Գլխավոր տեղեկություն
Համար
N 656
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2003-16.08.2001)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2000.10.31/25(123)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.10.2000
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.10.2000
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
23.10.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2003

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան 
23 հոկտեմբերի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 հոկտեմբերի 2000 թվականի N 656
քաղ. Երևան

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՀԱՇՎԵԿՇԻՌԸ ԿԱԶՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության հողային հաշվեկշիռը կազմելու կարգը (կցվում է):

2. Սահմանել, որ հողերի պետական հաշվառման, Հայաստանի Հանրապետության հողային հաշվեկշիռը կազմելու, ինչպես նաև համայնքների ու մարզերի վարչական տարածքներում գտնվող հողերի հաշվառման մատյանների ձևերի և լրացման կարգի վերաբերյալ նորմատիվ գերատեսչական ակտերն ընդունում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարարության, Հայաստանի Հանրապետության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության ու Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության հետ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հունվարի 1-ից:

4. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունվարի 7-ի «Հայաստանի Հանրապետության հողային հաշվեկշիռը կազմելու մասին» N 6 որոշումը:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ա. Մարգարյան

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2000 թվականի
հոկտեմբերի 23-ի N 656 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

Հայաստանի Հանրապետության հողային հաշվեկշիռը կազմելու

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդի առկայության և բաշխման մասին հաշվետվությունը (այսուհետև` հողային հաշվեկշիռ) կազմելու կարգը:

2. Հողային հաշվեկշիռը հողերի ընթացիկ հաշվառման հիման վրա կազմվող յուրաքանչյուր տարվա հողային ֆոնդի առկայության և բաշխման մասին հաշվետվությունն է:

3. Հողային հաշվեկշիռը բաղկացած է տեքստից և աղյուսակներից: Հողային հաշվեկշռում արտացոլվում է հողային ֆոնդն ըստ նպատակային նշանակության, հողատեսքերի ու գործառնական նշանակության, սեփականության սուբյեկտների, սեփականության և օգտագործման ձևերի` արտահայտված հողամասի մակերեսի ճշտությամբ:

4. Յուրաքանչյուր տարվա հողային հաշվեկշռում արտացոլվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կատարված հետևյալ փոփոխությունները`

ա) հողի սեփականության ձևի,

բ) հողի օգտագործման ձևի,

գ) հողի նպատակային նշանակության,

դ) հողատեսքերի և դրանց գործառնական նշանակության,

ե) հողերի իրացման, բարելավման, հողատեսքերի, բազմամյա տնկարկների հիմնման և քանդման,

զ) ոռոգելի, անջրդի, անօգտագործելի և չորացված հողերի վիճակի, պետական սեփականություն հանդիսացող հողերի շարժի և փոխակերպման (տրանսֆորմացիա),

է) նոր անտառատնկումների և անտառահատումների,

ը) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական սեփականություն հանդիսացող հողերի օտարման, օգտագործման և վարձակալության իրավունքով տրամադրման տվյալների:

5. Յուրաքանչյուր տարվա հողային հաշվեկշռում ընդգրկվում են նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացված հողերի գույքագրման տվյալները, ինչպես նաև առաջին պետական գրանցման նպատակով կադաստրային քարտեզագրումն ավարտված տարածքներում և ենթատարածքներում իրականացված կադաստրային քարտեզագրման տվյալները, որոնք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրվում են համայնքներին ու մարզպետներին (Երևանում` Երևանի քաղաքապետին և թաղապետերին)` ընթացիկ հաշվառում իրականացնելու համար: Հողային հաշվեկշռում ընդգրկվում են նաև ընթացիկ տարում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված բնակավայրերի գլխավոր հատակագծերի և համայնքների հողերի օգտագործման սխեմաներով նախատեսված հողհատկացումները: Հողերի ընթացիկ հաշվառման արդյունավետությունը բարձրացնելու, տվյալների արժանահավատությունն ապահովելու, հողային ֆոնդի հաշվառման տվյալները լիարժեք դարձնելու նպատակով հողի նպատակային, գործառնական նշանակությունը փոխելու, հողատեսքերի փոփոխության և սույն կարգի 4-րդ կետում նշված աշխատանքների կատարումից հետո Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բազմաբնույթ կադաստր վարող մարմինները 30-օրյա ժամկետում տեղեկատվություն են ներկայացնում համապատասխան համայնքի ղեկավարին, մարզպետին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե:

6. Հողային հաշվեկշիռը կազմվում է ըստ վարչատարածքային բաժանման` համայնք, մարզ, հանրապետություն, որը համապատասխանում է կադաստրային տարածք, ենթատարածք, Հայաստանի Հանրապետության տարածք բաժանմանը:

7. Յուրաքանչյուր տարվա հողային հաշվեկշիռը կազմում է հողերի պետական հաշվառման տվյալ տարվա ընթացիկ տվյալների հիման վրա` հուլիսի 1-ի դրությամբ:

8. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը` բնապահպան և անտառային ֆոնդի հողերի, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը` սույն կարգի 4-րդ կետում նշված փոփոխությունների դեպքում հաշվառման տվյալները յուրաքանչյուր տարվա մինչև հունիսի 1-ը` ըստ հողերի գտնվելու վայրի, ներկայացնում են համապատասխան համայնքի ղեկավարին, մարզպետին (Երևանում` Երևանի քաղաքապետին):

9. Համայնքի ղեկավարը (Երևանում` թաղապետը) կազմում է համայնքի (Երևանում` թաղային համայնքի) հողային հաշվեկշիռը, այն համաձայնեցնում համայնքի ավագանու և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանման հետ և ոչ ուշ, քան մինչև յուրաքանչյուր տարվա հուլիսի 10-ը ներկայացնում համապատասխան մարզպետին:

10. Մարզպետը (Երևանում` Երևանի քաղաքապետը) ամփոփում է համայնքների (Երևանում` Երևանի թաղապետերի) ներկայացրած հողային հաշվեկշիռները` ընդգրկելով նաև համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող մարզի վարչական սահմաններում առկա հողերը, կազմում մարզի (Երևան քաղաքի) հողային հաշվեկշիռը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության հետ, և ոչ ուշ, քան մինչև յուրաքանչյուր տարվա օգոստոսի 1-ը ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե:

11. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն ամփոփում է Հայաստանի Հանրապետության մարզպետների ներկայացրած հողային հաշվեկշիռները, կազմում Հայաստանի Հանրապետության հողային հաշվեկշիռը և այն Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարարության ու Հայաստանի Հանրապետության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության հետ սահմանված կարգով համաձայնեցնելուց հետո, ոչ ուշ, քան մինչև յուրաքանչյուր տարվա սեպտեմբերի 1-ը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարություն:

12. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից Հայաստանի Հանրապետության հողային հաշվեկշիռը հաստատվելուց հետո համայնքների ղեկավարները (թաղապետերը, մարզպետները, Երևանում` Երևանի քաղաքապետը) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից հողերի հաշվառման համապատասխան գրքերում լրացնում են հաստատված տվյալները:

13. Հողերի հաշվառման գրքերը նշված մարմիններին տրամադրում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն: