Գլխավոր տեղեկություն
Համար
N 1
Տիպ
Պաշտոնական պարզաբանում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.09.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2012.09.18/24(437)
Ընդունող մարմին
Ֆինանսների նախարար
Ընդունման ամսաթիվ
03.09.2012
Ստորագրող մարմին
Ֆինանսների նախարար
Ստորագրման ամսաթիվ
03.09.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

3 սեպտեմբերի 2012 թ.

ք. Երևան

N 1

 

Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն  Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ

 

Նկատի ունենալով, որ «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքը (այսուհետ` Օրենք) հստակ չի սահմանում.

1. Արդյոք ոչ խաղարկությունով վիճակախաղերի տոմսերը կարող են համարվել խաղարկությանը մասնակցող, և արդյոք Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետի պահանջը պետք է կիրառվի ոչ խաղարկությունով վիճակախաղերի նկատմամբ:

2. Արդյոք խաղարկությունով վիճակախաղի շահումային ֆոնդի խաղարկությունը կարող է իրականացվել ոչ միանվագ։

3. Արդյոք խաղարկությունով վիճակախաղի ընթացիկ խաղարկության տոմսերի իրացումը կարող է շարունակվել շահումային ֆոնդի որևէ մասի խաղարկությունից հետո։

4. Արդյոք խաղարկությունով վիճակախաղի շահումային ֆոնդը կարող է մեծացվել վիճակախաղի տոմսերի վաճառքին զուգընթաց։

5. Արդյոք խաղարկությունով վիճակախաղի շահումային ֆոնդը կարող է մեծացվել շահումային ֆոնդի որևէ մասի խաղարկությունից հետո:

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի պահանջներով` պաշտոնապես պարզաբանում եմ.

Համաձայն Օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ կետի` ոչ խաղարկությունով վիճակախաղը դա այն վիճակախաղն է, որի տոմսի շահող լինելու հանգամանքը հնարավոր է պարզել անմիջապես այն ձեռք բերելուց հետո:

Համաձայն Օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ կետի` խաղարկությունով վիճակախաղը դա այն վիճակախաղն է, որի տոմսի շահող լինելու հանգամանքը պարզվում է այն ձեռք բերելուց և շահումային ֆոնդի խաղարկության անցկացումից հետո։

Համաձայն Օրենքի 2-րդ հոդվածի 4-րդ կետի` համակցված վիճակախաղ դա այն վիճակախաղն է, որի տոմսի շահող լինելու հանգամանքը հնարավոր է պարզել և՛ անմիջապես այն ձեռք բերելուց հետո, և՛ այն ձեռք բերելուց ու շահումային ֆոնդի խաղարկության անցկացումից հետո։

Համաձայն Օրենքի 2-րդ հոդվածի 7-րդ կետի` վիճակախաղերի կազմակերպումը` վիճակահանության կազմակերպման ու անցկացման, շահումների հանձնման (խաղարկությունով կամ համակցված վիճակախաղերի դեպքում` նաև շահումային ֆոնդի խաղարկության անցկացման) գործընթացն է:

Համաձայն Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետի` Կազմակերպիչը` բացառությամբ տոտալիզատորների կազմակերպման դեպքերի, ապահովում է խաղարկությանը մասնակցող տոմսերի ընդհանուր արժեքի առնվազն կեսի չափով շահումային ֆոնդի (առանց դրանում ներառվող վիճակախաղի տոմսերի արժեքի) ձևավորումն ու մասնակիցների միջև բաշխումը:

Համաձայն Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին կետի «ժգ» ենթակետի` յուրաքանչյուր վիճակախաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգի հիման վրա կազմակերպվող ոչ խաղարկությունով վիճակախաղի դեպքում` առավելագույնը երեքամսյա ժամանակահատվածում, ապահովում է սույն հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետով սահմանված պահանջը` անկախ տվյալ խմբաքանակի ամբողջությամբ իրացման փաստից:

Համաձայն Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի`

1. Խաղարկությամբ կամ համակցված վիճակախաղի կազմակերպիչը`

ա) վիճակախաղի տոմսերի խաղարկության անցկացումից առնվազն երեք ժամ առաջ փաստաթղթային տեսքով ներկայացնում է հաշվետվություն, որում նշվում են կազմակերպչի անվանումը, վիճակախաղի անվանումը, վիճակախաղի խաղարկության հերթական համարը և թողարկված` վաճառված ու մարված վիճակախաղի տոմսերի մասին տվյալները` ըստ համարների, սերիաների, քանակի, և մարված տոմսերի վերաբերյալ` կազմված տեղեկանքի մեկ օրինակ.

բ) վիճակախաղի տոմսերի խաղարկության անցկացումից հետո` հաջորդ աշխատանքային օրվա ընթացքում, փաստաթղթային տեսքով ներկայացնում է հաշվետվություն, որում նշվում են կազմակերպչի անվանումը, վիճակախաղի անվանումը, վիճակախաղի խաղարկության հերթական համարը և շահած տոմսերի տվյալները` ըստ քանակի, համարների (սերիաների), շահումների չափերի ու տեսակների, և շահումային ֆոնդի չափի մասին:

2. Ոչ խաղարկությունով վիճակախաղի կազմակերպիչը`

ա) վիճակախաղի տոմսերի թողարկումից հետո, նախքան այդ տոմսերի իրացումը, փաստաթղթային տեսքով ներկայացնում է հաշվետվություն, որում նշվում են կազմակերպչի անվանումը, վիճակախաղի անվանումը, վիճակախաղի տոմսի գինը, տվյալ խաղարկության համար թողարկված տոմսերի ընդհանուր քանակը և շահող տոմսերի մասին տվյալները` ըստ քանակի, համարների (սերիաների), շահումների չափերի ու տեսակների.

բ) վիճակախաղերի տոմսերի իրացման գործընթացն սկսելուց հետո յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ` մինչև հաջորդ ամսվա 5-ը, փաստաթղթային տեսքով ներկայացնում է հաշվետվություն, որում նշվում են կազմակերպչի անվանումը, վիճակախաղի անվանումը և իրացված տոմսերի մասին տվյալները` ըստ քանակի, գնի, և շահած տոմսերի մասին տվյալները` ըստ քանակի, գնի, համարների (սերիաների), շահումների չափերի ու տեսակների:

Վերը նշվածի հիման վրա պաշտոնապես պարզաբանում եմ.

Ոչ խաղարկությունով վիճակախաղի խաղարկությունը դա վիճակախաղի տոմսերի թողարկման, ոչ խաղարկությունով վիճակահանության կազմակերպման ու անցկացման /շահումային ֆոնդի խաղարկության/ և շահումների բաշխման մեկ ամբողջական գործընթացն է: Ոչ խաղարկությունով վիճակախաղի տոմսերը համարվում են խաղարկությանը մասնակցող և Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետի պահանջը պետք է ապահովվի առավելագույնը երեքամսյա ժամանակահատվածում, տոմսերի իրացումը չի կարող շարունակվել շահումային ֆոնդի խաղարկությունից հետո, շահումային ֆոնդը չի կարող մեծացվել վիճակախաղի տոմսերի վաճառքին զուգընթաց, շահումային ֆոնդի խաղարկված լինելու հանգամանքը հանդիսանում է արգելք շահումային ֆոնդի մեծացման համար:

Խաղարկությունով վիճակախաղի խաղարկությունը դա վիճակախաղի տոմսերի թողարկման, խաղարկությունով վիճակահանության կազմակերպման և անցկացման /շահումային ֆոնդի խաղարկության/ և շահումների բաշխման գործընթացն է: Խաղարկությունով վիճակախաղի շահումային ֆոնդի խաղարկությունը իրականացվում է միանվագ` մեկ խաղարկության անցկացման միջոցով, վաճառված բոլոր տոմսերը մասնակցում են շահումային ֆոնդի խաղարկությանը, Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետի պահանջը պետք է ապահովվի յուրաքանչյուր խաղարկության համար, խաղարկությունից հետո վիճակախաղի տվյալ խաղարկության տոմսեր չեն թողարկվում, շահումային ֆոնդը չի կարող մեծացվել վիճակախաղի տոմսերի վաճառքին զուգընթաց, շահումային ֆոնդի խաղարկված լինելու հանգամանքը հանդիսանում է արգելք շահումային ֆոնդի մեծացման համար:

Համակցված վիճակախաղի խաղարկությունը դա վիճակախաղի տոմսերի թողարկման, ոչ խաղարկությունով և խաղարկությունով վիճակահանության կազմակերպման և անցկացման /շահումային ֆոնդի խաղարկության/ և շահումների բաշխման գործընթացն է: Համակցված վիճակախաղի շահումային ֆոնդի խաղարկությունը իրականացվում է 2 մասով` ոչ խաղարկության և խաղարկության միջոցով, վաճառված բոլոր տոմսերը մասնակցում են շահումային ֆոնդի խաղարկությանը, Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետի պահանջը պետք է ապահովվի 2 վիճակահանությունների արդյունքում, ոչ խաղարկությունով վիճակահանությունից հետո տվյալ խաղարկության տոմսեր չեն թողարկվում, շահումային ֆոնդը չի կարող մեծացվել ոչ խաղարկության վիճակահանությունից հետո, շահումային ֆոնդի խաղարկված լինելու հանգամանքը հանդիսանում է արգելք շահումային ֆոնդի մեծացման համար:

 

 Նախարար

Վ. Գաբրիելյան