Գլխավոր տեղեկություն
Համար
N 670
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.08.2001-11.10.2007)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2001.08.20/27(159) Հոդ.597
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.07.2001
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.07.2001
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
25.07.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.08.2001
Ուժը կորցնելու ամսաթիվ
18.08.2012

040.0670.25.07.01

 

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ
Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
25 հուլիսի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 հուլիսի 2001 թվականի N 670
քաղ. Երևան

 

 ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 4-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների հաշվառման կարգը (կցվում է).

բ) իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանման, հիմնարկի հաշվառման վկայականի ձևը (կցվում է):

2. Սահմանել, որ`

ա) հասարակական միավորումների, ոչ առևտրային կազմակերպությունների միությունների` բացառությամբ արհեստակցական միությունների, և օտարերկրյա ու միջազգային ոչ առևտրային կազմակերպությունների առանձնացված ստորաբաժանումները և հիմնարկները հաշվառում է պետական ռեգիստրի կենտրոնական մարմինը (վարչությունը).

բ) բացառությամբ սույն կետի «ա» ենթակետում նշված կազմակերպությունների, մնացած բոլոր կազմակերպությունների, այդ թվում` արհեստակցական միությունների առանձնացված ստորաբաժանումները և հիմնարկները, ինչպես նաև պետական, համայնքային հիմնարկները հաշվառում է պետական ռեգիստրի համապատասխան տարածքային ստորաբաժանումը` ըստ դրանց գտնվելու վայրի.

գ) մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը իրավաբանական անձանց գրանցված առանձնացված ստորաբաժանումները, ինչպես նաև հաշվառված հիմնարկները հաշվառման կամ վերահաշվառման ենթակա չեն.

դ) մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը իրավաբանական անձանց գրանցված առանձնացված ստորաբաժանումների, ինչպես նաև հաշվառված հիմնարկների վկայականները ենթակա են փոփոխման` դրանց կողմից իրենց գրանցման (հաշվառման) փաստաթղթերում կատարված փոփոխությունները կամ լրացումները հաշվառելու դեպքում կամ հիմնադրի դիմումի հիման վրա` ցանկացած ժամանակ:

3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը` հաստատել իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների հաշվառման քարտերի ձևերը, հաշվառման վկայականի և քարտերի լրացման կարգերը:

4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի օգոստոսի 14-ի «Բյուջետային հիմնարկների և կազմակերպությունների գրանցման (հաշվառման) և աշխատողների թվաքանակի ու աշխատավարձի ֆոնդի վերաբերյալ հաշվետվություն ներկայացնելու մասին» N 464 որոշումը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի օգոստոսի 18-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2001 թվականի
հուլիսի 25-ի N 670 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

 I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումները և հիմնարկները Հայաստանի Հանրապետությունում ենթակա են հաշվառման` «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին և սույն կարգին համապատասխան:

2. Հիմնարկի առանձնացված ստորաբաժանումները ենթակա են հաշվառման` սույն կարգին համապատասխան:

 

II. ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

 

3. Իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումներն ու հիմնարկները հաշվառելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`

ա) դիմում (ստորագրված հիմնադրի կողմից լիազորված անձի կողմից).

բ) հիմնադրի կանոնադրության պատճենը.

գ) հիմնադրի պետական գրանցումը (հաշվառումը) հավաստող փաստաթղթի պատճենը.

դ) իրավասու մարմնի որոշումն առանձնացված ստորաբաժանում, հիմնարկ ստեղծելու և դրա կանոնադրությունը հաստատելու մասին.

ե) իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանման, հիմնարկի կանոնադրությունը` ստորագրված հիմնադրի կողմից լիազորված անձի կողմից և (կամ) վավերացված հիմնադրի կնիքով.

զ) պետական տուրքի վճարման անդորրագիրը:

Պետական, համայնքային հիմնարկների հաշվառման համար չեն ներկայացվում սույն կետի «բ» և «գ» ենթակետերում նշված փաստաթղթերը:

4. Օտարերկրյա իրավաբանական անձինք առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի հաշվառման սույն կարգի 3-րդ կետի «բ» և «գ» ենթակետերում նշված փաստաթղթերը ներկայացնում են հայերեն` հյուպատոսական վավերացմամբ կամ հայերեն թարգմանված և նոտարական կարգով վավերացված:

5. Իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի կանոնադրությունում կատարված փոփոխություններն ու լրացումները, ինչպես նաև նոր խմբագրությամբ կանոնադրությունը կամ սույն կարգի 12-րդ կետում նշված տեղեկությունների փոփոխությունները (այսուհետև` փոփոխություններ) ենթակա են հաշվառման, որի համար անհրաժեշտ է ներկայացնել`

ա) դիմում (ստորագրված առանձնացված ստորաբաժանման, հիմնարկի ղեկավարի կամ հիմնադրի կողմից լիազորված անձի կողմից).

բ) կատարված փոփոխությունների մասին իրավասու մարմնի որոշումը.

գ) կատարված փոփոխությունները.

դ) պետական տուրքի վճարման անդորրագիրը:

Իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի փոփոխությունների հաշվառումն իրականացվում է սույն կարգին համապատասխան:

6. Իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանման, հիմնարկի վերակազմակերպմամբ պայմանավորված հաշվառումներն իրականացվում են սույն կարգին համապատասխան, որի համար անհրաժեշտ է ներկայացնել`

ա) դիմում (ստորագրված առանձնացված ստորաբաժանման, հիմնարկի ղեկավարի կամ հիմնադրի կողմից լիազորված անձի կողմից).

բ) իրավասու մարմնի որոշումը.

գ) վերակազմակերպման արդյունքում նոր առանձնացված ստորաբաժանման, հիմնարկի ստեղծման դեպքում` կանոնադրությունը.

դ) վերակազմակերպման արդյունքում առանձնացված ստորաբաժանման, հիմնարկի գործունեության դադարման դեպքում` հաշվառման վկայականը.

ե) պետական տուրքի վճարման անդորրագիրը:

7. Իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանումը կամ հիմնարկը հաշվառումից հանելու համար անհրաժեշտ է ներկայացնել`

ա) դիմում (ստորագրված առանձնացված ստորաբաժանման, հիմնարկի ղեկավարի կամ հիմնադրի կողմից լիազորված անձի կողմից).

բ) գործունեության դադարման մասին իրավասու մարմնի որոշումը.

գ) հաշվառման վկայականը:

Օտարերկրյա իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանումը կամ հիմնարկը հաշվառումից հանելու համար, բացի սույն կետի առաջին մասում նշված փաստաթղթերից, անհրաժեշտ է նաև ներկայացնել պարտավորությունների բացակայության մասին տեղեկանքներ` տրված հարկային և սոցիալական ապահովության մարմինների կողմից, և իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում տպագրված համապատասխան հայտարարություն:

8. Հասարակական միավորումների, ոչ առևտրային կազմակերպությունների միությունների` բացառությամբ արհեստակցական միությունների, և օտարերկրյա ոչ առևտրային իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումները և հիմնարկները հաշվառելու (փոփոխությունները հաշվառելու, հաշվառումից հանելու) համար սույն կարգով սահմանված համապատասխան փաստաթղթերը ներկայացվում են պետական ռեգիստրի կենտրոնական մարմին (վարչություն), որի մասին փաստաթղթերի ընդունման մատյանում կատարվում է գրառում:

9. Բացառությամբ սույն կարգի 8-րդ կետում նշված կազմակերպությունների, մնացած բոլոր կազմակերպությունների, այդ թվում` արհեստակցական միությունների, առանձնացված ստորաբաժանումները և հիմնարկները, ինչպես նաև պետական, համայնքային հիմնարկները հաշվառում է պետական ռեգիստրի համապատասխան տարածքային ստորաբաժանումը` ըստ դրանց գտնվելու վայրի, որի մասին փաստաթղթերի ընդունման մատյանում կատարվում է գրառում:

Իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանման, հիմնարկի վերակազմակերպման դեպքում հաշվառումն իրականացնում է պետական ռեգիստրի կենտրոնական մարմինը (վարչությունը), բացառությամբ սույն կարգի 8-րդ կետում նշված իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանման, հիմնարկի վերակազմավորման հաշվառման, որն իրականացնում է հաշվառումն իրականացրած պետական ռեգիստրի համապատասխան տարածքային ստորաբաժանումը:

10. Պետական ռեգիստրը (կենտրոնական մարմինը կամ համապատասխան տարածքային ստորաբաժանումը) ստուգում է ներկայացված փաստաթղթերի լիարժեքությունը և համապատասխանությունն օրենքների պահանջներին: Պետական, համայնքային հիմնարկների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանման, հիմնարկի հաշվառման դեպքում չի ստուգվում կանոնադրության համապատասխանությունն օրենքների պահանջներին:

11. Ներկայացված փաստաթղթերի ստուգումից հետո հաշվառումը մերժելու հիմքեր չհայտնաբերելու դեպքում անհրաժեշտ տեղեկությունները լրացվում են քարտում, դրանք ստորագրվում ու կնքվում են համապատասխան պաշտոնատար անձի կողմից և անհրաժեշտ տեղեկություններ գրառվում պետական գրանցամատյանում, անհրաժեշտության դեպքում դրանք ծածկագրավորվում են պետական ռեգիստրի կենտրոնական մարմնի (վարչության) տրամադրած ծածկագրերին համապատասխան, և դիմողին տրվում է հաշվառման վկայական (փոփոխությունների կատարման դեպքում` համապատասխան նշումով ներդիր, հաշվառումից հանելու դեպքում` համապատասխան տեղեկանք): Հաշվառումը համարվում է կատարված` քարտում լրացված տեղեկությունները պետական գրանցամատյանում գրառելու պահից:

12. Պետական գրանցամատյանում գրառվում են հետևյալ տեղեկությունները`

ա) անվանումը.

բ) պետական գրանցամատյանում հաշվառման համարը.

գ) հաշվառման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը.

դ) հաշվառման վկայականի սերիան և համարը.

ե) ծածկագիրը.

զ) տեղեկություններ հիմնադրի մասին (անվանումը (ֆիրմային անվանումը), գրանցման տվյալները).

է) գտնվելու վայրը (փոստային հասցեն), այդ թվում` հեռախոսահամարը, կապի այլ միջոցներ.

ը) իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի ղեկավարի մասին տեղեկություններ (անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները, բնակության (հաշվառման) վայրը).

թ) գործունեության դադարման դեպքում` նշում դրա մասին:

13. Պետական ռեգիստրի կենտրոնական մարմինը (վարչությունը) փաստաթղթերի ընդունման մատյանում գրառում կատարելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ տարածքային ստորաբաժանումը 5 աշխատանքային օրվա ընթացքում պարտավոր են կատարել իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանման, հիմնարկի հաշվառումը (փոփոխությունների հաշվառումը, հաշվառումից հանումը) և տալ համապատասխան վկայական (փոփոխությունների կատարման դեպքում` համապատասխան նշումով ներդիր, հաշվառումից հանելու դեպքում` համապատասխան տեղեկանք): Իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի հաշվառման դեպքում կանոնադրության վրա հաշվառման մասին որևէ նշում չի կատարվում, իսկ հաշվառման նպատակով ներկայացված փաստաթղթերը ենթակա չեն վերադարձման:

14. Իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի հաշվառման համար ներկայացված փաստաթղթերի անլիարժեքությունը և անհամապատասխանությունն օրենքների պահանջներին հիմք են հաշվառումը (փոփոխությունների հաշվառումը, հաշվառումից հանումը) մերժելու համար: Պետական, համայնքային հիմնարկների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանման, հիմնարկի հաշվառման դեպքում կանոնադրության համապատասխանությունն օրենքների պահանջներին հիմք չէ հաշվառումը մերժելու համար:

15. Իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի հաշվառումը (փոփոխությունների հաշվառումը, հաշվառումից հանումը) մերժվում է գրավոր` մերժման հիմքի (հիմքերի) պարտադիր նշումով: Հաշվառումը (փոփոխությունների հաշվառումը, հաշվառումից հանումը) մերժվելու դեպքում մերժման համար հիմք հանդիսացող փաստաթղթերը չեն վերադարձվում:

16. Իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի հաշվառումը (փոփոխությունների հաշվառումը, հաշվառումից հանումը) աննպատակահարմարության շարժառիթով մերժել չի թույլատրվում:

17. Հաշվառումը (փոփոխությունների հաշվառումը, հաշվառումից հանումը) մերժելը, ինչպես նաև դրա կատարումից խուսափելը կարող է բողոքարկվել դատական կարգով:

 

Ներմուծեք նկարագրությունը_18671

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐ

 

Վ Կ Ա Յ Ա Կ Ա Ն

 

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ, ՀԻՄՆԱՐԿԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2001 թվականի
հուլիսի 25-ի N 670 որոշմամբ

 

Վ Կ Ա Յ Ա Կ Ա Ն

 

01 Ա Բ 000000

 

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ, ՀԻՄՆԱՐԿԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

________________________________________________________________

(առանձնացված ստորաբաժանման, հիմնարկի անվանումը)

________________________________________________________________

________________________________________________________________

Հաշվառված է պետական ռեգիստրի _________________________________ կողմից

(ստորաբաժանման անվանումը)

Հաշվառման համարը _________________________________________________

Հաշվառման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը _________________________________

Ծածկագիրը ______________________________________________________

Վկայականն ուժի մեջ է միայն ներդիրի հետ միասին:

 

Պետական ռեգիստր ______________________

(ստորագրությունը)

 

Կ.Տ.

 ____ ___________ 200  թ.

 

Ն Ե Ր Դ Ի Ր

 

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ, ՀԻՄՆԱՐԿԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

Վկայական ________________________________________________________ _________________________________________________________________

(առանձնացված ստորաբաժանման, հիմնարկի անվանումը)

_______________________________________________________________ _________________________________________________________________

Հիմնադրի անվանումը _________________________________________________ _________________________________________________________________

Գտնվելու վայրը _____________________________________________________ _________________________________________________________________

Այլ տեղեկություններ _________________________________________________ __________________________________________________________________ __________________________________________________________________

Ներդիրն ուժի մեջ է միայն վկայականի հետ միասին:

 

 

Պետական ռեգիստր ______________________

(ստորագրությունը)

 

Կ.Տ.

 ____ ___________ 200  թ.