց համաձայն՝ գրավատնային գործունեություն իրականացնող անձինք պարտավոր են Կենտրոնական բանկ ներկայացնել ամսական և եռամսյակային հաշվետվություններ համապատասխանաբար մինչև հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 25-ը և մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա վերջին օրը:

2. «Գրավատների և գրավատնային գործունեության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ կետը, որի համաձայն՝ գրավատնային գործունեություն իրականացնող անձանց կողմից ամսական և եռամսյակային հաշվետվությունների ձևերը և լրացման կարգը սահմանում է Կենտրոնական բանկը:

3. «Գրավատների և գրավատնային գործունեության մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ կետի ժբ) ենթակետը, որի համաձայն՝ գրավատների նկատմամբ տուգանքը, որպես պատասխանատվության միջոց կիրառվում է, եթե սույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի ա) և բ) ենթակետերով սահմանված հաշվետվություններում ներկայացված տվյալներում առկա են ոչ էական թերություններ (վրիպակներ, ոչ իրավաբանական անճշտություններ, թվաբանական սխալներ և նման այլ բացթողումներ):

4. Կենտրոնական բանկի խորհրդի 2006 թվականի սեպտեմբերի 12-ի թիվ 534-Ն որոշմամբ հաստատված «Գրավատնային գործունեություն իրականացնող անձանց կողմից ներկայացվող հաշվետվությունները, դրանց ձևերը և լրացման կարգի» 4-րդ կետը, որի համաձայն՝ «Գրավատների և գրավատնային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածով սահմանված ժամկետներից հետո ներկայացվող ճշգրտված հաշվետվությունները ներկայացվում են էլեկտրոնային տարբերակով՝ զուգահեռաբար հաշվետվությունների փոփոխման (ճշգրտման) վերաբերյալ գրավոր տեղեկացնելով կենտրոնական բանկի նախագահին: Ճշգրտված հաշվետվության էլեկտրոնային տարբերակների և գրավոր տեղեկանքի առկայության դեպքում միայն փոփոխված հաշվետվությունները համարվում են Կենտրոնական բանկ ներկայացված:

Նման իրավական կարգավորման պարագայում գրավատնային գործունեություն իրականացնող անձինք կատարած կլինեն իրենց պարտավորությունները, եթե օրենքով սահմանված ժամկետներում Կենտրոնական բանկի սահմանած կարգին համապատասխան, առանց ոչ էական թերությունների (վրիպակների, ոչ իրավաբանական անճշտությունների, թվաբանական սխալների և նման այլ բացթողումների) Կենտրոնական բանկ ներկայացնեն վերը նշված հաշվետվությունները, հակառակ դեպքում նրանց նկատմամբ կարող են կիրառվել օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցներ: Միաժամանակ, նման կարգավորումը գրավատնային գործունեություն իրականացնող անձանց իրավունք է վերապահում մինչև օրենքով սահմանված ժամկետների ավարտը ներկայացնել հաշվետվությունների ճշգրտված տարբերակներ, և այդ իրավունքից օգտվելու պարագայում օրենքով սահմանված ժամկետներում Կենտրոնական բանկ ներկայացված կհամարվեն արդեն հաշվետվությունների ճշգրտված տարբերակները՝ բացառելով պատասխանատվությունը նախկինում ներկայացված հաշվետվություններում առկա բոլոր թերությունների համար:

Կենտրոնական բանկի խորհուրդը հարկ է համարում նաև ընդգծել, որ գրավատնային գործունեություն իրականացնող անձանց կողմից օրենքով սահմանված ժամկետներից հետո ճշգրտված հաշվետվությունների ներկայացման ձևի նախատեսումը նպատակ չի հետապնդում գրավատներին ազատել օրենքով սահմանված ժամկետներում ճշգրիտ հաշվետվություններ ներկայացնելու պարտականությունից: Հետևաբար, օրենքով սահմանված ժամկետներում Կենտրոնական բանկ ներկայացված հաշվետվությունների նկատմամբ կիրառելի է «Գրավատների և գրավատնային գործունեության մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի ժբ) ենթակետը նաև այն դեպքում, երբ գրավատները օրենքով սահմանված ժամկետներից հետո ներկայացրել են ճշգրտված հաշվետվություններ, հակառակ դեպքում այն հնարավորություն կընձեռեր գրավատներին անտեսել սահմանված ժամկետներում Կենտրոնական բանկ ճշգրիտ հաշվետվություններ ներկայացնելու օրենքով ամրագրված պարտավորությունը և միաժամանակ խուսափել այդ պարտավորության չկատարման դեպքում հնարավոր պատասխանատվության միջոցներից:

Հաշվի առնելով վերոգրյալը, հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի ա) կետը, 20-րդ հոդվածի իէ) կետը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը պաշտոնապես պարզաբանում է.

1. Գրավատնային գործունեություն իրականացնող անձանց կողմից օրենքով սահմանված ժամկետների ավարտից հետո Կենտրոնական բանկ ներկայացված ճշգրտված հաշվետվությունները չեն համարվում օրենսդրության պահպանմամբ ներկայացված և կարող են առաջացնել համապատասխան պատասխանատվություն:

 

ՀՀ կենտրոնական բանկի

 նախագահ

Ա. Ջավադյան

 

2012 թ. դեկտեմբերի 28

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան