040.0716.07.08.01
«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
7 օգոստոսի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 օգոստոսի 2001 թվականի N 716
քաղ. Երևան
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ «ԿԱՍԿԱԴ» ՀԱՄԱԼԻՐԻՆ ՀԱՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԻ ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ՎԱՃԱՌՔԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 29-ի «Երևան քաղաքի «Կասկադ» համալիրին հարող տարածքներում ընդգրկված պետական սեփականության հողերն աճուրդով վաճառելու մասին» N 463 որոշման 2-րդ կետի «բ» ենթակետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Երևան քաղաքի «Կասկադ» համալիրին հարող պետական սեփականության հողերի աճուրդային վաճառքի պայմանները (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի օգոստոսի 7-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
Հաստատված է |
Պ Ա Յ Մ Ա Ն Ն Ե Ր
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ «ԿԱՍԿԱԴ» ՀԱՄԱԼԻՐԻՆ ՀԱՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԻ ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ՎԱՃԱՌՔԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Երևան քաղաքի «Կասկադ» համալիրին հարող աջ և ձախ տարածքների կառուցապատման ծրագիրը հաստատվել է ՀՀ կառավարության 2000 թ. դեկտեմբերի 25-ի N 775 որոշմամբ: Համալիրին հարող աջակողմյան և ձախակողմյան հատվածների առանձին լոտերով աճուրդով օտարման ենթակա հողամասերը կազմում են այդ ծրագրի բաղկացուցիչ մասերը: Նշված տարածքների հողամասերը թույլատրվել է օտարել աճուրդով` ՀՀ կառավարության 2001 թ. մայիսի 29-ի N 463 որոշմամբ: Օտարման ենթակա հողամասերը գտնվում են տարածագնահատման 1-ին և 2-րդ գոտու սահմանագծում:
2. Աճուրդով վաճառվող հողամասերի մեկնարկային գինը յուրաքանչյուր 1 քմ-ի համար սահմանվում է ձախակողմյան տարածքի համար` 25 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի, իսկ աջակողմյան տարածքի համար` 20 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով:
3. Աջակողմյան 7.38 հա հատվածի աճուրդով օտարման ենթակա 2-3 հարկանի առանձնատների և դրանց սպասարկման օբյեկտների, ինչպես նաև հասարակական բնույթի այլ շենքերի կառուցման համար նախատեսվող հողամասերի ընդհանուր մակերեսը կազմում է 2.46 հա, մնացած 4.92 հա-ն կառուցապատողի կողմից կանաչապատման ենթակա տարածք է, որն աճուրդում հաղթողին նախապատվության իրավունքով կարող է տրվել վարձակալության: Նշված տարածքի համար ճանապարհների և մայթերի ընդհանուր մակերեսը կազմում է 5500 քմ: Տարածքում նախատեսվում են կառուցել ստորգետնյա ինժեներական հաղորդագծեր` գազամուղ` 1600 գծմ, ջրմուղ` 1830 գծմ, կոյուղի` 1550 գծմ, էլեկտրահաղորդման գծեր` 1600 գծմ:
4. Ձախակողմյան հատվածի 1-ին հերթին կառուցապատման ընդհանուր մակերեսը կազմում է 12.6 հա, որից 2-3 հարկանի առանձնատների և դրանց սպասարկման օբյեկտների, ինչպես նաև հասարակական բնույթի այլ շենքերի կառուցման համար աճուրդով օտարման ենթակա հողամասերի ընդհանուր մակերեսը` 5.04 հա է, մնացած 7.56 հա-ն` կառուցապատողի կողմից կանաչապատման ենթակա տարածք է, որն աճուրդում հաղթողին նախապատվության իրավունքով կարող է տրվել վարձակալության: Թաղամասային ներքին ճանապարհներն ըստ գործող նորմերի, պետք է կապվեն Սարալանջի փողոցի, Մարշալ Բաղրամյան պողոտայի նրբանցքի հետ, որոնց ընդհանուր մակերեսը կազմում է 55200 քմ: Տարածքի սպասարկման համար անհրաժեշտ է կառուցել ինժեներական հաղորդագծեր` գազամուղ` 3375 գծմ, ջրմուղ` 5000 գծմ, կոյուղի` 3660 գծմ, էլեկտրահաղորդման օդակաբելային ցանց` 3190 գծմ երկարությամբ:
5. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 210-216-րդ հոդվածներով նախատեսված կանոնների կիրառմամբ սերվիտուտով կարող են ծանրաբեռնվել աճուրդով վաճառվող հողամասերը, որոնցից սահմանափակ օգտվելն անհրաժեշտ է (հարևան հողամասով անցնելու, երթևեկելու, էլեկտրահաղորդման, կապի գծերի և խողովակաշարերի անցկացման ու շահագործման, ջրամատակարարման և հողաբարելավման, ինչպես նաև անշարժ գույքի սեփականատիրոջ այլ կարիքների համար, որոնք չեն կարող ապահովվել առանց սերվիտուտի սահմանման):
6. Ձախակողմյան տարածքի կառուցապատման առավելագույն ժամկետը սահմանվում է 5 տարի, աջակողմյանը` 3 տարի:
7. Աճուրդում հաղթողը պարտավորվում է իր սեփական միջոցներով (և այլ անձանց միջոցների ներգրավմամբ)` նշված ժամկետներում ապահովել «Կասկադ» համալիրի նշված հատվածի առաջին հերթի կառուցապատումը` սահմանված կարգով կազմված և հաստատված նախագծերով:
Ծանոթություն: Աճուրդային պայմաններով ներառված թվային ցուցանիշների և կառուցվող առանձնատների քանակը, բացի հողատարածքների ընդհանուր մակերեսից, կարող են ճշտվել աշխատանքային նախագծերի մշակման փուլում` պահպանելով ծրագրի հիմնադրույթները:
II. ԱՃՈՒՐԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
8. Աճուրդն անցկացվում է փակ եղանակով` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
9. Աճուրդն անցկացնելուց առնվազն 30 օր առաջ աճուրդի մասին լրատվական միջոցներով ծանուցվում է աճուրդի անցկացման ժամանակի, տեղի և պայմանների մասին:
10. Աճուրդի մասնակցության հայտերի և պահանջվող փաստաթղթերի ընդունումը դադարեցվում է աճուրդի անցկացման օրվանից 3 օր առաջ:
11. Աճուրդի ամբողջական պայմանները բավարարող մեկից ավելի հայտերի դեպքում աճուրդը համարվում է սկսված:
12. Աճուրդին կարող են մասնակցել այն իրավաբանական և ֆիզիկական անձինք, որոնք ՀՀ օրենսդրությանը համապատասխան կարող են ունենալ հողի նկատմամբ սեփականության իրավունք, և, որոնք աճուրդային հանձնաժողովին կներկայացնեն հայտ, իրավաբանական անձանց դեպքում` պետական գրանցման վկայականի պատճենը, և Երևանի քաղաքապետարանի կողմից նշված բանկային հաշվին մասնակցության վճարի (200 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ) ու վաճառվող հողամասերի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով մուծված (փոխանցված) նախավճարի բանկային անդորրագրերի պատճենները:
III. ԱՃՈՒՐԴՈՒՄ ՀԱՂԹՈՂԻՆ ՈՐՈՇԵԼՈՒ ԵՎ ՆՐԱՆ ԱՌԱՋԱԴՐՎՈՂ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
13. Աճուրդում հաղթող է ճանաչվում այն մասնակիցը, ով առաջարկում է աճուրդով վաճառվող հողամասերի համար առավելագույն գին:
14. Աճուրդում հաղթողի հետ աճուրդային հանձնաժողովն աճուրդն անցկացնելու օրն ստորագրում է աճուրդի արդյունքների մասին արձանագրություն: Հանձնաժողովի արձանագրությունը հաստատվում է Երևանի քաղաքապետի որոշմամբ:
15. Աճուրդի հաղթողը 10-օրյա ժամկետում քաղաքապետարանի կողմից նշված բանկային հաշվին է փոխանցում (մուծում) իր կողմից գնված հողամասերի արժեքը` հաշվի առած որպես նախավճար մուծած գումարի չափը:
16. Վճարումները կատարելուց հետո աճուրդում հաղթողի հետ Երևանի քաղաքապետը (լիազորված անձը) երկօրյա ժամկետում կնքում է հողամասի առուվաճառքի պայմանագիր, 30-օրյա ժամկետում տալիս տարածքի գլխավոր հատակագիծը, կառուցապատման համար ճշգրտված ճարտարապետահատակագծային առաջադրանքը և հաստատում նախագծային ու շինարարական աշխատանքների կատարման ժամանակացույցը:
17. Աճուրդում հաղթողն առուվաճառքի պայմանագրից բխող իրավունքները սահմանված կարգով ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումում գրանցելուց հետո հանդես է գալիս որպես կառուցապատող և իր միջոցների հաշվին «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքին ու իրավական ակտերի համապատասխան պատվիրում է նախագծային փաստաթղթեր: Սահմանված կարգով դրանք համաձայնեցնելուց ու ամբողջ թաղամասի կառուցապատման համար միանվագ շինարարության թույլտվություն ստանալուց հետո` առավելագույնը 1 տարվա ժամկետում, ձեռնամուխ է լինում շինարարական աշխատանքների կատարմանը:
18. Առանձին օբյեկտների շինարարական աշխատանքների ավարտը սահմանված կարգով փաստագրվում է ՀՀ օրենսդրությամբ և իրավական ակտերով սահմանված կարգով:
19. Աճուրդում հաղթողը կարող է սեփականատիրոջ և կառուցապատողի իր իրավունքները ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով օտարել այլ անձանց` իր կողմից ստանձնված պարտավորությունների կատարումը նույնությամբ ապահովելու պայմանով` Երևանի քաղաքապետի համաձայնությունն ստանալուց հետո:
20. Աճուրդում հաղթողի կողից կառուցապատման ենթակա տարածքը սահմանված ժամկետում ըստ նշանակության չօգտագործելու դեպքում կնքված պայմանագիրը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է լուծման, որը կողմերի համար առաջացնում է ՀՀ օրենսդրությամբ նախատեսված իրավական հետևանքներ:
21. Աճուրդում հաղթողի կողմից կառուցապատման շինարարական աշխատանքների ժամանակացույցը չապահովելու դեպքում կառուցապատողը վճարում է տուժանք` տարվա ընթացքում պակաս ներդրած գումարի 5%-ի չափով:
IV. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
22. Աճուրդի կազմակերպիչն իրավունք ունի հրաժարվելու աճուրդն անցկացնել ոչ ուշ, քան աճուրդն անցկացնելու հայտարարման ժամկետից 3 օր առաջ:
23. Աճուրդում չհաղթելու կամ աճուրդից բացակայելու դեպքում նախավճարը, ըստ հայտատուի դիմումի, մեկ բանկային օրվա ընթացքում վերադարձվում է հայտատուին: Մասնակցության գումարը վերադարձման ենթակա չէ:
24. Եթե հաղթողը հրաժարվում է աճուրդի արդյունքների մասին արձանագրությունն ստորագրելուց, ապա նրա մուծած նախավճարը չի վերադարձվում: Արձանագրությունն ստորագրելուց հրաժարվող աճուրդի կազմակերպիչը պարտավոր է նախավճարը մեկ բանկային օրվա ընթացքում վերադարձնել:
25. Աճուրդի կազմակերպման ու անցկացման ընթացքում ծագած և սույն պայմաններով չկարգավորվող հարցերը ենթակա են լուծման` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
28.11.2002, N 1862-Ն | 19.12.2002, N 716 | |
04.07.2002, N 969-Ն | 01.08.2002, N 716 | |
18.02.2002, N 142 | 18.02.2002, N 716 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|