Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 8
Տիպ
Պաշտոնական պարզաբանում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.07.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2012.08.15/21(434)
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
24.07.2012
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
01.08.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

24 հուլիսի 2012 թ.

թիվ 8

 

Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն  Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ

 

ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՀԱՄԱԽՄԲՄԱՆ (ԿՈՆՍՈԼԻԴԱՑԻԱՅԻ) ԵՎ ԴՐԱ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԱՌԱՋԱՑԱԾ ԿՈՏՈՐԱԿԱՅԻՆ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՀԵՏԳՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ֆինանսական կազմակերպությունների կողմից պարզաբանման ակնկալիքով բարձրացվել է հարցադրում, որը վերաբերում է տեղաբաշխված բաժնետոմսերի համախմբման (կոնսոլիդացիայի) արդյունքում ձևավորվող կոտորակային բաժնետոմսերի՝ կազմակերպության կողմից հետգնման հնարավորությանը: Մասնավորապես՝ պարզաբանման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքներով, որ բանկերի կողմից իրենց բաժնետոմսերի հետգնում, ինչպես նաև բանկերի և ապահովագրական ընկերությունների կողմից կանոնադրական կապիտալի նվազեցում չի թույլատրվում, իսկ բաժնետոմսերի կոնսոլիդացիայի արդյունքում առաջացող կոտորակային բաժնետոմսերը ենթակա են պարտադիր հետգնման:

Բարձրացված խնդրի տեսանկյունից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալին.

Բաժնետոմսերի կոնսոլիդացիան բաժնետիրական ընկերություններին հատուկ և անհրաժեշտ կորպորատիվ գործողություն է: Այն հանդիսանում է բաժնետիրական ընկերությունների առանձնահատկությունը: Մասնավորապես, «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 56-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն Ընկերությունն իրավունք ունի ժողովի որոշմամբ համախմբել (կոնսոլիդացնել) տեղաբաշխված բաժնետոմսերը:

Միևնույն օրենքը սահմանում է նաև, որ համախմբման (կոնսոլիդացիայի) հետևանքով կոտորակային բաժնետոմսեր առաջանալու դեպքում վերջիններս ենթակա են հետգնման Ընկերության կողմից:

Բաժնետոմսերի համախմբման արդյունքում առաջացած կոտորակային բաժնետոմսերի պարտադիր հետգնումը հանդիսանում է կոնսոլիդացիայի միջոցով ընկերության գործունեության արդյունավետության բարձրացման միջազգայնորեն ընդունված մեխանիզմ: Բաժնետոմսերի համախմբման արդյունքում առաջացած կոտորակային բաժնետոմսերի պարտադիր հետգնումը ժամանակակից շուկայական տնտեսություններով երկրներում լայնորեն կիրառվող մեխանիզմ է, որի նպատակն է ապահովել տնտեսվարող սուբյեկտների կառավարման արդյունավետությունը: Ավելին, կարևոր է այն հանգամանքը, որ բաժնետոմսերի համախմբման արդյունքում առաջացած կոտորակային բաժնետոմսերի հետգնումը նպատակ չի հետապնդում նվազեցնել ընկերության կապիտալը, չնայած կարող է հանգեցնել նման իրադրության:

Բաժնետոմսերի կոնսոլիդացիայի՝ որպես կորպորատիվ գործողության իրավունքը հավասարապես կիրառելի է բաժնետիրական ընկերություն հանդիսացող բանկերի և ապահովագրական ընկերությունների նկատմամբ:

Նման եզրահանգումը հիմնավորված է հետևյալ հանգամանքներով.

1. «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն բանկերի վրա տարածվում են բաժնետիրական ընկերությունների և սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների վերաբերյալ օրենքները և այլ իրավական ակտերը, եթե «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքն այլ կանոններ չի սահմանում, իսկ «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքը բանկի կողմից իր բաժնետոմսերի կոնսոլիդացիայի իրավունքը սահմանափակող որևէ դրույթ չի պարունակում,

2. «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն ապահովագրական ընկերությունների նկատմամբ կիրառվում են «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի դրույթները:

Ավելին, «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված բանկի կողմից իր բաժնետոմսերի ձեռքբերման սահմանափակումների և բանկի բաժնետոմսերի հետգնման նպատակով Կենտրոնական բանկի խորհրդի կողմից համաձայնության տրամադրման մերժման հիմքերի, ինչպես նաև «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածով նախատեսված ապահովագրական ընկերության կողմից համալրված կանոնադրական կապիտալի նվազեցման սահմանափակումների և կանոնադրական կապիտալի նվազեցման նպատակով Կենտրոնական բանկի խորհրդի կողմից համաձայնության տրամադրման մերժման հիմքերի վերլուծությունից ակնհայտ է, որ Կենտրոնական բանկի, որպես ֆինանսական համակարգի միասնական վերահսկողության գործառույթով օժտված մարմնի համար, բանկի կամ ապահովագրական ընկերության բաժնետոմսերի հետգնման հետ կապված առաջնային ռիսկ է հանդիսանում բանկից կամ ապահովագրական ընկերությունից կապիտալի արտահոսքի ռիսկը, որի արդյունքում կարող են վտանգվել ինչպես տվյալ բանկի կամ ապահովագրական ընկերության հաճախորդների շահերը, բանկի կամ ապահովագրական ընկերության ֆինանսական վիճակը, այնպես էլ բանկային, ապահովագրական և ֆինանսական համակարգերի կայունությունը:

Հետևաբար կարելի է միանշանակ պնդել, որ «Բանկերի և բանկային գործունեության մասին» և «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքներում ամրագրված կարգավորման մեխանիզմներն ուղղված չեն բանկերի կամ ապահովագրական ընկերությունների համար բաժնետոմսերի կոնսոլիդացիան որպես կորպորատիվ գործողության արգելելուն, այլ պարզապես սահմանում են կանոններ բոլոր այն գործողությունների համար, որոնք հանգեցնում են կամ կարող են հանգեցնել բանկի կամ ապահովագրական ընկերության կապիտալի նվազեցման:

Նման յուրահատուկ կարգավորումը պայմանավորված է բանկային և ապահովագրական համակարգերի կանոնակարգման առանձնահատկություններով: Տվյալ դեպքում Կենտրոնական բանկն ունի երկակի դեր՝ բանկի և ապահովագրական ընկերության նկատմամբ պրուդենցիալ վերահսկողության իրականացում և բանկի և ապահովագրական ընկերության բոլոր բաժնետերերի իրավունքների և օրինական շահերի պաշտպանություն: Կենտրոնական բանկի տեսանկյունից բանկի կամ ապահովագրական ընկերության բաժնետոմսերի կոնսոլիդացիան կարող է խնդրահարույց լինել, եթե այն ուղղված է բանկի կամ ապահովագրական ընկերության կապիտալի նվազեցմանը կամ վերջիններիս բաժնետերերի իրավունքների ոտնահարմանը:

Արժեթղթերի համախմբման առնչությամբ հարկ է հիշատակել նաև Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի (այսուհետ՝ Սահմանադրական դատարանի) 2010 թվականի հուլիսի 13-ի N ՍԴՈ-903 որոշումը, որում նշվում է, որ կոտորակային բաժնետոմսերի առկայությունը նպատակահարմար չէ ինչպես արժեթղթերի շուկայի արդյունավետ գործունեության ապահովման նկատառումներից ելնելով, այնպես էլ բաժնետիրական ընկերության արդյունավետ կառավարման տեսանկյունից: Արժեթղթերի կոնսոլիդացիան Սահմանադրական դատարանի կողմից դիտարկվում է որպես տնտեսապես արդարացված գործընթաց, որը կազմում է բաժնետիրական ընկերության՝ որպես ձեռնարկատիրական գործունեության սուբյեկտի, տնտեսական ազատության դրսևորումներից մեկը: Միևնույն ժամանակ նշվում է, որ համաձայն միջազգային փորձի ուսումնասիրության՝ գործնականում որպես կոտորակային բաժնետոմսերի գոյությունը բացառելու միջոց ընդունված է կոտորակային բաժնետոմսերի պարտադիր հետգնման ինստիտուտը:

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը նշված դրույթների, ինչպես նաև միջազգային փորձի1 ուսումնասիրության արդյունքում գտնում է, որ.

_____________

1 ԱՄՆ Դելաուեր նահանգի Ընկերությունների մասին օրենքի (այսուհետ՝ DGCL) 8-րդ Գլխի 1-ին Բաժնի (որը կարգավորում է բոլոր ընկերությունների ձևավորման և գործունեության կարգը) § 151-ը նախատեսում է, որ ընկերության ցանկացած բաժնետոմս կարող է հետ գնվել ընկերության կամ բաժնետերերի ընտրությամբ կամ որոշակի դեպք վրա հասնելուն պես: Միևնույն Բաժնի § 160-ը սահմանում է, որ ցանկացած ընկերություն կարող է գնել, հետգնել, ստանալ, վերցնել կամ այլ կերպ ձեռք բերել, տիրապետել կամ պահել իր սեփական բաժնետոմսերը, ընդ որում՝ նման գնումը կամ հետգնումը թույլատրվում է եթե այն չի հանգեցնում ընկերության կապիտալի նվազեցմանը, և իրականացվում է հետգնման գինը չգերազանցող գնով և § 151-ի պահանջներին համապատասխան: Միևնույն Բաժնի § 155-ը սահմանում է, որ Ընկերությունն իրավասու է, սակայն պարտավոր չէ թողարկել կոտորակային բաժնետոմսեր: Կոտորակային բաժնետոմսերի չթողարկման որոշում կայացնելու դեպքում Ընկերությունը պարտավոր է կազմակերպել այդ կոտորակային իրավունքների (fractional interests) կանխիկով հետգնումը՝ արդար գնով կամ դրանց փոխարեն թողարկել ամբողջական բաժնետոմս ստանալու իրավունքը հավաստող վարանտներ: DGCL 5-րդ Գլխի 7-րդ Բաժինը, որը սահմանում է նահանգային բանկերի նկատմամբ կիրառվող ընկերությունների իրավունքը, բանկերի կողից բաժնետոմսերի կոնսոլիդացիայի և կոտորակային բաժնետոմսերի հետգնման առանձնահատուկ նորմեր չի սահմանում: ԱՄՆ ֆեդերալ բանկերի գործունեությունը կանոնակարգող Ազգային բանկերի մասին օրենքը չի պարունակում բաժենտոմսերի հետգնման սահմանափակումներ, բայց միևնույն ժամանակ սահմանում է, որ բանկի կապիտալի նվազեցում կարող է իրականացվել բացառապես օրենքով նախատեսված դեպքերում՝ վերահսկող մարմնի (Comptroller of the Currency) համաձայնությամբ:

 «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքով նախատեսված կարգավորման արդյունքում բաժնետոմսերի կոնսոլիդացիայի հետևանքով առաջացած կոտորակային բաժնետոմսերը հետգնելու Ընկերության պարտականությունը համահունչ է զարգացած երկրներում արժեթղթերի կոնսոլիդացիայի բնագավառում որդեգրված քաղաքականությանը և հավասարապես կիրառելի է բանկային և ապահովագրական համակարգերի նկատմամբ:

 «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքը չի սահմանում բաժնետոմսերի համախմբման, ինչպես նաև դրա արդյունքում առաջացած կոտորակային բաժնետոմսերի հետգնման վերաբերյալ առանձնահատուկ իրավական նորմեր: Վերլուծելով բանկի բաժնետոմսերի հետգնմանը Կենտրոնական բանկի խորհրդի համաձայնության տրամադրման և մասնավորապես համաձայնության մերժման հիմքերը, ակնհայտ է, որ «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի՝ բանկի բաժնետոմսերի հետգնման վերաբերյալ իրավական նորմերը կիրառելի են բանկի կապիտալի նվազեցման նպատակ հետապնդող բանկի բաժնետոմսերի հետգնման հարաբերությունների նկատմամբ:

 «Ապահովագրության և ապահովագրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքը սահմանում է, որ ապահովագրական ընկերությունների նկատմամբ կիրառվում են «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի դրույթները, որոնք նախատեսում են կոտորակային բաժնետոմսերի պարտադիր հետգնման ինստիտուտ:

 Ելնելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածով սահմանված ֆինանսական, այդ թվում՝ բանկային համակարգի կայունության և բնականոն գործունեության համար անհրաժեշտ պայմաններ ապահովելու Կենտրոնական բանկի խնդիրների իրականացման անհրաժեշտությունից, Կենտրոնական բանկի խորհուրդը կենսական է համարում բանկի կամ ապահովագրական ընկերության կողմից իր բաժնետոմսերի հետգնման դեպքում Կենտրոնական բանկի խորհդի կողմից համաձայնության տրամադրման մեխանիզմի նույնական կիրառումը նաև կոնսոլիդացիայի որոշման կայացման և դրա արդյունքում առաջացած կոտորակային բաժնետոմսերի հետգնման դեպքերում:

Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը պաշտոնապես պարզաբանում է.

1. Բաժնետիրական ընկերություն հանդիսացող բանկերը և ապահովագրական ընկերությունները որպես կորպորատիվ գործողություն իրավասու են իրականացնել իրենց բաժնետոմսերի կոնսոլիդացիա և կոնսոլիդացիայի արդյունքում առաջացող կոտորակային բաժնետոմսերի պարտադիր հետգնում՝ այդ գործողությունների իրականացման համար ստանալով Կենտրոնական բանկի վերահսկողական դրական դիրքորոշումը:

2. Կոնսոլիդացիայի ու դրա արդյունքում առաջացող կոտորակային բաժնետոմսերի հետգնման, ինչպես նաև ֆինանսական կայունության և(կամ) բաժնետերերի իրավունքների ու օրինական շահերի պաշտպանության համար անհրաժեշտ կորպորատիվ այլ գործողությունների կիրառման վերաբերյալ իր դիրքորոշումը Կենտրոնական բանկը տրամադրում է հիմնվելով յուրաքանչյուր դեպքի առանձնահատուկ փաստերի վրա:

 

ՀՀ կենտրոնական

բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

2012 թ. օգոստոսի 1

Երևան