Գլխավոր տեղեկություն
Համար
N 722
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.09.2001-13.09.2003)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2001.09.01/29(161) Հոդ.650
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
09.08.2001
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.08.2001
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
09.08.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.09.2001
Ուժը կորցնելու ամսաթիվ
06.06.2023

040.0722.09.08.01

 

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
9 օգոստոսի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 օգոստոսի 2001 թվականի N 722
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆԱՑՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՄԱՐՏԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ԶԵՆՔԻ, ԴՐԱՆՑ ՓԱՄՓՈՒՇՏՆԵՐԻ ՈՒ ՌԱԶՄԱՄԹԵՐՔԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածին համապատասխան և ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հոկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում քաղաքացիական ու ծառայողական զենքի և դրա փամփուշտների շրջանառությունը կարգավորելու մասին» N 673 որոշման 14-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական ռազմականացված կազմակերպություններում մարտական և այլ զենքի, դրանց փամփուշտների ու ռազմամթերքի շրջանառության կարգը (կցվում է):

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2001 թվականի
օգոստոսի 9-ի N 722 որոշմամբ


Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆԱՑՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՄԱՐՏԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ԶԵՆՔԻ, ԴՐԱՆՑ ՓԱՄՓՈՒՇՏՆԵՐԻ ՈՒ ՌԱԶՄԱՄԹԵՐՔԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում է Հայաստանի Հանրապետության պետական ռազմականացված կազմակերպություններում (այսուհետև` պետական ռազմականացված կազմակերպություն) ձեռքի մարտական հրաձգային և այլ զենքի, դրանց փամփուշտների ու ռազմամթերքի, ինչպես նաև մարտական սառը զենքի (այսուհետև` զենք) շրջանառությունը` ներառյալ արտադրությունը, վաճառքը, փոխանցելը, ձեռք բերելը, հավաքածուներ կազմելը, ցուցադրելը, հաշվառելը, պահելը, կրելը, տեղափոխելը, փոխադրելը, օգտագործելը, վերցնելը, ոչնչացնելը, Հայաստանի Հանրապետության տարածք ներկրելը և Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանելը:

 

II. ԶԵՆՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

2. Պետական ռազմականացված կազմակերպությունները կարող են իրականացնել զենքի արտադրություն:

3. Պետական ռազմականացված կազմակերպությունները պարտավոր են ապահովել զենքի արտադրության լիակատար անվտանգությունը, արտադրության ընթացքի նկատմամբ վերահսկողությունը, արտադրանքի համապատասխան որակը և դրա պահպանությունը:

4. Նորոգվող զենքի յուրաքանչյուր միավոր ենթակա է փորձարկման:

 

III. ԶԵՆՔԻ ՎԱՃԱՌՔԸ, ՓՈԽԱՆՑՈՒՄԸ ԵՎ ՁԵՌՔԲԵՐՈՒՄԸ

 

5. Պետական ռազմականացված կազմակերպություններն իրավունք ունեն`

ա) զենքը վաճառելու կամ փոխանցելու այլ պետական ռազմականացված կազմակերպությունների, ինչպես նաև այն իրավաբանական անձանց, որոնք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով զբաղվում են զենքի արտադրությամբ կամ առևտրով.

բ) առանց լիցենզիայի ձեռք բերելու մարտական և կադաստրում գրանցված ցանկացած զենք` այն իրավաբանական անձանցից, որոնք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով զբաղվում են զենքի արտադրությամբ կամ առևտրով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող զենք:

Զենքի փոխանցումը, վաճառքը և ձեռքբերումը պետք է ձևակերպվեն սահմանված ձևի փաստաթղթերով, որոնց ցանկը, ձևը և վարման կարգը սահմանվում են համապատասխան պետական ռազմականացված կազմակերպության գերատեսչական նորմատիվ ակտերով (Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի սուրհանդակային ծառայության վարչությունում մարտական և այլ զենքի, դրանց փամփուշտների ու ռազմամթերքի շրջանառությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի հանրապետական մարմնի (այսուհետև` ներքին գործերի հանրապետական մարմին) գերատեսչական նորմատիվ ակտերով):

6. Պետական ռազմականացված կազմակերպությունների ղեկավարներն իրավունք ունեն կարճափող հրազենը` 2 պահունակի կամ թմբուկի տարողությամբ, փամփուշտներով պահելու և կրելու նպատակով փոխանցելու որոշակի կարգի զինծառայողներին և կենսաթոշակի անցած` պետական ռազմականացված կազմակերպությունների աշխատողներին:

Փոխանցված զենքը և ռազմամթերքը ենթակա են գրանցման ներքին գործերի հանրապետական մարմնում` իր սահմանած կարգով:

Բնակության վայրի փոփոխության դեպքում նշված անձինք 10-օրյա ժամկետում պետք է ներկայանան զենքի գրանցման ներքին գործերի մարմին` ներքին գործերի հանրապետական մարմնի սահմանած կարգով զենքը վերագրանցելու համար:

7. Ներքին գործերի հանրապետական մարմինն իրավունք ունի հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձանց ժամանակավորապես մարտական զենք փոխանցելու` կանոնադրական խնդիրները լուծելու համար:

Զենքը համապատասխան իրավաբանական անձանց տրամադրվում է նրանց ղեկավարի (ղեկավար մարմնի) կողմից դիմում և համապատասխան փաստաթղթեր ներկայացվելուց հետո, որոնց ցանկը սահմանվում է ներքին գործերի հանրապետական մարմնի կողմից:

8. Պետական ռազմականացված կազմակերպությունների ղեկավարներն իրավունք ունեն կարճափող հրազենը սահմանված կարգով պահելու և կրելու նպատակով ժամանակավորապես հատկացնելու պետական մարմինների պաշտոնատար անձանց` ձևակերպելով համապատասխան թույլտվություն` ներքին գործերի հանրապետական մարմնի սահմանած կարգով:

9. Պետական ռազմականացված կազմակերպությունների ղեկավարներն իրավունք ունեն զենքով պարգևատրելու զինծառայողներին և պետական ռազմականացված կազմակերպությունների աշխատողներին: Զենքով պարգևատրումը ձևակերպվում է պետական ռազմականացված կազմակերպությունների ղեկավարի հրամանով:

10. Պետական ռազմականացված կազմակերպությունների սպառազինությունում գտնվող ակոսափող հրազենից իրականացվում է նախնական ստուգողական կրակոց` արդյունքները հանրապետական գնդակապարկուճային հաշվառման քարտադարան ներկայացնելու նպատակով:

Պետական ռազմականացված կազմակերպությունների կողմից զենք ձեռք է բերվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նախնական ստուգողական կրակոց իրականացնելուց հետո: Առանց նախնական ստուգողական կրակոց իրականացնելու թույլատրվում է զենք ձեռք բերել միայն այլ պետական ռազմականացված կազմակերպություններից:

Զենքից նախնական ստուգողական կրակոցներն իրականացվում են նաև մասնագիտացված ձեռնարկություններում կապիտալ վերանորոգումից հետո:

Պետական ռազմականացված կազմակերպությունների ղեկավարների որոշմամբ ստուգողական կրակոցները կարող են իրականացվել զենքի շրջանառության այլ փուլերի ընթացքում:

Զենքից նախնական ստուգողական կրակոցներ իրականացնելու տեխնիկական պահանջները, դրանց փաստաթղթավորումը, հաշվառելու, պահելու և գնդակների ու պարկուճների հանրապետական գնդակապարկուճային հաշվառման քարտադարան փոխանցելու կանոնները, ինչպես նաև օգտագործված գնդակների և պարկուճների դուրսգրման ու ոչնչացման կարգը սահմանում է ներքին գործերի հանրապետական մարմինը` համաձայնեցնելով մյուս պետական ռազմականացված կազմակերպությունների հետ:

 

IV. ԶԵՆՔԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐ ԿԱԶՄԵԼԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՑՈՒՑԱԴՐԵԼԸ

 

11. Պետական ռազմականացված կազմակերպությունների թանգարանները, փորձագիտական և հատուկ այդ նպատակներով ստեղծված հիմնարկներն իրավունք ունեն ներքին գործերի հանրապետական մարմնի կողմից սահմանված կարգով լիցենզիա ստանալուց հետո կազմելու և ցուցադրելու զենքի հավաքածուներ:

Պետական ռազմականացված կազմակերպությունները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրավունք ունեն հավաքածուներ կազմելու և ցուցադրելու համար փոխանցելու (վաճառելու) այն զենքը, որի մասին տեղեկությունները չեն կազմում պետական գաղտնիք:

12. Զենք կարող է պետական ռազմականացված կազմակերպությունների թանգարաններ, փորձագիտական և հատուկ այդ նպատակով ստեղծված հիմնարկներ փոխանցվել` առանց մալելու կամ ուսումնական վիճակի բերելու, իսկ հավաքածուներ կազմելու և ցուցադրելու լիցենզիա ունեցող իրավաբանական անձանց և քաղաքացիներին, որպես կանոն` մալած կամ ուսումնական վիճակի բերված:

 

V. ԶԵՆՔ ՀԱՇՎԱՌԵԼԸ, ՊԱՀԵԼԸ ԵՎ ԿՐԵԼԸ

 

13. Պետական ռազմականացված կազմակերպությունները պարտավոր են իրականացնել զենքի հաշվառում` համապատասխան նմուշի փաստաթղթեր վարելու միջոցով:

14. Պետական ռազմականացված կազմակերպություններում զենք պահելն իրականացվում է միայն այդ նպատակի համար հատուկ նախատեսված տարածքներում, որոնք ապահովում են զենքի պահպանության անվտանգությունը և բացառում կողմնակի անձանց չարտոնված մուտքը: Զենքը պահելու համար տարածքները սարքավորվում են պահպանության և հրշեջ անվտանգության տեխնիկական միջոցներով:

Ըստ զենքի նշանակության, դրանք պահելու պահանջները որոշվում են պետական ռազմականացված կազմակերպությունների գերատեսչական նորմատիվ ակտերով:

Պետական ռազմականացված կազմակերպությունների զինծառայողները, ներառյալ կենսաթոշակի անցած աշխատողները, ովքեր սահմանված կարգով զենք են ստացել, պարտավոր են ապահովել դա պահելու անհրաժեշտ պայմանների կատարումը: Պետական ռազմականացված կազմակերպությունների կենսաթոշակի անցած աշխատողների բնակության վայրի ներքին գործերի մարմիններն իրավունք ունեն ստուգելու գրանցված զենքը պահելու պայմանները:

Որպես պարգև տրված կամ փոխանցված զենքի հափշտակման կամ կորստի դեպքում զինծառայողները և կենսաթոշակի անցած` պետական ռազմականացված կազմակերպությունների աշխատողները պարտավոր են դրա մասին անմիջապես հայտնել ներքին գործերի մարմիններին:

15. Պետական ռազմականացված կազմակերպությունների զինծառայողները և աշխատողները պարտավոր են զենքի հափշտակման, կորստի, փչանալու կամ շարքից դուրս գալու բոլոր դեպքերի մասին զեկուցել իրենց անմիջական ղեկավարներին, որոնք իրենց հերթին տեղեկացնում են ներքին գործերի մարմիններին, իսկ անհրաժեշտության դեպքում` դատախազություն զենքի հափշտակման կամ կորստի հանգամանքների մասին` նշելով յուրաքանչյուր միավոր զենքի մոդելը, տրամաչափը, սերիան, համարը, արտադրության տարեթիվը, կազմակերպում են հետաքննություն և միջոցներ են ձեռնարկում հափշտակված կամ կորած զենքը հայտնաբերելու համար:

16. Հափշտակված կամ կորած զենքը պետական ռազմականացված կազմակերպություններում հաշվառումից դուրս է գրվում պետական ռազմականացված կազմակերպությունների գերատեսչական նորմատիվ ակտերով սահմանված կարգով` ներքին գործերի հանրապետական մարմնից` հափշտակված կամ կորած զենքը հաշվառման վերցնելու մասին տեղեկանքն ստանալուց հետո:

Հափշտակված կամ կորած զենքի զորամաս կամ պետական ռազմականացված կազմակերպություն վերադարձման դեպքում դրա ղեկավարները պարտավոր են 3 օրվա ընթացքում դրա մասին զեկուցել իրենց անմիջական ղեկավարին և հայտնել այն պետական մարմիններին, որոնք իրազեկվել էին զենքի հափշտակման կամ կորստի մասին:

Հափշտակված կամ կորած զենքը զորամաս կամ պետական ռազմականացված կազմակերպություններ վերադարձնելու դեպքում այն վերագրանցվում է պետական ռազմականացված կազմակերպությունների գերատեսչական նորմատիվ ակտերով սահմանված կարգով:

17. Կարճափող հրազեն ունեցող պետական ռազմականացված կազմակերպությունների կենսաթոշակի անցած զինծառայողները և աշխատողները, զենքը պետական ռազմականացված կազմակերպություն վերադարձնելիս, պարտավոր են դրա մասին հայտնել համապատասխան ներքին գործերի մարմին և հանձնել զենքը պահելու ու կրելու թույլտվությունը:

Ժամանակավոր փոխանցված զենքը տնօրինողի մահվան դեպքում վերադարձվում է այն տված պետական ռազմականացված կազմակերպություն:

Զենքով պարգևատրվածի մահվան դեպքում`

ա) որպես պարգև տրված կարճափող հրազենը, դրա պահելու և կրելու թույլտվությունը հանձնվում են ներքին գործերի հանրապետական մարմին, որն իր հերթին զենքը վերադարձնում է ըստ պատկանելության` թանգարանների հավաքածուներում ներառելու կամ սահմանված կարգով ոչնչացնելու նպատակով.

բ) եթե որպես պարգև տրված կարճափող հրազենը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներառված է եղել հավաքածուի մեջ, ապա այն ժառանգորդին է վերադարձվում, որպես կանոն, մալելուց հետո:

 

VI. ԶԵՆՔԸ ՏԵՂԱՓՈԽԵԼԸ ԵՎ ՓՈԽԱԴՐԵԼԸ

 

18. Զենքի տեղափոխումը և փոխադրումն օդային, երկաթուղային, ավտոմոբիլային և տրանսպորտային այլ միջոցներով իրականացվում են զինված պահպանության ներքո` պետական ռազմականացված կազմակերպությունների գերատեսչական նորմատիվ ակտերով սահմանված կարգով:

19. Տեղափոխելու և փոխադրելու ժամանակ զենքը պետք է գտնվի պարպված վիճակում, ռազմամթերքից առանձնացված: Զենքն ու ռազմամթերքը պետք է փաթեթավորվեն հատուկ տարայի մեջ, որը պետք է կնքվի կամ կապարակնքվի:

20. Զենք տեղափոխող տրանսպորտային միջոցի բացված լինելու նշանների հայտնաբերման, տարայի վնասման, կնիքի կամ կապարակնիքի դրոշմվածքի խախտման դեպքում զինված պահպանության ղեկավարը պարտավոր է դրա մասին անմիջապես հայտնել երկաթուղային հատվածի կամ կայարանի ռազմական պարետին, կայարանի պետին, տրանսպորտային ներքին գործերի մարմիններին, կազմել ակտ, անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել կատարվածի պատճառները բացահայտելու համար և ապահովել դեպքի վայրի պահպանությունը:

 

VII. ԶԵՆՔԸ ՎԵՐՑՆԵԼԸ ԵՎ ՈՉՆՉԱՑՆԵԼԸ

 

21. Զինծառայողներից և կենսաթոշակի անցած` պետական ռազմականացված կազմակերպությունների աշխատողներից զենքը կարող են վերցնել զենքի շրջանառության նկատմամբ հսկողություն իրականացնող համապատասխան կազմակերպությունների իրավասու ներկայացուցիչները` պետական ռազմականացված կազմակերպությունների գերատեսչական նորմատիվ ակտերով սահմանված կարգով:

22. Սպառազինությունից հանված, ինչպես նաև անպիտանիության բերված զենքը ենթակա է դուրսգրման` համապատասխան ակտի կազմմամբ: Զենքի դուրսգրման մասին ակտը կազմվում է հանձնաժողովի կողմից, որի կազմը որոշվում է համաձայն պետական ռազմականացված կազմակերպությունների նորմատիվ ակտերի:

23. Դուրս գրված զենքը ենթակա է օգտահանման և ոչնչացման` պետական ռազմականացված կազմակերպությունների գերատեսչական նորմատիվ ակտերով սահմանված կարգով:

 

VIII. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ԶԵՆՔԻ ՆԵՐԿՐԵԼԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԱՐՏԱՀԱՆԵԼԸ

 

 24. Պետական ռազմականացված կազմակերպությունների զինծառայողների և աշխատողների կողմից ծառայողական պարտականությունների կատարման համար զենքը Հայաստանի Հանրապետությունից արտահանվում և Հայաստանի Հանրապետության տարածք ներկրվում է զենքը կրելու իրավունքը հաստատող փաստաթղթի և գործուղման վկայականի հիման վրա, որոնցում նշվում են արտահանվող (ներկրվող) զենքը և դրա համարը: Նշված փաստաթուղթը գործուղման վկայականի հետ միասին ներկայացվում է Հայաստանի Հանրապետության սահմանային մաքսակետ: Գործուղման վկայականի պատճենը բնագրի հետ համեմատվելուց հետո վավերացվում է մաքսակետի աշխատողի կողմից` համարային կնիքի դրոշմման ձևով, և մնում է սահմանային մաքսակետի մաքսային գործում:

25. Հրավերով կամ ծառայողական անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետություն ժամանող օտարերկրյա ռազմականացված կազմակերպությունների աշխատողների կողմից զենքը Հայաստանի Հանրապետության տարածք ներկրվում և Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանվում է Հայաստանի Հանրապետության համապատասխան պետական ռազմականացված կազմակերպության ղեկավարի թույլտվությամբ:

Թույլտվությունում նշվում են օտարերկրյա ռազմականացված կազմակերպության զինծառայողի կամ աշխատողի ազգանունը, անունը, զենքի տեսակը, համարն ու տրամաչափը և արտահանվող (ներկրվող) զենքի յուրաքանչյուր միավորի համար` ռազմամթերքի քանակը: Թույլտվությունն ստորագրվում է պետական ռազմականացված կազմակերպության ղեկավարի կամ նրան փոխարինող անձի կողմից: Թույլտվությունը և դրա պատճենը ներկայացվում են ընդունող կողմի ներկայացուցչի կողմից` Հայաստանի Հանրապետության սահմանային մաքսակետում:

Թույլտվությունը և դրա պատճենը համեմատվելուց հետո վավերացվում են մաքսակետի աշխատողի կողմից` համարային կնիքի դրոշմամբ, պատճենը պահվում է սահմանային մաքսակետի մաքսային գործում: Զենքի արտահանման դեպքում մաքսային մարմնի կողմից վավերացված` Հայաստանի Հանրապետություն զենքի ներկրման թույլտվության բնագիրը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության սահմանային մաքսակետ և պահվում դրա գործում:

Հայաստանի Հանրապետության տարածք ներկրվող զենքը պահելու, կրելու և օգտագործելու նկատմամբ հսկողությունն իրականացվում է համապատասխան պետական ռազմականացված կազմակերպության կողմից:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
01.06.2023, N 889-Ն 06.06.2023, N 722
31.07.2003, N 991-Ն 13.09.2003, N 722
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան