«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
23 հոկտեմբերի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 հոկտեմբերի 2000 թվականի N 660
քաղ. Երևան
ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՎՃԱՐՄԱՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31 հոդվածի «բ» կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Պետական մարմիններն ազատել առաջին ատյանի դատարանի` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից գումար բռնագանձելու վերաբերյալ վճիռների ու դատավճիռների, պետական մարմնի ակտն անվավեր ճանաչելու, պետական մարմնի հետ կնքված պայմանագիրն անվավեր ճանաչելու կամ փոխելու վերաբերյալ վճիռների դեմ բերվող վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար պետական տուրքի վճարումից:
2. Սահմանել, որ վերաքննիչ և (կամ) վճռաբեկ բողոք բերող պետական մարմինները բողոքի բերման յուրաքանչյուր դեպքի մասին ծանուցում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` նշելով տվյալ բողոքի համար Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պետական տուրքի գումարի չափը:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` պետական մարմինների կողմից բերված վերաքննիչ կամ վճռաբեկ բողոքների մասին ծանուցումն ստանալուց, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելուց 5-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից պետական տուրքի համապատասխան գումարը հաշվեգրել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներին:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի հոկտեմբերի 23-ից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ | Ա. Մարգարյան |